Category: Non classé

  • «ԱՅՍՕՐ ԱՐԵՎՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԵՑ, ԵՐԵՎԱՑ ԼՈՒՅՍԸ ՀԱՅԿԵԱՆ, ԵՐԱՆԻ՜ ԱՉՔԵՐԻՆ»…

    «ԱՅՍՕՐ ԱՐԵՎՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԵՑ, ԵՐԵՎԱՑ ԼՈՒՅՍԸ ՀԱՅԿԵԱՆ, ԵՐԱՆԻ՜ ԱՉՔԵՐԻՆ»…

    «ԱՅՍՕՐ ԱՐԵՎՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԵՑ, ԵՐԵՎԱՑ ԼՈՒՅՍԸ ՀԱՅԿԵԱՆ, ԵՐԱՆԻ՜ ԱՉՔԵՐԻՆ»…

    Անհիշելի ժամանակներից ի վեր Հայոց մեջ փառաբանվել, օրհներգներով բարեբանվել է Լույսը՝ իր իմաստով ու խորհրդով…

    Հնագույն ծիսական ավանդույթների հիման վրա հետագայում ձևավորված «Արևագալի երգերը» մինչ օրս հնչում են պաշտամունքային արարողությունների ընթացքում՝ հիշեցնելով մեհենական ծիսակատարությունները:

    Մեր Նախնիների ստեղծած՝ Արևածագին նվիրված երգերը ոչ թե Արևի պաշտամունքին, այլ՝ Լույսի՛, Ցոլքի, Փայլի՝ խորհրդաբանորեն՝ Արարչական Էության փառաբանումն են:
    «Արևագալի ժամերգության» մեջ հստակ հնչում է՝
    «Լույս, Արարիչ Լուսոյ»…
    «Լոյս, ի Լուսոյ ծագումն Արեգակն Արդար»,
    «Ի ծագել Լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զԼոյս քո իմանալի»:

    «Խավարը հալածող» «Լույսը Բարի», («Լույս՝ լուծիչ խավարի», «Լույս Արեգական պայծառության, փարատիչ խավարի»), նաև Իմաստության Լույսն է («Լուսոյ Խորան», «Սրբալույս Մյուռոն»)…
    Այլաբանական իմաստով՝ առանց Իմացության Լույսի՝ Բանականության բացակայությունը Հոգու «մթությունն ու խավարն է»:

    «Լույս Զվարթ», «Լույս Փառաց»-ը գովերգող մեր Նախնիների համար Լուսերևույթն է էականը՝ Լուսեղեն Երևույթը Երկնային…

    Լուսափայլությունն է Դիցերի Էությունը, ինչպես Ճաճանչափայլ Արեգակը, Փայլակը, Շանթը, Կայծակը (և ոչ թե «Մթնոլորտային տեղումների աստվածությունը», ինչպես նշվում է ուսումնասիրողների կողմից):

    Արարչագործության պատումներում՝ ի սկզբանէ Խավարն էր, որ Գիշեր կոչվեց՝ Լույսն ստեղծվելուց հետո:
    «Մինչև լեալ էր Լոյսն Աշխարհի, ո՛չ գիշեր էր, այլ՝ Խաւար. իսկ յետ երևելոյ Լուսոյն՝ եկն նախ անուն տուընջեանն, և ապա յետոյ և Խաւարն գիշեր կոչեցաւ.(Վեցօրեայք, Բ): «Տևումն Լուսոյն ի վերին կիսագունդն Տիւ է. Տիւն միշտ Տիւ է՝ ուր երթայ Արեգակն», մեջբերումները՝ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանից):

    «Դիցը»՝ «Դիւց», համաձայն Հ Աճառյանի՝ «Հայերէն արմատական բառարանի» մեկնության, «Տիւ»-ից է ծագում՝ «Փայլիլ, շողալ» ձևից:

    «Դի» նշանակում է «Լույս, Պայծառություն, Շողք, Փայլել»:

    Հետևաբար, Հայոց հնագույն հավատալիքների մասին խոսելիս հարկ է քաջ գիտակցել, որ Դիցերն Արարիչ Ուժերն են խորհրդանշում, և այդ Արարման մի մասնիկն էլ Մարդն է, «որի միջոցով է միայն հնարավոր բացահայտել Մարդու և Տիեզերքի Ինքնությունը (Բնույթը)» (Քուրմ Միհր Հայկազունու խոսքերով)…

    «ԱՅՍԱՒՐ ԱՐԵՒՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԵԱՑ,
    ԵՐԵՒԵՑԱՒ ԼՈՅՍՆ ՀԱՅԿԵԱՆ, Ա՜ՒՇ ԱԿԱՆՑ։
    ԱՅՍԱՒՐ ՆԱԽՆԻՔ ՅԵՐԿՆԻՑ ԻՋԻՆ, Ա՜ՒՇ ԱԿԱՆՑ։
    ԸՆԴ ՄԵԶ ԱՒՐՀՆԵՆ ԶԱՆՄԱՀ ԱՐՔԱՅՆ, Ա՜ՒՇ ԱԿԱՆՑ։
    ԱՅՍԱՒՐ ՍՈՒՐԲ ԼՈՅՍՆ ԱՆԱՊԱԿԱՆ ԲԱԶՄԵՑԱՒ
    Ի ԳԱՀ ՀԱՅԿԱՅ ԵՒ ՀԱՐՑՆ ՄԵՐՈՅՑ, Ա՜ՒՇ ԱԿԱՆՑ»։

    Գրաբարից՝ աշխարհաբար՝

    «Այսօր Արևն Արդարութեան հաղթեց,
    Երևաց Լոյսը Հայկեան, երանի՜ աչքերին:
    Այսօր Նախնիները երկնքից իջան, երանի՜ աչքերին,
    Մեզ հետ օրհնում են անմահ արքային, երանի՜ աչքերին:
    Այսօր Սուրբ Լոյսն Անապական բազմեց
    Հայկի և մեր Հայրերի գահին, երանի՜ աչքերին»:

    (Փառաբանման տեքստը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ)…

    Կրոնագիտության և հնագույն շրջանի սակավաթիվ մասնագետներից բացի՝ «Անապական Սուրբ Լույսի» խորհրդանիշ Միհրի և նրա պաշտամունքի մասին գրեթե չի խոսվում:
    Մինչդեռ, վաղնջական ժամանակներից ի վեր, Ձմեռային Արևադարձի օրն առանձնահատուկ փառաբանությամբ է նշվել:
    Տարվա մեջ ամենաերկար գիշերն ունեցող այդ օրը միաժամանակ նաև Լույսի՝ Ցերեկվա երկարելն է խորհրդանշում:
    Զանազան մեկնաբանությունների խորհրդով՝ Լույսի Հաղթանակն է Խավարի, Մթության հանդեպ…

    Հայոց մոտ հազարամյակների հեռվից եկող՝ «Անհաղթ ու Արդար Արեգակի»՝ Ճշմարիտ Լույսի և Արդարության Դիցի՝ Միհրի պաշտամունքը հետագայում տարածվեց այլուր՝ Պարսկաստանից մինչև Հռոմեական կայսրություն և ավելի հեռուներ ձգվող տարածքներում:

    Հռոմեական կայսրությունում դեկտեմբերի 17-ից սկսվող տոնակատարությունները շարունակվում էին 4-5 օր, այնուհետև, Դիոկղետիանոսի օրոք, ձգելով մինչև դեկտեմբերի 24-ը (ավելի ուշ՝ քրիստոնեությունը պահպանեց այդ օրը՝ որպես Աստծու որդու ծննդյան օր):

    Ուխտի՝ Դաշինքի, Համաձայնագրի Անսասանության հովանավորն ու Ուխտադրուժի՝ (Միհրադրուժի) հալածողն ու պատժողն էր Վիմածին Միհրը, որն, ըստ ավանդության, ծնվել էր Երկնքից քարայր թափանցած Ճառագայթի Ցոլքից, աջ ձեռքում՝ Դաշույն՝ ի նշան Ուժի և Աշխարհում Արդարության հաստատման ու պահպանման, ձախ ձեռքում՝ Ջահը՝ Կենսատու, Արարիչ Լույսը՝ Մարդկանց Իմաստնությամբ լուսավորելու և Աշխարհում ներդաշնակություն հաստատելու համար…

    «Աջ ձեռն իմ ունի զդաշոյն, որով պահպանէ զԱրդարութիւն ի վերայ Երկրի,
    եւ յահեկի ձեռքն իմում Ջահ իցէ, որ նշանակէ Արարչական Լուսոյ եւ Արեւու»:

    «Մեհեկան ամսվա Միհր օրը (դեկտեմբերի 23-ին, այս՝ 2020-ի նահանջ տարում՝ դեկտեմբերի 22-ին), Հայկական Սրբազան Տոմարի համաձայն, Բարեփառ Միհր դիցի ծննդյան՝ Արեւագալի տոնն է:

    Ըստ Հայկեան Սրբազան ավանդության՝ Արեւագալի տոնին Արեւորդիները Քրմերից ստանում և ճաշակում են Արևհաց և Գինի, որից հետո, Արևորդիները հնարավորություն են ստանում Ատրուշանի Սրբազան Հուրից մի մասնիկ իրենց հետ տանել օջախները՝ ի նշան Սրբության, Օրհնության և Խաղաղության» (Քուրմ Յարութ Առաքելեանի մեկնաբանությամբ)…

    5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսի վկայմամբ՝ Երկրին Լիություն, Բարօրություն էին բաշխում ու Մարդկանց Արիություն պարգևում Դիցերը…
    «Թող ողջություն և խաղաղություն հասնի Դիցերի օգնությամբ,
    պարարտ լիություն՝ Արի Արամազդից,
    խնամակալություն՝ Անահիտ Տիկնոջից,
    քաջություն ամենայն Հայոց Աշխարհիս՝ Քաջն Վահագնից…»
    (Ագաթանգեղոս, «Պատմություն Հայոց», Գլ. Ժ. 127, էջ 81):

    Գրաբարով՝ Քուրմ Միհր Հայկազունու հիշեցմամբ՝

    «ՈՂՋՈՅՆ ՀԱՍԵԱԼ ԵՒ ՇԻՆՈՒԹԻՒՆ ԴԻՑՆ ԱՒԳՆԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ,
    ԼԻՈՒԹԻՒՆ ՊԱՐԱՐՏՈՒԹԵԱՆ՝ ՅԱՐՒՈՅՆ ԱՐԱՄԱԶԴԱՅ,
    ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԻՒՆ՝ ՅԱՆԱՀԻՏ ՏԻԿՆՈՋԷ,
    ԵՒ ՔԱՋՈՒԹԻՒՆ ՀԱՍՑԷ ՁԵԶ
    Ի ՔԱՋՆ ՎԱՀԱԳՆԷ ՅԱՇԽԱՐՀԻՍ ՀԱՅՈՑ»…

    Հ.գ. «Անհաղթ ու Անպարտ Միհրի» մասին մի այլ գրառում՝ նշված կայքում.
    https://karineavetisyan.am/archives/462

  • ԿՈՆԴԻՑ՝ ԿԻԼԻԿԻԱ՝ ՏԱՎՐՈՍԻ ԼԵՌՆԱՇՂԹԱՅՈՎ…

    ԿՈՆԴԻՑ՝ ԿԻԼԻԿԻԱ՝ ՏԱՎՐՈՍԻ ԼԵՌՆԱՇՂԹԱՅՈՎ…

    ԿՈՆԴԻՑ՝ ԿԻԼԻԿԻԱ՝ ՏԱՎՐՈՍԻ ԼԵՌՆԱՇՂԹԱՅՈՎ…

    Հազարամյակների պատմության ականատես մեր մայրաքաղաքում հնամյա Կոնդն իր բաձրադիր տեսքով առանձնահատուկ շունչ է հաղորդում Երևանին: Բոլորակ բլրի բարձունքին «թառած», նեղլիկ ու խորդուբորդ փողոցներով՝ Երևանյան այս թաղամասն իր սանդուղքաձև դասավորված տներով պատմական մեծ արժեք ունի:

    Նմանատիպ դասավորվածությամբ տներ կան քաղաքաշինության հնագույն հետքերը կրող մի հնավայրում՝ հեռավոր Կիլիկիայում, Ադանայից հյուսիս-արևմուտքում գտնվող Չաթալ-Հույուկ (թարգմանաբար՝ «Երկճյուղ Բլուր») վայրում՝ Կոնիայում, որը, ինչպես կարդում ենք «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում», 18-րդ դարի թուրք պատմաբան Իզզիի հաղորդմամբ, եղել է «Մեծ Արմենիայի մայրաքաղաք» (Կիլիկիայի Գարաման գավառն էր՝ Կարամանի նահանգը):

    1951 թվականից ի վեր իրականացվող հնագիտական պեղումների շնորհիվ այստեղ բացահայտվել են երկճյուղ բլրի վրա կառուցված բազմաթիվ բնակելի շինություններ՝ մեկը մյուսին կպած, կից պատերով (նույն պատն էր միմյանցից բաժանում բնակելի տարածքները):

    Պատմության մեջ հայտնի առաջին քաղաքներից մեկն է հիշյալ հնավայրը (ն.թ.ա 8-րդ հազարամյակին վերագրվող շերտով), ուր, փողոցների բացակայության պատճառով, տնից-տուն անցումը շինության՝ «խոհանոցի» մի անկյունում դրված փայտե աստիճաններով էր կատարվում:

    Պեղումներից հայտնաբերված հարուստ նյութերից է այստեղ գտնված որմնանկարը՝ ժայթքող հրաբխով լեռան շուրջ 80 կացարանների պատկերով:

    Ըստ մասնագետների՝ այդտեղից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հասան լեռն է «քարտեզում»:

    Կիլիկիայի Կարաման նահանգի Նիկտե գավառում, Ադանայից 120 կիլոմետր հյուսիս-արևմուտք, մրգատու այգիների ու պարտեզների մեջ, անհիշելի ժամանակների յուրօրինակ մի վկա է Անահիտ Դիցուհու անվան հնչյունափոխված ձևով պահպանված՝ Նահիտա կամ Նախիտա անունը կրող քաղաքը, որը 14 -րդ դարում արաբական գրությամբ հնչունափոխվեց ու վերածվեց Նիկտեի (Նիգդե)…

    Հայոց մեջ Դիցուհու անվան «Նահիտ» ձևով կիրառումը պահպանվել է Ղ. Ալիշանի հիշեցրած՝ Հայոց մայրաքաղաք Անիին նվիրված մի քերթվածում՝ վերնագրված՝ «Անդորրանք Անւոյ», ուր Անիի քաջարի պաշտպան Այծեմնիկը ներկայացվում է որպես մի «նոր Արծաթաղեղն Անահիտ»՝ «Արծաթաղեղն Նահիտ նոր»…

    Նիկդե քաղաքի ամենահին բնակիչները Հայերն էին (տեղեկացնում է «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը»), որոնք մինչև 1915 թվականն այստեղ ապրում էին հույների և այլ ազգերի հետ:

    Նիկտեի «Պատմության թանգարանի» մուտքի առջև Թեշուբի՝ Փայլակի, Շանթի, Կայծակի Դիցի քանդակն է՝ ուշ խեթական շրջանից (ն.թ.ա 8-7-րդ դարերից)՝ «Անահիտի թագավորությանը» պատկանող հուշարձաններից է (սեպագիր արձանագրություններում՝ Տիանա, Տուվանուվա):

    Նշենք, որ Նիգդեում է ծնվել Հայ ճարտարապետ, հատկապես Հայ ժողովրդի ծագման խնդիրների շուրջ քննական ուշագրավ ուսումնասիրություններով հայտնի՝ Մարտիրոս Գավուկչյանը (1908-1988):

    Ազգային խորհրդակցական ժողովի «Փաստաթղթերի հանձնաժողովի» թույլտվությամբ Կոնստանդնուպոլսում 1919 թվականին հրատարակված՝

    «Հայաստան: Աշխարհագրական, պատմական, ցեղագրական, վիճակագրական եւ մշակութային տեսակէտներով»: Իւրացուած ազգ. խորհրդակց. ժողովի «Փաստաթուղթերու յանձնախումբ»-էն» գրքում խոսվում է Կիլիկիայի հնագույն շրջանի բնակչության՝ Խեթերի, Խաթերի (Հաթերի) մասին, նշելով, որ համաձայն օտարազգի մասնագետների՝ լեզվաբանների (Ենսենի և այլոց), մարդաբանների ուսումնասիրության, Խեթերը Հայերի նախնիներն են, ունեն ցեղային, լեզվական, կրոնական և այլ ընդհանրություններ (նույնը փաստում էի վերջին տարիներին՝ նշված խնդրին առնչվող իմ բազմաթիվ գրառումներում, հատկապես, որ խեթերի մայրաքաղաքից հայտնաբերված սեպագիր տեքստերում մեր՝ ցարդ գրեթե նույնությամբ պահպանված տոներն ու ծիսակատարություններն են նկարագրված)…

    Վերոհիշյալ ուսումնասիրության հեղինակն է Հայ պատմաբան, բանասեր ու մանկավարժ Գևորգ Մեսրոպը (1881-1948), որը Կ.Պոլսում դասավանդել է Հայոց լեզու, Հայ ժողովրդի պատմություն, Հայ մատենագրության պատմություն, աշխարհագրություն, Հայ քաղաքակրթության և դիվանագիտական մտքի պատմություն։

    Նա գլխավորել է նաև Կոնստանդնուպոլի Հայկական պատրիարքարանի գաղտնի դիվանի գործունեությունը։

    ներում):Մասնակցել է բազմաթիվ վիճակագրական և պատմական վավերաթղթերի կազմմանը։ Նրա գրած «Հայոց պատմության» դասագրքերով են ուսուցանել մեր ազգի պատմությունը սփյուռքի Հայ կրթօջախներում (տարրական և միջին 4 դասարաններում):

    Կիլիկյան Տավրոսի լեռնաշղթայի տարբեր շրջաններում, ինչպես և Հայկական ողջ Լեռնաշխարհում ու հարակից տարածքներում, անհիշելի ժամանակներից եկող պատմություններ են հյուսել մեր Նախնիները:

  • «ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉԵՑԻՆ ԻՆՉՊԵՍ ՃՇՄԱՐԻ՛Տ ՀԱՅԵՐ՝ ՔԱՋԱԲԱ՛Ր»… Կամ՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ»՝ ԱՅԼ ԽՈՍՔՈՎ ՝ «ԿԱՄԱՎՈՐ»…

    «ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉԵՑԻՆ ԻՆՉՊԵՍ ՃՇՄԱՐԻ՛Տ ՀԱՅԵՐ՝ ՔԱՋԱԲԱ՛Ր»… Կամ՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ»՝ ԱՅԼ ԽՈՍՔՈՎ ՝ «ԿԱՄԱՎՈՐ»…

    Փարիզի Հայ Կամավորականները

    Հայկյան ազատատենչ ոգով տոգորված՝ բոցավառ հայացքով Հայկազուններին որպես քաջաբար կռվողներ են հիշում սերունդները՝ Մայր Հայրենիքում և նրա սահմաններից շատ հեռու…

    «Աոաջին աշխարհամարտին, համաձայն պաշտոնական տվյալների, Ռուսական կայսրությունում բնակվող յուրաքանչյուր 100 հայից 13-ը զորակոչվեց բանակ: Կայսրությունում բնակվում էր 2 միլիոն 54 հազար հայ, նրանցից 250000-ը զինվորագրվեց ռուսական բանակ (Գ. Ղորղանյան «Հայերի մասնակցությունը համաշխարհային պատերազմին՝ Կովկասյան ռազմաճակատի վրա 1914-1917թթ.», «Հայրենիք», թիվ 11-12, Բոստոն, 1927, էջ 12, մեջբերված՝ Մուրադ Կարապետյանի՝ «Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին Կովկասյան ճակատում և կամավորական շարժումը» ուսումնասիրությունից, ուր հեղինակն անդրադառնում է Կովկասյան ռազմաճակատում թուրքական զորքերի դեմ մարտնչող Հայ զինվորականների ստեղծած կամավորական ջոկատների գործունեությանն ու ցուցաբերված ակտիվության հիմնավոր պատճառներին (Անդրանիկի, Դրոյի, Համազասպի, Քեռու, Վարդանի, Հովհաննես Ջամփոլադյանի, իշխան Հովսեփ Արղությանի գլխավորությամբ), հիշատակելով նաև նրանց ապահով ուղեկցությամբ հարյուր հազարավոր Հայերին կոտորածներից փրկելով Արևելյան Հայաստան հասցնելը.

    «…Հայկական աոաջին կամավորական խումբն, Անդրանիկի հրամանատարությամբ, նահանջելով Դիլմանի շրջանից, 1914թ. դեկտեմբերին ապահովեց այդ շրջանի մեծաքանակ հայ ազգաբնակչության գաղթը’ Արևելյան Հայաստան, իսկ 2-րդ կամավորական խումբը, Դրոյի հրամանատարությամբ, նույն’ դեկտեմբեր ամսին դուրս բերեց հայ ազգաբնակչությունը Ալաշկերտի դաշտավայրից, որի շնորհիվ թուրքական կոտորածներից փրկվեցին հազարավոր հայ կյանքեր:

    1915թ. հունիսի վերջին, ռուսական բանակի ընդհանուր նահանջի ժամանակ, նույն’ 2-րդ հայկական խումբն ապահովեց նաև Բերկրիի ճանապարհով դեպի Կովկաս անցնող 200 հազար հայ գաղթականության անվտանգությունը: Բերկրիից նահանջելուց մեկ օր անց Դրոն’ հեծյալ մի խմբով կրկին վերադարձավ Բերկրի և այստեղից Արևելյան Հայաստան հասցրեց մեծաքանակ հայ որբեր»:

    Թուրքիայի դեմ պատերազմում ռուսաստանաբնակ Հայության կողքին համընդհանուր ոգևորությամբ մարտնչում էին ոչ միայն «կովկասաբնակ» և Թուրքիայում ապրող Հայերը, այլ նաև արտասահմանյան տարբեր երկրների Հայ համայնքների Հայությունը (Եգիպտոսում, Կիպրոսում, Ֆրանսիայում, ԱՍՆ-ում ավելի վաղ հաստատվածները…):

    Հ. Երեմյանի խոսքերով՝ «Տուն, գործ, քոլեջ կամ համալսարան կլքեն, դեպի Հայաստանի ռազմաճակատ վազելու աճապարումով» (մեջբերումը՝ Մ.Կարապետյանի՝ վերոհիշյալ ուսումնասիրությունից):

    Նկարագրելով առաջին իսկ օրերից պատրաստակամ պայքարին իրենց մասնակցությունը բերած Հայ երիտասարդությանը, Ֆրանսիայում բնակվող Հայորդիներից մեկը՝ Արամ Թյուրաբյանը հիշատակում է Ալեքսանդրապոլի մի դպրոցից մեկնած 7 ուսանողներից կրտսերին՝ 15 տարեկան, որին մերժել էին հավաքագրել տարիքի պատճառով…

    «Կարսի գիմնազիայում ուսանող բազմաթիվ աղջիկներ նույնիսկ տղամարդկանց հագուստով «ծպտված» ներկայացել են «Կոմիտեի» (Զինվորագրող հանձնաժողովի, Կ.Ա.) առաջ՝ կամավորագրվելու, սակայն բացահայտվել է նրանց խորամանկությունն ու մերժվել են:

    Էջմիածնի հայկական կրթարանում (սեմինարիայում) չլսված բաներ են կատարվում. օր չկա, որ աշակերտներից մեկը «չանհետանա», 7-րդ դասարանի բոլոր աշակերտները Անդրանիկի Խմբում են զինվորագրվել»,- կարդում ենք 1917 թվականին Մարսելում՝ Արամ Թյուրաբյանի հեղինակությամբ հրատարակված՝ Հայ Կամավորականները ֆրանսիական դրոշների ներքո» վերնագրված գրքում, ուր համախմբված են Հայ Կամավորների 105 լուսանկարներ, զինվորագրվածների անվանացանկեր, ժամանակի մտավորականների ճառերից հատվածներ)…

    1914 թվականի օգոստոսի 5-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում ապրող Հայերի կողմից Արամ Թյուրաբյանի հնչեցրած կոչով՝ տպագրված ժամանակի տարբեր երկրների թերթերում, անմիջապես մոտ 400 Հայ կամավորականներ են զինվորագրվում Ֆրանսիական բանակում:

    Անտանտի երկրների ներկայացուցիչների՝ Մ. Սայքսի, Ժ.Պիկոյի և Հայ Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա՝ օսմանյան կայսրության դեմ Ֆրանսիական բանակում՝ Ֆրանսիայի սպաների հրամանատարությամբ գործող Հայկական Լեգեոնի (Գումարտակի) մասնակցության դիմաց, Ֆրանսիայի խոստումով, Կիլիկիայի Հայերին ինքնավարություն պիտի տրվեր:

    Շուշիի գավառում ծնված Հայ քաղաքական գործիչ, պատմաբան Միքայել Վարանդյանին 1915 թվականին գրած իր նամակում, Պողոս Նուբարը հույս էր հայտնում, որ՝ «…Այս կամավորականները, որոնք մարտնչում են Անտանտի կողմում… մեզ իրավունք կարող են տալ մեր ձայնը լսելի դարձնելու, երբ ժամանակը կգայ՝ յայտնելու մեր իրաւացի և համեստ պահանջները»:

    «Հայկական լեգեոնի» մարտիկներ, 1918 թ.(լուսանկարը՝ Գևորգ Նազարյանի էջից)

    Հայերի կողմից պարզապես «ԿԱՄԱՎՈՐ» անվանվող այս մարտիկների շարքերը հետագայում համալրեցին նաև Մուսա Լեռան հերոսամարտի քաջարի մասնակիցներից շատերը, որոնք ապաստանել էին Եգիպտոսում՝ Պորտ-Սայիդում, ուր պաշտպաններից ընդհանուր թվով 4083 վերապրածներ էին տեղափոխվել:

    Հիշյալ գումարտակը՝ «Հայկական լեգեոնը», հատկապես նշանակալից հաղթական գործողություններ է ծավալել Մերձավոր Արևելքի ճակատում՝ Ադանայում (Արևմտյան Հայաստան), Արարայում՝ Ռաֆատ գյուղի մոտ՝ «անառիկ» համարվող բլրաշղթայում (Պաղեստին)…

    Արարայի խելահեղ, արյունալի ճակատամարտում ցուցաբերած խիզախության համար ֆրանսիական հրամանատարության կողմից 25 Հայ զինվորներ «Մարտական խաչ»-ով են պարգևատրվել…

    1918 թվականին Բեյրութում ստեղծված 4-րդ գումարտակում 5.000 Հայ մարտիկներ կային…

    Օսմանյան կայսրության մեջ՝ Արևմտյան Հայաստանում բնակվող ավելի քան 300.000 Հայ զինվորականներ աշխատանքային գումարտակներում ծառայությունից հետո սպանվել են…

    Նշենք, որ որոշ ժամանակ «Արևելյան լեգիոն» (Légion d’Orient) կոչվելուց հետո, 1919 թվականի փետրվարի 1-ից այն կրկին վերանվանվել է «Հայկական լեգիոն» (Légion Arménienne)՝ մինչև լուծարումը՝ 1920 թվականի սեպտեմբերի 1-ը:

    Հատուկ հրամանագրի հրապարակումից հետո այս ջոկատի անդամներն այնուհետև կարող էին մի նոր պայմանագրով ծառայության անցնել Ֆրանսիական բանակի՝ «Օտարազգիների լեգիոնում» (վերջինս ցայսօր գոյություն ունի):

    Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի բանակներում Առաջին Համաշխարհայինի ժամանակ զորակոչված ավելի քան 50.000 Հայորդիներն իրենց արիությամբ ու խիզախությամբ Պատմություն կերտեցին:

    Ու նրանք, ինչպես և մյուս երկրների բանակների կազմում մարտնչած Հայկազուններն ու նրանց սերունդները նույնպես, դեռևս սպասում են Պատմության որոշ էջերի «շտկմանը»…

    Առաջին աշխարհամարտի մասնակից՝ ԱՄՆ-ի բանակի հարյուրավոր ամերիկահայ զինվորներ՝ 1920 թ. ապրիլի 14-ին՝ Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի շենքի դիմաց՝ իրենց շնորհակալությունն են հայտնում Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանն ու Հայությանը սատարելու համար (լուսանկարն ու մեկնաբանությունը՝ Գևորգ Նազարյանի էջից)

    Հ.գ. Առաջին Համաշխարհային պատերազմին Հայերի մասնակցության մասին որոշ մանրամասներ՝ ստորև (Արամ Թյուրաբյանի գրքում մասնակիցների երկար անվանացանկերում նույնիսկ իմ մի ընկերոջ ազգականներից հայտնաբերվեց)…😊

    https://hy.m.wikipedia.org/wiki/Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին

    https://archives.webaram.com/old/AA-VOLONT-TURAB-17/mobile/index.html

    Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատան հուշարձանը՝ նվիրված Ֆրանսիայի համար զոհված Հայորդիներին…

    Համազասպի գնդի զորահանդեսը Էջմիածնում

  • ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱԽՈՍ ՎԿԱՆԵՐ…

    ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱԽՈՍ ՎԿԱՆԵՐ…

    Վերջին ամիսներին հաջորդող այս լարված օրերին, առավել քան երբևէ, կարևորվում են հին քարտեզների դերն ու նշանակությունը՝ երկրների պատմության, սահմանների մասին իրենց հաղորդած տեղեկություններով…

    Լուսանկարում՝ 1919 թվականին Փարիզի Խաղաղության վեհաժողովում Հայկական պատվիրակության ներկայացրած՝ Զ. Խանզադյանի ձեռամբ գծված՝ «Առյուծաձև» Հայաստանի քարտեզը… Անհիշելի ժամանակներից ի վեր Հայոց մեջ պահպանված՝ առյուծի՝ ընձառյուծի, հովազի խորհրդանիշն ու իմաստը՝ մի այլ առիթով…

    Ժայռապատկերներից մինչև կավե սեպագիր սալիկների ու փայտի, ոսկրի վրա փորագրված կամ մագաղաթի, պապիրուսի, մետաքսի վրա նկարված հնագույն քարտեզներում զանազան նպատակներով գծվել-մեկնաբանվել են «տեղանքները»՝ Երկնքում և Երկրի վրա:

    Գյուղատնտեսական աշխատանքների համար և հավատալիքների համակարգում վաղնջական ժամանակներից ի վեր կարևորվում էին Լուսատուները:
    Նրանց «շրջապտույտ-շքերթն» էր «թելադրում-պայմանավորում» կյանքը Երկրի վրա:

    Եվ առաջին քարտեզները ոչ թե Երկիրն էին ուսումնասիրում, այլ՝ Երկինքը, դրոշմելով մարդկանց կյանքում կարևոր դեր ունեցող տիեզերագիտական առաջին գիտելիքները (Աստեղատները՝ Համաստեղությունները ցարդ գրեթե անփոփոխ են՝ իրենց անվանումներով ու խորհրդանիշներով):

    Մինչ ժամանակակից ճշգրիտ գիտություն դառնալը, քարտեզագրությունը հնագույն շրջանում մարդկանց համար տեղանքի կարևորությունը (սրբազան բնույթը) նշելով պահպանելու — հավերժացնելու մի ձև էր և միջոց:

    Իրենց շրջապատի առանձնահատուկ վայրերը պատկերելու առաջին փորձերից է Պորտասարից քիչ հեռու, այսօր Չաթալ Հույուկ (անվանումը՝ տեղանքի ձևից՝ թարգմանաբար՝ Երկճյուղ, Երկժանի բլուր) անունով հայտնի հնավայրից 1963 թվականին հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված «քարտեզը»՝ ժայթքող հրաբխի մերձավորությամբ տեղակայված մոտ 80 շինությունների պատկերով, որն, ըստ մասնագետների, թվագրվում է ն.թ.ա. 6.200 թվականով:

    Ժայթքող հրաբխի պատկերով «քարտեզ»՝ Չաթալ Հույուկից (մանրամասները՝ մի այլ առիթով)…

    Մեր բազմահազարամյա պատմության պերճախոս վկանե՛րն են նաև քարտեզները, ուր ամբարված են տարբեր ժամանակահատվածներում մեր նախնիների պատմությունն ու մշակույթը:

    Քարտեզը մեր Հայրենիքի՛ խորհրդանիշն է՝ իր սահմաններով, սրբազան լեռներով ու գետերով…

    1919 թվականի Փարիզի Հաշտության վեհաժողովի (Խաղաղության կոնֆերանի) աշխատանքներին կարևոր դեր ու մասնակցություն է ունեցել Հայազգի անվանի քարտեզագետ՝ Զատիկ Խանզադյանը (1886-1980): Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանն ավարտելուց հետո նա ուսուցանել էր Փարիզի Նավագնացության բարձրագույն և Ֆրանսիայի Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի դպրոցներում՝ ստանալով կոմանդորի կոչում։

    Զատիկ Խանզադյան

    1913 թվականին, հիմնվելով եղած որոշ քարտեզների վրա, Խանզադյանը գծագրել է «Թուրքահայաստանը և իր վեց գավառները» քարտեզը, որն այսօր պահվում է Ֆրանսիայի Ազգային գրադարանում:

    https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b8445851s

    Նա եղել է նաև «Ազգերի Լիգայի» աշխարհագրագետ-քարտեզագետը, 1920-1932 թվականներին կազմել և հրատարակել է Թուրքիայի տնտեսական աշխարհագրության, Ալժիրի պատմական աշխարհագրության, Պաղեստինի տնտեսական աշխարհագրության և այլ ատլասներ։

    1919-ին Փարիզյան խորհրդաժողովին Հայկական պատվիրակությունը նրա՛ պատրաստած՝ «Պատմական Հայաստանի Աշխարհագրական միասնության Ատլասն» է ներկայացրել՝ տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանի սահմանները փաստող 25 քարտեզներով:

    Բացառիկ կարևորություն ու նշանակություն ունեցող հիշյալ քարտեզները՝ անհրաժեշտ նաև այսօրվա Հայ դիվանագիտության համար, ստորև…

    Հայաստանի սահմանները՝ ըստ Վիլսոնի «Իրավարար վճռի»
  • «ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ, ՈՐ ՇՈՂԱՑԻՆ ՈՒ ՉԿԱՆ»…

    «ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ, ՈՐ ՇՈՂԱՑԻՆ ՈՒ ՉԿԱՆ»…

    «ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ, ՈՐ ՇՈՂԱՑԻՆ ՈՒ ՉԿԱՆ»…
    (Վ. Տերյանի խոսքերով՝ ի փառս մեր Անմահացած Հայկազունների, որոնք մնացին մեր սրտերում)

    Արցախ, Դիզափայտ
    Արցախ, Դիզափայտ

    Հազարամյակների ճամփորդ Հայ ազգս կրկին աղետալի փոթորիկների շրջանում հայտնվեց:

    Ու պայթող ռումբերի սփռած կորուստի ծանր լռության մեջ մեր Հոգու անսփոփ ճիչն է՝

     «Սերմնացանները չդարձան տուն»…

    Հոգնած նայում եմ ես ճամփաներին՝

    Սերմնացանները չդարձան տուն,

    Հանգան շողերը լուռ կատարներին՝

    Սերմնացանները չդարձան տուն:

    Իջավ երեկոն լուրթ ստվերներով՝

    Սերմնացանները չդարձան տուն,

    Գրկեց հոգիս իր մութ, պաղ թևերով՝

    Սերմնացանները չդարձան տուն:

    Լույսերը վառվեցին խրճիթներում՝

    Սերմնացանները չդարձան տուն,

    Ահեղ լռություն է ճամփաներում՝

    Սերմնացանները չդարձան տուն…

    (Գեղամ Սարյան)

    Եվ հազիվ 35 գարուն բոլորած մի Հայորդու տառապալից քնարի մռունչն է հնչում…

    Լռել են արդեն երգերը հզոր,

    Ու էլ չե՛ն հնչում խոսքերը հպարտ,

    Խավա՛րն է գերել մեր հոգին այսօր,

    Եվ լռությունը՝ հավետ մահապարտ։

    Սև գնդերն, ահա,՛ կազմել են շարքեր

    Արյունված երկրում, ուր երեկ այնպես

    Շաչո՛ւմ էիք դուք, հրեղե՛ն երգեր,

    Եվ ալեկոծում փողոց ու կրկես։

    Դաժան ցնծությամբ թշնամին, ահա՛,

    Իր սև հաղթության խնջույքն է տոնում,

    Հռհռում է մեր տանջանքի վրա,

    Արյունով հարբած՝ արյո՛ւն է խմում…

    Լցվա՛ծ է արդեն բաժակը թունոտ,

    Համբերելու ժամն անցե՛լ է արդեն…

    Ելնե՛նք՝ ճչալու խնդությամբ քինոտ

    Ու հպարտ կանգնե՛նք մութ բռնության դեմ։

    Այս դառն օրերի մթնում մահաբեր,

    Արնոտ խնջույքի այս սև զնդանում

    Դավաճա՛ն է նա, ով լռում է դեռ,

    Մատնի՛չ է, ով իր սուրը չի հանում…

    (Վահան Տերյանի՝ «Փշե Պսակ» շարքից, 1905-1908թթ.) 

    …«Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,

    Կանգնի՛ր հպարտ՝ որպես լույս Լեռն է մեր կանգուն»:

     Տերյանական տողերով՝ Ոգու Զորություն մաղթենք մեր Աննկուն Քաջազուններին…

  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՎՈՂ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՐԲԱԳՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ…

    ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՎՈՂ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՐԲԱԳՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ…

    ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՎՈՂ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՐԲԱԳՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ…

    Այսօր՝ 2020 թվականի նոյեմբերի 22-ին լրանում է Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Սեւրում կնքված պայմանագրի դրույթներից բխող հայցադիմումի համաձայն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները հստակեցնող՝ «Իրավարար վճռի» հարյուրամյակը:

    Ու թեև այն վերջնական է և պարտադիր կատարման ենթակա, ցարդ չի իրականացվել՝ ավելացնելով Հայոց ճակատագրի ողբերգական էջերը…

    Հայաստանի Պատմական նահանգներին վերստին տիրանալու և դեպի Սև ծով ելքն ապահովելու նպատակով, 1919 թվականին Փարիզում կայացած Խաղաղության համաժողովին Հայկական պատվիրակությունը մանրակրկիտ հիմնավորումներով ու հավաստումներով ներկայացրել էր իրենց պահանջի իրավացիությունը:

    Թարգմանաբար ծանոթանանք մեր օրերին խիստ արդիական մի փոքրիկ հատվածի՝ Զ.Խանզադյանի «Հաշվետվությունից» (Rapport sur l’unité géographique de l’Arménie : atlas historique, fac-similé héliographique des 25 cartes de l’antiquité, du moyen âge, des temps modernes et contemporains / par Z. Khanzadian)…

    …«Երբ Զեյթուն քաղաքը՝ Հայոց քաջության հաղթական վկան, երկաթի միջոցով իր իսկական բնակիչներից դատարկվեց, այստեղ լցրեցին թուրքեր ու քրդեր: «Հաղթականների» կայսրական հրովարտակով (firman), սուլթանն այնուհետև փոխեց այդ քաղաքի անունը՝ նրան համադրելով բռնապետի հետ:

    Հայաստանի անունը նույնպես իր տեղը զիջեց «Արևելյան Անատոլիային»:

    Սա է հանցավոր ակունքն այդ անվան, որով որոշ մամուլում, նույնիսկ մեր դաշնակիցները, կոչում են Հայաստանը:

    Անկասկած, Հին Աշխարհի նվաճողների օրինակին հետևելով են Երիտթուրքերի ղեկավարներն այդպես վարվում, սակայն այն տարբերությամբ, որ Կոնստանտին կայսրն իր անունով կնքեց Կոնստանդնուպոլիսն այն կառուցելուց հետո, մինչդեռ Երիտթուրքերն իրենց խալիֆի անունով կոչեցին Զեյթունն այն կործանելուց (ավերելուց, Կ.Ա.) հետո:

    Իսկ, Հայաստանը պաշտոնապես Արևելյան Անատոլիա անվանելու համար, նրանք այն նախ և առաջ վերածեցին մի հսկայական գերեզմանոցի:

    Հայը չխորտակվեց, նա այդ սարսափելի փորձությունից ոտքի կանգնեց՝ զենքը ձեռքին…

    Հեղափոխությունից հետո, երբ ռուսական բանակը նահանջելով հետ էր քաշվում՝ թուրք-գերմանացիների հետապնդմամբ, գեներալներ Նազարբեկյանի, Անդրանիկի, Ղորղանյանի, Բագրատունու և այլոց գործունեության շնորհիվ թշնամին կասեցվեց հենց Հայաստանի սրտում:

    Քանզի սահմանի մյուս կողմում Ռուսահայաստանը խոյանում էր որպես Հայաստանի Հանրապետություն:

    Քանի որ թուրքերի համար անհնար էր զենքով կամ դավաճանությամբ հաղթել, ինչպես արեցին Թուրքահայաստանում, նրանք ստիպված եղան ճանաչել այն, կանխավ ծրագրելով նրա փլուզումը Ադրբեջանի մուսուլմանական հանրապետությամբ, որը նրանք ստեղծեցին Հայաստանի կողքին:

    Բավական է մի հայացք նետել Ադրբեջանի հանրապետության պատվիրակության ներկայացրած քարտեզի վրա՝ հաստատելու համար, որ նրանց նկրտումներն ուղղված են միա՛յն Հայաստանի Հանրապետության վերացմանը:

    Ադրբեջանի կառավարության պրոպագանդան ոչ միայն հրապարակումներով է սահմանափակվում, այլ՝ Երիտթուրքերի հրամանատարությամբ շարունակում է այսօր ներխուժել Ղարաբաղ-Զանգեզուր, որը Հայկական Բարձրավանդակի հարավ-արևելյան Դարպասն է:

    Այդ նվաճումների նպատակը չի արդարացվում ո՛չ աշխարհագրական նկրտումներով՝ Ղարաբաղը պատկանում է Հայկական Բարձրավանդակին, ո՛չ էլ՝ ցեղային՝ այնտեղի բնակչությունը Հայերն են:

    Պատմական տեսանկյունից՝ մեր ներկայացրած ատլասի (տարբեր ժամանակաշրջանների քարտեզների հավաքածուի, Կ.Ա.) ցանկացած քարտեզ հաստատում է, որ Ղարաբաղը մի՛շտ է եղել Հայկական, իր պատմության բոլո՛ր փուլերում՝ ի սկզբանէ:

    Մեր թիվ 23-րդ քարտեզը անգլիացի դիվանագետ՝ Սիր Հարֆորդ Ջոն Բրիջի (Sir Harford Jones Brydges)՝ 1808 թվականի պաշտոնական առաքելության կազմածի վերարտադրությունն է:

    Այն կազմված է հատկապես Ադրբեջանի համար:

    Այն հիանալիորեն սահմանազատում է ներկայիս երեք հանրապետությունների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի սահմանները:

    Այսօր անգամ, հնարավոր բոլոր միջոցներով ձեռքը Ղարաբաղի վրա դնելու ցանկությունը Ադրբեջանի հանրապետությունը ստեղծելիս Երիտթուրքերի ներշնչանքն է»…

    1919 թվականին Փարիզի Խաղաղության խորհրդաժողովում ներկայացրած քարտեզներն ուրվագծում էին ազգային ինքնության հիմունքներով գծագրված երկրների տարածքները՝ այսօրվա համար մնալով խիստ արդիական ու հրատապ…

    Չնայած նրանց մանրակրկիտ քննությանը, ներկայացված քարտեզներն իրական երկրներ չդարձան:

    Ու ցայսօր պայքարը շարունակվում է՝ ավելացնելով ազգերի դարավոր պայքարի ողբերգականորեն ճակատագրական էջերը՝ անբեկանելի և վաղեմության ժամկետ չճանաչող՝ Վիլսոնյան «Իրավարար վճռի» իրականացման Հավատով ու Սպասումով…

    Քարտեզները շարունակեցին հարատևել՝ սերունդների հիշողության մեջ, յուրաքանչյուրի սրտում ու հոգում վառ պահելով վերստին գտնված Հայրենիքի բաղձանքն ու Հույսը…

    https://www.lecfc.fr/new/articles/228-article-27.pdf

    https://www.wdl.org/fr/item/47/#fbclid=IwAR3najJzLMlXv7_5H4mwF7ONELOlfN1d0Or9isrZ7BaXOZWBcEhwMdW-VA0
  • ՎԵՐԱԴԱՐՁ՝ ԱՐՑԱԽ

    ՎԵՐԱԴԱՐՁ՝ ԱՐՑԱԽ

    ՎԵՐԱԴԱՐՁ՝ ԱՐՑԱԽ

    Մեծ Քիրս լեռն Արցախում
    Մեծ Քիրս լեռն Արցախում

    Արցախ Աշխարհիս խախտված անդորրի խռովքն է մեր մորմոքված  սրտերում, ու մեր  Անմահ Քաջազունների  խրոխտ ու վեհ  հայացքներն են  մեզ ուղեկից…

    Մեծ Հայքի արևելյան հատվածում սփռված՝ սաղարթախիտ անտառներով ու սառնորակ աղբյուրներով հարուստ վսեմաշուք Արցախն իր ռազմական ամրության շնորհիվ դարերի ընթացքում բազմիցս է դիմակայել օտարազգի հրոսակներին՝ պատերազմի ժամանակ բնության զանազան անկյուններում՝ անձավներում  ապաստանվելով  և երբեմն էլ որպես ռազմական կետեր ծառայեցնելով բնական քարայրները:

    Այստեղ  սուրբ են  Լեռն ու Քարը, Աղբյուրն ու Ծառը՝ իրենց շուրջ հյուսված  զանազան ավանդապատումներով…

    Լեռներին  սրբազան բնույթ վերագրելը (որպես դիցերի բնակավայր), հնագույն շրջանից ի վեր՝ առկա է   բազմաթիվ մշակույթներում:

    Լեռը նաև հենց Դիցի խորհրդանիշն էր, նրա մի Մասը՝  Մասիքը կամ Մասունքը…

    «Արարումը, Արարչագործությունն  ամենուր է»՝ Լեռներում,  Ջրերի ակունքներում…

    «Վարանդացին հեռու անցեալում և մեծ մասամբ այժմս էլ աստուածացրել է ամբողջ բնութիւնը և ծունր դրել նրա առաջ: 

    Քիրս  լեռը իւր  սպիտակափառ գագաթով նուիրական է եղել նրա համար.  շատերը ծունր չոքած  աղօթել են նրա առաջ:

    Դեռ մինչև այժմս էլ Քիրսի աստուածացման վերաբերեալ աւանդութիւններ շրջում են ժողովրդի մէջ  և լերան վերայ  գտնուող բազմաթիւ  ուխտատեղիները խլել են նրանից  նրա աստուածացումը»:

    Այսպես է սկսել  Հայոց   մեջ  գոյատևած  հավատալիքների   հետքերը քննող ազգագրագետ, բանահավաք ու հնագետ  Երվանդ Լալայանն  իր՝  Լեռների պաշտամունքին նվիրված  ուսունասիրությունը («Վարանդա», Երկրորդ տարի, Բ գիրք, 1897թ.)՝  շարադրելով տարբեր պատճառներով Լեռանը դիմելով իրենց քարի փոխակերպած կանանց ավանդույթները…

    Վարանդան Մեծ Հայքի Արցախ աշխարհի գավառներից մեկն էր,  որը համապատասխանում է ներկայիս Շուշիի և Ասկերանի (մինչև 1930-ակաները՝ Խաչեն) շրջանների տարածքին:

    Վարանդա անունն է կրում նաև Քիրս լեռան արևելյան լանջից սկիզբ առնող գետը, նաև՝ Արցախի Մարտունու շրջանի Մարտունի գյուղի երբեմնի անունն էր …

     Քիրս անունով գյուղեր կան Բիթլիսի, Սյունիքի շրջաններում…

    Հայկական Լեռնաշխարհում՝ Արցախում Քիրսի լեռներով  էին նախկինում  բաժանվում  Վարանդայի և Դիզափայտի մելիքությունները:

    Դիզափայտ (Արցախ)
    Դիզափայտ (Արցախ)

    Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր մասը միջին հատվածն է՝ Շուշիի մոտ,  Մեծ Քիրս լեռնագագաթը՝  Շուշիից 12 կիլոմետր հարավում՝ 2725 մետր բարձրությամբ,  անտառներով շրջապատված… 

    Մեծ Քիրս լեռն Արցախում
    Մեծ Քիրս լեռն Արցախում

     «Վարանդայում կան քարեր ու ժայռեր, որ պաշտւում են. ժողովուրդը ուխտի է գնում  նրանց,  մոմ վառում,  աղօթում  և մատաղներ կտրում» (Ազգագրություն, Բ գլուխ, էջ 188):

    …«Մի մեծ ժայռ քար էլ Սխտորաշէնի մօտ կայ, որ կարծես մանհիր լինի:

    Սրա առաջ չորս սրբազան ծառեր էլ կան, ծածկուած շորի կտորներով:

    Բացի սովորական ուխտ անելուց եւ մոմեր վառելուց, ամէն մի անցորդ պարտաւոր է սուրբ քարի մօտից մի փոքրիկ քար վերցնել, դնել սուրբ  քարի վրայ եւ մի ուրիշը վայր ձգել:

    Մի այսպիսի քար էլ Քարին-տակը գիւղում կայ»:

    «Վարանդայում դեռ եւս մնացել է ջրի պաշտամունքը:

    Մեղք են համարում ջրի վրայ թքել եւ կամ նախատինքով վերաբերուիլ:

    Նորահարսը առաջին անգամ աղբիւրի մօտ գալով, զոհ է բերում նրան ցորեն:

    Կիրակի օրերը մոմեր են վառում սուրբ համարուած աղբիւրների առաջ:

    Առողջութիւն հայցող հիւանդը մոմեր է վառում, աքաղաղներ զոհում, երկրպագում եւ աղօթում աղբիւրների:

    Աղբիւրներից մի քանիսը ամենայն տեսակ, իսկ միւսները մի մի որոշ հիւանդութիւնների բուժիչ սրբատեղիներ են համարւում:

    Առաջիններից նշանաւոր են Շօշու գիւղում, ձորակի մէջ գտնուողը, Վերին Սզնէքում «Կանաչ խաչ» անուն աղբիւրը, Հղորդի գիւղում «Մոշ-աղբիւրը», որ իւր անունը ստացել է մօտի մոշի թփերից եւ որի մօտ մի մեծ, պաշտուող կաղնի ծառ կայ. Չանախչի գիւղում` «Մեծ աղբիւրը», որի վրայ մի քանի անգամ լոյս է իջել:

    Ներքին Թաղավարդում երկու թքեռնի ծառերի տակ պաղպաչող «Կարմիր աղբիւրը», որի մօտով անցնողը պարտաւորուած մի բան է դնում աղբիւրի քարի վրայ եւ այնտեղից մի ուրիշ բան վերցնում»:

    Հայոց  կյանքում  ծեսերի, տոների,   սրբավայրերի նշանակությունը,   նրանց դերն ու խորհուրդն ըմբռնելուն մեծապես նպաստում են  հնագույն  սկզբնաղբյուրները, նաև՝ մեզ հասած զանազան ավանդապատումները (շարունակությունն՝ այլ առիթներով)…

    Քաջարի Հայկազունների բոցավառ հայացքի ներքո՝ կառուցենք նրանց սխրանքին  արժանի մի  Նոր Հայրենիք…

  • «ԾԱՌԵՐՆ  ՈՒ ԿԱՑԻՆԸ»

    «ԾԱՌԵՐՆ ՈՒ ԿԱՑԻՆԸ»

    «ԾԱՌԵՐՆ ՈՒ ԿԱՑԻՆԸ»

    Հայրենիքի ու իր ազգի  խնդիրներով  մտահոգ մեծ Մտածողներից մեկը՝ Երևանի մոտ, Քանաքեռ գյուղում 1809 թվականին ծնված հայտնի Հայորդին՝  Խաչատուր Աբովյանն  իր խորաթափանց մտքով ու հեռատեսությամբ  պատգամներ է թողել  սերունդներին…

    Բնագետ, լեռնագնաց  Ֆ.Պարրոտի բնութագրմամբ՝ «Հայոց «լեռների պես վեհ և ձորերի պես խորը  անհատականությունը» այլաբանորեն  նկարագրում է անտառում՝  «Կացնի»  պատճառած  ավերներից խիստ զզված-հուսահատված Ծառերի  խորհրդակցությունը՝ իրենց կյանքը  փրկելու, բարելավելու  նպատակով  մի ճար գտնելու համար…

    Ծառերն, որ մեշումն խիստ շատ զվիրն եկան
    Կացնի ձեռիցը, ու էլ չիմացան,
    Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն,
    Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն։

    «Կացինն ի՞նչ զատ ա, որ մեզ քյար անի»,
    Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի։
    «Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞
    Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»։

    Թո՛ղ իմացողը ինքը իմանա,
    Ու նհախ տեղը կացնի կոթ չտա։
    Թե չէ սկիզբը իրան կկտրի,
    Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛։

    Պատերազմի քողի ներքո կրկին «կացնահարված»  Հայ Ազգն իր ցասմամբ, ի վերջո,  «բոլոր կոթերին» պիտի բացառի՝  ճանապարհ հարթելով   խրոխտ քայլերով  իր Հաղթական  առաջընթացին…

    Հ.գ. Լուսանկարը՝ բանաստեղծությամբ, Խ.Աբովյանի Տուն-թանգարանի կայքից՝ շնորհակալությամբ…

  • «ԲՅՈՒՐ ԱՆԳԱՄՎԱ ԴՈՒ ՓՈ՛ՐՁ ՈՒՆԵՍ ԸՆՁՅՈՒՂՎԵԼՈՒ», Ա՛ԶԳ ԻՄ ՓԱՌԱՊԱՆԾ …

    «ԲՅՈՒՐ ԱՆԳԱՄՎԱ ԴՈՒ ՓՈ՛ՐՁ ՈՒՆԵՍ ԸՆՁՅՈՒՂՎԵԼՈՒ», Ա՛ԶԳ ԻՄ ՓԱՌԱՊԱՆԾ …

    «ԲՅՈՒՐ ԱՆԳԱՄՎԱ ԴՈՒ ՓՈ՛ՐՁ ՈՒՆԵՍ ԸՆՁՅՈՒՂՎԵԼՈՒ», Ա՛ԶԳ ԻՄ ՓԱՌԱՊԱՆԾ …

    Հայոց հնագույն ավանդույթների ու տոների շարքում բոլորիս հոգեհարազատ՝ Նախնիների հիշատակի օրն է այսօր՝ «Քաղոց ամսվա Վարագ օրը՝ Անմեռաց Տոնը՝ Տոհմի, Տան ու Օջախի Տոնը», ինչպես հիշեցնում է Քուրմ Յարութ Առաքելյանը:

    Անմահացած Նախնիների և, միաժամանակ, իրենց զավակների՛ մեջ Անմահություն գտած Նախնիների տոնն է:

    Վաղնջական ժամանակներից ի վեր, Ծառը Կյանքի ու նաև՝ Մարդո՛ւ խորհրդանիշն է՝ իր Արմատներով (Մարդն՝ իր նախնիներով) ու Ճյուղերով՝ Ընձյուղներով (Զավակներով), ինչպես և՝ իր Պտուղներով (գործերով)…

    Յուրաքանչյուրն իր արմատներո՛վ է սնվում, հզորանում:

    Արմատներով Հողի ընդերքից իր սնունդն ու ջուրն է ստանում Ծառը և Երկնքից՝ Արևից, իր կյանքի, գոյության համար անհրաժեշտ լույսը, ջերմությունն ու ցողը…

    Իր բազմահազարամյա պատմության ընթացքում, Ծառից բացի Կացնի խորհրդանիշն է նաև կիրառել մեր ազգը:

    Հնագույն շրջանում՝ որպես «Երկինքը Երկրից «հատող-բաժանող» խորհրդանշական գործիք»՝ Դիցի ձեռքին («Կումարբիի շարքը»), հետագայում՝ իբրև յուրայինի (մերձավորի) կողմից հասցված վնաս՝ «Կացինին կոթը մեզմէ է»՝ ինչպես գրում էր Լևոն Շանթը…

    Ազգի ցավով մորմոքված բանաստեղծուհին՝ Սիլվա Կապուտիկյանն իմաստուն տողերով հիշեցնում էր նաև «կացնի հարվածներից» ինքնապաշտպանության անհրաժեշտությունն ու միջոցը…

    ԿԱՑԻՆՆ ՈՒ ԾԱՌԸ

    Ասում են, երբ փայտահատը՝ կացինն առած
    Մոտենում է, որ ճյուղատի ծառը կանգուն,
    Ծառն զգում է կացնի շունչը մահատարած,
    Ծառն զգում է, ինչպես մա՛րդն է ահը զգում:

    Ծառն զգում է… Եվ օրհասի իր բնազդով
    Ճյուղերի մեջ, ճյուղերից ներս՝ լարված ցավից՝
    Հավաքում է հյութերը ողջ, սաղմ ու ավիշ
    Ու մղում վար, արմատնե՛րն է մղում տենդով:

    Զո՜ւր են սրում կացինները, զո՜ւր են սրում,
    Կարծում են, թե ա՛յդ ես, որ կաս՝ թույլ ու հլու:
    Բյուր անգամներ ճյուղատել են քեզ դարերում,
    Բյուր անգամվա դու փո՛րձ ունես ընձյուղելու…

    Արցախի Հողի ամեն անկյունում Հայոց Սրբավայրերն ու Ուխտատեղիներն են՝ մեր հազարամյակների պատմության վկաները…

    Ստորև լուսանկարում՝ Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի երկհազարամյա հսկա Սոսին է (Չինարին, Տնջրին), որին անդրադարձել ենք ամիսներ առաջ, առանձին գրառմամբ՝

  • …ԵՎ  ԱՅԳԱԲԱՑՆԵՐՆ  ԱՅՍՏԵՂ  ԽԱՂԱՂ  ԵՆ…

    …ԵՎ ԱՅԳԱԲԱՑՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԽԱՂԱՂ ԵՆ…

    …ԵՎ ԱՅԳԱԲԱՑՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԽԱՂԱՂ ԵՆ…

    Հարյուր տարի առաջ, Առաջին Համաշխարհային պատերազմից հետո, 1920 թվականի օգոստոսի 10-ին, Փարիզի արվարձաններից մեկում՝ Սեվր քաղաքում, Հաղթանակած դաշնակից պետությունների և Օսմանյան կայսրության միջև կնքվեց հաշտության պայմանագիր՝ համաձայն որի Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես Ազատ ու Անկախ պետություն՝ Հայոց պատմական նահանգներով (հատուկ հանձնաժողովի կողմից հստակեցված սահմանագծերով)…

    Թե ի՞նչ եղավ օրինական ընթացակարգով և մեծ հանդիսավորությամբ (ընդհանուր համաձայնությամբ) ստորագրված այս կարևոր փաստաթղթի ճակատագիրը՝ քաջ հայտնի է մեզ՝ Հայերիս…

    Եթե պաշտոնական արարողակարգով և օրինական գործընթացով բոլոր իրավասու անձանց կողմից ստորագրված այս հույժ կարևոր համաձայնագիրն ընթացք չստացավ, չվավերացվեց, ինչու՞ պիտի այսօր Հայաստանն ընդունի և վավերացնի անօրինական ճանապարհով (նույնիսկ սեփական պետության նախագահի անգիտությամբ) ստորագրված մի թուղթ, որն իրավական ուժ չունի (զինադադարից հետո՝ հակամարտության կարգավորումը բանակցություններով՝ ազգերի ինքնորոշմանը վերաբերող միջազգային օրենքների հարգմամբ):

    Հատկապես, որ դեռևս մեկ ամիս առաջ, «Բրիտանացի հայտնի փաստաբան, պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերտսոնը հոդված է հրապարակել The Australian թերթում՝ կոշտ քննադատության ենթարկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

    Ըստ Ռոբերտսոնի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դիմի Միջազգային քրեական դատարանին, որպեսզի վերջինս սկսի ագրեսիայի հանցագործության հետաքննությունը, «որն Ալիևն իրագործել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ»:

    Նաև՝ «Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մեկ այլ առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասը կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջև՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով» (մեջբերումները՝ https://www.shantnews.am/news/view/775872.html):

    Հզոր ու Անպարտ Հայկազունների դեմ մարտի ելած թշնամին՝ հանցավոր ահաբեկիչների հրոսակախմբերով համալրված իր բանակով, իր անփառունակ գործունեությամբ կհիշվի՝ որպես բարբարոս ու անքաղաքակիրթ…

    Իսկ «անկենդան որոշումը» կյանքի կոչելու ոչ մի առիթ (կամ՝ պատճառ) չունենք:

    Դա էլ թող մնա պատմության արխիվներում՝ որպես չվավերացված որոշում…

    Միջազգային օրենքների խախտմամբ՝ վարձկան-ահաբեկիչներով ու օրինազանց միջոցներով, մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելով տարածքներ զավթողները համապատասխան օրենքներով պատժվում են, ոչ թե «հաղթանակով» պարգևատրվում («Էս սարն ի՛մն է, էս ծառն ի՛մն է» ասող խաբեբայի վերջն է վաղուց):

    Օրեր առաջ ռմբակոծվող, արգելված զենքերից վնասված խաղաղ ազգաբնակչությանն իրենց պապենական Հողից տեղահանելու իրավունք ոչ ոք չունի…

    Ընդհակառակը, նրանց կրած վնասների, ընդհատված ու հաշմված կյանքերի համար առավելագույնս պիտի հատուցվի…

    Ուրեմն, կեցցե՛ հավերժ վեհաշուք Արցախն իր խրոխտ Հայորդիներով…