«Չգիտեմ, ինչու՞, սի՜րտ իմ դյուրաբեկ, Այսօր փափագով ուզում ես լսել Հին ու մոռացված այնպիսի մի երգ, Որով իմ մա՛յրն է ինձ օրոր ասել»… (ՍԱՐՄԵՆ)
«Չգիտեմ, ինչու՞, սի՜րտ իմ դյուրաբեկ, Այսօր փափագով ուզում ես լսել Հին ու մոռացված այնպիսի մի երգ, Որով իմ մա՛յրն է ինձ օրոր ասել»… (ՍԱՐՄԵՆ)
Հնագույն ժամանակներից իմաստունները հիշեցնում են, որ կորուստները միայն նյութական չեն լինում: Ավելի վատ են արժեհամակարգի, մշակութային կորուստները՝ պարզ և մաքուր միտք, բարի ցանկություններ, առաքինի վարք… Եվ խրատում են մնալ միշտ խղճին և առողջ բանականությանն ունկնդիր՝ զննելով, քննելով սեփական անձն ու շրջապատի մարդկանց, երևույթները…
Հարստության և փառքի ձգտմանը հակադրելով անպաճույճ կյանքի և բարի վարքի նախընտրությունը, նրանք շեշտում էին վաղանցիկ կյանքի ունայնությունը:
Հռոմեացի իմաստասեր Էպիկտետի խրճիթը դուռ ու փականք չուներ. փայտե նստարանը, խսիրն ու կավե ճրագն էին նրա տան ողջ կահ-կարասին: Նա առաջնորդվում էր այն սկզբունքով, համաձայն որի՝ ուրիշներին զարմացնելու նպատակով տունը զարդարելու փոխարեն խելացի մարդը գեղեցկացնում, ազնվացնում է իր միտքն ու ներաշխարհը՝ զինվելով բարոյական բարձր գաղափարներով:
Նախնիների պատգամներին հավատարիմ՝ ինքնակատարելագործմամբ դեպի վեհն ու ազնիվը ձգտման հորդորով են դաստիարակվել Հայկազունները հազարամյակներ շարունակ:
Հայոց Նախահայրերի կերտած արժեհամակարգի արձագանքներն են ցայսօր պահպանված բազմաթիվ ազգային կենսախինդ տոների, ծեսերի հիմքում, որոնք յուրօրինակ հիմն են Կյանքի հարատևման, կենսատու Արևի և Հողի փառաբանման… Դարերի պարտադրած «մշուշը» հեռացնելիս նրանք լուսավորում են մեր միտքն ու գիտակցությունը՝ իրենց նախնական հմայքով:
Ազգային մտածողության, ազգային մշակույթի պահպանման կարևորությունը գիտակցելով՝ բազմաթիվ Հայ ուսումնասիրողներ իրենց ուշադրությունը սևեռեցին դարերով ավանդված ժառանգության պահպանման խնդրի վրա:
«Ցանկանալով վերջնական կորստից ազատել Հայ ազգագրութեան վերաբերեալ նիւթերը, ես երկիւղ կրեցի, թէ մի գուցէ աչքիցս խուսափեն շատ ծէսեր և սովորութիւններ, որոնք թէպէտ աննշան, աննկատելի են, սակայն ուսումնասիրութիւնների համար անհրաժեշտ են: Ուստի և որոշեցի ինձ առաջնորդ ընտրել Հերբերդ Սպենսերի առ այժմ անզուգական «Institutions cérémonielles» ուսումնասիրությունը, պատրաստեցի մանրամասն ծրագիր՝ հարցերով, և այս նպատակով ճանապարհորդեցի Աղէքսանդրապօլ, Կարս, Կաղզուան, Հին Նախիջևան, Երևան, Վաղարշապատ և հաւաքեցի բաւականաչափ նիւթ, որը լրացրի Վասպուրականում ճանապարհորդելիս և Անդրկովկասի գաւառներում արդէն հաւաքած նիւթերովս: Այս իմ անձնական հաւաքածուի վրայ աւելացրի Հայ ազգագրութեան և Հայ հին մատենագրութեան մէջ եղած ցրուած նիւթերը և կազմեցի ներկայ երկը»,- գրում է Երվանդ Լալայեանը՝ «Ծիսական կարգերը Հայոց մէջ» աշխատության առաջաբանում և շարունակում. «…Քանի որ ուսումնասիրութիւններ կատարելու համար երբէք ժամանակ չի պակասելու, մինչդեռ եթէ մի քառորդ դար էլ անտարբեր գտնուենք Հայկական նիւթերը հաւաքելու՝ շատ ու շատ նիւթեր բոլորովին անհետանալու են, ուստի իմ անմիջական նպատակը ո՛չ թէ ուսումնասիրութիւն տալն է, այլ եւրոպական ուսումնասիրութեան լուսով Հայկական նիւթերը որոնել, գտնել և կորստից ազատել»…
Երվանդ Լալայանի վերոնշյալ ուսումնասիրությունից որոշ դրվագներ՝ հաջորդիվ…
«Ցո՛յց տանք մեր հասարակութեան թերահաւատ մասին, որ ընդունա՛կ ենք յեղափոխական — թեւ անհաւասար — կռիւը յաջողութեամբ առաջ տանելու: Ցո՛յց տանք ամբողջ աշխարհին, որ Հա՛յն էլ գիտէ կռուել ազատութեան համար»։
Հետևելով այս կոչին, 1897 թվականի հուլիսի 25-ին Խանասորի հաղթական արշավանքով մի խումբ քաջակորով Հայորդիք իրենց խիզախությամբ պատգամ հղեցին ողջ Հայությանը՝ մերժելու բռնությունը և հանուն իրենց ազատության պայքարելու և հաղթանակելու:
Խանասորի արշավանքի հրամանատարական կազմը
Արշավանքին մասնակից Հայ կտրիճների ցանկը 1900 թվականին կազմել է զինագործ Գալուստ Ալոյեանը, համաձայն որի 253 ֆիդայիներից 28-ն Արցախից էին:
Շուշիում 1864 թվականին ծնված, Ժնևի համալսարանի բժշկական ֆակուլտետն ավարտած Քրիստափոր Օհանյանը Խանասորի արշավանքին մասնակցել է որպես ջոկատի հրամանատար և բժիշկ:
Քրիստափոր Օհանյան (1864-1924)
Իսկ մինչ այդ, 1896 թվականի «Ազգագրական հանդէս»-ի Ա հատորում (էջ 121-126) նրա հոդվածն էր տպագրվել՝ «Կրակը», որից որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորև:
«Մեր դարում մարդիկ այնքան են ընտելացել կրակի գործածութեան, այնքան հեշտութեամբ են այն ստանում, որ շատ-շատերի մտքով երբէք չէ անցնում, որ եղել է ժամանակ, երբ մարդ կամ մարդանման կենդանին բոլորովին անտեղեակ էր կրակ հանելու արհեստին: Եվ երբ պատահմամբ մի որևէ միջոցով կրակ էր ստանում, չէր կարողանում երկար ժամանակ վառ պահել այն և երբ հանգչում էր, մնում էր առանց կրակի: Առանց կրակի՞… Ի՞նչ կլիներ այժմեան մարդի վիճակը, եթէ նա զրկուէր բնութեան այդ թանկագին պարգևից: «Կրակի գին է»,- ասում է Հայ ժողովուրդը, երբ ուզում է մի առարկայի որակութիւնը բարձրացնել:
Կրակի գիւտը, ակներև, մարդուս ամենագլխաւոր քայլերից մէկն է յառաջդիմական ճանապարհի վրայ: Հաւանական է, որ նախնական մարդը երկար ժամանակուայ ընթացքում դեռ չէր իմանում կրակ հանել, ինչպէս ծովակալ Մագելանի օրերով Մարիանեան կղզիների բնակիչները: Ջօն Գալտօնը հաղորդում է, որ Աստրօլիաբիա ծոցի մօտ ապրող մէկ վայրենի ցեղ չէ իմանում կրակ հանել, և երբ նրանց կրակը հանգչում է, վայրենիները ստիպուած են լինում դիմել հարևան ցեղերին՝ կրակ խնդրելու: Ամէն մի աւստրալիացու խրճթի առջև միշտ կրակ է լինում վառած: Եվ երբ ճանապարհորդում են, նրանք իրանց հետ տանում են խանձուխներ, որոնց երբէք չեն թողնում, որ հանգչեն: Նախնական մարդը՝ գազանների նման, հում մսով պիտի կերակրուէր, բայց կրակի հետ ծանոթանալուց յետոյ, նա սկսում է միսը խորովել, ինչպէս ցոյց են տալիս կրծոտած ոսկորների հետ գտնուած մոխիրը և ածուխը, որ գտնւում են քարայրերի մէջ: Այդ ժամանակներում (époque quaternaire, четвертичная эпоха) մարդիկ ապրում էին քարայրներում, և երկրի մեծ մասը պատած էր սառուցով: Կրակի գործադրութեան հետ պիտի երևան գային հասարակական կեանքը, տնային օջախը, արհեստները և այլն: Ուրեմն, հասկանալի է, թէ ինչու՛ շատ ազգեր պաշտում էին այն. և մինչև այժմ այդ մնացել է կրօնական ծիսակատարութիւնների մէջ:
Այն ժամանակը, երբ առաջին անգամ մարդ իւր համար կրակ ճարեց, այնքան հին է, որ այդ գիւտի մասին մնացել են միայն առասպելաբանական զրոյցներ: Օրինակ, երկնքից կրակ գողացող Պրոմեթէոսի մասին յայտնի առասպելը, որ զրուցում է, իբր թէ այդ գողութեան համար Զևսը նրան շղթաներով կապեց Կովկասեան սարերի վրայ: Միևնոյն առասպելի տարբերակը պատահում է և զանազան վայրենի ցեղերի մէջ…»:
…«Նախնական մարդը կրակ հանելու համար դիմում էր միևնոյն միջոցների, որոնք գոյութիւն ունէին Ամերիկայի բնիկների մօտ Քրիստաֆօր Կոլումբի ժամանակները և այժմս էլ դեռ մնացել են վայրենի ցեղերի մէջ: Կրակ հանելու ամենահասարակ և ամենանախնական միջոցը կայանում է նրանում, որ երկու կտոր փայտ իրար են շփում»…
…«Բայց ավելի տարածված էր վայրենի ցեղերի մէջ մէկ ուրիշ գործիք, որն աւելի կատարելագործուած է, քան վերոյիշեալը: Սա ևս բաղկացած է երկու կտոր փայտից՝ մէկ ճիպոտից և մէկ տախտակից»…
…«Կրակ հանելու արուեստը մեծ առաջադիմութիւն արած է լինում, երբ թոկի փոխարէն սկսում են գործադրել աղեղը, որ չէ պահանջում ոյժի չափազանց լարումն այսպէս վերոյիշեալ ձևի գործողութիւնը շատ նման է մեր հիւսների «մադխաբ-քեամանով» տախտակ ծակելուն: Այսպէս էին կրակ հանում Հիւսիսային Ամերիկայի հնդիկները և ուրիշներ:
Կրակ հանելու վերոյիշեալ ձևերը քաղաքակրթուած ազգերի մէջ արդէն հին ժամանակներում տեղ են տուել կայծքարին և պողպատին: Բայց թէպէտ վերացել են առօրեայ կեանքից, նրանք մինչև այժմ մի քանի տեղերում գոյութիւն ունին կրօնական ծիսակատարութեան մէջ: Հնդկաստանում, թէպէտ ժողովուրդը դարերից ի վեր կայծքարի և պողպատի օգնութեամբ է կրակ հանում, բայց, չնայած դրան, բրահմանները, երբ հարկաւոր է «անարատ և սուրբ» կրակ ունենալ ամենօրեայ զոհաբերութեան համար, դեռ շարունակում են գործադրել այն միջոցը, որին դիմում էր նախապատմական մարդը. այսինքն՝ արագութեամբ պտտեցնում են սրածայր ճիպոտը զոհի փայտի վրայ շինած փոսում, մինչև որ կայծեր կ’ստանան:
Եվրոպայի մի քանի տեղերում գիւղացիները «կենդանի կրակից» վառում են խարոյկներ, որոնցով անցկացնում են իրանց ձիերը և տաւարը՝ ժանդախտից ազատ պահելու նպատակով: Խոլերայի վերջին համաճարակի ժամանակ ռուս մուժիկները այդ տեսակ կրակով էին աշխատում հիւանդութեան առաջն առնել:
Զրադաշտը կառուցեց սեղաններ չորս կրակների համար՝ Ֆարանի, Հոսշասպի, Բուրզեն-Մեհերի և Բահրամի: Այդ չորս զանազան տեսակ կրակները ստացւում էին զանազան միջոցներով՝ չոր փայտերի շփուելուց, կայծքարից և երկաթից, կայծակից և նաւթի աղբիւրներից:
Հին հռովմեացիները առանձնապէս մեծարում էին կրակի աստուածուհուն — Վեստային, որի տաճարում այրում էր անշէջ կրակը:
Այդ կրակը պահպանում էին վեստալուհիները, որոնք կոյս պիտի մնային մինչև մահ:
Բայց երբ պատահմամբ այդ կրակը հանգչում էր, այն ժամանակ արգելուած էր սովորական կերպով կրակ հանել: Դրա համար Քուրմերը փայտի և ճիպոտի օգնութեամբ էին կրակ ստանում, այնպէս, ինչպէս վայրենիները: Այդ բոլոր ծիսակատարութիւնների մէջ մնացել են հետքերն այն հեռաւոր ժամանակների, երբ նախնական մարդը կրակ էր հանում երկու կտոր փայտի միջոցով:
Երբ այդ կերպով կրակը վառվում էր, մարդը, բնականաբար, պիտի աշխատէր պահպանել նրան իւր պիտոյքների համար: Բազմաթիւ անտառների ծառերը և թփերը, լեռների հանքային նիւթերը, ծառերի խէժերը, վայրենի կենդանիների ճարպը — սրանք են վառելիքի և լուսաւորութեան աղբիւրները, որոնք երևի գործադրվում էին ամենահին ժամանակներում ևս: Էսքիմոսները հէնց այժմ էլ տաքացնում և լուսաւորում են իրանց բնակարանները միայն ֆօկի (тюлень) ճարպով: Մեր ժամանակները Շվարցվալդում, Բադենում, Կուրլիանդիայում և Ռուսաստանի շատ տեղերում մոմի փոխարէն գործադրում են թեղոշ (букь) ծառի երկար ճիւղերը, որոնց հորիզոնաբար ցցում են պատի մէջ և ազատ ծայրը վառում. այդպիսով գիւղացիները էժան կերպով լուսաւորում են իրանց աղքատիկ խրճիթները»…
…«Ղարաբաղի մի քանի տեղերում գիւղացիները չորացրած օձաձուկը վառում են մոմի փոխարեն: Թէ երբ է փայտը տեղի տուել կայծքարին և երկաթին՝ յայտնի չէ: Մինչև ծծմբային լուցկու երևալը, կայծքարը և երկաթը տարածուած էին ամենուրեք:
Քսան տարի սրանից առաջ Շուշուց շատ մարդիկ կրակ էին հանում միայն այդ գործիքով, որոնց պահում էին մէկ փոքրիկ արկղի մէջ, որին տեղացիները անուանում էին «փօտաման»: Այդ փօտամանի մէջ այժմ հիսներն իւղ են պահում իրենց գործիքները օծելու համար: Փօտամանը 12 սանտիմետր երկարութեան, 6 սանտիմետր լայնութեան և 4 սանտիմետր բարձրութեան մի արկղ է, որի խոռոչը մի պատ երկու մասի է բաժանում ըստ լայնութեան: Պատի վրայ կա մի առանցք, որի շուրջը արկղի պարարելօլօգրումի ձև ունեցող խուփը շարժւում է հօրիզոնաբար: Մի խոռոչում պահւում են կայծքարը և 6 թուանշանի ձև ունեցող երկաթը, իսկ միւս խոռոչում՝ ծծմբի մէջ թաթախած պատրոյկը և «փօտը», որը աբեթի դեր է կատարում և ոչ այլ ինչ է, եթե ոչ այրած շոր: Կրակ հանելու նպատակով կայծքարին խփում են երկաթով, կայծերը թափուելով դիւրավառ փօտի վրայ, վառում են նրան: Այդ ժամանակ այրուող փօտին մօտեցնում են ծծմբաթաթախ պատրոյկը, որ և անմիջապէս բոցավառւում է: Այժմ «փօտամանը», իհարկէ, գործածութիւնից դուրս է եկել և շատ դժուարութեամբ է ձեռք բերւում»:
Կրակի դերն ու խորհուրդը՝ Հայկեան Միաբանութեան Քրմերի բացատրությամբ՝ մի այլ առիթով…
Ներկայիս քրիստոնեական ծիսական արարողությունների գերակշիռ մասը հնագույն ծեսերից են ծագում, ձևավորվել են դարերի ընթացքում նրանց իմաստափոխման արդյունքում (ինչպես, օրինակ, ամենօրյա առավոտյան ժամերգությունը, արևածագին՝ «Արեւագալի ժամին» Արևագալի ժամերգությունը, Անդաստանի կարգը՝ աշխարհի չորս ծագերի օրհնությամբ, հնավանդ սովորությունները պահպանած՝ Ծաղկազարդի, Վարդավառի և մյուս տոները, «սրբերի, նահատակների՝ մարտիրոսների»՝ «հավատքի հերոսների»՝ մարդկանց համար նախատիպ լինելու «արժանի դեմքերի», Հին կտակարանում հիշվող նահապետների սրբացումն ու փառաբանումը, «Նվիրյալ անձանց» («Անձինք նուիրեալք») հիշատակը հավերժացնող զանազան շարական-օրհներգությունները, ընծայաբերումը, տարբեր տոների առիթներով հոգևորականների դասի զգեստավորված հանդիսավոր երթը՝ թափորով, վարդաջրի ցողումը՝ ներկաների վրա)…
Վաղնջական ժամանակներից հայտնի՝ Նախնիների պաշտամունքի հետ առնչվող՝ Արքայական երթից առաջ գնացող ազդարարների՝ «նախընթացների» (կարապետի) հնագույն ավանդույթի հարատևման ակնհայտ արձագանքն ենք տեսնում մերօրյա ծիսական որոշ արարողություների ընթացքում: Հիշյալ դրվագին անդրադարձել է Հայ վաստակաշատ ազգագրագետ, հնագետ, բանահավաք Երվանդ Լալայանցը (1864-1931)՝ «Ծիսական կարգերի» ծագմանը նվիրված ուսումնասիրության մեջ, որից մի հատված ներկայացնում ենք ստորև:
Ե. Լալայանի դիմանկարը (Փ. Թերլեմեզյան, 1930 թ.)
«Հայ նահապետներն ու թագաւորներն էլ պաշտուել են Հայ ժողովրդից թէ՛ կենդանութեան ժամանակ և թէ՛ մահից յետոյ: Կադմոս՝ դիմելով Հայկին, «Մեծդ դիւցազանց» է կոչում նրան, որ մահից յետոյ Օրիօն աստեղութիւնն է կազմում: Վահագնը Հայ երգիչների խանդավառ սիրոյն է արժանանում: Արշակունիներին աստուածային ծագումն է վերագրւում, և սրանց արձանները, «որ Վաղարշակ Արմաւրում շինեց իւր նախնիների պատկերով… որոնք բերուած էին Բագարան և յետոյ Արտաշատ, փշրում է Սասանեան Արտաշիրը (Մովսէս Խորենացի, Բ, գլ. ՀԷ)»…
…«Նաև՝ ո՛չ միայն քրմապետները, այլ և կաթողիկոսները զբաղուել են թագաւորի պաշտաման ծէսերը կազմակերպելով, ինչպէս երևում է Փ. Բիւզանդացու հետևեալ խօսքերից. «Եւ (Ներսես Մեծ) զվարս թագաւորութեան իսկ յօրինէր ամենաբարի կրօնիւք, որպէս և տեսեալ էր իւր առ հնօքն թագաւորօքն (Փաւստոս Բիւզանդացի, Ե դպր., Ա գլ.):
Այն հասարակական կազմակերպութիւնները, որոնք դեռ քիչ են զանազանակերպուել (differencie’s), պարզ ցոյց են տալիս կենդանի և մեռած պետերի պաշտաման նոյնութիւնը.- վայրենի ժողովրդների մէջ սկզբում ինքը՝ պետը, յայտարարում է իւր քաջութիւնների, իւր Նախնիքների մասին, եգիպտական և ասորական արձանագրութիւնները ցոյց են տալիս, որ այս սովորութիւնը երկար ժամանակ տևել է: Յետոյ, երբ պետը լաւ ճարտասան չէ լինում, յանձնարարում է ուրիշներին պատմելու: Եւ այսպէս հետզհետէ սովորութիւն է դարձել, որ պետերի, իշխանների առջևից գնում էին մարդիկ, որոնք ներբողում էին նրան և երգելով գովաբանում. միևնոյնը, ինչ որ կատարւում է մեռած, աստուածացած պետի վերաբերմամբ:
Թէ Հայերիս մէջն էլ այս միևնոյնը տեղի է ունեցել՝ երևում է հետևեալ մնացորդներից: Ագաթանգեղոսը (Յձդ), յիշելով այն իշխանների անունները, որոնց Տրդատը ուղարկեց Լուսաւորչի որդներին բերելու՝ ասում է, թէ երրորդ իշխանը՝ «Դատ անուն՝ կարապետ արքայի», ուրեմն պարզ է, որ Հայ թագավորներն էլ ունեցել են իրենց առջևից գնացող կարապետ կամ կարապետներ, որոնք ազդարարել են ժողովրդին թագաւորի մասին:
Դեռ մինչև այժմ էլ կաթողիկոսի գնացքին կարապետում է մի հոգևորական՝ խաչը ձեռին, և երբ մօտենում է նա եկեղեցուն, նրա առջևից գնում են հոգևորականներ և երգեցիկ խմբեր՝ շարականներով ներբողելով նրան: Միևնոյնը, ինչ որ կատարւում է մի կրօնական թափորի ժամանակ, երբ մինը խաչվառը ձեռին կարապետում է, և հոգևորականների խումբը շարականներ երգելով առաջնորդում է աստուածութեան պատկերը կամ մի մասունք:
Միևնոյնը նկատում ենք նաև հարսանեկան ծէսերի մէջ: Երբ թագավորը (փեսան, Կ. Ա.) եկեղեցուց իւր տունն է վերադառնում, մինը, որ «աղուես» է կոչւում, վազում է նրա առջևից՝ ազդարարելով նրա գալուստը և գովաբանելով նրան ու թագուհուն (հարսին, Կ. Ա.), (մեջբերումը՝ Ե. Լալայան «Ազգագրութիւն», Ծիսական կարգերը, էջ 177):
Ահա թե ինչու հարսանեկան ծեսի ընթացքում «թագավորը»՝ փեսան, մեծարվում էր «արքայավայել արքայապատիվ, արքայաշուք արարողություններով»…
Արքայից արքա Տիգրան Մեծը՝ շրջապատված չորս վասալ արքաներով (նկարիչ՝ Ջ. Ֆուզարո)
Արքայից արքա Տիգրան Մեծի մասին՝ Պլուտարքոսի վկայությամբ. «Նրա մոտ գտնվում էին շատ թագավորներ, որոնց ծառաների դիրքին էր դասել, իսկ նրանցից չորսին նա մշտապես իր մոտ էր պահում՝ որպես ուղեկիցներ կամ թիկնապահներ»…
Անհիշելի ժամանակներից ի վեր կարևորվել են Բնության շրջափուլերը՝ երկրի նկատմամբ Արևի դիրքի փոփոխություններով պայմանավորված: Առանձնահատուկ նշանակություն ունեցող օրերը նշվել են հանդիսություններով, տոներով ու ծեսերով՝ Նախնիների գիտելիքներն ու ավանդույթները սերունդներին փոխանցելու նպատակով:
Ձմեռային շրջանում Կյանքը պահպանելու և գարնանը Բնության հերթական վերազարթոնքի հետ կյանքի շարունակականությունն ապահովելու խորհուրդն է Ձմեռային արևադարձի օրվա նշանավորումը:
Հայկեան Միաբանութեան Քրմերի՝ Արևագալ-Միհրի ծնունդի տոնի բացատրությունից մի փոքրիկ հատված՝ ստորև:
«Միհր Բարեփառ Դիցի հիմնական պաշտամունքային վայրերը կոչվում էին Քարայր, որտեղ Միհրը ծնվում էր քարից՝ ժայռից: Նման Քարայրները, «քրիստոնյա» կոչվող Հայաստանում, ոչնչացվեցին կամ եկեղեցու վերածվեցին, իսկ հարևան իսլամական Իրանում դրանք պահպանվում են որպես «իրենց»՝ ազգային ժառանգություն:
Միհրի Քարայրում կանգնեցված կենտրոնական ժայռը քրիստոնյաները խաչքար դարձրեցին:
Ճանաչե՛նք և տե՛ր կանգնենք մեր ժառանգությանը»…
«Միհրական տոմարի համաձայն, Արաց ամսվա Գիշերավարի օրը (դեկտեմբերի 21), տարվա ամենաերկար գիշերն է, որին հաջորդում է Մեհեկան ամսվա Արեգ օրը (դեկտեմբերի 22)՝ Արեգ-Միհրի ծնունդը:
Սա Միհրական տաճարական տոմարի համաձայն Միհրի ծնունդի բացատրությունն է՝ հիմնված աստղագիտական ճշգրիտ հաշվարկների վրա:
Իսկ Հայկյան սրբազան-ավանդական տոմարի համաձայն, Միհր Բարեփառի ծնունդը տոնվում է Մեհեկան ամսվա Միհր օրը՝ դեկտեմբերի 23-ին:
Այս տարվա՝ 2023 -ի ձմեռային արևադարձը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին՝ առավոտյան ժամը 7.27-ին:
Միհրի ծնունդը կոչվում է «Արեւագալ» և համարվում է հիմնական տոներից: Այդ օրվանից ցերեկվա տևողությունը սկսում է ավելանալ, մինչև Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին Ամանոր-Զատիկին ցերեկվա տևողությունը գերազանցում է գիշերվա տևողությանը:
Արեւագալը նաև համարվում է նորածինների տոնը, որի ժամանակ այդ տարվա ընթացքում ծնված երեխաներին օրհնում են, գլխներին չիր ու չամիչ լցնում և ուրախանությամբ անցկացնում տարվա ամենաերկար գիշերը՝ մինչև Արեւածագ, երբ Արեգ-Միհրը կծնվի:
Այդ օրվանից սկսած սերմերը Երկրի արգանդում կսկսեն ծիլ տալու գործընթացը, և Ամանոր-Զատիկին հողից գլուխ կբարձրացնեն նրանց ծիլերը:
Կանխավ շնորհավորում ենք բոլոր Հայկազուն Արեւորդիներին՝ Բարեփառ Միհրի ծնունդի տոնի առթիվ: Թող որ Միհրի կենարար Հուրը վառ մնա բոլորիդ սրտում և տոհմում»…
Հայոց հնագույն ավանդույթների ու տոների շարքում բոլորիս հարազատ՝ Նախնիների հիշատակի օրն է այսօր՝ «Անմեռաց Տոնը՝ Տոհմի, Տան ու Ընտանիքի տոնը, Քաղոց ամսվա Վարագ օրը (նոյեմբերի 14-ին), Նանե Դիցուհու և Սանդարամետ Դիցամոր հովանավորությամբ»,- ինչպես հիշեցնում են Հայկեան Միաբանութեան Քրմերը՝ Քուրմ Հարութ Առաքելյանը և Քուրմ Միհր Հայկազունին:
Անմահացած Նախնիների և, միաժամանակ, իրենց զավակների՛ մեջ Անմահություն գտած Նախնիների տոնն է, Հայոց ազնվատոհմ, քաջատոհմ Նախահայրերի, նրանց սերմի՝ սերունդների՛ անմեռ հիշատակի տոնը…
Վաղնջական ժամանակներից ի վեր, Ծառը Կյանքի ու նաև՝ Մարդո՛ւ խորհրդանիշն է՝ իր Արմատներով (Մարդն՝ իր Նախնիներով) ու Ճյուղերով՝ Ընձյուղներով (Զավակներով), ինչպես և՝ իր Պտուղներով (գործերով)…
Արմատներով Հողի ընդերքից իր սնունդն ու ջուրն է ստանում Ծառը և Երկնքից՝ Արևից, իր կյանքի, գոյության համար անհրաժեշտ լույսը, ջերմությունն ու ցողը…
Ինչպես ծառն է իր արմատներից սնվելով զորանում, ճյուղավորվում, առատ բերք տալիս, այնպես էլ մարդն է իր Նախնիներից ժառանգված ֆիզիկական (գենային) և մշակութային պաշարով՝ Լույսով (ազգային ուսմունքով) սնվում, պտղաբերում:
Եվ ինչպես ծառի արմատի հզորությունն ու ճյուղերի առատությունն են պարարտ պտղաբերման գրավական, այնպես էլ մարդն իր արմատներով ու ճյուղերով՝ բազմանդամ տոհմո՛վ է բարեբերության, հարստության ապահովման գրավական: «Ուր սերմ է, անդ և բազում տոհմականք»…
Յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր ազգ իր արմատների՛ շնորհիվ է բարգավաճում, հայրենիքը, սեփական տունը՝ «օջախը» շենացնում…
«Զավակնե՛ր ունենաք՝ և՛ զինվորացու, և՛ մայրացու: Վարուցա՛նք անող և երեխա՛ ծնող: Զավակներ շատ ունենաք՝ կհարստանաք, քիչ ունենաք՝ կաղքատանաք, չունենաք՝ կմնաք անհիշատակ: Թող ձեր օջախի ծուխն անպակաս, անթեղն՝ անմար, պատը՝ կանգուն, դուռը՝ բաց, տաշտը՝ հաց, փարչը՝ գինով, տունն՝ օրոցքով լինի: Գավաթը երկրորդ՝ սերունդի՛ կենաց…»,- հնուց եկող մաղթանքն է հիշեցրել Հայ գրող՝ ծնունդով Ջավախքի Ախալքալաքից՝ Մկրտիչ Սարգսյանն իր «Գարուն էր, ձյուն էր արել» պատմվածքում:
Հայոց մեջ ընտանիքի՝ օջախի պահապանը՝ թոնրի կրակը մշտավառ ու «ծուխն անպակաս» պահողը, տան կերակրողը Տատն էր, Մեծ մայրը, Մայրը…
«Աղջիկից շատ սակավ են պահանջում դրսի գործերը, նա ավելի աշխատում է տնային տնտեսության մեջ, կամ, որպես ասում են, պտտվում է «օջախի» չորս կողմը: Այդ բանի մեջ նա հլու սպասուհի է. նրան միայն հրամայում են «այս բե՛ր» և «այն տա՛ր». իսկ միջամտություն գործել կերակուրների պատրաստության մեջ, նա չէ կարող, այդ իրավունքը պատկանում է հասակավոր կնիկներին» (Րաֆֆի):
Նանե Դիցուհու և Սանդարամետ Դիցամոր հովանավորությամբ տոնվող այս ուրախ տոնի խորհրդանիշներից է տոհմի անդամների նման բազում՝ «կուռն մարգարտաշար հատիկներով» և օջախի կրակի նման հրափայլ ու հրագույն պտուղը՝ Նուռը, որի օրհնումն են կատարում Հայկազուն Քրմերը հիշյալ տոնական օրը:
«Նուռն հրագույն՝ Պտուղ գնդաձև՝ թագ ի գլուխ, կարմրակեղև, և կարմրահատ՝ կուռն մարգարտաշար հատիւք. անոյշ կամ թթուաշ, օգտակար որպէս ըզդեղ զովարար»…
«Իմաստասեր ոմն աղքատ ուներ ծույլ որդիներ և մահվան ժամին կանչեց որդիներին և ասաց. — Ո՜վ որդիներ, իմ հայրերի (նախնիների, Կ. Ա.) բազում գանձ կա պահված մեր այգում, իսկ տեղը ցույց չեմ տա ձեզ, ով աշխատի և ամենախորը փորի՝ նա կգտնի գանձը: Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին մեծ աշխատությամբ ջանալ և խորը վարեցին, և ամեն մեկը ձգտում էր, որ ինքը գտնի գանձը: Եվ սկսեց այգին աճել ու զորանալ և առատ պտղաբերեց և ելան գանձերը»:
Դարեդար փոխանցված առակի գրաբարյան տարբերակը՝ «Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ. — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի եւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն: Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն: Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ»:
Հայկեան Սրբազան ուսմունքին հավատարիմ՝ Հայոց Նախահայրերի կերտած ժառանգությանը՝ «ծածուկ գանձերին» ծանոթանալու, Նախնյաց խորհուրդը բացահայտելու հնարավորությունն այսօր ընձեռում է Հայկեան Միաբանութիւնը:
Մեր Նախնիների ժառանգած իմաստնությունը՝ ամփոփված Հայկեան Սրբազան Ուսմունքի հակիրճ տողերում, զինում է հազվագյուտ գիտակներին՝ դիմակայելու համար կյանքի հարափոփոխ իրադարձությունները…
Այն օգնում է ուսմունքի հետևորդներին՝ առօրյա բազմաբնույթ իրավիճակներում ճիշտ, խելամիտ որոշումներ կայացնելու, բարին ու չարը տարբերելու, կարևորը երկրորդականից զատելու, սեփական ազդեցության ոլորտից դուրս գտնվող հարցերի փոխարեն կենտրոնանալու և լուծելու այն խնդիրները, որոնք իրենց տիրապետության ներքո են:
Պատերազմական իրավիճակում գտնվող մեր ազգի համար Հայկազունների իմաստուն ուսմունքն իրական զենք է՝ հաղթարշավի գրավական:
Տարոն Աշխարհը՝ Հայոց Դիցերին փառաբանող իր տաճարներով, հնագույն ժամանակներից ի վեր Հայ մարդու նվիրական կարևորագույն վայրերից էր և այդպիսին էլ մնաց նաև քրիստոնեության տարածումից հետո: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին անգամ՝ ջարդերի, կոտորածների դժնդակ տարիներին, տարբեր շրջաններից դեպի Տարոն ձգվող ուխտագնացությունները չէին դադարում… Իրենց կյանքը վտանգելով Տարոնի սրբավայրերն եկող Հայորդիք Նախնիների ավանդույթներն էին շարունակում ու սերունդներին փոխանցում Ազգային ոգին:
«…Մշոյ Սուլթան Ս. Կարապետը ուխտաւորին մուրազին հասցնող, շնորհք պարգեւող այն երեք սրբավայրերից է, որ Հայ մարդը մի՛շտ է ցանկացել տեսնել, մի՛շտ է իր կեանքի մեծ ուխտագնացութեան նպատակը դարձրել: Կայ Հայ մարդու ուխտագնացութեան մէջ Հայրենիքի ջերմ սիրոյ տարրը, իր պապերի սրբազան նշխարները ամուր պահելու փափաքը: Ուխտուածներով հարուստ լինելով է, որ Հայը անդունդների եզրերին դրուած իր գոյութիւնը կարողացել է պահել: Ուխտագնացութեան ուղի՛ն է եղել նրա դառնութեան ժամի սփոփանքը: Եւ մի՞թէ ուխտուածներով չէ, որ գոյութիւն են պահում գաղափարները, — ա՛յն գաղափարները, առանց որոնց ո՛չ անհատը, ո՛չ ալ ազգը կարող է ապրել»,- գրել է Գյուտ աբեղա Տեր-Ղազարյանը՝ անդրադառնալով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայ գաղթականներին օժանդակելու նպատակով ստեղծված «Էջմիածնի եղբայրական օգնության կոմիտեի» կողմից իրենց խմբին տրված հանձնարարությանը:
Թշնամու բարբարոս ձեռքով Հայոց պատմության ու մշակույթի հետքը կրող սրբազան վայրերի, հռչակավոր ուխտատեղիների ավերը՝ «անմռունչ կոթողների վրա թափած վրեժի թույնը», նրա աչքին նսեմացնում են նույնիսկ «չինգիզխան-լենկթեմուրյան ավերածությունները»:
Տարոնի վանքերում պահվող մշակութային գանձերը փրկելու և Էջմիածին տեղափոխելու նպատակով 1916 թվականի ապրիլին Տարոնի սրբավայրերում շրջելուց հետո իր խոհերը, տպավորությունները հրապարակվել են 1923 թվականի մարտին Բոստոնում լույս տեսած «Հայրենիք» ամսագրում (թիվ 5), «Pessimist» ծածկանվամբ: «Տարօնի սրբավայրերը» վերնագրված հիշյալ հոդվածից որոշ հատվածներ՝ ստորև:
«Էջմիածնի Եղբայրական Օգնութեան յանձնարարութեամբ մի խումբ ուղարկուեց Տարօն՝ յատկապէս Ս. Կարապետ հայրենի սրբավայրերի նշխար-բեկորները բերելու Մայր Աթոռ:
Ե՞րբ է տեսնուած, որ ուխտագնացութեան ուղին հեշտութեամբ կատարուի, ու մեր խումբն էլ անցաւ ամսաչափ ճանապարհ՝ ցրտի, անձրեւի, երկիւղի, սարսուռի անբաժան ընկերակցութեամբ մինչեւ Տարօն»:
«Աշխարհից կտրուած ու աշխարհին մօտիկ, աշխարհայինը մոռացած ու աշխարհայինը յաղթահարելու ելած այդ մենաստանները Հայ ժողովրդի այն ճրագներն են այս ու այն լերան լանջին, ծերպի վրայ, ձորի միջին վառուած, որոնք անվերջ խաւարի դէմ պայքարելու յուսոյ անհրաժեշտ աղբիւրներն են եղել: Այդ ճրագ-մենաստաններում է Հայ մարդը իր գրիչն առել՝ լաւը երկնել, վատին դիմադրել»:
«…Մօտեցէ՛ք լռութեան զարմանալի լեզուն ըմբոնելու կարողութեամբ այդ մենաստաններին, եւ կը լսէք, որ նրանց սառը քարերը ձեզ Հայի մասին շատ բան կը պատմեն եւ ամենից առաջ, թէ իրենք ունին պահած այն կայծը, որ խաւարի թագաւորութեան ժամանակ միշտ փայլել է, որ համատարած սառնամանիքի ժամին այդ տեղերում է պահպանուել ապագայի յոյսի տաքութիւնը:
Այդ որոնում-ոգորումներով ճամբայ ընկայ ուխտատեղիները տեսնելու, մեր մեծ ճգնաժամին հսկայ պապերից աւանդ մնացած մեծ յուշարձանների հետ խօսելու, նրանց պատգամ-խօսքը լսելու»:
«Ուխտաւո՛ր, գնա՛նք այժմ Տարօն: Գողտրիկ դաշտն է փռուած առաջներս, Մշոյ Հայաշատ, հացաշատ դաշտը: Եփրատ-Արածանին հոսում է դաշտի միջով, Մեղրագետն էլ գալիս — խառնւում է ու միասին առաջ են գնում: Դաշտի չորս կողմը բարձունքներ ու լեռնաշղթաներ են ձգուած. պահապան կանգնել Հայ մտքի երկրորդ մեծ օրրանին ու անթարթ աչքով իրենց վրայ կառուցուած սրբութիւններն են պահում-պահպանում: Այդ գագաթների վրայ են մեր Նախնիքը իրենց Դէտարան-դիտարան վանքերը հիմնել: Այդ բարձունքներից են դիտել հեռւում երեւացող թշնամուն ու պատսպարել փախստականին: Միւս կողմից այդտեղ՝ աշխարհից հեռու, աղմուկից ազատ երկնել են Հայ մտքի ու զգացմունքի գեղեցիկ արտադրութիւնները, դարբնել են Հայի զարգացման հիմքերը:
Ու, երբ մութն է պատել Հայի դաշտին, այդ լեռների փարոս ամրութիւնների մէջ են վառուել ապագայի լոյսերը: Համատարած խաւարում, լերանց գագաթներին թառած մենաստաններում են վառուել ձիթէ ճրագները ու պլպլացել Հայի արցունքները: Պատկերացրէ՛ք մի գողտրիկ դաշտ, չորս կողմը լեռներ, դաշտի միջով հոսող գետ, մութ ու խաւար. լեռների լանջերին իրարից հեռու երեւում են աղօտ ճրագներ. դրանք են Տարօնի սրբավայրերը՝ վանքերը: Գնա՛նք Մշոյ Սուլթան Ս. Կարապետ վանքը, Իննակնեան լերանց լանջերին տեղ գտած այդ մենաստանը: Ձորը մտանք ու ելնում ենք անտառի միջով. բարձրանում ենք վեր… մեր ետեւը թողինք ներքին փական (վանքի ներքին ագարակը)»:
…«Հանդիպեցանք վանքի վերին փակային (ագարակին): Պարսպապատ . մեծ փայտաշէն դուռ. աշտարակ. ու մէջը դատարկ, ամայի: Արդէն սովորել ենք ամայի գիւղ, տուն, վանք տեսնելուն, չենք ազդւում. անցնում ենք՝ զարմանալով, որ տաճիկը այդ քարերի վրայ էլ չի փորձել իր քանդիչ ուժը: Ահա հեռուից մի գմբէթ երեւաց: Ս. Կարապետն է: Մօտենում ենք վանքին, ու թմբերի թիւն է աւելանում:
Ակամայից յիշում ես, որ հեթանոս Հայի տաճարներում վառուած կրակի, զոհած կենդանիների թմբերն են այդ: Անցել է 1600 տարի եւ հեթանոս տարրը դեռ չի՛ ընկճուել, չի՛ անհետացել: Ս. Կարապետը Մարդու Որդին մկրտեց, բայց Հայ երկրում նրա մկրտութիւնը շատ թո՛յլ եղաւ: Զարմանալիօրէն վանքի շրջապատը իր թմբերով, փոքրիկ բարձրութիւններով, հողի շերտերով առաջին իսկ հայեացքից պարզ ցոյց է տալիս, որ այդ թմբերի տակ հեթանոսական տաճարների, սրբավայրերի շատ հետքեր կան, որ Փրկչի խաչը դեռ անզօ՛ր է եղել Արեւի պաշտամունքը թուլացնելու, դեռ չէ՛ վերջացել Ս. Գրիգորի ու Դիմետր, Գիսանէ, Արձան քրմերի մէջ տեղի ունեցած՝ քրիստոնէութեան ու հեթանոսութեան մեծ պայքարը:
Միայն երկրի վերին խաւն է քրիստոնէից ոտքի կոխան. տակի շերտը դեռ հեթանոս Հայի հետքերն են կրում: Ու Ս. Կարապետը միշտ կը մնայ ամու՛լ Հայ մտքի վերածնութեան, զարգացման համար. նա եղաւ մուրադատու Հայ գիւղացուն, բայց ո՛չ լուսատու Հայի մտքին. նա եղաւ զոհերի, նուէրների շտեմարան, բայց ո՛չ մտքի ու խոկումների ծնարան, դարբնարան:
Այդքա՜ն մեծ հռչակ ունեցող սրբավայրը մտանք սառն ու անտարբեր. նա մեզ ընդունեց ու ճամբու դրեց առանց տաք խօսքի: Մեծ է նրա շէնքը՝ հսկայական են նրա կալուածները, հողերը, անտառները. գերմանական մի երկու դքսութեան չափ տարածութիւն ունի նա: Մեծ կալուածատիրոջ վայել բազմապիսի շէնքերով շրջապատուած վանքը շէնքերի մէջ անհետանում, կորչում է կարծես: Դպրոցական շէնքը, ուխտաւորների, միաբանների, վանահօր սենեակները, երկյարկ շտեմարանը, անասնոց բակը, գոմը եւ ախոռները այնքա՜ն են խճողում վանքի շէնքի պատկերը, որ մարդ կարծում է, թէ մի հարուստ նախարարի մօտ է եկել հիւր եւ ոչ թէ մենաստան:
Դա ազնուականի՝ Հայ նախարարի՛ ապարանքի մի պատկեր է եւ ո՛չ Հայ ճգնաւորի, Հայ վանականի՛ անշուք խցերի մի սրբավայր: Վերյիշում ես անցեալը, համեմատում ես միւս վանքերի հետ ու տեսնում, որ Ս. Կարապետը կուլտուրական շատ քիչ բան է տուել մեր կեանքում. որ այդքան ապահով, այդքան մեծ ուխտատեղի, այդքան շատ կապուած ժողովրդի հետ սրբավայրը չի նպաստել մի սովորական վանքի չափ Հայ մտքի ճոխացմանը»:
«…Նիւթի պաշտամունքից յաւէտ ստրուկ, ստամոքսի գերի տաճիկը ինչո՞ւ պիտի անուշադիր թողնէր Ռուսահայաստանից անգամ արծաթ, ու ոսկի, դիպակ, թաւիշ նուէրներով հարստացած այս վանքը: Իսկ որ վերջին ժամանակները այդտեղ են ապաստան գտել նաեւ տաճիկ խարխլած պետութեան հակառակորդ Հայ երիտասարդները՝ առաւել եւս հոգեվարքին հասած տաճիկը պէտք է խուզարկէր, պրպտէր այդ հարուստ կալուածք-վանքը:
Եւ նա, որ քանդելու գործում դարերի վարժութիւնն է ձեռք բերել, հմուտ կատարել է իր գործը: Ընչաքաղցութեան տարփական տենչը ստիպել է նրան ամէն ինչ իր տեղից շարժել. որոնել, պրպտել ամէն տեղ: Չէ՞ որ յատկապէս տաճկահայը իր գոյքի ապահովութեան միակ միջոցը որոնում է տան թէ վանքի պատի մէջ, յատակում, որեւէ քարի տակ շինած դարանում: Եւ ոսկու փայլից կուրացած տաճկին անծանօթ չէ այդ դարանների գոյութիւնը:
Ահա՛ նա՝ Ս. Կարապետի առջեւ կանգնած՝ աչքերը չորս դին է դարձնում ամէն պատի մէջ, ամէն ծերպի տակ, յատակում, սիւնի մէջ, վանքի սեղանի ներքեւ, սեղանի քարերի մէջ դարաններ է որոնում՝ վանքի դանձերը գտնելու, վանքի զարդերը կողոպտելու: Եւ վառօդի, պայթուցիկի-ուժանակի միջոցով սկսում է մի աւերածութիւն, մի նոր վանդալականութիւն: Ճարճատիւնով, դղրդոցով ընկնում, փլւում են վանքի գմբէթները: Պարսպի դրսի կողմի քարերը: Վանքի առաջ եղած փոքր հրապարակի սիւները»…
«… Տաճկի որոնում-պրպտումից ազատուած արծաթեղէն-ոսկեղէնն ու սրբութիւնները առանք ու ցած իջանք: Ցած իջանք առանց մի խօսք-պատգամ լսելու այնտեղից:
Որ կողոպուտը, թալանը չէ միայն տաճկին շունչ տուողը, այլ էութեամբ կուլտուրային հակառակ լինելը, կուլտուրականը չհանդուրժելը, պարզ երեւաց, երբ լերան բարձունքի մի փոքրիկ հարթավայրում պատսպարուած Առաքելոց կամ Թարգմանչաց վանքը գնացինք ու տեսանք աւերը:
Ո՛չ միայն վանքի գմբէթներն են ուժանակով պայթեցուած, ո՛չ միայն ուխտաւորի սենեակներն են քարուքանդ արուած, այլ եւ վանքի արեւելեան կողմում յանուն թարգմանիչների՝ Խորենացու, Մամբրէի, Եղիշէի, Դաւիթ Անյաղթի կանգնեցրած հսկայական գեղեցիկ խաչարձաններն են տեղերից շարժւած, գետին գլորուած ու կոտրտուած, միջից կիսուած, բացի Անյաղթի խաչարձանից, որն անյաղթելի՛ է մնացել իբրեւ անյաղթ փիլիսոփայի Հայ փիլիսոփայական տիպար մտքի անընկճելի վկայ: Ուրախ եղայ, որ բարբարոսը գոնէ անկարող է գտնուել այդ հսկայ քարը տեղից շարժել. դա մի խորհրդանիշ էր, որ Հայ միտքը աւեր — աւարի, համատարած բնաջնջումի մէջ, այնու ամենայնիւ, կանգու՛ն է մնացել: Դաւիթ Անյաղթն էր միակ անսասան վկան մտքերի շտեմարան Տարօնի սոսկալի աւերածութեան մէջ: Լերան գագաթից լուռ, անթարթ ու յամառ նա դիտում էր անցուդարձը եւ կարծես ասում, թէ ոչ մի փոթորիկ Հայի միտքը խորտակել չի՛ կարող: Թող գա՛ն անգամ մեզ ատողները, թող գա՛ն կուլտուրայից բան հասկացող, բայց մեր նկատմամբ անտարբեր, առարկայօրէն քննադատողները եւ տեսնե՛ն Տարօնի դաշտի մեր թարդմանիչ հայրերի ժողովատեղի վանքը, տեսնե՛ն, թէ տաճիկը ի՞նչպէս է վրէժ լուծել քարից, պատից. տեսնե՛ն, թէ ի՜նչպէս բարբարոսը Հայ արուեստի կերտուածները դիտմամբ գետին է գլորել, կոտրտել. Զգում ես, որ միայն անզուսպ, վայրագ կիրքը, կատաղի մոլութեան հասնող ատելութիւնն է ընդունակ անշունչ իրերից էլ իր վրէժն առնել»:
«…Գնացինք Աշտիշատ — դաշտից մի քիչ հեռու՝ Աւրան մեծ գիւղի մօտ, համանուն Աշտիշատ գիւղի կողքին շինուած վանքը տեսնելու: Գնում ենք համեմատաբար հարթ, գեղեցիկ, կանաչ խոտ ճանապարհով. հեռուից տեսնում ենք ծառեր, որ այնքան հազուագիւտ են այդ թոռոմած երկրում: Բարձրացանք բլուրը, որ հեթանոսական վայրի հետքեր է պարունակում եւ որ կարծես արհեստականօրէն է շինուած: Տեսանք աւերակները միայն, որոնք շատ հնուց են մնացած, Լէնկթիմուրի ժամանակից, երբ հսկայ վանքի քարերը տարել Եփրատի վրայ կամուրջ են շինել: Միայն հսկայ սիւների բեկորներն են մնացել քարուքանդ:
Ակամայից մղկտում է սիրտդ, որ Հայ մարդու արիւն — քրտինքով շինուած հրաշալի կերտուածքը աւերակի է վերածուել: Ու մըտածում ես. ինչո՞ւ Հայ մարդուն դրել են սիզիֆեան աշխատանքի դերում. ինչո՞ւ նրան ստիպում են միշտ աշխատանքի աւերակները տեսնել, անդադար միայն կործանումների ականատես լինել:
Եւ զարմանալին այն է, որ տասնեակ տարիների աշխատանքները մի — երկու օրուայ ընթացքում իր իսկ աչքի առաջ կործանուած տեսնող Հայը դարձեալ ու դարձեալ սկսում է նորից շինել, նորից կերտել, որ դրանց կործանումն էլ տեսնի ու կրկին բահն ու բրիչն առնի իր ձեռքը: Աշտիշատը կործանուել է, բայց Հայը նրա տեղ Յօհաննու վանքը, Սալմսավանքը, Տաթեւը, Սանահինն է շինել՝ ու այսպէս անվերջ, անդադրում»…
Բնութեանը եւ նրա օրէնքներին ներդաշնակ, հետեւաբար՝ բարձր բանականութեան, առաքինութեան վրա հիմնուած կեանքի եւ գործունեութեան սկզբունքներն են Հայկեան Սրբազան ուսմունքի հիմքում:
Մեր Նախահայրերի ձեւավորած արժեհամակարգով դարէդար կոփուել են քաջ ու անսասան ոգով տոգորուած սերունդներ, որոնք հաստատակամօրէն դիմագրավել են կեանքի դժվարութիւնները՝ երջանկութեան աղբիւր համարելով իմաստնութիւնը, հայրենանուէր, առաքինի վարքը…
Վերափոխուելու, Հայկազունների արժեհամակարգին վերադառնալու անհրաժեշտութիւնը գիտակցող Հայորդիք վերստին բացայայտում են հազարամեակների խորքից եկող Հայկեան Սրբազան ուսմունքը՝ հետեւելով Հայկեան Միաբանութեան Քրմերի դասընթացներին:
Սերնդէսերունդ փոխանցուած Հայկեան Սրբազան ուսմունքը՝ գիտութեան նվաճումներին, համամարդկային արժէքներին համահունչ, ճանաչողութեամբ, իմացութեամբ ձեռք բերուած տրամաբանութեամբ ու աշխարհայեացքով է զինում Հայկի սերունդներին, որոնք անյողդողդ կամքով, անհրաժեշտ ունակութիւններով ու հմտութեամբ, բարոյական հզոր ոգով ու կարողութիւններով տոկունութեամբ յաղթահարում են դժուարին իրավիճակները…
Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ այսուհետ կգործի նաև պատանիների խումբը՝ 14-18 տարեկանների համար:
Սիրով սպասում ենք մեր քաջակիրթ, արիասիրտ ու քաջակորով երիտասարդներին, որոնք մեր Նախնիների Իմաստութեան, Լոյսի կրողներն են դառնալու՝ ձեւավորելով Հայ ազգի ապագայի սերուցքը՝ յանուն նորանոր յաղթանակների կերտման…
ՄՈԳԱՑ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐ՝ ՏՐԷ ԱՄՍՎԱ ՄԱՐԳԱՐ ՕՐ (սեպտեմբերի 20)
Բնության օրենքներն ու օրինաչափություններն ըմբռնող, ուսումնասիրող, հետազոտություններով, փորձարկումներով ու նորարարություններով մարդկանց կյանքը հարստացնող գիտուններն էին Մոգերը Հին աշխարհում…
Ցավերը դարմանող, բուժող բժիշկներն ու գիտության զանազան ոլորտներում հայտնագործությունների հեղինակներն ու կենցաղը հարստացնող իմաստուններն էին Մոգերը, որոնց փորձն ու գիտելիքները հետագայում ծաղկող-զարգացող գիտությունների հիմքը հանդիսացան: Բնությունը, Տիեզերքը՝ որպես հսկայական տաճար, և Նախաստեղծ տարրերը՝ որպես Արարիչ զորություններ, նրանց «ուսումնասիրությունների ոլորտն» էին ու «փառաբանման առարկան»…
Աստղագետների, կանխասացների ու ալքիմիկոսների դարեդար փոխանցված ուսմունքը բարգավաճեց ու առատորեն «պտղաբերեց» հետագայում՝ հազվագյուտ գիտակների միջոցով:
Եվ այսօր էլ՝ Հայկազուն Քրմերի ու Մոգերի շնորհիվ, ընտրյալ որոշ Հայորդիներ շարունակում են վաղնջական ժամանակներից եկող ազգային ավանդույթները՝ «Արամագի» մոգաց դպրոցում, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայկեան Միաբանութեան Քրմական դասին և շնորհավորում նրանց՝ Իմաստուն Մոգաց տոնի առթիվ:
Հանուն «Մի ձեռքում ջահ, մյուսում՝ դաշույն»՝ Իմացության Լույսով ու Արդարության հաստատման զենքով զինված ու Մոգական իմաստնությամբ զորացած Հայոց սերունդների…
Յուրաքանչյուր ազգի անցյալի պատմությունն ու մշակույթը՝ հավաքական հիշողությունը, կարևորագույն գործոն է սերունդների կրթության և դաստիարակության համար:
«Քաջ, իմաստուն և աշխարհակալ Նախնիների» կյանքն ու գործը դարեդար ոգևորել ու նորանոր հաղթանակների են մղել նրանց հետնորդներին…
Նախնիներից սերնդեսերունդ փոխանցված ուսմունքը, ձևավորված ավանդույթները, տոներն ու ծեսերն են ազգային մտածողության հիմքում, նրա՛նք են ձևավորում ազգի աշխարհընկալումն ու արժեհամակարգը… Պատմությունն ու իմաստությունն ամբարող բանավոր և գրավոր այդ ժառանգությու՛նն է կերտում անհատին ու ողջ ազգին, նրանց զինում կենսախնդությամբ, կյանքի դժվարությունները հաղթահարելու ունակությամբ…
Անհիշելի ժամանակներից եկող ավանդույթները, հնագույն ծեսերը դիմակայել են դարերի պարտադրած մոռացությանը և հարատևել Հայոց բանահյուսության, երաժշտության մեջ, պարերում ու խաղերում՝ ի հեճուկս կրած փոփոխությունների:
Դեռևս մինչև 20-րդ դարի սկիզբը Հայկական Բարձրավանդակի զանազան կողմերից ու հարակից շրջաններից դեպի Տարոն Աշխարհ՝ Հայոց «Յոթ բագինների ավան», նվիրական գետի՝ Արածանիի ափին գտնվող նշանավոր դիցավաններ՝ Բագավան, Աշտիշատ էին մեկնում ուխտավորներն՝ իրենց հետ բերած Նոր Պտղաբերված բերքով՝ բազմօրյա զվարճալի տոնահանդեսների մասնակցելու:
Հեռավոր ժամանակներում, Բերքի, բերքահավաքի խրախճալից տոնախմբություններից հետո, Խաղողօրհնեքից ու Հացօրհնեքից հետո Մայր Հողի փառաբանումն էր՝ Սանդարամետի տոնը: Բնության արարիչ ուժն ու Կենսատու Լույսը, Մայր Հողի արգասավոր պտղաբերությունն ու իմաստուն Նախնիների փառաբանումն այսօր էլ շարունակում են Հայկազունների ժառանգները՝ Հայկյան Սրբազան ուսմունքին հավատարիմ:
Քուրմ Հարութ Առաքելյանի բացատրությամբ՝ «Սահմի ամսվա Սիմ օրը (սեպտեմբերի 14-ին), Հայկեան Սրբազան Տոմարի համաձայն, «Տօն Սանդարամետանք» է: Հայկեան Սրբազան Տոմարը, իր ութ գլխավոր տոների կողքին՝ ունի նաև թվով ինը Արարչական տոներ, որոնք «ԲԱԳԱՐ տոներ» են կոչվում: Բագար տոների շարքից է Սանդարամետի տոնը, որը Երկրի Արարումը խորհրդանշող տոնն է:
Տոնը կատարվում է մեծ հրավառությամբ, կրակի շուրջ շուրջպար են բռնում կանայք և աղջիկները. նրանք խորհրդանշում են Երկրի Արարման հովանավոր Սանդարամետ Դիցուհուն:
«Տօն Սանդարամետանք»-ը նաև կանանց մեծարման տոներից է, որտեղ ամենուր մեծարվում և գովերգվում է Կինը՝ մեր կյանքի աղբյուրն ու արմատը»…
Հիշյալ և մյուս տոների ու ծեսերի խորհուրդի մասին առավել մանրամասն՝ Հայկեան Միաբանութեան Քրմերի՝ Քուրմ Հարութ Առաքելյանի և Քուրմ Միհր Հայկազունու մեկնաբանություններով՝ հետագայում (նաև, ինչպես վերջին տարիներին, առանձին խմբերի համար կազմակերպված հատուկ դասընթացներով)…