Year: 2022

  • «ՄԵՆՔ ՆՈ՛Ր ՄՏՔԵՐ,  ՆՈ՛Ր ՍՐՏԵՐ,  ՆՈՐ ՀՈԳԻՆԵ՛Ր ՊԻՏԻ ԴԱՐԲՆԵՆՔ»…

    «ՄԵՆՔ ՆՈ՛Ր ՄՏՔԵՐ, ՆՈ՛Ր ՍՐՏԵՐ, ՆՈՐ ՀՈԳԻՆԵ՛Ր ՊԻՏԻ ԴԱՐԲՆԵՆՔ»…

    «ՄԵՆՔ ՆՈ՛Ր ՄՏՔԵՐ, ՆՈ՛Ր ՍՐՏԵՐ, ՆՈՐ ՀՈԳԻՆԵ՛Ր ՊԻՏԻ ԴԱՐԲՆԵՆՔ»…

    «Ինձ համար գրելը երգել է:
    Բոլոր մխիթարությունս սա երկաթի փոքրիկ գրչիս մեջն է» (Ռուբեն Սևակ):

    Արևմտյան Հայաստանի Հայության համար ողբերգական շրջանում՝ իրար հաջորդող կոտորածների ու ջարդերի տարիներին, երբ 1909-ին Կիլիկիայի Հայության կոտորածների գույժն էր Հայ և օտար մամուլում, հարազատներից ստացվող նամակներում, ուսանելու նպատակով հեռավոր Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող տաղանդավոր Հայորդին՝ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը (Ռուբէն Չիլինկիրեան, 1885 — 1915), գրում էր.

    «Սև օրեր կապրինք նորեն, սարսափի օրեր: Հեռագիրները ամեն ժամ նոր գույժ մը կը բերեն»…
    «Գազանների վայրենի խաղին զոհ» դարձած Հայրենիքից հեռու, իր բազմահազար ազգակիցների ողբերգական ճակատագրից փոթորկված սրտով, նա ցասումով բարձրաձայնում էր քաղաքական մի հանդեսում ասված միտքը օսմանյան կայսրության իրականացնող շարունակական ջարդերի և, հատկապես, «հուսահատեցուցիչ «խելոքությամբ» այդ ջարդերը ողջունող Հայերի» առիթով.

    «Ե՞րբ այս ժողովուրդը պիտի սորվի մարդկորեն կատղիլ»:
    «Ու իրա՛վ: Մարդկորեն կատղի՛լ. այս տարրական առաքինությունը կը թվի իսպառ հեռացած ըլլալ Հայու սրտեն»…
    Լինելով բժիշկ, նա խորաթափանց հայացքով քննում է իր Ազգի իրավիճակը՝ ստեղծված կացությունից ելքեր գտնելու նպատակով. համոզված, որ «Խաչն այլևս անզոր է, ապրելու համար «սու՛ր է հարկավոր»… Զի կյանքն անո՛նց է միայն, որ քա՛ջ են»:

    1913 թվականին գրված պատմվածքների, հոդվածների, խորհրդածությունների շարքում («Բժիշկին գիրքէն փրցուած էջեր» խորագրով), անդրադառնում է Հայ ազգի առջև ծառացած զանազան խնդիրներին, ահազանգում այլազան օտար բարքերի վնասները…

    Համոզված, որ Հայության Վերածննդի Լույսը ազգային Դյուցազնակա՛ն Ոգում է և նոր Ոսկեդար է պետք՝ Ցեղի կենսական ակունքներից սնվելով ու զորանալով, նա գրում է.

    «Ո՜վ մարդ, մտածա՞ծ ես երբեք այն հրաշալի բանին վրայ, որ Կեանքն է:
    Կ’ըսէն, թէ համբոյրներ կան, որ Վա՜րդ կը ծլցնեն:
    Վարդն ի՞նչ է որ. համբոյրներ կան, որ Մա՛րդ կը ծնցնեն:
    Ծնողնե՛ր, ուսուցե՛ք ձեր տղաներուն, թէ իրենց մէջ Աստուա՛ծ մը կը քնանայ»…

    «Յիշէ՛ Սպարթացի մօր խօսքը՝ «Վահանովդ կամ՝ վահանիդ վրայ»:
    Պիտի յաղթե՛ս կամ՝ պիտի յաղթուի՛ս, ուրիշ ճար չկա՛յ…
    Բժիշկնե՛ր, սորվեցուցէ՛ք ձեր հիվանդներուն, որ քաջ ըլլան. ապրիլը յաղթե՛լ է:
    Յուսահատներուն համար այս կեանքին մէջ տեղ չկա՛յ…
    Վա՛յ հոգեւոր ու մարմնաւոր տկարներուն, վա՛յ երկչոտներուն, վա՛յ յոռետեսներուն, վա՛յ թերահաւատներուն:
    Վատերուն համար այս աշխարհին մէջ տեղ չկա՛յ…
    Յոգնա՞ծ ես՝ տու՛ր ինծի քու ձեռքդ: Որովհետեւ, եթէ կեանքի պայքարը տիեզերական օրէնք է, իրար օգնութիւնն ալ կենդանական բնա՛զդ է:
    Մենք երգելո՛վ երթանք Վաղուան:
    …Յառա՜ջ, ապրիլը Յաղթե՛լ է»… («Բժիշկին գիրքէն փրցուած էջեր», «Ապրիլը յաղթել է», Լոզան, 1913 թ.):

    «Հին ցեղեր խարոյկներու վրայ կ՚այրէին իրենց լուսնոտներն ու ջլագարները՝ իբրեւ չար ոգիներ։ Պղատոն իր իտէալ հանրապետութենէն կը վանէր մելամաղձոտները։ Սպարտացիներ իրենց տխուր ծնունդները գետը կը նետէին՝ առոյգ ու զուարթ մանուկներ միայն ընտրելով ցեղին պահպանումին համար. ահա ա՛յս կերպով այդ ափ մը փոքրիկ ազգը պատմական դիւցազուններու մեծագոյն ազգը եղաւ։

    Այսօր այդ բարբարոս միջոցները ի սպառ հեռացուած են քաղաքակրթութեան սահմանագլուխներէն, բայց այլասերումի վտանգը երթալով անկարելի համեմատութիւններ կը ստանայ։

    Այս երկաթէ դարին համար երկաթէ՛ ուղեղներ են պէտք»։

    «Բնախօսական օրէ՛նք մ՚է, որ մարմինը իր մէջէն քիչ֊քիչ կը չէզոքացնէ, կ՚անջատէ, կը վտարէ այլասերած մասերը»։

    «Ցեղը մնում է առավել, քան երբեք առողջ ու իր մեջ չեզոքացնում է, անջատում է, վտարում է օտարացած ու այլասերած տարրերը»:

    «Գառնուկի պէս անզէն ցեղ մը ամէ՛ն օր, ամէ՛ն օր կը յօշոտուի։ Իսկ մեր գամբռները խելօքցեր, փիլիսոփայացեր, քաղաքակրթուեր են, տիեզերական եղբայրակցութեան մը խօսքերը կ՚ընեն մեզի, ու կ՚երազեն այն հեռաւոր օրուան՝ ուր գայլ ու գառնուկ մէկտեղ կ՚արածուին…

    Մանուկի պէս տգէտ ցեղ մը ուսման կաթին է կարօտ, այն բարի ու անարատ ու սպիտակ կաթին, որ հիւանդներն իսկ կարենային մարսել»։

    «Որբուկի պէս անտէր ցեղ մը հուժկու, ու լուսեղ ու սիրտբուխ բարբառի մըն է ծարաւ։
    Իսկ մեր գրագէտները հանելուկային, առեղծուածային, խաւարակուռ բաներ կ՚ըսեն իրեն, ու մեր քերթողները՝ գրիչնին Հայ արեան մէջ թաթխելէ վերջ՝ չինարէն տաղեր կը գրեն, որպէսզի մա՛րդ չհասկնայ…

    Թռչունի պէս վիրաւոր ցեղ մը, փոքրիկ վիրակապի մըն է կարօտ՝ իր թեւերը նորէ՛ն բանալու միջոցին մէջ արծիւի պէս սաւառնելու համար։
    Իսկ մեր ընկերաբանները թո՜յն կը փչեն բոյներէն ներս, ու մեզ կը խօսին այն տարտամ ապագաներուն վրայ, ուր Ազգ ու Հայրենիք ու Ընտանիք կը լուծուին համաշխարհային միջազգայնութեան մը մէջ»…

    «Մենք նո՛ր Միտքեր, նո՛ր Սիրտեր, նո՛ր Հոգիներ պիտի դարբնենք»:

    «Այո՛, մեր Ցեղը տարօրինապէս կենսունակ ու աշխատող ցեղ մըն է: Այո՛, մեր հնամենի նաւը դեռ ջուրերուն վրայ կը ծփայ, դեռ չընկղմեցաւ: Բայց ի՞նչ է պատճառը, որ երէկուան նաւակները մեզ արդէն անցան, ու մենք Ուրուական նավին պէս կը ծածանինք դեռ, անխորասուզելի՛, բայց եւ հաստատ ցամաքի մը հասնելու անկարող…

    Ասոր պատճառները շատ բարդ են անշուշտ: Բայց գլխավոր պատճառներէն մեկն ալ ա՛յն է, որ ղեկին գլուխը կը նստեցնենք մեր է՛ն ախտագին, է՛ն այլասերած, է՛ն անպէտ ծնունդները:

    Սակայն ստու՜յգ, ստու՛յգ կ’ըսեմ ձեզի, վտանգը մեծ է, շա՜տ մեծ, աւելի՛ մեծ, քան կրնանք ենթադրել:

    Ժամանա՛կն է հակազդելու, հակազդե’նք:
    Մեզ մի նո՛ր Ոսկեդար մը պէտք է, մի նոր Ոսկեդա՛ր:
    Այլասերո՞ւմ, ո’չ, Վերածնու՛նդ»…

  • «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ»        ԿԱՄ՝  «ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ ԷՐԶՐՈՒՄԻ ԲԱՐՁՐ ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԷՆ»…

    «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ» ԿԱՄ՝ «ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ ԷՐԶՐՈՒՄԻ ԲԱՐՁՐ ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԷՆ»…

    «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ»
    ԿԱՄ՝
    «ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ ԷՐԶՐՈՒՄԻ ԲԱՐՁՐ ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԷՆ»…

    Հայկական Լեռնաշխարհում, Հայկական Պարի արևմտյան հատվածում, Կարին քաղաքից մոտ 8-10 կիլոմետր հարավ-արևելքում, 3174 մետր բարձրության վրա Այծպտկունք փառահեղ լեռնագագաթն է՝ համանուն լեռնաշղթայում:

    Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգը՝ Կարնո Աշխարհը, Հայկական Լեռնաշխարհի բարձրադիր ջրաբաշխ երկիրը, որտեղից սկիզբ են առնում Հայոց խոշոր գետերը՝ Արաքսը, Եփրատն ու Ճորոխը, հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, հանքային ջրերով ու ջերմուկներով, խստաշունչ ձմեռներով, հարուստ հանքերով (քարածխի, նավթի, ոսկու, պղնձի, քարաղի պաշարներով)…

    «Կողմն Կարնո», «Կատար Երկիր», «Վերին Հայք» և այլ անուններով կոչված այս նահանգն իր Դարանաղի, Առյուծ, Մնձուր, Եկեղյաց, Մանանաղի, Դերջան, Սպեր, Շաղագոմք, Կարին գավառներով Հայոց հնագույն պատմության ու մշակույթի հետքերն է պահպանել ամենուր…

    Վաղնջական ժամանակներից ի վեր պաշտամունքային կարևորագույն կենտրոններից էր Դարանաղյաց գավառը, ուր, պատմիչների հիշատակմամբ, Արամազդի գլխավոր մեհյանն էր:

    Եկեղյաց գավառի Երիզա ավանում՝ Երզնկայում Անահիտ Դիցամոր հռչակավոր մեհենատեղին էր, որի շնորհիվ ողջ գավառն էր «Անահտական» կոչվում՝ «Անահտի Երկիր»: Երզնկա քաղաքից մոտ 30 կիլոմետր հյուսիս-արևելքում էր «Աթոռ Անահտայ» լեռը, ուր, ըստ Փ. Բուզանդի, Անահիտ Ոսկեմոր տաճարն էր:

    «Աթոռ Անահտայ»՝ Լեռ Հայկական Լեռնաշխարհում՝ Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհի Եկեղեաց գավառում

    Պատմիչների երկերում (Մ. Խորենացի) հիշվում է Բագահառիճը՝ որպես Հայոց մեհենատեղի, ուր Արտաշես Առաջինի մահից հետո նրա Տիգրան որդին «Հեփեստոսի»՝ Միհրի տաճարն էր կառուցել (հելլենիստական մշակույթի ազդեցության հետևանքով Հայոց դիցերը հունական դիցարանի իրենց համարժեք անվամբ են հիշատակվել):
    Քրիստոնեության տարածման ժամանակ Տրդատ Գ թագավորի ու Գ. Լուսավորչի կողմից այստեղ գտնվող հայտնի մեհյանի կործանման նկարագրությունն է թողել Ագաթանգեղոսը.
    «Գայր հասնէր ի Միհրական մեհեանն անուանեալ որդւոյն Արամազդայ, ի գիւղն զոր Բագայառիճն կոչեն ըստ պարթեւերէն լեզուին»:

    Հայկական Լեռնաշխարհի այս շրջանում՝ Հայկական Պարի արևմտյան հատվածում, Կարին քաղաքից մոտ 8-10 կիլոմետր հարավ-արևելքում, 3174 մետր բարձրության վրա Այծպտկունք փառահեղ լեռնագագաթն է՝ համանուն լեռնաշղթայում:

    Այս նահանգում՝ հինավուրց Կարինում էլ հենց հիմք դրվեց դարերով պարտադրված՝ օտար նվաճողների կեղեքիչ լծի դեմ պայքարին:
    Նախնիների դյուցազնական փառքով ոգեշնչված ու անպարտ ոգով մի խումբ Հայորդիներ՝ Խաչատուր Կերեկցյանի նախաձեռնությամբ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից և Հայերի համար անարդյունք ավարտված Սան Ստեֆանոյի պայմանագրից ու Բեռլինի կոնգրեսից հետո, 1881 թվականի մայիսին հիմնեցին «Պաշտպան Հայրենեաց» միությունը:

    Հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպմամբ՝ սեփական ուժերով Հայաստանի Անկախության վերականգնման նպատակով գործող հիշյալ կազմակերպությունն ազգային-ազատագրական պայքարի էր կոչում հարյուրամյակներ շարունակ թշնամու հարստահարիչ ծանր լծի ներքո գոյատևող Հայ ազգին:

    Կարինի «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպության գործունեությանն է անդրադարձել Հայ արձակագիր, հասարակական գործիչ Ատրպետը (Սարգիս Մուբայաջյան, 1860-1937)՝ «Ալմաստ» երկհատոր վեպում (գրված 1891-1892 թվականներին), ուր մատնանշում է նաև քննվող ժամանակաշրջանում այդ տարածքներում գործող բազմաթիվ կաթոլիկ հաստատությունների հոգևորականության անբարյացկամ վերաբերմունքը դեպի արթնացող ազգային-ազատագրական շարժումները…

    «Հայ եղողը Հայաստանի՛ հողոյն վրայ ինքզինքը կը ճանաչէ, ինքզինքը վեհ եւ կենդանի կը գտնէ, փորձեցէ՛ք եւ տեսէ՛ք»,- գրել է Գ. Սրվանձտյանը:

    Հիրավի, թշնամու դարավոր ճնշումից ու կեղեքումից հետո, քաղաքական իրավազուրկ վիճակից ազատվելու և ազատ Հայրենիքի կառուցման հույսով համակված մի խումբ Հայորդիք ազատագրական Զարթոնքի գործին լծվեցին իրենց Նախնյաց բարձրադիր Հողում՝ Բարձր Հայքում:

    «Իրավացի էր Գ. Օտյանը, երբ գրում էր.
    «…Տասն և իններորդ դարուս մեջ` ազգ մը, որ զարգանալու ընդունակություն ունի և չի զարգանար, հրեշ մըն է և իր վախճանը կորուստ է անխուսափելի»:
    Արևմտահայության առաջընթացն արգելակողը, հոգեկան կարողությունները դրսևորելու հնարավորությունից զրկողը բռնակալությունն էր: Սակայն, բախվելով կաշկանդիչ ուժերի միջնաբերդին, չէր նշանակում, թե արևմտահայությունը խուսափում էր պայքարից. համակերպվելով ստեղծված դրությանը՝ նա չէր կորցրել հավատը, որովհետև, ինչպես գրում էր Ա. Արփիարյանը՝ «Ազգ մը, նախ իր ճակատագրին վրա անպարտելի հավատք պետք է ունենա, որ ապրի»:
    Դժբախտաբար, դարեր շարունակ ենթարկվելով թուրքական անվերջ կրկնվող կեղեքումներին ու հալածանքներին՝ արևմտահայությունը կորցրել էր իր ուժի նկատմամբ հավատը:
    Հայրենիքում տիրող դժոխային, անշարժ այդ վիճակը նկատի ուներ Մ.Պեշիկթաշլյանը, երբ զգաստության ու պայքարի էր կոչում եղբայրներին. «Վասն զի կարծես ալ ժամանակը հասա՛ծ է: Ի՞նչ, երբ ամեն ազգեր արև ու լույս կվայելեն, մե՞նք միայն մթության մեջ կենանք»…

    «Կարինի դեպքերը լայն արձագանք գտան արևմտահության մեջ, ինչն ազդակ հանդիսացավ ինքնապաշտպանական ու ազատագրական պայքարի համար, որի բնաբանը դարձավ «Ձայն մը հնչեց Էրզրումի Հայոց լեռներեն» երգը:
    Երգի տողերը մեզ հուշում են, թե ի՛նչ մեծ սպասելիքներ ու հույսեր ուներ Հայ ժողովուրդն իր անձնվեր որդիների պայքարից: Եկել էր Հայության ազատագրական պայքարի ժամանակը, բոլոր խավերը ոգևորությամբ մասնակցում էին շարժմանը:
    Մեկ կամք ու ոգի դարձած զավակների պայքարը ցնծություն է ծնում վերքաշատ Հայրենիքի սրտում: Այլևս անցել են սգի ու վշտի ժամանակները, մեղմացել է տառապանքը: Այս էր «Պաշտպան հայրենյացի» կատարած մեծ շրջադարձը, այն թե՛ գաղափարական հասունության վկայական է և թե՛ նոր երևույթ Հայ ազատագրական շարժումների պատմության մեջ:
    Կարինում տեղի ունեցած դեպքերը ոտքի հանեցին Հայությանը:
    1890 թ. հունիսի 15-ին Կ.Պոլսում հնչակյանները կազմակերպեցին բողոքի ցույց, որը հայտնի է Գում-Գափուի ցույց անունով:
    Սկսած 1880-ական թվականներից՝ արևմտահայ ազատագրական շարժումների պատմությունը հարստացավ մի նոր երևույթով` ֆիդայական շարժումով, որը տասնամյակներ շարունակ Հայ ժողովրդի պատմությանը պարգևեց մի քանի տասնյակների հասնող սրբացված անուններ:

    Արևմտահայության ազատագրական պայքարը մտավ ճշգրտված հուն: Զինված պայքարն ընտրելով ազատագրության հասնելու միակ ճանապարհ՝ արևմտահայությունը մահու և կենաց պայքարի էր դուրս եկել: Ցավալի է, որ զենքը չդարձավ արևմտահության ստվար մասի անդավաճան ուղեկիցը, ողջ արևմտահայությունը չներգրավվեց հերոսական պայքարին՝ թշնամուն հնարավորություն տալով դաժանորեն ճնշել բուռն վերելք խոստացող շարժումը»,- գրել է Հովհաննես Զատիկյանն իր՝ «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» ուշագրավ աշխատության մեջ, որտեղից էլ քաղեցինք մեջբերումները:

    ՇԱՐԺՈՒՄ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԿԱՐՆՈՅ

    Ձայն մը հնչեց Էրզըրումի Բարձր Հայոց լեռներէն,
    Թունդ-թունդ ելան Հայի սրտեր զէնքի շաչիւնէն:

    Հայ գիւղացին դարուց ի վէր սուր, զէնք չէր տեսած,
    Դաշտը թողուց՝ սուր, հրացան բահի տեղ առած:

    Հայ ծերուկը՝ ցուպն ի ձեռին, լալով խնդրում է
    Հայրենիքի ազատութիւն տեսնել ու մեռնել:

    Հայ տիկինը ըստիպում է ամուսնուն գնալ,
    Պատերազմի դաշտին վրայ վէրք տալ, ըստանալ:

    Քնքոյշ կեանքը ծանր է թւում Հայ օրիորդին,
    Զէնքն ի ձեռին՝ սիրտ է տալիս Հայոց քաջերին:

    Երիտասարդք թոթով լեզուով նամակ ցրուել են,
    Արարատայ դաշտին վրայ զինուորք խմբուել են:

    Ալ բա՛ւ լացիր, Մա՛յր Հայաստան, Երկի՛րըդ փառաց,
    Քո զինուորքըդ մի՛շտ կտրիճ են, որչափ ալ՝ քաղցած:

    Ա՛ռ ու գգուէ՛ այդ Քաջերը քո սրտիդ վրայ,
    Որք կը թափեն իւրեանց արիւն սուրբ Հողիդ վրայ:

    Անմիութիւն՝ տունը քանդող Հայոց խեղճ ազգին,
    Հրաժարեցաւ, տեղի տուաւ Միութեան ձայնին:

    Լսեց սուլթան ու սառեցաւ արիւնը վատին,
    Չէր երազած Հային տեսնել նա այդ վիճակին:

    Եւրոպային լուրը հասաւ շարժման Հայ գեղջկին,
    Ուրախական ողջոյն տուաւ հայրենասէրին:

    Ցնծա՛, Մայր մեր, ո՜վ Հայաստա՛ն, որդիքդ միացան,
    Ութը դարու սուգ ու թախիծ քեզնից վերացան:

    Ուսումն ու Լոյս, Ազատութիւն արդ քեզ են ընկեր,
    Սուր, հրացան, եռանդ ռազմի՝ Պաշտպան անվեհեր:

    «Ձայն մը հնչեց» («Գոհար» համույթի կատարմամբ)
  • ՄԻ ԴԴՈՒՄ ԳԻՆԻ

    ՄԻ ԴԴՈՒՄ ԳԻՆԻ

    ՄԻ ԴԴՈՒՄ ԳԻՆԻ

    «Դդումները քամելով» գինի խմե՞լ եք…
    Մի դդում գինի, գինով լի դդում («Որ ունէր դըդում լի գինւով»)…
    «Գինի ‘ի դդմոյ և ‘ի տկոյ և ‘ի կարասոյ առեալ»,- 15-րդ դարում գրել է Մխիթար Ապարանցին:

    Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը» ստեղծագործության հայրենաբույր էջերում Գևորգ Չաուշի հետ կապված մի դրվագում կարդում ենք (մեջբերենք հատվածաբար).

    «Այդ տարի այնքան ձյուն էր եկել, որ, ինչպես կասեր Սասունցի Ֆադեն՝ «Ճնճուղ որ պառկեր վըր մեջքին ու զոտվնին տնկեր վերև՝ կհասներ աստված»։

    Մենք Սբ. Աղբերիկի սարի վրա, ձյուների տակ մի ընդարձակ այր շինեցինք և մտանք մեջը։
    Երբ ցրտերը սաստկացան, ես Գալեին, Փեթարա Մանուկին, Չոլոյին և Ախոյին ձյուների տակից հանելով ուղարկեցի Սասուն, Սպաղանաց Մակարի մոտ, իսկ ինքս քայլ առա դեպի Սբ. Կարապետի վանքը, որոշելով այնտեղ անցկացնել այդ դաժան ձմեռվա մնացյալ մեկ-երկու ամիսը։

    Ես գիտեի, որ վանքում զինյալ պահակներ կան, բայց իմ վճիռը անխախտ էր, որովհետև այնտեղ էր գտնվում Գևորգ Չաուշը, որից լուր չունեի երկար ժամանակ։
    Գևորգը այդ վանքն էր մտել բքոտ մի գիշեր և թաքնվել նրա խուցերից մեկում»…

    Գևորգ Չաուշը և Մշո Սբ. Կարապետի վանքը

    …«Ու հանկարծ Ստեփանոս վարդապետը իմ ներկայությամբ ծնկի իջավ ծերունի վանահոր առաջ.
    — Ների՛ր ինձ, սրբազա՛ն։ Ես մեղավոր եմ։ Նե՛րիր մեղավորիս։
    Այժմ այնպիսի վիճակ է, որ ես չեմ կարող չբանալ մի գաղտնիք։
    Մեկ ամբողջ ամիս է, որ Գևորգ Չաուշը թաքնված է իմ խուցի մեջ։
    — Իսկ ինչու՞ ես այդ բանը գաղտնի պահել։
    — Որ անվրդով մնայիք և գիշերները չտանջվեիք, սրբազա՛ն։
    Գիտեմ, որ դուք սիրում եք Գևորգ Չաուշին։ Եթե իմանայիք, որ նա այստեղ է, պիտի մտահոգվեիք չարաչար։ Իսկ մտահոգությունը մտքի անդորրն է քանդում։
    Չէ՞ որ, ինչպես ասացիք, վանքի վրա հսկողություն կա։ Ես նրան թաքցրի, որ գիշերները հանգիստ քնեք։
    — Նա ինչպե՞ս մտավ այստեղ։
    — Սուլթանի զորքը ձյուն ու բքին գյուղերն ընկած Գևորգին էր փնտրում։
    Սպաղանաց Գալեի ականջներն ու քիթը սառել, իսկ Փեթարա Մանուկի ոտքերի մատները ցրտահարվել էին։
    Գևորգը նախրապահ Սահակի միջոցով լուր էր տվել ինձ, որ ինքը գտնվում է Գլակա սարի վրա, հիվանդ է և ուզում է թաքնվել վանքում։ Ես նրան ուղարկեցի տաք հանդերձանք և խորհուրդ տվեցի զգուշությամբ մերձենալ վանքին։
    Պայմանավորված ժամին իմ խցիկի լուսամուտին մի ձյունագնդակ դիպավ, և ես ու մեր նախրապահը նրան պարանով վեր քաշեցինք։
    Ուղիղ մեկ ամիս է, որ Գևորգ Չաուշը իմ խցի մեջ է և բոլորովին կազդուրված։

    — Վե՛ր կաց և բե՛ր Գևորգին այստեղ,- ասաց ծերունի վանահայրը։
    Ստեփանոսը ոտքի ելավ և քիչ անց վերադարձավ Գևորգ Չաուշի հետ։

    Նախ մենք գրկախառնվեցինք, ապա՝ Գևորգ Չաուշը և Հեսու վարդապետը։ Վանահայրը այդ հեքիաթային հանդիպման առթիվ բացեց պահարանը և գինով լի մի դդում հանելով՝ առաջարկեց խմել Գևորգ Չաուշի և իմ կենացը։
    — Դու ներված ես, Ստեփանո՛ս,- ասաց վանահայրը: -Երիտասարդները ավելի համարձակ են և կորովի։ Ապագան երիտասարդի ճակատին է և ծերի թիկունքին։
    Այս ֆիդայիների պատճառով գուցե մենք և մեր վանքը կործանվենք մի օր, բայց երբ սուրբը պիտի կործանվի, վանքը ինչո՞ւ համար է։
    Ե՛կ խմենք Գևորգ Չաուշի և իր հավատարիմ հայդուկի կենացը։
    Նա ձախ ձեռքով պահեց մորուքը և աջով դատարկեց գավաթը, վրայից կուլ տալով մի կտոր չորացած մասուր։

    Գինին երբ խմեցինք, Գևորգը դարձավ և մանկան պես ուրախ բացականչեց,
    — Անուշ գինի էր։
    — Իրա՛վ, որ անուշ գինի էր,- հաստատեցի։

    Գևորգի հետ ես վանքում ապրեցի մոտ երկու ամիս, վայելելով վանահոր հյուրընկալությունը և նրա անուշ գինիները։
    Գևորգը Ստեփանոսի հյուրն էր, իսկ ես՝ Հեսու վարդապետի։
    Ապրում էինք պահարանների մեջ՝ ամեն րոպե մեր գլխին զգալով ահեղ վտանգ։

    Երբ ձնհալն ընկավ և Սբ. Կարապետի լեռները սկսեցին կանաչել, պատրաստվեցինք դուրս գալ վանքից։ Նախ պետք է գնար Գևորգ Չաուշը։

    Այդ օրը գյուղերից տուրք հավաքող զինվորներ էին եկել վանք։ Հեսուն գնացել էր նրանց կերակրելու։

    Գևորգն ասաց, «Երբ վանահայրը գա, դու խոսք բաց արա և վանքի գինին գովի։ Ես էլ քո ասածը կհաստատեմ։ Տեսնենք կարո՞ղ ենք մի դդում գինի ևս ձեռք գցել»։

    Քիչ վերջը վանահայրը եկավ։
    — Գնացին,- ասաց նա։ — Կերակրեցի և ճամփու դրեցի։
    — Հա՛յր սուրբ, — ասացի,- Գևորգին էլ պետք է ճամփու դնել։ Երեկվա գինին շատ համեղ էր։
    — Իրա՛վ, որ պատվական գինի էր,- իմ խոսքը ընդհատելով ասաց Գևորգը։

    Վանահայրը ծիծաղը դեմքին աչքերի ծայրով Գևորգին նայեց և, իր խուզարկու հայացքը մեզ վրա դարձնելով, ասաց.
    — Մինչև իրիկուն էլ գովեք, էլ գինի չկա՛։
    Այդ անաստվածները իմ բոլոր դդումները քամեցին»…

    Օգտակար հատկություններով հայտնի դդումն իր տեսակներով, որոնց պտղից բացի նաև կուտը, ծաղիկն ու տերևներն են օգտագործվում, վաղնջական ժամանակներից ի վեր կիրառվել են զանազան ոլորտներում՝ որպես ջրի, գինու աման, ըմպանոց, յուրօրինակ «շերեփ» կամ՝ երաժշտական գործիք…

    «Դդում՝ պտուղ դդմենւոյ, որ և լինի աման գինւոյ»…

    Դդումը՝ դդմենու պտուղը, մեր Նախնիների համար նաև գինու ամանն էր:
    «Ամեն տարի մի դդում գինի էր բերում ընծայ»:

    «Դդմակ՝ մի տեսակ երկայնաձև դդում, սնամէջ գլխով ու երկայն կոթով, որը, չորացնելուց յետոյ, ծակում, միջի փորոտիքը հանում են և գործ են ածում իբրև ջրի կամ գինու աման»:

    «Հետը միշտ դդմակով ջուր է ման ածում» (Հ. Աճառյանի «Հայրերէնի բացատրական բառարանից):

    Խարբերդցիների և Հայկական Լեռնաշխարհի այլ շրջանների Հայերի խոհանոցում իր ուրույն տեղն ուներ «դոլը» (դույլը)՝ երկարավիզ դդումով շինված ամանը:

    «Մակար երէկ դոլ մը գինի թափեր է եղեր կոկորդէն վար…»,- իր գունեղ ստեղծագործություններից մեկում գրել է Խարբերդցի Հայ գրող, մանկավարժ ու հասարակական գործիչ Թլկատինցին՝ Հովհաննես Հարությունյանը (1860-1915), որն իր կնոջ ու երեխաների հետ 1915-ին ցեղասպանության զոհ դարձավ:

    Հազարամյակներ շարունակ, աշխարհի տարբեր ճանապարհներին զինվորների և ուխտավորների անբաժան ուղեկիցն էր դդմակից՝ չորացրած դդումից (calebasse) պատրաստված թեթև ըմպամանը՝ ջրով կամ այլ հեղուկով լի:

    Ու մինչ օրս զանազան երկրներում մշակվում ու կիրառվում է դդումն՝ իր հարուստ տեսակներով, որպես սննդամթերք ու բազմաբնույթ առարկաների պատրաստման միջոց…

    Հ.գ. Ստորև լուսանկարում՝ Երևանում դդմի հիմքով պատրաստված համեղ հացեր ու կարկանդակներ՝ «Դդմաշկի Ddmashki» էջից…

  • «ԱՅՍՕՐ ԳԱՐՈՒՆ Է, ՆՈՐ ՏԱՐԻ,                                      ՔԵԶ ԳՐԵԼ ԵՄ ՀԱԶԱՐ ԲԱՐԻ»…

    «ԱՅՍՕՐ ԳԱՐՈՒՆ Է, ՆՈՐ ՏԱՐԻ, ՔԵԶ ԳՐԵԼ ԵՄ ՀԱԶԱՐ ԲԱՐԻ»…

    «ԱՅՍՕՐ ԳԱՐՈՒՆ Է, ՆՈՐ ՏԱՐԻ,
    ՔԵԶ ԳՐԵԼ ԵՄ ՀԱԶԱՐ ԲԱՐԻ»…

    Ազգային հնագույն տոներն ու ծեսերն իրենց իրական իմաստով ու էությամբ լավագույնս են արտացոլում Ազգի աշխարհընկալումը:

    Վաղնջական ժամանակներից եկող ծեսերն ու տոներն ինքնանպատակ չեն. իրենց Բանական ու Բնական՝ տրամաբանական պատճառը՝ հիմնավորումն ու բացատրությունն ունեն՝ կապված Տիեզերքի, Բնության շրջափուլերի հետ, որոնք պայմանավորում են իրենց անքակտելի մի մասնիկի՝ Մարդու կյանքն ու գործունեությունը:

    Հայոց մշակույթում, ազգային ավանդույթներում պահպանվել են անհիշելի ժամանակներից եկող ծիսակատարությունների հետքերը՝ բանահյուսության, երաժշտության մեջ, պարերում, խաղերում ու թատերականացված դրվագներում:

    Տիեզերագիտական ուսումնասիրությունների վրա հիմնված փորձի կուտակման և սերունդներին փոխանցման նպատակով հաստատված տոնացույցն՝ իր ծիսական կարգով, արտացոլում էր Բնության մեջ կատարվող փոփոխությունները, երկրագործի առօրյան՝ իր հաջորդական փուլերով:

    Հայոց տոմարին ու տոնացույցին զանազան փոփոխություններ են պարտադրվել քրիստոնեության տարածումից հետո՝ աղճատելով նրանց նախնական ձևը: Սակայն, բարեբախտաբար, ազգային մտածողությունը, Հայկազունների Սրբազան ուսմունքը պահպանվեց Քրմազուն հազվագյուտ նվիրյալների շնորհիվ՝ անպատմելի դժվարությունների հաղթահարմամբ…

    Արեգակի, աստղերի ընթացքով պայմանավորված եղանակների հաջորդականությունը, գարնանային, ամառային, աշնանային ու ձմեռային օրահավասարները երկրագործական տոնացույցում կարևոր հանգույցներն էին:
    Ուստի, նշանավորվում էին համապատասխան ծիսա-տոնական արարողություններով՝ փառաբանելու համար տնտեսական տարվա նախապատրաստումը՝ ցանքին ու բերքաճին նվիրված տոներով, ծեսերով, այնուհետև՝ բերքահավաքի, տնտեսական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված տոներով ու ծեսերով և, անշուշտ, Նախնիների փառաբանմամբ…

    Ձմեռվա վերջին շրջանն ու գարնան սկիզբը, Բնության Ջարթոնքն ազդարարող, բերքի առատ աճն ու բարեհաջող բերքահավաքն ապահովող ծիսահմայական սովորույթներն են հնագույն ժամանակներից եկող տոնացույցի հիմքում:
    Հետևաբար, տոնակատարություններն իրենց առանձնահատուկ բնույթն ունեին, տոնական օրերն էլ՝ իրենց բնորոշ խնդիրները, որոնց խորհուրդն իմաստազրկվում է՝ արհեստականորեն ստեղծված այլ տոմարով նշելիս (ձմռանը՝ հունվարի 1-ին Նոր տարի նշելը նման է երեկոյան «Արևածագ» դիմավորելուն):

    Մեկ կամ մի քանի օր տևող տոների ընթացքում խոսքի կամ գործունեության հմայական զորությամբ Բնության վրա ներգործելու հավատով՝ զանազան ծիսական սովորույթներով համեմված դրվագներ են հարատևել ու այսօր էլ դեռևս շարունակվում են Հայոց ավանդույթներում:

    Բնության շրջափուլերի Առաջին օրը, տարվա Առաջին Պտուղը առանձնահատուկ խորհուրդ ունեին՝ ողջ Տարվա բարեկեցության, ողջ Բերքի առատության ապահովման համար:
    Այստեղից էլ՝ ծեսերի իմաստն ու բովանդակությունը՝ բարեմաղթական, չարխափան բնույթով, թեև, քրիստոնեության տարածումից հետո արգելվեցին ու Հայերի կենցաղից դուրս մղվեցին նման բազմաթիվ ծիսակարգեր, երգեր…

    Շարունակելով մեր հեռավոր Նախահայրերի՝ աստղագիտական, տոմարագիտական հմուտ գիտելիքները, Անանիա Շիրակացին ներկայացրել է երկնակամարում Արեգակի ընթացքին համահունչ կատարվող փոփոխությունների կարևորությունը («Վասն ընթացից Արեգական՝ ըստ կենդանատեսակացն…»): Եվ պատահական չէ, որ արեգակի դիրքի հետ կապված փոփոխությունների ուսումնասիրությունը նա սկսում է մարտ ամսից:

    Գարնանային օրահավասարը՝ Արեգ ամսվա Արեգ օրը (մարտի 21-ը), «Ձմեռային քնից հետո» Բնության Վերազարթոնքն ու Փթթումն էր բերում՝ նշանավորելով Նոր տարվա գալուստը (Ամանոր), Արարչության փառաբանումը (Զատեք), երփնատունկ ծառերի ծաղկումը՝ Ծառզարդարը՝ «Երփնագեղ ծիրանածայր ընծիւղքով»: Կենսախինդ այս տոնը նախորդվում էր եկող Բարեբեր օրերի զվարճալի սպասումով՝ Բարի Կենդանության՝ Բարեկենդանի խրախճանքներով ու տոնախմբություններով, Տրնդեզով, երբ Արևի կենարար ճառագայթներն սկսում են ավելի ջերմացնել՝ ազդարարելով ձմռան ավարտն ու գալիք հերթական Վերածնունդը:

    Գարնան գալուստը Բույսերի վերընձյուղումն էր՝ սաղարթումը, բողբոջումը ու նոր փթթումի սկիզբն էր ազդարարում: Ուստի՝ դաշտերի դալարաբերությունն ու ծառերի պտղաբերությունն էին փառաբանում Հայորդիք և ուրախ տոնախմբություններով, ծեսերով նշանավորում մեկնարկվող Նոր տարին:

    Գարնան հետ սկսվող Նոր տարվա հիշատակումը պահպանվել է Հովնաթանյանների հայտնի տոհմի ներկայացուցիչներից մեկի՝ 18-րդ դարի Հայ բանաստեղծ, նկարիչ Նաղաշ Հակոբի տողերում.

    «Այսօր գարուն է, Նոր տարի,
    Քեզ գրել եմ հազար բարի,
    Դու զարադարած ինձ մոտ արի.
    Է՞ր նազ կանես, քեզ ի՞նչ արի»:

    Հայաստանի պատմական բոլոր շրջաններում ծիսական համընդհանուր ավանդույթներ ու սովորույթներ կային, որոնց մասին պահպանվել են վկայություններ՝ տարբեր աղբյուրներում:

    Հայոց մեջ Նոր Տարվա տոնական մի դրվագի նկարագրությունը՝ Հաճընցիների հուշերից՝ քաղված «Յուշամատեան»-ից՝ ահավասիկ.
    «Տղոց համար ամէնէն սիրելի ու սպասուած օրն է Կաղանդը, որ կու գայ նուէրներով, անուշեղէններով ու զուարթ խաղերով ուրախացնել մանուկները: Կաղանդի գիշերը տղաք փողոց ելած տուն տուն կը պտտին եւ երդիքներէն պարանով տոպրակ մը իջեցնելով նուէրներ կը պահանջեն, ապա տուները մտնելով կը սկսին երգել.
    «Կաղընտէս, տընտէս, տընտէս»…

    Երդիկներից շարոց կախելը, Գոտեկախը, տոնին համապատասխան կերակուրների պատրաստումը, նվերներով, երեխաների խմբերով տնետուն շրջելով ու «Ավետիս»-ներով՝ «տոնական Բարի լուրի հաղորդմամբ» միմյանց շնորհավորանքն ու բարեմաղթանքները՝ «օջախին՝ շենություն, բերքին՝ առատություն» մաղթելը, ծիսահմայական գործողություններին պարտադիր ուղեկցող երգերը դեռևս մինչև վերջին հարյուրամյակը հարատևել էին Հայկական Լեռնաշխարհի տարբեր անկյուններում:

    Կաղանդի տոնին շրջելով «Բարի լուրն ավետող» երեխաների համանման մի ավանդույթի նկարագրությունն է մնացել նաև հին Հունաստանից՝ Հոմերոսի մոտ, ինչպես և՝ 19-րդ դարի հույն նկարիչ Նիկոֆորոս Լիտրասի՝ «Կաղանդի երգը» կտավում (1872 թ.):

    Նիկիֆորոս Լիտրաս
    «Կաղանդի երգ», 1872

  • «ԲՈՑԱՎԱՌ՝  ԻՆՉՊԵՍ  ՊԱՅԾԱՌ  ԱՐԵԳ»…

    «ԲՈՑԱՎԱՌ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՅԾԱՌ ԱՐԵԳ»…

    «ԲՈՑԱՎԱՌ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՅԾԱՌ ԱՐԵԳ»…

    «Եվ կանգնեց Դավիթը նրա դեմ՝
    Անսասան, անահ դեմքով վսեմ,
    Հայացքով պայծառ ու ժպիտով սեգ,
    Բոցավառ, ինչպես պայծառ Արեգ»…

    (Ե. Չարենց)

    Անհիշելի ժամանակներից ի վեր Մարդկությունը կարևորել է Ազգային ինքնությունն ու այդ ինքնագիտակցությամբ գոյատևել, մարտնչել հանուն իր տեսակի հարատևման:

    «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանից՝ որոշ հիշեցումներ (հատկապես նրանց համար, ովքեր կորցրել են «ազգային»-ի ըմբռնումը և, հակահայ դիրքորոշմամբ, Հայաստանի բնակչությունն օտարազգիներով համալրման դրույթներ են արծարծում):

    «Ազգաբանություն»՝ պատմություն ազգի, ծննդաբանություն, ճյուղագրումը՝ որդուց-որդի»:
    «Ազգակից»՝ նույն ազգից («ի նմին ազգէ»):
    «Ազգային՝ իբր հայրենական, և ցեղական»:
    «Ազգականությունը՝ «բնութենակից»՝ Ազգի, ցեղի, ազգատոհմի մերձավորությունը»:
    «Ազգ, Ազն՝ զարմ և զավակ սերեալ ‘ի միոյ ‘ի նախնեաց. ծնունդք միոյ նահապետի առաջնոյ»:
    «Ազգ՝ ցեղ և տոհմ՝ սերեալ ‘ի նմին ազգի ‘ի մասնաւոր ցեղապետէ («Յազգէն Սիւնեաց, յազգէն Արծրունեաց…)»:
    «Ազգ՝ Տուն, ազգատոհմ, ծնունդք և սերունդք ‘ի միոյ հաւէ կամ՝ նախահաւէ» (նույն հորից կամ՝ նախահորից՝ նահապետից, Կ.Ա.):
    «Ազգ՝ Յաջորդք նոյն տան, սերունդք որդւոց և թոռանց»…
    «Ազգածին՝ ծնօղ կամ նահապետ ազգի»:

    Հայ ժողովրդի պատմության փոթորկահույզ ժամանակաշրջաններից մեկում՝ 11-րդ դարում ապրած՝ միջնադարյան Հայ մատենագրության ականավոր դեմքերից մեկը՝ Արիստակես Լաստիվերցին, անդրադառնալով «Հայոց Աշխարհում կատարված անցուդարձերին»՝ վաչկատուն խուժադուժ ցեղերի ասպատակություններին, «մեր շրջապատի այլացեղ ազգերից մեզ հասած արհավիրքների մասին», գրում է.
    «Օտարածին ազգերը օտարացրին մեզ մեր բնաշխարհից, մեր փառքը փոխվեց ապականության. շունչ իսկ չմնաց մեր մեջ, և կորանք հուսալքումից»…
    «Եվ կյանք արծարծող շունչը նվազեց: Երկրի հաստատուն բնակիչները վտարանդիներ դարձան ստամբակ (դժնի, Կ.Ա.) օտարի ձեռքով և պանդխտեցին՝ պանդխտության մեջ նորից ու նորից»…

    «Օտարածին՝ ծնեալ յօտարէ, ծնունդ օտարի. օտարազգի. այլազգի. «Յամենայն օտարածնէ, որ ոչ իցէ ‘ի զաւակէ քումմէ», «Տեսանել զորդիս օտարածնաց՝ կոխելով զսահմանս հայրենիս», «Ազգք օտարածնաց օտարացուցին զմեզ ‘ի բնակութենէ մերմէ» (վերոնշյալ բառարանից):

    1933 թվականին լույս տեսավ Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուն, ուր ընդգրկված էր նրա «Սասունցի Դավիթ» պոեմը՝ հայտնի հերոսների՝ իր ուրույն մեկնաբանմամբ:
    Հայ ազգի հերոսական Ոգին մարմնավորող Քաջազուն Սասունցին Չարենցյան գրչով մեծարվում է պանծալի գնահատմամբ՝ որպես աներեր, արդար, Արեգական, Արևավոր, իր անպարտ հոր սրով կռվող անսասան, հուրհեր Դյուցազուն՝ զորեղ ու սեգ…

    Դյուցազնական վեհությամբ հերոսին նա հակադրում է վտանգից սարսափած, հոգու արիությունը կորցրած Ձենով Օհանին՝ ձաղկելով, պարսավելով թշնամուն հնազանդի ստրկամտությունը (իր ազգի անկախության ու ազատության համար չպայքարողին)…
    Չարենցի վերոհիշյալ պոեմից՝ խորիմաստ որոշ հատվածներ՝ ստորև…

    Մհերը՝ զարմով արևազուն՝
    Քառասուն տարի իշխեց Սասուն,
    Իբրև այր արդար և դյուցազուն։
    Նա պատերազմներ մղեց բազում՝
    Թշնամիների հանդեպ հզոր,
    Որ խուժում էին անբավ ուժով՝
    Տիրելու բարձրիկ երկրին Սասուն,
    Բայց մարտերում այդ հզորազոր
    Հաղթում է նա մի՛շտ իր սրով սուր։
    Որպես այր ռամիկ ու դյուցազուն՝
    Նա հուր ձի ուներ, կայծակե սուր,
    Բայց ու՛ժը նրա, որ չէր կասում,
    Ժողովու՛րդն էր իր բազմաբազում։
    Եվ անպա՛րտ էր նա իր սրով սուր
    Եվ՝ ժողովրդո՛վ ռամիկ ու սուրբ։

    Իշխեց նա այսպես, դյուցազնը մեր
    Քառասուն տարի։ -Եվ ահա ծեր
    Մազերին նրա, գլխին հուրհեր
    Իջավ մառախուղ, ցրտին ձմեռ։
    Դարձավ նա զառամ ու ալեհեր,
    Եվ կամաց-կամաց դյուցազնին ծեր
    Սկսեց պատել, ինչպես գիշեր,
    Վիշտ անբուժելի ու մահաբեր։
    Չուներ նա ժառանգ աշխարհում դեռ,
    Եվ մտորում էր դյուցազնը ծեր։

    Մտորում էր նա, դյուցազնը ծեր,
    Որ մնալու է Երկիրն անտեր,
    Բարձրաբերձ լեռներ, հարուստ հանդեր,
    Եվ ոսոխի ու չարի հանդեպ՝
    Ռամիկ ժողովուրդ՝ անկար, անգետ։
    Մտածում էր նա, դյուցազնը սուրբ,
    Որ անցնելու է իր փառքը զուր,
    Որ իր երկնահեց երկիրն հզոր
    Դառնալու է վաղն հազար ու բյուր
    Թշնամիների ավար ու կուր։
    Եվ այսպես՝ հասած ծերության դուռ՝
    Մտորում էր նա սրտով տխուր,
    Եվ իր հետ մեկտեղ, թախիծով հուր,
    Ժողովու՛րդն էր ողջ մտորում լուռ։

    Կարո՞ղ է սակայն պատահել, որ՝
    Որքան էլ լինի ապագան մութ՝
    Մնա անժառանգ ու անսերունդ
    Երկի՛ր մի ամբողջ ու ժողովուրդ։
    Կարո՞ղ է լինել, որ Երկրում լուրթ,
    Որքան էլ խավարն իջնի տխուր,
    Չբացվի հանկարծ հրաշքով հուր
    Գալիքի համար փրկության դուռ։
    Եվ ահա՝ մի վառ ու պայծառ օր,
    Հրաշքով անհաս ու զորավոր,
    Առյուծ-Մհերին մեր ալևոր
    Ծնվեց մի մանկիկ Արևավոր։

    Ծնվեց մի մանկիկ Արևավոր
    Առյուծ-Մհերին իբրև ժառանգ,
    Դավիթ անվանեց ծերը նրան,
    Փառք տվեց ապա բախտին իրա,
    Որ հուշն իր էլ հա´ր երկրի վրա
    Պիտի առկայծի ու հուրհուրա։
    Եվ նայելով իր մանուկ Դավթին՝
    Նա պայծառացավ սրտով կրկին,
    Նա ի՛նքն էր կարծես եկել երկիր
    Հրաշքով մի սուրբ ու անհնար,
    Նա ի՛նքն էր կարծես եկել աշխարհք
    Ու հուր-հավիտյան պիտի մնար…

    Ձենով-ՕՀանը դարձավ իշխան…
    Եվ ՕՀանը, երբ իշխան դարձավ՝
    Առյուծ-Մհերի զենքերն հրցայտ,
    Նժույգներն այն հուր, սուրը կայծակ
    Հավաքեց, լցրեց մի քարանձավ։
    Մոռացած նրա փառքը պայծառ՝
    Թաքցրեց նրա զենքերն հրցայտ,
    Առյուծ-Մհերի սուրը կայծակ
    Եվ զորությունը նրա անծայր։
    Հավաքեց ապա, տիրեց իսկույն,
    Առյուծ-Մհերի ամբավ ոսկուն,
    Սրտում ա՛հ հազար, հազար սոսկում՝
    Աչքերը չռեց նրա ոսկուն։
    Մոռացած նրա համբավն հավետ՝
    Նրա վաստակած ոսկուն ցավեց,
    Իբրև ոսոխից աշխարհավեր
    Միա՛կ փրկություն ու ապավեն։
    Իսկ դյուցազն Դավթին, մանկանն հուրհեր
    Նա հովիվ կարգեց սարերում մեր,
    Որ խաշն արածե ամառ-ձմեռ,
    Իսկ գիշերները քնի մի ծեր,
    Մի այրի կնոջ խուզում, որ էլ
    Մոռանա՛ հավետ, որ դյուցազուն
    Իր հայրը ուներ կայծակե սու՛ր,
    Հուր նժու՛յգ ուներ, զրահնե՛ր հուր,
    Զըրկելով նրան այսպես մի օր
    Զենքերից իր քաջ, դյուցազուն հոր։

    Գնաց մեր Օհանն, ահով-դողով
    Արքայի առջև այն անողոք
    Գլուխ խոնարհեց ազգով-ցեղով,
    «Քոնն է»,- աղերսեց,- «Երկիր ու հող»,
    Ընծայեց նրան ոսկի շողշող,
    Գերության հանձնեց Սասունը ողջ։
    «Լավ»,- համաձայնեց Մելիքն ահեղ,-
    «Ձեր կյանքը»,- ասաց,- «Կխնայե՛մ,
    Միայն թե թող գա քո երկնահեռ
    Ժողովուրդն ամբողջ, մանուկ ու ծեր,
    Եվ անցնի տակով իմ թրի կեռ,
    Որ Սասմա երկրում ո՛չ մի մարդ էլ
    Չշարժի իմ դեմ զրահ ու զենք»։

    Ձենով-Օհանը, իշխանն այն նենգ
    Գլուխ խոնարհեց Մելիքին նեռ,
    Արձակեց ապա հրաման գոռ,
    Որ ժողովուրդը Սասմա ամբողջ
    Գա, անցնի նրա փայլատակող
    Արնահոտ, դաժան թրի տակով։
    Եվ ժողովուրդը Սասմա անկոր՝
    Խեղճացած, խոնարհ ու գլխիկոր,
    Անցավ Օհանի դժնի կամքով
    Մսրամելիքի թրի տակով։
    Մելիքը, շողշող զրահ հագին,
    Կանգնեց՝ ահռելի ու ահագին,
    Եվ ժողովուրդը, մանուկ ու կին,
    Անցավ պողպատե թրի տակից։
    Բայց հերթը հասավ երբ Դավիթին՝
    Չմոտեցա՛վ նա չարի թրին,
    «Չե՛մ անցնի,- ասաց կամքով անկոր,-
    Մսրամելիքի թրի տակով»։

    Եվ եկան Բադին ու Կոզբադին,
    Ցնծագին հասան մի օր Սասուն,
    Հետները բերին պարկեր բազում,
    Որ Սասմա ամբողջ գանձերը ձույլ
    Հավաքեն, տանեն։ -Խանդով քսու
    Ձենով-Օհանը, իշխանն այդ մեծ,
    Հարկահաններին դիմավորեց։
    Գնաց նա ապա, անհուն հորից
    Հանեց Մհերի գանձը խորին,
    Եվ զարմանալի՜ շռայլորեն
    Սկսեց չափել, ինչպես ցորեն,
    Առյուծ-Մհերի գանձը, որ էլ
    Մսրամելիքի ձեռքը զորեղ
    Հավիտյան իշխե, թագավորե։
    Չկար Մհերի զորքը հո էլ,
    Որ ճզմեր նրանց ու տրորեր։

    Այդ ժամին մանուկ Դավիթն հուրհեր
    Այն պառավ կնոջ աղքատ արտում,
    Թռչունների դեմ ելած մարտի,
    Ձեռքին մի կանաչ, բարակ բարդի,
    Խաղում էր զվարթ ու թռչկոտում։
    Պառավը կանչեց մանուկ Դավթին.
    «Ո՛վ Դավիթ,- կանչեց,- Քաջի՛ որդի,
    Դու ի՞նչ ես ուզում իմ խեղճ արտից.
    Ինչքա՜ն տրորես ոսկեհատիկ
    Հասկերը այրու կտավատի.
    Չե՞ս տեսնում՝ Բադին ու Կոզբադին
    Տանում են քո հոր արդար ոսկին.
    Ուժ, զորություն է տված բազկիդ,
    Գնա՛, ո՜վ Դավիթ, գնա՛ հսկի՝
    Չտանեն քո հոր արդար ոսկին»:
    «Բայց ո՞վ է տալիս ոսկին իմ հոր
    Բադուն, Կոզբադուն»,- զարմանքով խոր
    Հարցրեց Դավիթ-դյուցազնը նոր։
    «Ձենով-Օհանն է տալիս քո հոր
    Գանձերը չարին՝ չարի սովոր»,-
    Բարբառեց պառավն հառաչքով խոր։
    Եվ գնաց մանուկ Դավիթը, որ
    Տերություն անի գանձերին հոր։

    Հուշ դարձավ այսպես, կյանքից գնաց
    Սասունցի Դավթի զարմը դյուցազն,
    Եվ տիրեց անհուն աղետ ու լաց
    Լեռներին Սասմա, աշխարհին բարձր,
    Եվ ժողովրդին ռամիկ ու պարզ։
    Հուշ դարձավ այսպես, դարձավ երազ
    Առյուծ-Մհերի զարմը զորեղ,
    Եվ դարեր ապա ու տարիներ
    Լեռներում Սասմա, Աշխարհում մեր,
    Որ ոչ մի դյուցազն էլ չսերեց-
    Ձենով-Օհանի զարմը տիրեց…
    Տիրեց Օհանի սերունդը մառ
    Բազում տարիներ,- ու դարեդար
    Հայրենի երկրում ժլատ ու չար,
    Անդուլ կեղեքող — ձեռքով շռայլ
    Ցրե՜ց մեր երկրի գանձը անծայր
    Եվ ինքնությունը մեր ոսկեսար։
    Եվ եկան ապա ու շարեշար
    Տիրեցին երկրին իշխաններ չար,
    Տերեր հայրենի ու զանազան,
    Ազատանիներ՝ վարքով գազան,
    Եվ նեռ-արքաներ հազարհազար։
    Եվ ժողովրդի գլխին ազատ,
    Իբրև հովանի մի սրբազան,
    Կախվեց տերերի ժանիքը ժանտ-
    Ե՛վ խարույկ, և՛ խաչ, և՛ խարազան…
    Այսպես Օհանի սերունդը մառ
    Տիրեց աշխարհում երկա՛ր, երկա՛ր,
    Մինչև օրն եկավ՝ և դեմքով վառ
    Ելավ քարայրից Մհերն արդար,
    Եվ բերեց զարմին Օհանի չար
    Անկում վերջնական և մահ անճառ։

    Օ՜, անմահ Մհեր, քանի՜ դու դար
    Պիտի մնայիր այրում խավար,
    Մինչև աշխարհում քո օրը գար
    Եվ ելնեիր դու՝ Արևավառ՝
    Համա՛յն աշխարհի զարմերին չար
    Բերելու անկում և մահ արդար…

  • ՀԱՅՔԱՐ                              ԿԱՄ՝                                ՀԱՃԱՐ՝ «ԱԶԳ ՔԱՐԻ՝ ԵԿԵԱԼ ՅԱՇԽԱՐՀԷՆ ՀԱՅՈՑ»…

    ՀԱՅՔԱՐ ԿԱՄ՝ ՀԱՃԱՐ՝ «ԱԶԳ ՔԱՐԻ՝ ԵԿԵԱԼ ՅԱՇԽԱՐՀԷՆ ՀԱՅՈՑ»…

    ՀԱՅՔԱՐ
    ԿԱՄ՝
    ՀԱՃԱՐ՝ «ԱԶԳ ՔԱՐԻ՝ ԵԿԵԱԼ ՅԱՇԽԱՐՀԷՆ ՀԱՅՈՑ»…

    Օգտակար, բուժիչ հանքային ջրերով հայտնի Հայկական Լեռնաշխարհը նաև հանքարդյունաբերության՝ մետաղահանման ու մետաղամշակման պատմության ակունքներում է՝ իր հարուստ պաշարներով:
    Քարերով ու մետաղներով առատ հանքավայրերի շնորհիվ դեռևս ն.թ.ա. 5-4-րդ հազարամյակների ընթացքում արդեն այստեղ կիրառվել են մետաղյա գործիքներ: Նրանց հնագույն նմուշները հայտնաբերվել են Վանա լճի ափին, Անգեղ տուն գավառում, Արարատյան դաշտում, Ուրմիայի ափերին…
    Ն.թ.ա. 3-րդ հազարամյակում Հայկական Միջագետքը, Ռշտունիքը, Ջուլամերկը և Սասունը Հին Արևելքի երկրների «մետաղի շտեմարանն» էին, հետագայում՝ ն.թ.ա. 2-րդ հազարամյակում մետաղահանության ու մետաղի փոխանակման գործում նրանք առաջնակարգ տեղում էին:
    Լճաշենից, Մեծամորից, Կարմիր Բլուրից մինչև Վանա լճի շրջակայքում, Երզնկայի դաշտում ու Հայկական Լեռնաշխարհի այլ բնակավայրերում պեղված գտածոները վկայում են մետաղագործության բարձր մշակույթի մասին:

    Հայոց Աշխարհի հարուստ հանքերի ու նրանց բարձրորակ, թանկարժեք հանածոների մասին բազմաթիվ վկայություններ կան դարերի խորքից մեզ հասած՝ Հայ և օտարազգի պատմիչների երկերում:
    Խորենացին («Պատմություն Հայոց», Ա, 23), փառաբանելով Նախնիներին ու ներբողելով Մեծն Տիգրանին, նշում է, որ նա բազմացրեց ոսկու և արծաթի «շտեմարանը» («Մթերս ոսկւոյ եւ արծաթոյ բազմացոյց»)…

    1-ին դարում ապրած հռոմեացի գրող, բնագետ, փիլիսոփա, զորավար Պլինիոս Ավագն իր՝ «Բնական պատմություն»-ում ներկերը, նրանց պատրաստման համար կիրառվող հանքանյութերը ներկայացնելիս հիշատակում է Հայաստանի հանքերը («Հանք Հայաստանեաց») և նրանցից ստացվող լավագույն նյութերը:

    Հազարամյակների ընթացքում իր չխամրող Կապույտով շլացնող Լաջվարդը (Lapis-lazuli), որը հիշատակվում է դեռևս առաջին գրավոր աղբյուրներում («Գիլգամեշ»-ում), Եգիպտոսից ու Միջագետքից հասել է մեզ: Իր շուրջ հյուսված պատմություններում այն ներկայացվում է իրեն վերագրվող մոգական հատկություններով: Միայն Էբլայի հնավայրում՝ Հուրիական մշակույթի նշանավոր կենտրոններից մեկում՝ Հալեպից մոտ 60 կիլոմետր հարավում, հայտնաբերվել է 25 կիլոգրամ լաջվարդ:
    Այն պատրաստվում էր Հայաստանից բերվող հումքով:

    6.000 տարի ի վեր կիրառվող «համբավավոր» Լաջվարդը՝ Կապույտ քարը, որն իբրև առողջության, քաջության, հաջողության ու հաղթանակի գրավական էր, չարի դեմ՝ պահպանակ, նաև՝ «Երկնային իմաստության» հետ կապի միջոց, որը նպաստում էր Հոգևոր Արթնությանն ու խթանում այն:

    Հին Հունաստանի ականավոր իմաստասերներից՝ Թեոֆրաստը (ն.թ.ա. 371թ. — ն.թ.ա. 288թ.), որն Արիստոտելի տաղանդավոր աշակերտներից մեկն էր, բնագետ, բուսաբան ու ալքիմիկոս, հանքաքարերի մասին իր ուսումնասիրության մեջ, կնիքների ու այլ նպատակով մշակվող քարերի առիթով նշում է Հայաստանից բերվող «քարերի» մասին (նաև՝ «Կիլիկիայից տարվող մի «հող», որը եռացնելիս կպչուն է դառնում և խաղողի որթերին քսելիս պաշտպանում է որդերից):

    Եվ հայտնի Լաջվարդը նա կոչում է «Հայաստանի քար», «Լապիս Արմենիս», որն անվանվում էր նաև Արմենիում՝ «Հայկեան քար» («Pierre d’Arménie», «Lapis Armenis», «Arménium»):

    Միջնադարում և Վերածննդի ժամանակաշրջանում ևս այն կոչվում էր «Հայաստանի քար» կամ՝ «Լեռների կապույտ»:
    1824 թվականին երկրաբան-հանքաբան François Sulpice Beudant-ը, գույնից բխեցնելով, այն կոչում է «Ազուրիտ»:

    Բժշկագիտական ուսումնասիրություններում քաջ հայտնի էր Հայկավը՝ «Կաւ Հայկեան», որը Գաղենոսը կոչում է՝ «Հող Հայկեան»:
    Երբեմն տարբեր հեղինակների շփոթած «կապուտագույն», «ոսկեգույն» կամ «կարմրագույն դեղին» «Արմենեան» տարբեր «հողերը» մեծ համբավ ունեին վաղնջական ժամանակներից ի վեր:

    Պլինիոսը Հայքից ելնող պաղլեղներն է հիշատակում (գիրք 33; 15), նաև, որ «ոսկու հոսող երակներով» «Խրիսոքոլլա»-ի (գիրք 34; 5) լավագույնը՝ «պատուականագոյնն ելանէ ի Հայաստան» (Ղ. Ինճիճեանի բնորոշմամբ):

    Պլինիոս Ավագի վերոհիշյալ բազմահատոր ուսումնասիրության 35-րդ գրքում հիշատակվում է Արմենիումը՝ «Arménium» (Ազուրիտը):
    Նա նշում է (իմ թարգմանությամբ).
    «Հայաստանն ուղարկում է նյութը, որն իր անունն է կրում: Դա խրիսոքոլի (chrysocolle) նման մի քար է: Լավագույն Արմենիումն այն է, որն ավելի մոտ է խրիսոքոլին՝ դեպի կապույտը ձգող: …
    Բժշկության մեջ այն կիրառվում է միայն մազածածկույթի և, մասնավորապես, թարթիչների խնամքի համար (bol d’Arménie)»:

    Քիմիական զանազան միացություններով, պղնձի, թթվածնի ու այլ տարրերի տարբեր տոկոսային բաղադրություններով «բյուրեղյա մարմինները»՝ միահյուսմամբ ու նոր որակների արարմամբ, հնագույն շրջանից ի վեր ուղեկցում են Մարդուն:

    Լազվարդի գույնի բյուրեղային բաղադրությունը՝ պղնձի արջասպը՝ պղնձարջասպը, բազմատեսակ գործածում ունեցող նյութերից է, որը, չնայած լինելով սաստիկ թունավոր, լայնորեն օգտագործվում է տարբեր նպատակներով:
    Հմայիլներից, զարդերից բացի, Հայքարն օգտագործվում էր և որպես ներկանյութ:
    Բժշկության, հայելիների ու այլ բնագավառներում կիրառվող բազմազան՝ անգույն ու գունավոր փոշիներից ու քարերից հիշենք որոշները, դիմելով Ոսկեղենիկ Հայերենի բառարաններին…

    «Հաճար՝ ազգ քարի եկեալ յաշխարհէն Հայոց»՝ հիշեցնում են միջնադարյան Բժշկարանները («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

    «Հայքար՝ խաժաքարի տեսակներից մեկը, կապուտակ և կակուղ, գոճազմի նման» (Arménite, Pierre d’Arménie — Արմենիտ, Հայաստանի Քար):

    «Գոճազմ՝ քար պատուական կապուտակ՝ անթափանց, ոսկեգոյն երակօք. կայ և դեղինն»: (լիգուրիոն):

    «Լաջուարդ՝ ընտիր կապույտ ներկ, որ ստացվում է գոճազմից»:

    «Լաջվարդ՝ թանկագին կապույտ քար՝ կայծքարատների կարգից, որից մի ժամանակ ստանում էին լաջվարդ կամ լազվարդ ներկը (Lapis lazulite) (Ս. Մալխասյանց «Հայերեն բացատրական բառարան»)…

  • ԲԱՐԵԿԵՆԴԱՆ             ԿԱՄ՝ «ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՕՐԵՐԸ» (ՄԱՍ Զ)

    ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԿԱՄ՝ «ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՕՐԵՐԸ» (ՄԱՍ Զ)

    ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
    ԿԱՄ՝ «ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՕՐԵՐԸ» (ՄԱՍ Զ)

    Դարերի խորքից եկող՝ ուրախ համակեցության կենսախինդ տոնը՝ Բարեկենդանը, նաև «նվիրաբերական» սրբազան խորհուրդ ուներ՝ փոխօգնությամբ համայնքի բոլո՛ր անդամներին հավասարապես մասնակից դարձնելու ընդհանուր խրախճանքին ու հյուրասիրությանը:

    «Բալուում, օրինակ, աղքատներին նախօրոք օգնում էին անասնակերի պաշար կուտակելու, կալի ժամանակ բերքահավաքից բաժին հանելու ձևով, իսկ տոնական օրերին ծիսականորեն պարտադիր, բավականին թանկ նստող ուտելիքներից (հատկապես՝ քաղցրեղեն, խմորեղեն, միրգ) բաժին հանելու եղանակով: Հարուստ ընտանիքների կանայք պարտավոր էին աղքատ երեխաների համար հագուստ հայթայթել և նվիրել»,- կարդում ենք Ա. Ա. Օդաբաշյանի՝ «Բարեկենդանը որպես Ամանորի տոն» ուսումնասիրության մեջ:

    Բարեկենդանի տոնը, թեև հակառակ էր քրիստոնեության դոգմային ու եկեղեցականների՝ ընդունված խստաբարո վարքին, այնուամենայնիվ, տոնի իմաստին այլ բացատրություն վերագրելով ու նախնական իմաստը մոռացության մատնելով, ընդգրկվել է եկեղեցական տոնացույցում՝ որպես «Բուն Բարեկենդան»՝ Մեծ պասից առաջ ուտիքի վերջին օրը:

    «Ջավախքում ժողովուրդը Բարեկենդանն անվանում էր նաև «Վարդապետաթող», որովհետև այդ օրերին, ըստ հինավուրց ավանդության, նույնիսկ վանքերում վանականները՝ աբեղայից մինչ վարդապետ, հավասար իրավունքներով մասնակցում էին Բարեկենդանյան ուրախություններին» (Ա. Օդաբաշյան՝ «Բարեկենդանը որպես Ամանորի տոն», Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 9):
    Բարեկենդանի տոնից ուշագրավ դրվագների նկարագրություններ կան Հ. Խառատյան-Առաքելյանի՝ «Հայ ժողովրդական տոները» ուսումնասիրության մեջ: Մեջբերենք.

    «Բարեկենդանյան ներկայացումների ժամանակ «փակ» թեմաներ, անձեռնմխելի անձեր չկային: Հոգևորականները նույնքան, որքան աշխարհականները, ենթարկվում էին Բարեկենդանյան ընդհանուր տրամադրությանը:
    Նախ, խաղերը շոշափում էին նրանց կյանքի առանձին ելևէջներ, ապա’ թատերախաղը կատարվում էր նաև վանքերի ներսում, վանականների մասնակցությամբ: Առաջին դեպքի օրինակներից է ուխտավորների տեսարանը:
    Դերակատարները ուխտավորներ են, որոնց մեջ կան կույսեր, քահանա, աբեղա: Կույսերից մեկը սիրաբանում է աբեղայի հետ, մյուսը խանդում է նրան: Ուրախ ուխտավորների այս խումբն, ի վերջո, սրբավայր հասնելու փոխարեն հարսանիք է ընկնում:
    Բարեկենդանյան ուրախությունները, խաղերը, երգերը, ներկայացումները կատարվում էին նաև վանական միաբանություններում: Նվագածուները անարգել վանքերն էին թափանցում, զվարճացնում վանականներին, որոնք այդ օրերին դուրս էին գալիս միաբանության համար սովորական լռության և խիստ ենթակարգության շրջանակներից: Այս օրերի համար են ասում, թե վանականները
    «Թողեր են Ավետարան,
    Առեր են թամպուրան (նվագարանը)»:

    «Բուն կամ մեծ Բարեկենդանի» շաբաթ և կիրակի օրերուն մեջ չկա այլևս աբեղայություն, տիրացու, սարկավագ, վարդապետ և եպիսկոպոս այլևս հավասար են, չկա ակնածություն, ամենքն են համահավասար, իրարու հետ ուտող ու խմող, պարող և երգող»: Հաճախ եպիսկոպոսն ինքն էր խրախուսում կատակներն ու զվարճահանդեսները, պարգև խոստանալով առավել սրամիտներին:

    Վանքերում այս օրերը կոչվում էին «Աբեղաթողի օրեր», և վերջին օրն այստեղ կատարվում էր «Աբեղաթողի» ծեսը կամ ներկայացումը:
    Ներկայացմանը հանդիսատես չկար, միաբանության բոլոր անդամները դերակատարներ էին: Հավաքվում էին միաբանության բոլոր անդամները, անկախ դիրքից, աստիճանից, տարիքից:
    Պարզ քվեարկությամբ կատարվում էր թափորապետի ընտրությունը, այն կարող էր լինել թե՛ եպիսկոպոս, թե՛ տիրացու:
    Թափորապետը նստում էր գահավորակին, գլխին դնում էին թղթից սարքած մեծ թագ, բռնում էր խոտերից հյուսված և աթարով ծեփված գավազան, վրան գցում էին նախապես պատրաստված թղթե շուրջառ, որի վրա գրված էին բոլոր միաբանների անունները:

    Չորս վանականներ բարձրացնում էին գահավորակը և վառվող մոմեր բռնած միաբանների շարականների ուղեկցությամբ թափորն սկսում էր շրջել վանքի տարածքում: …
    Թափորը հասնում էր աբեղաների թաղը, որտեղ սկսվում էր ներկայացման երկրորդ մասը:
    Այստեղ ներկաներն սկսում էին հարցեր տալ թափորապետին, և սա պիտի սրամիտ և իրական պատասխաններով ներկայացներ միաբանների խառնվածքը, վանքում տիրող մթնոլորտը:
    Հարցերն աստվածաշնչյան թեմաներով էին, պատասխանները՝ միաբանության ներքին կյանքից: Օրինակ, հարց.
    -Ո՞վ էր, Աստծու օրհնած հացը’ մանանան, փորձեց պահել ուրիշ օրերու համար և որդնվեցավ:
    Թափորապետը տալիս էր միաբանության անդամներից առավել ժլատի, կամ փնթիի, մի խոսքով՝ «որդընվածի» անունը:
    Եթե պատասխանը հաջող էր լինում, հաջորդում էին ծափահարությունները, ծիծաղը:
    Հարց ու պատասխաններով միաբանության տեսանելի խոցերը վեր հանելուց հետո, միաբաններից մեկը ձայն էր խնդրում և հարցնում թափորապետին.
    -Երբ այս վանքին հիմքերը դրվեցան և պարիսպները շինվեցան, ո՞ւր էիր դուն:
    -Դժոխքին մեջ,- հաջորդում էր պատասխանը:
    -Վա՜յ, ուրեմն դուն դժոխքեն փախած ու հոս եկած, ուրեմն՝ արժանի պատժի:

    Եվ ինչպես հաճախ Բարեկենդանյան ներկայացումների մեջ, գլխավոր դերակատարը «մեռցվում» էր. գահավորակը կործանում էին, թափորապետին ծաղրելով ու խփելով տանում գերեզմանոց’ իբրև թե թաղելու»:

    Աբեղաթողի մի այլ նկարագրություն՝ Ա. Օդաբաշյանի վերոնշյալ ուսումնասիրությունից.

    «Բարեկենդան-Ամանորի գալիք տարվա բարեկեցությունը հմայական ծեսերով ապահովագրվելուն, առողջություն, կյանք, պտուղ առաջացնելու նմանողական հմայության գաղափարների և, մասնավորապես, մեռնող և հարություն առնող բնության ամանորյա ծիսական փնջի հետ որոշակիորեն առնչվում է Երուսաղեմի վանքում Աբեղաթողի (Բարեկենդան) կիրակի լույս երկուշաբթի գիշերը կատարվող արարողությունը, որի նպատակն է օրհնել (այսինքն՝ հմայությամբ ապահովագրել) վանքի գինու կարասը, աղը, ցորենի շտեմարանը և վանքի աղբյուրներն ու առուները, այն ամենը, ինչ ժողովրդի կենցաղում Բարեկենդան-Ամանորի հմայական ծեսերի մտահոգության հիմնական առարկաներն էին:

    Այդ տեսակետից առանձնահատուկ նշանակություն է ստանում Բարեկենդանի (Աբեղաթող) օրերին Երուսաղեմի վանքում կատարվող արարողության վերջաբանը:
    Վանքի բարեկեցությունը ապահովագրող հմայական օրհնանքի ծեսը կատարելուց հետո, թափորապետին, որ մինչև այդ հրամայող և ուղղություն տվողն էր ամբողջ ծիսակատարության (և որն իր ֆունկցիաներով հար և նման էր ժողովրդի մեջ կենցաղավարող Շահ-շահի, Խան, Ղադի, Ռես խաղի գլխավոր գործող անձին), ծաղրելով ու ծիծաղելով տանում են գերեզմանոց և թաղում:
    Մի քիչ հետո վանքի եպիսկոպոսը կամ վարդապետներից որևէ մեկը մոտենում է և նրան կյանքի կոչում:
    Թափորապետը, գերեզմանից դուրս գալով, համարյա մերկ, փախչում է վանք, որով Աբեղաթողի այդ հանդեսը վերջանում է»:

    Բարեկենդանի վերջին օրը եզրափակվում էր խելահեղության հասնող խրախճանքներով, պարերով ու խաղերով…
    Ջանում էին ուտել, վերջացնել մսեղեն, յուղեղեն, կաթնեղեն բոլոր կերակրատեսակները՝ այդպիսով նախապատրաստվելով հաջորդ օրվանից սկսվող պասին՝ այն հաջողությամբ դիմակայելու համար…

    Ուրախ ու զվարճալի Բարեկենդանի տոնական օրերին հաջորդում էին պահքի երկար շաբաթները, որոնք դիմավորվում էին հայտնի «Մախոխապուրի», «Սոխ ու սխտորի» գովքով՝ նրանց նվիրված երգով ու պարով («Մախոխապուրի պարը», «Ինչով ծեծենք սոխն ու սխտոր»):
    Բայց սա արդեն այլ պատմություն է…

  • ԲԱՐԵԿԵՆԴԱՆ             ԿԱՄ՝ «ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՕՐԵՐԸ» (ՄԱՍ Ե)

    ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԿԱՄ՝ «ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՕՐԵՐԸ» (ՄԱՍ Ե)

    ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
    ԿԱՄ՝ «ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՕՐԵՐԸ» (ՄԱՍ Ե)

    Բնության շրջափուլերով պայմանավորված՝ տարվա ընթացքում նշվող Հայոց հնագույն տոներն ուղեկցվում էին տվյալ տոնի խորհրդին համահունչ, դարեդար փոխանցվող ծեսերով, երգ ու պարով, մարզախաղերով:
    Հայորդիներին հոգեհարազատ այդ տոնախմբությունները քրիստոնեության տարածումից հետո անհարիր ու անընդունելի հայտարարվեցին, սակայն դրանք արմատախիլ անել չկարողացան, և շարունակվեցին վաղնջական ավանդույթներն՝ իրենց բուն իմաստից շեղված, խեղաթյուրված, նոր կրոնին հարմարեցնելով ներկայացված…

    Գարնան Վերազարթոնքով նշանավորվող Նոր տարուց՝ Արեգ ամսվա Արեգ օրվանից (մարտի 21-ից) առաջ, Հայերն անցնող Հին տարուն հրաժեշտ էին տալիս Բարեկենդանի զվարճալի տոնախմբություններով, նաև՝ անցնող տարվա ընթացքում կատարված անօրինություններն ու նրանց հեղինակներին այպանելով, ծաղրաբանությամբ, սրամիտ, երգիծանքով լի նախատինքով ու «կարգուկանոնի վերահաստատմամբ» (ավարտվող տարվա «հոգսերը չեզոքացնելով»)…

    Ողջ բնակչության՝ մեծերի ու փոքրերի մասնակցությամբ հանդիսությունների ամենասիրված և ուրախ դրվագներից էին դիմակավորված թատերական ներկայացումները, հատկապես՝ ծիծաղաշարժ դիմակներով ու հագուստներով անճանաչելիորեն փոխված, դեմքերն ալյուրով, մրով կամ ածուխով ներկած կերպարներով, այպնակատակներով՝ ծաղրածու-խեղկատակներով…
    Խայտաճամուկ, այլատարազ զգեստավորված մասնակիցները, արտասովոր, ծիծաղաշարժ ծամածռություններով, շարժումներով ու խոսվածքով զվարճացնող խեղկատակները, «ընտրված դատավորները» հանդուգն ծաղրով ի ցույց էին դնում իրենց գյուղում, համայնքում անարդարություն գործածին և թատերականացված «արդարադատություն» իրականացնում:

    Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններում Բարեկենդանի օրերին հատուկ դերաբաշխմամբ ցուցադրվող զանազան ներկայացումներ ու խաղեր են արվել տներում, տանիքներին, բակերում կամ հրապարակներում, որոնց մասին առատ հիշատակումներ կան:
    Աշտարակում Բարեկենդանի զվարճախաղերի տեսարաններից պատկերավոր նկարագրություն է թողել Պերճ Պռոշյանը. «էլ ահել ու ջահել չկար, էլ երիտասարդ ու միրքավոր չէիր ջոկիլ, բոլորը միասին ջահելացել’ կայտառացել էին:
    Պապիս պես պատվելի իշխանները կալերումը լախտի էին խաղում ու հաստ կտավե գոտիկից ոլորած լախտն էնպես էին ֆռռացնում, իրար մեջքի կպցնում, որ մեջքի զոլն էր վեր կենում: Տերտերն էլ՝ վերարկուն ծալած, մի կողմ դրած, կապի ծլըփան փեշերը կոկիկ հավաքած, գոտիկը խրած’ էնպես ծուլ-ծուլ էր լինում ճժի բոլորքովը, որ կասես, թե սա իրան կյանքումը միշտ ըմբըշամարտ է եղել:
    Միմիայն լախտը, որ մեջքախառն ուսագլխին հասնում էր, զգում էր, որ էսպես բան իր օրումը չի տեսել: «-Դե, հե՛ր օրհնած, մի քիչ էլ կարգիս խնայեցեք, կամաց տվեք, է՜,- ասում էր մեր Տեր հայրն ու էլ ետ թռչկոտում ճժի չորս կողմը, աշխատելով լախտը բռնողի ձեռքիցը խլելու:
    -Ոչի՛նչ, տերտեր ջան, էսօր արձակուրդ ա, Բարեկենդան օրեր ա, խելքներս կորել ա,- պատասխանում էին մեր իշխաններն ու իրանց խաղի հետ ընկնում:

    Էսպես իրարանցում, էսպես հարայ-հրոց թե ուրիշ ժամանակ լիներ, ամենքը կկարծեին, թե գյուղը կոխեցին, ավար տվին, մոտակա գյուղերիցն անգամ գուցե օգնություն կգային, բայց հիմի ամբողջ Արագածոտնյան գավառն է այդպես, ի՞նչ պետք է արած: «Դե, հերիք ջարդվեցինք ծեծվելով, լավ ալիր-աղցան էլանք, մի քիչ էլ վեգ խաղանք, ով տարվի՝ մնի տեղակ երկու գավ գինի բերի»:

    Բարեկենդանին այս պատկերն ամենուր էր: Խաղացողները շրջապատվում էին դիտորդներով, որոնք խրախուսում, ծաղրում, կատակներ էին անում խաղացողների հասցեին և հետո, իրենք փոխարինելով նրանց, ենթարկվում նույն կատակներին: Խաղերը սովորաբար ավարտվում էին խնջույքներով:
    Խաղերն ամենուր միատեսակ չէին, խաղում էին տվյալ վայրում առավել սիրված խաղերը, միատեսակը խաղացողներն էին, այն է’ խաղում էին բոլորը: Եթե խաղերի կամ խնջույքների ժամանակ երիտասարդները կամ նույնիսկ երեխաները կատակների, ծաղրի մեջ չափն անցնում էին, մեծահասակների համար դառնում անհանդուրժելիորեն հանդուգն, և վերջիններս փորձում էին կարգի հրավիրել, սաստել նրանց, ապա ստանում էին ավելի հանդուգն պատասխան: Խաղերը, պարերը շարունակվում էին մինչև կեսգիշեր, երբեմն’ մինչև առավոտ: Այդ գիշերային պարերին երիտասարդ սիրահարները ազատորեն միմյաց հետ պարում էին, խաղում. «Աբեղաթող օրերին ազատ իրավունք է իրար ձեռ բռնել պար խաղալ:

    Ճրագները դնում են, ամեն մի տան մեծ փնտրում է յուր ջահելներին:
    Բայց ո՞վ է նրանց խոսքը բանի տեղ դնողը, հիմա էլ խո հասարակ օր չէ՞, Բարեկենդա՛ն է…
    Առաջ, որ մի հասակն առած մարդ ճիպոտը կառներ’ ինչպես որ այծը՝ ոչխարից, այնպես էլ տղամարդկանց՝ կանանցից կջոկեր’ այժմս անկարող է»:

    Այդպես էր Բարեկենդանը, կլոր տարին ընտանեկան ու հասարակական բոլոր կաշկանդումներին անմռունչ ենթարկվողներն անգամ այդ օրերին դառնում էին ազատ ու ինքնագլուխ, ավելին, հաճախ այդ երկու շաբաթն ապրում էին կյանքի լիովին այլ հարթությունում, ուր չէին գործում սովորութային իրավունքով կարգավորված նորմերը:
    Տղաներն այցելում էին աղջիկների հավաքատեղիները, աշակերտները տարվա ընթացքում կուտակված դժգոհությունն ուսուցիչներին արտահայտում էին ծաղրակատակներով, որդիները հանդիմանում էին հայրերին և այլն, այդ ամենն արդարացնելով Բարեկենդանի ամենաթողության իրավունքով.

    • Բարեկենդան, Փորեկենդան,
      Բարեկենդան օրեր է,
      Խելքս գլխես կորել է»…

    Լրացնելով Հ. Խառատյան-Առաքելյանի՝ «Հայ ժողովրդական տոները» ուսումնասիրությունից մեջբերված հատվածը, ծանոթանանք մի այլ վկայության՝ նույն գրքից:

    «Երեկոները, ուրախության թունդ ժամանակին, հանկարծ դրսից լսվում են կենդանական զանազան անճոռնի ձայներ: Գոմի դուռը բացվում է, և հանկարծ ներս է ընկնում այլանդակ մեկը, երեսը ալյուրի կամ մրի մեջ կորած, այծի մորթուց մեծ մորուք շինած, խայտառակ ձևով մորթիներից շորեր հագած, ձեռքին երկար ձող կամ ակիշ բռնած, զանազան թռիչքներ անելով հարձակում է գործում ուրախություն անողների վրա:
    Բոլորը թե՛ ծիծաղում են, թե՛ վախենում այդ այլանդակ մեյմունից: Երեխաները սաստիկ երկյուղից սրտաճաք լինելով լալիս են, ամուր կպչում մայրերի կրծքին և գլուխները թաք կացնում նրանց թևերի տակ: Կանայք վախեցած, կես-ծիծաղ պահում են երեխաներին և հայհոյանքով ետ մղում հարձակում գործող մեյմունին: Բոլորը տեղերից վեր են թռչում, իրար են խառնվում…:
    Եվ վերջապես մեյմունը, տանտիրոջից յուր նվերը առնելով, յուր բազմաթիվ ընկերներով գնում է ուրիշ տեղ:
    Սակայն նրա գնալուց հետո էլ չի իմացվում, թե ո՛վ էր այդ չարաճճին: Մեյմունները ներկայացնում են կամ պառավ սատանա, կամ՝ անճոռնի հրեշ, կամ՝ տգեղ ուղտ, կամ՝ սարսափեցնող շվոտ կամ դև, կամ մի ուրիշ բան»:

    Տոնը, մասնավորապես՝ Բարեկենդանի տոնը, մարդկանց համախմբումը, հասարակության համերաշխությունն ու բարեկեցությունը ապահովող միջոց էր նաև:

    Գանձակից մինչև Բալու և այլուր, Հայոց գյուղերում տեղացիների բարքերին հարմարեցված զանազան թատերախաղեր էին ներկայացվում՝ «շահ-շահ», «ռես», «գզիր»…, որոնց ընթացքում պատմվում էին իրենց մոտ անցնող տարում կատարված անիրավությունները, «անարդարության հեղինակները» «պատժվում ու տուգանվում էին»՝ հաղթողների ծաղրանքով ու կատակներով, զուռնա-դհոլով ուղեկցված երթերով շրջելով փողոցներում (խաղերի ընդարձակ նկարագրությունները կան զանազան ուսումնասիրություններում)…

    Մեծ տարածում ունեին նաև մղված հայտնի ճակատամարտերից ցուցադրվող «տեսարանները»՝ երկու բանակների բաժանված: Բարեկենդանի հինգշաբթի օրը նման խաղեր՝ Ավարայրի պատմության շուրջ «ցուցքեր» էին կազմակերպվում Մոկսում, Վասպուրականում, Շատախում, Ռշտունիքում, Կարինում, Շիրակում և այլ գավառներում (ինքնաշեն փայտե սրերով, դրոշներով, զինանշաններով, ողբասաց կանանցով, մրցախաղերով՝ ձիարշավներով, մականախաղերով)…

    «Պատմական Հայաստանի զանազան շրջաններում Բարեկենդանի օրերին խաղացվում էր «Ռես» կամ «Գզիր» կոչվող խորհրդանշական խաղը, որի ժամանակ կատակով ծաղրվում էին գյուղի սոցիալական միջավայրի զանազան բարքերը:
    Բարեկենդանի զվարճալիքների վերջում «Ծուռ էշ», «Իշու պար» կոչվող ծես-խաղն էր:

    «Գանձակում «Շահ-շահի» խաղի մեջ պարտված շահին նստեցնում են էշին, ագին ձեռքը տալիս, երեսին մուր քսում, կատակներով, ծիծաղով պտտեցնում գյուղում և մթերք ժողովում՝ ուրախության սեղան բացելու համար:
    Առանձնապես հետաքրքիր է Վարանդայում մինչև 19-րդ դարի վերջը կենցաղում գոյություն ունեցող հետևյալ ծեսը:
    Բարեկենդանի ուրախության շաբաթը վերջանում է կիրակնօրյա հետևյալ տեսարանով:
    Մինչ այդ առանձին գործող երիտասարդական խմբերը միանում են, ընտրում մեկին, հագցնում ցնցոտիներ, վրայից կախում ոսկորներ, հին սրեր, մի հրացան գցում ուսովը, գլխին մի հին , գզգզված գլխարկ դնում, երեսը մրոտում, նստեցնում մի էգ էշի (պարտադիր պայման) և աղմուկ-աղաղակով «բնակը եկավ», «էշակ պարոնը եկավ» կանչելով, դհոլ-զուռնայի ուղեկցությամբ, ծամածռություններով և սրախոսություններով, շրջում են տնից տուն և, որպես պարտադիր տուրք, գինի, ուտելիք, դրամ հավաքում:
    Հավաքածով երեկոյան քեֆի են նստում:
    Նույն շրջանի Խաչմազ գյուղում մի էշ են թամքում, մի կնոջ՝ երեսը մրոտած, նստեցնում են էշին, դհոլ-զուռնայի ուղեկցությամբ շրջում են տնե-տուն և դրամ հավաքում, որով Զատկին մատաղ են անում:
    Սևերես կինը, ըստ գյուղացիների պատկերացման, «Մեծ պասն» է, և նրան պատիվներ են անում, որպեսզի «Մեծ պասն» առանց փորձանքի անցնի:
    Ուրիշ ազգագրական շրջաններում այդ ըմբռնումներն արտահայտվում էին իրենց բուն վիճակից ավելի հեռացած, քողարկված:
    Այսպես, Զանգեզուրում Բարեկենդանի կիրակին գյուղում շրջող Փաշան անպայման էշի վրա նստած պետք է շրջագայեր: Այսպես էր նաև Սիսիանում»: (Մեջբերված՝ «Հայ ազգագրություն և բանահյուսություն»-ից, հ. 9, Ա. Ա. Օդաբաշյան՝ «Բարեկենդանը որպես Ամանորի տոն»)…

    Շարունակելի…

  • ԲԱՐԵԿԵՆԴԱՆ             ԿԱՄ՝ «ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՕՐԵՐԸ» (ՄԱՍ Դ)

    ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԿԱՄ՝ «ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՕՐԵՐԸ» (ՄԱՍ Դ)

    ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
    ԿԱՄ՝ «ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՕՐԵՐԸ» (ՄԱՍ Դ)

    Ազգովի նշվող՝ հախուռն ու զվարթ խրախճանքներով լի տոն էր Բարեկենդանը՝ արթնացող, վերստին Պտղաբերության պատրաստվող Բնությանն ուրախ դիմավորելու խորհրդով:

    Հայոց տոնակատարություններից, ուխտագնացություններից անբաժան էին ծիսական պարերը, մրցախաղերը՝ կոխը՝ նվագակցությամբ ուղեկցվող գոտեմարտը, բազկամարտը, հեծյալ զինախաղերը՝ հեծելախաղերը, աքլորակռիվը…
    Երգով ու պարով, ընդհանուր խնջույքով «ձմեռը ճամփող» Բարեկենդանի օրերն ավանդական կանոններով կենցաղից տարբերվող տոնախմբություններով ու ծեսերով էին անցնում, հնարամիտ կատակներով, լարախաղացներով, ոտնացուպերով քայլող կերպարներով, դիմակավորված-կերպարանափոխված մասնակիցներով ներկայացումներով ու գլխիվայր շրջված սովորույթներով, ինչպես «Աբեղաթողի ծեսն» էր…

    Ջավախքում, Արցախում, Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններում Բարեկենդանի օրերին տեղի էին ունենում զանազան խաղեր, պարեր, մրցումներ, ձիարշավներ, դիմակավորված թատերականացված տեսարանների ցուցադրումներ, դիմակներով կերպարանափոխված անձանց մասնակցությամբ գործողություններ, Ղեյնոբաներ, Վարդանանց տոնի հետ կապված երթեր…

    Լեռնային Կիլիկիայում՝ Ադանայի նահանգի Մարաշի գավառում՝ Հաճնում անցկացվող տոնական օրերի նկարագրությունները կան «Յուշամատեան»-ում: Ծանոթանանք.

    «Բարեկենդանը Հայոց ամէնէն ուրախ եւ ամէնէն սիրուած տօներէն է, կը տեւէ շաբաթ մը կամ տասը օր, կը յաջորդէ Ս. Սարգիսին եւ կ’աւարտի Մեծ պահքին: Հաճնոյ բարեկենդանեան նկարագրութիւնները ցոյց կու տան, որ «Բայկինտօնք»ը (Հաճնոյ գաւառաբարբառով՝ Բարեկենդան) Հաճնոյ Հայոց ամենաուրախ եւ համաժողովրդական տօներէն է:
    Աւելին, տօնակատարութեան առանցքը կազմող՝ խաղերը, պարերը, խնճոյքները, զուարճանքները, տանիքներու վրայ կազմակերպուող մրցախաղերը, անմիջական զուգահեռներ կը բերեն Հայոց աւանդական Բարեկենդանին հետ:
    Խաղերու եւ զուարճութիւններու շաբաթ մը յիրաւի, որ Հաճնոյ Հայութիւնը կը նշէ համընդհանուր խանդավառութեամբ: Կարեւոր է նկատել, որ տօնին հիմնական գաղափարը կը յանգի կեանքի առօրեայ յարաբերութիւններու եւ արժէքներու ժամանակաւոր, աւելի ճիշդ՝ խորդհրդանշական փոփոխութեան. ժուժկալութիւնը կը փոխարինուի զեխութեամբ, հնազանդութիւնը՝ անհնազանդութեամբ, զսպուածութիւնը՝ անկաշկանդութեամբ եւ ազատութեամբ, աշխատանքը՝ անգործութեամբ եւլն:
    Օրինակ, կրտսերներ աւագներու հետ անկաշկանդ կը կատակեն, կը զուարճանան, երիտասարդ տղաք եւ աղջիկներ իրարու հետ ազատօրէն կը շփուին, նոյնպէս երիտասարդ կիներ եւ աղջիկներ ընտանիքի երէց անդամներուն եւ տղամարդոց ներկայութեամբ աշխուժօրէն կը մասնակցին հանդիսութիւններուն:
    Այս երեւոյթները ո’չ միայն ընդունուած չէին այդ ժամանակներու Հաճնոյ առօրեայ կեանքին մէջ, այլեւ կը հակադրուէին իշխող աւանդական բարքերուն: Մինչդեռ տօնին ամբողջ ընթացակարգը տակնուվրայ կ’ընէ ընկերային կեանքին կամ ընտանիքին մէջ գործող իրական յարաբերութիւնները:

    Բարեկենդանի խաղերից
    (լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից)

    Բարեկենդանի անբաժան ուղեկիցներն են ընդհանրական խաղերը, երգն ու պարը, որոնք յաւելեալ զուարթութիւն կը հաղորդեն տօնին:
    «Շաբաթ մը ամբողջ Հաճնի Հայութիւնը տղայական եւ մանկական ոգիով կը լեցուէր,- կը պատմէ Հաճնոյ տօներուն մասին ականատես հեղինակը,- տանիքներուն վրայ տարիքոտ մարդիկ, կիներ, հարսեր, աղջիկներ եւ տղաք խումբ խումբ տարբեր խաղերով կը զբօսնէին, եւ ժողովուրդը մեծ հաճոյքով կը դիտէր զանոնք»:
    Խաղերը տեղի կ’ունենան բակերուն մէջ, տանիքներուն վրայ եւ կը շարունակուին մինչեւ ուշ գիշեր: Տղաք անարգել տանիքէ տանիք կը ցատկեն ու կը զուարճացնեն ընտանիքները: Առաւել տարածուած են՝ «էշի պուլտու», «գօչգօչա», «թույինը», «չօթուրում էշէք», «ալայինը», «մէտիկ», «տիկանօկ» անուններով յայտնի զուարճախաղերը: Նշուած անուններէն կարելի է եզրակացնել, որ անոնք հայաբնակ շատ մը գաւառներու մէջ տօնին ուղեկցող ընդհանրական խաղերէն են, միայն թէ փոփոխուած անուններով եւ տեղական տարբերակներով:

    Անցնինք ուտեստներու նկարագրութեան, որուն ընդհանրապէս մեծ կարեւորութիւն կը տրուի:
    Տօնին ընդառաջ մառաններէն դուրս կը բերուին ձմրան համար պատրաստուած բոլոր մթերքները. կը պատրաստուին միսով եւ իւղով կերակուրներ, տեսակ տեսակ անուշեղէններ:
    Նաեւ իւրաքանչիւր ընտանիք, ըստ կարողութեան, կենդանի մը կը մորթէ, առհասարակ խնճոյքի սեղանները առատ եւ ճոխ կ’ըլլան: Ընդունուած սովորութիւն է նաեւ տօնական ուտեստներէն բաժնել դրացիներուն, յատկապէս չունեւոր ընտանիքներուն:

    Խնճոյքները, զուարճութիւնները, կատակները իրենց բարձրակէտին կը հասնին Բարեկենդանի վերջին օրը:
    Պարտադիր պէտք է սպառին բոլոր մսեղէն, իւղեղէն, կաթնեղէն ուտեստները, քանի որ յաջորդ օրն այլեւս Մեծ պահք է, որու ընթացքին արգիլուած է կենդանական ծագման ուտելիքներով սնուիլ: Բարեկենդանին այնքան շատ կ’ուտեն, որ այդ օրերու համար կ’ըսեն.

    Բայկինտօնք, խնտոնք, խնտոնք,
    Էշ մը ունանք, գինիցոնք, կիյօնք,
    Վողը իլոնք, կըլկըլտիցոնք:

    Աշխարհաբար՝

    Բարեկենդան, ուրախացանք, ուրախացանք,
    Էշ մը ունէինք, գերցանք, կ’երանք,
    Վաղը (յաջորդ օրը) ելանք, փափաքեցանք (կարօտը քաշեցինք)»:

    Շարունակելի…

  • ԵՐԲ «ՀՐԱՑԱՆՆԵՐՈՒՆ ՁԱՅՆԸ ԹՆԴԱՆՕԹԻ ՁԱՅՆէՆ ՊԱԿԱՍ ՉԷՐ»…

    ԵՐԲ «ՀՐԱՑԱՆՆԵՐՈՒՆ ՁԱՅՆԸ ԹՆԴԱՆՕԹԻ ՁԱՅՆէՆ ՊԱԿԱՍ ՉԷՐ»…

    ԵՐԲ «ՀՐԱՑԱՆՆԵՐՈՒՆ ՁԱՅՆԸ ԹՆԴԱՆՕԹԻ ՁԱՅՆէՆ ՊԱԿԱՍ ՉԷՐ»…

    Հայաստանի Պատմության թանգարանի լավագույն գանձերից է Մշո Առաքելոց վանքի (Տիրինկատարի վանքի) փայտե երկփեղկ դուռը, որի արձանագրությունը փաստում է նրա ստեղծման թվականը՝ ՇՁԳ (1134)՝ դռան քանդակագործ երեք Հայ վարպետների անուններով:

    Մշո Առաքելոց վանքի դռան վերևի հատվածը

    Մուշից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս հայտնի վանքը՝ Հայկական Տավրոսի կենտրոնական մասում խոյացող Ծիրնկատար լեռան հյուսիսային կողմում, քրիստոնեության տարածումից հետո էր որպես կալվածք ստացել իր տեղանքը, ուր հնում Անահիտ Դիցամոր արձանն էր ու մեհյանը:
    Մինչև 1915 թվականի ցեղասպանությունը կանգուն մնացած այս վանական համալիրը քանդվեց, թալանվեց եղերական իրադարձությունների հետևանքով:
    Հայերի տեղահանության ժամանակ, գերմանացի հնագետները, թուրք կառավարության թույլտվությամբ, որպես արվեստի արժեքավոր նմուշ, պոկեցին այս վանքի դուռն ու տեղափոխեցին Բաղեշ՝ այնտեղից Բեռլինի Կայսերական թանգարան փոխադրման մտադրությամբ:
    Սակայն, ռուսների առաջխաղացումից հետո (նաև՝ ռուսական բանակում կռվող Հայ կամավորականների ջանքերով), գիտական արշավախմբի անդամ հնագետ-պատմաբան Սմբատ Տեր-Ավետիսյանն, ի թիվս Հայերից թալանված այլ պատմական-ազգագրական մասունքների, թուրքերի նահանջից հետո որպես «մշակութային» ավար նրանց կուտակած գույքի մեջ հայտնաբերեց և հիշյալ Դուռը:

    Մշո Առաքելոց վանքի փայտե դուռը

    Գաղթականների միջոցով այն հասցվեց Թիֆլիս՝ հետագայում հանգրվանելով Երևանում՝ Պատմության թանգարանում…

    Մշո Առաքելոց վանքի հետ է կապված պատմական մեծ կարևորություն ունեցող մի դեպք՝ Հայ ֆիդայական նշանավոր կռիվներից մեկը՝ Անդրանիկի և Գևորգ Չաուշի գլխավորությամբ:

    1901 թվականի նոյեմբերի սկզբին, հայդուկների մի փոքր խումբ՝ 21 օր հերոսաբար դիմագրավեց և 6.000-անոց զորքով պաշարված վանքի շրջափակումից հաջողությամբ դուրս եկավ՝ սպիտակ սավաններով փաթաթված՝ համատարած ձյունապատ տեղանքում աննկատ առաջանալով…

    Վանքի ամրակուռ պարիսպների հետևում դիրքավորված խիզախ Հայորդիները, որպես բողոք, իրենց ըմբոստությամբ ցանկանում էին սթափեցնել Հայ ազգին՝ ոգեշնչելով Հայդուկների մղած պայքարով, միաժամանակ, մերժելով կառավարության հարստահարիչ, հալածական հակահայ քաղաքականությունը և իրենց խնդրի վրա բևեռելով ժամանակի մյուս տերությունների հյուպատոսների ուշադրությունը:

    Առաքելոց վանքի կռվին, նրա պատմական դերի կարևորությանն անդրադարձել են բազմաթիվ պատմաբաններ:
    Իր դյուցազունների հետ մղած պայքարի մասին հետագայում պատմել է հենց Անդրանիկը՝ նշելով նաև վանքում ապստամբած 22 զինակիցների անունները: Այդ արժեքավոր հուշերը, որոնք գրառել է Լևոն Կ. Լյուլեճյանը, առաջին անգամ հրատարակվել են 1924 թվականին՝ Բոստոնում:
    Անդրանիկի՝ «Առաքելոց վանքին կռիվը» գրքից որոշ դրվագներ՝ ահավասիկ.

    «Առաքելոց Վանքը մօտաւորապէս 1600-1700 տարուան պատկառելի հաստատութիւն մըն էր։ Մեր Նախահայրերը իրենց տուներէն փառաւոր, իրենց ամրոցներէն աւելի ամրապինդ ու գեղեցիկ հոյակապ վանքեր կանգնած էին։ Առաքելոց Վանքը մի գուցէ Սբ. Աղբէրիկէն վերջ հաստատուած
    առաջին վանքն է, ուր մեր Նախահայրերը իրենց յուսահատ եւ ուրախ օրերուն յառած են իրենց աչքերը հոն հաւատքի եւ յոյսի հետ։
    Հոս, այդ նուիրական հաստատութեան մէջ, նո՛ր գոյամարտ մը պիտի մղէինք ցեղին բարօրութեան եւ խաղաղիկ կեանքին համար»։

    «Երբ մեր աչքերը դէպի արեւելք յառենք՝ 120 քայլի վրայ կը տեսնենք Աստուածածնի աշտարակը, իսկ արեւմուտք՝ վանքի այգին, հարաւ՝ իր գոմը եւ մարագը։ Իր քովիկն է Իշխանաց եւ Թադէոս Առաքեալի աղբիւրները։ Դէպի հարաւ Սասուն տանող ճամբան եւ Ծիրին կատարն է Կուռթիկ Կորէկի աղբիւրին հետ։
    Առաքելոց Վանքը շրջապատուած է մէկ քանի Հայկական գիւղերով»։

    «Հաստատուն եւ բարձր պարիսպ մը կը շրջապատէ վանքը։
    Երկու դռներ ունի, որոնցմէ մէկը՝ փոքր, իսկ միւսը՝ երկփեղկանի կամարաձեւ մեծ երկաթապատ գամերով ծածկուած դուռ մըն է, վեց մէթր բարձր, վեց մէթր երկայն եւ հինգ մէթր խորունկ։
    Վանքը ունէր իր սեփական ջաղացքները, այգիները, հողերը, կովերը, եզները եւ ոչխարները։
    Ուխտաւորներուն համար շինուած էին մօտաւորապէս քառասուն սենեակներ։
    Վանքին հոգածութիւնը եւ հսկողութիւնը յանձնուած էր վանահայր Յովհաննէս Վարդապետին։ Յովհ. Վարդապետ բարի, ջերմեռանդ եւ առաքինի յատկութիւններով օժտուած կղերական մըն էր։
    Իր հոգածութեան տակ էին 60-70 որբեր, որոնց կը դասաւանդէր ուսուցիչ-վարպետ մը Հայերէն լեզուն, կրօնը եւ կը սորվեցնէր արհեստներ։ Վանքը իր ուսուցիչներով, կղերներով, տնտեսներով, հովիւներով ընդամէնն 80 հոգի էին։
    Մենք հոս՝ այս վանքին մէջ էր, որ պիտի ամրանայինք ու կռուէինք թուրք զինուորին դէմ։

    Ժամանակ չկար, պէ՛տք էր այլեւս գործի սկսէինք կառավարութեան ուշադրութիւնը մեր վրայ հրաւիրելով»:

    «Վանքը հին օրերէն մնացած երկու խոշոր չախմախլի հրացաններ ունէր:
    Այդ հրացանները ներկայ մահկանացուներս չէինք կրնար գործածել, զանոնք մաքրել եւ իւղել տուի: Երբ ամէն օր իրիկուան ժամը մէկը կ’ըլլար՝ կրակել կուտայի՝ քաջալերելու համար թէ՛ տղայքը եւ թէ՛ Դաշտի Հայ ժողովուրդը:
    Այս հրացաններուն ձայնը թնդանօթի ձայնէն պակաս չէր»…

    Մի հատված էլ՝ մի քանի օր մղված պայքարից հետո կայացած բանակցություններից…

    «Մուղտատ էֆէնտին դողդոջուն ձեռքով մատիտ մը բռնած սկսաւ նօթագրել կտոր մը թղթի վրայ՝ ինչ որ ըսի։ Մեր պահանջները հետեւեալներն էին։
    1.- Պօլիսէն մինչեւ հոս քաղաքական բոլոր Հայ յանցաւորներու ներում։

    2.- Իւրաքանչիւր գիւղէ հաւաքուելիք տասանորդը պէտք է գիւղացին ինք հաւաքէ եւ յանձնէ կառավարութեան՝ իրեն հետ ունենալով բարեխիղճ պաշտօնեայ մը միայն։
    3.- Այն քիւրտերը որոնք միշտ յարձակում գործեր են հայ գիւղերուն վրայ, զինաթափ ընել ել կամ պաշտպանել այդ գիւղերը։

    4.- Այն բոլոր հայ գիւղերը որոնք գրաւուած են քիւրտերէն, վերադարձուին Հայերուն։

    5.- Այն բոլոր քիւրտ ցեղապետները, որոնք կառավարութեան հետ հայ գիւղերէն տուրք կ’առնեն, անոնց ջնջումը։ Կառավարութեան մէջ կառավարութիւն չ’ըլլա՛ր։

    6.- Դուք յեղաբոխականներս աւազակներ կոչած էք։ Աւազակները պէտք է կառավարութիւնը ինք իր
    մէջ փնտռէ, որոնք ահագին զեղծումներ կը գործեն եւ կաշառքներ կ’առնեն։ Երկար տարիներէ ի վեր է, որ ես հոս եմ իմ զինուորներուս հետ, գողութիւն մը ըրած չեմ։ Ձեր փօսթան ինծի հանդիպեցաւ, զայն տանող պաշտօնեաները ձգեցին ու փախան, մենք առանց կողոպտելու՝ թողուցինք եւ հեռացանք։
    Յաջորդ օր ձեր զինուորները եկան եւ հոն գտան տոպրակները, ձիերն ու ջորիները։
    Մենք խաղաղ ժողովուրդին ո՛չ մէկ օր կամ ո՛չ մէկ ատեն չարիք պատճառած ենք։
    Դուք գիտէք, որ շատ անգամ մեզի քիւրտեր հանդիպած են, մենք զանոնք ո՛չ սպաննած եւ ո՛չ ալ անոնց չարիք հասցուցած ենք։
    Բայց այն, որ մեզի կամ Հայ ժողովուրդին դէմ չարիք գործած է, մենք պատժած ենք զայն, ինչպիսին է Պըշարը Խէլիլը։ Պըշարը Խէլիլն էր, որ Սերոբ Փաշային գլուխը կտրեց եւ անոր ընկերները սպաննեց իր էշիրէթին եւ Ալի փաշային հետ Հայ դաւաճաններու մատնութեամբ։ Կոտորեց Թալւորիկի Սպաղանաց գիւղի 27 կին եւ երեխաներ Տէր Պետրոսի հետ։
    Երբ անոնց դիակները Թաղուած էին հայ գիւղացիին կողմէն, 48 ժամ վերջը եկաւ հանեց եւ Ռէիս Մակարին տան մէջ լեցնելով քարիւղ ցանեց եւ վառեց զանոնք, անոնց հետքերը անհետացնելու համար։ Հէթինկ գիւղէն եօթը երիտասարդներ բռնելով կապեց զանոնք անոնց թեւերէն եւ գետը իջեցուց եւ հրացանազարկ ըրաւ բոլորն ալ։ Այս բոլորը կատարուեցան թուրք կառավարութեան թելադրութեամբ։
    Թուրք. կառավարութիւնը՝ միացած Խէլիլի հետ, այս ոճիրները գործադրեց, եւ սուլթան Համիտ անոր կուրծքը զարդարեց՝ Ալվարիճ Հայ գիւղին տասանորդն ալ անոր ընծայելով։
    Ահա՛, այսպիսի հրէշներն էին, որոնք պատժուելու տեղ կը վարձատրուէին շքանշաններով եւ ընծաներով։
    Ես երեք տեղերու վրայ մարդիկ դրած Խէլիլի ճամբան կտրած էի, եկաւ ու ողջ ողջ ձեռքս անցաւ, հարցաքննութենէ մը վերջ այս խէնչէրովս եւ այս ձեռքովս անոր վիզը կտրեցի։ Ահա սուլթան Համիտի տուած պատուանշանն ալ։ Խէլիլին գլուխը կտրելէս մինչեւ այսօր անոր հետ գործակցող ընկերներէն տասնեւեօթը հոգին ալ սպաննեցինք։ Կառավարութիւնը, փոխանակ ուրախանալու՝ չարագործներուն պատժուիլը տեսնելով, բանտարկեց երեսուն եւ մէկ անմեղ Հայեր, ենթարկելով զանոնք անլուր չարչարանքներու։
    7.- Մոկունք գիւղի Շէրիֆին սպանութեան համար տասնեւհինգ անմեղ Հայեր բանտարկեցիք եւ քանի մը օր վերջ ձեր օրհնուած աղը տուիք, եւ անոնք մեռան չարաչար մահերով։ Անոնց տրուած թոյնին սաստկութենէն գլուխներուն մազերն իսկ թափեցան։ Դուք առանց խղճահարուելու բանտերուն մէջ
    լեցուցիք մօտաւորապէս հարիւր եօթանասուն անմեղ հոգիներ եւ տակաւին կ’ըսէք ինծի, թէ ի՞նչ է նպատակդ եւ ի՞նչ կ’ուզես։
    8.- Սբ. Աղբերիկ վանքի վանահայր Ղազար վարդապետը դուք սպաննել տուիք երկու քիւրտերու ձեռքով, գիշեր ատեն վանքին դուռը բարեկամաբար ափ առնելով։ Այդ երկու քիւրտերն ալ ես սպաննել տուի։
    9.- Տիգրանակերտէն մինչեւ Պարսից սահմանը զինուած 150,000 քիւրտեր կան, ի՞նչ են ասոնք, եւ որո՞ւ դէմ ուղղուած են անոնց զէնքերը։ Անոնք պահուած են մի՛միայն Հայուն պատուհաս դառնալու։ Եթէ կ’ըսէք, թէ արդարութիւն կայ, ո՞ւր է, եւ ինչո՞ւ կը բանտարկուին Հայերը։
    Ինչո՞ւ չեն բանտարկուիր քիւրտերը իրենց հրացաններուն համար, ո՞ւր է այդ արդարութիւնը եւ «հայրական գութը»:

    10.- Այս ի՞նչ տեսակ պաշտօնէութիւն է, որ ամէն տեսակ բռնութիւններ կը բանեցնէ Հայ ժողովուրդին վրայ տուրք հաւաքելու պատրուակին տակ, խլելով անոնցմէ իրենց վերջին հացի կտորը՝ Հայ պատիւին հէտ։ Այս վերջինը մեզի համար, անտանելի է։ Դուք երբե՛ք չէք խղճահարուիր ճնշելէ եւ հալածելէ տկար ժողովուրդները եւ թոյլ քիւրտ էշիրէթներն ալ։

    11.-Մարգար վարժապետը կախեցիք, Մուրատն ու Տամատեանը բանտարկեցիք, Սերոբ Փաշան եւ Գուրգէնը սպաննեցիք, եւ հիմա ե՛ս եմ, որ հոս եմ։ Մենք հարիւրաւոր մղոններ կտրած հոս եկած ենք մեր պատանքները մեր տոպրակներուն մէջ դրած։ Եթէ այս համեստ առաջարկներուս բաւարարութիւն չտրուի, մենք ուժ ունինք վեց ամիս դիմադրելու (աչքերս դարձնելով դէպի մոմի դատարկ սնտուկներուն. քանզի թուրք ներկայացուցիչները չէին գիտեր, թէ մոմերուն սնտուկները դատարկ էին։ Անոնք այն տպաւորութիւնը ստացան, թէ այդ քառասուն սնտուկները լեցուն էին ռազմանիւթերով)։
    Այս բոլորին բաւարարութիւն տալու համար պէտք է վաւերացուին Սուլթանէն եւ օտար դեսպաններուն կողմէ, այն ատեն ես իմ երկրորդ ըսելիքս կ’ըսեմ։ Եթէ իմ ըսածներս հեռագրէք, քսանեւչորս ժամէն Պոլիս կ’երթայ, երկու օր հոն խորհրդակցելէ վերջ՝ անոնց պատասխանը 13 օրէն փօսթով հոս կը հասնի, իսկ եթէ դուք շինուածք մը ընէք կտոր մը թուղթի վրայ, այդ պիտի մերժուի մեր կողմէն եւ պիտի վերադարձուի ձեզի։

    Մեր խօսակցութիւնը տեւեց ժ. 7-10.30- ը, երբ մեր խօսքերը լմնցան, Մուղտատ էֆէնտին ըսաւ թէ.
    «Փաշա՛, կարելի չէ՞ որ երկու կողմէն զինադադար մը կնքուի մինչեւ մեր պատասխան ստանալը»:
    «Յայտնեցէ՛ք ձեր զինուորականներուն, եթէ իրենք յարգեն իրենց խոստումները, ե՛ս ալ կը յարգեմ, եթէ զարնեն, ե՛ս ալ կը զարնեմ»…

    Մշո Առաքելոց վանքից մնացած փլատակները