Category: Tradition

  • «ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ՇԱՏ ՄԻ՛ ԼՍԻՐ, ԱՄԵՆ ԼԵԶՎԻ ԹԵ ԼՍԵՍ՝                           ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ԹԵ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԴՈՒ ԻՆՁ ՄԱՂՈՎ ՋՈՒՐ ԲԵՐԵՍ»…

    «ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ՇԱՏ ՄԻ՛ ԼՍԻՐ, ԱՄԵՆ ԼԵԶՎԻ ԹԵ ԼՍԵՍ՝ ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ԹԵ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԴՈՒ ԻՆՁ ՄԱՂՈՎ ՋՈՒՐ ԲԵՐԵՍ»…

    «ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ՇԱՏ ՄԻ՛ ԼՍԻՐ, ԱՄԵՆ ԼԵԶՎԻ ԹԵ ԼՍԵՍ՝
    ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ԹԵ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԴՈՒ ԻՆՁ ՄԱՂՈՎ ՋՈՒՐ ԲԵՐԵՍ»…

    «Տեղաց անձրև մաղ տալով,
    Մարմանդ-մարմանդ,
    Հոգնած տերև շաղ տալով»: (Կոմիտաս, «Աշուն օր»)

    Աշխարհարարման հնագույն պատումներում հիշատակվում է «մանրամաղ փոշին»՝ հյուլեի նման, («հողամաղ»)…

    Հնագույն շրջանում՝ հին Եգիպտոսում Երկինքը՝ երկնակամարը «Մեծ Մաղ» էր անվանվում:
    «Հայերենի հոմանիշների բառարանում» որպես «երկնքի» հոմանիշ հանդիպում է «աստծու մաղ» արտահայտությունը:

    «Մաղել»՝ «անձրևել, ձյունել» իմաստն ունի…

    «Երկինքն անձրև է մաղում արտերին,
    Ծիլերը անուշ ժպտում են իրար,
    Զրույց են անում հնուց մտերիմ
    Ուռին նազանի, սոսին՝ գեղիրան»: (Սարմեն)

    «Շոգը պատռել է մաղն արեգակի,
    Լույսի ցորենը գետին է թափվում,
    Դատարկվում են ծով կալերը երկնի,
    Բերքով լցնելու ամբարներ ու տուն»: (Մետաքսե)

    «Պայմանավորված գործառույթով՝ մաղերն ունեցել են համապատասխան անվանումներ՝ ալյուրմաղ, կալմաղ, քարմաղ, ցորենի մաղ և այլն։
    Որոշ տեսակի մաղեր կոչվել են ըստ կազմության, ինչպես, օրինակ՝ ձարմաղ, փոկեմաղ և այլն։ Հայերենի բարբառներում մաղերն ունեցել են նաև այլ անվանումներ՝ սառատ, խախալ, շատարար և այլն»,- գրում է Ա. Աբրահամյանն իր՝ «Մաղի տեսակների անվանումները Հայերենի բարբառներում» ուսումնասիրության մեջ:

    Հայոց ազգագրության ու բանահյուսության մեջ Մաղն առկա է իր բազմաթիվ հոմանիշներով, հարսանեկան կատակ-երգերում կամ ծիսական տարբեր դրվագներում:
    Հարսանեկան պարերգերից՝

    «Խնամի՛, խոշ իս էկի
    Դարդակ ու բոշ իս էկի,

    Էրկու կլոճ իս բերի,
    Էն լե ճամփին իս կիրի:

    — Քեզի կիտամ մաղ մի արծաթ,
    Ա՛ռ, բարիշի՛, խնամի՛:

    — Մաղը ծակի, արծաթ թափի,
    Չե՛մ բարիշի, խնամի՛»…

    «Նկարագրելով Դարալագյազում բնակություն հաստատած Սալմաստի գաղթականների սովորությունները, նա (Գ. Տեր-Հովհաննիսյանը (Քաջբերունի), Կ. Ա.) նշում է, որ հարսանիքի վերջում նրանք պարում են և երգում մի երգ, որն ավարտվում է հետևյալով՝ «Մածուն կուզեմ՝ թան կբերի, Ալըրմաղով ցան (աթարի փշրանք) կբերի»,- կարդում ենք վերոնշյալ հոդվածում, ուր հեղինակը հավելում է նաև Երվանդ Լալայանի հիշատակած՝ մաղի ծիսական նշանակությանն առնչվող մի դրվագ. «Բորչալուի գավառում 20-րդ դարասկզբին շատ մայրերի է ծանոթ եղել «երեխան ծնուելիս խախալի մէջ առնել» արտահայտությունը. մայրերը այդպես են վարվել «երեխային չարից ազատելու համար»:

    Ա. Ա. Աբրահամյանի նույն ուսումնասիրությունից՝
    «Գրեթե բոլոր բարբառներում էլ արձանագրվել է «մաղել» բայի գործածությունը ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստներով։
    Բարբառագիտական և ազգագրական գրականության մեջ գրանցված են «մաղ» բառով կազմված բազմաթիվ դարձվածքներ։
    Հ. Աճառյանը արձանագրել է մեկ տասնյակից ավելի օրինակներ.
    «Հազար մաղով անցկացած»՝ «աներես, լիրբ», «Մաղի գլխին փոշի չի մնում»՝ «ամենևին օգուտ չկայ» (Ղարաբաղի բարբառ), «Հարիւր մաղի հաց է կերել»՝ «հմուտ՝ փորձառու մարդ է», «Մաղի մէջ պահել»՝ «մեծ խնամք տանիլ» (Երևանի խոսվածք), «Մաղէ անցունել»՝ «թեթև մը մաղել», «Մաղը պատէն կախել»՝ «գործը վերջացնելով հանգչիլ՝ հանգստանալ» (Նոր Նախիջևանի և Պոլսի խոսվածքներ), «Մաղ դառնալ»՝ «մաշիլ, հիննալ ու ծակծկիլ», «Մաղը ծակուեցաւ»՝ «խարդախութիւնը բռնուեցաւ» (Պոլսի խոսվածք), «Մաղը ծակ է»՝ (ծածկալեզու).
    ա. «հայերէն խօսիլ գիտէ կամ կը հասկնայ» (Ասլանբեկի, Կյուրինի, Սեբաստիայի, Կեսարիայի բարբառներ, Պոլսի խոսվածք).
    բ. «պարտական է, պարտք ունի» (Կարինի խոսվածք),
    գ. «անխելք է» (Թիֆլիսի խոսվածք),
    «Մաղ ծախող»՝ «աներես» (Դարենդեի խոսվածք) և այլն:
    Սահակ վրդ. Ամատունին գրառել է «Մաղը պատռել»՝ «մահամերձ հիւանդութիւնից ազատուել», «Մաղի ծակովն անցկենալ»՝ «շատ նիհարիլ, նուազիլ» դարձվածքները»:

    «…Ս. Ամատունին արձանագրել է նաև «Խախալի գլուխը բան քցել»՝ «ունեցածի վրայ մի բան աւելացնել» կամ՝ «ձեռնարկած գործից շահուել, օգտուել» դարձվածքը»:
    (Մեջբերումները՝ Ա. Ա. Աբրահամյանի՝ «Մաղի տեսակների անվանումները Հայերենի բարբառներում» հոդվածից):

    «Լույս էր մաղում վառ լուսնկան,
    Երկիր սփռում արծաթ փոշին»: (Ավետիք Իսահակյան)

    Հազարամյակներ ի վեր ընդեղենը՝ զանազան տեսակի ունդերը, հունդերը (ցորեն, բրինձ, լոբի և այլն) մաքրելու, զտելու համար կիրառվող մաղը նաև պտղաբերություն, առատ, բեղուն կյանք ապահովող խորհրդանիշ էր, որին վերագրվում էր չարխափան, վտանգից պաշտպանող, հիվանդություններ բուժող հատկություն…
    Կալի աշխատանքներում ու կենցաղում օգտագործվող մաղը կիրառվում էր և զանազան ծեսերի ընթացքում (հարսանիքի ժամանակ, նորածիններին առնչվող արարողությունների, բժշկման, գուշակությունների համար…):

    Րաֆֆու «Սալբի»-ից մի դրվագ՝ ի հավելումն ասվածի.

    «Երբ Ավետարանը բերեցին, բոլորը գդակները հանած ոտքի կանգնեցան: Քահանան ձայն տվեց. — «Ալրմաղը բերե՛ք». ծերերից երկու մարդ բռնեցին ալյուրի մաղը հիվանդի գլխի վրա, և տեր Մարուքը Ավետարանը նրա վրա դնելով սկսեց շարական ասելով մեկ-մեկ բաց անել Ավետարանի վրայից փոշոտած, ծխում-մխում սևացած աղլուխները:
    Խղճալի տեր Մարուքը, որ չգիտեր մի այլ երգ, տասն անգամ կրկնեց զանազան եղանակներով նույն երկտող շարականը, բայց Ավետարանի վրա փաթաթած աղլուխները տակավին չէին վերջացած:

    Վերջապես երևան եկավ մի հաստ կազմով գիրք, մագաղաթի վրա կարմիր, կապույտ և զանազան ներկերով գրված. նրա մաշկյա կողերը զարդարված էին հասարակ ակներով և մի պղնձյա խաչով, որ ամրացված էր նրա կողքի վրա:
    Բոլորը երկյուղածությամբ երկրպագություն տվին, երեսները խաչակնքեցին՝ տեսնելով աստուծո գիրքը, որ տեր Մարուքը բացելով սկսեց կարդալ «բժշկության» ավետարանները, որոնց կենսատու զորությունը «Ալրմաղի» ծակերից առատապես մաղվելով՝ թափվում էր հիվանդի վրա…
    Ավետարանը վերջացնելուց հետո, քահանան ավելի քաղաքավարություն գործ դնելով (շատ կարելի է, յուր նյութական օգուտը մտածելով)՝ հրամայեց, որ ջուր բերեն»…

    Պերճ Պռոշյանի «Կռվածաղիկ» -ից՝
    …«Մաղը ձեռն առավ, երեսին խաչ քաշեց, սուրբ Կիրակու անունը տալն ու մաղն աջ պտտվիլը մին էլավ»…

    «Հայ ազգագրության մեջ շատ սովորություններ կան՝ կապված մաղահմայությանը, ինչպես «մաղաբախությունը»,- հիշեցնում է Ա. Աբրահամյանը՝ մեջբերելով Ե. Լալայանի գրվածքներից,- Մաղահմայության ժամանակ մատից կախել են մաղը և տվել կասկածյալ մարդկանց անուններ. ո՛ր անվան դեպքում մաղը պտտվել է, այդ մարդու հանցագործ լինելը հաստատվել է:
    Բորչալուի խոսվածքներում լայնորեն գործածվել է «մաղ պըտըտէլ» արտահայտությունը, որը «մաղ» բառով կազմված հարադիր բարդություն է։
    «Մաղ պտտելը» գուշակության մի ձև է, որը Ե. Լալայանը հանգամանորեն նկարագրել է Բորչալու գավառի ազգագրությանը նվիրված աշխատության «Կախարդություն» բաժնում և այն լուսաբանել լուսանկարով»:

    Ահավասիկ հիշյալ հատվածը, ուր քրիստոնեության տարածումից հետո՝ մինչ մեր օրերը հարատևած հին հավատալիքների դրսևորման օրինակներից է.

    «Մաղ պտտել».- Այս կերպով գուշակում են, թէ մինի հիւանդութիւնը ո՞ր սուրբն է տուել: Թէև գործողութիւնը պարզ է, սակայն ամէն կին չի կարող կատարել, պէտք է, որ այդ անելու շնորհը մի որևէ սրբից ստացած լինի երազում:
    Այսպիսի կանայք կան գրեթէ բոլոր գիւղերում, և ամէնքին էլ յայտնի են: Հիւանդի տէրը մի քանի ձու, մի երկու մոմ առած գալիս է այդպիսի մի կնոջ մօտ և նկարագրելով իւր հիւանդի դրութիւնը, խնդրում գուշակել, թէ ո՛ր խաչից է:
    Մաղ պտտեցնողը վերցնում է մաղը, որի խեմի (շրջանակի) վրայ ցցած է լինում ձիու պայտի երկու ականջաւոր մի մեխ: Թէ՛ պտտեցնողը, և թէ՛ խնդրողը իրենց աջ ձեռքերի ցուցամատերն անցկացնելով մեխի ականջների տակ՝ պահում են մաղը կախուած դրութեամբ:
    Ապա պտտեցնողը ասում է. «Եթէ այսինչի հիւանդութիւնը խաչից է՝ մաղը աջ պտտուի, եթէ ոչ՝ ձախ»: Եթէ ձախ է պտտւում, ասում է, թէ հիւանդութիւնը խաչից չէ, թող դեղ անէ՝ կըլաւանայ, իսկ եթէ աջ է պտտւում՝ հաստատում է, որ խաչիցն է և յետոյ կամենալով գուշակել, թէ ո՛ր խաչիցն է, շարունակում է. թէ այսի՛նչ խաչիցն է՝ աջ պտտուի, թէ չէ՝ ձախ: Այս կերպ գտնելով նաև, թէ ո՛ր խաչիցն է՝ պատուէրներ է տալիս, թէ մոմով, մատաղով պէտք է գնալ այդ խաչի դուռը՝ նրա ցասումը շիջուցանելու, և նա կը բժշկէ հիւանդին» (Երվանդ Լալայան):

    Դերենիկ Դեմիրճյանից մի հատված՝ նույն դրվագով.
    «Սավգյուլն ասում է.
    -Դե, մեռնիմ քեզի Մուղնվա զինավոր սուրբ Գևորգ, ճար ու իլլաջս քեզի մնաց, դու գիտես, դու Խաչիկիս ցավին մի փարատութենըմ տաս: Որ լավցավ` մատաղով, խունկ ու մոմով դուռդ գամ, Խաչիկիս էլ բոբիկ ոտքով դուռդ բերեմ, լուսաթաթախ գերեզմանդ համբուրեմ:
    Մաղն սկսեց պտտվել: — Ահա՛ն, տե՜ս, Սավգյու՛լ, Խաչիկիդ ցավը Մուղնվա զինավոր սուրբ Գևորգեն է: Լավ էրինջըմ կտանիս դուռը կըմտաղես՝ Խաչիկդ կըլավանա: — Հլպը՜թ որ, մեռնիմ սուրբ զորությանը»:

    Մաղի հետ կապված բազմաթիվ ասացվածքներ (դարձվածքներ) կան, ինչպես և՝ զանազան պատմություններ՝ տարբեր ժողովուրդների հեքիաթներում:
    «Մաղի գլուխը մի բան գցել»՝ «հաջողեցնել» (Հոմանիշների բառարանից):
    «Մաղով ջուր կրել»՝ «ապարդյուն, անօգուտ գործ ձեռնարկել»:

    Ե. Լալայանը Բորչալու գավառի ազգագրությանը նվիրված իր աշխատության մեջ բերում է «մաղ, մաղվել, շատարար, շատարարվել, խախալ, խախալվել» բառերով կազմված աղոթք՝ «չար աչքի» դեմ.
    «…Մաղով մաղուի, (Շտարարով շտարարի), Խըխալով խխալուի…» («խախալը» խոշոր ծակերով մաղն է, որը գործածվում է կալի աշխատանքներում):

    «-Ծիլ մի՛ թողնի ժեռ քարի տակ, թող ամեն ծիլ աչք բանա,
    Իմաստունին միշտ ճամփա՛ տուր, թեկուզ մի ճորտ լինի նա:
    Միշտ ժպտում է ու ողջունում աստղը՝ աստղին լուսատու.
    Ազնիվ մարդը անկարո՛ղ է ատել ազնիվ մի մարդու:
    Ամեն մարդու շատ մի՛ լսիր, ամեն լեզվի թե լսես`
    Միևնույնն է, թե աղբյուրից դու ինձ մաղով ջուր բերես»: (Հ. Շիրազ)

    Անդրեա Մանտենյա (1495-1506), «Վեսատալուհի Տուչիան»
    Andrea Mantegna (1495-1506), «La vestale Tuccia»

    Հին հռոմեական դիցաբանության մեջ Վեստա դիցուհու սպասարկող Վեստալուհու՝ Տուչի քրմուհու ատրիբուտն էր մաղը՝ որպես պարկեշտության խորհրդանիշ: Վեստալուհին պարտավոր էր տաճարի կրակն անշեջ պահեր և 30 տարի պահպաներ կուսությունը. ըստ ավանդության, իր հանդեպ մեղադրանքի կեղծիքը բացահայտելու և իր ազնվությունը, պարկեշտությունն ապացուցելու համար Տիբեր գետից նա մաղով ջուր է տարել՝ առանց մի կաթիլ թափելու…

    Վեստալուհի Տուչին (18-րդ դարի գեղանկար)
    Հեղինակ՝ Joseph Benoit Suvee (1743-1807)

    Հին Աշխարհում հայտնի էր Սոկրատեսի «Երեք մաղի» խորհուրդը՝ պահանջվում էր լսածն անցկացնել Ճշմարտության, Բարության, Անհրաժեշտության «մաղերով»՝ նրա օգտակարության գնահատման նպատակով:
    «Մի մարդ հարցնում է Սոկրատին.
    – Իսկ ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ էր ասում քո մասին ընկերդ:

    – Սպասիր,- կանգնեցնում է նրան Սոկրատը,- սկզբից երեք մաղի միջով մաղիր այն ամենը, ինչ պատրաստվում ես ինձ ասել:

    – Երեք մա՞ղ:
    – Այո: Միշտ, երբ ուզում ես ինչ որ բան ասել, պետք է դա անցկացնել երեք մաղի միջով:
    Սկզբից՝ Ճշմարտության մաղի միջով: Օրինակ, դու վստա՞հ ես, որ այն, ինչ ինձ պետք է ասես՝ ճշմարտություն է:
    – Ոչ, ես ուղղակի լսել եմ:

    – Նշանակում է դու չգիտես՝ ճշմարտությո՞ւն է դա, թե՞ սուտ:
    Այժմ մաղենք երկրորդ մաղով՝ Բարության մաղով: Դու այժմ ուզում ես իմ ընկերոջ մասին որևէ լավ, բարի բա՞ն ասել:

    – Ոչ, լրիվ հակառակը:
    – Ուրեմն, – շարունակեց Սոկրատը,- դու ուզում ես նրա մասին ինչ-որ վատ բան ասել, ընդ որում վստահ էլ չես՝ ճի՞շտ է դա, թե՞ սխալ:
    Ժամանակը եկավ կիրառել երրորդ մաղը՝ Օգտակարության մաղը: Արդյո՞ք այդքան կարևոր է այն, ինչ ուզում ես ինձ ասել, որ ես իմանամ:
    – Ոչ, դրա կարիքը ամենայն հավանականությամբ չկա:

    – Եվ այսպես,- եզրափակեց Սոկրատը,- նրանում, ինչ ուզում էիր ինձ ասել՝ չկա ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարություն և ո՛չ էլ օգտակարություն: Այդ դեպքում ինչո՞ւ ասել»…

    Մաղին վերաբերող հանելուկներից՝

    «Բերդ կերերա,
    Տակ ձյուն կուգա»:
    (Վան, Մոկս)

    «Պուճուր աստոծ (վ. երկինք),
    Տակին ձին ա գալի»:
    (Լոռի, Թիֆլիս, Սյունիք)

    «Պիծի աստղ՝ ծուն կյալիս»: (Արցախ)

    «Ցած երդիկեն ձյուն կուգա»: (Բաբերդ)

    Մի «Հրաշագործ մաղի» պատմություն էլ՝ հաջորդիվ…

    Հ.գ. Մաղի մասին մի տեսանյութ՝ Սարդարապատի թանգարանից՝ ահավասիկ.

    https://fb.watch/hrS8XihgJ_/

  • «…ԲԱՅՑ Ի՞ՆՉ ՎԵԳ Է, ՀԱ՜, ՀԻՇԵՑԻ՛»…

    «…ԲԱՅՑ Ի՞ՆՉ ՎԵԳ Է, ՀԱ՜, ՀԻՇԵՑԻ՛»…

    «…ԲԱՅՑ Ի՞ՆՉ ՎԵԳ Է, ՀԱ՜, ՀԻՇԵՑԻ՛»…

    Հայկական Լեռնաշխարհի ու Հին Աշխարհի տարբեր երկրների հնավայրերից հայտնաբերված մեծաքանակ ու բազմատեսակ հմայիլներից են վեգերը՝ ճաները (ճանը՝ կոճը, կոռը՝ ոչխարի, այծի կամ այլ կենդանիների նախակճղակի հոդային ոսկորներից է, որով խաղում էին հնուց ի վեր):
    Գտնված վեգերի մի զգալի մասը խաղավեգեր են՝ անմշակ կամ մշակված, գունավորված, երբեմն՝ մի քանի տասնյակի կամ հարյուրների հասնող կույտերով, պահված նաև կավե ամանների՝ փարչերի մեջ…
    Ճանով խաղերն ամենատարածված խաղերից են, որոնք հազարամյակներ հարատևելով հասել են մեր օրերը (օրինակ՝ ուղիղ գծի վրա շարված ընկույզներին կամ վեգերին հարվածել են ավելի խոշոր ու ծանր վեգով, հետագայում նաև՝ փայտից կամ թաղիքից պատրաստած գնդակով, կամ խաղացել են «քարկտիկը» հիշեցնող խաղերով):
    Խաղացողներն իրենց վեգերի՝ ճաների հավաքածուն ունեն. զանազան խաղերի կանոններով՝ պարտվողը հաղթողին է հանձնում իր բոլոր ճաները…

    Ճանի կողմերն ըստ դիրքի, ունեն իրենց անվանումներն ու կարգավիճակները («արժեքը»):

    Լճաշենից, Արթիկից, Գառնիից, Դվինից, Ամբերդից ու բազմաթիվ այլ վայրերից պեղված վեգերի մի մասը միջանցիկ անցքերով են, մեկ կամ մի քանի կողմը հարթեցված…

    «Հարթեցված վեգերը օգտագործվել են նաև բախտագուշակության համար:
    Մինչև այժմ ժողովրդական ասացվածքներում հանդիպում է «Վեգս ալչու կանգնեց», այսինքն՝ «Գործս հաջող գնաց», արտահայտությանը (Ս Ամատունի, «Հայոց բառ ու բան» Վաղարշապատ, 1912, «Հայ ժողովրդական խաղեր»…):
    Բախտագուշակության համար Տ-աձև կողմը բարեհաջողության նշան էր, իսկ դրան հակառակ կողմը՝ անհաջողության: Բախտագուշակության համար, հավանաբար, օգտագործվել են խոշոր եղջերավոր կենդանիների վեգերը…»:

    «Խաղավեգերի մեջ աոանձին խումբ են կազմում ներկված վեգերը. սրանք նույն անմշակ վեգերն են, միայն ներկված են կարմիր գույնով։ Նման վեգեր են հայտնաբերվել տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող հուշարձաններից՝ Արթիկից (ուշ բրոնզի դար), Գառնիից (անտիկ), Դվինից և Ամբերդից (միջնադար)»:

    «Խաղավեգերի մեջ առանձնանում է անմշակ վեգերի մի խումբ, որոնց մեջ խուլ անցք է փորված և լցված մետաղով (անագ կամ կապար /արճիճ/)։ Հայաստանում նման վեգերի վաղ օրինակներ մեզ հայտնի չեն: Ոչխարի մի այդպիսի վեգ ունենք միայն միջնադարյան Դվինի պեղումներից:

    Վեգի մեջ մետաղ լցնելով այն ծանրացրել են՝ խաղերի համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Այդ վեգերը ունեցել են հատուկ անուն՝ արճճոտան, անաքա (հանաքա, էնեքե, խամուկ, լոք)։
    Հաճախ վեգը ծանրացնելու համար փաթաթել են բրոնզե կամ երկաթե լարով։ Վեգախաղերն այնքան տարածված են եղել, որ վեգեր պատրաստել են նաև մետաղից: Բրոնզից ձուլած վեգեր են հայտնաբերվել Արտաշատից:
    Մետաղից վեգ պատրաստելը կամ մետաղով վեգը ծանրացնելու սովորությունը շատ էր տարածված նաև հյուսիս մերձսևծովյան շրջաններում»։

    Ճաներով խաղացող աղջիկը (հունական քանդակի՝ հռոմեական ընդօրինակում)

    «…Վեգախաղերը զարգացրել են ճարպկություն և աչքաչափ։
    Վեգ են խաղացել գարնանը, աշնանը, ձմոանը, հարթ գետնի, կտուրների, սառույցի վրա։ Խաղացել են տոնակատարությունների, հատկապես՝ Բարեկենդանի ժամանակ։ Դժվար է ասել ազգագրական հայտնի խաղերից ո՛րն է հնում օգտագործվել, սակայն, հնարավոր է, որ նմանատիպ խաղեր խաղացել են նաև հին շրշանում։ Հայտնի է, որ անտիկ շրշանում վեգի կողմերը ունեցել են իրենց արժեքը (գինը)՝ նեղ տափակ կողմը հավասար էր մեկ միավորի, դրան հակառակ կողմը՝ 6, լայն ներճկված կողմը՝ 3 միավորի, դրան հակառակ՝ լայն ուռուցիկ կողմը՝ 4 միավորի»:

    «…Պեղածո վեգերի մեջ զգալի մաս են կազմում հմայիլ վեգերը, որոնք հանդիպում են մ. թ. ա. 3-րդ հազարամյակից։ Հնագույններից է Թագավորանիստից հայտնաբերված ոչխարի վեգը, որի կենտրոնում արված է միջանցիկ անցք, իսկ ուշ բրոնզի դարով թվագրվող՝ կենտրոնում միջանցիկ անցքով վեգեր մեզ հայտնի են Լճաշենից (ոչխարի և այծի) և Արթիկից (խոշոր եղջերավոր կենդանու վեգ)»։

    Ոսկրե վեգ՝ հայտնաբերված 1974 թվականին՝ Արարատի մարզի Ջրահովիտ գյուղից (վերագրվում է ն.թ.ա. 31-29-րդ դարերին), պեղումների ղեկավար՝ Է. Խանզադյան

    «…Հմայիլ վեգեր են հանդիպում նաև ուրարտական հուշարձաններից՝ Արգիշտիխինիլիից և Կարմիր Բլուրից (ոչխարի վեգեր, երկուսի անցքն էլ ծայրից), Հայկաբերդից (Չաուշթեփե, միջանցիկ անցքը երկայնակի է, նեղ կողմերին զուգահեռ)։
    Հմայիլ վեգերը լայն տարածում են ունեցել նաև անտիկ շրջանում։ Նման վեգեր հայտնի են Արտաշատից և Գառնիից։ Գառնիի՝ վերը հիշատակված դամբարանից հայտնաբերված վեգերի հավաքածուում կան նաև միջանցիկ անցքով վեգեր։ Այդ վեգերի որոշ մասի միջանցիկ անցքերի մեջ պահպանվել է բրոնզե կամ երկաթե մեկական օղակ:

    Վեգերով խաղացող կանայք (Հին Հունաստան, հելլենիստական շրջան (ն.թ.ա. 4-րդ դար), գտնվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում)

    Հմայիլ վեգերի օգտագործումը շարունակվել է նաև միջնադարում, ինչպես դա երևում է Դվինում հայտնաբերված օրինակներից:
    Հմայիլ վեգերը տարածված էին ոչ միայն Հայաստանում…»:

    Հերկուլանումում հայտնաբերված՝ մարմարի վրա պատկերված նկարի վերարտադրություն՝ ճաներով խաղացող կանայք (մոտ ն.թ.ա 400-300 թ.թ., լուսանկարը՝ 1911 թվականի՝ Բրիտանական հանրագիտարանից)

    «…Ըստ ազգագրական տվյալների, երկաթե օղով վեգերը եղել են մանկապաշտպան հմայիլներ և կախվել են երեխայի օրորոցից՝ միաժամանակ օգտագործվելով նաև որպես խաղալիք:
    Խոշոր եղջերավոր կենդանիների վեգերը, որոնք կոչվել են «կոռա», պահել են պատերի խոռոչներում, դրանց փոշին դեղամիջոց էր համարվում («Հայկական ժողովրդական խաղեր», էջ 32):
    Այսպիսով՝ հարուստ հնագիտական նյութի զուգորդումը ազգագրական նյութերի, ինչպես նաև մեզ հասած գրավոր աղբյուրների հետ, թույլ է տալիս ենթադրել, որ տարբեր կենդանիների վեգերը, իբրև հմայիլներ և խաղամիջոցներ, հանդես են գալիս վաղնջական ժամանակներից և հարատևում են մինչև մեր օրերը։ Դրանք հնարավորություն են տայիս ուսումնասիրելու և ամբողջացնելու մեր պատկերացումները մեզ հասած ժողովրդական սակավաթիվ խաղերի, հմայիլների ու հավատալիքների մասին»: (Մեջբերումները՝ Ն. Գ. Ենգիբարյանի՝ «Հին Հայաստանի վեգ-հմայիլները և վեգ-խաղալիքները» ուսումնասիրությունից):

    Վեգերով խաղի տեսարան՝ գինու կարասի վրա (ն.թ. 1-ին դար, Ֆրանսիա)

    Հին աշխարհում հույներին ու հռոմեացիներին ևս ծանոթ էր ճանը՝ «աստրագալը», որը նաև սիրային ոլորտում էր հայտնի խորհրդանիշ: Մոտ 2.000 տարի առաջ հռոմեացի ականավոր բանաստեղծ Օվիդիոսն իր՝ «Սիրո արվեստ»-ում նշում էր, որ կինը պետք է վեգերի խաղում հմուտ լինի՝ գիտակ ճաների նշանակությանն ու արժեքին (խաղը լատիներենով կոչվում էր «talus», հունարենով՝  «astragalos»)…

    Ճանի տեսքով թրծակավե անոթ՝ Էրոսի պատկերով (Հունաստան, ն.թ.ա. 460 թ.)

    Ն.թ.ա. 6 — 5-րդ դարերում ապրած հույն բանաստեղծը՝ Անակրեոնն իր երգերը գրում էր «Էրոսի՝ Սիրո դիցի աստրագալների (ճաների, Կ.Ա.) վրա» (ապրել է Թեոսում, Կոնակում՝ հետագայում՝ Իզմիրի մարզը):

    Սիրված ու խիստ տարածված վեգախաղերի մասին բազմաթիվ հիշատակություններ կան ժողովրդական բանահյուսության մեջ, Հայ և օտարազգի գրողների՝ տարբեր դարաշրջանների ստեղծագործություններում:

    Որոշ հատվածներ՝ ստորև…

    «…Երբեմն ինձ հարցնում է իմ տեսած քաղաքների, իմ կարդացած գրքերի մասին: Ես նրան պատմում եմ գիտեցածիս ամենալավը, կարծես ընծայում եմ իմ վեգերի ամենագեղեցիկը, ինչպես երեխա ժամանակ: Նա շուռ ու մուռ է տալիս իմ ընծան, և կարծես դժգոհ է, որ ուզածը չեմ պատմում»… (Ակսել Բակունց)

    Մոտ 3.500 տարվա վաղեմության վեգեր՝ Եգիպտոսից

    Հայկ Խաչատրյանի՝ «Հայոց հնօրյա զվարճախոսները» պատումաշարից՝

    «Արեգ աստծու մեհյանի քրմերն ինձ միայն ուրիշներին հայտնի գիտանք են տվել, բայց իրենց հայտնի շատ գաղտնիքներ ծածկել են ինձնից:
    Իմ դաստիարակ քրմի դեմքը բացվում էր, հենց որ խոսք էր լինում վեգերի մասին:
    Նա ինձ ստիպում էր, որ ես ամեն տեսակ վեգեր գտնեմ և բերեմ ու հանձնեմ իրեն:
    «- Լսի՛ր ինձ, Խու՛րս, — ասում էր քուրմ դաստիարակս,- դու պետք է իմանաս, թե ի՛նչ է վեգը: Այն կճղակավորի ծնկահոդի ոսկոր է, ոտքի կոճ, կոռ, որ ունենում են եզը, ձին, ոչխարը, կովը, այծը: Ապա նայի՛ր, Խու՛րս, վեց կողմ ունի, իրար նման են այդ կողմերից չորսը և երկուսը: Խաղում են միագույն կամ տարբեր գույներով ներկված վեգերով, որը խաղացողներին դարձնում է ճարպիկ և պատշաճ աչքաչափ ունեցող:
    Վեգերը շարում են նախանշված շրջագծի մեջ և հարվածում մի ուրիշ վեգով, կամ միայն մի վեգն են պտտեցնում ու գցում գետնին:
    Խաղի ժամանակ հաղթում է նա, ում գցած վեգը կանգնում է վեգի երկու նույնանման կողմերից մեկի վրա: Ամենքը կարծում են, թե դա հաջողության նշան է: Թող կարծեն: Միևնույն է, ոչ ոք, նույնիսկ աստվածները նրանց տարհամոզել չեն կարող: Դա պատրա՛նք է, Խու՛րս, ինչքան էլ վեգդ ցից կանգնի՝ դրանից հաջողությունն ինքն իրեն քեզ հյուր չի գա:
    Հայերիս համար վեգը նաև մանկապաշտպան հմայիլ է, որը կախում են օրորոցից, որպեսզի երեխային հեռու պահեն չար աչքից: Կան նաև հոտապաշտպան ու նախրապաշտպան վեգ-հմայիլներ և եզան կոճղից հղկված բախտագուշակ վեգեր:
    Այս ամենից բացի, Խու՛րս, դու պիտի իմանաս, որ քրմերս պատերի խոռոչներում վեգեր ենք պահում, որոնց վրա նստած փոշին եզակի դեղ է»:
    Իմ քուրմ-դաստիարակն այդպես էլ չասաց, թե այդ վեգերի փոշին ինչի՛ հետ են խառնում, որ դառնում է սքանչելի դեղ»:

    Ստեփան Զորյանի «Ցանկապատ»-ից (1923 թ.).
    «Սարսափն ավելի մեծացավ, երբ ժամհարն ու գզիրը միասին ահազանգ տվին. – Թշնամին գալի՜ս է, թշնամին մո՜տ է, ով կարող է թող հեռանա՛…
    Բոլորը տներում գաղթի պատրաստություն տեսան, պղնձեղենն ու երկաթեղենը թաղեցին, հորթերը խառնեցին կովերին և բառաչոցով քշեցին գյուղից դուրս ու, վանդակավոր սայլերը լծելով, սկսեցին բարձել նրանց ինչ կարող էին…
    Մինասն ու Թևոսը նույնպես պատրաստություն տեսան գաղթելու:
    Նրանք էլ արին այն բոլորը, ինչ որ ուրիշներն էին անում, սայլերին բարձեցին անկողին, թխած հաց, տոպրակներով ալյուր և շորերի կապոցներ. հարսները վազեցին հավերը բռնելու, երեխաները պատերի ծակից հանեցին իրենց վեգերը…
    Մի խոսքով՝ ամեն մեկն աշխատում էր փրկել իրեն համար թանկագին և կարևոր բաներ»…

    «…Զանգերի տագնապահար ղողանջը ցինի կռավոցի էր նման: Փողոցներում ու բակերում անհոգ խաղացող երեխաներն անգամ լրջացան, հաշտվեցին մի կոտրած վեգի համար իրար մռութ ջարդողները…» (Սերո Խանզադյան «Մխիթար Սպարապետ»):

    «…Նուրիկը ճիշտ քսան փարա փող ուներ իր գրպանում: Դասական պիտույքներ գնելու փողերից նա տնտեսել էր այդ փողը: Որոշել էր արճիճով լեցված վեգեր առնել, գուցե՝ հոլ…» (Գուրգեն Մահարի «Այրվող այգեստաններ»):

    «…Վահանի ձեռքերը տաքանալով սկսեցին հրաշքներ գործել իր աչքում:
    Նա շարում էր ճաները մի գծի վրա և մի քանի քայլի վրայից արճիճ լցրած ծանր ճանով նշան բռնելով հարվածում մեջտեղինին, ստիպելով նրան կողքի ճաներին առանց վրդովելու, դուրս թռչել շարքից: Սա մի հաջողություն էր, որով կարող էր պարծենալ ամեն մի վարպետ խաղացող: Վահանը ուզեց իր քաջագործությանը վկաներ ունենալ»… (Անահիտ Սահինյան «Ծարավ»):

    «Մի կավե կունդիկ կար միայն այնտեղ: Նա կունդիկը հանեց, նայեց մեջը, և նրա տխուր աչքերը շողացին: Կունդիկը շուռ տվեց, շրխկոցով թափվեցին քսանից ավելի կարմիր, կանաչ ու դեղին վեգեր:
    Մարութը դրանք խաղացրեց մատների մեջ և հիշեց, թե հայրն ինչպիսի՛ ջանասիրությամբ էր տաշում ու ներկում վեգերը» (Սերո Խանզադյանի պատմվածքներից):

    «Այս պատմածս ժամանակները մեր քաղաքում ութ-ինը տարեկան մաքուր-կարգին երեխա շատ քիչ էր պատահում. ոտաբոբիկ, գրպանները վեգերով լիքը, վարտիքի փողքերը պատառոտած, գլուխները` բաց, երեսները փոշոտ, ճանկռոտած, բերանները հազար տեսակ հայհոյանք, այսպես էին երեխաները չորսից մինչև տասներեք տարեկանը: Մեր ժամանակը խելք, քաղաքավարություն, բարի վարք՝ խանութի մեջ էին սովորում. տանը — ուզում եմ ասել՝ թաղերում, փողոցներում- ամեն տեսակ այլանդակություն էր՝ հարստից սկսած մինչև վերջին աղքատի երեխան» (Ռաֆայել Պատկանյանի արձակ երկերից):

    «…Անցավ երկու տարի, Ծաղիկը դարձավ երինջ: Գարնանը նրան սար պետք է ուղարկեին: Հաջորդ ձմռանը, հաջողություն լինելու դեպքում, նա հորթ կունենար: Ամեն առավոտ Վահանը մի լավաշ ծալած, ծոցը դրած, գրպաններն ուռցրած ճաներով ու ընկույզներով, Ծաղիկին առաջն արած, դուրս էր գալիս տանից: Իրենց տանից էլ, մեծ մասամբ մորից ծածուկ, դուրս էին գալիս Գևոն ու Համոն և Վահանի հետ գնում նույն Ծաղիկի ետևից» (Անահիտ Սահինյան «Ծարավ»):

    ՍԻԱՄԱՆԹՈ ԵՎ ԽՋԵԶԱՐԵ (Հովհաննես Շիրազ)

    «Բայց բեկերի խուլ աղմուկը վեր հորդեց,
    Խջեզարեն աստված կանչեց, երբ տեգերն էլ նկատեց,
    Սիրտը քամվեց յարի համար, յարի համար իր սիրուն,
    Զգաց, որ այլ մի ելք չկա, յարի մահն է մոտենում,
    Մի վայրկյանում իմաստնացավ ի սեր անզեն սիրածի,
    Սիրածի մահն իր վիզն առավ՝ ընդդեմ իր հոր և օձի,

    Ու երբ հանկարծ ուրուրի պես հայրն էլ հարբած ձայն տվեց,

    Խջեն անզեն յարի համար վախից այնպես գունատվեց,

    Որ շշնջաց.- Քնի՛ր, քնի՛ր, ո՞ր ջուրն ընկնեմ հիմա ես,

    Դու անզեն ես, նրանք զինված՝ լիմա-լիմա կանեն քեզ,
    Թող պառավ բեկն ինձ հարս տանի, բայց հենց գիշերն առաջին
    Ինձ գերեզման կդարձնեմ, բայց կփրկեմ իմ քաջին,
    Քնի’ր, քնի’ր… — Ու կռացավ իբր ծաղիկ մի քաղեց,

    Այնինչ քնած յարին մոտիկ մի զույգ ոսկե ճան թողեց,

    Ու ծովացած իր կարոտի կաթիլ համբույրն իսկ չառած,
    Դեռ ցած կանչող հոր աչքերի սվինների տակ անցած,
    Խջեզարեն մի բուռ դառած,
    Սարից բանտված` իջավ ցած:

    Արևն ելավ Ծովասարից, բռնեց կապույտ իր ճամփան,
    Սիամանթոն աչքը բացեց, բայց չգտավ աղջկան.
    Մի զույգ ոսկի վեգեր տեսավ ու վերցրեց նա իսկույն,
    Իջավ սարից ու ձեռնունայն որսկանի պես հասավ տուն:
    — Մամիկ, հեյ վա՛խ, Խջեզարեն չեկավ մթնով թե լույսով,
    Քնել էի, զարթնա՝ չկար, ու մնացի քո հուսով,
    Վայ թե խաբեց Խջեզարեն, վայ թե խաբեց, որ չեկավ,
    Խաբված սերս՝ զարկված մի լոր, սրտիս բնում կուչ եկավ…
    Այս վեգերը գտա, մամի՛կ, ընկած էին ծաղկանց մեջ.
    Ա’ռ, քո բախտն է… — լռեց տղան, ու պառավը կռահեց.
    — Նա եկել է, Սիամանթո՛, ետ գնացել խռոված,
    Նա է ձգել այս վեգերը, երբ տեսել է քեզ քնած…
    — Ո՞նց քնեցի… Թե՞ ուրիշն է ձգել վեգերն այս ոսկյա…
    — Ո՞վ կձգի… Չէ՛, եկե՛լ է, նա՛ է ձգել կա-չկա,
    Բայց ի՞նչ վեգ է, հա՜, հիշեցի՛, թեև յոթն օր չի անցել»…

    «Հայ ազգագրություն և բանահյուսություն», հ. 11
  • «ԱՐԻ՛, ԱՇՈՒ՛Ղ, Ա՛Ռ ՉՈՒՆԳՈՒՐԴ, ՄԻ ԲԱ՛Ն ԱՍԱ ՍՐՏԱԼԻ»…

    «ԱՐԻ՛, ԱՇՈՒ՛Ղ, Ա՛Ռ ՉՈՒՆԳՈՒՐԴ, ՄԻ ԲԱ՛Ն ԱՍԱ ՍՐՏԱԼԻ»…

    «ԱՐԻ՛, ԱՇՈՒ՛Ղ, Ա՛Ռ ՉՈՒՆԳՈՒՐԴ, ՄԻ ԲԱ՛Ն ԱՍԱ ՍՐՏԱԼԻ»…

    «Ինչպես ձուկն՝ առանց ջրի,
    Ժողովուրդն էլ՝ առանց երգի՛ չի ապրում»,- հավաստում է ժողովրդական ասացվածքը:

    Հազարամյակներ շարունակ Հայ ժողովրդին ուղեկցել է իր գուսանի թովիչ երգն ու իմաստուն խոսքը՝ փոխանցելով հնուց եկող պատմությունները, փառաբանելով Նախնիների (նաև՝ ժամանակակիցների) սխրանքները, սփոփելով ու մխիթարելով մարդկանց դժվարին ժամանակներում…

    Գյուղացու հյուրընկալ օջախում, արհեստավորի անպաճույճ հարկի ներքո, հավաքատեղի դարձած քարայրներում կամ քաղաքային սրճարաններում՝ ամենուր սպասված ու ամենքի կողմից սիրված էր աշուղն իր հոգեզմայլ նվագարանով…

    «Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում…»,- գրել է Հ. Թումանյանն իր «Ինքնակենսագրության» մեջ:

    «Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողը,
    Յիփ քաղցըր ձայնըդ վիր կոնիս, բաց կուլի հիդըդ խաղողը…»,- Սայաթ-Նովայի տողերը դարերի փորձություններով են անցնում՝ ապացուցելով երգի ու երաժշտության ամոքիչ ազդեցությունը մարդու վրա…

    1890-ական թվականներին Թումանյանն անդրադառնում է «վշտոտ սրտին դարմանող» նվագարանին՝

    ՉՈՆԳՈՒՐԻՍ

    Քո պատմածներն,— այդ ձայները տրտմության,
    Հառաչանքով, հեծեծանքով մշտական
    Հուշում են ինձ հին օրերի հիշատակով թախծաբեր։

    Է՛յ իմ չոնգուր, երբևիցե երանի
    Ուրախ հնչյուն քեզնից լսած լինեի,
    Որ իմ վշտոտ սրտի ցավին դարման լիներ, մեղմացներ։

    Սազ
    (Թանգարան՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն)

    Թե սազն իր հնչյուններով ի՛նչ ազդեցություն ուներ ունկնդիրների վրա, նկարագրել է նաև Ակսել Բակունցը (մեջբերենք հատվածներ՝ «Եղբայրության ընկուզենիները» պատմվածքից).

    «Քարատակ եկողների մեջ միայն մի մարդ կարող էր ընդհատել նույնիսկ զինվորական խորհուրդի նիստը: Այդ մարդը Նիազանց Անդրին էր, գյուղի սրախոսը, որի պատմությունները մինչև այժմ ասում են, թեև այլևս չկա այդ քաղցրախոս լեզուն: Անդրին մտնում էր, ողջունելով «աստծու ծեծած խեղճերին»…

    «…Քարատակը դղրդում էր ժողովրդի ծիծաղից, մինչև անգամ ջրաղացպանն էր ծիծաղում և ուրախության արցունքը գլոր-գլոր ընկնում էր նրա սպիտակ միրուքի վրա»:

    «…Բայց ի՛նչ ուրախություն էր, երբ Նիազանց Անդրին ներս էր մտնում սազը մեջքին:
    Այդ ժամանակ ամեն զրույց վերջանում էր, և այնպես լուռ էին լսում, որ նույնիսկ Աթա ապերը գետնից չեր վերցնում բռնոթամանը»…

    «…Եվ ամենքը լուռ լսում էին Նիազանց Անդրու նվագը…
    Երեխաները, որոնք մեծերի ահուց մուտք չունեին Շուղանց քարատակը, հավաքվում էին դրսում, դռնամուտից լսում էին այդ նվագը և զարմանում էին, թե ի՞նչ կա Նիազանց Անդրու ճռթռած, կոշտ և կոպիտ մատների մեջ, ի՞նչ զորություն կա, որ այդպես լացացնում է մարդկանց:

    Այդ երգերը հիմա չկան, և լավ է, որ հիմա այդպես չեն նվագում:
    Գուցե թե մի հեռավոր գյուղում դեռևս մեկը սազ է նվագում, բայց ո՛չ այդ սազն է Անդրու սազի նման, և ո՛չ նրա նվագը:
    Երբ քարատակում Անդրին նվագում էր, մեկը հիշում էր անհայտ կորած որդուն և սուգ էր ասում, մյուսի աչքերի առաջ հառնում էին լեռներն աշունքին, երբ քոչն արդեն գնացել է, ցուրտ ամպերը լիզում են ուրթի տեղերը, հիշում էր օջախի քարը, որի մոտ ամառը լուսնկա գիշերով կրակ է արել մի շարմաղ աղջիկ…
    Նա այդ էր հիշում, իսկ նրա կողքին նստողը միտք էր անում, թե ե՞րբ կբացվի իր կյանքի փակ դուռը, տաշտում ե՞րբ հաց կլինի, երեխաները մերկ չեն լինի, ծառ կտնկի, ծառը պտուղ կտա, և երբ հասնի արդար ծերության, իր տնկած ծառի ստվերում կնստի գոհ և երջանիկ:

    Երբ Անդրին այլևս չէր նվագում և արդեն սազը կոխում էր պարկի մեջ, — դեռ ոչ ոք ձայն չէր հանում, կարծես ամենքն ուզում էին լսել մինչև վերջին հնչյունը, որ արդեն պոկվել էր լարերից և քարանձավում թրթռում էր, ինչպես արևից զարթնած ոսկե թիթեռ: Եվ նույնիսկ այն ժամանակ նրանք չէին խոսում, երբ Անդրին, սազը պարկի մեջ տեղավորելուց հետո, ասում էր.

    — Ինչո՞ւ եք լռել, ա՛յ սրտամեռ խեղճեր…

    Միայն այդ ժամանակ ոմանք հառաչում էին, կարծես զարթնում էին խոր քնից, ծխելով թեժացնում էին չիբուխների սառած կրակը»…

    Րաֆֆու «Կայծեր»-ում (մաս 2, Վան), Վանի Այգեստան արվարձանում՝ տեղի նշանավոր անձանցից մեկի՝ վարպետ Փանոսի տան նկարագրությունը վկայում է Հայոց մեջ ազգային, աշուղական նվագարանների դերի կարևորությունը.

    «…Երևում էին և զենքեր: Պատերից քարշ էին ընկած զանազան տեսակ պատերազմական գործիքներ, սկսյալ հնադարյան երկաթյա տապարներից, վահաններից, սաղավարտներից և զրահներից մինչև նոր ժամանակների երկայն նիզակները, ղարաբինաները, ատրճանակները և հրացանները:
    Դրանց թվում պատերից քարշ էին ընկած տեղային զանազան նվագարաններ՝ սազ, սանթուր, չոնգուր, սրինգ, դափ, թմբուկ և այլն: Երևում էր, որ տանտերը ածել (նվագել, Կ.Ա.) ևս գիտեր, կամ դրանք պահվում էին հյուրերի համար»…

    Շարլ Ազնավուրի հայրը՝ Միշա Ազնավուրյանը՝ Միսաք Մանուշյանի հետ

    Գ. Լևոնյանն իր՝ «Հայ աշուղներ» ուսումնասիրության մեջ, ներկայացնելով Աշուղական արվեստը, անդրադառնում է նաև աշուղական եղանակներին ու երաժշտական գործիքներին:
    Մեջբերենք հատվածներ.

    «Ներկայումս թէ՛ մեր գրական, և թէ՛ մեր աշուղական երգերի մէջ «քնար» ասելով հասկանում են ո՛չ անպատճառ այս գործիքը, այլ առհասարակ լարական նուագարան: Օրինակ՝
    «Այս դառն րոպեիս էլ ի՞նչ սև քնար,
    Սու՛ր է հարկաւոր կտրիճի ձեռին»…
    Գամառ — Քաթիպա

    «Բամբիռից յետոյ Հայ աշուղական կամ սոսկ Հայկական հին նուագարան մենք համարում ենք չանգիւռը: Չանգիւռը կամ չընկիւռը միջին դարերում Հայ տաղասացների ամենասիրած գործիքն էր»:

    «Արիստակէս վրդ. Տէւկանց, «Հայերգի» կազմողը, աշուղասէր ու բանասէր՝ ինքն էլ տաղասաց հոգևորականը, իւր յառաջաբանի մէջ չընկիւռին դեռ աւելի հնացնում է, տանում է Գողթան երգիչների ժամանակները: «Ո՞ր զգայուն հոգին մրմնջեց մեր ազգային նուագն բիւրազի. Գողթան երգիչներու չընկիւռէն թափած մեղրաշունչ բանք ու եղանակք, որք հազար տարիէն ետքը հազար ու մէկ կտոր լինելէն վերջն անգամ դեռ ընդ մեզ շատերու ուշքն ու աղիք, սիրտ ու հոգիք կը յափշտակեն…»: Եվ ահա, «հազար տարիէն ետքը» դարձեալ լսում ենք չանկիւռի անունը նշանաւոր աշուղի՝ Սայեաթ-Նովի բերանից.
    Առանց քեզ ի՞նչ կօնիմ սայբաթն ու սազըն
    Ձեռնեմէս վէր կօնիմ չանգիրն մէմէկ…
    Իւր դաֆտարում մի այլ տեղ խաղի տակ նոյն աշուղը՝ որպէս ծանօթութիւն, ասում է.
    «Սուրբ Կարապետի կարողութիւնով սովրեցայ քամանչէն ու չունգուրն ու ամբուրէն»…

    Մեզանում, Արարատեան նահանգում նոյն գործիքը կոչվում է չունգուր, ահա բանաստեղծը.
    «Արի՛, աշու՛ղ, ա՛ռ չունգուրդ, մի բա՛ն ասա սրտալի,
    Կարօտ ենք քու անուշ ձէնին, մի բա՛ն ասա սրտալի»…

    Գաւառներում, ժողովրդի բերանում նոյն բառն աւելի աղաւաղուել է, գռեհկացել, օրինակ, Շիրակում ասում են չոնգուռ. այնտեղ յայտնի չոնգուռ ածող վարպետ Յակոբին տեղացիք կոչում են «չոնգուռ Յակո»:

    …«Արևելեան — աշուղական նուագարանների մէջ ամենքից աւելի յայտնին և ժողովրդականացածը սազն է: Սազը ի՛սկ որ աշուղական գործիք է. աշուղ՝ առանց սազի, սազ՝ առանց աշուղի դժուար կը լինէր երևակայելը: Այս գործիքն այնքան ընդհանրացել է և անուն հանել, որ առհասարակ աշուղական միւս նուագարաններին էլ ընդհանուր անունով կոչում են «սազեր» և աշուղներին՝ «սազանդար»…

    Քամանչա

    «Ամեն սազի մե՜չը գոված՝ դուն թամամ դասն իս, քամա՛նչա,
    Նաքաս մարթ քիզ չի կանա տե՛սնի, դուն նրա պասն իս, քամա՛նչա»… (Սայաթ-Նովա)

    Տարբեր առիթներով հիշվում է Զորավար Անդրանիկին փառաբանող գուսանի՝ Շերամի խոսքն ուղղված Անդրանիկին՝ «Քեզի պես զենքով չեմ կռվել, բայց ինչքանով որ կհասկնամ, երգն էլ զենքից պակաս չէ»:
    Ի պատասխան՝ զորավարն ասել է՝ երաժշտին գրկելով. «Իհարկե, երգն ու երաժշտությունը երբեմն ավելի՛ զորեղ են»…

    1887 թվականին գրված՝ Ջիվանու խոսք ու խրատից՝

    ՀԱՅԻ ՃՈՒՏ

    Դու այն երկրեն մի՛ հեռանար, Հայի՛ ճուտ,
    Ուր որ Նախնիքներեդ հիշատակներ կան,
    Մրսած ժամանակդ կըքաղես օգուտ,
    Դեռ մոխրի մեջ թաղված հին կրակներ կան։

    Բնակված երկիրդ սուրբ է, Հա՛յ եղբայր,
    Հայի արնով ներկված է ամեն քար.
    Զոհվել են հավատի և ազգի համար,
    Պառկած հազարավոր նահատակներ կան։

    Ջիվա՛ն, ազգիդ հավատարի՛մ ծառայե,
    Տեղը եկավ՝ մինչև կյա՛նքդ ընծայե,
    Հայրենիքիդ վերա լա՛վ աչքով նայե,
    Յուր մեջը հոգեբուխ ավերակնե՛ր կան։

    Գուսաններ Շերամի (1857-1938) և Ջիվանու (1846-1909) հուշարձանը Գյումրիում
  • «ԵՐԱԶ ՏԵՍԱ. ՍԱՅԱԹ — ՆՈՎԵՆ ՄՈՏՍ ԷԿԱՎ ՍԱԶԸ ՁԵՌԻՆ»…

    «ԵՐԱԶ ՏԵՍԱ. ՍԱՅԱԹ — ՆՈՎԵՆ ՄՈՏՍ ԷԿԱՎ ՍԱԶԸ ՁԵՌԻՆ»…

    «ԵՐԱԶ ՏԵՍԱ. ՍԱՅԱԹ — ՆՈՎԵՆ ՄՈՏՍ ԷԿԱՎ ՍԱԶԸ ՁԵՌԻՆ»…

    Անդրադառնալով քրիստոնեության տարածման ժամանակ և հետագայում Հայոց ազգային մշակույթի բնաջնջմանը, Րաֆֆին գրում է.
    «Քարքե լեռան սքանչելի տաճարները կործանվեցան… Հայոց արհեստի և ճարտարության գեղեցիկ գործը ոչնչացավ…
    Եվ մեծագանձ մեհյանների հարստությունը Հայոց նոր խաչակիրների ավարառության առարկա դարձավ:
    Ոսկին, արծաթը, մարմարիոնը հեշտ էր կործանել, բայց այն զգացմու՛նքը, որ միացած էր ժողովրդի սրտի և հոգու հետ, այն հավա՛տը, որ նա ուներ դեպի յուր հայրենական աստվածները – դրանք դեռ մնում էին և մնացին շա՜տ դարեր այդ կործանումից հետո:
    Սուրը և հուրը չկարողացա՛ն ոչնչացնել նրանց:
    Կրոնը փոխվեցավ, բայց ժողովրդի վաղեմի սովորությունները մնացին»:

    Ասվածի վկայություններից են Հայոց հնագույն պաշտամունքավայրերում երբեք չդադարած ուխտագնացությունները, ծեսերն ու տոները, որոնք նույնիսկ հակասում էին քրիստոնեությանը:

    Ահավասիկ՝ երազներին տրվող առանձնահատուկ կարևորությունը՝ Հայոց Երազամույն վայրերի ավանդույթներից մեկը: Հիշենք, որ այսօրվա Զվարթնոցի տաճարի տեղում էլ նման վայրերից մեկն էր, որից էլ՝ ի հակադրություն «Երազամույն» անվան՝ «Զվարթնոց»՝ «Զվարթունների վայր» կոչվեց այն՝ քրիստոնեության տարածումից հետո:

    Լինելով սերնդեսերունդ ամբարված իմաստության, մշակույթի բանավոր փոխանցման հնագույն միջոցի շարունակողներ՝ գուսանները՝ աշուղները պահպանեցին վաղնջական ժամանակներից եկող ավանդույթները՝ նույնիսկ քրիստոնեության տարածումից հետո եղած արգելքներն անտեսելով:

    Ասվածի ապացույցներից է ուխտագնացությամբ Դիցերից «շնորհ» ստանալու ավանդությունը:
    Դիցապաշտ Հայոց հայտնի ուխտավայրերից մեկում՝ Քարքե լեռան հայացքի ներքո՝ մեծագանձ ու ծաղկուն տաճարներով, ուր հետագայում անվանափոխված Մշո սբ. Կարապետն էր, ինչպես և այլուր՝ իրենց ուխտագնացությունն էին կատարում՝ Դիցերից (հետագայում՝ «մուրազատու սրբից») ցանկալի շնորհն ստանալու ակնկալիքով: Լարախաղացների նման, աշուղները ևս մի քանի օրով գիշերում էին սրբավայրում՝ երազում հայցվող շնորհի պարգևն ստանալով («…Նա իր ուխտավորներին անմասն չէ թողնում իր շնորհներից»,- ինչպես գրում է Րաֆֆին՝ «Կայծեր»-ում)…

    19-րդ դարի Սեբաստացի արհեստավարժ Հայ աշուղի՝ Փէսէնտիի ուխտագնացության պատմությունը՝ «Յուշամատեան»-ից.

    «Փէսէնտին պատմեր է Ինճէեանին, թէ ինչպէս զգացեր է աշուղի իր կոչումը.

    «Ես 16-17 տարեկան էի. հայրս քէմանի-ջութակ կը նուագէր։
    Աշուղ ըլլալու շատ սէր ունէի։
    Օրին մէկը ըսին թէ Սուլու Խահվէն աշուղներ եկեր են, «Մուամմէ» կախեր են։
    Քանի մը անգամ գացի մտիկ ընելու եւ հեռացայ։ Սէրս աշուղութեան տուի, բայց խնդիր էր, թէ ինչպէս սորվիմ։ Ես, որ մեր մամիկներէն լսած էի, թէ մեր պատմական Ս. Նշան վանքն ի սրտէ բարձրացողին եւ հաւատացողին «մուրազ»-ը կու տայ, որոշեցի վանք երթալ եւ «մուրազս» խնդրել։

    Դպրոցական ընկեր մը ունէի Ոսկիան անունով, որ քէմանի կը նուագէր. ան ալ ինծի պէս աշուղութեան փափաքող էր։

    Օրին մէկը մեր ծնողքին հետ որոշեցինք երթալ սուրբ Նշան վանքը եւ խնդրել Առաջնորդ Պետրոս Սրբազանէն, որ մեզի վանքին մէջ սենեակ մը տրամադրէ, որպէսզի մեր փափաքին համաձայն 30 օր ուխտի մնայինք։ Առաջնորդը մեզ օրհնելով սենեակ մը տուաւ։ Ծնողքնիս կը հոգային մեր ծախքերը։

    Օրը երեք անգամ մատուռի սեղանին առջեւ ծունկի գալով եւ «Սուրբ Նշան, մեր փափա՛քը տուր» ըսելով կ’աղօթէինք։ Հազիւ 10-15 օր անցած, ընկերս՝ ձանձրանալով, տուն գնաց, իսկ ես լման ամիս մը մնացի, առանց հուսահատելու եւ ձանձրանալու, աղօթքս կը շարունակէի։
    Օրին մէկը գիշերը, երբ կը քնանայի անկողինիս մէջ, մօրուսաւոր մէկը, կայտառ դէմքով, քովս կանգնելով թեւս բռնեց։
    Ձեռքին մէջ քէմանի մը ունէր, ինծի տուաւ եւ ըսաւ թէ ուխտս ընդունուած է։
    Ես մէկէն արթնցայ. ո՛չ մարդ կար, ո՛չ ալ քէմանի։
    Առաւօտը լուսանալուն գացի մատուռը, ծունր դրի խորանին առջեւ։ Առաջնորդը երբ եկաւ, պատմեցի երազս։
    Ան օրհնեց զիս եւ ըսաւ. «Գնա՛, զաւակս, յաջողութիւն կը մաղթեմ քեզի եւ շարունակէ՛ փորձերդ, որ քու փափաքդ կատարուի»։ Համբուրեցի Առաջնորդի ձեռքը ու տուն վերադարձայ։
    Ծնողացս պատմեցի երազս. շատ ուրախացան»…

    Լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից

    Հետագայում՝
    «…Փէսէնտին կը գաղթէ Ռուսիա եւ կ’ապրի զանազան տեղեր՝ ներառեալ Կեռչ (արեւելեան Ղրիմ), Պաթում, Երեւան եւ Էջմիածին. ապրուստը կը վաստակի իբրեւ փռապան եւ սրճարանատէր։

    Հաւանական է, որ ունեցած է սրճարան մը, ուր աշուղական երաժշտութիւն կը հնչէր, ներառեալ իր իսկ կատարումով։ Կրնանք նաեւ պատկերացնել որ հանդիպած ըլլայ հռչակաւոր աշուղներ Ջիւանիին եւ Շերամին, որոնք այդ օրերուն նոյնպէս գործուն էին Ռուսահայաստանի մէջ։
    1895-ի ջարդերուն Փէսէնտին ուզած է Ամերիկա ապրող իր ընկերները տեղեակ պահել կատարուածներէն։

    «Բնական է, որ բացէն բան չէր կրնար գրել Ամերիկա գտնուող իր բարեկմաներուն։
    Իր մէկ նամակը սակայն, այսպէս կը վերջացնէր.

    «Աղէտը եկաւ անցաւ. Յանցաւորը ո՛վ է՝ չենք գիտեր, քէմանիս ալ ազատուած է. ինձմէ հեռու էք, բայց երգեմ, որ լսէք, կարելի է զիրար ալ չի տեսնենք, սա երգս ձեզի կտակ։

    «Վարդը բացատրելու պէտք չկայ,
    Ծաղիկ մըն է, մենք գիտենք։
    Շունը բացատրելու պէտք չկայ,
    -Գամփռ մըն է, մենք գիտենք»:

    Ըսել կ’ուզէր թէ շունը, որ նման ոճիր մը կատարած էր, ամենամեծ տականքն էր»…

    «Երազ տեսա…»,- գրում էր Չարենցը.

    «Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
    Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
    Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
    Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմա՛սը ձեռին»։

    Սայաթ — Նովա (Նկարիչ՝ Էդուարդ Իսաբեկյան)

    «Թագավորների բուն պատմություններում ու մեհենական գրականության մեջ» հիշատակմամբ մեզ չհասած պատմական դրվագները, Մ. Խորենացու վկայմամբ՝ «…ինչպես Մար Աբաս Կատինան պատմում է, փոքր և աննշան մարդկանց ձեռքով գուսանական (երգերից) ժողովված են արքունի դիվանում»:

    Գուսանները՝ տաղերգուների նման, պատմական նշանավոր դեպքերի, հայտնի դեմքերի, սիրելի վայրերի գովքի, իրադարձությունների նկարագրումից զատ ուսուցողական, բարոյախոսական, խրատական գործեր՝ «խաղեր» ունեին:
    «Գի՛ր սիրե, ղալա՛մ սիրե, դավթա՛ր սիրե»,- երգում էր Սայաթ-Նովան …

    «Հայրս ուներ մի աշուղ բարեկամ, մեր դրացի գյուղից, աշուղ Գալուստ անունով: Լավ սազ էր նվագում, անուշ, թավ ձայն ուներ` սրտից խոսող, շա՜տ հեքիաթներ գիտեր: Պարսկական, թրքական, հայկական անթիվ հեքիաթներ: Իր սիրո վեպն ուներ՝ արևելքի հեքիաթների տարրերով և գույներով հյուսած:
    Ամեն շաբաթ, կեսօրից հետո, սազը պատյանի մեջ՝ վզից կախ, գալիս էր նա մեր տունը, մնում էր ամբողջ կիրակի օրը մինչև երկուշաբթի: Եվ երկուշաբթի առավոտ մեկնում էր՝ սազը վզից կախ, առատ վարձատրված:
    Ինչքա՜ն, ինչքա՜ն էի սիրում աշուղ-ամուն: Երբ գալիս էր, տոն էր սկսվում ինձ համար: Հափշտակված, աչքերս նրա մթին աչքերին հառած՝ ժամերով կախված էի մնում նրա շրթներից:
    Նրա սազն ու հեքիաթը այլափոխում էին իմ աչքում իրական շրջապատը:
    Հանկարծ մեր գավառի լեռները, ձորերը, դաշտերը վերածվում էին ուրիշ տեսակ մի աշխարհի՝ աննկարագրելի գեղեցիկ, առասպելական: Հրաշքի աշխարհ, որի լեռների բաշերով թռչում են հրեղեն ձիերը, կտրիճները գնում են անմահական խնձոր բերելու, չքնաղագեղ աղջիկները մարմարյա ապարանքների մեջ կարոտով սպասում են անվեհեր կտրիճներին, որոնց մեջ տեսնում էի և ինձ»…
    1933 թվականին «Հայրենի հուշեր»-ում գրել է Ավետիք Իսահակյանը (Ավ. Իսահակյան, Երկերի ժողովածու, հ. 4, էջ 119):

    Սայաթ — Նովա (Նկարիչ՝ Մարտիրոս Սարյան, 1923 թ. անհատական հավաքածու)
  • «ՊԱՀՈՒՍՏԸ՝ ԿՆՔՎԱԾ ԾՐԱՐՈՒՄ»

    «ՊԱՀՈՒՍՏԸ՝ ԿՆՔՎԱԾ ԾՐԱՐՈՒՄ»

    «ՊԱՀՈՒՍՏԸ՝ ԿՆՔՎԱԾ ԾՐԱՐՈՒՄ»

    «Աշուղ լինելը դժուար է, կատակ չիմանա՛ս դու»:
    Ասում է վարպետ աշուղը նորեկին, սկսնակին»,- հիշեցնում է Գարեգին Լևոնյանն իր՝ «Հայ աշուղներ» ուսումնասիրության մեջ՝ ներկայացնելով աշուղական արվեստն իր ողջ հմայքով ու խորությամբ…

    Շարունակելով մեր անդրադարձն աշուղական արվեստին՝ ծանոթանանք աշուղների մրցման հաջորդ դրվագին՝ մեջբերելով Գ. Լևոնյանի «Հայ աշուղներ» ուսումնասիրությունից…

    «Աշուղական մրցման բանաւոր կողմը ու յանկարծախօսական վէճերն աւելի աչքի են ընկնում մուհամմի ժամանակ: Մուհամմէն, ինչպէս ցոյց տուինք վերևում, մի խրթին հանելուկ պարունակող երգ է, որ վարպետ աշուղը հրապարակ է հանում լուծելու. այդ հետաքրքրութեան արժանի գործը ունի իւր առանձին նկարագրութիւնը: Ահա.-

    Մուհամմէն՝ որ մեծ մասամբ լինում է 3-4 տունից կազմուած մի հանելուկ՝ Ղօշմայ կամ Գազիշ, խոշոր տառերով գրւում է մի մեծ թղթի վրա ու ասեղներով ամրացուելով մի շալի՝ կախւում է սրճարանում՝ աշուղների ամբիոնի վերևը, առաստաղի մօտ:
    Հանելուկի հեղինակը, որ վարպետ աշուղներից մէկն է լինում, նստում է մէջտեղը՝ Մուհամմի տակ, իսկ աջ ու ձախ տեղաւորւում են քաղաքի և շրջակայ տեղերից այդ առթիւ հաւաքուած աշուղները՝ ըստ աւագութեան, թուով 15-20 հոգի:

    Հաւաքւում են քաղաքի պատուաւոր անձինք, երգ ու աշուղ սիրող ահագին բազմութիւն, որքան որ տեղաւորում է սրճարանը, որ բաւական ընդարձակ տեղ է լինում:

    Հանդէսը բացւում է այսպէս.
    Հանելուկի հեղինակը իւր «պահուստ»-ի բացատրութիւնը մի ծրարի մէջ կնքած հասարակութեան ներկայութեամբ յանձնում է սրճարանատիրոջը՝ փականքով պահելու, որ յետոյ ստուգեն, կեղծութիւն, խարդախութիւն չը պատահի:
    Աշուղական այդ ամբողջ օրքեստրը նուագում է իւր «հիմնը»՝ ջեզէյիրը, որից յետոյ հանելուկի հեղինակը բարձր ձայնով կարդում է իւր մուհամմէն, որ ով որ չի լսել կամ հեռուից կարդալ չի կարող՝ լսէ ու իմանայ:

    Վերջին անգամ մեր տեսած մուհամմէն 90 -ականի սկզբներում կախել էր Ալէքսանդրապօլում աշըղ Ջամալին. աւելի մօտ գաղափար տալու համար, թէ ինչպիսի բաներ են լինում այդ հանելուկները, թոյլ ենք տալիս մեզ առաջ բերելու Ջամալու Մուհամմէն —

    Ինչպէս տեսնում ենք՝ այնքան էլ հեշտ չէ այսպիսի մի հանելուկի լուծումը, որքան էլ որ տրուած է տառերի և վանկերի թիւը և բոլոր տառերի գումարը:
    Սկսւում է հարց ու պատասխանով անպատրաստից երգեցողութիւնը, մօտաւորապէս այսպէս.

    Հեղինակի այս խօսքերին պատասխանում է նրա մօտիկ նստած աւագ աշուղներից մէկը, դիցուք՝ Ջիւանին —

    Այսպէս, հերթով բոլոր աշուղները մի-մի տուն ասում են ու հաւատացնում հեղինակին, որ կը գտնեն: Յետոյ հեղինակը (լաւ է այստեղ խօսենք մասնաւորապէս). յետոյ Ջամալին նոր երգով մի քիչ իբր լուսաբանում է իւր Մուհամմէն՝ դառնալով աշուղներից մէկին —

    Ում որ իւր խոսքերով դարձաւ հանելուկի հեղինակը, այն աշուղը պէտք է անշուշտ պատասխանը երգէ. այսպիսով բոլորը մի մի տուն երգում են:
    Այս դեռ գործի սկիզբն է. հեշտ ձևն ու եղանակը:
    Մասնակցում են և երիտասարդ աշուղներ, բայց երբ որոշւում է երգի ձևն ու յանգը դժուարացնել՝ քսան հոգուց մնում են ութը-տասը. կամաց-կամաց աշուղները հեռանում են ասպարիզից, որ չը խայտառակուին ու սազը ձեռքից չը տան: Մի փոքր հանգստութիւնից յետոյ ճիշտ որ վարպետ աշուղները երգի ձևը փոխում են ու ընտրում դժուար յանգեր, օրինակ՝ «ագահ» բառով, ուրեմն՝ բոլորը պէտք է իրանց երգերը վերջացնեն նման բառերով, որ դժուար է գտնւում՝ սկահ, վստահ, անահ… կամ ընտրւում են այնպիսի բառեր, որ «ա» սկիզբ և «ակ» վերջաւորութիւն ունենան, ուրեմն՝ ամենը իւր խօսքը վերջացնելու է »աւազակ», «աղեղնակ», «ապտակ» և այլ նման բառերով: Իհարկէ, մէկի ասած բառը միւսն այլևս իրաւունք չունի կրկնելու, պէտք է նոր բառ գտնի ու իւր երգը վերջացնէ նրանով:

    Պատահում է, որ աշուղներից մէկը մտքում մի բառ պատրաստ ունենալով՝ դիցուք՝ «արուսեակ», պատրաստւում է այդ վերջաւորութեամբ մի քառ տողեակ բան շինել՝ որ իւր հերթը հասնելիս երգէ, յանկարծ, անսպասելի կերպով, մի այլ աշուղ ասում է «արուսեակը» ու իսպառ փչացնում իւր ընկերի գործը: Խեղճը զայրացած և վախեցած նորից է տքնում, ապա թէ ոչ՝ իւր արուեստակիցների և հասարակութեան առաջ «ամօթով» կը մնայ: Վա՜յ նրան, ով իւր հերթը գալիս պատրաստուած չեղաւ, սխալ բան ասեց. հասարակութիւնը, որ լավ հետեւում է ամեն րոպէ, իսկոյն ընդհատում է նուագածութիւնն և գոռում՝ «Չեղա՜ւ, չեղա՜ւ, ուստայ Ֆիզահի կամ՝ ուստայ այսինչ»…
    Երգեցողութիւնն ու նուագածութիւնն շարունակւում է ժամերով, անձանձրոյթ, տիրում է ահագին ոգևորութիւն, բերկրանք, ուրախութիւն, քըռքըռում… Սրճարանը հասարակական տեղ է, մուտքը՝ ազատ, ամեն մարդ մտնում է, դուրս գալիս: Երբ ուշ երեկոյին երգ ու նուագը վերջացնելը մօտենում է և աշուղները հոգնած ուզում են «շաբաշ անել»՝ վերջացնել, այն ժամանակ մի քանի տուն երգով նրանք «գովում» են ներկայ եղող պատուաւոր քաղաքացիներին, որ կը նշանակէ՝ «Այսօր վերջացնում ենք»…
    Օրինակներ —

    Գովասանքի արժանացող մարդիկ, այնպէս էլ շատ ուրիշները, դրամական նուէրներ են ուղարկում աշուղներին, որ հաւաքուելով ‘ի ցոյց է տրւում հանելուկի չորս կողմը, թղթադրամները ասեղներով շալի վերայ կպցնելով, իսկ արծաթները երկու կողմից կախուած խնձորների վերայ խրելով:
    Նոյն տեսակ երգ ու նուագածութիւնը, գովասանքը շարունակւում է 15 — 20 օր, մինչև որ կը գտնուի, կը լուծուի մուհամմէն:
    Հեղինակն օրէցօր աշխատում է աւելի լուսաբանել, շատ անգամ էլ դիտմամբ մոլորեցնում է: Քանի հանելուկի մեկնումը ուշանում է, այնքան աւելի շատանում էնուեր ստացուած փողը, շալը ծածկւում է թղթադրամներով ու խնձորները ծանրանում են ապասի-ներով:
    Ո՛ր աշուղը որ հանելուկը մեկնեց՝ նա պէտք է վերցնէ այդ գումարը, իսկ եթէ հանդիսականներից մէկը լուծեց՝ նա գումարը կէս է անում հեղինակի հետ:

    Պատահում է, որ որոշեալ ժամանակում ոչ ոք չի կարողանում մեկնել մուհամմէն, այն ժամանակ հեղինակն ինքը հրապարակապէս յայտնում է իւր պահուստը ու գումարի կէսը ինքն է ստանում, իսկ միւս կէսը բաժանում են բոլոր աշուղների միջև:
    Աշուղ Ջամալու յիշեալ մուհամմի ժամանակ, յիշում ենք, թէ ինչպէս Ջիւանին օրերով նայում էր գրքերի ու բառարանների մէջ, տառերի գումարներ էր հաշւում ու աշխատում էր գտնել պահուստը, անհանգիստ էր, բոլորի յոյսը իւր վերայ լինելը գիտէր, ամօթ էր համարում իւր անուանը, որ հանելուկը, որի տակը ինքը նստած է, մնայ անլուծելի:
    Վերջապէս մի կիրակի օր էր, սրճարանում ասեղ գցելու տեղ չկար, աշուղներից մնացել էին միայն հինգ հոգի, որովհետև այդ օրն արդէն բանը հասել էր «էվել ախըրի», զինջիլլամայի, ալըֆլամայի և այլ դժուարաձև երգերի:
    Հետաքրքրութիւնը կատարեալ էր:
    Մի երկու ժամ երգեցողութիւնից յետոյ յանկարծ բարձրացաւ Ջիւանու ձայնը՝ բարձր, հանդիսաւոր.
    «Է՛յ, եա՜ ա՜ ա՜» գոռալով սկսեց րեչեդադիվ հետևեալը ասել.

    Աշըղ Ջամալին ցնցուեց. չը կարողացաւ զսպել իրեն: Երգով պատասխանելու… — պարտաւորութիւնը եթէ չը լինէր, տեղից վէր պէտք է թռչէր, բայց մի — երկու րոպէից յետոյ հասարակութեան իրարանցումը հանգստացրեց՝ հանդիսաւոր երգելով.

    «Ջա՜ն, մաշա՜լլա, ուստա Ջիւանի, բրաւո՛», թնդացնում է հասարակութիւնը և տիրում է մի խառնաշփոթ աղմուկ: Ով չէ լսել՝ նորից է ուզում լսել, թէ ի՛նչ ասեց Ջիւանին, ի՛նչ է բացատրութիւնը, կամ ի՞նչ բան է գրակոնդիկոնը: Պարզվում է, որ դա զուտ հայերէն բառ է (թեև քիչ գործածական), որ նշանակում է «մինէ, էմայլ» (Գրակոնտիկոնը թանկագին քար է, եղեգնաքար: Բառը կիրառել է Խորենացին, ուղղված ձևով «դրակոնտիկոն» է՝ «փոքր վիշապ», Ստ. Մալխասյանցի «Հայերէն բացատրական բառարանից», Կ.Ա.):
    Հասարակութիւնը իսկոյն պահանջում է կնքուած ծրարը. բերում, բաց են անում, տեսնում են՝ պարզ գրուած է՝ «գրակոնդիկոն»:
    Տառերի գումարը հաշւում են՝ ճիշտ որ 11,144. ուրեմն՝ ո՛չ մի կասկած չը կայ՝ հանելուկը լուծուած է»…

    Մի խումբ Հայ հայտնի անձինք, այդ թվում՝ Ռափայել Պատկանյան, աշուղ Ջիվանի (Անի, 1881 թ․)
  • «ԱՐԻ ՄՐՑՈՒ՛ՄՆ ԱՇՈՒՂՆԵՐԻ՝ ԵՐԳԻՍ ԿՌՎՈՎ ՍԱԶԴ ԽԼԵ՛Մ»…

    «ԱՐԻ ՄՐՑՈՒ՛ՄՆ ԱՇՈՒՂՆԵՐԻ՝ ԵՐԳԻՍ ԿՌՎՈՎ ՍԱԶԴ ԽԼԵ՛Մ»…

    «ԱՐԻ ՄՐՑՈՒ՛ՄՆ ԱՇՈՒՂՆԵՐԻ՝ ԵՐԳԻՍ ԿՌՎՈՎ ՍԱԶԴ ԽԼԵ՛Մ»…

    «Ո՛վ Հաղպատի Սայաթ-Նովա, ոչ թե կյանքի խասի համար`
    Վանքից փախա ես էլ, քեզ պես, երգի ոսկե վազի՛ համար,
    Արի մրցու՛մն աշուղների՝ երգիս կռվով սազդ խլե՛մ,
    Որ էլ չասեն, թե չեմ ծնվել անմահական սազի համար»… (Հ. Շիրազ)

    Հայ աշուղական արվեստի մեծանուն գործչի՝ աշուղ Ջիվանու որդին՝ գրականագետ, արվեստաբան, մատենագետ, պրոֆեսոր Գարեգին Լևոնյանն (1872-1947) իր անխոնջ գործունեությամբ նվիրվեց Հայ մշակութային ժառանգության ուսումնասիրության, պահպանման ու սերունդներին փոխանցման կարևորագույն գործին՝ հարստացնելով ազգային ինքնաճանաչողությանը նպաստող շտեմարանը:

    Գարեգին Լևոնյանի դիմանկարը՝ Մ. Սարյանի վրձնով

    Պատմա-քննական հայացքով ներկայացնելով Հայ աշուղներին՝ երգիչներին, գուսանական արվեստը, նա նկարագրում է աշուղների մրցումը, որոնք անցկացվում էին բացօթյա մի վայրում, հրապարակում կամ մի մեծ սրճարանում:

    «Օր առաջ արդէն տարածւում է լուրը, թէ «այսինչ» աշուղը եկել է «այսինչ» աշուղի հետ մրցելու, փորձուելու: Եկուորը լինում է կամ մի անուանի աշուղ, կամ նոր երևացող ոյժ, տեղացի յայտնի աշուղին ցոյց տալու իւր «հունարը», «մարիֆաթը», շնորհքը: Հաւաքւում է բազմաթիւ հասարակութիւն՝ ունկնդիր և վկայ, իսկ տեղական և մօտակայ աշուղներն էլ հետաքրքրութիւնից բացի՝ ներկայ լինելով հանդիսանում են որպէս ընթերակայ և դատաւոր:
    Մրցող աշուղները նստում են դէմ առ դէմ, սազերը ձեռքերին և սկսում գործը:

    Ինչպէս մենամարտութեան ժամանակ սովորութիւն է՝ ատրճանակը առաջինը նա՛ է արձակում, ով ինքը չի եղել առաջարկողը, այնպէս էլ այստեղ՝ առաջին հարցերը ա՛յն աշուղն է ասում, ով պատճառ չի եղել այդ մրցման: Նորեկը, փորձուել ուզողը, ուշադրութեամբ լսում է վարպետ աշուղի երգը:
    Թէ ի՜նչպիսի լարված դրութեամբ ու սրտի բաբախումով սպասում են ներկայ եղողները, դրան պէտք է միայն ականատես լինել:

    Խօսք չը կայ, որ աւելի ևս լարուած ու շփոթուած դրութեան մէջ են լինում գործի հերոսները. տիրում է այնպիսի ոգևորութիւն, որ մարդ մի րոպէ կարծում է, թէ Օլիմպիական խաղերի դարերումն է ապրում:
    Այնպիսի պատկառանքով ու լրջութեամբ են վերաբերւում աշուղները, թէ ունկնդիր հասարակութիւնը այդ գործին, որ ճիշտ կարծես գիտութեանց կաճառում ու ճեմարանում ակադեմիկ ու պրոֆեսոր վեճ ունին մի նշանաւոր խնդրի կամ դիսերտացիայի մասին:

    Յանկարծ տիրող լռութեան, ժողովրդի «քըսըր-փըսըր»-ի միջից լսւում է վարպետ աշուղի հեղինակաւր ձայնը. նա երգով հեգնում է նորեկին, ծաղրում է նրա յանդգնութեան վերայ, որ համարձակուել է դուրս գալ իւր նման յայտնի աշուղի առաջ: Մի խօսքով, շատ բարձրից խօսելով ուզում է հենց սկզբից նրա աչքը վախեցնել:
    Սրա ամեն մի տուն յարձակողական երգին նա պատասխանում է անպատճառ նոյն ղաֆիայով, — ձևով (չափ, վանկ, յանգ):
    Այս սկզբնական հակաճառութիւնը, որ համեմատաբար թեթև բան է լինում, կազմում է դեռեւս մրցման նախերգանքը. ինչպէս որ ըմբիշները կպչելուց առաջ դեռ մի քանի անգամ միմեանց մօտենում են ու թափ տալիս՝ փորձելու հակառակորդի ոյժը:
    Յետոյ եկւոր աշուղը solo ածում է մի դժուարին եղանակ՝ երևի ցոյց տալու երաժշտութեան մէջ իւր ունեցած ընդունակութեան չափը:

    Նուագածութիւնից յետոյ սկսւում է իսկական մրցումը:
    Վարպետ աշուղը ծանր եղանակով երգում է մի ղափուլլամա՝ զանազան հարցեր պարունակող մի երգ՝ հրաւիրելով մեկնել իւր հարցերը:
    Հակառակորդը իւր բոլոր ոյժը, ընդունակութիւնը, շնորհքը գործ է դնելու, որ նրա երգելու միջոցին մտքի մէջ մեկնէ բոլոր հարցերը ու ոտանաւորի վերածէ նոյն չափով ու յանգով:

    «Աշուղների մրցումը» (գրքի նկարազարդում, 1965 թ., Հայաստանի Ազգային Պատկերասրահի հավաքածու), նկարիչ՝ Միհրան Սոսոյան

    Այստե՛ղ է ահա աշուղական արուեստի ամենադժուարին կողմը, այստե՛ղ է աշուղի յանկարծախօսութեան (improvisation) ընդունակութեան չափը հայտնի լինում. այստե՛ղ է եկւոր աշուղի քննութիւնը:
    Նա, եթէ կարողանում է տրուած հարցերին պատասխան գտնել ու երգ հիւսելով նոյն եղանակով ասել, արժանի է լինում «վարպետ աշուղ» կոչուելու: Իսկ եթէ չի կարողանում մրցութեան դիմանալ՝ սազը ձեռից առնում են ու ճանապարհ ձգում. այսինքն՝ «Գնա՛, դու արժանի չես աշուղ կոչվելու»:

    Պատահում է երբեմն՝ գործը բոլորովին այլ կերպարանք է ընդունում: Եկւոր աշուղը լինում է նոյնպէս յայտնի կամ մի նոր տաղանդաւոր երիտասարդ ու երբ պատասխանում է վարպետ աշուղին ու ինքն էլ ստանում վարպետի կոչումը, դրանով չբաւականանալով, ուզում է և «կապել», այսինքն՝ յաղթել նրան:
    Նա ինքն էլ իւր կողմից մի հարցական երգ է ասում աւելի դժուար կազմով ու յանգով ու խնդրում է պատասխանել:
    Հին վարպետը դժուարանում է պատասխանել ու մնում է շուարած: Իրարանցում է ընկնում ժողովրդի մէջ, որ մի «ղարիբ տղայ» իրենց յարգուած վարպետին «կապեց»:
    Վերջինս, աշուղական աւանդական սովորութիւնը դրժել չուզելով, իւր ձեռքով սազը յանձնում է նրան ու ձեռքը համբուրում՝ խոստովանելով նրա՝ իրենից բարձր լինելը: Բայց այսպիսի հազուագիւտ դէպքերում յաղթողն առհասարակ վեհանձնաբար յետ է դարձնում սազը հին աշուղին ու ինքն էլ նրա ձեռը համբուրում՝ խնդրելով նրա «հայրական օրհնենքը»:

    …«Ուշադրութեան արժանին ա՛յն է, որ յարգուած ու սիրուած ծերունի աշուղը, եթէ յաղթւում է մի նոր յայտնուող աշուղից, ժողովրդի մէջ իւր պատիվը չի կորցնում, որովհետև նա՛ էլ իւր ժամանակին ուրիշներին է յաղթել, այլ մնում է իւր աստիճանի վրայ. միայն թէ յաղթողը նրանից աւելի հեղինակութիւն ու համարում է ձեռք բերում ու սազը կախում նրա սազից վեր»…

    Աշուղական մրցման բանավոր կողմի մասին՝ հաջորդիվ…

    Աշուղ Ջիվանի

    (գրքի նկարազարդում),

    նկարիչ՝ Հակոբ Կոջոյան (1883-1954)

    (Հայաստանի Ազգային Պատկերասրահի ֆոնդապահոց)

  • «ԱՇՈՒՂՆԵ՛Ր,  ԴՈՒՔ ԲԱՐՈ՛Վ ԵԿԱՔ»…

    «ԱՇՈՒՂՆԵ՛Ր, ԴՈՒՔ ԲԱՐՈ՛Վ ԵԿԱՔ»…

    «ԱՇՈՒՂՆԵ՛Ր, ԴՈՒՔ ԲԱՐՈ՛Վ ԵԿԱՔ»…

    «Աշուղը ժողովրդի ժամանակագիրն է ու արձագանքը»:
    (Գարեգին Լևոնյան)

    …«Ի՞նչ ձայն կարող է լինել այնքան ազդու, քան թե մի երգ, որ հնչեցնում է ժողովրդին նորա ցավերը, նորա սրտի տխուր կամ ուրախ զգացմունքները»: (Րաֆֆի)

    Հնագույն շրջանից եկող ազգային ավանդույթները, արհեստներն ու արվեստները պահպանած քաղաք է Գյումրին (Կումայրին), ուր 1828 -1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո տեղափոխվել էին Կարինից, Բայազետից, Կարսից ու այլ վայրերից բռնագաղթած Հայեր:

    «Մեր Գյումրվա վարպետների ճարտարապետության մեջ կան անթիվ տարրեր, ընդօրինակումներ հին մեր՝ Անիի, վանքերի, ճարտարապետական մնացորդներից, կոթողներից, մոտիվներ, տրամադրություններ, զգացումներ, ձևեր… Գյումրվա որմնադիր վարպետները Անիի աշակերտներն են, անտեսանելի, անանուն, անունները մոռացված վարպետների աշակերտներ, որոնք, դիտելով մանուկ օրերից Անիի շենքերը, ավերակները, աոել են նրանց արվեստը, արվեստի գաղտնիքները…»,- գրել է Ավետիք Իսահակյանը:

    «Ալեքսանդրապոլը (Լենինականը) աշուղների քաղաք էր համարվում:
    Ես իմ պատանեկության ժամանակ հաշվում էի երեսունի չափ աշուղներ և ժողովրդական երգիչներ (երգահաններ), որոնք անուն ունեին հայրենի քաղաքում և հայրենի քաղաքից դուրս:
    Այդ աշուղ–երգիչներից նշանավորներն էին՝ Զիվանին, Ջամալին, Ֆիզային, Մալուլը, Պայծառը, Խայաթը և ուրիշները:

    Աշուղներ Ջամալին և Ջիվանին, լուսանկարել է Պերճ Պռոշյանը՝ 1871 թվականին

    Դրանցից Ջիվանին, Խայաթը, Շերամը և ուրիշներ հանդես են եկել որպես բանաստեղծ, եղանակող, նվագող ու երգող: Եղել են նաև միայն երգողներ, միայն նվագողներ, նաև՝ միայն պարեղանակներ հորինողներ: Այս վերջիններից է կույր աշուղ Համբոն (Համբարձում Ադամյան. 1867–1904, «Զուռնի տրնգի»-ի հորինողը): Նրանք բոլորը իրենց արվեստին նվիրված գործիչներ էին, ուսումնասեր, կարդացած մարդիկ, քաջատեղյակ ոչ միայն աշուղական արվեստի նրբություններին, այլև Հայ և արևելյան հերոսավեպերին ու սիրավեպերին. Հայ և օտար առասպելաբանությանը:
    Իմացել են լեզուներ, այդ լեզուներով երբեմն խաղեր հորինել, չափվել նույնպես օտարների հետ նրանց լեզուներով:
    Աշուղները մասնակցել են մրցությանը, որ տեղի է ունեցել հրապարակով՝ բազմաթիվ երգասերների ու աշուղների ներկայությամբ: Պարտվածի նվագարանը վերցնելու սովորություն չի եղել: Պարտվածը հանպատրաստից մի երգով խոստովանել, գովաբանել է հաղթողի բարձր արվեստը, և այդպիսով վեճ–մրցությունը ավարտվել է խաղաղությամբ, մարդկայնորեն» (Ա. Իսահակյան):

    Աշուղ Ջիվանին՝ կենտրոնում (1897թ.)

    Մ. Աղայանի՝ «Հայ գուսանները և գուսանա-աշուղական արվեստը» ուսումնասիրությունը (Երևան, 1959) հաստատումն է հայտնի ասացվածքի՝
    «Աշուղի լեզուն օրհնած է»:
    Հեղինակն անդրադառնում է հնագույն ավանդույթներից սնվող գուսանական արվեստին…
    «Գուսանների մասին Սպ. Մելիքյանը գրում է.
    «Այդ գուսանները, կամ այսպես կոչված վարձակները, հնում, ինչպես և վաղ միջնադարում, նույն դերն են խաղում, ինչ հին անտիկ Հունաստանում միմոսները (ծաղրածուները), կամ միջնադարյան Ֆրանսիայում ժոնգլյորները: Նրանք և՛ երգում են, և՛ պարում, և՛ նվագում»…

    Աշուղների մասին Մ. Աղայանը գրում է.
    «Աշուղությունը, որ հատկապես տարածված է եղել մեզ մոտ 18-րդ և 19-րդ դարերում, իբրև պրոֆեսիա, մի նոր երևույթ չէ: Աշուղները միջնադարյան ժողովրդական երգիչների հաջորդներն են մի նոր անունով, մի նոր ձևափոխությամբ:
    Աշուղները, իբրև պատմողներ, երգողներ և բանաստեղծ-երաժիշտներ, վաղ միջնադարի վիպասանների և միջնադարյան թափառող գուսանների հետևորդներն են»:

    Տարբեր երկրներում ու զանազան քաղաքներում ապրող-ստեղծագործող գուսաններն ունեին իրենց դպրոցները, ավագ վարպետները, արհեստակցական միությունն ու կանոնադրությունը:

    «Անցյալում լավագույն գուսանները՝ հռչակ ստանալով, հրավիրվում էին մեծամեծների, իշխանների ու թագավորների պալատները և, հիմնավորվելով այնտեղ, դառնում էին թագավորի և նրա մերձավորների սիրելի երգիչները:
    Նրանք տարվա նշանավոր տոներին հրապարակ էին գալիս կենտրոնական վայրերում, այգիներում, շուկաներում, վանքերի և ուխտատեղերի բակերում և մրցության մեջ էին մտնում մյուս գուսանների հետ:
    Այդ պալատական գուսաններն ունեին իրենց օգնականները, նվագողների խումբը՝ սազանդարը, որ նմանապես կազմված էր լավագույն նվագողներից:
    Բացի պալատական կատեգորիայի գուսաններից, կային քաղաքային տիպի գուսաններ, որոնք երգում ու նվագում էին միայնակ կամ, ավելի հաճախ՝ խմբով (3 — 4 հոգով) քաղաքի սրճարաններում և ստանում էին իրենց աշխատավարձը սրճարանների տերերից և այցելուներից:

    Եվ, վերջապես, կային գյուղական գուսաններ, որոնց մեծ մասը կույր լինելով, գյուղե-գյուղ էին ընկնում իրենց ուղեկից ընկերոջ հետ, որը միաժամանակ ձայնակցում էր գուսանին և հավաքում էր ունկնդիրների տված դրամը:
    Այս վերոհիշյալ երկու տիպի՝ թե՛ քաղաքի և թե՛ գյուղի գուսաններին հատուկ էր թափառաշրջիկ կյանքը: Այդ մասին գուսան Ջիվանին հորինել է իր «Անթև թռչնիկ է աշուղը» երգը (գրված՝ 1902 թվականին, Կ.Ա.).

    Անթև թռչնակ է աշուղը —
    Այսօր՝ այստեղ, վաղը՝ այլ տեղ.
    Դարձող ճախրիկ է աշուղը,
    Այսօր՝ այստեղ, վաղը՝ այլ տեղ։

    Մերթ անսվաղ, ծարավ, պապակ.
    Մերթ անհաջող, մերթ հաջողակ,
    Թափառում է նա շարունակ,
    Այսօր՝ այստեղ, վաղը՝ այլ տեղ։

    Մի տեսակ լուսատըտիկ է,
    Լուր տարածող մունետիկ է.
    Հողմից հալածված ամպիկ է,
    Այսօր՝ այստեղ, վաղը՝ այլ տեղ:

    Զուր հույսերով խարխափում է,
    Գյուղեր, քաղաքներ չափում է.
    Կայծակի նման խըփում է,
    Այսօր՝ այստեղ, վաղը՝ այլ տեղ։

    Ջիվան, մի տեղ դադար չունի,
    Մեղվի պես միշտ կըթռչկոտի.
    Այս ընթացքով պիտի մեռնի,
    Գուցե՝ այստեղ, գուցե՝ այլ տեղ»։

    Մեջբերումը՝ Մ. Աղայանի վերոհիշյալ ուսումնասիրությունից:
    Տարբեր բովանդակությամբ՝ սիրային, խրատական, պատմական, հասարակության բացասական երևույթների խարազանման, անարդարության քննադատման ու այլ թեմաներով երգերը՝ «խաղերը» գուսանական արվեստի կանոններով էին ստեղծվում՝ ներդաշնակելով պատմողական ձևն ու երաժշտությունը, հանգերն ու հանպատրաստից հորինվածքը՝ «խաղ կապելը», ունկնդիրներին հիացնելով իրենց սրամիտ «խաղիկներով»՝ հարց ու պատասխանով, «թաքուստի»՝ հանելուկի գուշակմամբ, ինչպես և՝ այլաբանության կիրառմամբ: Վերջինիս հիանալի նմուշներից է Ջիվանու հայտնի «Խելքի՛ աշեցեք» խաղը:
    Որպես իր ազգին «ծառայող մարտիկ»՝ նա անդրադարձել է Հային սեփական ուժերին ապավինելով՝ «զենքով փրկության» գաղափարին՝ «Խրախույս Հայ զինվորներուն» երգում ցավալով, որ Հայը զենք չի գործածում (մի խումբ երգերում էլ հիշատակում է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ծավալված ազգային- ազատագրական պայքարի մասնակից ֆիդայիներին):

    «Ամբողջ վեց հարյուր տարի է թմրած ոչխարի նման,
    Ամեն խուժդուժ մեզ տանելով լցնում է սպանդարան,
    Տեսել եմ Հայ գյուղացիներ հարյուրավոր սայլապան,
    Ոչ մեկի մոտ չէ գտնվել մի սուր, կամ մի հրացան,
    Ուրեմն տա՛նք մեր որդիքը թող գնան լավ հմտանան,
    Սովորեն զենք գործածելը, բարձրանա՛ Հայ ազգը վեր»:

    «…Գուսանական արվեստի բաղկացուցիչ մասն է կազմում գուսանական տեխնիկան, ինչպես, օրինակ՝ ոտանավորներ, որոնց տողերի սկզբնատառերը և վերջնատառերը նույնն են, կամ՝ յուրաքանչյուր ոտանավորի վերջին բառերով սկսվում է հաջորդ տան առաջին տողը և այլն:
    Վերջապես, կան մի շարք ձևեր, երբ ոտանավորն արտասանելիս լեզուն չի շարժվում, կամ, երկրորդ ձևը, երբ շրթունքները չեն շարժվում և, վերջապես, այս երկու ձևերի միացումով հորինված ոտանավորները:
    Հանդիպում ենք նաև տողերի գրաֆիկ ձևերին, երբ ամբողջ բանաստեղծության նկարը ձվի է նմանվում և այլն» (մեջբերումը՝ Մ. Աղայան «Հայ գուսանները և գուսանա-աշուղական արվեստը», Երևան, 1959):

    Ջիվանու ստեղծագործություններից՝ «Ես մի ծառ եմ ծիրանին»՝ որպես Հայ ազգի այլաբանական կերպար…

    Ես մի ծառ եմ ծիրանի,
    Հին արմատ եմ անվանի,
    Պտուղներս քաղցրահամ,
    Բոլոր մարդկանց պիտանի:

    Հին ծառ եմ արևելյան,
    Չունիմ որոշ այգեպան,
    Տունկերս ամեն երկիր
    Ընկած են բաժան-բաժան:

    Ապրում եմ խեղճ, միայնակ,
    Որոշ ծառի շքի տակ,
    Հյութս որդունքն է ծծում
    Իմ տունկերուս փոխանակ:

    Տունկերս ուր էլ որ գնան,
    Թեպետ նույնը կմնան,
    Բայց օտար հողի վրա
    Չեն աճիլ, կչորանան:

    Արևելքում ինձ տնկեց,
    Երբ որ տերը ստեղծեց.
    Ասավ` աճե, բազմացիր,
    Մի այգի էլ ինձ տվեց:

    Ուղարկեց մի այգեպան`
    Հարավից հսկա իշխան,
    Այն հսկայի անունով
    Կոչվեցա ծառ Հայկական:

    Չորս հազար տարվա ծառ եմ,
    Մարմինս պինդ, կայտառ եմ.
    Թեև ուժս պակաս է,
    Բայց անունով պայծառ եմ:

    Ինչպես հաճախ արհեստներում՝ աշուղներն էլ իրենց «երգ կապելու» արվեստի փոխանցումը, նոր վարպետի կարգումը հատուկ ծիսակատարությամբ էին նշանավորում:
    Վարպետների հետ, նրանց կողքին տարիների ընթացքում ամբարած անհրաժեշտ իմացությունն ու հմտություններն «ուստաբաշու» և այլ աշուղների առջև ցուցադրելուց ու հաջող քննություն հանձնելուց հետո, «ուստաբաշին կանչում էր նրան իր մոտ, երեսին մի ուժեղ ապտակ հասցնում՝ առաջին անգամ նրան կոչելով վարպետ» (Գ. Լևոնյան «Աշուղները և նրանց արվեստը»):

    «Ո՛վ Հաղպատի Սայաթ-Նովա, ո՛չ թե կյանքի խասի համար`
    Վանքից փախա ես էլ, քեզ պես, երգի ոսկե վազի՛ համար,
    Արի մրցու՛մն աշուղների՝ երգիս կռվով սազդ խլե՛մ,
    Որ էլ չասեն, թե չեմ ծնվել անմահական սազի համար»…(Հ. Շիրազ)

    Սայաթ — Նովային ուղղված՝ Հ. Շիրազի մարտահրավերով ավարտենք այս գրառումը՝ նույն տողերով (աշուղական հնարքներով) հաջորդ հրապարակումն սկսելու համար…

    Տեսարաններ Կարծախում՝ Ջիվանու Տուն-թանգարանից
  • «ԵՂԲԱ՛ՐՔ ՀԱՅԵՐ,  ԱՌԵ՛Ք ԽՈՓԸ,  ՏՎԵ՛Ք ԴԱՐԲՆԻՆ՝ ԿՌԵԼՈՒ»…

    «ԵՂԲԱ՛ՐՔ ՀԱՅԵՐ, ԱՌԵ՛Ք ԽՈՓԸ, ՏՎԵ՛Ք ԴԱՐԲՆԻՆ՝ ԿՌԵԼՈՒ»…

    «ԵՂԲԱ՛ՐՔ ՀԱՅԵՐ, ԱՌԵ՛Ք ԽՈՓԸ, ՏՎԵ՛Ք ԴԱՐԲՆԻՆ՝ ԿՌԵԼՈՒ»…

    Մետաղահանքերով հարուստ Հայկական Լեռնաշխարհը մետաղագործության օրրաններից էր ու զարգացած կենտրոններից՝ վաղնջական ժամանակներից ի վեր…
    Հետևաբար, այստեղ արհեստների բազմաթիվ ճյուղեր ևս, ինչպես, օրինակ՝ դարբնությունը, զինագործությունը, պայտարարությունը, ոսկերչությունը… բավականին բարձր մակարդակի էին հասել հնագույն շրջանում:
    Ասվածի վառ ապացույցներից են դամբարանային պեղումներից հայտնաբերված՝ բրոնզի ու վաղ երկաթի դարաշրջաններին վերագրվող զանազան գտածոները, այդ թվում՝ մարտական, տնտեսական, ծիսական կիրառության տարբեր տեսակի զենքերն ու գործիքները…

    Բրոնզե նիզակ՝ հայտնաբերված Արթիկից (ն.թ.ա 13-12-րդ դդ.)
    Պահպանվում է Հայաստանի Պատմության թանգարանում

    Հուրի՝ կրակի հետ առնչվող մետաղամշակությունը, մյուս գիտությունների նման, «մոգական» էր՝ Մոգերի՝ ժամանակի «գիտնականների» տիրույթից:
    Ուստի՝ ծիսական մեծ խորհուրդ ուներ նաև. Դարբնության հովանավոր ու պաշտպան Դիցը Հայոց մեջ Բարեփառ Միհրն էր (թեմային փոքր-ինչ ավելի մանրամասն անդրադարձել ենք առանձին գրառումներում):

    Դարբնությունը՝ նրա մի ճյուղը դարձած զինագործությունը՝ երկաթի մշակմամբ զենք ու զրահ, պաշտպանական հանդերձանք, սպառազինություն կռել-կոփելու արհեստը, հարուստ պատմություն ունի Հայկական Լեռնաշխարհում (հնուց եկող ավանդույթները շարունակելով՝ միջնադարյան զինագործության խոշոր կենտրոններից էին Դվինն ու Անին):

    Արհեստը՝ այդ «ոսկի բիլազուկը»՝ ապրուստի ու բարեկեցության միջոց էր:

    Համքարություններն իրենց ներքին հստակ կանոններն ու սովորույթներն ունեին որոնք, դարեդար փոխանցվելով՝ յուրօրինակ «օրենքի ուժ» էին ստացել…
    Արհեստավորների ավանդույթների համաձայն՝ ժառանգն էր հոր արհեստի շարունակողը…

    Վարպետներն իրենց գիտելիքն ու հմտությունները՝ արհեստի «գաղտնիքները» փոխանցում էին նախ՝ իրենց որդիներին, թոռներին, ազգականներին, այնուհետև միայն՝ այլ աշակերտների:
    Նոր անդամի մուտքը համքարություն հատուկ «ծեսով» էր կատարվում՝ «սեփական որդու նման» վերաբերվելու երդմամբ՝ բանավոր պայմանավորվածությամբ»:

    …«Համքարությունների համար կարևոր էր նաև նրանց մեջ մտնողների ազգությունը, դավանանքը, ինչպես և համքարության անդամների հավատը իրենց սուրբ հովանավորի նկատմամբ (քրիստոնեության տարածումից հետո՝ նոր կրոնին հարմարեցված, Կ.Ա.):
    Նույնիսկ ուշ շրջանում, Ալեքսանդրապոլում արհեստավորները պահպանել են հովանավոր սուրբ Նախահայրերի («փիր») հավատքը:
    Նրանց համքարական դրոշների վրա պատկերված էին սրբերի, սրբություն համարվող աշխատանքային գործիքների պատկերներ: Բացի զանազան տոներին մասնակցելուց, այդ դրոշներով ալեքսանդրապոլցիները դիմավորում էին նաև անվանի մարդկանց:
    Սուրբ Նախահայրերն այստեղ էլ եղել են գրեթե նույնը, ինչ որ ընդհանրապես Հայաստանի մյուս վայրերի արհեստավորներինը:
    Այսպես, քարտաշ որմնադրիներինը՝ Աբելը (Հոբել-թոփելը), հյուսններինը՝ Հայր Հովսեփը, դարբիններինը՝ Դավիթ Մարգարեն և այլն, որոնց վերաբերյալ կան զանազան ավանդույթներ» (Կ. Սեղբոսյան, «Հայ ազգագրություն և բանահյուսություն», հ. 6, էջ 190):

    19-րդ դարի դարբնոց
    (Լուսանկարը՝ Աղասի Թադևոսյանի՝ «Գյումրի քաղաքի դարբնոցային մշակութային ժառանգությունը» ուսումնասիրությունից, Երևան, 2021)

    Համքարություններում փոխօգնության, դժվար իրավիճակներում հայտնվածներին աշխատանքով, դրամով կամ այլ միջոցներով «ձեռք մեկնելու» ավանդույթի բազմաթիվ վկայություններ կան ազգագրական նյութերում:

    «Համքարությունների աշխատանքային կենցաղում փոխօգնության ձևերից մեկն է եղել համքարության ներսում միմյանց «ձեռք բռնելը»:

    Վարպետ Ա. Չպլախյանը պատմում է, թե ինչպես սովի տարիներին, երբ բոլորովին հանգել էր իր հոր՝ Չպլախյան Վարդանի դարբնոցի ծուխը, հումքի և վառելիքի ոչ մի հույս չի եղել, հանկարծ մոլորված ընտանիքի տան դռան առջև կանգնում է երկու ֆուրգոն՝ բեռնված երկաթով ու փայտածխով:
    Նրանք «ծխեցնում են» գործը, փրկվում սովամահությունից, երկար ժամանակ չիմանալով բարեգործ վարպետի անունը» (Կ. Սեղբոսյան, «Հայ ազգագրություն և բանահյուսություն», հ. 6, էջ 191):

    Աշակերտի «դաստիարակության»՝ փորձնական շրջանում, ուշադրություն էր դարձվում հատկապես նրա ուշիմությանն ու տոկունությանը:
    Զանազան «կատակ — հանձնարարություններով ուղեկցվող փորձություններից» ուշագրավ դրվագներ են հիշվում ազգագրագետ Կ. Վ. Սեղբոսյանի՝ «Արհեստավորական ավանդույթները և դրանց արտահայտությունները Լենինականցիների կենցաղում» ուսումնասիրության մեջ («Հայ ազգագրություն և բանահյուսություն», հ. 6, էջ 195):
    Ահավասիկ մի հատված, ուր նկարագրվում է, թե ինչպես է «ընթանում» հմտության, դիտողականության, արհեստավորին անհրաժեշտ այլ հատկությունների ուսուցման սկիզբը:

    «Պատմում են, որ դարբին վարպետներից մեկը աշակերտից ջուր է ուզում:
    Սա ջրամանը վարպետին հանձնելիս բաժակը բռնած է լինում բռնակից (հարմարության համար՝ աշակերտը պետք է վարպետին ջրի գավաթը տա՝ վարպետի համար ազատ թողնելով բռնակը, Կ.Ա.)…
    Վարպետը վերցնում է բաժակը և դրան ամրացնում է երկրորդ բռնակը:
    Հաջորդ անգամ ջուր ուզելիս աշկերտը բաժակը տալիս է երկու բռնակից բռնած:
    Վարպետը կպցնում է նաև երրորդ բռնակը, և երբ այս անգամ էլ աշկերտը գլխի չի ընկնում, թե բանն ինչ է, նրան խիստ ծաղրում են, որը դառը դաս է լինում աշկերտի համար:

    Մեկ ուրիշ աշկերտի (որը երկարահասակ է եղել) ուշիմությունը փորձելու համար վարպետը լրջորեն խնդրում է կանգնել քուրայի վրա ու կքել կրակին:
    Սա կքում է կրակին և կատակը գլխի է ընկնում միայն այն ժամանակ, երբ փուքսով ուժեղացնում են կրակը:
    Նա դուրս է թռչում կրպակից և այլևս չի համարձակվում երևալ այնտեղ՝ վախենալով ծաղրանքից, թե՝ «Էդ բոյիդ խելք էլ հավաքե, նոր արի ըստեղ»…
    Ուշագրավ է, որ ուշիմության նմանօրինակ ստուգումների սովորություն է եղել նաև սկեսուրների կողմից՝ նորահարսերի նկատմամբ»…

    Կային և այլ ավանդույթներ…
    … «Սովորույթ է եղել վարպետի կողմից ենթավարպետին կրպակ և գործիքներ տրամադրելը:
    Մտել են նոր կրպակը (խանութ), կերուխում արել, մոմ վառել օջախին և բարի վայելում ու գործերի հաջողություն մաղթել նորընծա ենթավարպետին:
    Օգնություն ստացած այսպիսի ինքնուրույն ենթավարպետին Ալեքսանդրապոլում անվանում էին «Չրաղ» («Ճրագ»), այսինքն՝ որևէ վարպետի վառած Ճրագ, Լույս՝ որպես իր արհեստի շարունակող: Մեծ պատիվ էր այդպիսի շատ Ճրագներ ունենալը: Գովասանքով են խոսել նման վարպետի մասին»…

    Հայ դարբինների ընտանեկան դրոշմներից
    Լուսանկարը՝ Ա. Թադևոսյանի վերոնշյալ ուսումնասիրությունից

    Համքարության հանդիսավոր ժողովում (կապույտ երկնքի գմբեթի տակ, կանաչ խոտի՝ գորգի վրա) ուսուցիչ-վարպետի ներկայությամբ նոր վարպետի ձեռնադրման հինավուրց արարողությունը Կարինից ու այլ շրջաններից գաղթածները պահպանել են հետագայում նույնպես: (Կ. Վ. Սեղբոսյան «Արհեստավորական ավանդույթները և դրանց արտահայտությունները Լենինականցիների կենցաղում», Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 6):

    Զնդանը կոճղի վրա, Մնոյանների դարբնոց (Լուսանկարը՝ Ա. Թադևոսյանի նշված աշխատությունից)

    …«Բա՛վ է, գութա՛ն, մեր տանջանքը, համբերությունն վե՛րջ ունի,
    Դուն տեսա՞ր, որ մեր դուշմանը ամոթ, խելք ու գութ չունի՛։
    Արի՛ փըշրեմ ես քու խոփը, տա՛նք դարբինին՝ կռելու,
    Կըռե՛նք-կոփե՛նք սուր ու սուսեր՝ դուշմանի դեմ կռվելու՛։

    Եղբա՛րք Հայեր, առե՛ք խոփը, տվե՛ք դարբինին՝ կըռելու.
    Կըռե՛լ-կոփե՛լ սուր ու սուսեր՝ Հայաստանը փըրկելու՛»։

    Հատված՝ Ռ. Պատկանյանի (1830-1892)՝ «Վանեցի գեղջուկի տաղը» բանաստեղծությունից…

  • «Օ՜, ԲՆՈՒԹՅՈՒ՛Ն,  Օ՜, ՄԱ՛ՅՐ»…

    «Օ՜, ԲՆՈՒԹՅՈՒ՛Ն, Օ՜, ՄԱ՛ՅՐ»…

    «Օ՜, ԲՆՈՒԹՅՈՒ՛Ն, Օ՜, ՄԱ՛ՅՐ»…

    «Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր,
    Մշտահոլով, մշտագո և մշտատև,
    Դո՜ւ, որ փոխվում ես հար,
    Բայց մնու՛մ ես և կա՛ս բազմաձև»…

    Բնությանը ձոնված՝ Չարենցյան տաղի մի քանի տողերում ամփոփված մի ողջ աշխարհայացք ու խորհուրդ կա…

    Բնությունը՝ այդ «ամենամեծ Հանճարը»՝ Իսահակյանի բնորոշմամբ, Արարման, աշխարհաստեղծման արտահայտությունն է, որն, ինչպես նրա «հանճարեղ մյուս գործերն» ու նրա մի մասնիկը՝ Իսահակյանի խոսքերով՝ «Բնության իմաստը» հանդիսացող Մարդը, իր մեջ է կրում այդ հրաշալի Ամբողջությունը, նաև՝ Կյանքի հավերժական պտույտն ու Վերածնունդը…

    Մայր Բնությունը, Մայր Հողը, Մայր Գետը, Մայր Հայրենիքը վաղնջական ժամանակներից ի վեր անձնավորել, փառաբանել են Հայերն իրենց երգերում, պատմություններում…
    Բնությունն ու Մարդն անքակտելիորեն կապված են՝ նույն Ամբողջությունն են, Մարտիրոս Սարյանի խոսքերով՝
    «Բնութեան ամենահրաշալի ստեղծագործությունը Մարդն է։ Մարդն ինքը՝ Բնությունն է։
    Միայն Մարդու միջոցով է Բնությունը ճանաչում իրեն։ Դա Մարդու մեծագույն երջանկությունն է։ Հսկայական, անվերջ Բնություն և փոքրիկ մի արարած, որն իր մէջ կրում է այդ անսահման Մեծությունը:
    Բնությունը ստեղծում է Մարդուն, որպեսզի Մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։
    Մարդը Բնություն է, Բնությունը՝ մարդ։ Մահ գոյություն չունի»։

    Նույն ոգով՝ Կոմիտասը 1911 թվականին «Մանկիկ Վահագնին»՝ բոլոր Հայ մանուկներին խրատում ու պատվիրում էր.

    «Սիրու՛ն մանկիկ, կայտա՛ռ մանկիկ, օր մը դու՛ն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս:
    Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:
    Միտքդ մարզէ՛ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ մտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սրտէն՝ բարի՜, բարի՜ զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու սրտի տապաններն են:
    Հետեւէ Բնութեա՛ն դպրոցին. միտքդ բա՛ց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բա՛ց եւ թող արձագանքէ՛ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն ալ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ Երկինքը՝ հոն պաշարելու ազնի՜ւ, ազնի՜ւ զգացումներ:

    Կարդա՛ Բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…
    Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեա՛նք կայ, որ չէ՛ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել — պարփակել: Նա նման է Արշալոյսին, միշտ՝ թարմ, միշտ՝ նոր, միշտ՝ կենդանի, միշտ՝ կենսատու, միշտ՝ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման՝ միշտ մանուկ ու պարզուկ:
    Սիրու՛ն մանկիկ, պայծա՛ռ մանկիկ, սիրէ՛ Բնութիւնը»…

    Վաղնջական ժամանակներից ի վեր գրեթե բոլոր ժողովուրդների մոտ Բնությունը՝ Մայր Բնությունը Կենսատու ուժի, Արգասաբերության, «Սնուցող մոր», «Հովանավորի» խորհուրդն ունի: Այդ խորհուրդը «մարմնավորող»՝ «Հայոց Աշխարհի փառք»՝ «Կեցուցիչ ու Սնուցիչ Մայր»՝ Ոսկեհատ Անահիտ Դիցամորն ընծայվող՝ Հայրենիքի բեղուն անդաստանների, ցորեանի ոսկեծուփ արտերի հասկերից հյուսված նախընծան է երգել Դ. Վարուժանը. «Քեզ կը բերեմ, Մա՛յր, հունձքերուս նախընծան»…
    Հայրենի հերկերի, Հայ մշակի աշխատանքի, հունձքի գովքն է նա փառաբանել իր «Հացին երգ»-ում՝ Հողի պարգևը՝ Հացը ներկայացնելով որպես խաղաղ արշալույսների, արդար վաստակի խորհրդանիշ, երգելով օրվա ու գալիքի սերմնացանի նվիրական աշխատանքը…

    Հողի պարգևած բարիքը՝ հատիկը՝ հացահատիկն ու նրանից պատրաստվող Հացն հանապազօրյա, Բնության ընծան՝ Մարդկությանը, Հայոց մեջ օրհնվում ու փառաբանվում է զանազան ծեսերով՝ ցանքից մինչև բերքահավաք կամ առօրյա կիրառման ժամանակ…

    Հայկյան Սրբազան տոմարով (ինչպես հաղորդում է Քուրմ Հարութ Առաքելյանը)՝ Սահմի ամսվա Անահիտ օրը (սեպտեմբերի 5-ին)՝ Հացօրհնեքի տոնն է՝ Անահիտ Դիցամոր հովանավորությամբ:

    Հացօրհնեքի բարեմաղթանքներով ու Բնությանը ձոնված՝ Չարենցյան խորախորհուրդ տաղով…

    ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԲՆՈԻԹՅԱՆԸ

    Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր,

    Մշտահոլով, մշտագո և մշտատև,
    Դո՛ւ, որ փոխվում ես հար,
    Բայց մնու՛մ ես և կա՛ս բազմաձև,

    Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

    Ահա՛ աստղերը քո և երկինքներդ ահա՛,
    Ահա՛ ընթացքը քո մշտահոլով,
    Եվ արեգակդ ահա՛, և հորիզոնդ ահա՛,
    Ե՛վ օվկիաններդ լուրթ, և՛ լեռներդ լազուր, և՛ գետերդ բոլոր:

    Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

    Եվ ուժերդ ահա՛ կենսապարար՝
    Ինքնաբուխ, մշտնջենական և հարափոփոխ,
    Եվ ոգին իմ ահա՛, որ տիրաբար
    Դեպի քե՜զ է ձգտում՝ ողողված լույսերիդ տարափով:

    Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

    Խուժի՛ր, տեղա՛ իմ մեջ, սուզվի՛ր իմ մեջ բոլոր
    Քո աստղերով, ծովերով և երկինքներով,
    Քո ընթացքով անկանգ ու մշտահոլով,
    Քո ուժերով՝ թե կյա՛նք, թե խնդությու՛ն բերող:

    Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

    Բայց չե՛ս սիրում դու մեզ, չե՛ս մերձենում դու, երբ
    Մենք հայեցող ոգո՜վ ենք ձգտում հասնել
    Քո ընթացքի՜ն, քո վազքի՜ն, քո վեհությանը պերճ,
    Քո խորհուրդին՝ բազմաշխարհ և բազմաստեղծ:

    Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

    Դու դաժան ես ու բարի, դու հեզ ես և անողոք,
    Դու սիրում ես շարժումը, զորությունը, ուժը,
    Ունայնությամբ ես լցնում ու հողով
    Դու հայեցող սրտերը, որ խեղճ են և քնքուշ են:

    Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

    Եվ առաջին անգամ դու չե՞ս տվել արդյոք
    Քո արևից, քո սրտից մի բեկոր:
    Այն զարմանալի ճարտար և հանճարեղ մարդուն,
    Որը ո՛չ թե սրտի մորմոքով,
    Այլ ձեռքերով կոպիտ վերցըրել է քարը
    Եվ զարկել է մի ուրիշ քարի —
    Եվ Արևի դստերը իր խրճիթն է տարել,
    Որ գիշերի գրկում ոսկեվորիկ պարի…

    Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

    Եվ չե՞ս տվել արդյոք դու ծովերիդ անեզրությունը
    Եվ բարիքները նրանց խորքերի,
    Այն ըմբոստին, այն խիզախ ճանապարհորդին,
    Որ ծառերի դալար ճյուղքերից
    Հյուսել է մի առավոտ ուռկանն իր առաջին
    Եվ նետելով խորքը ծովերի՝
    Բռնել է ծովային մի ոսկեծամ աղջիկ
    Եվ իր խուզը տարել, իբրև գերի…

    Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

    Եվ այսպես — սիրել ես դու խիզախների՜ն միայն,
    Եվ մայրական անեզր համբերությամբ՝
    Քո գաղտնիքները, գանձերը, քո ուժերը նրան
    Հանձնել ես ստեղծարար մի գերության…

    Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

    Բայց Մարդը, տիրանալով քիչ-քիչ անեզրական գանձիդ
    Այն շինել է շղթա ու կապանք,
    Կեղեքելու համար ուրիշների անծիր,
    Տվնջական, հանապազօրյա աշխատանքը.
    Եվ նրանք, որ եղել են դաժան ու ամեհի,
    Որ ճորտերից շորթել են քո բարիքներն անհուն,
    Շղթայել են Ոգին բնապաշտ և մատնել են մահի
    Պղծելով և նզովելով քո անունը…

    Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

    Եվ հանճարին Մարդու, նրա ստեղծարար
    Եվ անսահման կարող ձեռքերին,
    Բաղձանքներին նրա և ըղձերին վարար,
    Եվ նրա հանդուգն կրքերին՝
    Կապանքներ են դրել նրանք բազմապիսի,
    Օրենքներ՝ ահով սահմանած,
    Պատնեշներ են կանգնել Արևներիդ լույսին,
    Որպեսզի սիրտը քո մեզ չբանաս…

    Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

    Բայց այժմ վիթխարի և զորավոր ուժեր
    Պատերազմի ելած այդ բերդերի դեմ՝
    Դարձնում են նրանց պատնեշները փոշի՝
    Հանուն հացի, լույսի, աշխատանքի վսեմ,
    Եվ պատերազմը այդ դժնի ու անողոք,
    Այդ մարտնչումն՝ ընդդեմ շահագործող մարդու՝
    Չէ՞ արդյոք արշավանք դեպի լուսաողող
    Քո գիրկը զվարթուն…

    Օ՛, Բնությո՜ ւն, օ՛, Մա՜յր:

    Պայքարների դժնի ճանապարհով
    Բազմություններ ահա բազմահազար,
    Որ դարերով գրկիդ ու գգվանքիդ կարոտ
    Հնձել են, բայց չեն ճաշակել բերքերդ սրբազան,
    Դեպի քե՛զ են գալիս, դեպի անեզրական
    Երկինքնե՜րդ բազմաշխարհ ու բազմաստեղ,
    Իբրև տե՛ր են գալիս, իբրև տիրակա՛լ,
    Գալիս են, որ աստղերիդ և ընթացքի՛դ անգամ
    Իրենց ստեղծարար հանճարը պատվաստեն…

    Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

    Ընդունի՜ր ուրեմն նվաճողներիդ երթը,
    Իբրև արգանդդ հին բեղմնավորող բարիք,
    Ընդունի՜ր որդիներիդ հաղթանակի երգը,
    Որ հնչում է ընդերքից աշխարհի.
    Ընդունի՜ր նաև այս երգը գորովական,
    Որ քո չնչին հյուլեն մի գիշեր աստղալից
    Մատուցեց քեզ սիրով ու որդիաբար՝
    Ողջունելով խորհուրդդ աստղային…

    Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր:

    Եղիշե Չարենց, 1933 թ. փետրվարի 27

  • «ԳՐՈՑ ՈՒ ԲՐՈՑ» ԾՐԱՐԻՑ…

    «ԳՐՈՑ ՈՒ ԲՐՈՑ» ԾՐԱՐԻՑ…

    «ԳՐՈՑ ՈՒ ԲՐՈՑ» ԾՐԱՐԻՑ…

    19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Արևմտյան Հայաստանում Հայությունը հեծում էր դարերով պարտադրված օտար լծի ներքո և ուժգնացող հարստահարիչ քաղաքականության արդյունքում ունեզրկվում էր ու գաղթում իր Հայրենիքից, ազգապահպանման ու հայրենապահպանման խնդիրներով մտահոգ բազմաթիվ Հայորդիներ ահագնացող իրավիճակում իրենց ազգակիցների կյանքի բարելավման ուղիներ էին փնտրում:
    Խորաթափանց մտքով վերլուծում և օրհասական իրադարձությունների բովում Հայ ազգի ինքնակազմակերպման անհրաժեշտությունն էին նրանք բարձրաձայնում, ազգի հարատևման պայքարում կարևորելով հատկապես կրթությա՛ն միջոցով Ազգային ինքնաճանաչողությունը:

    Հայրենիքի տարբեր շրջաններում շրջագայելուց հետո՝ բանահավաքի հմտությամբ ազգագրական հարուստ նյութ հավաքած, Կոստանդնուպոլիս վերադարձած Գարեգին Սրվանձտյանցը գրում է.

    «Բարեկամ.
    Մարդկային ընկերավարութեանց սովորութիւնն է, երբ հեռաւոր տեղէ մը գան, իրենց գտնուած երկրի բարիքներէն կամ հազուագիւտ իրերէն ընծայ մի կը բերեն բարեկամին։ Հետեւելով այսմ, երբ Պօլիս եկայ, այս անգամ ուզեցի ընծայ բերել Ձեզ իմ Երկրէն։
    Ի՜նչ։
    Ի՜նչ կը գտնուէր հոն, ուր ես էի. հող եւ ջուր միայն, եւ հողով ու ջրով եւեթ կեանք վարող Հայ ժողովուրդ։
    Գրոց եւ բրոց ծրար մ՚ընծայ բերի Ձեզ այն հողէն ու ջրէն, որ Հայաստանի անունը կը կրեն տակաւին, ժողովրդէ մը, որ սերունդ եւ անուն Հայութեան ունին։
    Այս հողն եւ ժողովուրդ կամ, այսպէս ըսեմք, Հայաստանն ու Հայ, որ հազար անգամ խորամանկութեան ու բռնաւորութեան փորձեր անցուցեր են, փորձեր՝ խլելու այս ազգի արմատը այդ արտէն, կամ փոխելու այն հողի յատկութիւնը, որ այլեւս չբուսցընէ զՀայ եւ չերեւի Հայութեան նշոյլ մը։
    Բայց Հայերը մանգաղով հնձուած ժամանակ սերմերը թափեր են փոշիներուն մէջ, արմատէն խլուած ժամանակ ջեղ մը թողուցեր են քարի մը տակ, ձորի մը մէջ եւ նորէ՛ն բուսեր, ծլեր, արմատ ձգեր, ոստ արձակեր, ծաղկեր ու պտղաբերեր են անդրէն։ Անկարելի՛ է գտնել աշխարհ մը եւ ազգ մը, որ համեմատուի Հայուն եւ իւր երկրին, որ այնքա՜ն աւեր, մահ, սուր, ուրացութիւն, արիւն, գերութիւն կրած լինի ու նորէ՛ն ցայսօր ապրի։
    Իւր քաղաքականն ու կրօնականը, իւր նիւթականն ու հոգեկանը առհասարակ կողոպտուած. գանձն ու զէնքը առնելէն զկնի, մարդն ու իւր բնակարանը, տաճարներու քարերը եւ լեզուն ու մագաղաթներն անգամ գերի գնացած են, ստրկութեան ենթարկուած են։ Բայց մեր Երկրի հողն ու ջուրը, օդն ու եթերքը օծուած են Հրեղէ՛ն լեզուով, Հրեղէ՛ն հոգւով, որք ո՛չ միայն վերաստեղծեր են զՀայեր, այլ եւ վերապատմե՛ր են հետագայից Հայաստանի նահապետաց, դիւցազանց, թագաւորաց եւ առաքինեաց անուններ ու գործերը։
    Այս լեռները, հովիտները, ձորերը, գետերը, շէները, աւերները, հողմերը, աստղերը, ամե՛նքն ալ խորհրդաւոր անուն մը ունեցած են. եւ այդ ամէն մէկ անունը կը պարունակէ իւր մէջ անձի մը կամ անցքի մը պատմութիւն, թէ առասպել համարուի այն առ այժմ եւ թէ իրական, եւ այսպիսեաց շարունակութիւնը մագաղաթներէն աւելի՛ տոկուն եւ անջինջ մատեան մը շարունակած է. այն է՝ բնակչաց բերանացի աւանդութիւնք կամ վէպք եւ զրոյցք։ (Մեջբերումը՝ Գ. Սրվանձտյանց, «Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհէրի Դուռ»):

    Գ. Սրվանձտյանցի ուսումնասիրություններում կան Վասպուրականում, Տարոնում և Արարատյան դաշտում տարածված ավանդազրույցներին, հավատալիքներին, ու բնաշխարհին առնչվող բազմաթիվ ազգագրական և բանահյուսական ուշագրավ դրվագներ:
    Մշո աշխարհի պատմություններից՝ Գ. Սրվանձտյանցի գրչով անմահացած որոշ հատվածներ՝ ահավասիկ…

    «Մօտ Դաղօնաց, այդ լերան ճակատը քար մը կ՚երեւայ, որոյ մէջ, կ՚ըսեն, շատ այրեր կան, եւ անթիւ օձեր կը բնակին այդ այրերու մէջ։
    Օձերը ունին իրենց թագաւոր եւ թագուհի։ Թագաւորը արեգակի պէս քարակն ունի իւր գլուխը, այսինքն՝ թագ, եւ թագուհին՝ բոցագոյն բրչեր, բրչամ, այսինքն՝ վարս։
    Ունին զօրապետներ, թիկնապահներ եւ ահագին բանակով կ՚երթան երբեմն Դիարբաքրու հողը. այն տեղը կան նաեւ օձերու ուրիշ թագաւորներ, բայց անոնք ասոր հարկատու են եւ ռայայ։ Երբ անոնք կ՚ապստամբին, կ՚երթայ սա ջանգ ու կռիւ ու շատ կոտորած կ՚անէ եւ աւարով ու գերիներով կը դառնայ։
    Այսու Մշոյ բնակիչները եւ իրենց նախարարները Տիգրանակերտու գաւառներուն վրայ առաջները միշտ տիրապետելուն եւ զանոնք ծառայեցընելուն հետքն է կը պահեն թերեւս։
    Օձեր ալ կան, որ Մշոյ աշխարհի պահապաններն են եւ գիւղացւոց վնաս չեն տար։ Տեսակ մը օձերու համար ալ կը պատմեն, թէ տները եւ ջաղացները կը բնակին, եւ իրենց բնակած տան բաղդը անոնցմով կը յաջողի եղեր։
    Հետեւեալը իբրեւ առակ կը պատմեն, թէ. «Գեղացի մը, որ արտեր ունէր եւ ջաղացներ եւ գեղացւոց մէջ բաղդաւոր ու հարուստ մէկն էր, իւր յաջողութեան բաղդը կը պարտէր այն սեւ օձին, որ ասոր տան մէջ կը բնակէր։ Մէկ հատիկ զաւակ մը կ՚ունենայ այս գեղացին. եւ որովհետեւ օձը սովոր էր տան մէջ համարձակ շրջելու, երախան օր մը օձուն հետ խաղալով՝ անոր պոչը իւր ափին մէջ սաստիկ կը ճզմէ։ Որքան կը ջանայ օձը, կարող չլինիր իւր պոչը ազատելու տղուն ձեռքէն։
    Ճարը հատած՝ կը խայթէ տղուն թաթիկը։ Տղան կը թողու պոչը ու կը թունաւորի միանգամայն. օձը իւր խայթածին ու թունաւորածին հետեւանքը գիտնալով՝ կը փախչի տան մէկ անկիւնը, կը կծկի, ժամեր կ՚անցնին‚ եւ տղան վերջապէս կը մեռնի։
    Տղուն հայրը սաստիկ կսկիծէն ուրագը կը վերցնէ, օձին կը զարնէ. օձին պոչը կը կտրի, եւ օձը իւր գլուխն ու մնացեալ մարմինը առած կը փախչի տնէն ու գեղէն դուրս, քարերու մէջ կ՚ապրի։
    Օրեր կ՚անցնին, բայց հետզհետէ այդ գեղացւոյ բաղդը կ՚աւրուի։ Օր մը իւր կնոջ հետ կը մտածեն, թէ. «Երթանք մեր օձը նորէն մեր տունը հրաւիրենք բերենք, որպէսզի մեր բաղդը դառնայ վերստին»։
    Եւ կ՚երթան քարերու մէջ կը կանչեն իրենց օձին. օձը պատասխան կուտայ, թէ.
    «Ինչպէս ձեզ՝ նոյնպէս ինձ փափագելի է այդ, բայց ա՛լ անկարելի է, քանի որ դուք ձեր զաւակին մահը յիշէք եւ ես իմ պոչը, իրարու հետ չենք կրնար հաշտ ապրիլ»… »։

    «Տարօնոյ դաշտի բերանը՝ Աշտիշատայ մօտ, կայ մի գեղ, զոր այսօր Բաղչայ կը կոչեն տեղացիք, բայց Տարօնոյ պատմիչ Յովհաննէս եպիսկոպոսը Վիշապն անուն կուտայ այն տեղին եւ քաղաք կը կոչէ, ինչպէս նաեւ Գայլ Վահանի ժամանակ Օձ քաղաք կը պատմէ Տարօնոյ դաշտի արեւելեան հարաւի կողմը, ուր շամբեր կան, Մեղրագետի ական քով։
    Օձ քաղաքի հետքերը, աւերակները, ինչպէս նաեւ անունն ալ կան ցայսօր, եւ քանի մը տուն ալ բնակիչ ունի մէջը, իբրեւ գեղացի, Մուշեղշէն անունով գեղին մօտ։
    Օձ եւ վիշապը երբեմն Հայկազն Երուանդեան Տիգրանի ժամանակ Հայկական դրօշակի նշանն էր, Աժդահակը սպաննելուն յիշատակ։ Բայց, ինչպէս առիթ ունեցանք Դաղօնաց օձերու թագաւորութիւնը յիշելու, հոս միտքս կուգայ, թէ միեւնոյն կերպով վէպեր կան նաեւ Հայաստանի ուրիշ գաւառաց մէջ ալ։ Եւ երբ զօրաւոր ու հուժկու մարդու նմանութիւն տալ ուզեն, օձու եւ վիշապի կը նմանցընեն։
    Օձը հմայութեանց արհեստին մէջ ալ գործածուած է միշտ։ Մինչեւ ցայսօր ալ օձու շապիկ կը դնեն իրենց ծոցերը կամ գլխարկին մէջ, որպէսզի օձերը չխայթեն զիրենք։ Կայ եւ մի սովորութիւն ալ, որ օձու, կարիճի եւ այլ այսպիսեաց ձեւը մանր ուլնիկներով կը շարեն եւ կը կարեն երախայից գտակին կամ հագած հագուստին վրայ։
    Իհարկէ, օձն ու կարիճը իբրեւ զարդ չեն գործածեր, այլ ուրիշ խորհուրդ մը ունին։
    Վիշապը թերեւս իւր ահաւորութեամբ ի հնումն պաշտուած ալ լինի ի Հայոց։ Արդէն սովորաբար մարդիկ Աստուծոյ տեղ կը դնէին մէկ մը զայն, որ հաճոյք եւ բարիք կը սփռէր, մէկ մ՚ ալ զայն, որմէ երկիւղ եւ պատուհաս կը կրէին. վերջինէն են օձն ու վիշապ։ Օձերու եւ վիշապներու վրայ ընդհանրապէս Հայ ժողովրդեան վէպերուն մէջ կարծիք կայ, թէ անմահ են անոնք, եթէ չսպաննուին մարդերէ, եւ այս կարծեաց համաձայնելու համար կը խօսին, թէ օձը իւր շապիկը փոխելով կը նորոգուի, եւ թէ աղբիւր եւ ծաղիկ մը կայ, զոր կը ճանչնան օձերը, որ օձերուն անմահութիւն կուտայ։

    Վանայ պառաւներուն մէկ վէպը կայ, թէ վիշապը, երբ հազար տարեկան լինի, շատ սարսափելի կը մեծնայ։ Հրեշտակները երկինքէն կ՚իջնեն‚ շղթայով կը կապեն ու կը քաշեն վեր, այնքան կը բարձրացընեն մինչեւ արեւուն մօտ հանելով, ուր կիզիչ հուրը կը վառէ ու մոխիր կը դարձընէ զայն։ Կը յաւելուն, թէ մեծ շառաչիւնի ձայներ կը լսուին երկինքը քաշած ժամանակ։ Թէ՝ երբեմն այնքան կը գալարի, որ պոչը կը փրթի, վար կ՚իյնայ։ Եւ որովհետեւ, ինչպէս օձին ջրայինն ու ցամաքայինը կայ, նոյնպէս ալ վիշապին, ուստի կ՚ըսեն, թէ տեսնուած է երբեմն Վանայ ծովուն մէջէն, երբեմն ալ ամայի լեռներէն վիշապներուն երկինք քաշուիլը։ Գուցէ թաթառ հողմի նկարագիրն է սա, որ ծովէն ջուր եւ ցամաքէն փոշի, ծառ ու քար կը բարձրացընէ յամպս եւ ի վայր կը թափէ։

    Կ՚ըսեն նաեւ, թէ այդ վիշապը վարսեր եւ թեւեր ունի։ Թէ՝ երբեմն սաստիկ ջուր կը փչէ երկրի վրայ։ Թէ՝ վառուելէն ետք մոխիրը վար կը թափի կը տեսնուի։ Թէ՝ երբեմն ալ երկնքի բարձրութենէն կը թողուն հրեշտակները, որ իյնայ վիշապը սարի մը վրայ, եւ ամենամանր փշրուի, թէ՝ եթէ երկինք չքաշեն, երկիրը պիտի կուլ տայ։ Թէ՝ Վանայ ծովու մէջ կայ վիշապի բոյնը, այն տեղը ահագին վիշապ մը կայ, որ բոլոր ծովու յատակը բռներ է, ու հրեշտակները միշտ կը զարնեն, կը վիրաւորեն անոր պոչը, որ չմեծնայ եւ ծովն ու ցամաքը կլլէ եւ այլն։ Կարծես Յոբայ պատմած Լեւիաթանի նմանութիւնը կուտան այս վիշապին։
    Ընդհանրապէս քարայրերու համար կը վիպեն, թէ վիշապի բոյն է, եւ թէ հազարաւոր օձեր կը լինին այն տեղերը» (նշվ. աշխ., ԻԵ):