Year: 2022

  • «ԵՎ ԳԱՐՈՒՆԸ ԾԱՂԿԱԶԳԵՍՏ ՊԱՏՄՈՒՃԱՆՈՎ ԶԱՐԴԱՐՈՒՄ Է ՄԱՅՐ ԵՐԿԻՐԸ»…

    «ԵՎ ԳԱՐՈՒՆԸ ԾԱՂԿԱԶԳԵՍՏ ՊԱՏՄՈՒՃԱՆՈՎ ԶԱՐԴԱՐՈՒՄ Է ՄԱՅՐ ԵՐԿԻՐԸ»…

    «ԵՎ ԳԱՐՈՒՆԸ ԾԱՂԿԱԶԳԵՍՏ ՊԱՏՄՈՒՃԱՆՈՎ ԶԱՐԴԱՐՈՒՄ Է ՄԱՅՐ ԵՐԿԻՐԸ»…

    Հայոց հնագույն ամենասիրելի տոներից մեկի՝ Ծաղկազարդի առիթով՝ Գարնանաբույր մի պտույտ՝ Գ. Սրվանձտյանցի (1840-1892) հետ՝ Բյուրակնյան ծաղկավետ ու ծիրանաներկ լեռներում, ուր խստաշունչ ձմռանը հաջորդած Գարունը լեռներն ու հովիտները կանաչագեղ ու ծաղկերանգ է դարձնում՝ զարդարում ծաղկազգեստ պատմուճանով (Ծաղկազարդի խորհուրդը). «Գարունն ծաղկազգեստ պատմուճանաւ զարդարէ զմայրս ամենեցուն զերկիր», (Գիրք Պիտոյից) և «Լերինք ծաղկաւետեալ ծիրաներփնին» (Խորենացի): Հայկական Լեռնաշխարհի Բյուրակն — Մնձուրյան լեռնահանակարգում ամենաբարձրը Սրմանց գագաթն է (3280 մ), հայտնի գագաթներից է և Հավատամքը (2460 մ), հարուստ է ստորերկրյա ջրերով, աղբյուրներով ու լճերով:
    Սրմանց գագաթի հյուսիս-արևմտյան փեշերից է սկզբնավորվում Արաքսը:

    «Բինգէօլը (Բյուրակնը, Կ. Ա.) դժնդակ տարտարոս մ՚ է ձմեռուան եղանակին եւ դրախտ՝ բացեալ՝ ի գարնան եւ ամռան։
    Բինգէօլը վեհ եւ ահաւոր չէ, այլ՝ սիրուն։
    Թագաւորի չի նմանիր, այլ՝ թագուհւոյ. քնքուշ է եւ փափուկ, կոյս մ՚ է պճնազարդ եւ փափկասուն. շնորհաց լեառն է, քան թէ քաջաց եւ դիւցազանց. ասոր համար իւր վրայ եղած վէպերը ո՛չ ազնաւուրի, ո՛չ դեւի, ո՛չ յաղթողի եւ ո՛չ զինուորի ու թագաւորի են. այլ՝ սիրոյ, զուարճութեան, առողջութեան, գեղոյ եւ զարդու, անուշութեան, պարարտութեան, գուսանութեան։ Որովհետեւ ասոր բիւրաղբերաց եւ հազար ականց բոլորը բիւր տեսակ բուսոց եւ ծաղկանց փռուած են։ Ջրարբի մարգեր, ամենադալար բանջարներ եւ խոտեր իրենց արմատներով, ուտելու, բուժելու, գոյն գոյն ներկելու կը գործածեն։
    Իւր վայրի կենդանիները առիւծ եւ վագր չեն, այլ՝ եղնիկ եւ այծեամն»։

    …«Հոս զբօսասէրները կուգան ուրախանալու, հիւանդները, օդ եւ ջուր ծծելով, կեանքը նորոգելու‚ կոյսեր եւ հարսները՝ ձեռագործի թելերը ներկելու համար ծաղիկ եւ արմատ ժողովելու, ժրաջան տանտիկինները՝ բանջար ժողվելու, բժիշկները՝ դեղ ու դարմանի համար ամէն բոյսէն ծիլ մը կամ ծաղիկ մը կամ թուփ մը առնելու: Իսկ մեղուներու տզզոցն ու բզզոցը հիանալի ներդաշնակ մը կուտան մարդկանց եւ թռչնոց երգերուն, անասնոց բառաչին, գորտերու կառաչին, գլգլացող առուակին եւ սուլացող սիւքի ձայնին։
    Անթիւ անհամար մեղուներ… Բայց միեւնոյն ժամանակ օձերն ալ կը սողոսկին այդ ծաղկանց կողակի քովերէն, իրենք ալ կ՚առնեն միեւնոյն ծաղիկներէն հիւթը եւ կը վայելեն սուրբ օդը։
    Հոս մեղուներով մեղր կը շինուի եւ օձերով՝ թոյն»։

    «Քանի՞ տեսակ կայ ծառոց‚ ի՞նչ անուն անոնց, ի՞նչ յատկութիւն եւ ի՞նչ պտուղ, քանի՞ տեսակ եւ անուն կայ խնձորին, տանձին, քանի՞ խաղողին։ Այսպէս նաեւ ծաղկանց, բանջարեղինաց, բաւականին ձեռք բերած եմ այսպիսեաց հաւաքում մը։
    Պառաւները, որ մէկ-մէկ Հիպոկրատէս են նախնական բժշկականութեամբ, կրակով խարածին, գնդակով զարնուածին, սրով վիրաւորուածին, քարով ջախջախածին‚ զանազան խոտեր եւ արմատներ իւրաքանչիւր ցաւին ու վէրքին զատ զատ ի գործ կ՚ածեն եւ զանազան չոր ծաղիկներէ, տերեւներէ եւ արմատներէ փոշիներ ունին թէ՛ վէրքի եւ թէ՛ ցաւի, պէս-պէս մալհամներ կը շինեն թարախ եւ արիւն մաքրելու, ցամքեցնելու, խոցերը բուժելու. այդ խոտերուն եւ արմատներուն ոչ միայն անունները կուտան, այլեւ հրաշալիքներ ալ կը վիպասանեն. աւանդութեամբ ուսած եւ կ՚ուսուցանեն…
    Կոտրած ոսկորը կը կապեն‚ կը դեղեն եւ կ՚ողջացնեն. այն ինչ մեր եւրոպական տօքթօռներն ալ հազիւ թէ պիտի կրնային այսչափ դարմանել։
    Խօսքի կարգն եկաւ գրելու. տարի մը չկայ, որ Պօլիս կը գտնուիմ եւ բաւական շատ նոր հարսներ եւ մատղաշ տիկիններ լսեցի մեռնիլ ծննդաբերութեամբ, այստեղ‚ ուր այսքան վկայականով դայեակ տօքթօռներ կան։ Բայց մեր աշխարհները պառաւ դայեկներու խնամքով‚ հազարէն մէկը չպատահիր զոհ լինել այդ առթիւ։

    Լօշտակ անունով բոյս մը կայ, որ Մշոյ աշխարհին մէջ յաճախ կը գտնուի, առաւելապէս Ս. Կարապետի վանքի բոլորը։ Մացառներու մէջ կ՚արձակէ իր ոստղերը, որոնք կը բարձրանան եւ կը պատատուին փայտերուն եւ անոնց թանձրախիտ տերեւներուն կը խառնեն իրենց լայն տերեւները, որոնք ձեւով նման են խաղողի որթի տերեւի, իրենց ցօղունը նման որթի բարունակի եւ խաղողոյ ողկոյզի ալ շատ նման ողկոյզներ ճութ ճութ կը կախէ. միայն թէ ասոր պտուղները մանրիկ են, քան զխաղողին։

    Լոշտակ

    Այս այն բոյսն է, որոյ արմատը մարդանման ըլլալ կը համբաւեն. եւ թէ մինչեւ անգամ անոնց մէջ արուն ու էգն ալ յայտնի են։ Թէ՝ այս արմատը հանելու համար յատուկ աղօթք մը ունին. եւ, թէ երբ կը կտրեն իւր միւս կտորներէն, ահագին ձայնով կը ճչայ։ Ուլ մը կամ հաւ մը կը կապեն այդ մարդարմատին, որպէսզի երբ ճչայ, այն ուլը կամ հաւը անոր ձայնին զոհ լինի։ Եթէ այդ հնարը չլինի, արմատ հանող մարդը պիտի մեռնի։
    Այս հնարքով ուլ մը կամ հաւ մը կ՚ուտեն հանող թշուառականները։
    Ամենավերջին աստիճանի դառնութիւն ունի այդ արմատը եւ ԻԴ կերպ ցաւոց ու ախտից դարման է։ Բաւական փափաքանօք եւ թանգ գնով կը գնեն զայն Նոր Նախիջեւանէն, Հին Խրիմէն, եւ այն կողմերէն Մշու Ս. Կարապետ եկող ուխտաւորներ, որք կը գնեն նաեւ քուդրաթ հէլվասի գազպին, որ յունիս եւ յուլիս ամսոց շոգ օրերուն պղտորագոյն ու անքամի օդերուն կ՚իջնէ մացառներու տերեւներուն, փշոտ գազերուն եւ մատուտակ ըսուած խոտերուն վրայ, թանձրացած մեղրի նման, ամենաղուտ եւ քաղցր։

    Նոյնպէս ամէն ուխտաւորներ կը գնեն սպիտակ ձիւթ կամ Ս. Կարապետի ծամոն ըսուածը, որ կանգառ փուշի ընձիւղները կտրելով մայիս ամսուն՝ անկէց ելած կաթն է, զոր կը ժողվեն, կը չորցնեն եւ տաս փարանոցի մեծութեամբ, բայց անկէց բարակ, կլոր նշխար կը շինեն Մշոյ դաշտի աղջիկներ ու հարսները։


    Կայ եւ մի տեսակ խոտ, ճարճրտուկի նման, որ աւելի Վանայ գեղացիներուն ծանօթ է, կերդ կ՚ըսեն։ Ասկէց կաթ կը հանեն, թանձրացընեն, եախու կը շինեն, մարմնոյ ո՛ր տեղ որ քամին բռնած լինի, կը փակցընեն վրան։ Այնքան կը պրկի մնայ, մինչեւ քամին ծծէ հանէ, ապա կը փրթի»։

    Ճարճրտուկ

    «Աղջիկներ եւ նոր հարսները, որ գարնան կ՚ելլեն դաշտն ու հովիտը, ձոր եւ լեռը՝ բանջար ժողվելու եւ նստած զըղզըղուն աղբերակաց եզերքը, այդ ծաղիկներու փունջ, խուրձ եւ հիւսկէնը կը պատրաստեն, իրենց գոգնոցը լցած, մանեակը շինած եւ պարանոցն ու բազուկը անցուցած՝ գեղը կը դառնան՝ մրմնջելով այդ զանազան ծաղկանց անուանց, գոյնին, հոտին եւ տեսքին վրայ յօրինուած հովուերգական խաղերը։
    Ամէն մէկ ծաղկին զատ զատ վէպեր ունին։
    Անոնցմէ մէկը քոյր է, միւսն եղբայր. կամ երկու քոյր՝ մէկ մայր. մէկը քաւոր՝ միւսը սանամայր. մէկը տէրտէր՝ միւսը տիրուհի. մէկը սիրող՝ միւսը սիրուած. Աղբրանց արիւն. երկու որբ եղբայր. մէկը արնոտ սիրտ՝ միւսը օձու թուր կամ մխած խանջալ. մէկը կթոց լի կաթ է սպիտակ ու անարատ, միւսը թոյն թափող հրեղէն վիշապ. եւ այլն, եւ այլն…
    Իմ միտքս է հասկըցնել, թէ այդ բազմատեսակ ծաղիկները, որ կը գտնուին Հայոց լեռները, անոնց անունները մի առ մի գիտեն թուել բնակիչները հայերէն, ինչպէս նաեւ բանջարեղինաց, խոտեղինաց եւ պրակ պրակ գտնուած մացառներու տեսակաց մանր ու ոլոր ոստերուն, մորենեաց, ուռենեաց, փուշերուն, որոց ամէնուն անունները շատ պէտք են գիտնալ. պէտք են տեսնուիլ մեր գրքերու եւ բառարաններու մէջ, անոնք, որ դեռ չկան գրուած, հանդերձ իրենց նշանակութեամբ եւ ստուգաբանութեամբ, որոնք ոչ միայն կ՚ընդարձակեն մեր ազգային մատենագրութեան ասպարէզը, այլ եւ նոր գիտութիւնք եւ արուեստք ուսանելու փափագ եւ միջոց կ՚ընծայեն տնկաբանութեան եւ երկրաբանութեան իրենց ճիւղերով։ Մանաւանդ զբանաստեղծները կը փարթամացընեն»։

    …«Յատուկ աղբիւրներ կան տեղ-տեղ, որոց ական շուրջը բազմակերպ ծաղկունք, զանազան խոտ ու բանջար կան։
    Ծերացած օձերը կուգան հոն, իրենց շապիկը կը փոխեն եւ ծաղիկներէն մէկը, զոր միայն օձեր կը ճանչնան, կը փրցընեն կ՚ուտեն. եւ անմիջապէս աղբիւրի ջուրը մտնելով՝ կը լուացուին եւ երեք անգամ կը խմեն, կ՚ելլեն՝ նորոգուելով իրենց կեանքը։ Եթէ ուշադիր լինին հովիւները կամ ցանկացողները ու պատահին օձի այս արարուածին, նկատեն ու ճանաչեն այդ ծաղիկը, թէ ո՞րն էր, ու իրենք ալ ուտեն եւ նոյն աղբիւրի ջրէն երեք անգամ խմեն, կ՚անմահանան այդ մարդիկը»…

    «Վարդ է թափում սարին-քարին,
    Շաղ են շողում ծաղիկ ու խոտ»… (Հ. Թումանյան)

  • «ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԳԻՇԵՐ,   ԷՆ ԴՅՈՒԹԻՉ ԳԻՇԵՐ»…

    «ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԳԻՇԵՐ, ԷՆ ԴՅՈՒԹԻՉ ԳԻՇԵՐ»…

    «ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԳԻՇԵՐ, ԷՆ ԴՅՈՒԹԻՉ ԳԻՇԵՐ»…

    Ժողովրդական բանահյուսության ու ծեսի, դարեդար փոխանցվող ավանդույթների ներդաշնակ միասնության մեջ է Հայ ոգին:
    Խախտելով հնագույն շրջանից եկող ազգային տոնի, ծեսի խորհուրդը՝ աղճատվում է և ազգային Ոգին:

    «Աշխարհ մը, որուն դիւցաբանականը՝ քրիստոնէականի փոխուած, մեհեանը՝ սուրբ տաճարի, զոհը՝ մատաղի, կուռքերը՝ խաչքարի, եւ ամէն ինչ՝ որ դիցանուէր էր, քրիստոսանուէր եղած եւ սրբազնագործուած, բայց աւանդապահներն անհետ ալ չեն թողած իսպառ հնոց զրոյցները եւ ծէսերուն ու արարողութեանց պատմութիւնները, առասպելները» (Գ. Սրվանձտյանց):

    «Անաղարտ ակունքից»՝ ժողովրդական բանահյուսությունից գրեթե «բառացի» (Թումանյանի խոսքով) մեջբերված նյութերով լի Թումանյանական ստեղծագործությունները Հայ մշակույթն ու աշխարհայացքը ճանաչելու հարուստ շտեմարան են:

    Ազգագրական ճշգրիտ պատկերներով նա մանրամասն նկարագրում է իր ամենասիրելի տոնը՝ Համբարձումը՝ Վիճակը, իր ազգակիցների՝ հազարամյակների խորքից եկող հավատը՝ Ճակատագրով կանխատեսված իրադարձությունների նկատմամբ, գուշակությունների՝ իրեն հոգեհարազատ ավանդույթը, (որով, իր իսկ վկայությամբ, գերվում էր մանկուց՝ Լոռվա աստղազարդ երկնքի ներքո պառկած), նաև՝ Հայոց հարսանեկան ծեսից անբաժան կոխը (գոտեմարտը)…

    Անդրադառնալով հանճարեղ Հայորդու՝ Հ. Թումանյանի սովորույթներին, բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Թումանյանն իր հուշերում նկարագրել է նրա ամենասիրած տոնի՝ Ծաղկազարդի՝ Համբարձման հրաշալի օրվա նախապատրաստությունը (համաձայն Հայկյան Սրբազան տոմարի՝ Ահեկան ամսվա Լուսնակ օրը՝ մայիսի 13-ին է Հայոց Ծաղկազարդը՝ Քուրմ Հարութ Առաքելյանի հիշեցմամբ)…

    «Առավոտ վաղ վեր էր կենում, պահարանից հանում էր բոլոր՝ մոտ երկու տասնյակ մեծ ու փոքր ծաղկամաններ, լցնում հատկապես դաշտի ու սարի պես-պես ծաղիկներով և դնում սենյակների բոլոր սեղաններին ու անկյուններում: Այս օրվա հետ կապված զանազան ավանդություններ էր կարդում, ջանգյուլումի քառյակներ ասում:
    Երբ տրամադրությունը լավ էր լինում ու ժամանակ էր ունենում՝ վիճակախաղ էր բացում:
    Սեդիկն էր վիճակ հանողը»…

    «Շատ անգամ պատմության մութ կետերը մեզ պարզաբանում և լրացնում են ավանդություններն ու արձանագրությունները։
    Բայց, տարաբախտաբար, մեր ժողովուրդը դեռևս միայն ինքն ասում ու ինքն է լսում իրեն «պապական խոսքը»՝ ավանդությունը»,- կարևորելով հազարամյակների ընթացքում սերնդեսերունդ փոխանցվող «դարավոր իմաստությունների», ավանդույթների՝ ազգի «հոգևոր գանձարանի» դերը՝ 1887 թվականին գրել է Հ. Թումանյանը, շարունակելով՝
    «Ավանդությունը սուրբ ու անշփոթ պահելու համար անհրաժեշտ են երկրի ամուր դիրք և ժողովրդին խաղաղ կյանք․ բազմահալած մի ժողովուրդ չէ կարող սուրբ ու անշփոթ պահել յուր «պապական խոսքը»՝ Ավանդությունը» (Հ. Թումանյան, ԵԼԺ, հ. 6):

    Գարնանը՝ Բնության Վերազարթոնքից հետո ծաղկունքի փթթումը, խոտի դալարումը, Շնկան Աստղի վերելքով՝ Համբարձմամբ ազդարարվող տաք օրերի գալուստը Հայոց մեջ նշվում էր առանձնահատուկ ծիսակատարություններով, որոնց խորհուրդը պահպանվել է ցարդ երգվող տաղերում, խաղիկներում…
    «Մարդկանց ճակատագիրը տնօրինող աստղերի»՝ վաղնջական ժամանակներից եկող հավատալիքների վառ արտահայտությունն է Ծաղկազարդի այս տոնի գլխավոր խորհրդանիշը՝ «Վիճակը»՝ վիճակահանությամբ մասնակիցների ճակատագրի որոշումը, որտեղից էլ տոնի մյուս անվանումները՝ «Ճակատագրի տոն», «Վիճակի օր», «Ջանգյուլումի օր»:
    Որպես նվիրաբերում՜ կաթնով էր բաժանվում, ուստի երբեմն այն կոչվել է նաև «Կաթնապրի օր»:

    «Եկավ Համբարձում՝
    Ծաղկով զարդարված,
    Մեր բախտին հարցում.
    -Ո՞վ է մեզ գըրված»:

    Ջանգյուլում (1907թ.)
    Նկարիչ՝ Եղիշե Թադևոսյան (1870 — 1936)
    Հայաստանի Ազգային Պատկերասրահի հավաքածու

    Տոնին նախորդող օրը՝ առավոտյան մինչև արևածագը լռությամբ հավաքած ծաղիկները՝ յոթ աղբյուրներից հավաքած ջրով լի կժի՝ փարչի մեջ էին լցնում՝ գիշերն Աստղունքի դնելու:
    «Աստղերին ի տես» թողնված ծաղիկները, լուսաբացի աշխույժով թարմ շաղված՝ ցողապատ Բնությունն իրենց խորին խորհուրդն ունեին. Համբարձման հրաշալի, մոգական գիշերվա հմայքով «զորացած» ու վաղորդյան շաղով օծված Ծաղիկներն ու Ջուրն Աստղերի «կամքի» թարգմանն էին դառնում…

    «Երկնքի աստղերը թող ցոլան, անուշի՜կ ցոլան,
    Աղոթրան բացվի, լուսը բացվի՝ ճակատիս գիրը տան»…

    «Համբարձման անուշ գիշեր է
    Սարի գլխին Ա՛մպը ցոլաց,
    Համբարձման անուշ գիշեր է,
    Վարդի թփին Ցո՛ղը մնաց»…

    Երիտասարդության մարմնի ու հոգու կրթության խաղերի առիթով Գ. Սրվանձտյանցը գրում է.
    «Խիստ ճարտար հանելուկներ յօրինած ունին եւ «բաղդի խաղերը», որոցմէ է՛ն նշանաւորն է Վիճակի խաղը։
    Վիճակը կոյս աղջիկները կը պատրաստեն Համբարձման տօնին՝ եօթն աղբիւրէ ջուր լեցընելով մէկ ամանի մէջ, եւ վարդով, ռէհանով եւ ամէն բացուած անուշահոտ ծաղիկներով կը զարդարեն զայն։ Իւրաքանչիւր կոյս մէկ խորհրդաւոր նշան կը դնէ վիճակ։
    Գիշերները Աստղունք կը դնեն զայն եւ ամենայն զգուշութեամբ կը հսկեն, վասնզի երիտասարդները հետամուտ են գողնալու։ Սքանչելի է այն տաղը, զոր վիճակի բացման ժամուն կը նուագեն օրիորդները. իղձերով լի տաղ, յորում իւրաքանչիւր ոք կոյս իւր ապագայն, իւր կեանքը, իւր սէրը կ՚ամփոփէ ի մի երիտասարդ, որ լինի ազնիւ ձիրքերով, ազնիւ մարմնով, արի, վեհանձն, յաջողակ, բարեպաշտ, իմաստուն, զոր կը խնդրէ բաղդէն տալ իրեն համար ամուսին կամ փեսայ. եւ ահա՝ երջանիկ է նա։
    Իւրաքանչիւր աղջկան ըղձացած հանգամանքները, որոցմով համակիր պիտի լինի փեսայն օրիորդին, եւ այն հանգամանքները, որոցմով երջանիկ պիտի լինին երկոքին, այդ տաղերգի մէջ կը թուեն։
    Մեծ հանդէս է Վիճակի բացումն եւ որքան օրիորդաց, այնքան եւս երիտասարդաց ցանկալի ու հետաքրքրական է այն օրը եւ այն հանդէսը»։

    «Ջանգյուլումի» տեսարան (էսքիզ), նկարիչ՝ Հմայակ Արծաթպանյան (1876-1920), Հայաստանի Ազգային Պատկերասրահի հավաքածու

    «Համբարձման և Վարդավառի տոները կապված են իրար հետ. Վիճակը շատ տեղ Վարդավառին են բաց անում, մանավանդ՝ լեռնային տեղերում:
    Եթե Համբարձման տոնին չի հաջողում աղջիկներին վիճակ բանալ, նրանք բանում են Վարդավառին, որ դարձյալ հեթանոսական տոն է: Այդ օրն այժմ ևս ամեն մարդ յուր վիճակն է բանում մեծ հանդեսներով և մեծ երգերով, ամեն մարդ յուր բախտի համար մի բան է ձգում մի ամանի մեջ, որ կոչվում է «Հավգիր», մի բառ, որ յուր կազմության մեջ ունի հավահմայության արմատը։
    «Հավգիրը», որ զարդարված է լինում ծաղիկներով, ավելի՝ հորոտ ու մորոտ ծաղիկներով և միջին ունենում է յոթն աղբյուրից վերցրած ջուր, գիշերը դնում են բացօթյա տեղում՝ աստղերի ներգործության ներքո: Աստղերի, որոնք այնքա՜ն մեծ դեր են խաղում մեր ժողովրդի հավատալիքների մեջ, և որոնք նույնիսկ մեր վեպի մեջ երևում են’ «Սասմա և Մսրա աստղերը», որոնցով Ձենով Հովանը գուշակում՛ է Դավթի վատ դրությունը։
    Համբարձման գիշերը մի որոշյալ ժամում ամբոդջ Բնությունը, և՛ ջուր, և’ սար, և’ ծառ, և’ երկինք-գետինք սկսում են շարժվել և իրար վերա խոնարհվելով, իրար ողջույն տալ, սարը՝ սարին, ծառը՝ ծառին, երկինքը’ գետնքին։
    Ահա ա՛յդ վայրկյանին Է աստղերի ներգործությունն անցնում վիճակի Հավգիրի վերա»…( Մ. Աբեղյան):

    Բազմած լուսնի նուրբ շողերին,
    Հովի թևին՝ թըռչելով՝
    Փերիները սարի գըլխին
    Հավաքվեցին գիշերով։

    Օխտն աղբյուրից ջուր է առել
    Կույս սափորով, լուռ ու մունջ,
    Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
    Կապել սիրո ծաղկեփունջ։

    Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
    Խընդիրք արել աստղերին,
    Փափագ սըրտով խընդիրք արել՝
    Բարի ժըպտան իր սերին…

    Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքի այս տողերում հիանալիորեն արտացոլված է «Աստղերին խնդիրք» անելու գաղափարը, որը Հայոց հնագույն հավատալիքներից է գալիս:
    Եվ Համբարձման հրաշալից գիշերվա նկարագրությամբ էլ ավարտվում է այն:

    Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
    Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
    Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
    Ներքև պապանձվում, լըռում ամեմ բան,
    Ու աստվածային անհաս խորհըրդով
    Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։

    Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
    Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,
    Անմուրազ մեռած սիրահարների
    Աստղերը թըռած իրար են գալիս,
    Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
    Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում…

  • «ԵՐԳԻՉՔՆ ԳՈՂԹԱՆ ԱՌԱՍՊԵԼԱԲԱՆԵՆ ԱՅՍՊԷՍ»…

    «ԵՐԳԻՉՔՆ ԳՈՂԹԱՆ ԱՌԱՍՊԵԼԱԲԱՆԵՆ ԱՅՍՊԷՍ»…

    «ԵՐԳԻՉՔՆ ԳՈՂԹԱՆ ԱՌԱՍՊԵԼԱԲԱՆԵՆ ԱՅՍՊԷՍ»…

    Ի սկզբանէ Բնության հետ շաղկապված Մարդն իրեն կենսականորեն անհրաժեշտ ամեն ինչ գտնում է Բնության մեջ, զորանում ֆիզիկապես ու ոգեպես՝ Բնության ընծայած բարիքների շնորհիվ…
    Բուսական աշխարհն իր հավերժ Վերածնունդով, Ինքնանորոգման մոգականությամբ՝ Մարդու ոգեշնչման անսպառ աղբյուրն է եղել: Եվ հրաշագործ Բնաշխարհը, ծառերն ու ծաղիկները, որոնք կիրառվել են մշտապես, մեծ խորհրդով ու նշանակալից դերով են օժտվել նաև հոգևոր ոլորտում, միշտ ներկա՝ բանահյուսության մեջ, ազգային ծեսերում ու տոներում…

    Հնագույն առասպելները, դյուցազնավեպերը հազարամյակներ շարունակ սերունդներ են կրթել, ներշնչել ու մղել նորանոր սխրանքների:
    Վաղնջական հավատալիքները, առակներն ու խրատներն իրենց խորհրդով, հետագայի իմաստասերների մեկնաբանություններով, Նախահայրերի քաջագործությունների շուրջ հյուսված դյուցազնական պատումներով նպաստում են անհատի, հավաքական խմբի, ազգի աշխարհայացքի ձևավորմանը:
    Եվ վիպասանությունը՝ սերնդեսերունդ բանավոր՝ բերանացի հաղորդվող պատմական դեպքերի նկարագրությամբ զրույցները, Նախնիների փոխանցած ուսմունքը, մշակույթը սերունդներին շաղկապող օղակն են դառնում՝ անցյալը կենդանի պահելով:
    Մ. Խորենացին հիշատակում է Վիպասանքը՝ «Երգ վիպասանացը»՝ Արտաշեսի, Սաթենիկի, Արգավանի ու Արտավազդի (և մյուս արքաների) մասին «երգվող առասպելները», Մեծն Տիգրանին բամբիռների նվագակցությամբ փառաբանող երգերը, որոնք պատմվել են ու մասամբ՝ երգվել («Զորմէ ասէին ի հինսն մեր, որք բամբռամբն երգէին»)…

    Նոր կրոնի՝ քրիստոնեության տարածման հետ Հայոց մեջ արգելվեց Ազգայինը՝ անցյալի հետ կապող մշակույթը՝ վիպասանքն ու հին հավատքը…
    Ու հորինվեցին նոր «առասպելներ»՝ օտարազգի «սրբերի» կերպարներով, մեզ թողնելով փշրանքներ՝ պոկված Գողթան երգերից…

    Մոռացվեցին Վիպասանքն ու Հայոց վիպասանները՝ պատմական բովանդակության քերթվածները երգողները, թեև, ինչպես Փ. Բուզանդն է վկայում 5-րդ դարում, Հայերը սիրում էին իրենց առասպելաց երգերն ու անհաղորդ էին մնում տարածվող նոր կրոնին…(«Զիւրեանց երգս առասպելաց զվիպասանութեն սիրեալք», Բուզանդ, Գ, 1):

    Ժողովրդի հիշողության մեջ անմահացած որոշ դրվագներով Խորենացին իր «Պատմության» մեջ հիշեցնում է Հայոց վիպասանաց երգերը, Գողթն գավառի վիպասաններին, որոնց երգած վիպասանքով հյուսվում է Արտաշեսի, Արտավազդի պատմությունը, փորձելով վիպասացների առասպելներից (քերթողական այլաբանություններից) բյուրեղացնել պատմական ճշմարտությունը: («Զսմանէ երգիչքն Գողթան առասպելաբանեն այսպէս…»):
    Եվ իր հակիրճ նկարագրություններից մեկում նա նշում է երկու բույս, որոնց հետագայում բազմաթիվ ուսումնասիրողներ են անդրադարձել:
    Նրանցից մեկի՝ հանճարեղ Հ. Թումանյանի իմաստուն վերլուծությունը՝ գրված 1894 թվականին, ամբողջությամբ՝ ստորև:
    Թումանյանի տաղանդի ողջ հմայքը ներկայացնելու նպատակով միայն որոշ քաղվածքներով չսահմանափակվեցինք, հատկապես, որ հիանալի է գրված և, ամենակարևորը, խնդրո առարկան՝ ծաղիկների զորությունը, բույսերի հրաշագործ դերն իր մեծ խորհուրդն ունի Հայոց հնագույն հավատալիքներում, նաև՝ մինչ օրս ուրախությամբ նշվող «Ծաղկազարդի» ծիսատոնական արարողություններում, որը, Քուրմ Հարութ Առաքելյանի հիշեցմամբ՝ համաձայն Հայկյան Սրբազան տոմարի, նշվում է Ահեկան ամսվա Լուսնակ օրը (մայիսի 13-ին), Անահիտ Դիցամոր հովանավորությամբ…

    «1894թ., Խորենացու «Տենչայր Սաթենիկ» հատվածի առթիվ

    1893 թվականին մտածեցի մի բան հյուսել մեր աշխարհաշեն Արտաշես Բ-ի մեծ վշտերից և նրա մեծ որդու՝ նախանձոտ Արտավազդ Բ-ի կրքերից։
    Այս նպատակի համար սկսեցի ուսումնասիրել Արտաշեսի ընտանեկան կյանքի առասպելախառն և փոթորկալի պատմությունը։
    Այդ պատմության մեջ ինձ պատահեցին մութ առասպելներ, խորհրդավոր ակնարկություններ, երգերի հատվածներ, մի խոսքով, պատմության հանելուկներ, որոնց բացատրությամբ միայն կարելի էր ժամանակն, իրերն ու իրողությունները ճիշտ հասկանալ։
    Այդ հանելուկներից ամենադժվարն և խորհրդավորն է «Տենչայր տիկին Սաթենիկ» հայտնի հատվածը։ Ինձ թվաց, որ այս հանգույցը բանալով, իմանալով թե ինչ էր տենչում թագուհի Սաթենիկը, այդ բոլոր կռիվների ծաղիկը, կարելի էր մտնել Արտաշեսի պալատը։
    Եվ հետամուտ եղա հասկանալու, թե ինչ է նշանակում.
    «Տենչայր տիկին Սաթենիկ տենչանս զարտախուր խավարտ և զտից խաւարծի`ի բարձիցն Արգաւանա», (Խոր. գիրք Ա. գլ. Լ.):
    Կարդացի և լսեցի այս հատվածով զբաղված մի քանի բանագետների թեր ու դեմ մեկնությունները, բայց նրանք բավականություն չտվին իմ ներքին զգացմանը, որ ուրիշ բան էր որոնում այդ տենչանքի մեջ, քան ազդր, բլուր, բարձի փունջեր և այլն։ Եվ ով որ լավ ծանոթացել է Արտաշեսի տան պատմությանը, նա կզգա, թե որքան կամայական, հեռու են այդ բացատրությունները և չեն կպչում այն առասպելախառն դրամայի ընդհանուր հյուսվածքի հետ, չեն գալիս նրա բնավորությանը։
    Այդ հատվածում ես որոնում էի մի ավելի սիրուն և խորհրրդավոր տենչանք, որ կարող էին տալ սիրահարված թագուհուն «առասպելեալ ասող» Գողթան երգիչները, մտածելով, որ, անկասկած, դրա բանալին ժամանակն ու ժողովուրդը մեզ պետք է լինին հասցրած։
    Որովհետև.
    Եթե նույն օրերում «Նոյն երգիչքն առասպելին ասեն այսպէս. «Վիշապազունք գողացան զմանուկն Արտաւազդ և դև փոխանակ եդին», (Խորենացի, գիրք Բ. գլ. ԿԱ։ Այս առասպելը ես մի ոտանավորի նյութ եմ առել՝ «Օրորոցագող», «Մուրճ» 1893 թ., N 2), և նույն հավատը մնում է տակավին․ դեռ այսօր էլ ժողովուրդը հավատում է, որ մի չար ոգի գիշերը գողանում է երեխաներին և տեղը դև դնում։
    Եթե նույն երգիչքն «առասպելեալ» երգեն, ասելով. «Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի, տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկան», (Խորենացի. Բ. գիրք, գլ. Ծ), և տակավին այսօր էլ ժողովուրդը հարսի և փեսայի գլխին ոսկի-արծաթ է շաղ տալիս։
    Եթե նույն «Գողթան երգիչքն առասպելաբանեն» Արտաշեսի անեծքը, Արտավազդի խորտակումը ազատ Մասիսի ստորոտներում, և այլն ըստ կարգին։
    Եթե այն օրից դարեր անցած Խորենացին լսել է, որ «զրուցեն զսմանէ պառաւունք» և ասում է. «Առ մերով իսկ ժամանակաւ՝ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին, յաւուր միաշաբաթւոջ երիցս կամ չորիցս բախեն զսալն, զի զօրասցին շղթայքն Արտաւազդայ»… (Խորենացի, Բ. գիրք, գլ. ԿԱ.):
    Եթե Խորենացուց հետո էլ, շատ դարեր անցած, նույն սովորությունը պահպանած, մեր օրերումն էլ դարբինները ավագ ուրբաթ գիշերը երեք չորս անգամ մուրճով խփում են սալերին «զի զօրասցին շղթայքն Արտաւազդայ».

    Ապա և Սաթենիկի տենչանքը՝ նույն «առասպելեալ երգի» մի կտորն ևս, կարող էր կենդանի և անկորուստ մնալ ժողովրդի անտակ հիշողության մեջ։ Համենայն դեպս, եթե մնար, ժողովրդի՛ մեջ պետք է մնար։
    Առասպելը ժողովու՛րդն է շինում, պահում և պատմում, նրա՛ սեփականությունն է, և նրա՛ն պետք է դիմել։
    Սաթենիկի տենչանքն էլ՝ առասպել լինելով, պատմական իրողություն չի, այլ Գողթան երգիչների շինածն ու հնարածը, որոնք, իհարկե, առիթ ունեին։ Խորենացին ինքը, որ այս հատվածներն «առասպելեալ» անվանելով գրել է թողել, վկայում է, որ նրանք (առասպելները) հնարովի, մտացածին բաներ են։ Մի տեղ ուզենալով ընթերցողին հավատացնել, ասում է «թեև առասպել է, բայց հեռու չէ ճշմարտությունից»։
    Իսկ առասպելն, ինչպես ասացի, ժողովրդի գործն է. հետևաբար՝ Սաթենիկի տենչանքի վրա պետք է նայել ոչ իբրև մի անհատի ցանկության, այլ մի ժողովրդի, որ առասպելի մեջ արտահայտել և դրել է անհատի սրտում։
    Այս այսպես լինելով, անմիտ և անտեղի են երևում բարձի փնջերը, բլուրները և սրանց նման բաներ։ Դրանք չեն կարող լինել մի ժողովրդի տենչանքի առարկաներ։ Ժողովուրդի տենչանքը, ինչպես և ամեն մի զգացմունքն ու կիրքը, որ հայտնվում է զանազան ձևերով զանազան առասպելյալ անձնավորությունների ու դեպքերի մեջ, ավելի ընդհանուր, ընդարձակ և մնայուն է, մի խոսքով՝ բոլորին հասկանալի և բոլորինը։
    Մինչդեռ բարձի փունջեր շոյելը, բլուրների վրա ճեմելը կարող են անհատական ցանկություն լինել, որ տեղ չունեն առասպելում։
    Մի հանգամանք էլ գալիս է ապացուցանելու, որ Սաթենկինը՝ անհատի՛նը չի այդ տենչանքը։ Պատմությունից երևում է, որ Սաթենիկ թագուհին (50 տարեկան) տռփական սեր չի ցույց տվել դեպի վիշապազունների նախարարը (80 տ. անց), այլ նախանձոտ Արտավազդն է այդպես բամբասել՝ այնքան հարգված ու մեծարված Արգամին հոր աչքիցը գցելու համար։ Եվ, ինչպես համանման դեպքերում, ժողովուրդը հորինել է առասպելներ, «որք, ըստ Խորենացու, զճշմարտութիւն իրացն այլաբանաբար յինքեանս ունին թագուցեալ»։

    Առասպելն ասում է, թե տիկին Սաթենիկն այրվում էր վիշապազունների (Արգավան նահապետի) տռփական սիրով:
    Եվ դրա համար էլ, որպես թե՝ Տիկին Սաթենիկը սաստիկ ցանկանում էր արտախուր խավարտ և տից խավարծի Արգավանի բարձերից։
    Սակայն, ի՞նչ են այդ «արտախուր խավարտն ու տից խավարծին», որ Սաթենիկը ցանկանում է յուր սիրած Արգավանի բարձերից։

    Մեկնիչներից շատերը վաղուց գտած լինելով, որ սրանք բույսեր են, միևնույն ժամանակ մերժել են սրանց բուսական նշանակությունը և ուրիշ զանազան բացատրություններ են տվել առասպելին, տարակուսելով, թե ինչո՛ւ համար պետք է լինեն այդ բույսերը սիրահարված թագուհու տենչանքի մեջ։
    Ահա, հենց ա՛յդ հարցի պատասխանը պետք է գտնել։
    Իբրև բույս ընդունելով այդ բառերը՝ արդեն կամուրջ էր ձգվում անցնելու բացատրության մի ուրիշ աշխարհ, դեպի մեկնության մի ուրիշ աղբյուր՝ բույսերն ու ծաղիկները և նրանց հնումն ունեցած խորհրդավոր նշանակությունը սիրո գործում։
    Այս շավիղը բռնելով, և իբրև բույս ընդունելով այդ անհասկանալի բառերը, սկսեցի քրքրել հին սիրերգը՝ գլխավորապես իմ ընտրած առարկան հասկանալու նպատակով։ Ես էլ ինձ համար բանալի ընտրեցի ժողովրդական երգերն ու կախարդանքները, սկսեցի որոնել դրանց մեջ ծաղիկների ու խոտերի կախարդական զորությունը և նշանակությունը սիրո պատմության մեջ, ենթադրելով, որ մի ժամանակ, և այսօր էլ, կախարդական զորություն ունեցող ճանաչված խոտերն ու ծաղիկները կարող էին գործածված լինել այնպես, ինչպես գիրը, մազը, շորի կտորը, որ դնում են բարձի մեջ ու տակ, և այլ տեղերում՝ սիրտ կախարդելու, սիրահարեցնելու նպատակով։

    Իմ այս հետաքրքրության և հետամտումների ժամանակ, 1894 թ. № 3 «Արարատում» դուրս եկավ Հ. Միաբանի հոդվածը «Հայկականք, Ը», նույն հատվածի մասին։

    Այս բացատրության մեջ «արտախուրը» վարտիքի վրայից hագնելու զգեստ էր կամ զրահ, «զտիցն»՝ երկսայրի զենք և «խավարծին»՝ բույս, հավանական այլաբանություն առնանդամի։

    Այս բացատրությունն էլ ինձ թվաց ոչ իսկականը, չնայելով մեր բերած օրինակներին ու ապացույցներին, որոնցով Հ. Միաբանը գտել է այդ խրթին բառերի գուցե առաջին նշանակությունը։

    Առաջին ասացի, որովհետև «արտախուր»՝ զրահ նշանակելով հանդերձ, կարող է ունենալ և երկրորդ՝ և այն՝ բուսական նշանակություն։
    Օրինակ.
    «Մանուշակ» ծաղկի անուն է, միևնույն ժամանակ և՝ կնոջ․ այստեղ տղամարդն է յուր սիրուհուն տվել անուշահոտ մանուշակի անունը։ «Ծիրան» և՛ եզան անուն է, և՛ պտղի․ այստեղ էլ գույնի նմանությունն է պատճառը։ «Շան բերան»՝ ծաղկի անուն է, որովհետև շատ նման է շան բերանի։ «Քուրդ»՝ ծաղիկ է, որովհետև քրդի քոլոզի նման է պսակը։ Մի խոտ էլ «թուր» կամ «թրախոտ» է կոչվում, որովհետև թրի նման է։ Գառան ականջի նման մի բույս էլ «գառնականջ» է կոչվում, և այլն, և այլն…

    Այսպես էլ արտախուր զենքի նման մի խոտ կամ ծաղիկ էլ կարող է կոչվել «արտախուր», և թե արտախուրը և այլն բույսեր են, դրա համար փաստեր չեն պակասում։

    Այդ նույն հոդվածում, այս հարցի հետ ծանոթանալու ցանկացող ընթերցողի համար ակնարկած էր Հ. Ստեփանեի աշխարհաբար Խորենացու մեծ ծանոթությունը, որտեղ առաջ են բերված Էմինի, Ֆլոռիվալի, Մխիթարյանների, Ուիստոն եղբայրների, Լանգլուայի, Լաուերի, Ք. Պատկանյանի և այլոց կարծիքները։

    Այս կարծիքներից մի քանի անծանոթների հետ ծանոթանալու համար ես ձեռք բերեցի Հ. Ստեփանեի աշխարհաբար Խորենացին և կարդացի վերոհիշյալ գիտնականների կարծիքները։

    Հանգուցյալ պրոֆ. Էմինն ասում է. «Այս հատվածը գայթակղության քար էր և է բոլոր ուսումնական հայերի համար, որովհետև այստեղ այնպիսի բառեր են հանդիպում, որոնք գործ են ածված միայն այս մի հատվածում և չեն գտնվում ուրիշ հայ մատենագիրների մեջ, այնպիսի բառեր, որոնց նշանակությունը մեկնելու ոչինչ հնար չկա»։ Եվ զարմանալով, թե «…ի՞նչ հիմամբ» (ֆրանսիական և իտալական թարգմանությանց մեջ) արտախուր և տից «L՚herbe» (խոտ) են նշանակում՝ բոլորովին չենք հասկանում», ինքը բացատրում է այսպես.
    «Սաթենիկ տիկինը փափագում էր Արգավանի արտախուրը (թագը) և նորա (իշխանական) բարձերը»։
    Ռուսերեն թարգմանում է.
    «Царица Сатеник сильно горела желанием носить диадему Аргавана и возлежать на подушках его»:
    Ֆլոռիվալը ֆրանսերեն թարգմանության մեջ մեկնել է այսպես.
    «Սաթենիկ տիկինը ցանկանում էր ջերմագին խոտերն… Արգավանի»։
    «Արտախուր խավարտ և տից խավարծի» այստեղ ընդհանուր անունով խոտ են կոչված։
    Մխիթարյանների աջակցությամբ կատարված իտալական թարգմանությունն այսպես է.
    «Տիկին Սաթենիկը տենչում էր ունենալ Արգավանի սեղանից արտախուր խոտը և տից խոտիկը»։
    Անգլիացի Ուիստոնները՝ լատիներեն այսպես.
    «Սաթենիկ տիկինը սաստիկ ցանկանում էր հավասար մութ ծածկոցը Արգավանի բարձերից»։
    Լանգլուան՝ այսպես.
    «Սաթենիկ տիկինը սաստիկ ցանկանում էր Արգավանի սեղանից արտախուր խոտը և տից խոտիկը»։
    Լաուեր՝ գերմաներեն այսպես.
    «Տիկին Սաթենիկը տենչանք ուներ ունենալու Արգավանի սեղանի վրայի արտախուր խոտը և տից բողբոջը»։
    Բոլոր այս թարգմանությունները ճիշտ չեն, և բաց են թողնված «խավարտ» և «խավարծի» բառերը։ «Բարձ» ևս «սեղան» չէ նշանակում, և այլն։
    Պրոֆեսոր Պատկանյանն առաջ է բերում (Мат. для Арм. слов., вып. II, եր. 44) Գ. Խալաթյանի՝ (Լազարյան Ճեմարանի հայկաբանության ուսուցչապետի)՝ մինչև այժմ մթին մնացած այս հատվածի հետևյալ բացատրությունը, որ շատ հավանական է թվում մեզ։
    «Զարտախուր, խավարտ, տից և խավարծիլ հոտավետ ծաղիկների անուններ են։ Սորա հետ ի բարձիցն ևս սովորական բարձի նշանակությամբ առնելով, հատվածի իմաստն այս կլիներ․ «Սաթենիկ տիկինը փափագում էր հոտավետ ծաղիկներին և խոտերին Արգավանի բարձերից»։
    Այս ի՞նչ է նշանակում։
    Ոմանք Հայեր մինչև այժմ ևս սովորություն կամ ավելի լավ ասեմ, հնար ունեն դյութելու․ այսինքն՝ սիրելի անձի սերը ստանալ ցանկացող կինը (երբեմն և տղամարդը) ծածուկ, առանց նորա գիտության, դնում է նորա բարձի մեջ հոտավետ խոտեր և ծաղիկներ (կարծեմ առավելապես ռեհան)։

    Քանի մի ժամանակ անցնելուց հետո, այն խոտերը գաղտագողի բերում են, դնում են սիրվել ցանկացող անձի բարձերի մեջ, որով իբր թե բերվում են նորա բարձի տերի սերն ևս»։
    Գ. Խալաթյանն ասում է, թե Սաթենիկի մասին հատվածը ակնարկում է այս ժողովրդական սովորությունը, որի սկզբնավորությունն, անկասկած, հնագույն ժամանակներից է։
    Այս կարծիքն առավել հավանական համարելով, մենք այսպես և թարգմանեցինք։

    Ուրեմն կորածն արդեն գտնված է յուր տեղը․ ժողովուրդը տվել է յուր առասպելի բացատրությունը, որը, սակայն, միայն հավանական է թվում և այն էլ՝ մի քանիսին։

    Դեռ այս բացատրությունից հետո էլ շարունակում են զանազան մեկնություններ տալ ու պատրաստել։ Այնպես, որ դեռ կարիք կա ուժ տալու, արծարծելու հավանականը համոզական կացուցանելու համար։

    Հայկազյան բառարանում կարդում ենք.

    1. Արտախուր կամ արտախուրակ «զոր օրինակ բանջար վարսաւոր» (ապա և իբրև մոլորակ)։

    Լագարդը նմանեցնում է արտախուրը պարսկերեն «zardechwar»-ին, որ բժշկական հայտնի խոտի անուն է, նշանակում Վուլլերսի բառարանում։

    Լոռեցիք մի բույս կոչում են «գաղտակուռ», ղարաբաղցիք նույն բույսը՝ «տաղտըկուռ». սա բժշկական հայտնի բույս է, և հիշեցնում է արտախուրը։

    1. Խավարծի՝ «Փափուկ և թաւ բոյս է մատաղ․ բողբոջ, ընձիւղ․ որպես թէ խավարտ տնկոյ. Տես և Խորձուիլ, որ է ծիլ որթոյ։ «Կանգնեցան կացին (յորթն) կողր և տերևք, խաւարծի, և ծաղիկ և ողկոյզ. Վեցօր. Ե»։
      «Ինքեանք փափուկք, և պէսպէս զարմանօք օրըստօրեայ իբրև զխաւարծի փափկանային։ Ոսկ. Եփես. ԺԳ»։
      Խավարծել կամ խավըրծել մի թթվաշ բույս է ըստ վանեցոց։
    2. Խավարտ— բանջար ուտելի մարդկան, կանանչեղեն։ «Եթէ ոք զբանջար հատանէ կամ խաւարտ։ Կոչ. Զ»։ «Հինգ նկանակ հաց, և խաւարտ, և աղ, և ջուր։ ՃՃ»։
      «Ոչ կերեալ խաւարտ, և ոչ բանջար դալար։ Եւագր. Ա։ Խաւարտ, որ կոչի հազար. Վրք հարց, Ձ»։
    3. Տից՝ բառ անյայտ, որպես բոյս նորաբողբոջ կամ բողբոջ բուսոյ։

    Այս բառարանի և մատենագիրների վկայությունները։
    Բայց շատ անգամ անհասկանալի, մթին բառերը հասկացվում են պարբերության ընդհանուր իմաստի ուժով։
    «Տենչայր» պարբերությունը մի սիրային տենչանք է և մթին բառերն են նրա նպատակը. սիրահարված տիկինը սաստիկ ցանկանում է յուր սիրած Արգամի բարձերից ձեռք բերել արտախուր խավարտ և տից խավարծի։
    Արդ, ի՞նչ են այս «արտախուր խավարան ու տից խավարծին»։
    Ի՛նչ էլ որ լինեն, այն պարզ է, որ սիրահարվածի ուզելիք են. ըստ որում տիկին Սաթենիկը, իբրև թե, տռփական սեր էր տածում դեպի վիշապազունների Արգավան նահապետը։ Այս հանգամանքը մեզ մոտեցնում է այդ խրթին բառերի ընդհանուր իմաստին, հետո գալիս են զանազան մատենագրերի վկայությունները, որ դրանք բույսերի անուններ են. ապա վրա է հասնում ժողովրդի մի սովորությունը, նույնպիսի մի տենչանք, որ ունի այսօր սիրահարված Հայ գյուղացին։
    Ում սիրտն ու սերն ուզում է ձեռք բերել, նրա բարձի մեջ, ի թիվս այլ միջոցների, կախարդական զորություն ունեցող ծաղիկներ ու խոտեր է դնում և որոշյալ ժամանակից հետո բարձից հանում, ետ գողանում տանում, իբրև թե նրա հետ և յուր անձկալիի սերը։
    Այս այդ ժողովրդի նույն տենչանքն է, որ մի ժամանակ առասպելաբանելով Սաթենիկ թագուհուն հատկացրել է նրան։

    Եվ հայտնի է, որ հին հեթանոս Հայաստանում, ինչպես ուրիշ երկրներում, ծաղիկներն ու խոտերն ունեին իրանց աոանձին խորհրդավոր նշանակությունը, զորությունն ու պաշտամունքը, որը մոռացություն կնշանակեր, որն ապերախտություն, որն ատելություն էր ստեղծում, որն ապահովում չար աչքից։

    Անկասկած է, որ սերն էլ ուներ յուր ծաղիկները, և այդ ծաղիկները գործ էին ածվում սեր արծարծելու, սիրտ գրավելու համար սիրային կախարդանքների մեջ։

    Եվ, ինչպես այսօր կախարդանքների ժամանակ «Կիպրիանոս», գիր, շորի կտոր, մազ (սրանք սովորականներն են) և այլ կախարդական զորություն ունեցող իրեր ու գրեր են դնում բարձի մեջ ու տակ, որ բարձի վրա քնողը կախարդվի (գուցե անուշ երազներով), նույնպես և այդ միևնույն զորություն ունեցող ճանաչված ծաղիկը կամ խոտը կարելի էր դնել բարձի մեջ նույն նպատակի համար: Եվ մի՞թե կասկածի տեղ է թողնում նույն ժողովրդի սովորությունը, որ հասել է մեզ և ավելի պերճ է խոսում քան ամեն պատմաբան։

    Խոսքիս վերջում ես անում եմ մի այսպիսի ենթադրություն, որը, սակայն, ո՛չ հակասում և ո՛չ վնասում է նախընթաց ասածներիս։

    Ներկա դեպքում երգի կտորը կարող էր ակնարկել և մի ուրիշ սովորություն, որովհետև առասպելը միայն ասում է, թե Սաթենիկը տենչում էր Արգավանի բարձերի ծաղիկներին, իսկ այդ ծաղիկների բարձերի մեջ դնելու մասին լռում է. ո՞վ էր դրել այդ ծաղիկները՝ չի պատասխանում։

    Հին մեծերն ու իշխաններն ունեին իշխանական բարձեր։ Այդ բարձերը նրանց մեծության աստիճանն ու հարգն էին որոշում և իրանց այս բարձր նշանակությամբ համարվում էին սրբազան, որոնք և պետք է ժամանակի օրհնությամբ ու կախարդանքներով կրոնի տեսակետից ապահովված ու զորացած լինեին։

    Այդպես մինչև օրս արևելքում իշխանները համայիլներ, գրեր, հուլունքներ, ձկան, օձի ողնաշար, ոսկրներ և այլն են կարում իրանց զգեստի վրա, որ հագնում են, ձիու վրա, որ նստում են, բարձի մեջ, որի վրա քնում են, և այլն։ Եվ դրանցից մի քանիսն իշխանին ազատ են պահում հաչաղանքից, մի քանիսը նրա բախտավորության գաղտնիքն են պարունակում իրանց մեջ, մի քանիսը նրան սիրելի են կացուցանում ուրիշների աչքում, նրա հրապույրն են ամփոփում իրանց մեջ և այլն։

    Հենց այդպես էլ, նույն արևելքում, և դեռ այն ժամանակ, երբ բնությունն և յուր երևույթներն էին պաշտվում, երբ աներևույթ ուժերի հետ մարդը կախարդանքներով էր հաշտվում, ապահովվում ու զորանում, կախարդանքներով հռչակված մարաց նահապետը, հեթանոս Հայոց թագավորի երկրորդական Արգավանն էլ յուր իշխանական բարձերի մեջ կարող էր ունենալ զանազան ծաղիկներ, որոնք ունեին այլևայլ զորություններ, պահպանում և ներկայացնում էին իշխանի զանազան զգացմունքների ու հատկությունների գաղտնիքները, և նրանց գողանալը նույն էր, թե գողանալ նրանց զորությունը։
    Ա՛յս է, որ ասել են Գողթան երգիչներն առասպելաբանելով, իբրև թե սիրահարված Սաթենիկը տենչում էր ձեռք բերել Արգամի բարձերից «արտախուր խավարտ և տից խավարծի», այսինքն՝ նորա սե՛րը»։

  • «ԳՐՈՑՍ ԱՆՈՒՆՆ Է՝ ԱՆԳԷՏԻ ԱՆՊԷՏ»…

    «ԳՐՈՑՍ ԱՆՈՒՆՆ Է՝ ԱՆԳԷՏԻ ԱՆՊԷՏ»…

    «ԳՐՈՑՍ ԱՆՈՒՆՆ Է՝ ԱՆԳԷՏԻ ԱՆՊԷՏ»…

    Վաղնջական ժամանակներից ի վեր անհրաժեշտաբար մարդու կենցաղից, ծիսական արարողություններից անբաժան են բույսերը՝ իրենց զանազան օգտակար բաղադրանյութերի շնորհիվ (որպես սնունդ, ամոքիչ…):
    Նրանց օգտավետ, հրաշագործ հատկությունների շուրջ անհատնում պատմություններ են հյուսվել ամենուր և նույնիսկ քաղելու «հատուկ արարողակարգ» սահմանվել:

    Որոշ բույսերի եթերայուղերի այրումից արձակված ծուխն ու գոլորշին իրենց մանրեասպան հատկությամբ մշտապես կիրառվել են՝ վարակիչ հիվանդություններից խուսափելու նպատակով (ինչպես Հին Հունաստանում՝ Աթենքում մոլեգնող ժանտախտի համաճարակի ժամանակ, երբ այրում էին հազրեվարդից (խնկունի, romarin, Rosmarinus), նարդոսից (Lavandula), կծուծից (sarriette), գիհիից (Genévrier, Juniperus) ու զոպայից (hysope, Hyssopus officinalis) կազմված փնջեր՝ վարակից պաշտպանվելու համար):

    Բնության օրենքներն են Հայկազունների հնագույն ուսմունքի հիմքում:
    Եվ Բնության օրենքներով՝ բնական միջոցներով էլ ցարդ առաջնորդվում են Քրմերը՝ հանուն մարդու մարմնի ու հոգու ապաքինման, գործելով «Առաջին դեղը՝ դարմանը մարդու սնունդն է» սկզբունքով (սննդաբուժությունը կարևորելով):
    Բժշկությունն առանց բույսերի անհնարին էր… Եվ՝ «Ամենայն խոտ դալար», «փայտ (ծառ, Կ.Ա.) պտղաբեր» կերակուր էր…
    Քաջառողջության պահպանման, կազդուրման միջոցներն էին նաև ջուրը, կավը, հատուկ սննդակարգը, ծոմապահությունը…

    Արքաների տնկած անտառների, անուշաբույր ու բուրազվարճ պարտեզների, անուշահոտությամբ լի, զվարթացնող բուրմունքով բուրավետ այգիների ծառերի ու ծաղիկների՝ ծաղկոց-բուրաստանների կառուցման մասին հիշատակումներ կան տարբեր դարաշրջաններից՝ հազարամյակներ շարունակ…

    «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի բացատրությամբ՝ «Բուրաստանը»՝ պարտեզը, Դրախտի հոմանիշն է:
    «Բուրաստան՝ Paradisus — Տեղի՝ ուր բուրեն ‘ի ծաղկանց և ‘ի պտղոց հոտք անուշից. նոյն ընդ ձայնիս Պարտէզ՝ ծառոց և ծաղկանց. որ և Դրախտ…
    Որ պարտէզն է, նոյն և Բուրաստան կոչի (Նար. Երգ):
    Զի՞նչ է Դրախտն. թավ վայր, զոր «Ծաղկոց» և «Բուրաստան» կոչեն, ծաղկուտ վայրք, և բուրմունք անուշահոտ վայելմանց (Վրդն. ծն.)»…

    Եդեսիոյ բուրաստանների հիշատակումը կա 12-րդ դարից՝ «Ողբ Եդեսիոյ» հայրենաշունչ պոեմում, ուր Հայոց հինավուրց Եդեսիա քաղաքի (Ուրհայի)՝ 1144 թվականի գրավումից, կործանումից հետո ավերակների վրա սգացող ու վրիժառության կոչող մոր՝ Մայր Հայրենիքի այլաբանական կերպարի միջոցով Լուսավոր անցյալի պատկերներն են հիշվում.

    «Ինձնից կյանքի ջուր էր բխում՝
    Զվարթածաղիկ բույսեր ծնում,
    Գետերի պես վտակ հոսում՝
    Բուրաստանները ոռոգում»:

    Թովմա Արծրունու և նրա շարունակողի (Անանունի) երկասիրությունից մի հատված («Թագաւորելն Արտաշէսի ի վերայ Հայոց»), ուր նկարագրվում է Արտաշես Ա թագավորի կողմից Արտամետի հիմնադրումը՝ Վանա «կապուտակ, ծիրանափայլ» ծովակի դիմաց, երբ, ապառաժ լեռնակը բարեշինելով, արքայանիստ փառահեղ, պարսպապատ ապարանք է դարձնում, ափեզերքի շուրջ՝ անտառախիտ ծառերով, խաղողի գինեբեր որթերով ու զանազան պտուղներով ծաղկավետ բուրաստան-այգիներով, որոնք ոչ միայն ախորժելի են աչքին և հաճելի «հոտոտելիքին»՝ իրենց բուրմունքով, այլև՝ Ասկլեպիոսի (հունական դիցաբանության մեջ՝ Բժշկության դիցի, Կ.Ա.) բժշկական հնարագյուտ գիտության համար են: («…Դաստակերտս մեծամեծս շուրջ զեզերքն անտառախիտ ծառովք և գինեբեր որթովք և զանազան պտղովք. զշենս պատրաստեալ, և շուրջ զամրոցաւն տնկախիտս բուրաստանս ծաղկաւէտս և անուշահոտս ի զանազան ծաղկանց. ոչ միայն ի տեսիլ խտղտման աչաց և ի զուարճումն հոտոտելեաց՝ այլ և ի կազմութիւն դեղոյ բժշկական հնարագիւտ իմաստասիրութեանց կազմեալ Ասկղեպեայ վարժմամբն»):

    Տեսարաններ Արտամետից (Վան քաղաքից մոտ 18 կիլոմետր հեռու)

    Այնուհետև կառուցեց անմատչելի և ապահով մի ամրոց, որն անվանեց «Զարդ», ուր իր կառուցած բարձրաբերձ աշտարակի վրա կանգնեցրեց Աստղիկ Դիցուհու «պատկերը» (քանդակը), և նրա մոտ՝ գանձատուն («և մօտ նորա զտուն գանձու պաշտպանութեան կռոցն»): Ապա, դաշտավայրի արևմտյան կողմում և ծովեզերքին ստեղծեց պարսպապատված ու գոգավոր տարածություն, այն պատեց վայելչագեղ ու ծառաշատ այգիներով՝ դարձնելով «այգեստան տնկախիտ»՝ ի բավականություն աչքերի… («Պատմութիւն Տանն Արծրունեաց», Երևան, 1985):

    Հայկական Լեռնաշխարհն իր անգնահատելի գանձարանով՝ սննդի, դարմանի՝ դեղաբույսերի հարուստ տեսականիով, բուժիչ հատկություններով օժտված աղբյուրներով, հոտավետ տունկերով, ծաղիկներով ու բույսերով, իր բնիկների ավանդույթների, ավանդապատումների հարուստ շտեմարանի կարևորագույն մասնիկն է:

    Ղ. Ալիշանն՝ անդրադառնալով Հայկական բույսերի անուններին՝ «բուսաբառությանը», ուշագրավ տեղեկություններ է հաղորդում «հրաշագործ բույսերի» վերաբերյալ, օրինակ, ինչպես էին ուխտագնացությունների ժամանակ ուխտավորներն իրենց բազկին կամ վզին կապում «փեննան» ու նրա օգնությունը ստանում («Հայբուսակ կամ Հայկական Բուսաբառութիւն», Վենետիկ, Ս. Ղազար, 1895):
    «Մեր վարդապետն Գաղիանոս յիշել է, թէ Փեննայն՝ երբ ի բազուկն կապեն կամ վիզն՝ ուխտաւորքն, օգտէ»:
    Կամ՝ Փենունան ներկայացնելիս՝ «Որ 14 անուն ունի, հրաշագործ ծաղիկ մի է»…

    Իմաստուն ու հրաշագործ Բուսաշխարհի յուրահատուկ հանրագիտարանն է թողել Ամիրդովլաթ Ամասիացին՝ 15-րդ դարում, շեշտելով Գիտության կարևորությունը («անգետների համար»՝ անպետք՝ ոչ պիտանի)…

    «Զայս գիրքս շինեցաք և ստուգեցաք շատ բառերով և պատմութիւններով (ի թվին Հայոց ՇԻՆԷ, այսինքն՝ Շ, 500 + Ի, 20 + Ն, 400 + Է, 7 = 927, որ է 1478 Քրիստոսի), և որ կարդայ հեշտութեամբ յիմանայ, և անգէտն չի յօգտիլ ի սմանէ. և անուանեցաք զայս գրոցս անունն «Անգիտաց անպէտ». և պարտական եմ գիտնականացն և ծառայ ամենայն Փիլիսոփայիցն:

    «Եղիր հետեւող իմաստութեան հետ.
    Եթէ չուսանիս՝ բժիշկ ես անգէտ.
    Լինիս դու գիտուն, արա բանիս պէտ.
    Գրոցս անունն է Անգէտի անպէտ»:

    Բույսերի գաղտնի կյանքի, մարդկանց հետ նրանց հարաբերությունների շուրջ հաճախ խորհրդավոր
    պատմություններ են հյուսվել, որոնց նպատակը նաև բուսաշխարհի պահպանությունն էր, անվնաս կիրառումը (քաղելիս չվնասելու մտահոգությունը)…

    «Գուզել անուն ծաղիկ մի կայ, դեղ է անբժիշկ ցաւերուն,
    Փենահ ծաղիկն ու լօշտակն աստուած դեղ տուել դարդերուն» (Դ. Սալաձորցու «Գովասանք ծաղկանց»-ից):

    «Լոշտակ ասի ‘ի Հայս և արմատ ինչ ի կերպարանս մանկան տղայոյ, զոր եւրոպացիք «մանրագոր» կոչեն» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

    Մ. Խորենացու հիշատակմամբ՝ մանրագոր կար Մոկքում («Մոկք ունի և մանրագոր»):
    «Մանրագոր՝ բոյս կամ թուփ, որ բերէ պտուղ իբր մանր խնձոր ի չափ սիսռան, կամ ողկուզակս՝ որոց հատքն են իբրև արքայկաղնոյ, և ծաղիկն անուշահոտ. զորմէ բազում են կարծիք առ զանազանս. այլ առաւել կարծի բանջար ինչ, որոյ արմատն իցէ որպէս բողկ ուրուական նմանութեամբ մարմնոյ մարդոյ, և լինիցի դեղ թմբրեցուցիչ և քնաբեր. վասն որոյ ասացեալ ‘ի լտ. նաև Circaeum, իբր գործի Կիրկեահ դեղատու վհկի. և Semibomo, կիսամարդ. և Vesanum gramen, բոյս, որ յայլոյ խելս առնէ զմարդ ի սիրոյ»:

    «Երփն երփն ծաղկանցն. որպէս մանրագորն, և վարդն, և շուշանն» (Ագաթանգեղոս):
    «Մանրագորս աղաւաղեալ» (Նարեկացի):
    «Մանրագորաւ բազում անգամ բժիշկք քուն ածեն այնոցիկ, որոց քուն հատեալ իցէ յաչաց, (Վեցօր.)»…

    Դարեր շարունակ որպես կախարդական-հմայական հատկություններով օժտված բույս է հայտնի լոշտակն իր մարդանման արմատով (քաղելիս այն «ճիչ» էր արձակում ու սպանում, ուստի՝ շանը կամ փայտին կապելով էին քաղում՝ հեռվում մնալով):

    Մանրագոր քաղելը պատկերող դրվագ

    Գարեգին Սրվանձտյանի «Մանանայ» ուսումնասիրությունից մեջբերենք լոշտակ բույսը քաղելու հնագույն ծիսական արարողության վկայությունը՝ քրիստոնեության շղարշով (քաղման հատուկ օրեր ու ծեսեր կային և այլ երկրներում, ինչպես, օրինակ, ցարդ Ֆրանսիայում պահպանված՝ «սրբազան յոթ բույսերի» հետ կապված նախաքրիստոնեական ավանդույթը՝ ամառային արևադարձից երեք օր հետո՝ հունիսի 24-ին)…

    Լոշտակի ծաղիկը

    Աղօթք վասն Լօշտակին

    «Ո՛վ ամենօրհնեալ այգի, որ զերկնային զօրութիւն եւ խասիաթ դու ի քեզ ունիս, որ եւ այսքան պարգեւք ետ քեզ բարերարն Աստուած վասն փրկութեան մարդկան։ Նա մեք տաժանեալքս մեղօք գոհանամք յամենառատ ողորմութենէ քումմէ‚ Տէր Աստուած մեր, եւ խնդրեմք ի քէն, որպէս հրամայեցեր Կիպրիանոս թագաւորին… վասն դեղոյս, եւ դեղս օրհնեալ է Աստուծոյ եւ ամենայն սրբոց նորա։ Դու ես թագաւոր ամենայն խոտից, եւ որ գոյացոյցն զքեզ եւ պարգեւեաց քեզ բժշկութիւն ազգի մարդկան ամենայն ցաւոց եւ անուամբ անեղին եւ անմահին Աստուծոյ ողորմածին եւ բարերարին Աստուծոյ եւ Ս. Առաքելոց, Մարգարէից, Մարտիրոսաց, Հայրապետաց, Ճգնաւորաց, Կուսանաց, Զինւորաց եւ Ս. Հրեշտակաց եւ Հրեշտակապետաց, եւ ամենայն երկնային զօրաց, եւս առաւել ամէնօրհնեալ Ս. Կոյս Աստուածածնին բարեխօսութեամբ օրհնեալ լինիս դու‚ Լօշտակ, զօրութեամբ Ամենակալին, աջովն Անեղին, բազկովն Հզօրին աղտահարեալ վանեսցին եւ խորտակեսցին դեւք, եւ քակտեսցին մեքենայք, եւ սասանեսցին խումբք, եւ շարժեսցին հիմունք այսոց պղծոց, եւ դու լինիս օրհնեալ յայսմհետէ մինչեւ յաւիտեան»։
    Եօթն անգամ ասա եւ ապա հանէ իւր արմատովն, եւ յորժամ քաշես՝ պտուղն պտղեցո ի սուրբ աման, պահէ։ Թէ հանց հանդիպի‚ որ չորս ճեղ լինի, նոր ամանի մէջ ծրարէ, պահէ»։

    Մանրագոր

    Բուսական իմաստուն աշխարհի մասին շարունակությունը թողնելով հետագային, վերհիշնենք Դ. Սալաձորցուն.
    «Սակաւ ծաղկունքն ես եմ գովեր, բազում մնաց վարպետներուն»…

  • «ԾԱՂԿՈՒՆՔ, ՈՐ ԶԱՐԴ ԵՆ ԱՇԽԱՐՀԻՍ՝                ՕՐԻՆԱԿ ԵՐԿՆԻՑ ԱՍՏՂԵՐՈՒՆ»…

    «ԾԱՂԿՈՒՆՔ, ՈՐ ԶԱՐԴ ԵՆ ԱՇԽԱՐՀԻՍ՝ ՕՐԻՆԱԿ ԵՐԿՆԻՑ ԱՍՏՂԵՐՈՒՆ»…

    «ԾԱՂԿՈՒՆՔ, ՈՐ ԶԱՐԴ ԵՆ ԱՇԽԱՐՀԻՍ՝
    ՕՐԻՆԱԿ ԵՐԿՆԻՑ ԱՍՏՂԵՐՈՒՆ»…

    Հայ ժողովրդի կենցաղում պահպանվել են հնագույն ծիսահմայական արարողությունների վերապրուկները, որոնք, դարերի, հազարամյակների ընթացքում կորցրել են իրենց նախնական պաշտամունքային իմաստն ու նշանակությունը: Ասվածի ցայտուն դրսևորումներն են Հայոց ազգային պարերը, ծեսերն ու տոները:
    Հնագույն ծիսական իմաստը տոնի բովանդակությա՛ն մեջ է արտահայտվում՝ հնչող երգերի, կատարվող պարերի ու թատերականացված գործողությունների համաձուլվածքում:

    Մայր Բնությունը մարդու Սնուցողն է, նրա մարմնի ու հոգու առողջության պահպանման անհատնում գանձարանը, որից մարդկությունն օգտվում է անհիշելի ժամանակներից ի վեր:
    Բնությունն իր գաղտնիքներով, իր անբացատրելի ուժով ու խորհրդով միշտ եղել է Մարդու աշխարհայացքի կերտողը:

    Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին, Նոր տարվա, Նոր Գարնան, Նոր Փթթումի ու Պտղաբերության ավետմանը՝ Ծառզարդարին հաջորդում է ցողով շաղված Բնության Ծաղկումը՝ Ծաղկազարդը, որի նկարագրությունն է 17-րդ դարում Կարնո գավառի Սալաձոր գյուղում ծնված՝ Հայ տաղասաց Դավիթ Սալաձորցու «Գովասանք ծաղկանց» տաղում:
    Ահավասիկ ծաղիկների «անմահական բուրմունքով» մի հատված.

    «Երկոտասան ամիսք որ կան, մարտն է խարիսխ հիմն տարուն:
    Յորժամ մարտի ամիսն գայ, Տէրն հրաման կու տայ Հողուն,
    Հողն ի քնուն հետ կու զարթի, ճամբայ կու տայ բոյս եւ տնկուն,
    Բուսնին գետնէն, ի վեր կու գան, կանանչ հագնին բուսքն բիթուն,
    Ապա օդոյն հրաման կու տայ, որ կու թափէ զցօղն ի յամպուն,
    Ցօղէ, զաշխարհս կու ցնծացնէ, դաստուր լինի ծաղկներուն:
    Ուրախանան երկինք, գետին, բուրէ հոտն անմահութեան,
    Ծաղկունք բուսնին հարիւր հազար, ցեղ-ցեղ ներկած եւ գունզգուն,
    Թուրլու-թուրլու հոտեր ունին, մինն քանց զմիւսն սիրուն»:

    Անդրադառնալով հին հեղինակների՝ Թեոփրաստի, Դիոսկորիդեսի, Գալիենոսի, Ստրաբոնի, Պլուտարքոսի, Պլինիոսի «յիշածքն ի Հայաստան»՝ Հայաստանի մասին թողած վկայություններին, Ղևոնդ Ալիշաննն իր «Հայբուսակ»-ում հիշեցնում է, որ Հայկական Լեռնաշխարհը «բաւական հարուստ և նշանաւոր է սննդեան, դարմանոյ և բժշկական բույսերով և ծաղկամբք և հոտաւէտ տունկերով, եւս առաւել՝ պտղաբերօք», ցավով նշելով, որ անխնամության պատճառով շատ են պակասել մեր երկրում վայրենի ծառերն ու անտառները՝ մեծ մասամբ դառնալով «լերկ ու մերկ», «մինչդեռ Քրիստոսից մեկ դար առաջ և հետո Հռովմայեցիք հիանում էին Հայոց թանձրախիտ անտառների բարգավաճության վրա, իսկ նրանցից չորս-հինգ դար առաջ հույն հեղինակներն էին իրենց ականատեսի վկայություններով պատմում այդ թանձրախիտ անտառների մասին» («մինչեւ ի մատենագրաց նախնեաց մերոց անփայտ կոչուիլ այն կողմերու՝ որոց բարգաւաճութեան վրայ կը հիանային Հռովմայեցիք, Քրիստոսի թուականէն դար մի առաջ և յետոյ, իսկ չորս-հինգ դար առաջ՝ յոյն հեղինակք տեսութեամբ իսկ կու վկայեն թանձրախիտ անտառաց»)։

    Աշնանը բույսերի «տերեւընկէց»-ից՝ տերևաթափից ու «պարարեալք ձմերասունք լինելուց» հետո, ծաղիկների, բույսերի արմատների «սառնապատք ձիւնաթաղք»-ից հետո՝ հաջորդում է գարնանը ծառերի, ծաղիկների՝ Բուսական աշխարհի բողբոջումը, մանրախոտի դալարումը՝ զարդարելով Բնությունը (ու, հատկապես, ապահովելով մարդկանց կենսականորեն անհրաժեշտ սնունդը):
    Եվ այս հավերժական Վերազարթոնքը փառաբանվում է «Ծառզարդար» և «Ծաղկազարդ» տոներով, համապատասխան ծեսերով (հիշյալ երկու տոները տարբեր են և նշվում են տարբեր ամիսներին՝ ծառերի ծաղկուքը՝ «ծառոց ուղեշքը»՝ ընձյուղումն ու բողբոջումը, սաղարթապատումը՝ Ծառզարդար՝ Արեգ ամսին՝ մարտին, այնուհետև՝ ծաղիկների, կանաչի՝ դաշտերի դալարաբերությունը՝ դալարախոտի ծաղկունքը՝ Ծաղկազարդ՝ Ահեկան ամսին՝ մայիսին)…

    «…Սակայն ի ժամանակս գարնայնոյն հասեալք՝ ամպաշաղք, որոտընդոստք, անձրեւաբուղխք, ցօղահարք, ամպասունք (կամ ամարասունք), ի վեր բերեն զիւրաքանչիւր օրինակ բուսոցն եւ տերեւոցն»… և «մանրախօտքն դալարիքն», «նաեւ՝ սերմանիքն օգտակար մարդկան. որպէս Ցորեանն եւ Հաճարն եւ Գարին եւ Կորեակն…», որոնցից յուրաքանչյուրը գարնանը հարություն է առնում՝ իր բույսով, իր համով, հոտով, բողբոջով, ծաղկով ու ընտով՝ ծաղիկն ու ծառատունկը զարդարելով. «…որք իւրաքանչիւր յիւրում ժամու ի գարունն՝ ցուցանեն զյարութիւն իւրեանց, բուսովքն, համովքն, հոտովքն, բողբոջովքն, ծաղկովքն եւ ընտովքն. տերեւազգեստ զիւրեանց մանկութիւնն՝ ըստ իւրաքանչիւր տեսակի ագուցեալ…
    Ծաղիկքն եւ ծառատունկքն զարդարին…»:
    «…Իսկ օգտակար ծաղիկքն եւ շառաւեղք ծառոցն դարաստանաց՝ իւրեանց բնութիւն անդ եկեալ զարդարին ի հասանել գարնայնոյ ժամանակին» (Ղ. Ալիշան, «Հայբուսակ կամ Հայկական Բուսաբառութիւն», Վենետիկ, Ս. Ղազար, 1895):

    «Նախ ձնծաղիկն ու չիկտամն, բարփն ու խաժուակն յառաջագոյն,
    Սոքա չորսն միաբանին ու ձայն ածեն ծաղկներուն.
    Ծաղկու՛նք, զարթի՛ք ի խոր քնուն, քանի՞ պառկիք ներքեւ հողուն,
    Զարթի՛ք, զաշխարհս ծաղկեցուցէ՛ք, բիւրք ի բիւրոց, անթիւ, անհուն:
    Ապա բուսնին ծառք եւ տնկունք, ծաղկին ծառերն պտղատուն,
    Յետոյ բաքռօշն ու կոկռօշն կու ջահառին ի հետ զամպուն:
    Ցինկն դեղին ծաղկէ, ցնծայ, փայլէ, ծփայ մէջ ջրերուն,
    Ջուրն ու չայիր-չիման, ծաղկունք կու ցնծան հետ ձնաբերնուն:
    Լեռն մարմանդ ծաղիկ դառնայ, ծաղկունք ծաղկին ի սարերուն,
    Սար ու ձոր ծաղկին, ծիծաղին, ծափ զարնեն, ծփան բիւրագոյն»:

    …«Ծաղկունքն ամէն յերամ ժողովել, ծաղիկ կու տան մեղուներուն»,- շարունակում է Դ. Սալաձորցին՝ ծաղիկների գովասանական իր տաղն ավարտելով՝

    «Ծաղկունք որ զարդ են աշխարհիս, օրինակ երկնից աստղերուն.
    Սակաւ ծաղկունքս գովեցի, բազումն մնաց վարպետներուն»…

    Հ.գ. Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «ՓՈՂԵՐ ՀՆՉԵՑԻՆ, ԹՄԲՈՒԿՆԵՐ ԶԱՐԿԻՆ,                  ԵՎ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ ԱՇԽՈՒՅԺԻ ԲԵՐԻՆ»…

    «ՓՈՂԵՐ ՀՆՉԵՑԻՆ, ԹՄԲՈՒԿՆԵՐ ԶԱՐԿԻՆ, ԵՎ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ ԱՇԽՈՒՅԺԻ ԲԵՐԻՆ»…

    «ՓՈՂԵՐ ՀՆՉԵՑԻՆ, ԹՄԲՈՒԿՆԵՐ ԶԱՐԿԻՆ,
    ԵՎ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ ԱՇԽՈՒՅԺԻ ԲԵՐԻՆ»…

    Հնագույն դիցաբանական պատումներում Արարչագործության սկզբնավորումը Դիցերի մենամարտով է սկսվում. «Կումարբիի շարքը», «Գիլգամեշը», Զևսի շուրջ հյուսված պատմությունները… (համաձայն գրեթե բոլոր ուսումնասիրողների, հունական դիցաբանության «ծննդաբանությունը» «Կումարբիի շարքի» ձևափոխված արձագանքն է):

    Գոտեմարտող երկու ըմբիշների մենապայքարը՝ ըմբշամարտը, թերևս ամենահին մարզաձևն է աշխարհում: Մրցակցի թիկունքն առաջինը գետնին դիպցնողն է հաղթանակողը:
    Այստեղից էլ հայերենում հայտնի դարձվածքը՝ մեկի մեջքը գետին զարկելը՝ զգետնելու, Հաղթանակի իմաստով: «Մեջքը գետնին դիպչել»՝ հաղթվել, տապալվել է նշանակում:
    «Մեջքը գետին չտալ»՝ չնվաստանալ…

    ԿՈխ
    Նկարիչ՝ Վանո Խոջաբեկյան

    Տարբեր երկրներում վաղնջական ժամանակներից տարածված ու մեծ համբավ վայելող այս մրցապայքարը պատկերող բազմաթիվ պատկերներ են մեզ հասել հազարամյակների հեռվից (բարձրաքանդակներում, որմնանկարներում, սափորների նկարազարդումներում)…

    Եգիպտոսում՝ մոտ 4.000 տարվա վաղեմության Բենի Հասան հնավայրի դամբարանական որմնանկարները, որոնցում պատկերված բազմաթիվ կենցաղային տեսարանների շարքում առանձնահատուկ տեղ ունեն ըմբշամարտի զանազան հնարներով պատկերները:

    Հայոց Քաջահաղթ Նահապետի՝ Հայկի՝ իր ախոյանի հանդեպ տարած հաղթանակով է նշանավորվում և Հայկազունների պատմությունը…
    Անդրադառնալով Հայ առասպելաբանության հերոսներից՝ Տորք Անգեղին, Ղ. Աղայանը «հսկաների մենամարտի» հին ավանդույթն է ակնարկել՝ Հայկանուշ Գեղեցիկի ամուսնության առիթով (մի հատված կտեղադրենք վերջում՝ որպես հիշեցում):

    Հայոց ազգային տոնախմբություններից անբաժան գոտեմարտը՝ կոխը, հազարամյակներ թևակոխելով, չնայած քրիստոնեության տարածումից հետո հաստատված՝ ազգային ծեսերի արգելքին, հարատևել է մինչ օրս:

    Հայոց Նավասարդյան և մյուս ծիսական տոնախմբությունների նման, Հռոմեական կայսրության վերջին կայսեր՝ Թեոդոս Ա-ի հրովարտակով 393 թվականից արգելվեցին ու դադարեցվեցին նաև Հին Աշխարհի մեծահամբավ մրցումները՝ «Արագ, բարձր, ուժեղ» կարգախոսով մրցող մարզիկների Օլիմպիական խաղերը՝ որպես Դիցանվեր տոնակատարություններ (թեև մասնակիցների թվում էին արքաները, իմաստասերներն ու հռետորները…):

    Հին Հունաստան. սափորի նկազարդված մի դրվագ՝ մենամարտի տեսարանով

    Նավասարդյան խաղերի ու ազգային տոների ընթացքում Հայոց վեհադիր մեհյանների շուրջ ցնծացող ոգով մրցախաղերով ու շուրջպարերով անթեղված՝ Հայորդիների սրտերում Նախնյաց ավանդույթները պահպանվեցին քրիստոնեության տարածումից հետո նույնպես՝ ի հեճուկս եկեղեցու սահմանած արգելքի:
    Եվ «թագավորների օրենքով ու նրանց օրերի» հնագույն ծեսերի ու տոնախմբությունների ժամանակ իրենց բարձրաբերձ լեռների քարայծների մորթուց պատրաստված թմբուկների որոտն ու հնչող փողերի, բամբիռների ելևէջները հազարամյակների հեռվից հասան մեր օրերը:

    Իհարկե, փոքր-ինչ ձևափոխված. Հայոց ծիսական՝ ռազմական պարերում նաև՝ ռազմամարզական խաղերում…

    Մարտախաղերից մեկի՝ Յարխուշտայի մասին է հիշեցրել անվանի ազգագրագետ-բանահավաք Վարդ Բդոյանն իր գրքում:
    «Յարխուշտան Սասունցիների ամենասիրած խաղերից էր, որ կատարվում էր բազմաթիվ հանդիսատեսների ներկայությամբ: Խաղին մասնակցում էին պատանիներն ու հասակավորները, նույնիսկ ծերունիներն՝ անզուսպ հետաքրքրությամբ:
    Յարխուշտա խաղացողները բաժանվում էին երկու բանակների, յուրաքանչյուրը՝ 10-20 և նույնիսկ ավելի մարտիկներով, որոնք ճակատ-ճակատի կանգնած երգում, պարում էին և երեք անգամ ծափ տալուց հետո, հարձակում գործում իրար վրա՝ ուղիղ գծաշարով, համաչափ և ռիթմիկ, երեք անգամ բաց ձեռքերն իրար ուժգին խփում, անմիջապես ետ քաշվում, դարձյալ երգ ու պարով կրկնում նույնը:
    Խաղը տաքանում, եռում էր՝ մինչև մի կողմն իրեն պարտված էր զգում:
    Յարխուշտա խաղացողները իշխանական ռազմական տարազ էին հագնում՝ զինված դաշույնով, որ կապվում էր մեջքին՝ աջ կողմի առաջամասում:
    Խաղը կատարվում էր ուխտագնացության ժամանակ՝ Անդոկի, Մարութա սարի, Ծովասարի և Մշո Սբ. Կարապետ վանքի տոներին, ինչպես նաև հարսանիքների և քեֆերի ժամանակ»:

    Վ. Բդոյանի աշխատասիրությամբ կազմված՝ «Հայ ժողովրդական խաղեր» վերնագրով երկհատոր ուսումնասիրության էջերում (հ. Ա, Երևան, 1963) հիշատակվում են Երևանի Մատենադարանի ձեռագրերից քաղված հատվածներ, որոնք փաստում են մրցախաղերին կանանց մասնակցությունը, ինչպես Տիգրանակերտի գյուղերում հայտնի «Պատերազմ» ծիսական խաղը, որի դերակատարները հրազեններով սպառազինված կանայք էին…
    Ուշագրավ մի դրվագում հիշվում է Կիլիկիայի պատմությունից մի դեպք.
    «Սպորտային խաղերին մասնակցում էին ոչ միայն տղամարդիկ, այլև՝ կանայք: Հիշենք Կիլիկիայի քաջարի ռազմիկ ասպետ Լիպարիտի քրոջ հաղթական մենամարտը իսմայելացի ըմբիշի հետ (Ձ. N 3569, էջ 28ա-28բ), Զեյթունցի կնոջ հաղթական ըմբշամարտը Մսրա սուլթանի ըմբշապետի հետ (Ձ. N515, էջ 27բ-28գ), Գորիսեցի կնոջ հաղթական մենամարտը մոնղոլ ըմբիշի հետ և այլն, որպիսի հաղթանակներն, ըստ բանահյուսության, կանխում էին այն ավերիչ պատերազմները, որ նախապատրաստում էին օտարները Հայերի դեմ» (նշվ. աշխ., էջ 48):

    Անդրադառնալով Հայոց ավանդույթներում գոտեմարտի դերին, հեղինակը գրում է.
    «Սեբաստիայում մենամարտիկները միմյանց հետ մրցում էին նույնիսկ ցուրտ ձմռանը: Նրանք մենամարտի ժամանակ մինչև գոտկատեղը մերկանում էին:
    Հասարակական վայրերում մենամարտը տեղի էր ունենում դավուլ-զուռնայի նվագակցությամբ:

    Ախալցխայում, երբ գոտեմարտությունը կատարվում էր, սովորաբար, միևնույն գյուղի երիտասարդների միջև ուժերը չափելու նպատակով մարմնամարզություն էր, բայց հայտնի փահլևանները երբեմն գնում էին հարևան գյուղերը՝ մրցելու, նախօրոք գրազ գալով՝ մեկ ոչխարով, մոզիկով, երբեմն էլ՝ դրամով: Այստեղ արդեն մարմնամարզության սահմանները խախտվում էին և վերածվում եկամտի աղբյուրի»:

    «Համշենի Հայերի մեջ հարսանեկան գոտեմարտը տեղի էր ունենում մերկ, առանց շապկի, միայն վարտիկը կամ շալվարը հագին: Նախ մի քանի րոպե իրար բարևներ ու «թեմենաներ» էին տալիս, պտույտներ ու փորձեր անում իրարից բռնելու, մինչև որ երկար ժամանակ միմյանց քաշքշելուց հետո մեկին հաջողվում էր հակառակորդին գցել մեջքի վրա. դա համարվում էր հաղթության պայմանը:
    Գցելուց հետո հաղթողն իսկույն վեր էր բարձրացնում ախոյանին և համբուրվում նրա հետ: Ապա երկուսը միասին, ձեռքերը իրար ուսերին դրած գալիս էին ու մի ոտքով ծունկ չոքում «աղաների» ու «իշխանների» առաջ և «բաշխիշ» պահանջում: Ստացած փողը կիսում էին իրար մեջ, իսկ հաղթողը, բացի դրանից, ստանում էր նաև մրցանակ դրված «յաղլուխը»:
    Այս գոտեմարտից հետո հարսնառը շարժվում էր դեպի հարսի հոր տունը, որտեղ ևս նման գոտեմարտեր էին կազմակերպվում»:

    Մենամարտ Հարսնառին
    «Կարսի գյուղերի սովորույթի համաձայն, երբ հասրնառը այլ գյուղից հարսին դուրս էր հանում, ձմռան պայմաններում մի կտրիճ տղա կանգնում էր հարսնառի առջևը և ձյունով թևերը շփելով՝ առաջարկում էր կամ գոտեմարտող, կամ նվեր տալ:
    Կարնոհայերի մեջ նման դեպքերում կտրիճին խմիչքներով հարգելով և նրա ճակատը համբուրելով մաղարն անարգել առաջ էր ընթանում»:

    Հարսանեկան գոտեմարտեր
    «Բորչալուի գավառում պսակի երթին մասնակցում էր գրեթե ամբողջ գյուղը: Բոլորին առաջնորդում էր դավուլ-զուռնան, ապա գնում էին մակարները, պարողները, գոտեմարտիկները, հետո՝ թագավորն ու թագուհին՝ կողք-կողքի, թաշկինակի ծայրերից բռնած:
    Զանազան կտրիճներ ընթացքի ժամանակ գոտեմարտելու ցանկություն էին հայտնում. այդ դեպքերում պսակվողները պետք է սպասեին, մինչև մեկը մյուսին վայր գլորեր և խաչեղբայրը բաժաներ նրանց՝ երկուսին էլ համբուրելով ու մի քանի կոպեկ նվիրելով:
    Ուրիշ անվանի մի ըմբիշ գալիս էր և ճանապարհի մեջտեղը՝ խաչեղբոր առջև չոքում, որով կամենում էր ասել, թե կամ իրեն հետ գոտեմարտելու խիզախությունն ունեցող ըմբիշ դու՛րս բերեք, կամ՝ նվե՛ր տվեք:
    Խաչեղբայրը նրան էլ էր գոհացնում, վեր բարձրացնում, հետը համբուրվում: Նույնն էր անում նաև թագավորը (փեսացուն, Կ.Ա.):
    Դսեղում մինչ եկեղեցում խորհուրդն էին կատարում, դրսում՝ փոքր-ինչ հեռու, դավուլ-զուռնի առաջնորդությամբ մակարները միմյանց հետ գոտեմարտում էին: Պսակից հետո նույնն էր տեղի ունենում՝ այս անգամ արդեն փոխած ճանապարհին, մինչև որ հասնում էին նորահարսի տունը:

    Վայոց Ձորում պսակից վերադառնալու միջոցին գոտեմարտերն ու հրացանաձգությունը ավելի սաստիկ բնույթ էին կրում: Շատ անգամ գոտեմարտել առաջարկող կտրիճների հետ ստիպված էին ըմբշամարտել մակարները, որի պատճառով ընթացքը դադարում էր. հարսնևորները շրջան էին կազմում ու գոտեմարտիկները փորձում էին իրենց ուժը. եթե հրավիրող գոտեմարտիկն էր հաղթում, քավորը նրան իբրև տուգանք նվեր էր տալիս, իսկ եթե մակարը՝ մի բաժակ գինի էին տալիս և, գովաբանելով նրան, անցնում էին առաջ:
    Նույնը տեղի էր ունենում նաև Նոր Բայազետում, Սիսիանում, Ախալքալաքում, Կարսում և այլուր:

    Ավշուրմա և կշտուկի
    Էջմիածնի շրջանի Հայթաղ գյուղում (Ուրմեցիներ) պսակի արարողությունից հետո հարս ու փեսայի առջև կտրիճներից մեկը եկեղեցու դուռը բռնում և գոտեմարտող կամ նվեր էր պահանջում: Հարսնետերը մենամարտող տալու դեպքում նվագախումբը գոտեմարտի եղանակ էր նվագում:
    Գոտեմարտիկները աքլորակռվի ձևով վրա էին պրծնում, փաթաթվում, քանդվում և նորից բռնում:
    Բռնում էին «ավշուրմա» և «կշտուկի»:
    Երբ հաղթողը դուռ բռնողն էր լինում, փեսայի հայրը՝ դրամական նվեր տալով, պսակվողներին դուրս բերելու իրավունք էր ստանում:

    «Գոտեմարտ» ամուսինների միջև
    Նորապսակները փեսայի տան բակը հասնելուն պես, սովորույթի համաձայն, տղայի ծնողների միջև՝ պսակվածների առաջ տեղի էր ունենում կեղծ գոտեմարտ:
    Գոտեմարտի նպատակն այն էր, որ կինն ամուսնուն անպայման տապալելով՝ չոքեր նրա կրծքին և խեղդոտելով հնազանդություն պահանջեր: Ամուսինը պարտավոր էր հնազանդվել:
    Հարսնևորները, մանավանդ մակարները, միշտ միջամտում և ամուսնուն բռնելով, ոտը քաշելով, նրան ուժազրկելով ապահովում էին կնոջ հաղթանակը, որը հանդիսատես ամբողջ հասարակությանը մեծ հաճույք էր պատճառում:
    Գոտեմարտին զուգակցում էր կոխի եղանակը, որ կատարում էր նվագախումբը:
    Այս սովորույթը անցյալում տարածված էր Հայաստանի գրեթե բոլոր վայրերում, իսկ մինչև 1940-ական թվականներն ամենից շատ հարատևում էր ամբողջ Արարատյան դաշտում, Աշտարակի, Կոտայքի և մի քանի այլ շրջաններում:
    Գոտեմարտի մեղմացված ձևը որոշ վայրերում ամուսնու կողմից կնոջը շալակելն ու պարելն էր կամ նրան համբուրելը»:

    Ազգային նվագարանների նվագակցությամբ կոխի որոշ դրվագներ՝ ստորև.

    Հ.գ. Հատված Ղազարոս Աղայանի՝ «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմից՝ Ծոբոփորեցի քսան աժդահաների՝ ըմբիշների մասնակցությամբ (Ծոբոփորը Մեծ Հայքի Գուգարք աշխարհում էր, հետագայում տարածքը համապատասխանում էր Վրաստանի Շուլավերի՝ Մառնեուլի շրջանին)…

    Գնաց բանակը. կեսօրին ահա
    Լուր եկավ արդեն, որ բերդումն է նա,
    Բերդում սկսվեց սրինգ ու թմբուկ,
    Եվ ամբողջ գիշեր բարձրացավ աղմուկ.
    Թնդաց Ուփրեթը, դղրդաց սար, ձոր,
    Եվ ձայնը հասավ մինչև Ծոբոփոր:
    Ծոբոփորեցի քսան աժդահա
    Լույսը չբացված՝ եկել են ահա.
    Բերդի պատի տակ իրարից հեռու
    Շնթռել են իբրև գազան ահարկու:
    Մերոնք էլ եկան Տորքի հետ մեկտեղ
    Մինչև երեսուն հսկաներ ահեղ:
    Ծոբոփորեցոց Տորքը բարևեց,
    Ոչ ոք բարևին չի պատասխանեց.

    • «Բարև՛ ձեզ, եղբա՛յրք»,- կրկնում է Տորքը,
      Որ տեսնի նրանց մարդկութեան շնորհքը,
      Դարձյալ լռություն, ոչի՛նչ ձայն, ժպտուն.
      Կարծես մարդիկ չեն, այլ համր անասուն:
    • «Ես ազգականն եմ այս Հայկանուշի,
      Եվ այսօր սրան պիտի տամ մարդի.
      Եթե դուք էլ եք փեսացուներից,
      Պետք է չփախչիք ըմբշական մարտից.
      Մեկը կհաղթե մեկէլ ուզողին,
      Աղջիկը կմնա վերջին հաղթողին.
      Եթե ուզող եք, եկեք ներս գնացեք,
      Աղջկա առջև մենամարտեցեք»:
      Ծոբոփորեցիք իսկույն վեր թռան,
      Եվ ներս խուժեցին փղերի նման:
      Բոլոր հյուրերը բարձրացան վերև,
      Իսկ ըմբիշները կանգնեցին ներքև.
      Ամենից վերջը Տորքը վեր ելավ,
      Եվ Հայկանուշին զեկուցում տվավ.-
    • «Բացի հյուրերից եկել են ահա
      Իրանց կամքովը քսան աժդահա.
      Թող սրանք կռվեն, իսկ մենք կնայենք,
      Եվ վերջինի հետ հաշիվ կտեսնենք»:
    • «Հիմա թողեք ինձ,- ասաց ծերունին,
      Որ հասկացնեմ մեր այս քաջերին
      Ուղիղ կանոնը մենամարտության,
      Որ արգելք չլնին մեր ուրախության:
      Եվ հասկացրեց, որ վիճակ ձգեն,
      Վիճակն ու՛մ ընկնի, նախ նրանք մրցեն:
      Փողեր հնչեցին, թմբուկներ զարկին
      Եվ ըմբիշներին աշխույժի բերին.
      Իսկ Հայկանուշը պատշգամբի վրա
      Նստած է իբրև մրցման առարկա.
      Երբ նայում են նրան փեսացուները,
      Կրկնապատկվում է նրանց ուժերը:
      Ահա երկուքը ասպարեզ մտան,
      Կռվարար ցուլի ու գոմշի նման.
      Պտտեցին երկար, մինչև վերջապես,
      Իրար ճանկեցին երկու արջի պես.
      Մինը մեկէլից խիզախ, համարձակ,
      Թնդաց գետինը նրանց ոտքի տակ:
      Մերթ բարձրանում են, մերթ գետնին քսվում,
      Մերթ գոմշու նման գլուխ գլխի զարկում.
      Չոքում ու կանգնում, վայր ընկնում կրկին,
      Ո՛չ մեկի մեջքը չի՛ խփվում գետնին:
      Ամբողջ երեք ժամ այսպես կռվեցան
      Եվ հետզհետե ավելի տաքցան.
      Իրար միս բռնած առյուծի ճանկով,
      Գջլտում էին ինչպես աքցանով:
      Վերջն, ինչպես եղավ՝ մեկը սայթաքեց,
      Մեկէլը նրան հաղթած համարեց.
      Բայց ընկած հսկան վեր թռավ կրկին
      Եվ նորից բռնեց իր ախոյանին,
      Բռնեց, բարձրացրեց, և այնպես զարկեց,
      Որ մեկ թզաչափ գետնի մեջ թաղեց:
      Եվ նա հաղթեցավ, հաղթեցավ իսպառ,
      Մեռածի նման մեկնվեց շնչասպառ.
      «Ապրի՛ս, քա՜ջ, ապրի՛ս»,- հյուրերն ասացին.
      Եվ հաղթող ըմբշին գովաբանեցին.
      Բայց մյուսներին էլ նա պիտի հաղթեր,
      Որ նպատակին հասած համարվեր.
      Եվ հեշտ չէր հաղթել բոլոր քսանին,
      Նա հազիվ հաղթեց միայն երեքին:
      Հինգերորդ հսկան չորս հոգու հաղթեց,
      Իսկ տասներորդը տասնին վայր ձգեց,
      Անունն Ավագ էր, ամենից զորեղ,
      Սա պիտի հաղթեր և Տորքին ահեղ:
      Ե
      Տորքը վեր կոչեց Ավագ հսկային,
      Եվ նստեցրեց նրան իր կողքին.
    • «Դո՛ւ եղար հաղթող,- ասաց մեր հսկան,
      Քեզ արժանի՛ է պարգև պատվական.
      Բայց դարձյալ մեկին դու պիտի հաղթես,
      Որ մրցանակը լրիվ վաստակես:
      Եթե դու ինձ հետ կռվել չուզենաս,
      Դարձյալ մեր այս տան փեսա կդառնաս.
      Այս աղջիկներից մեկը քեզ կտամ,
      Եվ քեզ հետ սիրով եղբայր կդառնամ»:
      -«Իսկ Հայկանուշին դու ինքդ կառնես,
      Եվ խաղ ու պարով հարսանիք կանես.
      Ես համաձա՛յն չեմ. կկռվե՛նք մեկտեղ,
      Թեկուզ դու լինիս ինձանից զորեղ.
      Թող Հայկանուշի համար ես մեռնիմ,
      Բայց ոչ ուրիշի ամուսին լինիմ.
      Կամ պետք է հաղթել և կամ թէ մեռնել,
      Հաղթահարություն չեմ կարող տանել»:
    • Հոգնած ես այսօր, դեռ հանգստացի՛ր,
      Ու ինձ հետ փոքր-ինչ մոտ ծանոթացի՛ր,
      Եվ այնուհետև երբ որ ուզենաս,
      Ինձ միշտ հրամանիդ պատրաստ կունենաս:
    • «Շատ լավ պայման է,- ասաց ծեր հսկան,-
      Ձեր մրցությունը կթողնենք վաղվան»:
      Ծեր հսկայի խոսքն ըմբիշն ընդունեց,
      Եվ իսկույն մի ճոխ սեղան պատրաստվեց,
      Կանչեցին և մյուս աժդահաներին,
      Որ հացկերույթին մասնակից լինին.
      Կերան, կշտացան և զվարթացան,
      Հոգնածություններն իսպառ մոռացան:
    ԿՈԽ (1943թ.)
    Նկարիչ՝ Հարություն Աթոյան
    Հ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հավաքածուից
  • «ՄԵ՛ՆՔ,  ԶԱՎԱԿՆԵՐԴ ՕԳՈՍՏԱՓԱՌ,                 ՊԻՏԻ ԿԵՐՏԵ՛ՆՔ                ՆՈ՛Ր  ԱՐՇԱԼՈՒՅՍ»…

    «ՄԵ՛ՆՔ, ԶԱՎԱԿՆԵՐԴ ՕԳՈՍՏԱՓԱՌ, ՊԻՏԻ ԿԵՐՏԵ՛ՆՔ ՆՈ՛Ր ԱՐՇԱԼՈՒՅՍ»…

    «ՄԵ՛ՆՔ, ԶԱՎԱԿՆԵՐԴ ՕԳՈՍՏԱՓԱՌ,
    ՊԻՏԻ ԿԵՐՏԵ՛ՆՔ ՆՈ՛Ր ԱՐՇԱԼՈՒՅՍ»…

    «Ցեղին Հոգին արիւն կու լայ մէջս, հրդեհուած քաղաքներէն եկող ամէն լուր տաք մոխիրի պէս կը թափի գլխիս եւ սրտիս վրայ»:
    Դանիէլ Վարուժանի խոսքերն են…

    1914 թվականի մարտի 26-ին, ի պատասխան Վարդգես Ահարոնյանի նամակի, նա գրել է.
    «…Հայութիւնը կը խեղդուէր սուրի ու սովի մղձաւանջին մէջ, ու ես չուզեցի տեղ տալ իմ անձնական ցաւերուս, գրեթէ լռեցուցի իմ սիրտս ու նախընտրեցի երգել Ցեղին Սիրտը, որուն բաբախիւնները կը լսէի իմ մէջս, իմ սեփական արիւնիս խորը։
    Հայութիւնը կու լար ու կը մռնչէր իմ մէջս…»։

    «Բաղձանքս է ապագայի մարդերուն նուիրել այնպիսի հզօր Երգ մը՝ որ Հայրենիքը ինծի պէս
    արարած մը ծնած ըլլալուն գոնէ չզղջայ»:

    Հայ ազգի կրած տառապանքներից «մռնչացող» սրտով, «Բագինի վրա» իր Հայրենիքի հանդեպ ունեցած Սերը նվիրելով, նա «Հայրենիքի Ոգով» հզորացման կոչ էր անում ուժասպառված իր ազգակիցներին…
    «Հայրենիքի, Նախնիների Ոգով» պետք է «Հայկական Հպարտությու՛նն» արթնացնել դարերի տառապանքից ընդարմացած՝ զգայնությունը կորցրած հոգիներում…

    Ե՞րբ պիտի գաս. ե՞րբ մեր գետնին ոյծքերէն,
    Իբր յարութիւնն հողին խըմած շողերուն,
    Պիտի պոռթկան շունչիդ բոցերն երկնապող.
    Կամ մեր երկրին արիւն կաթող ո՞ր աստղէն

    Դու պիտ ‘իջնես հրդեհել

    Զէնքի տըրմուղ ժողովուրդդ,
    Որուն սըրտէն դարերն յաւէտ խըմեր են
    Թորգոմական արիւնն եւ ո՛ղը պարպեր,
    Որուն համար մեր պապերուն ոսկրոտին

    Հովտէ հովիտ սըփըռուած
    Բաժին են լոկ գայլերու:

    …Իսկ որդիներդ թըշուառ
    Կամ հեռացած հօրենական երկըրէն՝
    Կը խառնակին ազգերու խորթ արիւնով,
    Կամ նո՛յն երկրին ծոցին մէջ
    Կը մեռնին լու՛ծն ուսերնուն,
    Ապրողներուն թողլով մաս
    Մերկացում ողջ Հայութենէն, խորթացումն,

    Որով կ’ ըլլան իրարու դէմ թըշնամի

    Եւ թըշնամւոյն դէմ ծառայ:


    Ո՛չ մեր դաշտերն՝ եղած արեամբ ճախճախուտ,
    Ո՛չ պարիսպներն ու տաճարներ քարուքանդ՝
    Զիրենք կըրնան զայրագնել,
    Ո՛չ օտարին ծաղրանքն եւ ո՛չ անարգանք
    Կ’արթընցնեն իրենց հոգւոյն մէջ ընդարմ՝
    Հըպարտութիւ՛նն Հայկական:
    Կը ծառայեն և կ’ողբան,
    Եւ ողբալով ըստրկութիւնն աւելի՛
    Իրենց դէմքին կը յօրինեն վայելուչ…

    Եկու՜ր, եկու՜ր. Ժամանակն ա՛յս է. Եկու՛ր…
    Ահա ցեղէդ մաս մ’ազնիվ

    Գաղափարի, գուպարի մէջ հալումաշ

    Ճամբուդ վըրայ կը սըփռէ
    Իր արիւնին հետ նոր վարդեր, կակաչնե՜ր…

  • «ԶՈՒՌՆԱՉԻՆ ՓՉԵՑ ԿՈԽԻ ԵՂԱՆԱԿ,                            ԱՀԵԼ ՈՒ ՋԱՀԵԼ ԻՐԱՐՈՎ ԱՆՑԱՆ»…

    «ԶՈՒՌՆԱՉԻՆ ՓՉԵՑ ԿՈԽԻ ԵՂԱՆԱԿ, ԱՀԵԼ ՈՒ ՋԱՀԵԼ ԻՐԱՐՈՎ ԱՆՑԱՆ»…

    «ԶՈՒՌՆԱՉԻՆ ՓՉԵՑ ԿՈԽԻ ԵՂԱՆԱԿ,
    ԱՀԵԼ ՈՒ ՋԱՀԵԼ ԻՐԱՐՈՎ ԱՆՑԱՆ»…

    Անհիշելի ժամանակներից ի վեր աշխարհի տարբեր ծագերում ազգային տոներն ուղեկցվել են երաժշտությամբ, երգ ու պարով, ծիսախաղերով, ծիսական զանազան «ներկայացումներով» (հաճախ՝ դիմակավորված, հատուկ հանդերձանքով), նաև՝ մարզախաղերով ու, հատկապես, մրցախաղերով…

    Տոնախմբությունների անքակտելի մաս կազմող հիշյալ ավանդույթների հիշատակումը կա տարբեր ժամանակների գրավոր աղբյուրներում, ինչպես և՝ բանահյուսության մեջ՝ առասպելական պատումներում, ասքերում՝ ժողովրդական զրույցներում, ավանդապատումներում, էպոսներում…

    Հնագույն շրջանից եկող Հայոց ազգային տոներն ու ծեսերը՝ համաժողովրդական տոնախմբություններն ու ուխտագնացություններն իրենց ընդհանրական զվարճություններով, Կյանքի, Ուժի, Մտքի՝ Մարդու Կարողությունների ու Հմտությունների փառաբանման առիթ էին նաև:
    Ամանորին, Բարեկենդանին, Համբարձման տոնին, Վարդավառին, Նավասարդյան տոնական խրախճանքների ժամանակ Բնության Զարթոնքին, Պտղաբերությանը, բերք ու բարիքի առատությանը նվիրված ծիսակատարություններում առանձնահատուկ տեղ ու դեր ունեին Երիտասարդության ուժն ու կորովը գովերգող մենամարտերը, զանազան մրցախաղերը, հեծյալ մականախաղերը (ձիերով), նիզակախաղերը…

    Հասարակության բարոյական վարձատրությունը կարևորելով՝ «գուպարադիրների» ու «թափիչների» ջանքերով ու հսկողությամբ անցկացվող մրցամարտերը (կոխ, գոտեմարտ…) երիտասարդների ֆիզիկական դաստիարակության ձևերից էին, միաժամանակ՝ ուժի ու հաղթության գրավական…
    Ուստի, Դիցերի փառաբանմանը նվիրված հնագույն ծիսատոնական արարողություններից բացի, ամուսնության՝ հարսնառի (հարսին իր հոր տնից դուրս տանելու) ու հարսանեկան ծեսերի անքակտելի դրվագներից էին:

    Մինչև 20-րդ դարի առաջին կեսը գրեթե ամենուրեք Հայոց ուխտագնացությունների, տոնախմբությունների ժամանակ շարունակվում էին ըմբշամարտերը, «ուժփորձուկ խաղերը»…

    «Կոխ»
    Նկարիչ՝ Վանո Խոջաբեկյան

    Դեռևս հնագույն՝ աշխարհարարման դիցաբանական պատումներում առկա՝ երկու ուժերի պայքարի, հսկաների մենամարտի թեման իր խորհուրդն ուներ:
    Հետագայում, հազարամյակների ընթացքում, մեծ դեր ու նշանակություն ուներ առաջնորդների մենամարտը, որը կիրառվել է հաճախ՝ միմյանց դեմ պատերազմող բանակների զանգվածային կորուստը կանխելու նպատակով:
    Հիշյալ երևույթի նկարագրությունը կա «Սասնա ծռեր» էպոսում, երբ Հայոց կտրիճները՝ Մեծ Մհերը, Դավիթը և Պզտիկ Մհերն իրենց Հայրենիքն օտարերկրյա զավթիչների ասպատակություններից զերծ պահելու նպատակով նախ մենամարտում, ապա միայն ձիամարտի են ելնում թշնամու դեմ (հիշենք երեք օր ու գիշեր տևող մենամարտի նկարագրությունը՝ էպոսից)…

    Երիտասարդների միջև մենամարտն իր ծիսական խորհուրդն ուներ, ու «պայքարող» կտրիճներն իրենց «օրենքներն» ունեին (նրանք հաճախ մրցում՝ մարտնչում (ոգորում) էին նաև երգելով)…

    Ընդունված կարգ էր՝ հարսանեկան ծեսի կատակամարտերում՝ կոխի, գոտեմարտի ժամանակ ըմբիշ ընկերներն իրար «գետնով չէին տալիս», միմյանց գրկում-բարձրացնում էին՝ իրենց «ուժը ցուցադրում» կամ՝ միասին կողքի ընկնում՝ «խոզապարկուկի» տալիս:

    Ասվածը փաստող մի հատված՝ Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» ստեղծագործությունից (իսկ «Հնոց ադաթի» խախտման ողբերգական հետևանքները Հ. Թումամյանն է պատկերել «Անուշ» պոեմում, որից մի հատված կներկայացնենք գրառման վերջում՝ ի հիշեցում).
    «…Ընչանք հորսի հավերը հավաքվելն ազապ տղերքը թագավորի ազիզ խաթեր համար իրանց ղոչաղությունը շհանց տվին, ուժերը փորձեցին:
    Երկու-երկու դուս էին գալիս մեյդան ու կոխ պրծնում (ըմբշամարտում): Հառաջ փահլևանի (ըմբիշի) պես մի քանի հետ պտիտ-պտիտ էին անում, քաղցր ծիծաղն երեսներին ծլունդ-ծլունդ էին ըլնում, մոտ գալի, աղպոր պես ձեռներն իրար դոշի տալի, յա թե չէ՝ մին մընի ուսը բուռն անում ու բաց թողնում,.իրար ուժ շհանց տալի, հետո քիչ քիչ մոտ գալի, իրար բռնում, թափէ թափ տալի, ոնց որ երկու ղոչ բերես մեջտեղ կռվացնես. մին մընի լինգ էին քցում ու իրար քաշքշում:
    Ազապ աղջկերանց թամաշեն հո, որ էս վախտին կիտուկ դուրս են գալի և հարսի օթախիցը, քունջ ու պուճախից թաքուն թաքուն մտիկ տալի, մեր ղոչաղների էշխը բերում, տաքացնում, ուժ էր տալի:
    Վեր ընկնողի անումը խեցատի պես կոտրվում ա:
    Թե մի աղջիկ էլ մտքումն էն տղին սիրում ըլնի, սիրտը կոտրում ա, իր խորհուրդն անկատար ա թողում. համա մեր սիրով ջահելներն ե՞րբ կը թողան իրանց ազիզ հընկերի անունը կոտրիլ:
    Հենց որ մինը վեր ա ընկնում, ասում են՝ ոտը սոտ պրծավ (սայթաքեց), յա թե չէ՝ մեջքը գետնով չի՛ դիպավ ու էն հաղթվողի սիրտն ուրախացնում»…

    «Մենամարտերն սկսվում են տղաների այն հասակից, երբ նրանք քայլել են սկսում և կարողանում են ձեռնամարտել:
    Ծնողները և, մանավանդ, պապը մանուկների հրահրողներն ու դատավորներն են:
    Մենամարտի մասին դեռևս գաղափար չունեցող երեխաներն իրար փաթաթվում և միմյանց գետին են գլորում. նրանց օգնում են մեծերը: Երեխայի հետ մենամարտի է բռնվում նաև ինքը՝ տարեց տղամարդը՝ ստեղծելով այն կեղծ դրությունը, թե իբր երեխան նրան գետնում է: Այս շրջանը բավականին երկար է տևում, մինչև երեխան կեղծն անկեղծից տարբերում և մտնում է ինքնուրույն մենամարտելու շրջանը: Հինգ-վեց տարեկանից սկսած տղաներն անվերջ մենամարտում են մինչև պատանեկության վերջը: Այստեղ 1-2 տարով մեծերն իրենցից փոքրերի հրահրողներն ու դատավորներն են: Այս շրջանի մենամարտերի համար որպես հրապարակ ծառայում են փափուկ փռոցները և կանաչ տարածությունները:
    Մենամարտերը հասարակական ուշադրության առարկա են դառնում պատանիների 16-18 տարեկան դառնալուց հետո»,- կարդում ենք Վարդ Բդոյանի՝ «Հայ ժողովրդական խաղեր» (Երևան 1980), կարևոր ուսումնասիրության մեջ, որից քաղված այլ պատառիկներ՝ խնդրո առարկա թեմայի վերաբերյալ, կներկայացնենք հաջորդիվ…

    «Սարոյի և Մոսիի ըմբշամարտը»՝ Հ. Թումանյանի «Անուշ» պոեմից
    Նկարազարդումը՝ Շավարշ Հովհաննիսյանի (1908 — 1980)
    Հայաստանի Ազգային Պատկերասրահի Ֆոնդապահոցից

    «Ադաթ կա սակայն էն մութ ձորերում…» (հատված՝ «Անուշ»-ից).

    «Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
    Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
    Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝
    Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի։
    Ու պարից հետո լեն հըրապարակ
    Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան,
    Զուռնաչին փըչեց կոխի եղանակ,
    Ահել ու ջահել իրարով անցան:

    Հարա՜յ են տալի — «քաշի՜ հա, քաշի՜»…
    Ու դուրս քաշեցին զոռով երկուսին.
    Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի
    Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին։
    Ողջ գյուղը կանգնեց պարըսպի նման,
    Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի,
    Ամեն մի բանակն ընտրեց փահլևան,
    Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի։
    Գոռում են, գոչում երկու բանակից․
    -Սըրտապի՛նդ կացեք, մի՛ վախեք, տըղե՛րք,

    Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
    Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։
    Ու տաքանում են տըղերքը սաստիկ,
    Փեշերը հավաք խըրում են գոտին,
    Գետին են զարկում ձեռքերը հաստլիկ,
    Իրար են հասնում թափով մոլեգին…
    Ադաթ կա սակայն էն մութ ձորերում,
    Ու միշտ հընազանդ հընոց ադաթին,
    Ամբոխի առջև իգիթն իր օրում
    Գետին չի զարկիլ ընկեր իգիթին։

    Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին
    Քաշում են, ընկնում խոզապարկուկի.
    Ընկնում են գետին, ելնում միասին,
    Դըժվար է իբրև հաղթել մեկ մեկի։
    Իզուր է գոռում ամբոխը հարբած,
    Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ,
    Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած,
    Սառել ու կանգնել ինչպես մի պատկեր։
    Անուշը կանգնա՜ծ… Սարոն նըկատեց,
    Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.

    Աչքերի առջև մըլարը պատեց,
    Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք։
    Ու մինչդեռ Մոսին ընկերախաղի,
    Կատակի տալով թողած էր իրեն,
    Ուժ արավ Սարոն, ծընկեց կատաղի,

    Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն։
    Ամբոխը թափվեց հարա-հըրոցով,
    Վեր թըռցրեց ջահել փահլևաններին,
    Եվ ուրախության աղմուկ-գոռոցով
    Հաղթողին փեսի թախտի մոտ բերին։

    Ցընծության ձայնից, ծափերի զարկից
    Շարժվում են, ղոդղում պատեր ու օճորք,
    Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
    Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։

    XIII
    Վեր կացավ Մոսին, իրեն կըտրատում,
    -Թող գա՜, գոռում է,- որ բըռնենք նորից,
    Թե չէ նամարդը, արևս եմ երդվում,
    Էլ չի՛ պըրծնելու երբեք իմ ձեռից։
    Վե՜ր չի գցել ինձ… ինձ խաբե՛լ է նա…
    Մեյդա՛ն բաց արեք, թող մի՛ն էլ մեջ գա…։

    Ու ամեն կողմից ուրախ հըռհըռում,
    Թունալի ծաղրով կանչում են, գոռում.

    -Չե՛լավ, էդ չե՛լավ,
    Վեր չի գըցել դեռ,
    Մոսին թոլ էլավ-
    Խոզապարկուկ էր…
    Հա՛, հա՛, հա՛, տըղե՛րք,
    Շատ էլ լավ կանի.
    Մեջքը թա՛փ տըվեք,
    Թող մի՛ն էլ բըռնի…
    Հա՛, հա՛, հա՛, տըղե՛րք,
    Մեջքը թա՛փ տըվեք:

    XIV
    Եվ աղմկալի հարսանքի տանից
    Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր.
    Արյուն է կաթում սևակնած սըրտից,
    Գընում է ըշտապ, քայլերը մոլոր։

    • Ամո՜թ քեզ, Մոսի՛, թո՛ւք ու նախատինք,
    • Ամո՜թ քեզ նըման գոված իգիթին,
      Մի անու՛նդ հիշիր, մի բոյի՛դ մըտիկ,
      Դեռ քու թիկունքը չէ՛ր տեսել գետին։

    Ինչպե՞ս վեր ընկար դու՝ սարի նըման,
    Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած…
    Դո՜ւ… կու՜չ գաս տակին Սարոյի ծընկան,
    Նըրանից հետո երևաս կանա՜նց…
    Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին…
    Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին…
    Դե մեռի՛ր, էլի՛, գետինը մըտի՛ր,
    Տանը վե՛ր ընկիր՝ իլի՛կ պըտըտիր»…

    Ջիվան Գասպարյանի և կայտառ, պայծառերես ու բոցակնագույն Հայորդիների զվարթ մատուցմամբ՝ «Կոխ պարի» մի կանչ՝ ահավասիկ…

  • «ԿԱՆԱՉԻ ԽՈՏԸՆ ԵՎ ԾԱՂԿԻ ԾԱՌԸՆ՝ ՏԵՐԵՎԱԽԱՌՆ»…

    «ԿԱՆԱՉԻ ԽՈՏԸՆ ԵՎ ԾԱՂԿԻ ԾԱՌԸՆ՝ ՏԵՐԵՎԱԽԱՌՆ»…

    «ԿԱՆԱՉԻ ԽՈՏԸՆ ԵՎ ԾԱՂԿԻ ԾԱՌԸՆ՝
    ՏԵՐԵՎԱԽԱՌՆ»…

    Բնության, Կյանքի հավերժական շրջապտույտի հետ կապված՝ վաղնջական ժամանակներից ի վեր տոնվել է Արարչական՝ Տիեզերական Ծնունդը և Վերածնունդը՝ Բնության Վերազարթոնքը՝ յուրաքանչյուր Գարնան գալուստով…
    Եվ Ձուն՝ որպես Կյանքի, Վերածննդի խորհրդանիշ, կիրառվել է դեռևս հնագույն շրջանում:
    Ծիսական՝ կարմիր ձու ներկելու ավանդույթը կար և՛ Հայոց մեջ՝ Հայկական ողջ Լեռնաշխարհում, և՛ հին Եգիպտոսում, և՛ Հունաստանում ու Պարսկաստանում:

    Խավարի դեմ Լույսի հաղթանակով տոնվող Կյանքի ծնունդը հնագույն դիցաբանական պատումներում է, հետևաբար նաև՝ ծիսակատարությունների շարքում՝ ազգային ծիսա-հմայական պարերում, խաղերում (ինչպես մինչ օրս հարատևած Հայկական կոխը՝ գոտեմարտը, որը Հայոց Նոր տարվա գարնանային տոնախմբությունների անբաժան տարրերից է)…
    Բուսական ու կենդանական աշխարհի բարեբերության, աճի, պտղաբերության փառաբանման նպատակով ողջ բնակչության մասնակցությամբ կատարվող ծիսական տոնախմբություններին անդրադարձել են բազմաթիվ մասնագետներ:

    Ահավասիկ 1913 թվականին գրված ուշագրավ որոշ տողեր՝ Հովհաննես Թումանյանից, շեշտելու համար, որ Հայոց մեջ Արեգ ամսվա Արեգ օրը (մարտի 21-ին) նշվող Զատիկը Գարնան գալուստի՝ Արարչական Մշտանորոգ Վերածնունդի գովերգն է, որն, ավաղ, մեր ազգային մյուս տոների նման, իմաստափոխվել է քրիստոնեության տարածումից հետո…

    «Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ:
    Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով՝ միանգամայն մտերմացել էր հետը:
    Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի՞ անգամ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկ պիտի գա:

    Զատիկն եկավ. և հենց Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին:
    Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես…
    Զատկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և մնաց մի ծանր տպավորության տակ:
    Ես ստիպված էի՝ Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող Բնությունը, իսկ գառան մորթվելու մեղքը գցել Քրիստոսի վրայից ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:
    Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին, երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա, զարմանում է: Ի՞նչ կապ կա էդ օրը և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:

    Էդ օրը, գրեթե ամեն տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու շատ խմել և լավ հագնվել:
    Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր: Եվ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը:
    Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:
    Ի՜նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա՛, իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր է Նրա անսահման սերն ու բարությունը, նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, նրա հեզությունն ու անընչասիրությունը…
    Եվ դարձյալ նույն պատասխանը, որ նա ո՛չ մի կապ չունի էս ամենի հետ, նա դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու Հարություն է առնում ամե՛ն Զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ Բնությու՛նն է:
    Զատիկն է, որ, ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.

    «Վերանա ձըմեռն և գա ամառըն,
    Կանաչի խոտըն և ծաղկի ծառն
    Տերևախառն»…

    Կամ, ինչպես մեր հներն էին երգում.

    «Մարտն կուգար ծաղկըներով,
    Երկնից հաւերն կարդալով….
    Յորժամ Հայոց Զատիկըն գայր»…

  • «ԵՎ Ի՞ՆՉ ԵՆՔ ԹՈՂԵԼ ՁՈՐՈՒՄ ԱՅՆ ՀԵՌՈՒ»…

    «ԵՎ Ի՞ՆՉ ԵՆՔ ԹՈՂԵԼ ՁՈՐՈՒՄ ԱՅՆ ՀԵՌՈՒ»…

    «ԵՎ Ի՞ՆՉ ԵՆՔ ԹՈՂԵԼ ՁՈՐՈՒՄ ԱՅՆ ՀԵՌՈՒ»…

    Նախնիների կերտած ազգային պատմությամբ ու նրանց ժառանգած մշակույթով է ձևավորվում անհատը: Եվ սերնդեսերունդ փոխանցված այդ «Հիշողությու՛նն» էլ կերտում է Ազգային ինքնությունը:

    «Պատմությունը մի վարդապետարան է, որի մեջ ապագա սերունդը կրթվում է՝ զգուշանալով իր Նախահարց (Նախահայրերի, Կ.Ա.) սխալներից և հետևելով նրանց լավ գործերի օրինակին»,- գրել է Րաֆֆին 19-րդ դարում:

    «Հիմա թե դժվար մշակվող հող է, թե դժվար բարձրացվող սար, կամ դժվար իջնել-ելնելու կիրճ՝ մե՛րն է, և մենք պարտավո՛ր ենք սա սիրել: Կարծում եք հե՞շտ է: Չէ՞որ սա ա՛յն երկիրն է, ուր սեփական հոգին խորովել կա: Կամ էլ՝ տեղահան եղած, եկած Արագած սարի ուսերին հենված Սասնա տուն կա: Սա չէ՞որ եղեռն է, սա չէ՞որ լավ բան չէ, բայց սիրում ենք:
    Սա ահավոր բան է, միայն Հայը կարող է սեփական մոխրում հոգին խորովել, բայց… Սրանից հրաժարվել չե՛ս կարող:
    Այսինքն՝ ժողովրդի պատմությունից հեռու գնալ, պոկվել, անջատվել հնարավո՛ր չէ:
    Նրա կենսագրությունից ինչպե՞ս հեռանաս, եթե դա հենց քո՛ կենսագրությունն է» (Համո Սահյան):

    Բարձրալերինք Հայկական Լեռնաշխարհն իր բարձրաբերձ, վսեմ լեռնագագաթներով, խստաշունչ ձմեռներով՝ հազարամյակներ ի վեր կռել ու կոփել է Հայոց Ոգին ու Միտքը: Եվ այս «Սրբազան հողին ու քարերին երկրպագելով»՝ «մեր սրտի հետ անխոս խոսող ավերակների» հայացքի ներքո արարում ու հարատևում է Հայը…

    Մի հատված՝ Գարեգին Սրվանձտյանի (1840-1892) «Թորոս աղբար»-ից, երբ հեղինակը վաղնջական ժամանակներից հայտնի՝ Հայոց կարևորագույն պաշտամունքավայրերից մեկում է՝ Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհի Դարանաղի գավառի բարձրադիր լեռներում՝ Անի-Կամախում (Երզնկա քաղաքից մոտ 42-44 կիլոմետր հարավ-արևմուտք, Արևմտյան Եփրատի ձախ ափին), ուր «ամեն քարից Լույս է արձակվում» (Կամախը հիշատակվում է իբրև բերդ, բերդաքաղաք, նաև՝ հնագույն մեհենական դպրության կենտրոն. այստեղ էր «Ամպրոպային Արամազդի» գլխավոր տաճարը, որը կործանվեց 4-րդ դարի սկզբին՝ Հայաստանում քրիստոնեության տարածման ժամանակ)…

    «Մեր ուղին լեռնային է։ Սեպուհն (լեռը, Կ. Ա.) այս կողմէն երեք փեղկի բաժանեալ կը տեսնուի։ Առաջնոյն վրայէն կ’երթանք մենք։ Ղըզըլբաշ Քրդերը՝ ընտանեօք եւ զաւակօք, բազմութեամբ նստած են այս լեռան գագաթը՝ տօնի հագուստներով եւ աղօթելու կերպով։ Հոն կայ ուխտատեղի մը՝ ՍԵԲԷ անուն, եւ գերեզման մը. ուխտ կ’ընեն հոն։
    Այս Սեբէէն մերթ ընդ մերթ կ’արձակուին կայծակունք եւ որոտմունք եւ լոյս, եւ կը տարածին Սեպհոյ ամբողջ մասերուն վրայ։ Տեղացիք կը հաւատան, թէ այն գերեզմանէն կ’ելնեն այդ նշանները»։

    Արդարեւ, այս անդնդային խորեր եւ երկնաբարձ լեռները այնքա՜ն վսեմութիւն եւ սրբութիւն կ’ազդեն Հայու մը հոգւոյն, որ կը կարծէ, թէ երկնից կամարի մէջ կը շրջի:
    Ամենայն քարինք լոյս կ’արձակեն:

    Կարին, Այծպտկունքի լեռներում…

    Տեղ կայ, ուր մարդու սիրտն ու քնար քար կը դառնայ, քար կայ, որ քար կտրած սիրտեր եւ խորտակեալ քնարներ կը շարժէ։
    Ինչպէս երբ գտնուի մարդ տեսարանի մը մէջ եւ իր չորս դեհէն ձայն քաղցրանուագ զինքն շրջապատող հազարաւոր բերնէ կամ գործքերէ փոփոխակի լսէ, կամ լուսաւոր երեւոյթներ, շարժմունք եւ բոմբիւնք յաջորդաբար ցոլանան ’ի վեր եւ ’ի վայր, առջեւ եւ ետեւ, յաջ եւ ’ի ձախ։
    Կը շարժէ մարդն իր դէմքն ու աչերը՝ լսելու եւ տեսնալու անոնց քաղցրութիւնն, անոնց հրաշալիք։
    Այս վիճակ կ’ունենայ Սեպուհի ուխտաւորն, թէ բարձրանայ ’ի բարձունս լերանց, թէ իջնայ յատակս ձորոց, թէ անցնի այրերու առջեւէն, թէ ջրի մը հանդիպի, թէ ժայռի մը եւ թէ քարամէջ բուսած ծառի մը:

    Սեպհոյ ամէնէն բարձր մասն է «Գոհանամք»-ը, որոյ գլուխը շատ հեռու տեղերէ կ’երեւի, իսկ դեռ շէն մատուռներն են այդ լերան մէջն ու վրան՝ Մանեայ այր…»:

    «…Հեղեղատն ’ի վար կ’ընթանանք՝ երկրպագելով սրբազան հողին եւ քարերուն, կ’անցնինք վանքի ջաղացներէն եւ տնկովի ծառոց պուրակներէն, ովասիսի նման են այս ապառաժներու մէջ, կը մտնենք Գառնի գեղը, կը տեսնենք Թըվկըներ գեղ, եւ կ’ելնենք դուրս ձորէն։
    Քիչ մը յառաջանալով՝ կը գտնենք մեծ պողոտան, որ Երզնկայէն կուգայ Եփրատայ քովէն։
    Մնձուր, որ Տէրսիմի այս մասին անունն է, մեր ճակտին կը զարնէ իւր զովը, եւ մեր աչաց առջեւ կ’արձանանայ բարձրաբերձ, պարսպանման, սպիտակափառ, ձիւնազարդ, որ իր վրայ ծագած մայիսի արեգակն արծաթափայլ կը շողշողացնէ եւ մեր բիբերը կը խտղտեցնէ։
    Մնձուրի այս երեսը որքան վեհ եւ ահաւոր, նոյնքան քնքոյշ եւ գեղադէմ է, ժայռեր եւ պատառուածքներ ունի, կանանչներ եւ դալարիք փռուած են միւս տեղերը։ Շէն եւ աւերակ գեղերը բազմաթիւ կ’երեւան եւ ահա կը յիշեցնեն մեզ այն մեծ գաղթականութիւն Հայոց, որք այս գաւառէն փոխադրուած են ’ի Թէքիրտաղ, Կէլիպօլու քաղաքներ եւ գիւղերը։
    Այսպէս նաեւ քիչ մը յառաջ երթալով՝ պիտի տեսնանք Կամախի բերդաքաղաքի ամայութիւնն եւ անդին գտնուած գեղերուն մինչեւ Ակնայ սահմանը, եւ նոյն իսկ Ակնայ գիւղորէից շատերուն փոխադրուիլը Նիկոմիդիոյ կողմերը, ուր հաստատուելով՝ Հայք իրենց թողած գեղերու անունները իրենց նոր բնակած տեղերուն վրայ դրեր են, որպիսի է Միջագիւղ կամ Օրթա գեղ, Բաղչաճիկ կամ Պարտիզակ, եւ այլն, եւ այլն, եւ միեւնոյն անունները դեռ կը մնան հին գեղերու վրայ։

    Կամախի բերդից մի հատված

    Հեռուանց կ’երեւի մեզ մեր պատմութեան մէջ անուանի անառիկ ամրոցն կամ բերդն Անի։
    Իր ետեւի կողմէն կ’անցնինք։ Աւերա՜կ, յորում կան սակայն շէնքերու մնացորդներ եւ եկեղեցեաց եւ հին մզկիթ մը՝ իր մինարայով։
    Աւերա՜կ, որ իր դիրքով զարմանալի է, արդարեւ ամրոց անառիկ, աւերա՜կ, յոր պահուեցաւ գանձն Խոսրովիդուխտ Արշակունին՝ Արշակունեաց արքունի գանձերով, աւերա՜կ, որ կը խօսի անխօս մեր սրտին հետ եւ Եփրատին հետ, որ իրարու լեզուն կը հասկնան եւ իրարու վրայ կուլան։
    Բերդին տակ՝ ձորաբերանը, շինուած է այս աւանը։ Վտակ մը կը հոսի Մնձուրէն ’ի վայր՝ բերդին ոտները թրջելով, եւ կը բաշխուի բնակչաց թաղը, արտերուն եւ պարտէզներուն։
    Այս ջուրը կը բերէ իրեն հետ գարնան եւ աշնան առատութեան միջոցին հնութեանց կտորներ, դրամներ, փոքրիկ կուռքեր, քարակներ, զորս կը հանէ աւերակաց մէջէն, կամ պահուած հողադարաններէն, եւ ջրոյն նուազման օրերը մանուկները կ’երթան կը ժողվեն, որոցմէ քանիներ տեսանք, եւ շատերը վաճառուած էին ու կը վաճառեն շրջող հնախուզաց։
    Պղնձագործ ուսթա Յարութիւն, որ իր արհեստին բերմամբ կը շրջի քրդերու գեղերն ալ, շատ այդպիսի նիւթերը ձեռք բերած ու ձեռքէ հանած էր։
    Ես գնեցի իրմէն փոքրիկ կուռք մի կանացի՝ ոտները բեկած, եւ մի կարմիր քարակն՝ քանդակեալ մօրուօք, գլուխ մի սաղաւարտով, որ ունի նետ եւ աղեղն եւ մի աստղ եւս իւր վրայ, զոր երեք կողմ դարձնելով՝ երեք պատկեր կը ներկայացնէ, գլուխ մարդոյ, ձի եւ աքաղաղ»…

    «Մայիս 16-ին քաղաքէս մեկնեցանք յԵրզնկայ։ Անմիջապէս սկսանք ել մը, որ կը հանէր Մուսալլայ անունով բարձր լեռ մը։ Որքա՞ն զով է օդ, եւ ի՞նչ պաղ-պաղ ջրերէ կը խմենք։ Լեռան գանգի տարածութեան վրայ լճակ մը կը տեսնանք, որոյ մէջն ու եզերքները երամ թռչնոց կը ճըռուողեն եւ կը թռչտին, ուղեկիցներս կը բացատրեն, թէ Այգըռ գօլու կ’ըսուի այս լճակը, եւ թէ հրեղէն ձիեր ունի իր մէջը»…

    Երզնկայից մոտ 190 կիլոմետր հեռավորությամբ՝ Կարինի սաստիկ ցրտաշունչ ձմեռներին է անդրադարձել իր ճամփորդական ուղեգրություններում Էվլիյա Չելեբին՝ 17-րդ դարում:

    «…Չնայած Էրզրումում ձմեռները խիստ են և սառնամանիքային, սակայն այստեղ հիանալի բանջարանոցներ կան, սեխը, ձմերուկը, կաղամբն ու բադրիջանը, շրեշտը շատ առատ են:
    Հողը բարեբեր է: Վիլայեթը ընդարձակ է և հարուստ. հայտնի են ցորենն ու այլ հացահատիկները, ցանքսերը շատ են, բարիքները՝ լիառատ. ապրուստի միջոցները լավ են և հեշտ:
    Այս բարեշեն քաղաքը հազարավոր աղբյուրներ և ջրեր ունի»:

    Որոշ այգիների ու պարտեզների, վարդերի ու ձմեռային խնձորի հիշատակումից հետո նշում է.
    «Զբոսավայրերում շատ առատ են ուռենիները և բարդիները:
    Ձմեռը երկարատև լինելու պատճառով ցանում, հնձում, կալսում և հավաքում են երկու ամսվա ընթացքում:
    Մեր այնտեղ (Էրզրումում) եղած տարին, հուլիս ամսին մի սոսկալի փոթորիկ բարձրացավ, անձրև ու ձյուն տեղաց: Մեր ձիերը՝ իրենց կապերը կտրելով, փախան շրջակա գյուղերը և 5-10 օր անտեր թափառեցին:
    Ժողովրդի մեջ մի այսպիսի առած կա. մի դերվիշից հարցնում են՝ «Որտեղի՞ց ես գալիս». պատասխանում է՝ «Ձյան բարիքի երկրից»: «Այդ ի՞նչ երկիր է», պատասխանում է՝ «Ցրտից մարդու համար զուլում եղող Էրզրումն է»:
    «Այնտեղ ամառվա հանդիպեցի՞ր», «Ճիշտն ասած, տասնևմեկ ամիս 29 օր այնտեղ ապրեցի. ժողովուրդը միշտ ասում էր, թե ամառը պիտի գա, իսկ ես չտեսա»:
    Կա նաև այսպիսի մի առած. մի կատու կտուրից մի այլ կտուր ցատկելիս՝ օդում սառել մնացել է:
    Ութ ամիս անց, Խևարիզմ Շահի Նևրուզին սառույցը քանդվում է և (կատուն) մլավելով ընկնում է գետնին:
    Իսկապես, եթե մեկը թաց ձեռքով կպչի մի երկաթի կտորի, ձեռքն անմիջապես կսառչի և անհնարին կլինի ձեռքը երկաթից պոկել: Միայն ձեռքի կաշին պոկելով և ծանր ցավեր առաջացնելու գնով կարելի է ձեռքն ազատել»:

    Վերհիշենք Համո Սահյանի հարցադրումները՝

    -Եվ ի՞նչ ես թողել ձորում այն հեռու:
    -Ամպի երդկալով անպաճույճ մի տուն,
    Մանկության միջով անցնող մի առու
    Եվ առվի միջից կանչող մանկություն:

    Եվ ի՞նչ ես բերել ձորից այն հեռու:
    -Ամենն, ինչ որ ինձ Մա՛րդ էր պահելու: