Category: Histoire

  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»…  (Մաս Կ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Կ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Կ)

    Փոքր Հայքի Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառում՝ Մարզվանի գավառակի կենտրոնում՝ Մարզվանում՝ 1921 թվականի հուլիսյան մղձավանջային օրերին՝ կոտորածների ականատեսների հետ՝ ստորև…

    Նշան Զորայանի «Հուշերի» սկիզբը՝ նախորդ հրապարակումներում…

    «Գօմիսէրին տունէն երբ վերադարձայ, նույն դռան առջև հասայ, տեսայ, որ դուռը գոցված էր և բանալու ամեն ջանքս ապարդիւն ելավ:
    Մնացի փողոց. վեր ելլելու ուրիշ ճամբայ մը չի կրցի գտնել. կը մնար ուղղակի մեր տան մէջի ճամբան՝ այն ալ կը վախնայի օգտագործել, քանի որ ցերեկէն թուրք մը կահ-կարասի բերած լեցուցած էր տունին մէջ:
    Կը մտածէի, թէ գույքերուն տերը մեջը պառկած ըլլալու է և կրնայ պզտիկ շշնջույնով մը ներկայութիւնս իմանալ ու վտանգել զիս…
    Բայց թէ ինչո՛ւ գոցված էր այն դուռը, ուրկէ դուրս եկած էի, արդէն վերջն է, որ տեղեկացայ մօրեղբորմէս, որ ինք և իր երեք հետի ընկերները հինգշաբթի օրը երեկոյան դեմ բռնուէր են պահված (տեղէն) ու այդ տան ներքին սենեակի մը մէջ բանտարկէր ու ուժով կապեր են, որ տեղերնուն շարժելու ամեն փորձ ապարդիւն է դարձեր:
    Ես երբ վար իջայ նույն տան տանիքէն՝ տակաւին սենեակին մէջն են եղեր: Բայց ո՛չ անոնք իմ անցնելէս լուր ունեցեր են, և ո՛չ ալ ես՝ իրենց այնտեղ ըլլալը…
    Ես երեկոյին՝ մութը կոխելէն մէկ ու կէս ժամ վերջ վար իջայ, ի հարկէ, անձայն ու անշշուկ. փողոցի դուռը բաց ըլլալով՝ ես քացի:
    Մորեղբայրիս ըսածին նայելով՝ քիչ վերջն ալ թուրքերը եկեր են իրենց կալանավորները տանելու այն տունէն ու փողոցին դռան խոշոր կողպանք մը շարքերով գոցէր էին:
    Այսպես փակեր էին միևնույն ատեն իմ ալ վերադարձիս ճամբան:

    Թէ ի՞նչ ըրած էին այդ կալանավորները՝ պիտի անդրադառնամ հետագային:
    Ուրիշ ճար չունէի, պետք էր ամեն գնով ջանայի մեր տան մէջի միակ ճամբան օգտագործել:
    Մեր ալ փողոցի դուռը գոց էր, սակայն բակը շրջապատող պատը հազիվ երկու մեթր բարձրութիւն ունէր, որը մեծ դժվարութիւն մը չէր ինձ համար միւս կողմը անցնիլ, բայց ես կը շարունակէի մտածել, որ հոն կահ-կարասին բերող թուրքը հանդիպելով՝ կրնար ինձ վնասիլ:
    Ինչ որ ալ ըլլար, պետք էր միջոց մը գտնէի վերջապես՝ բակը չի մնալու համար:

    Փողոցում սրածայր քար մը գտնելով՝ սկսայ գետնէն ութսուն սանտիմեթր բարձրութեամբ դռան քովէ պզտիկ փոս մը բանալ՝ պատին ծեփէն և տակի հողէ թափուած աղիւսէն քերելով: Երբ ոտքիս հենարան ծառայելու չափ եղավ, մէկ ձեռքով կառչելով դռան թակը («թօքմաֆ»), մէկ ոտքս ալ բարձրացուցի բացված փոսին մեջ և (սկսայ) ինքզինքս վեր բարձրացնիլ, միւս ձեռքովս ալ պատին բարձրութեանը ամուր մը բռնվելես՝ դիւրութեամբ բարձրացայ պատին վրայ…
    Իջնելն այլևս շատ հեշտ էր:
    Երբ բակը իջայ, գողի պես ականջներս լարեցի ու մտիկ ըրի, թէ որևէ ձայն մը կամ շարժում կա՞ր մեր չորս ընտանիքներէն պարպված տուներուն մեջ: Կատարեալ լռութիւն կը տիրեր:

    Մենք մեր թաքստոցէն տեսած էինք միայն տիրօջնուս բնակուած տունը կահ-կարասի փոխադրելնին, սակայն մեր բնակած կողմը չէի գիտէր, թէ նույնպես բռնվա՞ծ էր, թէ՞ տակաւին պարապ:
    Եթէ պարապ եղած ըլլար, անշուշտ, դժվարութիւն մը շատ չի պիտի քաշէի վեր բարձրանալու, քանի որ գիտէի ամեն ծակ ու ծուկ և նույնիսկ մութին մեջ առանց դժվարութեան կրնայի տեղս հասնիլ: Ուստի, գօմիսէրին տված ոտնամանն ալ հանելով, բոբիկ, ոտքիս ծայրերուն կոխելով՝ բակի սանդուղքէն անշշուկ վեր ելայ մինչև մուտքի դուռը:

    Դժբախտաբար, երբ դուռը կուզէի կամաց մը բանալ ու ներս մտնել, նկատեցի, որ դուռը ետեւէն փակված է ու կարելի չէր բանալ:
    Ուրեմն, եզրակացուցի, թէ ամբողջ տունը գրավված է և, անտարակույս, մեջն ալ մարդ կենալու է:

    Ի՞նչ ընէի…
    Նորէն փողո՞ց ելլայի: Եթէ ելլայի՝ իսկ ու՞ր կրնայի երթալ…
    Շվարած կը մտածէի:
    Որոշեցի տան տիրօջնուս կողմն ալ անգամ մը փորձել, թեև հույս մը չունէի հաջողելու, քանզի տեսած էի այդ կողմը գրավված ըլլալ ու եթե ելք մը գտնել չի կարենայի՝ ստիպված դարձեալ փողոց պիտի ելլայի ու առավոտ չեղած՝ քաղաքէն դուրս ելլել մտադրեցի:
    Կա՛մ պիտի բռնվէի, կա՛մ Ամասիայի ճամբան ձեռք առնելով, թերևս հաջողվէի ազատիլ…

    Քայլերս զգուշութեամբ ուղղեցի տան տիրօջնուս կողմը և նկատեցի, որ դուռը կողպված չէր:
    Երբ հրեցի՝ դուռը սկսավ բացվիլ:
    Զարմանքս գրավեց, թէ ինչպէ՞ս կ’ըլլայ, որ տունը գրավելով, կահ-կարասի լեցնելէ վերջ, տունը ետեւէն գոցված չէր:
    Մտածեցի, որ, անշուշտ, տերը մեջն ըլլալու է՝ առ ի ապահովութիւն իր գույքերուն:
    Սակայն, եթե նույնիսկ մարդ ալ կենար տանը մեջ, կը մտածէի, թէ այդ մարդը ինչպէ՞ս կարող էր հանդգնութիւնը ունենալ՝ առանց դուռը գոցելու պառկիլ տան մը մեջ, որը իրենը չէր նախապէս և առաջին գիշերն էր, որ պիտի անցուցէր այդ տան մեջ: Արդեօ՞ք անհոգութեամբ պառկելէ առաջ մոռցած էր դուռը ետեւէն գոցելու:

    Տունին այդ կողմը՝ չի համարձակեցայ մէկէն ներս մտնել, վտանգի մը դէմ հանդիման չ’էլլելու վախով: Աւելորդ ժամավաճառութեան ատենը չէր, սակայն պէտք էր վերջապէս ստուգել, որ մէջը պահապան կա՞յ, թէ՞ ոչ:
    Եթէ տունը մարդ չի կար՝ պիտի փորձէի բարձրանալ առաստաղի բացուածքէն:
    Ձայն տվի օրիորդ Նուարդին, որպէսզի անկողնի կտավ մը կախէ վար ու օգնէ ինծի՝ վեր ելլելու: Այս դիտաւորութեամբ կամացուկ մը դուռը հրելով մուտքէն ներս մտայ՝ առանց դույզն շշուկի մը առաջացնելու: Լույս չէի կրնար վառել՝ զգուշութեան համար:
    Մութին մէջ զգուշութեամբ մօտեցայ սենեակներէն մէկուն դռան, կամաց մը հրեցի՝ պզտիկ անցք մը բանալով մտիկ ըրի՝ շնչառութեան ձայն առնելու վախով:
    Կատարեալ լռութիւն կը տիրեր:
    Համոզվեցայ, որ սենեակին մէջ մարդ չի կար. մտա ներս:
    Խառնիճաղանջ գույքեր կային միայն հոս ու հոն: Այսպէս շարունակեցի խուզարկութիւններս միւս բոլոր սենեակները. տան այդ մասին մէջ շնչաւոր ոչ մէկ բան կար:

    Գիտէի, որ առաստաղին վրայ ձեղնայարկը ելլելու բացուածք մը կար, որն առնուազն երկուք ու կէս մեթր բարձրութիւն մը ունէր: Սանդուխ չի կար, որ օգտագործէի վեր ելլելու, սակայն մութին մէջ նշմարած էի սեղան մը: Կամաց մը տեղափոխեցի և բերի բացուածքին տակը, վրան ելլելով՝ ձեռքս երկարեցի բացուածքի կափարիչին: Մատներուս ծայրը հազիվ հասավ, փորձեցի վերցնել կափարիչը, սակայն նկատեցի, որ բնավ տեղէն չի շարժիր, կարծէս զմռսած էր:
    Կամաց ձայնով մը՝ «Նուա՛րդ, Նուա՛րդ» ձայնեցի, բայց պատասխան մը չի ստացայ. ավելի բարձր ձայն չէի կրնար անել:
    Սեղանէն վար իջայ և հոս-հոն ձգուած առարկաներուն մէջէն ավել մը գտայ: Կրկին ելայ սեղանին վրայ և անոր կոթովը սկսայ վեր վերցնելու ջանալ կափարիչը, որ կը համառէր վեր վերնալ:
    Զգացի, որ գամուած չէր. խորհեցա, որ վրան ծանր բան մը դրված էր օրիորդին կողմէ՝ առ ի զգուշութիւն և կրկին անգամ մը ևս ուժգին մը վեր հրեցի կափարիչը՝ միանգամայն միշտ կամաց ձայնով «Նուա՛րդ, Նուա՛րդ» ձայն տալով:
    Այս անգամ զգացի, որ կափարիչին վրայ շարժում մը տեղի ունեցավ:
    Այլևս վստահ էի, որ ի՛նքն է, բայց քունէն նոր արթնցած՝ մէկէն վախցեր էր իմ ըրած շարժումէս, որուն չէր սպասէր, գիտնալով, թէ ես իմ գացա՛ծ ճամբովս ետ պիտի վերադառնամ: Բնավ չէր սպասէր, որ ե՛ս ըլլայի այդ շարժումը կատարողը:
    Թէեւ արթնցեր էր, սակայն ձայնս չի լսելուն՝ վախցեր էր, թէ զինքը հետապնդող մեկը կրնամ ըլլալ ու այսպէս չէր ուզեր կափարիչը բանալ:

    Այս անգամ նեղվեցայ. արշալոյսը շատ հեռու չէր, պէտք էր վերջապէս ամեն գինով բանալ տայի ու վեր ելլայի:
    Ուստի, ամեն վտանգի աչք առնելով, անգամ մը ևս ուժգին մը ցնցեցի կափարիչը ու բաւական ուժեղ ձայնով մը՝ «Նուա՛րդ,- ըսի,- չե՞ս լսեր իմ ձայնս, ինչու՞ չես բանար կափարիչը: Եթէ այս անգամ ալ չի բանաս, ուշ պիտի ըլլայ ու թերևս զիս չի տեսնես ուրիշ անգամ»:
    Այս անգամ վերջապէս լսեր էր, թէ ես եմ, որ կը ցնցեմ կափարիչը:
    «Ա՜հ,- ըսավ,- դու՞ն ես, որքան հիմար եմ եղեր, որ վախէս մինչև հիմա քեզ սպասցուցի: Ես ալ թշնամի կարծելով՝ վախէս կը դողայի»:

    Ըսի, որ՝ «Խօսելու ժամը չէ, բա՛ց կափարիչը, վերջը կը խօսէնք ու իրար կը հասկնանք»:
    Անմիջապէս բացուեցավ, ձեռքը երկարեց, որ զիս վեր քաշէ, բայց այդ կերպով խեղճի ուժը չէր բավեր ինձ վեր հանելու: Ըսի՝ «Գնա՛, ծրարին մէջէն սավան մը հանէ՛ և կախէ՛ ու ոտքի՛ վրայ կանգնէ: Միայն թէ սավանին մէկ ծայրէն ամու՛ր բռնէ՝ բոլոր ուժովդ, ես կրնա՛մ ինքզինքս վեր հանել»:

    Ըսածիս պես ալ ըրինք և այդ սավանին միջոցով վեր ելայ ու կափարիչը դարձեալ գոցեցինք:
    Սոսկալի քրտնած էի և վրայիս շորերը՝ թրջած: Իսկույն ծրարին մէջէն չոր ճերմակեղէններ հանեցի ու մինչև որ փոխուեցայ, այդ գիշերուան անցքերը համառոտակի հասկցուցի իրեն:
    Նկատելով, որ վերջին ծայր հոգնած ու քնատ եմ, ըսի իրեն, որ արթուն մնայ ինքը և, եթէ շշուկ մը լսէ՝ ինծի ձայն տա:
    Պառկեցայ չոր տախտակին վրայ…

    Մարզվանից մի անկյուն

    ՈՒՐԲԱԹ
    Մինչեւ ուրբաթ օրուայ լույսին բացվիլը մէկ ու կէս ժամու չափ լավ մը քնացեր էի:
    Առաւօտ էր եղեր ու, արևը ծագած, դուրսը՝ փողոցին մեջ շարժումը ծայր էր տվեր, երբ այլեւս Նուարդ հարկ տեսած էր ինձի ձայն տալու: Անմիջապէս ելայ ու ինքզինքս շտկեցի, հարցուցի, թէ բան մը լսա՞ծ էր:
    «Մտի՛կ ըրէ…»,- ըսավ:
    Իրավ ալ, մեզմէ բաւականին հեռու գտնվող տուներէն մեկուն ձեղնայարկերը խլրտում մը կար, բայց չէինք կրնար զանազանել, թէ թուրքե՞ր են, որ փնտրտուքի ելած են, թէ՞ ալ մեզ նման անբախտներ, որոնց ներկայութիւնը մինչեւ հիմա մենք չէինք գիտեր:

    Այդ օրը՝ մինչեւ կէսօրէ վերջ, աչքի զարնվելիք բան մը չի պատահեցաւ, թեև փողոցին մէջ թուրքերու լաճեր կողոպուտի համար բաց դռները կը մտնէին ու իրենց ավերիչ գործունեութիւնը կը շարունակէին: Սակայն մեր տան դուռը գոց ըլլալուն մեջ անհանգիստ ընողներ չէղան:
    Տուներնիս գոց էր, այո՛, բայց ես զարմանքով կը քննէի բակը, ուր կենդանութեան նշան մը չէի տեսներ: Այն մարդիկը, որոնք մեր բնակարանը գրաված էին, ցերեկին մէջտեղ ելումուտք չէին գործեր: Արդեօ՞ք իրավ՝ մէկը չի կար մեր տուներուն մէջ…

    Կէսօրէ քիչ առաջ միայն մարդ մը եկավ, դուռը բացավ ու ներս մտավ մեր տանը կողմը. քառորդ ժամ վերջը նորեն գոցեց ու հեռացավ:
    Կէսօրէ վերջ փողոցէն աղմուկը փրթավ արդեն. ականջ դրինք և տեսանք, որ մեր փողոցի դուռը բացվեցավ ու խուժանը մեր բակը մտավ: Որոշապէս լսեցինք, որ՝ «Հոս պահված գեավուր կայ եղեր» կըսէին:
    Հասկցանք անմիջապէս, որ մեզի համար են եկողները…

    Կ’երեւի՝ կէսօրէն առաջ եկող մարդն, անշուշտ, մէջէրնին ըլլալու էր:
    Որ գոցված դուռները բացվեցան և մարդիկ վեր ելլել սկսան՝ խորհեցայ, որ այդ մարդն անպայման գիշերուան իմ պտույտէս հետք մը նշմարած ու կասկածած ըլլալով՝ հետը մարդիկ ժողված ու եկած էր զիս երևան հանելու:
    Սխալած ալ չէի…
    Նուարդին ըսի, որ անմիջապէս հեռանայ ուրիշ ձեղնայարկեր ապաստան մը գտնելու և պահվելու, իսկ ես այլևս չսպասեցի ու աճապարանքով հեռացայ ուրիշ կողմ մը…

    Պատահաբար գտայ այնպիսի թաքստոց մը մեր թաղի հույներէ մէկուն տանը ձեղնայարկին մէջ, որ հինգ օրէ ի վեր այդ կողմերը հաճախելով՝ չէի նկատեր:
    Երբ ես գտայ այդ տեղը՝ թաքստոցին բերանը բաց էր, և կափարիչը՝ քովը: Տերն, անշուշտ, չէր կրցած օգտագործել զայն, ո՞վ գիտէ՝ ի՞նչ պատճառով:
    Ես իջայ մեջը և ներսէն գոցեցի զայն:
    Նկատեցի, որ թաքստոցիս առջեւի մասը սենեակի մը մեր բարձրէն շինուած պահարան մըն է, որը առանձին դուռն ունի՝ մէկ մեթր երկարութեամբ, քառասուն սանթիմեթր լայնքով:

    Երբ ես Նուարդէն բաժնվեցայ, խեղճ աղջիկը լարումէն ճիշտ ժամանակին չէր կրցած փախչիլ ու թաքնվիլ:
    Խուժանէն երկու հոգի տեսեր են զինքը և սկսեր են հետապնդել, իսկ ինքը, տեսնելով, որ այլևս պիտի բռնվի, անմիջապէս ձեղնայարկէն կղմինդրներուն վրայ կը բարձրանայ ու կը սկսի տանիքներուն վրայ փախչիլ զինքը հետապնդողներէն…
    Այդ վայրենիներուն կանչերը կը լսէի իմ թաքստոցէն ու սիրտս կ’ արիւնէր, որ ան ալ վերջապէս բռնվեցավ և կամ պիտի բռնվէր:
    Աչքերս լեցուեցան… Ավա՜ղ, որ ձեռքէս բան մը չէր գար այլևս անոր օգնելու…

    Նուարդ, երբ կտեսնէ, որ զինք հետապնդող հրէշները մոտեցած են իրեն ու պիտի բռնեն զինքը, այլևս ճարահատ ինքզինքը վար կը նետէ երեք հարկանոց տան մը բարձրութենէն՝ ողջ ձեռքերնին չ’իյնալու մտադրութեամբ…

    Այստեղ Աստվածային հրաշք մը զինքը ստույգ մահէ մը կը փրկէ:
    Տակաւին գետին չինկած, գետնէն մարդահասակի մը չափ բարձրութեան վրայ՝ պատին զարնված ու գլուխը դուրս խոշոր գամի մը կը պլլվի, օրիորդին հագուստը կը պատռվի ու ինքը վար կ’իյնայ գետին շատ թեթև, սակայն այդ բարձրութենէն իյնալու թափին ուժը կը տկարանայ ու միայն ձախ ոտքին պճեղ ոսկորը կը վնասվի…
    Թուրքի մը տան պարտեզին մէջն էր ինկեր, որուն տերը նույն օրը դուռը գոցած ու այցի գացած է եղեր:

    Զինք հետապնդողները ձեռնունայն կը մնան ու ստիպված ետ կը դառնան դեպի մեր տան ձեղնայարկը:
    Հոն երևան կը հանեն մեր քովի ծրարը՝ կտանին»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

    Հայ ընտանիքներից մեկի՝ Դիլդիլյանների տունը Մարզվանում
  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»…  (Մաս Ծ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ծ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ծ)

    Ժամանակակիցների զանազան վկայությունները՝ արտացոլված մամուլում, տարբեր հաղորդագրություններում, հրաշքով վերապրածների հուշագրություններում, վավերագրում են Հայ ազգի հանդեպ իրականացվող ցեղասպանությունը, որը սաստկացավ 19-րդ դարի վերջերից՝ տարբեր շրջաններում:
    Եվ ամենուր արձանագրված՝ նույն ձեռագրով ու աննկարագրելի դաժանությամբ իրականացված ոճիրներն են՝ Հայերի զանգվածային կոտորածով ու ողջակիզմամբ, նրանց հարստության կողոպտմամբ ու տների հրկիզմամբ…

    1915-ից հրաշքով փրկվածները 1920-1921 թվականներին նույն զարհուրելի ջարդերի ու վայրագությունների զոհն էին դարձել Հայոց տարբեր քաղաքներում ու գյուղերում՜

    Մարզվանում 1921 թվականի ամռանն իրագործված ոճրագործություններից դրվագներ՝ ականատես Նշան Զորայանի հուշերից՝ ստորև (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

    «…Գիշերվան ժամը տասնի ատեններն էր, երբ Կոմիսէրին դուռը կամաց մը զարկի: Դուռը բացավ Ալի էֆենդի կոչված տղան, որը քսան և հինգ տարեկան մը կար: Մութին մէջ չի ճանչցավ զիս և կարծելով, որ թուրք մըն եմ, այդ ժամուն ինչ ուզելս հարցուց: Ըսի՝ «Ալի՛, չի ճանչցա՞ր զիս, ես շաքարագործ Նշանն եմ Սեբաստացի և հայրդ կ’ուզեմ տեսնել, կարևոր խնդրի մը համար, տու՞նն է արդեօք Գօմիսար էֆենտին»:
    Տղան զարմացած՝ ապուշ կըտրած էր իմ յայտնութենէս, որուն երբեք չէր սպասէր:
    Երբ կրկնեցի հարցումս, այս անգամ խելաբերելով կմկմաց, թե՝ «Այո՛, տանն է, սակայն խիստ հօգնած ըլլալուն արդեն պառկած է»:
    Ըսի՝ «Խնդրեմ՝ ինձի առժամեայ նե՛րս առ փողոցէն և գնա՛ իմաց տուր հայրիկիդ, թէ եկած եմ զինքը տեսնելու: Գիտեմ, թէ անհանգիստ պիտի ընեմ զինքը, սակայն գիտէմ, թէ հաճի էֆենտին չի նեղանար ինձ հանդէպ»…

    «Ալի՜»,- պօռաց իր ննջասենեակէն գօմիսերը՝ դռան զարնվիլը լսած և տղան իրեն լուր մը բերելու ուշացումէն սրտնեղած ըլլալով:
    Զիս դռան ետևը ձգելով՝ տղան բարձրացավ հօրը ննջասենեակը:
    Եթէ միայն տղուն ձեռքը ինկած ըլլայի՝ շատ հաւանական է, որ կը սպաննէր զիս, բայց կ’երևի՝ հայրը արգիլած էր այդ արարքը ու միայն ինձմէ բան մը կորզել պիտի ջանար իր ստահակ տղան:
    Սպաննութեանց դադարման հրամանը եկած է եղեր նույն օրը՝ կէսօրէն վերջ, սակայն եթե գօմիսերը իմ անձիս հանդեպ չարիք մը գործելու միտքը հղանար, ո՞վ կամ ի՞նչ բան արգելք կ’ըլլար զիս սպաննել, այն էլ՝ իր տան մեջ. ոտքո՛վս գացէր էի…

    Գօմիսէրի որդին վերադարձավ վերջապես ու հայտնեց ինծի, որ հայրը կը սպասէր ինծի:
    Միասին վեր ելանք:
    Բարևեցի զինքը և որպիսութիւնը հարցուցի: Մարդը աթոռ մը ցույց տալով ըսավ, որ նստիմ, սկսավ զիս հարցուփորձել, թէ որտե՞ղ և ինչպե՞ս կրցէր էի պահվիլ և ձեռք չ’իյնալ մինչև հիմա և ի՞նչ պատճառով գիշերվան այս պահուս համարձակէր էի փողոց ելլելով մինչև իր տունը գալ առանց վախի…

    Առանց երկար — բարակ խոսակցութեամբ ժամավաճառ ըլլալու՝ բացատրեցի.
    «Հաճի՛ էֆենտի, գիտես, որ այս աշխարհի վրայ ես որևէ մեկը չունիմ բացի ընտանիքէս, որը այս պահուս չեմ գիտէր ու՞ր է՝ ո՞ղջ է, թէ՞, հաւանաբար, մեռած:
    Երբ այս դժբախտութիւնները ծայր առան՝ առաջին մտածումս եղավ Ձեր պաշտպանութեան ապաւինիլ, սակայն, դժբախտաբար մեզի՝ հնարաւորութիւնը չ’եղավ և միջոց մը չի կրցայ գտնել Ձեր հայրական հոգածութեան ապավինելու, որով իմ հայրս կը նկատվիք և ահա այդ գաղափարով իսկ կը ներկայանամ Ձեզ՝ վստահ ըլլալով, որ միայն դուք կարող եք Ձեր բարձր պաշտպանութեամբ փրկել զիս այս սարսափելի փորձանքէն. իմ կեանքս Ձեզի միայն է, որ կ’ապավինեմ:
    Վստահեցայ ու եկայ Ձեր սրտի գթութեան դուռը զարնելու, իմ կեանքս կամ մահս ձեր ձեռքը կը հանձնեմ այս վայրկեանիս ու կսպասեմ ձեր հայրական տնօրինութեան՝ ո՛ր տեսակն ալ որ կամենաք»:

    Ո՛չ պահված տեղիս և ո՛չ ալ հետս պահված օրիորդին մասին ոչ մի բառ արտասանեցի՝ առ ի զգուշութեան:
    Այս խոսքերը արտասանած պահուս հուզված էի, զղջացած սա ձեռնարկիս համար, ի տես մանաւանդ իր դժոխադեմ որդուն, որ ներկայ էր ու իր դիմագծերէ կը գուշակէի իր սատանայական գաղափարը ու վախ մը պատած էր սիրտս, թէ այդ հրէշը կրնայ ինծի ամեն չարիք հասցունել:

    Մինչև հազար ու մեկ սև կասկածներ իրարու ետևէ կ’անցնէին իմ էութեանս մեջէն՝ գօմիսարն ըսավ ինծի. «Մի՛ վախնար, զաւա՛կս, հանդա՛րտ բռնէ սիրտդ, քեզի համար մտահոգվելու պետքը չունիս, քանի որ մինչև հիմա փորձանքի մը չես հանդիպէր՝ ասկէ վերջն ալ կ’ազատվիս այս փորձանքներէն»:
    Տղային դառնալով՝ «Ալի՜,- ըսավ,- պարոնը վար իջեցուր և ուտելիք բան մը ճարէ, անշուշտ, անօթի ըլլալու է, թող փորը կշտացնէ և քիչ մ’ալ սիրտը հանդարտի, յետոյ բան մը կը խորհիմ»:

    Իր խոսքերուն մեջ հուսադրիչ բան մը չէի տեսնէր ու ներսէս աւելի կը փոթորկէի…
    «Շնորհակալ եմ, Հաճի՛ էֆենտի,- ըսի,- աւելորդ ձանձրութիւն մի՛ պատճառէք ձեր զավակին այս անպատեհ ժամուն. բնավ ախորժակ չունիմ»:
    «Ո՛չ, ո՛չ, Ալի՜,- ձայնեց,- շու՛տ վար գացեք ու ուտելի՛ք տուր, որ քիչ մը կազդուրվի»:
    Կամքին հակառակելը անհեթեթ պիտի ըլլար, ստիպված էի հնազանդելու, ու տղուն հետ վարի գետնայարկ սենեակը իջանք:
    Ալի գնաց ինծի ուտելիք բերելու, քիչ յետոյ վերադարձավ՝ շերտ մը հաց և պնակ մը մածունով: Ըսավ, որ գիշերվան այս ժամուն ասկէ ավելի բան մը չէր գտած:
    «Շնորհակալ եմ,- ըսի,- արդեն ձեզ հայտնած էի, որ ախորժակ չունիմ, այս մածունը ինձ ամեն բան կ’արժէ»:
    Ալին նորէն դուրս ելավ՝ զիս մինակս ձգելով: Խորհեցայ, որ անշուշտ հօրը քով վերադարձավ՝ իմ մասին ընելիք կարգադրութեան մասին խորհրդակցելու:
    Սիրտս կը տրոփէր, միտս կը բերէի խեղճ օրիորդը, որ անօգնական ու առանձին ձգած՝ եկած էի ինքզինքս վտանգելու…
    Ինձմէ վերջ ի՞նչ պիտի ըլլար անոր տարաբախտ վիճակը…
    Այս մասին էր, որ առաւելապէս կը մտահոգվեի, քան իմ անձիս կորուստով, որուն համար շատոնց արդէն պատրաստէր էի ինքզինքս…

    Բաւական սպասումէ յետոյ Ալին եկավ ու իբրև թէ մտերմաբար սկսավ խօսակցութեան բռնել զիս: Զարմանք ու հիացում կը յայտնէր ինծի. ինչպէ՜ս կրցեր էի ինքզինքս պաշտպանել ու ձեռք չ’իյնալ այսքան ատեն: «Անշուշտ,- կ’ըսեր,- լավ թաքստոց մը ունեցած ըլլալու ես», և կ’ուզէր իմանալ պահուած տեղս: Յետոյ, անդրադառնալով բուն իր դիտաւորութեան, ըսավ թէ՝ «Անշուշտ, դրամներդ ալ միասին ազատած ըլլալու ես, կ’ուզէ՞ս միասին հետդ երթանք և հոս բերենք, այսպէսով ունեցածդ չի կորսվիր՝ կողոպտողներու ձեռքը անցնելով»:

    «Ալի՛,- ըսի,- ես պահված դրամ չունի՛մ, ինչ որ ունիմ՝ վրաս է: Չե՛մ պահեր քեզմէ, իմ վիճակս ինչ որ էր, անշուշտ, քիչ — շատ նկատելի դրամագլուխ մը ունէի, և դուն լավ գիտես, որ ասկէ մեկ ամիս առաջ ունեցած նախկին շաքարագործութեան խանութէս դուրս մեծաքանակ նպարեղէնի մը վաճառատունը բացի: Վաճառատուն մը, որը կարևոր դրամագլուխ կը պահանջէր, չէ՛իկրնար երևակայել, թէ ասանկ աղէտ մը կրնար պատահիլ…
    Երանի թէ բացած չ’ըլլամ եղեր, ի՜նչ գիտնայի, թէ ասանկ անսպասելի փորձանքի մը պիտի հանդիպէինք այդ լազերու հօս ժամանումով:
    Հիմա եթէ այդ դրամները ձեռքս գտնվէր, թէ՛ ինծի կրնար օգտակար ըլլալ և թէ՛ ձեզի: Շաքարագործ խանութս՝ գիտմ, որ վառվեցավ, բայց չէ՛մ գիտէր, թէ ի՛նչ եղավ միւս նոր բացած վաճառատունս: Եթէ անվնաս մնացած ըլլայ, Ալի՛, կրնամ ձեզի շատ օգտակար ըլլալ»:

    Միամտաբար կը կեղծէի, իբրև թէ չէի գիտեր կատարուած կողոպուտները:
    Խնդաց վրաս ու երեսիս զարկավ կեղծիքս, թէ՝ այդքան միամտութիւն չէր սպասէր ինձմէ: «Իհարկէ, — ըսավ,- վաճառատուներէն շյուղ մը անգամ մնացած ըլլալու չէ, քանի որ բոլոր գեավուրներու ստացուածքները վարի տրվեցան: Եթէ քովդ և կամ պահված բան մը ունիս՝ անիկա նայէ, այլապէս ուրիշ բան մի՛ յուսար»:

    «Ալի՛ էֆենտի,- ըսի,- առանց վերապահութեան ձեզի հայտնէցի եղելութիւնը: Հաճի էֆենտին իբրև հայրս և քեզ ալ իբրև եղբայրս դաւանելով է, որ եկայ ձեզ մօտ, կեանքս ձեզի վստահելէ յէտոյ կը հուսա՞ք ինձմէ, որ ձեզմէ բան պահեմ՝ եթէ ունենամ, կամ թէ՝ ինչի՞ կրնայ ծառայել, եթէ զիս ուղղակի ձեր հովանավորութեան տակ չ’առնիք: Ալի՛, անշուշտ, նիւթական կորուստը բնավ հօգս չէ, եթէ առանց վտանգի զիս ազատէք այս աղետէն:
    Ես իմ արհեստովս և փորձառութեամբս քու հետ ընկերակցաբար իբրև եղբայրս և ազատարար՝ գործի ընկեր ըլլալով կ’երաշխավորեմ ձեզի լավ ապագայ մը:
    Ներկայիս քովս հարիւր ոսկի թղթադրամի չափ գումար մը կայ, ա՛ռ ու քո՛վդ պահէ, աւելի ապահով է»,- ըսի և գրպանէս թղթապանակս հանելով՝ իրեն երկարեցի:

    Առանց մերժելու և նույնիսկ բան մը արտասանելու առավ ու գրպանը տեղավորեց:
    Լուռ էր ու չէր խօսէր այլեւս: Արդեօք դեպի լա՞վը դարձած էր իմ սնօտի խոստումից յետոյ իր տրամադրութիւնը, թէ ոչ: Քովս գտնված դրամը կորզելէ յետոյ չարութիւ՞նն էր, որ կը խորհէր ինձ հանդէպ…
    Քիչ յետոյ Ալի կրկին մեկնավ իր հօր մօտ:
    Օրհասական տագնապի վայրկեաններ կ’ անցնէի այդ պահուն՝ թէ ի՞նչ վճիռ պիտի արձակեն ինձ համար…
    Քառորդ ժամ մը առանձին մնացի սենեակին մէջ: Այդ միջօցին միտքէս անցավ փախուստ տալ տունէն, թեև փողոցի դուռը ներսի կողմէն բանալիով կողպուած էր, բայց գետնայարկի սենեակի պատուհանէն կարելի էր փախուստ տալ: Սակայն մտածեցի, որ այդ ալ գէշ արարք մը եղած պիտի ըլլար. առանց անոնց՝ ինծի հայտնելիք վերջի միտքերնին իմանալու տունէն անյայտանալու այս կերպով թէ՛ գօմիսէրին և թէ՛ տղային զայրույթը պիտի հրաւիրած ըլլայի վրաս, որոնք իմ ողջ մնալս գիտնալէ վերջ ամեն միջօց պիտի գործադրէին զիս գտնելու: Այդ պարագային այլևս որևէ հույս կորսված պիտի ըլլար մեզ համար…

    Վերջապէս տղան եկավ ինձ հայտնելու, թէ հայրը զիս կը կանչէ. ելայ ու հետեւեցայ իրենը:
    Գօմիսէրը մահճակալին մեջ նստած կը ծխէր:
    «Փորդ կշտացուցի՞ր, տղա՛ս»,- ըսավ առաջին անգամ:
    Ըսի՝ «Շատ շնորհակալ եմ, Հաճի էֆենտի, Ձեր զաւակը շիտակը անանկ բան մը ընտրէր էր, որ եթէ մասնավոր խնջույքի ներկայ եղած ըլլայի, այսքան գոհ չէի կրնար մնալ: Ալի էֆենտին բժշկի ձիրքով օժտված երիտասարդ մը ըլլալու է, շատ երախտապարտ եմ իրեն, որ խորհած էր, թէ՛ անօթութեանս և թէ՛, մանաւանդ, սոսկալի ծարավիս հագուրդ տալու, այդ մասին հանգիստ եղեք»:
    Այս խոսքերով կ ‘ուզէի շոյել տղուն ալ անձնասիրութիւնի. նշմարեցի աչքիս տակէն, որ տղան գոհունակութեան ժեստ մը ունեցավ դեմքին վրայ՝ իմ շռայլած գովասանական խոսքերէն:
    «Լավ,- ըսավ, յետոյ դառնալով իմ մասին՝ ավելցուց,- գիշերվան այս պահուս բան մը չէմ կրնար ընել, տունիս մէջ պահել անկարելի է ինձ համար, կառավարական պաշտօնեայ մը ըլլալով՝ իմ կացութիւնս չեմ կրնար վտանգել»:
    Իսկույն հասկցայ, թէ ի՛նչ էր իմաստը «վտանգել» բառին, զոր նախորդ գիշերը ինձ հայտնած էր մեր դրացի թուրքը:
    «Յետոյ, քանի օրէ ի վեր այսքան հոգնած եմ, որ ոտքիս վրայ կենալու կարողութիւն չունիմ, պետք ունիմ այս գիշեր անպայման հանգստանալու, որպեսզի կարող ըլլամ գոնէ վաղը ժամանակին բան մը կարգադրելու:
    Այլևս մի՛ վախնար, -ըսավ,- Կենտրոնի կառավարութենէն հրաման եկած է՝ վերջ դնել խժդժութեանց, բայց ամբոխը՝ տակաւին չի գիտնալով և կամ ավելին՝ չի գիտնալ ձևացնելով, դարձեալ գէշութիւններ կրնայ ընիլ: Ուստի, կը թելադրեմ քեզի, որ երթաս հօսկէ և առանց մարդու աչքին երևալու՝ պահվիս դարձեալ՝ ուր որ ես:
    Վաղը ցերեկին ես կը կարգադրեմ ամեն ինչ՝ քեզ պետք եղած ապահովութեան տակ պահելու, մինչև որ ամեն ինչ խաղաղի ու բնականոն կեանքը վերահաստատվի»:

    Հարցուց որտե՛ղ պահված ըլլալս: Ես դարձեալ, առ ի զգուշութեան, իմ գտնված տեղս չի հայտնեցի:
    «Գնա՛, զաւա՛կս, վերադարձի՛ր տեղդ ու մարդու չ’էրևնաս՝ մինչեւ որ ես հարկ եղած կարգադրութիւնը ընեմ» ըսելով՝ զիս ճամբեց:
    Հրաժեշտ առի իրմէ և տղուն ընկերակցութեամբ դեպի դուրսի դուռը յառաջացանք:

    Դուռը բանավ ու ինծի ճամբու դնելէ առաջ սրիկա տղան՝ ոտքիս նոր կոշիկին աչք տնկած ըլլալով, ինծի ըսավ, թէ՝ «Խոհեմութիւն է, որ ոտքիդ կոշիկները հանէս ու հոս ձգէս՝ քալած ատենդ նոր կոշիկդ կրնայ աղմուկ ընիլ: Ահա՛ քեզի զույգ մը քաշուէ լաթիկ, անոնք ձայն չեն հանէր, հագի՛ր ասոնք ու գնա՛»:
    Այս ըսելով՝ բերավ զույգ մը քաշիէ ոտնաման, նետեց առջեւս…
    Այնքա՜ն հին, որ գրեթէ տակ անգամ չունէր:
    Իհարկե, իմ խորին շնորհակալութիւնս յայտնեցի ու նոր կոշիկներս հոն ձգելով՝ հրաժեշտ առի իրմէն ալ և ինքզինքս փողոց նետեցի…

    Միշտ ետևս կը դառնայի՝ նայելու, թէ արդեօ՞ք գօմիսէրին սրիկա որդին կը հետապնդէ՞:
    Բարեբախտաբար, ետեւէս եկող մը չի կար ու ես փառք կուտայի աստուածիս, որ այս անգամ ալ մորթս վրայ պրծայ այս ապործինին ձեռքէն:

    Գօմիսէրին տունէն երբ վերադարձայ, նույն դռան առջև հասայ, տեսայ, որ դուռը գոցված էր և բանալու ամեն ջանքս ապարդիւն ելավ»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

    Տեսարան Մարզվանից
  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»…  (Մաս Խ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Խ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Խ)

    «…Այս բոլոր անցուդարձերու միջոցին անդադար կը տեսնէինք տեղահան եղած ժողովուրդին անվերջ շարքը ճամբաներուն վրայ։
    Անցան Սամսոնի, Մարզուանի, Թոգատի, Կեսարիոյ, Կերասոնի Հայերը. ո՛չ գրելով, ո՛չ խօսքով կարելի է նկարագրել խեղճ ժողովուրդին կրած չարչարանքները»…

    Զաբել Եսայանի հիշյալ տողերից տարիներ անց՝ 1921-ին, Մարզվանի Հայությունը կրկին աննկարագրելի վայրագությունների ենթարկվեց:

    Այդ օրերից մի դրվագ ևս՝ Նշան Զորայանի հուշերից՝ ստորև (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

    «…Դառնանք քանի մը ողջ մնացողներուս, քանի որ լուր չունէինք Անգարայէն եկած հրամանին և նախորդ օրերու սարսափները կ’ապրէինք:
    Հինգշաբթի երեկոյեան մութը վրայ հասած էր: Դուրսը անցած — դարձածներէն անտեղէակ՝ անօթութիւնէ, ծարաւէ, քնհատութիւնէ այնքա՜ն ուժասպառ եղած էինք և այնքա՜ն հուսահատ, որ այլեւս մեր բերանները կարծէս կապուէր էին և նախորդ երեկոյներու նման այլեւս իրարու հետ ո՛չ խոսքի և ո՛չ ալ գաղափարի փոխանակութիւն մը ընել կը փորձէինք…

    Այսպես տևեց մեկ-երկու ժամ: Ես կ’ուզէի ձերբազատուիլ այն տխուր պատկերներէ, որ կ’ յէտապնդէին զիս ու սկսայ դարձեալ խորհիլ, թէ ի՞նչ պիտի ըլլար մեր վերջաւորութիւնը, թէ մեզի ի՞նչ տեսակ մահ մը կ’վիճակուէ, մինչև ե՞րբ պիտի տևէ այս անտանելի վիճակը և ասօր նման շատ մը հարցեր սկսան ման գալ ուղեղիս մեջ:
    Կ’եզրակացնէի, թէ այլեւս անկարելի է տոկալ այս կեանքին:
    Կա՛մ պէտք էր մեռնէինք և կա՛մ էլ պէտք էր ճար մը գտնէինք՝ այս անել դրութեանը վերջ տալու:

    Այս խորհուրդներուն մէջ խորասուզված էի, երբ մտքիս ներկայացավ պարագայ մը, որ մինչև այդ երբեք չէի խորհած: Հույսի աղոտ նշույլ մը իջավ վրաս, սկսայ ինքնիրենս խորհրդածել, թէ արդեօք կրնայի՞ այդ միջոցին դիմելով յաջողութիւն մը ձեռք բերել: Շատ ալ չէի հաւատար, թէ կրնամ հաջողիլ, քանի որ նախորդ գիշերը անգամ մը փորձած էի նման ձեռնարկ մը:

    Սակայն, ժողովրդական առածին համաձայն՝ «Ծովն իջնողն ալիքներուն կը փաթթվի»…
    Ստիպված էի ե՛ս ալ նույն միջոցին դիմելու, քանի որ ազատութեան ուրիշ հույս կորսված կը համարէի մեզի համար:

    Ձայն տվի օրիօրդ Նուարդին և հայտնեցի իմ ընելիք նոր ձեռնարկս:
    Լուռ մը լսելէ վերջ իմ նպատակս, շատ աղաչեց, որ ետ կենամ այդ դիտաւորութենէս: Շատ վտանգաւոր կը գտնէր և կը պնդէր, որ՝ «Դուն քեզ բացարձակապէս մատնելու կը դիմես անխորհուրդ կերպով, քանի որ կառավարութեան պաշտոնեայ մըն է դիմելիք անձը և դուն երէկ գիշեր քու ականջովդ իմացար մեր բարի դրացիի ըսածները»…
    Կը զգայի իր տրամաբանութեան ճշմարտութիւնը, սակայն դարձեալ յուսահատութիւնը զիս կը մղէր նպատակիս գործադրութեան:

    «Նուա՛րդ,- ըսի,- մէկ կողմէն իրաւունք կուտամ Ձեզ այդպէս խորհելու և կը խոստովանիմ, թէ ձեռնարկս վտանգաւոր է: Բայց ի՞նչ ընել ներկայ կացութիւնէն փրկվելու: Չորս — հինգ օր է՝ դժոխային կեանք մը կ’ ապրինք ու եթէ այս կերպով մէկ — երկու օր ալ նույնիսկ կարողանանք ծածկել մեզ, վերջ ի վերջոյ ստիպուած ձեռք պիտի անցնինք:
    Շատ մտածեցի ու եզրակացուցի, թէ երկու ճամբայ կայ մեր առջևը:
    Գիտեմ, թէ մէկը միւսէն վտանգավոր է, սակայն ուրիշ ելք չեմ տեսնար: Մանաւանդ, ցերեկվա մեր տեսածները շատ գէշ ազդեց իմ վրայ:
    Կը նախընտրեմ մեռնիլ՝ երթալ միանալու մեր անհամար նահատակներուն, եթէ ճակատագիրս այդպէս է տնօրինած: Իմ արիւնս աւելի յարգի չէ, քան անոնցինը:
    Բայց քանի որ դեռ ողջ եմ՝ իմ պարտականութիւնս է փնտրել ելք՝ մեռնելէս առաջ:
    Մանաւանդ՝ քե՛զ համար, որ անկարող ես առանձին ճար մը խորհելու»:

    Պատասխանեց, թէ շատ շնորհակալ է իմ հոգածութեանս, բայց դարձեալ պնդեց, որ ետ կենամ այդ դիտաւորութիւնէս:
    «Եթէ հարկ ըլլայ, — ըսավ,- միասին կը մեռնինք և այն ատեն մեռնելէն չեմ ալ վախնար: Սակայն եթէ ինձ այսպէս մինակ ձգես՝ այլեւս ինծի ուրիշ ելք չի մնար, այլ միայն անձնասպան ըլլալ ու վայրենիներու ձեռք չ’իյնալ»:

    Կրկին հուսադրեցի զինք՝ կարելի եղածին չափ քաջալերելով:
    «Մի՛ վախնար ինծի համար, — ըսի: Եթէ Աստուած ուզէ զիս պաշտպանել՝ ինչքա՛ն ալ վտանգաւոր ըլլայ ընելիք ձեռնարկս, դարձեալ կերպով մը պիտի ազատիմ զիս:
    Ես պէտք է այս գիշեր անպատճառ երթամ տեսնեմ ոստիկանապետ Հաճի Հիւսէյին էֆենտիին: Սեբաստիայէն կը ճանչնանք զիրար. հոս ալ իր գնումները միշտ մեր խանութէն կը կատարէր, թեև հիսուն — վաթսուն ոսկիի պարտք մը ունի ինձմէ:
    Կը կարծիմ, թէ կարելի է միջոց մը գործ կուտայ իբրև վաղեմի ծանօթի…

    …Ինչու՞ պիտի վտանգէ այդ մարդը զիս, քանի որ զիս կը ճանչնայ տասնեակ մը տարիներէ ի վէր, ես իրեն միշտ ալ օգտակար եղած եմ ու կրնայ խորհիլ, որ եթէ ողջ մնամ, միշտ ալ կրնամ օգտակար ըլլալ. այս տեսակ մարդիկ երբեք իրենց շահը չեն ոտնակոխէր»:

    Ըսի իրեն. «Քաջասի՛րտ մնայ իմ բացակայութեանս և սպասէ՛ իմ վերադարձիս, եթէ կարելի է՝ արթու՛ն կեցիր, որպէսզի անակնկալ բան մը չի պատահի,- (թեեւ քիչ մը վստահ էի, որ գիշերը աւելի անվտանգ էր, քան՝ ցերեկը),- եթէ կարելի ըլլայ, պիտի աշխատիմ շուտ վերադառնալ քո մօտ:
    Բայց, ամէն պարագայի տակ, առաւօտէն առաջ պէտք է վերադառնամ:
    Ներէ՛ ինձի իմ արած սխալ քայլին և մի՛ դատապարտէր զիս, որ խոսքդ մտիկ չ’ընելով մինակ ինքզինքդ պաշտպանելու (կձգեմ), աշխատէ՛, որ այդ բորենիներուն ձեռքը չ’իյնաս, նույնիսկ՝ կեանքդ զոհելու գինով»…

    Այլևս արգելք չելավ զիս համոզելու:
    Մութին մէջ զգացի, որ դառնօրեն կուլար ու կը հեկեկար:
    Իմ ալ սիրտս փղձկեցավ և աչքերս լեցուեցան…
    Պահ մը խորհեցայ ետ կենալ մտադրութենէս՝ խեղճ աղջկայ լացէն խղճահարուած, սակայն և այնպէս , պէտք էր քիչ մը ամրացնել սիրտս՝ ի խնդիր մեր երկուքին ազատութեան:
    Բաժնվեցայ և տան բակը իջնալով՝ փողոցի դուռէն դուրս ելայ փողոց՝ քայլերս ուղղելով դէպի կոմիսար Հաճի Հիւսէյին էֆենտիի բնակարանը:

    Փողոցները ամայի էին, և շուներն անգամ քաշված էին իրենց որջերը:
    Գիշերվան ժամը տասնի ատեններն էր, երբ կոմիսէրին դուռը կամաց մը զարկի»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»…  (Մաս Լ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Լ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Լ)

    1921 թվական, Մարզվան…
    Հուլիսյան մի հինգշաբթի օրվա դեպքերից որոշ դրվագներ՝ ականատեսի՝ Նշան Զորայանի հուշերից, ստորև:

    Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում…

    «ՀԻՆԳՇԱԲԹԻ…
    Հինգշաբթի առաւօտ թուրք ամբոխը դարձեալ ոտքի վրայ էր՝ իր շահադատական գործերը շարունակելու առաջադրութեամբ:
    Իրենց մէջ չէթաներ չի կային այլևս: Մեր տունը տակաւին պարապ ըլլալով՝ հարիւրաւոր կողոպուտ փնտրողներ կ’այցելէին և, կարեւոր բան մը չի գտնելով, կը հեռանային: Բայց կային այնպիսիններն ալ, որոնք բակը դիզուած մեր կովերու չորցած աղբերը անգամ կրելու կը ստորանային…

    Այս այցելութեանց հետևանքով մինչև կէս օր քանի՜-քանի՜ անգամներ ստիպուեցանք տեղերնիս փոխիլ՝ մինչեւ որ կէսօրէն վէրջ թուրք մը սկսավ գույքեր բերել ու տեղավորել մեր տան տիրոջ բնակած կողմը, ու այս կերպով վէրջ տրուեցաւ խուժանի մուտքը մեր բակէն:
    Այս անգամ ալ թուրքին մեր տան մէջ ներկայութիւնը կը մտահոգէր մեզ:
    Կը վախնայինք, որ մարդը իր ապահովութեան համար կրնայ մանրակրկիտ հետախուզութիւն մը ձեռնարկիլ ու վտանգիլ մեր դիրքը: Բայց կը թվար, թէ մարդը համոզուած էր, որ այլեւս կարելի չէր թաքնված մէկը գտնվիլ կամ ալ՝ ավելին, մարդը ժամանակ չունէր կորսնցունելիք, քանի որ ինք մինակը միայն կը փոխադրէր իր գույքերը:

    Այդ օրը ականատես եղանք եղեռնագործութեան այնպիսի՜ սօսկալի դրվագի մը, որ իր տեսակին մէջ կը գերազանցէր մինչ այդ գործադրվածներուն…

    Նախապէս ըսինք, որ Հայ կիները ու անչափահասները ժողվելով իրենց տուներէն՝ լեցուցէր էին տեղւոյն ֆրանսիական աղջկանց վարժարանը:

    Ասոնց ալ ճակատագիրը որոշուած է եղեր ահռելի բնաջնջումով մը: Այդ բնաջնջումէն ազատուեցան մերինները միայն վէրջին վայրկեաններուն՝ հրաշքով մը միայն:

    Այս մարդակերպ շնագայլերը դիվային մէթօդ մը մտածէր էին. անոնց մոտ պահուած դրամներ մէջտեղ հանելուն համար կը մտնէին այս դժբախտ կիներուն մէջ և առաջարկ կ’ընէին, թէ՝ այն, որ դրամ ունի պահուած և կ՛ուզէ իր կամքով յանձնել իրենց՝ պիտի ազատեն զիրենք իրենց տուները տանելով, խնայելով իրենց և թէ իրենցմէ տակաւին ողջ մնացածներուն:
    Բայց անոնք, որոնք չեն անսար իրենց խորհուրդներուն, ստիպուած են հոս մնալ ու անկէ վէրջ սպանդանոց առաջնորդվիլ:

    Ափսո՜ս, որ կարգ մը միամիտ կիներ հավատացէր էին այս մարդակերպ գազաններուն տված խոստումներուն… Ինչու՞ չէ, Մարզուանցի ընտանիքներէն շատեր, 1915-ի Հայկական տեղահանութեանց ընթացքին, իրենց դրամի ուժով հաջողէր էին տեղահանութենէն ազատվիլ ու մնալ իրենց քաղաքին մէջ: Այդ կարգին պատկանողներէն շատեր այս անգամ ալ հուսացէր ու խաբվէր էին, թէ պիտի կրնային իրենց դրամները յանձնելով փրկվիլ այս անգամուան աղէտէն ալ:

    Առաւօտեան ժամը իննի ատեններն էր: Մենք սկսած էինք արդէն ձեղնայարկէ ձեղնայարկ փոխուիլ, երբ տեսանք մեր դրացիներէն ծանօթ կին մը, որուն ընկերացած երեք թուրքեր եկան մտան իրենց տունը:
    Երկուշաբթիէն ի վէր առաջին անգամն էր, որ կը տեսնէինք այդ Հայ կինը:
    Այժմ ենթադրեցինք, թէ կիները ամբողջութեամբ սպաննուած չէին: Ուրեմն՝ հույս մը ծնուավ մեր ներսը, թէ թերևս մեր ընտանիքներն ալ ողջ մնացած ըլլան:
    Բայց ինչու՞ այս կինը թուրքերու ընկերակցած եկած էր իր տունը…
    Սակայն ավելի թե լավ հետեւանք մը չէր կարելի երեւակայել, ու ինքնիրենս կը մտածէի, որ խեղճ կինը բռնի բերած են տուն՝ թերեւս իրենց գազանային կիրքերուն գոհացում տալու դիտաւորութեամբ:
    Սակայն ես չարիքին մէկ երեսը միայն նախատեսէր էի…

    Կնօջը հետ ներս մտնելով՝ այս հրէշները, նախ նկատեցինք, որ շողոքորթելու ձևեր մը կ’ընէին: Ու մենք, թեեւ չէինք լսէր իրենց խոսածները, բայց դռներն ու պատուհանները գոց ըլլալով, շատ դիւրին էր մեր տեղէն տեսնել ամէն ինչ:
    Այո՛, կը շողոքորթէին խեղճ կինը, որ ցույց տայ դրամին պահած տեղը՝ յետաձգելով իրենց մտադրութիւնները:
    Քիչ յետոյ նկատեցինք, որ կինը ցույց տվավ տախտակամածին վրայ տեղ մը, որտեղ պահած է եղեր իր դրամները:
    Նախ փորձ մը ըրին իրենց մեջքի սուրերով քանդել տախտակը:
    Երևի չ’ կրցին հաջողիլ: Իրենցմէ մէկը դուրս ելավ՝ փնտրտուքի ու հարմար գործիք մը փնտրելու:
    Տասը վայրկեան վէրջ մարդը վերադարձավ՝ իր հետ բերելով փետ մը և բավական խոշոր չուանի տրցակ մը:
    Փետը, իհարկէ, տախտակները քանդելու համար էր: Բայց ինչի՞ համար պիտի գօրծածէին այդ երկար չուանը: Չէինք կրնար ենթադրիլ, թէ այդ տախտակներուն տակ կրնայ գտնվիլ այդքան խորունկ իջնող գետնափոր մը:
    Նուարդը լավ տեղեակ էր իրենց դրացիին տան ամէն ծակ ու ծուկին և կը պնդէր, թէ այդ սենեակին տակը գետնափոր գոյութիւն չունի:

    Փետովն անմիջապէս քանդեցին տախտակամածին այդ մասը, ուրկէ մէջտեղ հանեցին կնօջը պահած դրամները և դիվային քրքիջներ արձակելով սկսան մէկիկ-մէկիկ համրելով երեքի բաժնել իրենց կողոպուտը ու գրպանեցին:
    Բայց ատով չը գոհանալով՝ սկսան նեղել կինը, որ եթէ ուրիշ տեղեր ալ պահուած բան մը ունի՝ ցույց տա իրենց:

    Կինը սկսավ լալ ու պաղատիլ, թէ այլևս ուրիշ ոչինչ չունէր պահուած:
    Շատ նեղեցին, բայց կ’երեւի իրապէս որ այլեւս չունէր: Խեղճ կինը աղաչանքներ կընէր, որ հավատան իր խոսքին ու պարապ տեղը զինք չի չարչարեն:
    Հրեշները, թեեւ համոզուէր էին կնօջը խօսքերին, բայց կը պնդէին, թէ կը ստէր և դիվային կատաղութեամբ յարձակեցան խեղճ կնօջ վրայ ու մազերէն քարշ տալով պառկեցուցին տախտակէ բազմոցին վրայ…
    Կատարուած խժդժութիւնը այստեղ գրիչով նկարագրել անկարելի է…
    Քովս գտնվող օրիօրդ Նուարդը աչքերը գոցելով մէկ կողմ քաշվեցավ ու նվաղած գետին ինկավ: Օգնութեան փութալով՝ քովս մնացած քիչ մը ջուրով սկսայ զովացնել իր այրվող ճակատը:
    Երբ ապաքինվեցավ, հեռացուցի զինքը այդ տեղէն, որպէսզի չի կրնայ տեսնել կատարվող բարբարոսութիւնը:

    Ես վերադարձա նույն վայրը, բայց չէի կրնար որևէ կերպով օգնութեան փութալ այդ խեղճ մարտիրոսուհիին: Կ’անիծէի հազար անգամ ինքզինքս՝ ափսոսալով, որ ինչու՞ զէնքս յանձնէր էի ընկերօջս նախորդ կիրակին:
    Հիմա կը զգայի, թէ որքա՛ն պիտանի պիտի ըլլար ինձ գործածել զայն՝ շանսատակ ընելու այս հրէշները, թէկուզ ես ալ սպանվելով վրայ տայի իմ կեանքս:

    Ակռաներս կը կրծոտէի, պահ մը նույնիսկ նօպայէ բռնուած քիչ մնաց պիտի յարձակվէի վրանին՝ եղունգներովս կռվելու այդ վայրի գազաններուն դեմ:
    Բայց շուտով զգաստացայ, քանի որ անզօր էի այդ երեքին դէմ պայքարելու: Իմ արարքովս ոչ միայն պիտի չը կրնայի ազատել այդ անմեղ զոհը, այլ պիտի վտանգէի թե՛ ինքզինքս և թե՛ քովս՝ իմ տկար պաշտպանութեան ապավինած օրիորդը:

    Խեղճ կինը՝ անասելի կերպով լլկված, արյունլված կը գալարվեր անտանելի ցավերով:
    Բորենիները հղփացած էին՝ իրենց անասնական կիրքերուն հագուրդ տված, բայց փոխանակ ձգելու իրենց զոհը, որ դիակ մըն էր այլևս, բռնի ոտքի կանգնեցուցին, քաշքշելով տարին իր տան պարտեզը ու կեցուցին իրարմէ հինգ մետրի չափ հեռու գտնվող ծառերի մէջտեղը և, Աստուա՜ծ իմ…

    Գոյութիւն ունե՞ր արդեօք այդ Աստուածը, որը լուռ հանդիսատեսը պիտի ըլլար երկնքի բարձունքէն դիտելու կատարվելիք այսպիսի բարբարոսութիւն մը…
    Իզու՜ր, մեր Աստուածը բացակայ էր…
    Միայն թուրքերու սաթայէլ ալլահն էր, որ կը հրամայէր ու կը ներշնչէր նմանը չի տեսնուած ոճիրներ…

    Քաշքշելով կանգնացրին կինը և չվանը անցուցին վիզը, ու պարանին երկու ծայրերը երկու ծառերուն փաթթելով, սկսան քաշել երկու կողմերէն և խեղդամահ ըրին խեղճ կինը…

    Այսպե՛ս ըրած էին շա՜տ-շա՜տ մը նման կիներու, որոնց ազատումը երդումով խոստացէր էին՝ փոխան իրենց դրամին:
    Մնացած կիներն ու անչափահաս անմեղ մանուկներն ու երեխաները ի՞նչ պիտի ընէին…
    Անոնց համար ալ, անշուշտ, դժոխային ծրագիր մը մշակած էին, որ պիտի ըլլար գլուխ-գործոց մը՝ ի շարք այն վայրագութեանց, որոնց մասնագետները դարձէր էին Համաշխարհային պատերազմի շրջանին՝ Հայոց տեղահանութեան ընթացքին և գործադրեր էին քսաներորդ դարու նոր Լենկթեմուր, Չինգիզխան, տխրահռչակ Թալէաթ, Ջեմալ, Մուհամետ և տակաւին ո՛ր մեկը հիշեմ ասոնց նման ճիվաղներու դիվային ծրագիրներով ու հրահանգներով:

    Բարեբախտաբար ըսինք, որ չիրականացավ այդ վատթարագույն ծրագիրը և վերջին վայրկեանին միայն փրկվեցան մեր զոհերը այդ սոսկալի աղետէն:
    Մինչդեռ երեք օրէ ի վեր Մարզուանի Հայութեան էրիկմարդ դասակարգը բոլորովին կոտորված ու մաքրված էր՝ բացի հրաշքով ազատված հինգ հոգիէ:

    Մնացեալ կին դասակարգը՝ աղջիկ, տղայ ու մանուկներ, հավաքած ու լեցուցած էին ֆրանսիական աղջկանց դպրոցի պարպված շենքին մեջ, ինչպես հիշեցինք քիչ վերը:
    Հինգշաբթի կէսօրէն վէրջ, երբ սպանվածներու դիակները վերցված էին, կարգը եկեր էր կիներու ու երեխոց հաշիվը մաքրելու: Եվ որպէսզի ավելորդ տաղտուկներէ խուսափին, նախընտրեր էին դպրոցի շենքը կրակի տալ և ողջ-ողջ այրել մեջը գտնվողները…

    Այս կերպով՝ թէ՛ իրենց ավելորդ հոգնութենէ խուսափած կ’ըլլային և թէ՛ ֆրանսիացիներու պատկանած շենք դպրոցը փճացուցած կ’ըլլային:
    Այդ իսկ դիտավորութեամբ՝ թիթեղներով քարինջ բերելով, շէնքը կրակի տվէր էին ու չորս կողմը խուժանով պաշարէր, որպէսզի կրակին մեջէն փախուստ տվողներն ալ իրենք սպաննեն:
    Շենքը սկսեր է վառվիլ, որուն բոցերուն տաքութիւնէն ու մուխէն մէջինները սկսեր էին նեղվիլ ու շնչահեղձ ըլլալ:
    Հինգ — տասը վայրկեան ավելի՝ ամէն ինչ կատարեալ պիտի ըլլար, և մէկ հոգի իսկ չի պիտի ազատվէր, եթէ վէրջին պահուն ազատման հրամանագիրը չի հասնէր՝ վէրջ տալու այդ սրտակեղէք տեսարանին, որուն ի տես քարսիրտ խուժանէն շատեր հեռացեր էին՝ չի դիմանալով շենքի մէջէն բարձրացող վայնասունին:
    Մարզուանի դօքթօր Ահմետ պեյն է, որ, իրեն հետ միացուցած տեղւոյն կառավարական պաշտօնեաներն ու ոստիկանութիւնը, վազն ի վազն կը հասնին ու, խուժանը ցրուելու հրամանը արձակելով, բացեր էին դպրոցին դուռները ու կը հրամայէր շուտով դուրս լեցուիլ շէնքէն, ու ամեն կողմէն կրակ առած՝ կը վառվեր և քիչ մնաց ուշանային…

    Հազիվ հեռացել էին աղետի վայրէն, երբ շենքը ահագին խարույկի մը վերածեց ամբողջ կողմը:
    Աղետեալները քաղաքէն դուրս հանվելով՝ կը տարվին քաղաքին խըլլաները, որտեղ կը պատսպարվին մինչև շաբաթ օրը ցորեկին:
    Դօկթօր Ահմետ պեյ, Թօփալ Օսմանի եկած օրն իսկ, Մարզուանի թուրք էշրաֆներու գումարած ժողովին ու դիտավորութեանց վերահաս եղած էր ու երբ կիրակի գիշերէն սկսեալ գործադրված արհավիրքները տեսեր էր, ինքը՝ զարգացած, չէր կրցած մնալ պարզապես հանդիսատեսի դերին մէջ ու ձեռները լվալ Պիղատոսի նման՝ պատասխանատվութեան մեղքը փաթթելով տգէտ ժողովուրդին և զանոնք վարող վրիժառու էշրաֆներու վզին:
    Երկուշաբթի առաւօտեան իսկ դիմեր է հեռագրատուն ու Անքարայի կառավարութեան տեղեկագրեր է Թօփալ Օսմանի ժամանումով և տեղացի թուրքերու դրդումով ու մասնակցութեամբ կատարված ու կատարվելիք խժդժութիւնները:

    Ափսո՜ս, սակայն, որ այդ հեռագրին պատասխանը հազիվ հասած էր հինգշաբթի կէսօրէն վէրջ…
    Կենտրոնի կառավարութիւնը հրամանագրեր էր որևէ քրիստոնեայի ո՛չ կեանքին վնասել և ո՛չ ալ ավարառութիւն ընել»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ի)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ի)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ի)

    Շարունակելով 1921 թվականի ամռանը Մարզվանի Հայության կոտորածների ականատես Նշան Զորայանի հուշերը՝ մի հատված ևս՝ ստորև:

    Հիշեցնենք, որ 1915 թվականին 11 հոգանոց ընտանիքից միակ վերապրածն էր նա ու փոթորկալից կյանքի վերջին օրերին գրեց իր «Կարապի երգը»՝ շարադրելով մղձավանջային իրադարձություններով ու ապրումներով լի այս «Հուշերը» (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

    …«Մարդը, ձայնս առնելով, գլուխը պատուհանէն դուրս հանեց և հարցուց, թէ ո՞վ եմ և ի՞նչ կուզեմ:
    Հայտնեցի իրեն, թէ իրենց դիմացի դրացին եմ և կուզիմ կարճ խոսակցութիւն մը ունենալ իրեն հետ:
    Մարդը «Ալլա՜հ, Ալլա՜հ» ըսելով մեկ մը աղօթքի խոսքեր ալ արտասանեց ու յետոյ տեղէն ելլելով վար իջավ, փողոցի դուռը բացավ, զիս ներս ընդունեց ու կրկին դուռը գոցեց՝ փողոցը լավ մը խուզարկելու աչքերով դիտելէ վէրջ:
    Առաջին հարցումը այս եղավ, թէ եկած ատենս որևէ մեկը տեսա՞վ և կամ որևէ մեկը գիտի՞ իմ գալը:
    Ժխտական պատասխանիս վրայ մարդը հանգստանալով՝ առաջնորդեց անձնական իր սենեակը և, պատուհանը գոցելով, վարագույրն ալ քաշեց՝ դուրսի մէկը մեզ չի տեսնելու կանխազգուշութեամբ:

    Մինչ ինք այդ գործով զբաղուած էր, բազմոցին վրայ տեսայ Ղուրանի աղօթագիրքը՝ կանաչ ծածկոցին վրայ ու համոզուեցայ, որ վտանգ մը չի կրնար գալ ինծի այս մարդէն: Թէ մինչ ուրիշ թուրքեր, ո՞վ գիտի ի՛նչ ոճիրներ կը ծրագրեն գիշերուան այս լռութեան մէջ՝ հաջորդ օրը գործադրելու, այս ազնիվ անձը հավատալիքի գրքի ընթերցումով մը կը պարապէր:

    Պատուհանը գոցելէ վէրջ մարդը նստավ բազմոցին վրայ և զիս քովը նստեցնելով՝ ծխատուփը հրամցուց ինծի: Երեք օրէ ի վէր բնավ չէի ծխէր, շնորհակալութեամբ ընդունեցայ և գլանակ մը փաթթեցի: Հետոյ, ինքնութիւնս ճշտելէ վէրջ, ինծի հարցուց, թէ ինչպէ՞ս գիտէի, թէ ինքը անվնաս մէկը կրնար ըլլայ, քանի որ իր ցեղակիցները մեր ոչնչացումը կը փնտրէին:

    Մարդը կարծէս հանկարծակիի էր եկած, թէ ես, Հայ մը ըլլալով, ինչպէ՞ս վստահեր էի ինքզինքս ներկայացնել մեկու մը, որ հազիվ ծանոթութիւն ունէինք իրարու հետ: Ըսավ թէ՝
    «Զավա՜կս, ինչպէ՞ս չի վախցար մինչև տուն գալ և ինծի ներկայանալ, քանի որ ես ալ թուրք մըն եմ, որ միայն ձեր ցեղը բնաջնջելու ծրագիրը կը հետապնդէ տարիներէ ի վէր, և սրան վէրջին զոհերն եղան Մարզուանի Հայութիւնը»:

    Նշան Զորայանը պատասխանում է, որ «թուրք չարագործների ու խուժանի հասցեին ուղղված նրա հանդիմանությունները տեսնելով է վստահել նրան ու այդ վարմունքից համոզվել է, որ ազնիվ սիրտ ունի ու կարող է պաշտպան լինել»:
    «Մարդը խիստ զգացվեցավ իմ արտասանած խօսքերէս ու աչքերը լեցուեցան, գլուխը երերցնելով «ա՜խ» մը քաշեց ու արտասանեց.
    «Եթէ Արդարութեան ձեռք մը գոյութիւն ունի այս աշխարհի վրայ, գործուած չարութիւնք անպատիժ չեն մնար: Եթէ աշխարհին վրայ չի ալ պատժուին՝ միւս աշխարհին՝ գեհենի կրակին ստիպուած են վճարելու: Սակայն կը վախնամ, թէ այս աշխարհի վրայ մեր ազգը պիտի խեղդվի իրեն իսկ կազմած ալէկօծ ծովուն մէջ, որ անմեղ մարդկանց արիւնով լեցուած է: Հակառակ մեր մարգարէէն մեզ պարտադրած և Ղուրանի Սուրբ օրենքներով մէզի սորվեցուցած կանոնների, այս բարբարոսութիւնները իսլամական դավանանքին բոլորովին հակառակ են, և մեր տգետ ժողովուրդը չի գիտէր գործուած անարդարութեանց ծանր հետեւանքները»:

    Էջեր Նշան Զորայանի ձեռագիր «Հուշերից»

    Այլեւս բոլոր կասկածներս փարատեցան այս խօսքերէն յետոյ և զգացի, որ իսկապէս այս մարդը բարիք միայն գործող մէկն է ու որոշեցի հայտնել իրեն ընելիքս և սպասել, թէ ի՛նչ ընթացք պիտի տար իմ առաջարկին…
    …Անվերապահորէն իրեն հայտնեցի, որ ես մենակս չէի ու իմ հետս կը գտնվեր մեր տան տիրոջ երիտասարդ աղջիկը, որը ավելի կարօտ է պաշտպանութեան:

    «Եթէ ես մենակս ըլլայի,- ըսի,- թերեւս չէի ուզէր Ձեզ անհանգիստ ընել՝ առանձին փնտրելով փրկութեան միջոց մը, բայց փախուստի միջոց չեմ կրնար գտնիլ այս տկար արարածին հետ, և իմ խիղճս ալ թույլ չի տար, որ առանձին ձգեմ զինքը:
    Ահավասիկ, ինկեր եմ Ձեր դուռը, Ձեր խղճի դատը, մեր երկուքին փրկութիւնը կամ մահը Ձեր ձեռքը հանձնելու:
    Անշուշտ, Ձեր ընելիք բարէգօրծութեան վարձատրութիւնը պիտի ստանաք օր մը բարէգօրծութեանց վարձատրիչ Ամէնակարող Աստուծմէն»:

    Խեղճ մարդը մեծ մտածմունքի մէջ ինկած էր, և ես կզգայի, որ հոգին կը տառապէր, լուռ էր, չէր խօսէր…
    Քանի մը տագնապալի վայրկեաններ սահեցան այսպէս, ու ես բերանէն կախուած կսպասէի, թէ արդեօք ի՞նչ ընթացք պիտի տար իմ առաջարկիս:
    Մերժում չէի սպասէր նմանօրինակ մէկու մը, բայց ինչո՞ւ անմիջապէս պատասխան մը չէր տար՝ այո՛ կամ՝ ո՛չ:
    Վէրջապէս մարդը լռութիւնը խզեց ու դառնալով ինծի՝ ըսավ.
    «Անբա՛խտ մարդ, ո՞ր տեղէն եկար ու ինծի գտար՝ առանց քեզի ալ իմ տառապող էութիւնս վրդովելու: Եթէ այս աշխարհին վրայ մինակս ըլլայի ու չունենայի կինս ու անչափահաս որբ թոռնիկս, թերեւս ինծի գալիք բոլոր վտանգները աչքս առնէի՝ ձեզ պաշտպանելով փրկելու ձեր կեանքերը, (կինն ու թոռնիկը տանը չէին, որպէսզի կատարուած սպանութիւնները չի տեսնէին՝ մարդը գտնում էր կինն ու թոռնիկը հեռացնել զուտ թրքական թաղ մը բնակվող իրենց ազգականներէն մէկուն տունը):
    Բայց ափսո՜ս, որ Ձեր առաջարկը ընդունիլ այս տարիքիս մէջ կարողութենէս դուրս է:
    Գիտցի՛ր, որ կառավարութիւնը հրաման արձակած է և մունետիկով ծանուցած է, որ՝ «Եթէ երբևէ թուրք մը յանդգնի Հայ կամ հույն մը թաքցնել, երբե՛ք չի պիտի խնայուի, և անոնց առանց դատավարութեան պիտի կախուի իր տան դռանն իսկ»:
    Իրավ թէ կը սիրեմ բարեգօրծութիւնը, բայց չեմ ալ կրնար վտանգիլ դրութիւնը կնօջս ու թոռնիկիս՝ իմ անձիս պատահելիք վտանգովը»:
    «Ինձ համար,- ըսավ,- ոչինչ, թէ մեռեր եմ երկու հոգի փրկելու համար: Բայց ի՞նչ պիտի ըլլան իմ կորստից յետոյ կինս ու թոռնիկս: Կը ներես, որ չի պիտի կրնամ նման վտանգի ենթարկել կինս ու թոռնիկս: Հրամանը շատ խիստ է, և այս շուն կառավարութիւնը գիտէ գործադրել իր արձակած հրամանը՝ առանց խղճահարութեան:
    Գնա՛, զավակս, ու Աստծոյ ապավինէ ու վերադարձի՛ր քո թաքստոցդ: Հարկավ, այսպէս չի պիտի մնայ ու վէրջապէս վէրջ մը պիտի տրուի այս խժդժութեանց: Նայեցե՛ք, որ լավ պահուիք ու ձեռք չ’իյնաք կարելի եղածին չափ»:

    Էջեր Նշան Զորայանի ձեռագիր «Հուշերից»

    Այս վերջին խօսքերէն՝ մէկ վայրկեանին մէջ հույսերս ի դերև ելան:
    Իր հայտնած եղելութիւնը նույնիսկ սահմռկեցուց զիս:
    Ուրեմն՝ կատարած եղեռնագործութիւնները, որը մինչեւ այդ վայրկեանը կկարծէինք, թէ միայն Թօփալ Օսմանի ու իր չէթաներուն գործն էր, սխալ էինք ըմբռնած…
    Այդ ատեն հասկցայ, որ թուրք կառավարութիւնը ուղղակի գործակից էր չէթաներուն ու սիստեմատիկ կերպով կը վարէին ամէն գործ:

    Այլեւս կը պատրաստուէի շնորհակալութիւնս հայտնելով մեկնիլ, երբ միտք մը ևս հղացայ միտքիս մէջ. գեթ քովս գտնուած արժէքաւոր ծրարը ավանդ ձգել այս մարդուն քով: Վստահութիւն գոյացուցի, թէ եթէ մենք ողջ ազատվենք, անշուշտ, կը վերադարձնէր մեզի:
    Այս մասին օրիորդին հավանութիւնը չունէի, սակայն կը մտածէի, որ ըրածիս մասին առարկութիւն մը չի ըներ, նույնիսկ քանիցս անգամ կրկնած էր, որ այդ գանձը իր համար վտանգ մը կը ներկայացնէր ու կ’ափսոսար, որ փոխանակ տեղ մը պահելու, աճապարանքէն շտապած հետն էր վերցուցէր: Չէ՞որ, իրմէ բաժանուած պահէն ալ ինձի հանձնարարած էր, որ եթէ հարկը պահանջէր՝ կրնամ հանձնել իրեն պայմանով, որ մեզի ազատեր:
    Կը խորհէի, որ, իրավ թէ, մարդը՝ հակառակ իր բարեացկամութեան, չէր կրցած մեր փափագին գոհացում տալ, սակայն առանց որևէ դժվարութեան կարող էր գէթ մեր ձգելիք ավանդը պաշտպանել:
    Վստահ էի նաև, որ օրիորդը ինձ եղբոր պէս կը սիրէ և բնավ չի տարակուսեր իմ մասիս, թէ ի վնաս իրեն որևէ ձեռնարկ մը կարող եմ ընել:

    Այս խորհդածութեամբ՝ գրպանէս հանեցի ծրարը ու բազմոցին վրայ իր քով դնելով, ըսի.
    «Պե՛յ պապա, շատ շնորհակալ եմ ձեր անկեղծ զգացումներէն ու մեզ չի կրնալ պաշտպանելու անկարողութեանդ, երբէք առարկութիւն մը չունիմ և չեմ ալ ուզէր, որ մեր պատճառով քո դիրքդ վտանգվի: Միայն կը խորհիմ, թէ կրնաք ուրիշ բարիք մը ընել մեզի»:
    «Ի՞նչ է այդ ծրարը, զավա՛կս»,- ըսավ խեղճ մարդը՝ ետ-ետ քաշվելով:
    Հայտնեցի իրեն եղելութիւնը և խնդրեցի, որ գէթ իր քով պահէ այս ավանդը: Ըսի, որ՝ «Եթէ մեր երկուքէն մեկս ողջ ազատուինք, մեզի կը վերադարձնէ զայն: Հակառակ պարագային՝ մեր մոր կաթին նման հալալ է, կրնաք դատողութեանդ համաձայն գործածել՝ ըլլայ ձեր պէտքերուն, ըլլայ բարեգօրծական ձեռնարկի մը հատկացնելով»:

    Երբ այսպէս հայտնեցի, այս երկրորդ առաջարկս, առանց նույնիսկ խորհրդակցելու առաջարկի վրայ, պատասխանը եղավ՝ «Ո՛չ, զավակս, — ըսավ,- երբէք չեմ կրնար ընդունիլ այդ ավանդը, քանի որ չեմ կրնալ գիտնալ, թէ ի՞նչ կ’սպասէ ձեզի, ես սրտանց կը մաղթեմ ու կ’աղօթեմ, որ ազատուիք ողջ-առողջ այս պատուհասէն: Սակայն եթէ հակառակը պատահի, ձեր ձգած ավանդը ինծի՞ վերապահել, այդ անկարելի է ինձ համար»…

    Լինելով ջերմեռանդ հավատացյալ՝ «ուրիշի դրամով բարեսերի տիտղոս չշահելու նպատակով» մերժում է ավանդը պահել, պատճառաբանելով, որ «նույնիսկ եթե իր ձեռագրով ստացագիր էլ ունենա՝ դարձյալ կդատապարտեն իրեն՝ կառավարության հրահանգին հակառակ շարժվելու համար»:
    Ապշած, որ նման հազվագյուտ մարդիկ էլ կարող են գտնվել, վերջին հուսահատ ու կտրուկ շեշտով Նշան Զորայանն ասում է, որ եթե չպահի գանձը՝ ստիպված պետք է փողոցում այն թողնի: Այդ որոշումից ազդված՝ հարևանը խոստանում է, որ անձեռնմխելի կպահի, հարկ եղած դեպքում՝ նրանց կողմից կհանձնի Հայ ազգին՝ եկեղեցական կամ բարեսիրական որևէ հաստատությանը:

    «Գրպանէն տետրակն ու գրիչը հանելով՝ իմ և օրիորդ Նուարդին անունները արձանագրեց մէջը և ըսավ. «Զավա՛կս, ա՛ռ այդ ծրարը ու քո ձեռքովդ տեղավորէ՛ սա դիմացի դարակին մէկ անկիւնը:
    Շնորհից Աստուծոյ, ողջ մը մնաք և կուգաք ձեր ձեռքով վերցնեք այդ ավանդը:
    Ձեռքովս իսկ տեղավորեցի ծրարը դարակին մէկ անկիւնը, որմէ յետոյ ինքը կղպեց դարակը ու բանալին առնելով՝ զետեղեց գրպանին մէջ:
    Կարծէս ծանր հոգէ մը ազատուած էի, ուստի, չուզելով աւելորդ ձանձրույթ պատճառել, իմ խորին շնորհակալութիւնս յայտնեցի ու հրաժեշտ առի:
    Մարդը հետս մինչև փողոցի դուռը ընկերացավ ու դուրս ելավ՝ ստուգելու համար, թէ այդ կարճ հեռաւորութիւնը կտրելու համար վտանգաւոր բան մը կա՞ր արդեօք:
    Բաժանուեցայ ծերուկէն:

    Առանց միջադեպի վերադարձա մեր թաքստոցը:
    Օրիորդ Նուարտը անձկութեամբ կ’սպասէր վերադարձիս:
    Երբ իր քով հասայ՝ «Փա՛ռք քեզ, Աստուա՛ծ» մը թռավ բերնէն: Ես սկսայ մեր տեսակցութեան արդիւնքը մէկիկ-մէկիկ պատմել իրեն, քիչ մը վախնալով յայտնեցի իրեն ծրարը հանձնելուս պարագան, քանի որ ինք միայն հաճոյութիւն տուած էր ծրարը յանձնել միայն այն պարագային, երբ մարդը ուղղակի իր պաշտպանութեան տակ առնել կամենար մեր անձերը:
    Երբ ամէն ինչ բացատրեցի, ինծի ըսավ, որ՝ «Շատ լավ է կարգախօսութիւնդ, բոլորովին համամիտ եմ: Եթէ քո տեղը ըլլայի, ե՛ս ալ միեւնոյն բանը կ’ընէի»:

    Այդ գիշերն ալ լուսացուցինք՝ մինչեւ առաւօտ խոսելով ու խորհրդածելով անցնող անցքերուն վրայ և սպասելիք բաներու վրայ:
    Նույնիսկ այդ գիշեր քաղաքէն ելլելով փախչիլ մտածեցինք: Սակայն վախնալով, որ քաղաքին չորս կողմը պաշարուած կրնայ ըլլալ փախչողները բռնելու, ետ կեցանք այդ մտածումէն:

    Հինգշաբթի»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ժ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ժ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ժ)

    Փոքր Հայքի Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառում՝ լեռների ստորոտում սփռված գեղատեսիլ ու այգեվետ հարթավայրում է Մարզվանը, ուր 1921 թվականին ժամանակավորապես հանգրվանել էր բնիկ Սեբաստացի Նշան Զորայանն իր կնոջ ու նորածին զավակի հետ:
    1915 թվականին 11 հոգանոց ընտանիքից միակ վերապրածն էր նա ու, ճակատագրի հեգնանքով, 1921 թվականի հուլիսին կրկին հայտնվեց կոտորածների բովում:

    Հայերի (նաև՝ Հույների) հանդեպ աննախադեպ վայրագություններով ուղեկցվող այդ մի քանի օրերի իր հուշերից ևս մի հատված՝ ստորև (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

    «…Ճիշտ և ճիշտ դիմացնին կը գտնվէի՝ հազիվ երեսուն քայլ հեռաւորութեան մը վրայ և եթէ դիմացնին նայած ըլլային, անկասկած, ինծի կրնային տեսնել, ինչու որ մօտերս ծածկվելու որևէ տեղ մը չի կար:

    Բարեբախտաբար, երբ մարդիկ ներս կը մտնէին, իրարու ականջի բաներ մը կը փսփսային, խնդալով ու առանց դիմացնին ուշադրութիւն դարձնելու ուղղակի մտան տունին մէջի սենեակներէն մէկը: Ես, ամէն վտանգ աչքս առնելով, կայծակի արագութեամբ խոյացա դէպի ջուրին ակը, որ հազիվ քանի մը քայլ հեռու էր ինձմէ և ամանս ընկղմելով մէջը՝ լեցուցի ան ու արագութեամբ ետ վերադարձայ թաքստոցս, ուր օրիորդը անձկութեամբ կսպասէր ինծի և տեսէր էր անցուցած փորձանքս:
    Հինգ վայրկեան անցած չէր, երբ լսեցինք մարդոց փաթեթներու ձայները, որոնք կը քանդէին տախտակները՝ ինչ-որ գույքերու թաքստոց մը, որ չէինք գիտէր՝ ինչպէ՛ս գուշակէր էին նման թաքստոցի մը գոյութիւնը այդ տան մէջ: Տունին գլխաւոր աչքի զարնվելիք առարկաները պահած են եղեր անոր մէջ: Թաքստոց մը, ուրկէ հանեցին պղնձեղէն, ամաններ, գորգ ու կարպետներ, անկողիններու մետաքսեղէն երեսներով վերմակներ և թռչունի փետուրներով լեցված բարձեր ու ասոնց կարգին շատ մը առարկաներ, որոնք երևան հանելով՝ սկսան կրել ու տանիլ մեր աչքերուն դիմաց:
    Այդ բաներն արդէն մէզի սովորական երևույթ մըն էր դարձած 3 օրէ ի վէր:
    Չորեքշաբթի մինչեւ կէսօր դուրսի հրդեհը շարունակվէր էր և այլեւս՝ մինչեւ քաղաքին մէկ ծայրամասը:
    Կէսօրվա վէրջ, ժամը երեքի-չորսի ատէնները մէյ մ’ալ տեսանք, որ մեր տանտիրօջ տունը գույքեր սկսան բերվիլ թուրքի մը կողմանէ, որուն տունն ալ կերևի հրդեհին այրած ըլլալու էր: Այս պատճառով ալ թեև ամէն ժամու այցելութենէն կազատուէինք իբրեւ այլեւս թուրքի բնակարան, սակայն կը վախնայինք դարձեալ, թէ կրնայ ըլլալ, որ այդ տեղափոխող թուրքն իսկ ելլի և խուզարկութիւն մը ձեռնարկէ ու մեզ նշմարելով՝ օձիքնիս ձեռք տայ:
    Բարեբախտաբար, այդ բանը չէղավ. կերեւի՝ մարդը ժամանակ չունէր»…

    Այնուհետև Նշան Զորայանը նկարագրում է, որ «այդ օրը տեղահանել էին հույն կանանց՝ հավաքելով Մարզվանից մի քանի ժամ հեռավորության վրա գտնվող Կիամիշ հաճի գյուղում, ու Թոփալ Օսմանն իր չէթաներով՝ իրենց հղփացած ու լպիրշ արարքներից ու կողոպուտից հետո հեռացել էին, քանզի այլևս կողոպտելիք թանկագին բան չէր մնացել, իրենց ճամբու վրա կողոպտելու ու սպանելու ճիվաղային մտադրությամբ շարժվում էին դեպի պատերազմի դաշտը», իսկ քաղաքի թուրքերն իրենց «սխրագործություններից» հոգնած՝ հանգստանում էին տներում…

    «Դուրսը կատարեալ մեռելային լռութիւն պատած էր ամէն կողմ:
    Ես ու օրիորդ Նուարդը մութին մէջ նստած կ’անդրադառնայինք այդ զարհուրելի օրվան անցքերը վերյիշելով: Պէտք էր վէրջապէս ճար մը խորհիլ այս անել դրութենէն ազատուելու:
    Միասին դուրս ելլելով փախչիլ կը մնար մեզի:
    Կա՛մ կը բռնվէինք ու կ’սպաննվէինք, և կա՛մ փախչելով Ամասիա հասնէինք՝ կը հուսայինք այնտեղի Հայերը վտանգված չէին, և մենք ապաստան մը կը գտնէինք:
    Օրիորդ Նուարդը յանկարծ միտք մը հղացեր էր, որ՝ «թերևս ուրիշ միջոց մը գտայ, որը թերևս ավելի օգտակար ու գործնական ըլլայ, եթէ յաջողէինք»:

    Եվ առաջարկում է դիմել այն դրացի բարի մարդուն՝ իր պաշտպանությանն ապավինելով, մինչև «փոթորկի անհետանալը» ու մինչև փախուստը փորձեն գտնել իրենց ընտանիքի անդամներին, եթե ինչ-որ կերպ ողջ են մնացել…

    «Միևնույն ատեն հայտնեց ինձի, թէ իր մօտ կը գտնվի ահագին գումարի մը հասնող իրենց տան հարստութենէն՝ ըլլայ թղթադրամ, թէ հնչուն ոսկի, ըլլայ զարդեղեն, ոսկիներ, մատանիներ ու ականջի օղեր և այլն, որը կը ներկայացնէր 8000 կարմիր թրքական ոսկի:
    Իհարկե, փախուստի պարագային կողոպտվելու վտանգէն ալ կը վախնար, թեև այդ մասին ինծի չի արտահայտվեցավ:
    Ես այդ մասին նախապէս տեղեկութիւն մը չունէի. ինչ որ իմիս էր՝ ուղիղ 130-ի չափ թղթադրամ կար և մտքէս անգամ չէր անցնէր անոր կորուստը:

    Ես իր առաջարկը թեև գործնական կը գտնէի, սակայն շատ ալ հույս չէի դնէր նման ձեռնարկի մը յաջողութեան. կը մտածէի, որ մարդը, որքան ալ բարի եղած ըլլար, ո՞վ գիտէ, թե ի՛նչ ընթացք կուտար մեր փափագած առաջարկին և առանց վարձատրութեան պիտի հաճէ՞ր մեզ նման վտանգվածներ մը իր պաշտպանութեան տակ առնիլ:
    Օրիորդը, երբ տեսավ, որ պատասխան մը չստացավ ինձնէ, ինքնաբերաբար կարծես զգաց իմ խորհուրդներս և իր հագած շորի ծալքերէն հանեց ճերմակ տոպրակ մը և ինծի երկարելով ըսավ.
    «Ա՛ռ ասիկա և գնա՛ այդ մարդուն ներկայացիր: Ես հույս ունիմ, չի պիտի մերժեր ու պիտի ընդունի մեր խնդրանքը՝ եթէ նիւթական վարձատրութիւն մը ակնկալէ: Այդ ամէնը իրէն հանձնիր՝ եթէ հարկը պահանջէ. թերևս այս գանձը մեր կեանքը փրկէ»:

    Հապա՞, եթէ այս հարստութիւնը մարդուն աչքը շլացունէր ու զիս մատնէր, որպէսզի անձայն ու անշշուկ տէրը դառնար այդ գանձին… Ո՞վ պիտի համարձակէր բողոքել և ո՞վ պիտի գիտցած ըլլայ, թէ այդ մարդը այս տեսակ արարք մը գործած էր:
    Սակայն ստիպուած պահեցի մտքիս այս մտածումը, և ես ալ տրամաբանելով մտածեցի, որ այս մարդը պէտք չէր դասել ուրիշ թուրքերու դասին, քանի որ անոնց մէջն ալ պատահէր էի պատերազմի ընթացքին, որոնք կեանքս փրկած էին:
    Վերցուցի ծրարը և հանձնարարեցի իրեն ալ աչալուրջ սպասէ վերադարձիս, բացակայութեանս ընթացքին չքնանայ ու եթէ իմ անձիս վտանգ մը պատահի ու չի վերադառնամ, բնավ չը հուսահատվի և աշխատի քաջաբար պաշտպանել իր պատիվը՝ շուներու ձեռք չ’իյնալով:
    Իր պատասխանը եղավ՝ «Աստուած հետդ ըլլայ»:
    Զգացի, որ կուլար հետեւէս…

    Տարբեր ճամբաներով և զգուշութեամբ վար իջայ թաքստոցէս ու փողոց ելայ:
    Ամէն կողմ լռութիւն էր, և շրջագայութիւնը բոլորովին կանգ առած. նույնիսկ գիշերապահ անգամ չի կար մէջտեղ:
    Անձայն ու զգուշութեամբ առաջացայ դէպի մեր թուրք դրացիին տունը:
    Նշմարեցի, որ դեռ լույսը կը վառվի, և մարդը պատուհանին քով նստած է, իսկ պատուհանը բաց ձգած էր:
    Մի քանի վայրկեան ալ վարանեցայ, բայց վէրջապէս սրտապնդվեցայ ու պատուհանին տակը երթալով՝ կամաց ձայնով մը «պե՛յ պապա, պե՛յ պապա» ձայնեցի:
    Մարդը, ձայնս առնելով, գլուխը պատուհանէն դուրս հանեց և հարցուց, թէ ո՞վ եմ և ի՞նչ կուզեմ:
    Հայտնեցի իրեն, թէ իրենց դիմացի դրացին եմ և կուզիմ կարճ խոսակցութիւն մը ունենալ իրեն հետ»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Թ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Թ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Թ)

    Իր այգիներով ու առողջարար օդ ու ջրով հայտնի Մարզվանը՝ Փոքր Հայքի Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառում, Մարզվանի գավառակում, վերջինիս կենտրոնն էր, ուր ավելի քան 500 Հայ պղնձագործներ կային, որոնց ձեռքի աշխատանքներն արտահանվում էին հեռավոր վայրեր: Այստեղ տարածված էր նաև բամբակեղեն գործվածքների առևտուրը:
    Մարզվանում գործում էին Հայոց կրթական բազմաթիվ հաստատություններ՝ Ազգային ճեմարանը, Սահակյան ու Հռիփսիմյան դպրոցները, «Կրթասիրաց միություն» մշակութային ընկերությունը, լույս էին տեսնում մի քանի պարբերականներ («Զեփյուռ», «Արուսյակ», «Հայկունի», «Բողբոջ», «Նոր այգ»):

    Մարզվանի Հայությունն էլ նույն ճակատագիրն ունեցավ, ինչ Արևմտյան Հայաստանի մյուս շրջաններում բնակվողները՝ 1894-96 թվականների համիդյան կոտորածների ժամանակ, 1915-ի ցեղասպանության տարիներին:
    1921 թվականի հուլիսին ևս այստեղ սարսափելի վայրագությունների մի փոթորիկ պայթեց, որի ականատեսն էր ծնունդով Սեբաստիայից Նշան Զորայանը:
    Շարունակելով նախորդ հրապարակումներում ներկայացված պատմությունը, նրա հուշերից քաղված մի հատված ևս՝ ստորև…

    «Հուսահատ այլևս ծայրի ձողիկի վրայ կռնակս պատին տված՝ անշարժ մնալու դատապարտված էի և վայրկեանէ – վայրկեան սրտատրոփ ձերբակալումս կ’սպասէի:
    Հակառակ այդ բազմաթիվ խուժանին ներկայութեան, որ այդ պարապ սենեակը լեցուած կը խուզարկէր բան մը գտնելու՝ կարծէս բոլորին աչքերը կուրացած ու կապուած էին և չէի հասկնար, թէ ինչու՞ իրենցմէ և ոչ մին դէպի ձեղունները չէր նայէր՝ ձեռքերնին միայն վեր երկարելով զիս վար քաշելու…
    Շունչս բռնուած կը սպասէի, իսկ անոնք կ’երևի բնավ չէին երևակայէր, որ այդ վրան բաց ձեղունին վրայ կանգնած՝ հոգեվարքի վայրկեաններ կանցնեն իրենց վերև (պէտք է ըսեմ, որ փախուստի պարագային միշտ ես և օրիորդ Նուարդը իրարմէ զատ տեղեր կ’էրթայինք, որպէսզի թէ փախնիլը դյուրին ըլլայ և բռնուելիք պարագայուն գէթ մեկ անձ ողջ մնայ):

    Այո՛, կընդունիմ, որ Հրաշքին մեծագույնը կատարուեցավ:

    Խուժանը, տեսնելով, որ իրենց մտած սենեակը տակաւին շինութիւնը չի վէրջացած, կիսավարտ, դատարկ սենեակ մըն է, նույնիսկ՝ առանց առաստաղի, միայն հարևանցի ակնարկ մը նետեցին իրենց չորս կողմը և քանի մը վայրկեան վէրջ հեռացան:

    Երկար շունչ մը քաշելով՝ անմիջապէս հեռացայ այդ վտանգաւոր դիրքէն ու տեղս վերադարձայ. քիչ հետոյ Նուարդն ալ եկավ ու գտանք զիրար:
    Մինչ դուրսը այս զարհուրելի գործողութիւնները տեղի կ’ունենային՝ զարմանքով տեսայ և մտիկ կընէի՝ մեր թուրք դրացին կը կշտամբէր՝ հանդէպ թուրք խուժանին ու չէթաներուն ուղղված: Բացէիբաց երեսնուն կը զարնէր ու կը պօռար, թէ իրենց գործած արարքնին սուրբ Ղուրանին հակառակ է»…

    Ու զարմացած «խղճամիտ հարևանի» արարքից՝ նշում է, որ նա 1914-1918 թվականների պատերազմի ժամանակ ռուսների կողմից Էրզրումը (Կարինը) գրավելուց հետո այնտեղից տեղափոխված ու Մարզվանում հաստատված «առաջացած տարիքով քաղաքապահ աղայ» էր, որն ապրում էր իր կնոջ ու 7-8 տարեկան թոռնիկի հետ»:

    «… Թաքստոցիս մէջ փակված՝ դուրսի անցած սահմռկեցուցիչ դրվագներէն բոլորովին անտեղեակ էի: Միայն թէ կզգայի, որ գործառած նախճիրը աննախընթաց է, և թերևս միայն մենք երկուքս տակաւին ողջ մնացած ենք և մէզի ալ ուշ կամ կանուխ միևնույն բախտը վիճակված է՝ երթալ խառնվելու մեր անհամար նահատակներուն…

    Մարզվան, 1909 թ., «Անատոլիա քոլեջի» Հայ ուսանողները։ (Լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից)

    Ահա այդ օրվան կատարված գործողութեանց մի քանի կարևոր անցքերը՝ հարևանցի ակնարկով մը:
    Անցեալ կիրակի գիշերին և երկուշաբթի օրվա ցերեկվան ձերբակալված բոլոր Հայ էրիկ-մարդիկ «Կարմիր խօնախ» կոչված շենքին մէջ ու պարտեզը լեցուցէր են՝ բոլորին թևերը կապված:
    Անոնց թիվը 1400 -1500 կը հասնէր գտնված էրիկմարդ Հայոց 1800 -ի վրայ և կրակներու մէջ նետված ու նահատակված էին:

    Մարզվանի Հայկական վարժարանի աշակերտուհիները՝ իրենց դաստիարակի հետ (Նուբարյան գրադարանի հավաքածուից վերցված լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից)

    Հայ իգական սեռը՝ կնիկմարդ աղջիկ ու անչափահաս պզտիկներ, հավաքված ու ամենը լցված էին Մարզուանի ֆրանսիական աղջկանց դպրոցի մեծ շենքը, որը թափուր էր, ինչու որ ֆրանսիացի միսիօնէրները ձգած հեռացած էին:

    Երկուշաբթի ցերեկին «Կարմիր խօնախին» մէջ հավաքվածները մէկիկ-մէկիկ կապված դուրս հաներ և կանուխէն իսկ անմարդաբնակ տան մը ընդարձակ գետնափորը իջեցնելով՝ փայտէ կոճղի մը վրայ գլխատեր էին՝ սպանդանոց տարված ոչխարներու նման»:

    Մարզվանից աքսորված ու մի քանի ժամ հեռավորության վրա գտնվող ճահճի մեջ սպանված 50-ից ոչ ավելի հույն տղամարդկանց մասին նշելուց հետո, Նշան Զորայանը շարունակում է.
    «Նույն օրը Հայոց թաղը կրակի տրված էր, որը ժամանակ մը կսպառնար մեր թաքնված տունին ալ մոտենալ, բայց իրիկվան դեմ հովին ուղղութիւնը փոխվելով Հայոց թաղէն՝ թուրքերուն թաղերը սկսան հրոյ ճարակ դառնալ:
    Հայոց թաղէն տրուած կրակը հազիվ 30-էն 40-ի չափ տուներ այրած էր:
    Մինչդեռ երբ կրակը թուրքերու թաղերը դարձավ՝ հովին սաստկանալէն աստիճանաբար իրարու ետևէ սկսան բռնկիլ թուրքական թաղերը:
    Գիշերվան այդ հրդեհին հետևանքով իրարանցումը աննկարագրելի էր:
    Քաղաքին ամբողջ թուրքերը ոտքի էին, մեծամասնութիւնը իր տուներուն սպառնացող վտանգէն մղված՝ տուներու կահկարասիները կը փախցնէին, և ամէն թուրք տէր կը կանգնէր արդէն պարպված Հայի կամ հույնի մը տան՝ հոն փոխադրելով իրենց կրցած ազատած գույքերը՝ ի վէրջոյ այդ տանը տիրանալու հավանականութեամբ: Աղետէն հեռու թուրքեր կօգնէին անոնց փոխադրութեան գործին»…

    Չորեքշաբթի

    Այս հանգամանքներով բացվեցավ առավոտը: Այս ցերեկը, բաղդատաբար նախորդ երկու օրերուն, մեզ համար ավելի թեթև անցավ, ինչու որ թուրքերն այլևս ո՛չ թալանելիք կարևոր բան ձգած էին և ո՛չ ալ կը կարծէին, թէ տակաւին ողջ մնացած մարդիկ մնացած ըլլան: Սակայն գաղթական թուրքերու լաճեր դարձեալ ել ու մուտք կը գործէին ամէն տան մէջ՝ հուսալով վէրջապէս բաներ մը կրնային գտնել թալանելիք: Ու եթէ բան մ’ալ չի գտնէին՝ ապակիներով պատուհաններու փեղկերը կը պոկէին և ապակիներով միասին կը տանէին:
    Կառավարութեան կողմէ կառքեր տրամադրած էին՝ փողոցներու մէջ սպանվածներու դիակները ժողվելու ու լցնելու խոշոր ու միակ փոսի մը մէջ, որը ամէնուն հասարակաց գերեզմանը պիտի դառնար:
    Գալով մեր երկուքին՝ մեր թաքստոցին մէջ մենք ծարաւէն կը տառապէինք, թեև քովերնիս կտոր մը ուտելիք և պզտիկ աման ջուր ունեցած էինք, բայց նախորդ երկու օրերու ընթացքին ջուրը բոլորովին սպառած էր հունիս այդ տօթակէզ օրերուն, որուն միացած էր հրդեհին պատճառած տաքութիւնն ալ, մեր կոկորդները չորցած, լէզունիս քիմքերնուս կը փակէր, անկարելի էր տոկալ ծարավի տառապանքին:
    Երեք օրեր առանց աչքերնիս փակելու և բերաննիս պատառ մը սննդեղեն դնելու դիմացէր էինք, բայց պէտք էր ճար մը խօրհէինք՝ այդ անդիմադրելի պէտքին գոհացում տալու:
    Ուստի օրիորդին հայտնեցի միտքս, թէ վար պէտք է իջնեմ և ամէն գնով ջուր ճարեմ՝ մեր պապակին հագուրդ տալու:

    Օրիորդը ուզեց զիս համոզել, որ այդ մտադրութենէս ետ կենամ՝ վախնալով, որ փորձանք մը կրնար ըլլալ և այդ պարագային այլևս ինքն ալ չպիտի ունենար ինքզինքը պաշտպանելու քաջութիւնը:
    Կը տեսնէի՝ ծարավէն մարելու նշաններ ցույց կուտար, ինչ որ վտանգավոր կրնար ըլլալ տեղէ-տեղ փախուստի պարագային: Մանաւանդ, սիրտս ալ չէր դիմանար այդ աղջկան կրած տառապանքին, քանի որ առաջին անգամն էր, որ այս տեսակ վտանգի մը մէջ կը գտնվէր իր կեանքին ընթացքին: (Մեծ պատերազմի ընթացքին իրենց ընտանիքը տեղահանված չէր՝ շնորհիվ իրենց կերուցած մեծագումար կաշառքին, ինչպէս ուրիշ շատ մը հարուստ Մարզուանցի Հայ ընտանիքներ նույն միջոցով մնացած էին):

    Ապսպրեցի իրեն, որ եթէ իմ բացակայության պարագային վտանգ մը նշմարէ, անմիջապէս հեռանայ և ուրիշ կողմ մը պահվի՝ ըստ սովորութեան:
    Ես պարապ ջուրի ամանը առի և մեր դրացիի բակը իջայ: Այդ բակին մէջ վազող անուշ ջրի ակ մը կար և ավելի դյուրին էր հոն իջնալը, քան թէ մեր բակը իջնալ ու ջրհորին ջուրը ունենալը:
    Հազիւ թէ թաքստոցէն վար իջայ և ամանը ձեռքս պիտի մօտենայի ակին՝ մեյ մ’ալ փողոցի դուռը բացվեցավ, ու երկու մարդիկ՝ ուսերնին մէկ-մէկ փաթեթ, ներս ինկան:
    Ես սարսափահար պատին մնացի՝ ամանը՝ ձեռքիս, կռնակս պատին տված: Չէի կրնար ետ փախչիլ, վախնալով, որ շշուկ մը հանած պարագայիս ես ինքզինքս կրնամ մատնել:

    Ճիշտ և ճիշտ դիմացնին կը գտնվէի՝ հազիվ երեսուն քայլ հեռաւորութեան մը վրայ և եթէ դիմացնին նայած ըլլային, անկասկած, ինծի կրնային տեսնել, ինչու որ մօտերս ծածկվելու որևէ տեղ մը չի կար»…

  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ը)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ը)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ը)

    Մարզվանից մի տեսարան, ուր նաև Մարզվանի հայտնի Հայ լուսանկարիչ Ցոլակ Դիլդիլյանի տունն ու աշխատանոցն են, խորքում՝ «Անատոլիա կրթարանը» (քոլեջը): Լուսանկարը՝ Արմեն Ցոլակ Դիլդիլյանից:

    «…Գարուն էր: Ամառ եկավ,
    Ձագ հանեց ձորում կաքավ»,- սրտի կսկիծով գրում էր Պարույր Սևակը՝ հիշեցնելով 1915 -ը:
    …«Ա՜խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
    Արհավիրքն այն օրերի»…
    1921-ի ամռանն էլ Մարզվանի Հայության համար տարիներ առաջվա մղձավանջն էր կրկնվում… Եվ ճակատագրի հեգնանքով այդ օրերին Մարզվանում էր 1915-ին Սեբաստացի մի մեծ ընտանիքի 11 անդամներից վերապրած միակ զավակը՝ Նշան Զորայանը՝ իր կնոջ ու նորածին որդու հետ:
    Նրա հուշերից քաղված մի հատված ևս՝ ստորև (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

    «Մեկ տան մեջ պարփակուած չորս ընտանիքներու ընդհանուր կողոպուտը կէս ժամ ալ չէր տևած, և խուժանն ու չէթաները քաշուած էին մեր տունէն՝ ուրիշ, մնացած տուներ ալ նույն բախտին ենթարկելու:
    Մօտաւորապէս ժամ մը անցած էր մեր տունը կողոպտելէն, տեսայ, որ Երուանտը անհամբերութեան նշաններ ցույց կուտայ երթալ և անգամ մը աչք պտտացնել մեր տուներուն վրայ:
    Ես շատ հակառակեցայ իրեն, որ տեղին չի շարժվի առայժմ, տակաւին շատ վտանգաւոր էր տուն իջնալը: Ես ու Նուարդը աղաչեցինք, սակայն չուզէր մեզ մտիկ ընել ու միայն խոստացավ, որ զգույշ պիտի ըլլար»…

    …«Գնաց և այլևս չվերադարձավ:
    Հազիվ տուն իջած՝ նշմարուած էր թուրքերէ, որոնք տունէն դուրս քաշելով, փողոցին մէջն իսկ սպաննէր էին զինքը:
    Մենք լուր չունէինք, բայց սպասումէ՝ վերադարձը ուշանալուն եզրակացուցինք, որ անպայման գլուխին փորձանք եկած էր:
    Անօր եղերականին մանրամասնօրէն պիտի իմանայինք ջարդէն վերջ, թուրք դրացիէ մը»…

    …«Այդ օրուն մինչև երեկո բոլոր Հայ և Հույն տուները դատարկուած էին իրենց բնակիչներէն ու գույքերէն:
    Արիւնարբու չէթաներ և թուրք խուժանը կատարել էր իրենց սադայելական խրախճանքը:
    Մենք այլեւս դուրսի անցած-դարձածէն տեղեկութիւն չունէինք, միայն վայրենիներու ժխորն էր, որ կը լսէինք մեր թաքնված տեղէն:

    Այսպէս երեկոյ եղաւ այդ չարաբաստիկ օրը և մութը կօխելէն վէրջ քաղաքը խոր լռութեան մէջ թաղուեցավ:
    Բորենիները իրենց որջերը քաշուած էին, օրուան «սխրագործութիւններէն» հոգնած, շարունակելու համար նախճիրը յաջորդ առաւօտեան:
    Կրկին վերադարձանք մեր տունին ձեղնայարկը, բայց անկարելի եղավ աչքերնիս գոցել մինչև առաւօտ:
    Նույն օրուան սոսկալի անցուդարձերու զարհուրանքը տիրապետէր էր վրանիս, մեր տեսած ահավոր պատկերները շարան-շարան կուգային մեր աչքերնուն առջեւէն անցնելու և մեր սարսափը կրկնապատկելու:

    Երեքշաբթի

    Այս գիշերը լուսացուցինք այսպէս անհամար սև մտածումներով, անցեալ մեծ պատերազմի դրուագները մէկիկ-մէկիկ ներկայացան մտքիս ու աչքերուս առջև:
    Մեր տասն և մեկ հոգիէ բաղկացեալ ընտանիքէն միայն ես էի ողջ մնացէր և կ’ ափսօսայի, թէ ինչու՞ այդ պատմութեան մէջ աննախընթաց արհավիրքները մեզ՝ մնացող Հայերուս դաս չէր եղեր ու զինադադարէն վէրջ տակաւին համառէր էինք կառչելու և մեր կործանված տուները վերանորոգելու տխմար կամակորութեամբ:

    Չէ՞որ մեր երկրին տիրապետող տարրը բորենի թուրքերն էին, որոնք կրնային օձի նման խայթել, երբ առիթը ներկայանար: Մնացած Հայերս այլևս ի՞նչ թիվ կը ներկայացնէինք, որպէսզի կարող ըլլայինք պաշտպանել մենք մեզի:

    Քանի որ չէինք կրնար մեր ունեցած իրաւունքներն իրականացնել, հապա ինչու՞ տգէտօրէն մնացէր էինք այն Հողին վրայ, որուն ամէն մէկ թիզը թրջուած էր մեր Նախնիներու, մեր ծնողներու, քույր և եղբայրներու արիւնովը:

    Ազգովին ամբողջ նահատակուէր էինք արդէն և տակաւին չէինք խրատվել անցեալի դասերէն:
    Կխորհէի, թէ չէի կրցեր տրամաբանել ժամանակին ազատվելու այդ գեհենի երկրէն:

    Անցեալին մասին խորհիլն այլեւս անօգուտ էր և կսպասէի ներկայ վտանգին վերջաւորութեան: Արդէն կինս ու զավակս տարած էին, չէի գիտէր՝ ու՞ր, ո՞ղջ էին տակաւին, թէ՞ նահատակված:
    Եթէ մեռած էին, այլևս ինչի՞ պիտի ծառայէր իմ ողջ մնալս, այդ պարագային կեանքը ինձի համար յաւիտենական չարչարանք մը եղած պիտի ըլլար խղճի ձայնին առաջ, որ չէի կրցել պաշտպանել զանոնք իմ անձս վտանգելով և դասալիք զինւորի նման ձգեր էի կռվի ճակատը ու թաքստոց քաշվէր…
    Կ’ափսօսայի ես իմ վրայ, թէ ինչու՞ անոնց հետ միասին մեզի վիճակված ճակատագրին չի համակերպեցայ ու խաբուեցայ կնօջս գուրգուրանքին, թախանձանքին, որ կ’աղէրսէր զիս թաքնուել, ըսելով, թէ՝ «Մեզ՝ կիներուս թերևս հոգիի վտանգ չի ըլլայ, դու՛ք պէտք է պահվիք ու ազատեք ձեր կեանքը»:

    Առաւօտեան չէթաները ոտքի էին ու թուրքերին հետ պարպված տուներու ամէն ծակ ու ծուկը մանրակրկիտ կը քննէին՝ նոր պահված անձերի փնտրելու:
    Կային, որ մեզ նման ձևով մը ճողոպրած էին:
    Թաքստոցները պահված մարդիկ կը բռնէին ու փողոց հանելով՝ վայրենի կանչերով կ’սպաննէին:
    Թուրք խուժանն ալ թալանի գործը կը շարունակէին և այնքան առաջ կ’երթային իրենց կողոպուտի արհեստին մեջ, որ ոչ միայն դուռ-պատուհան կը քակէին, այլեւ կովերու աղբերէն պատրաստած ու չորցրած աղբակույտերն անգամ կը կրէին ու կը տանէին իբրեւ վառելանիւթ:

    Թուրք խուժանն ու լազ չէթաները ծրագրէր էին Հայոց թաղը ամբողջութեամբ կրակի տալ, որուն շնորհիվ հույս ունէին Մարզուանի Ամերիկեան Գոլէճ որբանոցն ալ հրոյ ճարակ դարձունել, որն իր մէջ Հայ որբեր ու Հայ պաշտօնէութիւն մը կը պարփակէր:

    Մարզվանի Ամերիկյան կոլեջը՝ բազմաթիվ Հայ աշակերտներով և անվանի ուսուցիչներով

    Ամերիկացի միսիօնէրութէնէն կը վախնային ուղղակի հարձակում գործելու:
    Միսիօնէրներ և Քօլէճին պահապան չերքեզ և թուրք վճարովի պահապաններ զէնքը ձեռքին կը հսկէին շէնքին պաշտպանութեան:
    Թուրքերը չէին համարձակուէր. Ամերիկացիի սպանութիւնը կրնար ավելի թանկ նստիլ իրենց վրայ, քան թէ անտէր-անտիրական ամբողջ ժողովուրդի մը բնաջնջումը:
    Ուստի, Հայոց թաղը կրակելով, քոլէճն ալ թերևս անուղղակի կերպով հրոյ ճարակ դարձնելու գազանային մէթօդին դիմեցին:

    Կէսօրէն վէրջ արդէն Հայոց թաղի տուներուն կրակը տրված էր, և մենք մեր թաքստոցէն կը տեսնէինք բարձրացող ծուխն ու կրակը, որ հետզհետէ կը ծավալվէր ու եթէ քանի մը ժամ տևէր, կրակին ծավալումը, անկասկած, պիտի հասներ մեր գտնված թաղին տուներն ալ մոխիրի վերածելու:

    Այս երևույթին առջեւ սահմռկած էինք. քովս օրիորդը կը դողար վախէն:
    Թեեւ ես ալ կը հաշվէի, որ շատ-շատ մի քանի ժամ միայն ունէինք վերահաս աղետէն զոհ երթալու, բայց պարտք կը զգայի քաջալերել զինքը՝ հուսադրելով, որ երեկոյեան մութէն առաջ կրակը չի հասնիր մէզի ու գիշերուան մութէն օգտվելով ճար մը թերևս կը գտնենք՝ վտանգի գիծէն դուրս նետվելու:
    Ստիպված էինք համակերպիլ մեզ սպասող ճակատագրին…

    Այդ օրը հարկ եղավ տասն անգամ տեղերնիս փոխել:
    Հետախուզող չէթաները քանի՜ — քանի՜ անգամներ մեր տունը կը մտնէին՝ մարդ փնտրելու նպատակով և մինչև ձեղնահարկ կը բարձրանային ու, տեսնելով, որ ձայն-ծպտուն չի կայ, վար իջնելով կը հեռանային:
    Մենք կը զարմանայինք, թէ ինչու՞ ավելի հեռու ձեղնայարկերը խուզարկելու չէին ձեռնարկեր:
    Եթէ այդ ընէին, մենք, անկասկած, կորսուած էինք…
    Կը վախնայի՞ն արդեօք, որ մէկէն զինված փախստական մը իրենց կեանքը վտանգէ:

    Անգամ մը պատահեցավ, որ մեր տունին կողմէն ձայներ լսեցինք, որ չէթաներ եկած են նորէն խուզարկելու:
    Ըստ սովորութեան, փախանք ուրիշ կողմեր. տակաւին ձեղնայարկերու ամէն կողմի ծակուծուկերը ճանչցած և ուսումնասիրած չէի և հապճեպ փախուստի միջոցին գացի ընկայ այնպիսի տունի մը ձեղնահարկը, որու սենեակին առաստաղը տախտակված ու ծածկված չէ եղեր, միայն իրարմէ կէս-կէս մէտր հեռավորութեամբ ձողիկներ ուներ:
    Հազիվ հոս էի հասեր, մեկ մ’ալ թուրք խուժանի ահագին բազմութիւն մը լեցվեցավ սենեակը՝ կողոպուտի ու մարդ փնտրելու դիտավորութեամբ:
    Այդ տեղէն փախչիլ և կամ շարժում մը փորձել այլեւս անկարելի էր և ներկայութիւնս պիտի մատնվէր:
    Հուսահատ այլևս ծայրի ձողիկի վրայ կռնակս պատին տված՝ անշարժ մնալու դատապարտված էի և վայրկեանէ — վայրկեան սրտատրոփ ձերբակալումս կ’սպասէի»…

    Մարզվանի «Անատոլիա» կրթարանը
  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Է)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Է)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Է)

    Ճշմարիտ է, որ «Անցյալի հիշողության աշտարակից լավ է երևում ապագան»:

    Եվ Անցյալը զուտ «անցած դեպքերի պատմությունը» չէ՝ ամփոփված հաստափոր գրքերում:
    Անցյալը՝ հատկապես Հայ ազգի համար, Հավաքական հիշողությունն է, մեր Նախնիների թողած ժառանգությունը, որը սերնդեսերունդ փոխանցվելով իմաստնացնում ու զորացնում է մեզ…
    Այդ Հավաքական Հիշողությու՛նն է, որ հիշեցնում է մեզ և ուղղորդում՝ հատկապես դժվարին ժամանակներում…

    Կյանքի հորձանուտներում՝ Սեբաստիայից հարկադրաբար օտար ափեր մեկնելու ճանապարհին Մարզվանում հայտնված Նշան Զորայանի հուշերից մի դրվագ ևս՝ ստորև:

    «…Դժոխային ապրումներու ժամերը կը սահէին՝ առանց զգալու, որ արդէն երկուշաբթիի սև արշալույսը ծագէր էր»,- իր հուշերում պատմում է Սեբաստիայում ծնված, ճակատագրի բերմամբ Մարզվանում ժամանակավորապես հանգրվանած Նշան Զորայանը:

    Շարունակելով դեպքերի շարադրանքը, նա նկարագրում է, որ նույն իրիկունը՝ ժամը 11-ից հետո Թոփալ Օսմանն իր մի քանի թիկնապահների հետ իրենց բնակարանի «քովը բնակվող Փէնփիկ անունով կնօջ տունն» էին եկել՝ «իրենց անասնական բնազդներուն գոհացում տալու դիտավորությամբ»:
    «Կերևար, որ այդ կինը նախապէս լուր առած էր, քանի որ ճոխ պատրաստութիւն էր տեսած և տեսակաւոր ըմպելիքներով միասին զանազան տեսակ քաղցրեղեն և մրգեղեններ առատապէս զարդարած էր սեղանը:
    Մեր գտնուած սենեակին մէջ, անշուշտ, լույս չէինք վառած, բայց իրենց սենեակին մէջը մեր պատուհանէն կը տեսնէինք»:

    Եվ մի պահ իր մորեղբոր՝ Երվանդի հետ ցանկանում են այդ «հրէշին» սպանել:
    «…Մօրեղբայրս իր մօտ ուներ որսի հրացան մը՝ Սենթ Էթիենի զինագործարանի «մարքայով», ինքն անվրէպ նշանառու էր և կըրնար հրացանազարկ ընելով շան սատակ սատկցնել:
    Վրէժխնդրութիւնը կ’եռար մեր սիրտերուն մէջ…

    Սենտ Էտիենի (Saint Étienne) զինագործարանի զենքերի նմուշներից

    Բայց մտածումի մը առջեւ կանգ կառնէինք: Վախցանք, որ այդ մէկ շունը անհետացնելով, պատճառ պիտի դառնայինք ուղղակի բոլոր Հայերու կեանքերը վտանգելուն…

    Թեև դուրսէն եկող վայնասունները կը լսէինք, բայց տակաւին չէինք գուշակէր ճշգրտօրէն գործադրվող վայրագութեանց տարողութիւնը:
    Կ’ենթադրէինք՝ մասամբ կողոպուտի, մասամբ ալ՝ իրենց գազանային կիրքերը հագեցնելու ձեռնարկներ կրնան եղած ըլլալ:
    Տակաւին չէինք գիտէր, թէ կողպած տուներու բնակչութիւնը ամբողջութեամբ տարուած էր սպանդանոց:
    Այդ իսկ պատճառով էլ վերջնական որոշումի մը չի կրցանք հանգիլ՝ պատասխանատվութեան ծանրութենէն վախնալով:

    Ափսոս, որ բուն էութիւնը երկուշաբթի օրը միայն հասկցանք, եթէ ոչ՝ այդ ավազակապէտը սատկցնել տեղն ու տեղ՝ գրեթէ հարիւրին հարիւր մեր ձեռքին էր:
    Ուշ մնացած էինք, «որսը ձեռքերնուս փախած էր»…

    Երկուշաբթի առաւօտ մինչեւ ժամը ինը փողոցները չէթա չի կար, բայց քաղաքին թուրքերը, մանաւանդ՝ նախորդ պատերազմին «մահաճիրները» (տեղահան եղող թուրքերը), պարպուած տուներու գույքերու կողոպուտով բեռնավորված՝ մժեղներու նման կը կրէին իրենց տուները:
    Նույն ատէն, տակաւին չի բացված տուներու առջեւներէն անցած ատեննին, չէին մոռնար իրենց սպառնական հայհոյութիւնները՝ բացէիբաց հայտնելով, որ քիչ ատենէն անոնց ալ կարգը պիտի գար:
    Մանաւանդ, գլխաւոր խոսքերնին այս էր.

    «Հայե՛ր, հիմա՛ մօրեղբայրնիդ Անգլիայէն թող գայ ու փրկէ՛ ձեզ մեր ձեռքէն, հիմա կարգը մերն է՝ հաշիվ պահանջել ձեզմէ:
    Երբ անգլիացիները հոս էին, դուք կարծեցիք, թէ հո՞ս պիտի մնային, այժմ կը տեսնվինք»…

    Այս սպառնալիքներէն աւելի հասկցանք, որ թակարդի մէջն ինկած էինք և ազատվելու համար լույսի նշույլ մը անգամ չէր մնացած»…

    Պատմելով, թե ինչպես «առավոտյան գործողություններն» վերսկսվեցին «պաշտոնական շրջանակներում հայտնի» մեծահարուստ մի հույնի տան պաշարմամբ ու վերջինիս դիմադրությանն ի պատասխան՝ ողջ տան հրկիզմամբ (սիրված լինելով նույնիսկ թրքական շրջանակներում, անխոհեմաբար օր առաջ նա փախուստի չէր դիմել ու իր ազգակից հույների հետ չէր բարձրացել — պատսպարվել լեռներում), հավելում է, որ հետո իմացել են, որ հույն տանտերը հրդեհի կրակներից դուրս ցատկելով քաջաբար կռվել է, սակայն հրացանի զարկով սպանել են ու դիակը նետել «խարույկի մեջ՝ իր սիրելի ընտանիքի՝ արդեն մոխրացած աճյուններին խառնելով»:

    «Հրդեհը հասավ իմ շաքարագործութեան խանութս, և ահա կրակը անանկ սաստկացավ, որ մուխն ու բոցերը կանաչ — կարմիր գույներով սկսան մինչև երկինք բարձրանալ:
    Կինս, երբ նշմարեց, որ մեր խանութն ալ կը վառէր, սաստիկ տխրութիւն մը պատեց վրան ու կուլար:
    Ստիպեցայ զայն մխիթարել և համոզել, որ նիւթական կորուստի վրայ երբե՛ք չի տխրի ու ափսոսայ: Ըսի՝ «Աղօթէ՛, որ միայն հոգիի՛ կորուստ չունենանք, մնացածը՝ ոչինչ, կարող ենք, եթէ ողջ մնացինք, դարձեա՛լ շահիլ: Մտածենք ու աշխատենք հոգինի՛ս փրկել»:

    Նշան Զորայանն իր ընտանիքով

    Այդ օրը, մինչեւ կէսօրէն վէրջ, ժամը երկուք, մեր տունին տակաւին յարձակում գործելու կարգը չեկավ: Թուրք խուժանը և չէթաները ավելի զբաղուած էին կրակ ելած կողմը՝ թէ՛ կողոպուտի և թէ՛ սպանութեան գործերով:
    Թէ քանի նոր բռնուած մարդիկ ողջ-ողջ կրակը նետէր էին՝ հաշիվը չի կայ, միայն թէ ջարդէն վերջ ականատես կիներ պատմեցին, որ շատերու կարգին Քէպապչի Մելքոնը ևս բռնէր էին ու նոյնպէս կրակին մէջ նետէր: Սակայն այս մարդը՝ ֆիզիկականով կորովի ըլլալով, երկու անգամ կրցէր էր ինքզինքը կրակին մէջէն դուրս նետել:
    Խուժանը՝ ասիկա նկատելով, երրորդ անգամին հրացանով զարկէր ու վիրավորէր էին ու դարձեալ այդ վիճակով նետէր էին կրակին մէջ՝ այլեւս մնացէր ու վառէր էր:
    Երբ կէսօրէն վէրջ դարձեալ վերսկսավ նախճիրը, տեսանք, որ այլեւս անխուսափելին մէզի ալ պիտի պատահի:
    Դիմադրական փորձ մը ընել՝ պարապ բան պիտի ըլլար, քանի որ միայն որսի հրացան մը ունէր մօրեղբայրս, բայց վառօդ ու կապար՝ հազիւ երկու-երեք անգամ գործածելու չնչին քանակութեամբ միայն:
    Նկատելով, որ այլեւս ուրիշ ճար չի կար, ստիպուած եղանք որոշել, որ թաքնվինք կարելի եղածին չափ:
    Մօրեղբայրս նախընտրեց մէզի դրացի Կարապետ աղայենց տունը երթալ, որ երկու չափահաս զավակներ ուներ, թերեւս հաւատցած էր, որ այդ մարդը ազդեցիկ թուրք բարեկամներ ունի ու կարելի էր ինքը անվնաս պիտի մնար:

    Մարզվանի փողոցներից մեկում, ուր Հայերն էին ապրում

    Ես ու սանիկս՝ Երվանտը, ելանք մեր տունի վրայի ձեղնայարկերը:
    Այդտեղի տուներու ձեղնայարկերը բոլորը մեկը մյուսին կից անանկ մը շինուած էին, որ թաղին մէկ ծայրի տունէն մինչեւ միւս ծայրը անարգել հնարաւոր է անցնիլ:
    Կիները չուզեցին մեզ միանալ. վախենալով, որ եթէ շատվոր ըլլայինք՝ բոլորս ալ կրնայինք ձեռք անցնիլ: Համոզելու ժամանակ չէր մնացած և անոնք մեզ ստիպեցին, որ շուտ պահուինք:
    «Մենք,- ըսին,- կին մարդիկ ենք, թերեւս մեզի չեն սպանէր, բայց եթէ դուք չի պահվիք, անկասկած, կսպանէն»:
    Հազիվ վեր ելեր էինք, կինս, մօրեղբօրս քույրը՝ տիկին Մայրենին, սանիկիս կինը և տանտիրօջս աղջիկը՝ օրիօրդ Նուարդը, միտքերնուն մէջ ծրագիր մը կը հղանան և անմիջապէս գործադրութեան կը դնեն: Յուրաքանչյուրն իրենց տուներուն մէջ աչքի զարնուելիք՝ գորգ, կարպետ, հագուստեղէն և ճերմակեղէն ու անկեց վէրջ ինչ որ ձեռքերնին կը հանդիպի՝ բակը գտնուած ջրհորը նետել, որ ջուրին տակը մնայ ու թշնամուն ձեռքը չանցնի:

    Այդ աշխատանքէն քիչ յետոյ տիկինս վեր եկավ՝ ծրար մը ճերմակեղէնով մի քիչ ուտելիք և պզտիկ աման մ’ ալ ջուր բերելով, ինչը որ մենք չէինք մտածէր:
    Հազիվ մեր քովէն վար իջավ և ահա՛, փոթորիկը պայթեցավ մեր տան գլխին, ու տասնի չափ՝ ոտքէն մինչև գլուխ զինված հրէշատիպ չէթաներ ու անոնց ետեւէն ալ անհաշիվ թուրք կողոպտիչներ մերիններուն ստիպեցին, որ դուռները բանան՝ սպառնալով հակառակ պարագային խորտակել դուռները:

    Տանտիրուհինիս՝ տիկին Հէքիմեան Պայծառը, որ տարիքավոր ծեր կին մ’էր, գնաց փողոցին դուռը բացավ:
    Չէթաները իսկույն բակը լեցվեցան. բայց նախապէս արգելեցին խուժանին հետերնին ներս մտնել, որոնք անհամբեր էին տունը վարի տալու:

    Տիկին Մայրենին, կինս և տիկին Սիրանուշը սանդուխին գլուխը կեցած էին, և մեր տունի շունը կը պաշտպաներ սանդուխը՝ հրէշատիպ չէթաներէն:
    Բակը միայն տանտիրուհին չէթաներուն քովն էր, որոնք անտաշ խոսակցութիւններ կընէին:
    Այս խոսուածքներէն օրիորդ Նուարդը կը կասկածի, որ կրնան պատվոյ բռնաբարում կատարել և մեր՝ վերը պահվելէն տեղեակ ըլլալով, փախավ և մեր քօվն ապաստանեցավ:

    Իրականին մէջ, իրավ ալ, եթէ խեղճ աղջիկը ձեռքն անցնէր այդ վայրենիներու…
    Աղջկան զգացած վախը տեղին էր. քսանէն քիչ մը անց գեղեցիկ օրիորդ մ’էր ան ու այդ շուներն ալ այդ տեսակ ծաղկատի աղջիկներ կը փնտրէին՝ իրենց գազանական կիրքերուն հագուրդ տալու:

    Խեղճ մայրն ալ զգացէր էր սպառնացող վտանգը, բայց անգիտակ էր անոր փախուստ տալէն, կը ջանար և կը համոզէր, որ իրենց տան մէջ փնտրուածնուն համապատասխան աղջիկ չի կայ:
    Բայց անոնք կնոջը և մերիններուն ուղղելով իրենց հրամանը, նախ պահանջեցին, որ շունը զսպեն՝ իրենց արգելք մը չըլլալու համար, յետոյ ազդարարեցին,որ տունին մէջ գտնուած բոլոր անձերը բակը իջնան, հակառակ պարագային՝ տունին մէջ պահուիլ փորձողները տեղն ու տեղը պիտի սպանվին:
    Այս սպառնալիքը մենք ականջովնուս կը լսէինք ու մեր սրտերը կը տրոփէին վերահաս վտանգին առջեւ:
    Այս հրամանէն պարտադրված՝ բակը իջան ու հավաքվեցան:
    Տիկինս՝ իր մեկ տարեկան պզտիկովը, սանուհիս՝ տիկին Սիրանուշը՝ նույնպես իր պզտիկովը, տիկին Մայրենին, որ մօրեղբօրս քույրն էր (ամուսինը կորսնցուցած ընդհ. պատերազմին), մեյ մ’ալ՝ տանտիրուհին: Թիվով՝ վեց հոգի:
    Հարցուցեր են, թէ ուրիշ մարդ չի կա՞յ այս տունին մէջ, էրիկմարդիկը ու՞ր են:
    Տիկինս ստեր էր՝ ըսելով, որ իմ ամուսինս առեւտրական ըլլալով այս օրերս Սամսուն կը գտնվի՝ առեւտրական գործերով:
    Տիկին Սիրանուշն ալ ըսէր է, որ՝ «Իմ ալ մարդը երեկ երեկոյան դեմ շուկայ գնաց՝ տունին համար գնումներ ընելու և մինչև հիմա չի վերադարձավ»:
    Անօր տված պատասխանին ավելի շատ համոզվէր էին. կերեւի խորհէր են, թէ անշուշտ ձերբակալված է, սակայն կը սպառնան, որ եթէ սուտ խօսած է՝ տունի մէջ գտնելու պարագային պիտի սպանեն իր աչքերուն առջեւ:

    Տիկինս, թեև շատ կը վախնայ, սակայն ինքզինքը կը զսպի և հայտնի չի ըներ ներքին խռովքը ու կըսէ, որ՝ «Եթէ ինծի չեք հավատար, տուներնուս տիրօջը կամ դրացիներուն հարցուցեք»:
    Այս խոսքին վրայ այլևս երկար-բարակ չհարցապնդեցին ու մէջէրնուն երեքը ներկայ գտնվողները առաջին խառնեցին ու տարին:
    Ու՞ր տարին՝ այդ մենք չէինք գիտեր:
    Եթէ պիտի սպանէին՝ բակին մէջն ինչու՞ չսպանեցին…

    Ես ու ընկերս միտքով խորհուրդներ կը պտտցունէինք, թեև իրարու բան չէինք ըսէր, քանի որ քովերնիս օրիորդ մը կար:
    Բանականութիւննիս գրեթէ կորսնցուցէր էինք, մեզի սպառնացող վտանգի մասին միտքերնուս բան մը չէր անցներ:
    Սակայն օրիօրդ Նուարդը՝ նկատելով մեր տունի կացութիւնը և մեր կսկծին տակ ընկճուած դրութիւնը, մեզի ազդարարեց, որ կեցած տեղերնիս պէտք չէ մնանք, քանի որ մնացող չէթաները և դուրսի թուրք խուժանը ներս մտած էր:
    Որոշեցինք անմիջապէս ուրիշ պարպված տուներու ամենահեռու ձեղնայարկերը տեղափոխվիլ՝ այսպէսով, թերեւս, աննշմար մնալու համար»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Զ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Զ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Զ)

    «Մա՛հս չեմ հոգար, այլ՝ գո՛րծս, որ կիսատ մնաց»…

    Անդրանիկ Զորավարի այս վերջին խոսքերն ավելի են իմաստավորվում մեր օրերում՝ փոթորկալից իրադարձությունների բովով անցնող Հայաստանի ներկայիս իրավիճակում:
    Հատկապես, երբ կարդում ենք ականատեսների հուշերն անցյալի դեպքերից, որոնք հետագայում նույնպես կրկնվեցին այլ վայրերում…

    Շարունակելով Նշան Զորայանի՝ 1921 թվականի հուլիսին Մարզվանում Հայերի հանդեպ իրականացված գազանային կոտորածների մասին հուշերը՝ ստորև մի հատված ևս…

    «…Մենք անմիջապէս գուշակեցինք, որ դուրսը բաներ մը կդառնայ ի նպաստ մեզի:
    Բայց թէ ի՞նչ՝ ատիկա կ’անգիտանայինք և պահ մը վարանումի մէջ սպասեցանք այս անակնկալ փոփոխութեան պատճառը իմանալ:
    Ահա՛, թէ ի՛նչ էր պատահել մեր պաշարման տակ առնված պարագային, որուն մենք՝ ներսը գտնուողներս բոլորովին անտեղեակ էինք»:
    Ու շարադրում է, թե ինչպես է իր ընկերոջ՝ Հակոբջանի քրոջ զավակը՝ մոտ 19 — 20 տարեկան Կարապետն իր առանձին սենյակի պատուհանից տեսել 7 նոր եկող լազ չէթաներին, որոնք փողոցի դռնով ներս սողոսկելով 40 — 50 մետր երկարությամբ միջանցքով դեպի տուն էին առաջանում, պատուհանից դուրս է նետվում ու շտապում դեպի ոստիկանատուն՝ պաշարվածների համար օգնության ակնկալիքով:
    Ճանապարհին հանդիպում է մի ծանոթ ոստիկանի ու հայտնում սրերով զինված՝ յոթը նոր ժամանող զինվորների մասին՝ հարցնելով, թե արդյո՞ք մինչև «մերիններու կյանքը վտանգի ենթարկվելը» ոստիկանությունը ժամանակին օգնության կարող է հասնել:
    «… Ոստիկան Ահմէտ կըսէ.
    «Մի՛ վախնար, տղա՛յ, ատոնք անպատճառ գողեր են և միայն գողութեան նպատակով կրնան մտած ըլլալ, առայժմ կառավարութենէն և ոչ ալ իրենց հրամանատարներէն հրահանգ մը չունին խաղաղ ժողովուրդին դէմ»:
    Եվ միասին հասնելով տան առջև՝ ոստիկանը նախընտրում է վախեցնելով նրանց փախուստի մատնել, քանզի մենակ ու անզեն լինելով՝ չի համարձակվում ուղղակի ներս մտնելով միջամտել:
    Ավազակներին ամոթանք տալով՝ զինվորի պատիվն անվայել գողություններով նսեմացնելու համար, նա «իր քով կեցած մեր Կարապետին ուղղելով խօսքը՝ կը պօռայ. «Տղա՛յ Հասան, շուտ վազէ՛ օգնական ույժ հասցնելու սա չարագործներուս դասը տալու համար:
    Ասկէ էր, որ խուճապ ինկեր էր 7 գող զինւորներուն մէջ, որոնք մեզ կողոպտելէ առաջ ուրիշ տուներ ալ մտած ըլլալով հետերնին գողօնի ծրարներ ալ ունէին եղեր»:

    Դրսի վեց ավազակներն իրենց գողոնով պարտեզի կողմից փախչում են, իսկ ներսում մնացած մեկ ավազակի վրա հարձակվելով՝ իրենցից գողացվածը հետ են խլում տանը պաշարվածները՝ քաջալերված ոստիկանի միջամտությունից (թեև իր ամուսնական մատանին այդպես էլ չի գտնվում, հավանաբար ներկա հույներից մեկն էր այն աննկատ «գրպանել»):
    Խոստանալով, որ ցուցակը ներկայացնելու դեպքում մյուս գողոնները կարող են վերադարձվել, բռնված ավազակին նախատելով ու զայրացած նրան հարվածելով հեռանում է ոստիկանը՝ «հիսնապետը»:

    «Քանի մը վայրկեան հետո» տնեցիներով ներս վերադառնալով՝ կատարվածի առիթով իրենց կարծիքներն են փոխանակում՝ անդրադառնալով պատահարին:
    «Կը կարծէի, թէ գիշերուան մեր տունի գողութեան փորձքը լազերին դրդեցին թուրքերը:
    Արդեօք պէ՞տք էր խորհիլ, թէ այս անցքն ալ պարզ գողութեան հանգամանք կը կրեր, թէ՞ ան նախապէս թելադրուած էր անոնց և թույլտվութիւն ունէին այդ տեսակ արարքներ ի գործ դնելու իրենց ճամբու վրայ հանտիպած քրիստոնեայ ազգաբնակչութեան»:

    Կասկածելով ավազակի հանդեպ «հիսնապետի խաբուսիկ հանդիմանությունների» վրա, այնուամենայնիվ, իր տուն վերադարձից մի ժամ հետո իր մոտ եկած ու իր ատրճանակը խնդրած ընկերոջն է տալիս իր զենքը Նշան Զորայանը, քանի որ «տան ճամփան սովորած գողերը կարող էին վրեժխնդրության նպատակով կրկին վերադառնալ ու նա ինքնապաշտպանության միջոց չուներ», քաջ գիտակցելով, որ ի՛նքն էլ «նման պարագայի կենսական պետքը կունենար» այդ զենքի, «երեսը չբռնեց մերժելու» ու հանձնեց այն ընկերոջը:

    Տեսարան՝ Մարզվանից (1896 թվական)

    Վարդավառի կիրակի օրը, «կեսօրէ վերջ, ժամը 5-ի ատենները Թօփալ Օսման հասավ Մարզուան»…
    «Բուն գործողութիւնները սկսան Թօփալ Օսմանի Մարզուան հասած ժամին իսկ:
    Քաղաքին էշթաֆները արդէն հավաքուած Քեօր նէտիմ կոչուած հրէշին տանը, Թօփալ Օսմանին խորհուրդի կկանչէն իրենց մօտ՝ ծրագրելու իրենց դժոխային միտումները՝ մասնաւորապէս Հայոց հանդէպ: (Իհարկէ, հույներն ալ անմասն չէին կրնար մնալ, բայց Հայերուն կորուստը տասնապատիկ ծանր եղավ, քան հույներունը, որովհետեւ Հույներուն յայտնի էր նախապէս իրենց գլուխին պայթելիք փոթորիկը, և ատոր համար աչքի զարնուած էրիկ-մարդիկ արդէն լեռները ապաստանած էին)»:

    «Անկարայէն մասնաւոր հրահանգ մը չի կար», սակայն տեղական էշթաֆների դրդմամբ և նրանց կողմից տրված «ապահովության ստորագրություններով» նրանք «Հայությունից լուծելու վրեժ ունեին՝ 1919-ին անգլիացիներու՝ Մարզվան մտած ժամանակին 1915-ին Հայկական ծանր տեղահանության ընթացքում «շատ մը գեշություններ ըրած երևելի թուրքերին իբրև ոճրագործ» մատնանշելու համար:
    «Այսպէսով է, որ համոզէր ու գործի են լծէր այդ կատաղի հրէշը՝ Օսմանն ու իր ոհմակը, որոնց ինքնատուր բնազդն էր արդէն խմել անմեղ քրիստոնեաներու արիւնը, և սրա համը ճաշակած էին մեծ պատերազմի ընթացքին:
    Հարմար առիթը ներկայացած էր այլեւս յագուրդ տալու իր արիւնի ծարավին և արձակել իր հրամանին տակ գտնվող շնագայլերու ոհմակը, որոնք աննախընթաց վայրագութեամբ կոտորեցին անմեղ բնակչութեանը, կողոպտեցին, բռնաբարեցին երիտասարդ կիներ ու ջահել աղջիկներ ու հրոյ ճարակ դարձուցին քաղաքին կարեւոր մէկ մասը՝ տեղացի թուրք հորդաներու մասնակցութեամբ:

    Կիրակի իրիկուն ժամը 7-ի վերջ տեսանք, որ չէթաներու խումբեր կը պտտին թաղերը՝ տեղացի թուրքերու ընկերակցութեամբ և Հայերու ու Հույներու փողոցի դուռներուն վրայ նշաններ կը գծէին:

    Զգացինք, որ փոթորիկը պայթելու մօտ է, բայց ի՞նչ կրնայինք ընել, այլեւս շատ ուշ էր…
    Չէինք կրնար այեւս փողոց ելլել համարձակիլ, ամէն մարդ տուները քաշուած, փակուած էր և որեւէ ձեռնարկ՝ անկարելի դարձած:
    Կատարեալ պաշարման վիճակի դատապարտուած էինք:
    Երեկոյեան ժամը տասնի մօտ արդէն սկսավ ահավոր և նմանը չի տեսած փոթորիկը…
    Դժոխքի Սանտարամետականաց անդունդները բացուած էին, որոնց մէջէն դևերուն ոհմակները թև առած ու գործի սկսած էին:
    Քրիստոնեաներու դուռներէն բռնի ներս կը խուժէին…
    Գործառած վայրագութիւնները նկարագրելու համար անկարելի էր հոմանիշ բառեր գտնել:
    Միայն սա կարող եմ ըսել, որ այսօր՝ երեսուն և ավելի տարի է անցած, տակաւին այդ վայնասունները ականջիս կը հնչէն և շատ անգամ նույնիսկ ես ինքս չեմ ուզեր հավատալ, թե մի՞թէ կարելի է մարդ արարածի համար գործել արարքներ, որոնց նմանը դժոխապէտ Բեհեզզեբազն անգամ եթէ ներկայ ըլլար, պիտի զարմանար…

    Իւրաքանչիւր տունէն կը լսվէր լաց ու կոծի, օգնութեան հասնելու աղեկտուր կանչեր, որոնք գիշերուան մութ լռութեան մէջ կը թնդացնէին ամբողջ շրջակայքը՝ անպատասխան մնալու դատապարտուած:
    Հազիւ տասը վայրկեան կտեւեր այդ տունին ձայնը մարելու:
    Տունին մէջի էրիկմարդը կը կապէին և կը յանձնէին թուրքի մը, որ առջևը խառնած կը տանէր իրենց կողմէ որոշուած վայր մը, որը չէինք գիտէր:

    Ջարդէն յետոյ իմացանք, որ այս կերպ ժողված էրիկմարդիկ իմ ընկերոջ Թաթեոսին բարեկամ Արամ և Նշան եղբարց տան պարտեզը հավաքէր են: Այս տանը մե՛նք պէտք էր բնակած ըլլայինք մեր առաջին անգամ Մարզուան ժամանելուն:
    Եվ բախտի ի՜նչ հեգնութիւն…
    Այս կերպ ժողված էրիկմարդիկը հետեւեալ օրը՝ երկուշաբթի ցերեկին մէկիկ կը տանէին այդ տանը մօտիկ գտնվող ուրիշ ամայի տուն մը, ուր մենք առաջին անգամ իջեւանէր էինք ու քանի մի օր առժամն բնակէր էինք՝ մինչեւ յարմար տուն մը գտնիլը:
    Կիջեցնէին այդ տանը տակը գտնուած գետնափոր ընդարձակ նկուղին մէջ՝ սպանդանոց տարուած ոչխարներու նման մերկացնելով մորթէր էին կարգով:

    Այդ օրից վեց օր վէրջ՝ կիրակի օրը, գացի անձամբ և տեսայ այդ նկուղը, որուն մէջ լերդացած արիւնը մեկ մեթր բարձրութեան կը հասնէր և տակաւին հոն էր այն փայտի կոճղը, որուն վրայ դնելով կտրած էին այդ անմեղ նահատակներու գլուխները:
    Սիրտս փղցկուեցավ և ես զինքս դուրս նետեցի, ինչու որ ինձ հետ շատ մը կիներ ներս մտեր էին, որոնցմէ ոմանք իրենց սիրելիներու մէկ թաշկինակը և կամ գուլպա մը և կամ այս տեսակ չնչին առարկայ մը կը գտնէին ու աղէկտուր վայնասուններ կը բարձրացնէին:

    Այդ աննախընթաց գիշերը մինչեւ առաւօտեան արշալույսին Հայ և Հույն տուներու մեծամասնութիւնը ամայացած էր իր բնակիչներէն. այրերը հավաքուած էին «կարմիր խոնաղը», իսկ կիները (ի հարկէ, մեծ մասամբ խոշտանգուած), աղջիկներն ու մանուկներն ալ՝ Մարզուանի թափուր մնացած ֆրանսիական աղջկանց վարժարանին մէջ:
    Լավ բախտի բերումով այդ գիշեր մեր տունին կարգը չէր եկած, թեև մենք ամէն վայրկեան սրտատրոփ կսպասէինք անխուսափելիին:
    Դժոխային ապրումներու ժամերը կը սահէին՝ առանց զգալու, որ արդէն երկուշաբթիի սև արշալույսը ծագէր էր»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

    Մարզվանից մի հատված