Բազմաթիվ հազարամյակներ թևակոխած մարդկության պատմությունը լի է հակամարտություններով, ճակատամարտերով…
Պատերազմը պետության համար կենսական կարևորություն ուներ:Կյանքի ու մահվան այս տիրույթում էր վճռվում թագավորության, կայսրության պահպանումը կամ կործանումը:
Ուստի, լուրջ խորհրդածության արդյունքում ընդունված՝ կշռադատված որոշումն էր նախորդում նման ձեռնարկին՝ հաշվի առնելով նրա տնտեսական, բարոյահոգեբանական և քաղաքական հետևանքները…
Իրենց մարտավարության հմտությամբ բազմիցս հաղթանակած մեր նախնյաց օրհնությամբ մերօրյա խիզախ Հայորդիք կրկին մարտերում են՝ մեր անմատչելի լեռներում խոյացող երբեմնի անառիկ բերդ-ամրոցների պաշտպանների քաջալերիչ ոգեշնչմամբ…
Հաղթանակն ապահովելու համար սպառազինման հզորությունից ավելի կարևոր է սեփական ուժերի ճշգրիտ իմացությունը, նրա նպատակային կիրառումն ու հակառակորդին լավագույնս ճանաչելը:
Չմոռանանք, որ մեր Երկրի ներսում «դիմակավորվածների» համագործակցության օգնությամբ որոշ ասպատակողների կիրառած խորամանկության պատճառով ենք տուժել հաճախ:
Հակառակորդի ծանոթ գործելաոճի իմացությունն իմաստուն մարտավարության է մղում…
Թշնամուն կարելի է հաղթել նույնիսկ առանց ճակատամարտի՝ հնարամիտ ու ճշգրիտ դիվանագիտությամբ…
«Մարտական գործողության հաջողության գրավականը նրա մանրակրկիտ նախապատրաստումն է»: «Դժվարություններն ավելի հեշտ է հաղթահարել նախքան նրանց ծագումը»,- դարերի հեռվից հուշում են իմաստուն ռազմագետները…
Հայ Զինվորին ուղեկցող Փառքն ու Հաջողությունը վերստին թող թևածե՛ն ու պատմական Արդարության Հաղթանակն, ի վերջո, ավետե՛ն՝ փառաբանելով մեր բոլոր Հերոս-Մարտիկներին՝ անուն առ անուն…
Հ.գ. Ստորև լուսանկարում՝ Տավուշից մի տեսարան. Հնում՝ Մեծ Հայքի Ուտիք Աշխարհում…
Ավանդույթների, հավատալիքների, կիրառած խորհրդանիշների, սնունդի հիշատակման ու զանազան այլ առիթներով մեր նախնյաց կյանքում ծառերի դերն ու իմաստն արծարծել ենք նախորդ որոշ գրառումներում:
Կրկին՝ ծառերի մասին, բայց երբեմնի լայնածիր տարածքներում սփռված մեր Հայրենիքի տարբեր անկյուններում նրանց հետ կապված որոշ տեղանունների առնչությամբ:
Ողջ տարվա ընթացքում իրենց կենարար հատկություններով մարդկանց պիտանի ծառերի մասին գրավոր հիշատակություններ են պահպանվել հնագույն շրջանից ի վեր: Առաջին իսկ սեպագիր տեքստերում, դիցաբանական պատումներում արդեն առկա է Ծառն իր խորհրդով…
Վաղնջական ժամանակներից եկող սովորույթի համաձայն՝ ծառերի ճյուղերը՝ արմավենու, ուռենու, ձիթենու ոստերն այսօր էլ հատուկ արարողությամբ օրհնվում են ու որպես չարխափան և առատություն պարգևող՝ պահվում տներում, եկեղեցիներում…
Պատմիչները հիշատակել են Արմավիրի «Սոսեաց Անտառը», Բագարանի «Անտառ Ծննդոցը», Մեծ Հայքի Տուրուբերան Աշխարհի Տարոն գավառում, Աշտիշատի վանքի մոտ, Վահեվահեան մեհյանի գրաված բարձունքի ստորոտին սփռված «Հացեաց Դրախտը», որի հացենիներն ամենաառատ գազպեն էին տալիս:
Փ. Բուզանդի նկարագրությամբ՝ «Վահագնի բարձրադիր մեհենատեղի ներքևում, Ցուլ կոչված մեծ լեռան դեմուդեմ, բագինի տեղից մոտ մի քարընկեց հեռավորությամբ դեպի ներքև, փոքր ձորակում»՝ աղբյուրն էր՝ «Ի Հացուտ Պուրակին, որում անուն տեղւոյն իսկ Հացեաց Դրախտ կոչեն» (Բուզանդ, «Հայոց պատմություն», Գ, 14 (ԺԴ):
«Հացուտ՝ ուր են Հացի ծառք բազում»,- կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում: Հացենի ծառատեսակի անվան հետ է կապված Մ. Մաշտոցի (360-440թթ.) ծննդավայրի՝ Հացեկաց գյուղի անունը, որը հիշվում է նաև Հացեկք, Հացեաց գյուղ ձևով:
Հացի (Հացիկ) գյուղ կա և Արցախում՝ պատմական Վարանդայում (Մարտունու շրջանում): «Հացեաց Աղբյուր» գյուղ կար Սյունիքում (Աղահեջք գավառում):
Մեծ Հայքի Այրարատ Աշխարհի Գաբեղեանք (ըստ ոմանց՝ Արշարունիք) գավառում էր Մայրոձորը, ուր Մայրաձոր կամ Ձորմայրի կոչվող անապատն էր («Ան-ապատ» նշանակում է «անշեն, անմարդաբնակ», ի հակադրություն «ապատ»-ի՝ «շեն», «բնակելի վայր» իմաստով):
Այս տեղանունը (Մայրաձորը) ևս ծառերի հետ է առնչվում, ստուգաբանվում է որպես «Անտառի (Մայրոյ) ձոր» («Մայրին» (ծառը), ինչպես նշել էինք նախորդ գրառումներից մեկում, ընդհանրապես «Անտառ» նշանակությամբ էլ էր կիրառվում):
«Մայրափայտ», «Մարխի ծառ» անունով է հայտնի նաև «Կուենին»՝ «Ազգ Մայր փայտի»՝ մանրատերև սրագույն որպէս անպտուղ փստղենի, յորմէ ելանէ մարխ և խիժ, վասն որոյ կոչի և Մայրափայտ, Մարխի ծառ»:
Հիշյալ ծառը հանդիպում է այլ անունով ևս. «Ծորենի ասի և Կուենին, յորմէ ծորի մազտաքէ»… «Կուե» (Քվե) անունով տարածաշրջան կա Կիլիկիայում…
Համաձայն «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի՝ ծառ, տունկ իմաստն ունի նաև «Փայտը»: «Փայտ պտղաբեր: Փայտս ամենաբերս: Փայտ փշաբեր: Փայտ իւղոյ: Փայտ կենաց: Ի փայտէն կենաց: Յամենայն փայտէ՝ որէ ի դրախտից, ուտելով կերիջիր, բայց ‘ի փայտէդ գիտելոյ զբարի և զչար» (Բացի Բարու և Չարի իմացության ծառից՝ դրախտի մյուս բոլոր ծառերից կարելի էր ուտել)…
Հացի ծառը հայերենում նաև «Ցախ» է կոչվում (խաղողի կամ գիհի ծառի տերևները, որոնցով կերակրում են անասուններին, նույնպես «ցախ» են): «Ցախ է և անուն գեղեցիկ ծառոյ (Acer, aceris, Թխկի ծառի լատիներեն անվանումը նույնպես «Acer» է)»: «Եւ զարմանալի ծառք որպես կիպարն, ցախն …»: «Ցախը» և «մացառ», «անտառ, խիտ անտառ» իմաստով է կիրառվում…
Մեծ Հայքի նահանգներից մեկը՝ հնուց իր ամրությամբ հռչակված անմատչելի Արցախը, հայտնի իր սաղարթախիտ անտառներով ու փարթամ արոտավայրերով, ինչպես և այնտեղ բուծվող դիմացկուն ու արագավազ ձիերով, 10-րդ դարի պատմագիր Մ.Կաղանկատվացու գրչով՝ «Արցախամար Աշխարհն» էր (Կաղանկատվացին արժեքավոր տեղեկություններ է թողել հատկապես Հայոց «Արևելից կողմանց»՝ Արցախի և Ուտիքի վաղ միջնադարյան շրջանին վերաբերող):
Հիշենք, որ Արցախի տարածքի մոտ 35 տոկոսն անտառածածկ է, հատկապես՝ Մարտակերտի և Հադրութի շրջանները, բազմատեսակ ծառերի թվում՝ հացին (հացենին), թխկին, կաղնին, կեչին, մեղրատու բոխին՝ ծաղկափոշու և ակնամոմի հումքի մատակարարը, հաճարենին, որի պտուղներից նշի ձեթի նման համեղ ձեթ է ստացվում…
Հացենի
«Արցախամայրի» անունով գյուղ կա նաև Սյունիք Աշխարհի Կովսական գավառում…
Հայագիտության մեջ, «Փայտակարան» քաղաքի անվան ստուգաբանությանն առաջինն անդրադարձած՝ գերմանացի հայագետ Հ. Հյուբշմանի կարծիքով՝ «Փայտակարան անունը հայկական կհնչե, բայց հայերենով չի մեկնվիր, վասնզի հայ. Փայտ և կարան իմաստ չեն տար»:
«Այս տեսակետը, — ինչպես գրում է Բաբկեն Հարությունյանն իր՝ «Փայտակարան քաղաքը և նրա տեղադրությունը» ուսումնասիրության մեջ, — հետագայում պաշտպանել են Ն. Ադոնցը, Հ.Մանանդյանը, Ե. Պախոմովը, Ս. Երեմյանը, Ս.Պետրոսյանը և ուրիշներ»…
Իսկ եթե ստուգաբանենք որպես «Փայտք» և «Արան»՝ «Ծառերի Աշխարհ» իմաստո՞վ, այսինքն, նույն նշանակությամբ, ինչպես «Արցախամար Աշխարհն» է՝ Ար Ցախը…
«Արան» վերջածանցին՝ որպես Երկրի, բնակության վայրի ցուցիչ, հանդիպում ենք «Հայկարան» բառում («Հայկի Երկիր» իմաստով):
«Հայկարան՝ Երկիր տերութեան Հայկայ: Արմատացեալ ‘ի Հայկարան Տունս Թորգոմայ»… (մեջբերումը՝ Վարդան Պատմիչից՝ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանից):
Արցախ, Արցախամար Աշխարհ, Փայտակարան՝ «Ծառերի՝ Հացենու, Մայրիի… Երկիր»՝ Հայոց Հավերժական Երկրի մի անկյունում…
Հ.գ. Ծառերի խորհրդի մասին նախորդ գրառումներից՝ ի հիշեցում…
«Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ, Իրենց հասակի կարգով, ծալպատակ, Միասին բազմած,
Մի շըրջան կազմած, Քեֆ էին անումԵվ ուրախանում Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝ Գյուղի տերերը»։ …
1887 թվականին Հ. Թումանյանի նկարագրած պատկերում հսկա ընկուզենու ներքո են ազգի իմաստուններն իրենց «հին օրհնանքը» տալիս երիտասարդներին…
«Ծառերը դիցերի տաճարներն էին, և դեռևս այսօր էլ գյուղերում, պահպանելով հին ծեսերն իրենց պարզությամբ, ամենագեղեցիկ ծառը նվիրվում է մի Դիցի: Եվ, ի դեպ, ոսկու և փղոսկրի շլացուցիչ պատկերները մեզ առավել երկրպագություն չեն ներշնչում, քան սրբազան ծառերն իրենց խորունկ լռությամբ»…
Հիշյալ տողերը գրվել են նոր թվարկության 1-ին դարում՝ հռոմեացի Պլինիոս Ավագի կողմից (23-79թթ.):
Ինչպես քարի շփումից էր կրակ առաջանում, այնպես էլ՝ փայտի, որի այրումը նույնպես կրակի աղբյուր էր: Ուստի փայտը, ծառը համադրվում էին կրակի հետ:
Անտառում դեպի երկինք ձգվող շանթարգել կաղնին երկնքից առաքված հուրը՝ կայծակն իր վրա էր վերցնում, այդպիսով, Շանթի, Փայլակի՝ Կայծակի Դիցի՝ Զևսի խորհրդանիշն էր (հիշենք, որ, համաձայն ուսումնասիրողների, Զևսը հին հայկական՝ «հուրիական» կոչվող դիցաբանությունից հայտնի Թեշուբի համարժեքն է, Իտալիայում՝ Յուպիտերն է): Թեշուբի համարժեքն է և Արամազդը՝ երկուսն էլ ձեռքին Շանթեր բռնած էին պատկերվում:
«Սօսինաթագ»՝ սոսիների թավ ոստերով (կամ սոսափմամբ) պսակված պերճ, հպարտ ու սեգ Հայորդիների այսօրվա ժառանգներն, ինչպես գրեթե 2.000 տարի արդեն, նույն ծառի՝ Արցախի Սխտորաշեն գյուղի Տնջրիի (սոսի, չինարի) սոսափյունին են ունկնդիր…
Դարերով, սերնդեսերունդ փոխանցված ավանդույթի համաձայն, Տիգրան Մեծն է տնկել այսօր աշխարհիս հնագույն ծառերից մեկը համարվող հիշյալ Սոսենին (Ստեփանակերտից 37 կիլոմետր հեռավորությամբ է): Հայորդաց սրբազան ուխտատեղիներից մեկի՝ հազարամյակների վկա այս ծառի շուքի տակ են հանգստացել Մ.Մաշտոցը, (5-րդ դար), Մ.Խորենացին (5-րդ դար), Մ.Կաղանկատվացին (7-րդ դար), Սայաթ-Նովան (18-րդ դար), Րաֆֆին, Լեոն և բազմաթիվ այլոք…
«Աշխարհագրութիւն Չորից մասանց աշխարհի» (հեղինակ՝ Ղ. Ինճիճեան, հատոր Ա, Վենետիկ, 1806 թ.) ուսումնասիրության մեջ, նկարագրելով Հայաստանեայց արգասավոր ու բերրի՝ երկրագործության համար հարմար հողը և մտահոգ՝ անտառների շրջակա բնակչության կողմից ծառահատումից հետո նորերը չտնկելով բնական հարստությունը նոսրացնելու համար, Մուշի, Մոկսի և Խոտորջուրի մայրի անտառները հիշելով՝ հեղինակը նշում է մայրու երեք տեսակ (որոնք, զանազան ուսումնասիրություններում, հաճախ նույնացվում են):
Ա. «Փիճի, որ է հասարակ չամ»:
Չամը ներկայացվում է որպես սոճի: Հասարակ փիճին (գիհու նման), շատ խեժոտ փայտով, մինչև 25 մետր բարձրությանբ է՝ հարկի իբրև վառելիք: Կեղևը խոր կտրելով ծորեցնում են խեժը, որից պատրաստում են բևեկնի յուղ: Խեժափիճու բունը խեժածորության ընթացքում տալիս է արժեքավոր տերեբենտին, որից ստացվում է բևեկնայուղ և բևեկնախեժ:
Բ. «Կուի՝ կարծր և յուղալի, որմէ գործեն մախր և զանազան հեղու՝ (յուղեր, Կ.Ա.), որոշները՝ կարծր (մազտաքե), մյուսները՝ հեղուկ (թիրէմէնթի, տերեբենտին, Կ.Ա.)»:
Մախրը (կամ՝ մարխը) կոնաբեր ծառերի արտադրած խեժն է կամ՝ դյուրավառ փայտի սղոցուկներն են: «Մազտաքէն»՝ «մաստակ»՝ «ծամոն» բառից, քաղցրահոտ փխրուն խեժ է, որը ծորում է որոշ ծառերից (հերձի) և գործածվում էր նաև իբրև ծամոն՝ «լնդերքը զորացնելու» համար:
«Կուենին կոնաբերների կարգին պատկանող բարձր ծառ է, որի ոստերը դեպի վեր հետզհետե կարճանալով՝ բրգաձև են դառնում: Նրանից առատ խեժ է հոսում», — կարդում ենք Մալխասյանցի «Հայերէն բացատրական բառարանում»: Կվենին նաև խեժափիճի է անվանվում: «Մայրափայտ», «Մարխի ծառ», «Մայր փայտի ազգից»…«Ծորենի ասի և Կուենին՝ յորմէ ծորի մազտաքէ»,- բառարանային բացատրությամբ (Կ.Ա.):
Գ. «Շոճի, որից նույնպես մազտաքե և թիրեբենտին է հոսում» (սոճին է):
«Ջուրք որք բղխեն կամ անցնեն ընդ անտառս մայրի ծառոց՝ լինեն բարեհամ»,- շեշտում է Հայր Ղ. Ինճիճեանն իր վերոհիշյալ աշխատության մեջ («Մայրի ծառերի անտառի մոտ բխող կամ նրա մերձակայքով անցնող ջրերը բարեհամ են լինում) …
Գավազանը, որն այսօր էլ կիրառվում է որպես իշխանության խորհրդանիշ, վաղնջական ժամանակներից հայտՈւխտինի փայտե մականի արձագանքն է:
Քուրմ Յարութ Առաքելեանի մեկնաբանությամբ՝ «Հայոց Սրբազան Խորանի մասն էր կազմում զանազան տեսակի ծառերի փայտից պատրաստված Մականը՝ կարճ գավազանը, որն, առհասարակ, Օծյալ Մոգերի անբաժան գործիքն է նաև: Փայտն՝ իր մեջ պարունակված կրակի շնորհիվ, Հրեղեն բնույթ է հաղորդում Մականին»:
Հնագույն ծիսակատարությունների ժամանակ մոգերի ձեռքին էր և «Բարսմունքը»՝ ծառի բարակ ճյուղերի խուրձը՝ Սրբազան կրակի համար:
Չմոռանալով «Սարդենի պսակօք պսակված»՝ մշտադալար, անուշաբույր սարդենու՝ դափնու տերևներով զարդարված հաղթողներին, հիշենք, որ «Անահտական Դից մատուցեալ ըզդափնայինըն սաղարթեալ»՝ համաձայն նախնյաց վիպասանության (ինչպես կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում. Անահիտ դիցուհուն դափնու տերևներ էին մատուցվում):
Ներսես Շնորհալու (12-րդ դար) «Վիպասանութիւն» քերթվածից՝ «Դից Ոսկեմօրն ոստ նվիրելու» հատվածը՝
Ահավասիկ Սիամանթոյի՝ «Նաւասարդեան աղօթք առ Դիցուհին Ահանհիտ» բանաստեղծությունից քաղվածքներ՝ մեր հին հավատքի զանազան դրվագներով՝ երկար քղամիդով, մոգերի նման՝ դալար ոստերով բարսմունքով, վարդայուղով օծումով …
«Ո՜վ Դիցուհի, ես մեղկութեան կրօններէն, ահա՛, իմ խիղճս լուացիՈւ պերճօրէն դէպի զՔեզ կը քալեմ։ Հողաթափներս դեռ սուրբ են։
Տիգրան Մեծի տնկած Մայրին՝ Արցախի Սխտորաշեն գյուղում
Ուխտի կու գամ։ Քղամիտ մը հասակէս վար եւ բարսամունքի դալար ոստեր ի ձեռիս, Ահավասիկ արծաթ ցնցուղ մը վարդահիւթով՝ ստինքներդ օծելու…Ահավասիկ խնկաման մը սափորաձեւ, ուր կործանումդ իմ արցունքո՜վս ես լացի… Ու ստուերիս հետեվող եղնիկներով նուիրական՝ Քեզ կը քալեմ»…
Նաև՝ փշատի սադափ ծառերի ու բարդիների հովով պարուրված Վահագն Դավթյանի՝ «Մի փոշոտ, փափուկ ճամփա»-ի՝ մերօրյա մտորումներով՝
…«Հայրենի քնքուշ մի հով Անցնելով բարդուց բարդի, Գնում ու փարվում է լուռ Լանջերին Արարատի:
Մի փոշոտ, փափուկ ճամփա, Փշատի սադափ ծառեր, Մի կապույտ , կապույտ երկինք ՈՒ արև, արև, արև…
Հայրենի այդ հովի հետ Անցնելով բարդուց բարդի, ՈՒզում ես գնա՜լ, գնա՜լ ՈՒ փարվել Արարատին»:
Ոսկե տերևներով՝ գլխի հարդազարդ՝ հայտնաբերված 1922-1934 թվականների պեղումներով՝ շումերական «Արքայական դամբարանից»
Ոսկե տերևներով գլխի հարդազարդ՝ շումերական «Արքայական դամբարանից»
Ծառի բնից հոսող խեժը
Արցախի հայտնի Տնջրիի՝ 2.000 -ամյա Մայրու (Սոսիի) փչակում մոտ 100 մարդ կարող է տեղավորվել …
«Ահա եկան Հայոց ազգի օրերը, Հանեցե՛ք հիները, հագե՛ք նորերը», երգում էին շուրջպար բռնած Հայերը հնագույն ժամանակներից ի վեր՝ խանդավառությամբ ու կենսուրախ զվարճությամբ տոնելով Բարեկենդանը (կամ՝ Բարիկենդանը):
«Բարեկենդան օրեր է, Խելքը՝ գլխես կորեր է»…
Ահավասիկ պարզ ու խոսուն բնութագիրը՝ բերկրալից այդ տոնի, որի արձագանքներն այսօր էլ հնչում են մեր ականջներում (թեև՝ ոչ նույնչափ անզուսպ ու անկաշկանդ զվարճանքով):
Խոսելով խորհրդային շրջանում ազգային տոների արգելքների մասին, արձակագիր Հովհաննես Երանյանը գրում է.
«Տոնը հիշողություն է, ուրեմն նաև ավանդույթները, այդ թվում՝ ազգային, պահպանող գործոն: Վերազգային պետական կառույցները մշտապես փորձել ու փորձելու են վերացնել այդ տոները՝ սնանկացնելու համար ազգային հիշողությունը:
Սովետական բազմազգ պետությունը բացառություն չէր, և քանի որ նպատակ էր դրված մարդկային հոմոսովետիկուս տեսակի ստեղծումը, երկրի գաղափարախոսներն անմիջապես արգելեցին ոչ միայն եկեղեցական տոները, այլև՝ աշխարհիկները:
Դրանցից ամենավտանգավորը Բարեկենդանի տոնն էր: Զարգացած սոցիալիզմի դպրոցականների մեր սերունդը ոչ մի կերպ չէր կարողանում ընկալել Թումանյանի ՙ «Բարեկենդանը» հեքիաթի իմաստը, որովհետև չգիտեինք, թե դա ինչ է: Մա՞րդ էր այդ բարեկենդանը, բարի՞, թե՞ չար կենդանի:
Լեռ Կամսարի՝ դեռևս 1925 թվականին լույս տեսած «Մահապուրծ օրագիր» գրքում կարդում ենք.
«Բարեկենդանի տոները կմոտենան: Սազանդարները կլարեն սազերնին, բայց շվարած՝ չեն գիտեր ինչ պիտի երգեն: Հին, ազգային երգերը արգելված են, կառավարությունն ալ նոր, ապազգային երգեր չի հորիներ» (երգիծաբանի՝ իրեն հատուկ սարկազմով, Կ.Ա.):
«Բարեկանդանի սազանդարները» չգիտեին ինչ երգել, քանի որ պիտի երգեին այն, ինչը կար: Այսինքն, կյանքը պիտի դարձնեին տեղեկություն ու մի քիչ էլ ավելին:
Տոնն ինչքան կրոնական խորհուրդ, բազմապատիկ ավելի աշխարհիկ տարածում ուներ: Բարեկենդանի տոնը մեր ժողովուրդն ու հարևան ազգերը կոչում էին Հայոց տոն, որովհետև ոչ մի ուրիշ տեղ այնքան երկար ու շուքով չէին նշում, որքան հայկական միջավայրում: Հայ ժողովրդի համար այն եղել է ամենասպասված ու ուրախալի տոնը»:
Մոտ երկու հազարամյակ առաջ ևս, քրիստոնեության տարածմամբ, մերժվեց նախկին գաղափարախոսությունը: Այդպիսով՝ մերժվեցին նաև ծիսական արարողություններն ու ազգային տոներն ուղեկցող նվագարանները, ինչպես և՝ գուսանական խրախճանքները, համարվելով «չարի արգասիք»:
Վաղնջական ժամանակներից մեզ հասած հնագիտական նյութերի և, հետագայում, պատմիչների թողած բազմաթիվ վկայությունների հիման վրա, նաև՝ սերնդեսերունդ փոխանցված ավանդույթների շնորհիվ, պատկերացում ենք կազմում հնագույն հավատալիքների հետ կապված ծիսական արարողությունների, տոների ու զվարճալի տոնախմբությունների մասին:
Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1917 թվականին, հետաքրքրասիրության ու գանձեր հայտնաբերելու ցանկության մղումով, Կարսի ամրոցից ոչ հեռու՝ Սարիղամիշից, հին բլուրից գանձեր հայտնաբերելու միտումով՝ երկու ռուս զինվոր հնագույն կառույցի մի անկյունում տեղադրված խորանում, կիսաշրջանաձև «ներկայացված» բրոնզե 15 արձանիկներ են «պեղում»:
Անցայի խրախճանքները հավաստող անգնահատելի այդ գտածոները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ուսումնասիրողների համար, քանզի, ըստ իս, Բարեկենդանի «բեմականացումն» է՝ գործող անձանց դիմակավորված կերպարներով, ազատ, առանց սահմանափակումների կատակներով զվարճացնող խեղկատակներով, ձայնարկու-գուսաններով, Հայոց ծեսերին ու տոներին անքակտելիորեն շաղկապված Ծիսական պարով (լուսանկարը՝ ստորև. հարթակին ամրացնելու նպատակով՝ ոտքերի ներքևի մասը հարթեցված է):
Այս քանդակները հիշատակել է Գ. Լևոնյանն իր՝ «Պարարվեստը հին Հայաստանում» ուսումնասիրության մեջ՝ ուշագրավ պարող խմբի մասին Ս.Վ. Բեզսոնովի հոդվածից մեջբերմամբ՝ «Հազվադեպ է, որ այդքան հեռավոր դարաշրջանի մի արվեստագետի հաջողվել է այդքան պարզորոշ արտահայտել պարի պպզած ձևը»…
Վերջինս ողջ քանդակախումբը ներկայացրել է որպես «կրոնական ծիսակատարություն») … Նմանատիպ արձանիկներ հայտնաբերվել են նաև Սևանի ավազանից, Արծվանիկից (Զանգեզուր), Վանի շրջանից…
Մեր նախնյաց համար Կյանքը ցնծություն էր, յուրաքանչյուր պահ՝ վարուցանք, թե՝ բերքահավաք, հորովելներով ու կենսախինդ երգերով էին ուղեկցվում:
Զանազան առիթներով երգվող կատակերգերի հեռավոր արձագանքներից է, օրինակ, մեզ հասած՝ հարսանեկան՝ «Թագվորի՛ մեր, դու՛րս արի» երգը, որը հնչում էր փեսայի տան շեմին՝ «Դռնբացեքի» ծեսի ժամանակ, «Շեմի ծեսերին» զուգահեռ, որոնցում կատակով հարսնացուի և՛ դրականն է ներկայացվում, և՛ հնարավոր բացասական գծերը՝ իրարամերժ, զվարճալի երանգներով…
Բարեկենդանի խրախճալից օրերին ողջ բնակչությունը՝ մեծերն ու փոքրերը, հնարավորինս ծիծաղելի տեսքով դիմակավորված, կերպարանափոխված, պարերով, խաղերով, թատերական ներկայացումներով ուղեկցվող տոնախմբություններով Կյանքն էին փառաբանում՝ «Բարի կենդանություն» մաղթում:Ազատության գովքի այդ օրերին (մոտ 10 օր էր տևում), նույնիսկ հոգևորականներն էին ազատվում իրենց «խստաբարո» օրենքներից՝ «Աբեղաթող» էր…
Վեգը, լախտախաղը, ծառերի հաստ ճյուղերով ճոճախաղերը, ընկուզախաղերը, դեմքերին զավեշտալի դիմակներով կամ՝ ալյուր, ածուխ, մուր քսած ծիծաղաշարժ կերպարներով հարուստ, թմբուկով ու երգ-երաժշտությամբ ուղեկցվող զվարճահանդեսներն անենասիրած ու սպասված այս տոնի՝ Բարեկենդանի անբաժան մասն էին:
Հնագույն շրջանից ի վեր, Գարնան գալուստն ու Բնության վերազարթոնքի փառաբանումն էր՝ ուտեստներով հարուստ (և, հատկապես, յուղալի, մսեղենով ու կաթնեղենով լի) ճոխ սեղանների առաջ, գաթայով ու հալվայով, խաղերով ու դիմակավորված խրախճանքով՝ իրենց ի վերուստ տրված բարօրության գովաբանմամբ՝ հետագայում «Նավասարդյան խաղերին» փոխանցված կենսախնդությամբ…
«Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում «Բարեկենդան» բառի՝ «Բարի կենդանության, բարեկեցության և ուրախության» իմաստին զուգահեռ ներկայացված են «Bacchanalia» («Վակխանալիա») և «Carnavale» («Կարնավալ») բառերը:
«Վակխանալիան» անտիկ աշխարհում գինու և զվարճության դից Բաքոսին նվիրված խրախճանքն ու տոնախմբությունն էր, «Կառնավալը»՝ թատերականացված խաղերով, երթերով ուղեկցվող բազմամարդ հանդեսները, հայտնի հատկապես 14 -րդ դարի Իտալիայից, հետագայում՝ նաև այլ երկրներում, Լատինական Ամերիկայում…
Գրեթե 3.500 ամյա վաղեմության խեթական սեպագիր տեքստերի վերծանումներում շարադրված ծեսերի ու տոների շարքում կա և Բարեկենդանի նկարագրությունը՝ հար և նման Հայոց մեջ հազարամյակներով տոնվող խրախճանքին (մի ավելորդ ապացույց ևս)…
Բարեկենդանություն՝ Քաջառողջություն և Բարօրություն ամենեցուն…
Արծվանիկից (Զանգեզուրի շրջանում) հայտնաբերված բրոնզե արձանիկներ (պահվում են Մոսկվայի «Պատմական թանգարանում»)
Լույսի, Բարության, Ազնվության, Ասպետության խորհրդանիշ՝ «Բարեպաշտ Արևորդիների», Քաջարի Ռազմիկների, Դաշինքի (Պայմանագրի), նաև՝ զենքեր կռող Դարբինների հովանավորն ու պաշտպանն էր Անպարտելի Միհրը, ինչպես և՝ Ուխտը դրժողների պատուհասողը…
«ԽՈՐՀՈՒՐԴ ԲԱՐԻ, ԲԱՆ ԲԱՐԻ ԵՒ ԳՈՐԾ ԲԱՐԻ»՝ ահա Միհրականության «Եռյակ Խորհուրդքը»…
Համաձայն Միհրական Քրմերի՝ Աստղից անջատված Ճառագայթը (Ցոլը,Կ.Ա.) թափանցում է Քարանձավի խորքը՝ Երկրի արգանդը խորհրդանշող Քարայրն ու Վեմից՝ Ապառաժից ծնունդ տալիս Միհրին, որտեղից նա բարձրանում է Երկինք:
Այսինքն՝ Մթության մեջ ներթափանցած Լույսի Ծնունդն ու Հաղթանակն է Միհրը (այլաբանորեն՝ «անգիտակից», մութ վիճակից հոգևոր բարձր ոլորտի հասած Գիտակցությունը) …
Առեղծվածներով լի է Միհրին նվիրված պաշտամունքը՝ Միհրականությունը:
Հազարամյակների խորքերը ձգվող արմատներով՝ ողջ աշխարհում տարածված այս պաշտամունքը վերջին 1.700 տարիներին մի փոքրիկ խմբի միջոցով, սերնդեսերունդ փոխանցվելով, հարատևել ու հասել է մեր օրերը:
Համաշխարհային դառնալու նրա հավակնությունը նկատի ունենալով, 19-րդ դարի ֆրանսիացի գրող, պատմաբան ու փիլիսոփա Էռնեստ Ռենանն ասել է.
«Եթե որևէ մահացու հիվանդություն հանկարծ խոցեր քրիստոնեությունը, ողջ աշխարհը միհրական կլիներ»…
Սկզբնական շրջանում բնական քարանձավներում, այնուհետև՝ արհեստականորեն վիմափոր կամ ստորգետնյա մթին, ոչ ընդարձակ շինություններում փոքրաթիվ մասնակիցներով կատարվող ծեսերն իրենց խորհուրդը հաղորդում են միայն պաշտամունքի նվիրյալներին:
Հայկական Լեռնաշխարհի հնագույն ավանդույթներից սկզբնավորված, հետագայում՝ Պարսկաստանում ու Հռոմեական երբեմնի ընդարձակ կայսրության տարածքում՝ գրեթե բոլոր արվարձաններում սփռված այս պաշտամունքը մեկնաբանող տեքստերի բացակայության պայմաններում հնագիտական ոչ առատ նյութերով ենք չնչին պատկերացում կազմում: Բացը լրացնելով այդ պաշտամունքի գիտակ-քրմերի սակավ մեկնաբանություններով…
Հայոց մեջ վաղնջական շրջանից գոյություն ունեցող՝ Միհրի պաշտամունքը դեռևս ն.թ.ա 14 -րդ դարում՝ Խեթերի թագավոր Սուպիլիուլիումի և Միտանիի՝ Նաիրիի արքա Շատիվազի միջև կնքված դաշնագրում է հիշատակվում՝ ի թիվս հովանավոր դիցերի և միայն ն.թ.ա. 395 թվականից հետո է ներմուծվում Պարսկաստան՝ Արտաքսերքսես Բ-ի կողմից (դրանից առաջ պարսկական աղբյուրներում նա չի նշվում): Այնուհետև, ն.թ. 1-ին դարում ներթափանցում է Հռոմ՝ ն.թ. 3-րդ դարում արդեն դառնալով միջազգային՝ տարածվում է Հնդկաստանից մինչև Սև ծով, Բալկաններից մինչև Բրիտանիա և Իսպանիա:
Ըստ պահպանված հնագիտական նյութերի և որոշ գրվածքների՝ Լույսի, Բարության Դիցը՝ Ռազմիկների հովանավոր և Պայմանագրերի պահապան՝ Վիմածին (Ժայռից ծնված) Միհրը պատկերվում էր աջ ձեռքում՝ Դաշույն՝ ի պաշտպանություն Երկրի վրա Խաղաղության, ձախ ձեռքում՝ Ջահ՝ ի նշան Արարչական Լույսի և Արևի (ջահը՝ ճրագաձողը, կայծակի խորհրդանիշով է փոխարինվել որոշ պատկերներում):
Ուխտապահներին հզորություն ու հաղթանակ պարգևող Միհրն անողոք պատուհասում էր Միհրադրուժներին՝ Պայմանադրուժներին (Ուխտադրուժներին):
Պայմանազանցությունը (խոստումը, ուխտը, դաշինքը դրժելը) Միհրին դավաճանության, հետևաբար՝ ոճրագործության էր համարժեք Միհրականության մեջ, քանզի Միհրի հովանավորությամբ կնքված դաշինքն անքակտելի էր համարվում:
Քուրմ Միհր Հայկազունու հաղորդմամբ՝ Արդարադատ և Բարեփառ Միհրի ծնունդը՝ Արեւագալի օրը, նշվել է ջահավառությամբ՝ դեկտեմբերի 23-ին:
«Հայկեան սրբազան ավանդության համաձայն, Արեւագալի տոնին, Արեւորդիները Քրմերից ստանում և ճաշակում են Արևհաց և Գինի, որից հետո, Արեւորդիները հնարավորություն են ստանում Ատրուշանի Սրբազան Հրից մի մասնիկ իրենց հետ տանել օջախները՝ ի նշան Սրբության, Օրհնության և Խաղաղության»,- այսպես է մեկնաբանում Քուրմ Յարութ Առաքելեանը:
Միհրականության շարքերն ընդունվելու համար «մաքրագործվելու» հատուկ արարողություններ կային, դժվարությունների ու տառապանքների հաղթահարման ճանապարհ անցնելուց հետո…
Հոգևոր (նաև՝ ֆիզիկական) զարգացման, կատարելագործման որոշակի աստիճաններից հետո «Արևկնունքի» արարողությունն էր՝ Վարդայուղի դրոշմով՝ «Արևորդի» կոչմանն արժանանալու համար…
Ծիսակարգի վերաբերյալ գաղտնիության և ուսմունքին հավատարմության (նվիրվածության) խոստումից հետո երդմնակալության մի դրվագ՝ հատուկ հարց ու պատասխանի ձևով (Առյուծի աստիճանակարգին համապատասխանող), պահպանվել է եգիպտական պապիրուսի մի հատվածում: Նշենք, որ Հայկազունների արարողակարգը տարբեր է այլ ազգերի մոտ կիրառվողներից…
«Միհրը Արևի Լույսն ու Ճառագայթն է»,- գրում է Հովիկ Ներսիսյանն իր՝ «Հայագիտական ուսումնասիրություններ»-ում: «Էսքիկալե (Հին ամրոց, Կ.Ա.) վայրի պեղումներից հայտնաբերվել է 160 մետր երկարությամբ, լեռան լանջի խորքը գնացող՝ երկու բոլորաձև սենյակով վերջացող թունել: Սա նման է Բարձր Հայքի գավառում, Դերջանի Բագահառիճ գյուղի հանրածանոթ թունելին, որը Միհրին նվիրված մեծ մեհյանի համալիրի մաս էր կազմում:
Դիցաբանական տեսակետից երկու թունելները Միհրի ծննդյան վայրեր են, այն իմաստով, որ «Աստղի Ցոլքն էր թափանցել թունելի խորքը՝ ծնունդ տալով Միհրին»…(Հ.Ներսիսյան):
Միհրական տաճարը՝ մեհյանը, բաղկացած էր երեք մասից՝
Միհրի հնագույն ժայռափոր տաճար՝ Քարայր-սրբավայր՝ Կիլիկիայում, Այնթապում (Gaziantep)
Դեպի Տիգրանակերտից ոչ հեռու՝ Զերզեվանի ամրոցի տարածքում գտնվող՝ Միհրի մեհյան…
Նախասրահը
Սենյակը (անձավը), քառանկյուն դահլիճը՝ պատերի երկու կողմերում երկարությամբ ձգվող սեղաններով՝ պաշտամունքի հիմնական մաս կազմող՝ ծիսական ընթրիքի համար: Հաց ու ջուր կամ՝ գինի էր մատուցվում՝ սովորաբար փոքրաթիվ՝ 15 — 20 հոգու համար, հազվադեպ՝ առավել քանակով մասնակիցների համար: «Հացն ու Գինին»՝ որպես «մեր Արարչական լինելիութեան Խորհուրդ», հազարամյակների խորքից եկող ու դեպի հավերժություն գնացող…
Խորքում՝ սրբազան մասը՝ Խորանը, Միհրի պատկերով՝ նկարված, քանդակված կամ բարձրաքանդակի տեսքով: Միհրական որոշ տաճարներում հայտնաբերվել են Միհրի քանդակի շարժական պատվանդաններ, թերևս, ծեսի ընթացքի հետ կապված արարողություններով պայմանավորված:
Տիգրանակերտից ոչ հեռու գտնվող՝ Զերզեվանի ամրոցում՝ Միհրի տաճարից՝ որոշ հատվածներ…
Միհրի պաշտամունքում հոգևոր յոթ աստիճանակարգում կա՝ յուրաքանչյուրն իր դերով ու խորհրդանիշներով:Միհրական հոգևորականության 7 կարգին անդրադարձել է Հ. Ներսիսյանը:
Ճշգրիտ անվանումներն՝ իրենց խորհուրդներով ու խորհրդանիշներով՝ Քուրմ Միհր Հայկազունու մեկնաբանությամբ՝ մի այլ առիթով, թերևս…
Միհրականության մեջ հոգևորականության բարձրագույն դասի տարբերանշանը՝ խորհրդանիշը՝ մի Գավազան ու մի Օղ էր: Գավազանը՝ իշխանության, հրամանատարության, Օղը՝ որպես անջատման ոչ մի հանգույց չունեցող՝ Դաշինքի Անքակտելիության իմաստն ուներ:
Հայաստանից՝ Միհրի պաշտամունքի հետ, այդ խորհրդանիշ — Գավազանն ու Օղը ևս փոխանցվեցին Հռոմ, և այնտեղի Միհրականները դաշինք կնքելիս, ի նշան հավատարմության, մի օղ էին փոխանակում:
Ցայսօր հանդիպումներին ու դաշինքի կնքման ավարտին ձեռքսեղմումը նույնպես հիշյալ ավանդույթներից է սերում…
Քրիստոնեության տարածման շրջանում դեպքերի նկարագրության ժամանակ մեր պատմիչների հիշատակած՝ Գիսանե անունով դիցը, ըստ իս, Միհրի (կամ՝ Հուրհեր Վահագնի) «Հրագիսակ», «Ատրահեր» բնորոշումներից է…
«Հուրհեր Արև» բառակապակցությունը մեր օրերում էլ գործածվում է, հիշենք Արշալույս Սարոյանի՝ «Հաղթանակի պարը». …«Մի կիսաքանդ պատի հենված՝ Հուրհեր Արևը կռացել Եվ այնպես է նայում պարին, Որ մայր մտնելն է մոռացել…»:
Պարսկական բարձրաքանդակներում պահպանվել է երկար գիսավոր Միթրայի մի պատկեր (լուսանկարը՝ ստորև):
«Փարիզի Մեծ մոգական Պապիրուս» կոչվող ձեռագրի «Միթրայի ծեսը» («La liturgie de Mithra») կոչվող տեքստում, որը վերագրվում է հռոմեական հելլենիստական կայսրության շրջանին՝ 4-րդ դարին, սակայն ավելի վաղ՝ 100-150 թվականի գրվածքներ են, «Հելիոսը»՝ Արևի դիցը, նկարագրվում է որպես երիտասարդ, գեղեցիկ արտաքինով՝ հուրհեր (հրե մազերով), ճերմակ պարեգոտով (tunique) և վառ կարմիր (հրաբորբ) թիկնոցով, հրե թագով»:
Հազարամյակների խորքից եկող՝ քրմական նույն հանդերձանքը՝ մեր նախնյաց անխառն պահված հավատքի հետ սերնդեսերունդ փոխանցվելով, այսօր էլ կրում են Հայաստանում՝ Քուրմ Միհր Հայկազունին և Քուրմ Յարութ Առաքելեանը՝ շարունակելով տոհմական ավանդույթները (որի համար, ինչպես նաև՝ հիշյալ թեմայի ներկայացման ուղղորդման համար՝ խորին շնորհակալությունս…):
Ազգային բանահյուսության մեջ հանդիպող՝ հրածին մի կերպար՝ «Աստղու Ցոլածինը» Արևի Ցոլքից՝ Ճառագայթից ծնված Միհրի արձագանքն է…
Ժամանակի արձանագրություններում հանդիպող՝ «Անհաղթ Արև» բնութագրվող Միհրի՝ լատիներենով՝ «Sol Invictus» բառակապակցության մեջ՝ «Sol»-ի՝ Արևի, հայերենի «Ցոլ»-ի հետ նույնությունն ակներև է:
Զանազան երկրներում, տարբեր տարիների պեղումների արդյունքում, մոտ 420 հնավայրից Միհրի պաշտամունքին նվիրված բազմաթիվ արձանագրություններ, ծիսական գտածոներ ու քանդակներ են հայտնաբերվել, որոնցից են վերջին շրջանում Տիգրանակերտից ոչ հեռու՝ Զերզեվանի ամրոցի տարածքում գտնվող տաճարն ու, վաղուց հայտնի՝ Հայկական Միջագետքում (Վերին, Հյուսիսային Միջագետքում)՝ Եդեսիայից քիչ հեռու, Նեմրութ լեռան գագաթին, 2.000 մետր բարձրության վրա, Կոմագենի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (ն.թ.ա 69-34թթ.) կառուցած Երվանդունիների սրբավայրը՝ մեհյանի մոտակայքում հարթակների վրա կանգնեցված քանդակներով (Անտիոքոս թագավորի ու Միհրի բարձրաքանդակով՝ ինչպես Ավետիք Իսահակյանն է հիշում «Մեր նախահայրերը» պոեմում՝ և, ինչպես պատկերվում է միշտ՝ «Փռյուգիական գդակով», լուսանկարները՝ ստորև)…
Հայաստանում՝ քրիստոնեության տարածմամբ, իսկ Հռոմեական կայսրությունում՝ կայսր Թեոդոս Ա-ի հրամանով, 3-րդ դարի վերջից արգելվեցին ու հալածվեցին նախկին հավատալիքները (որոշ շրջաններում փոքրաթիվ մարդկանց կողմից գաղտնի շարունակվելով միայն):
Վաղնջական ժամանակներից ի վեր փոխանցվելով և Միհրի կերպարում մարմնավորվելով՝ քրիստոնեության հալածանքներից թաքնվելով, Արևի, Երկնային Հուրի ու Լույսի՝ Ցոլքի, Ճառագայթի պաշտամունքը Հայոց մեջ հետագայում հիշատակվում է «Արևապաշտներ» անվամբ, գոյատևելով մինչև 14 -րդ դար՝ ըստ գրավոր աղբյուրների…
Մեր քաջարի զինվորների հովանավոր Դիցին՝ Անհաղթ Միհրին ներկայացնելիս հարկ է հիշել նաև Հայոց ռազմական խրոխտ պարերը՝ «Կռվի խաղերը», որոնք կոչվում են «Պարք Բանակաց»:Ահավասիկ նրանցից մեկը՝ «Քերծին», այդ պարերի այսօրվա գիտակ — կատարողներից մեկի՝ Քուրմ Միհր Հայկազունու ընտրությամբ…
Միայն նույն լեզվով խոսելով ու նույն ազգագրական խմբին պատկանելիությամբ չի ազգը բնութագրվում: Այլ՝ անցյալի ընդհանուր հավատալիքներով ու կատարված քաջագործություններով ոգևորված՝ նույնքան սխրալից ապագայի կառուցման երազով…
ՊԱՏԳԱՄ ՄԻՀՐԱՅ ԱՆՊԱՐՏԵԼՒՈՅՆ
ԹԵ ԹՇՆԱՄԻ ՔՈ ՅԱՆԴԳՆԵՍՑԻ ԶՄՏԱՒ ԵՒԵԹ ԱԾԵԼ ԶԽՈՐՀՈՒՐԴ ԻՆՉ ՉԱՐ ԱՌ ՏՈՒՆ ԵՒ ԱՌ ԶԱՐՄ ՔՈ , ՆԱԽԱՅԱՐՁԱ՜Կ ԼԵՐ ԵՒ ԲԱ՜ՐՁ Ի ՄԻՋՈՅ ԶՏՈՀՄՆ ԵՒ ԶՇԱՌԱՒԻՂ ՆՈՐԱ ՅԱՐՄԱՏՈՅ ԵՒ ԶՏՈՒՆ ՆՈՐԻՆ ՋԱԽՋԱԽԵԱ՛ Ի ՍՊԱՌ ՑՀԻՄՆ ԵՒ ՑՅԱՏԱԿ։
ԱՆՊԱՐՏԵԼԻ ՄԻՀՐԻ ՊԱՏԳԱՄԸ
ԵԹԵ ՔՈ ԹՇՆԱՄԻՆ ՅԱՆԴԳՆԻ ՄՏՔՈՎ ԻՍԿ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՈՐԵՒԷ ՉԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՔՈ ՏԱՆ ԵՒ ԶԱՐՄԻ ՀԱՆԴԷՊ, ՆԱԽԱՅԱՐՁԱ՛Կ ԵՂԻՐ ԵՒ ՋՆՋԻ՛Ր ՆՐԱ ՏՈՀՄՆ ԵՒ ՇԱՌԱՒԻՂԸ ԱՐՄԱՏԻՑ ԵՒ ՋԱԽՋԱԽԻ՛Ր Ի ՍՊԱՌ ՆՐԱ ՏՈՒՆԸ ՄԻՆՉԵՒ ՀԻՄՔԸ ԵՒ ՅԱՏԱԿԸ։
ԲԱՆՔ ՔՐՄԱՑ
ՁԱՒՆՄԱՄԲ ՔՐՄԻ ՄԻՀՐԱՅ ՀԱՅԿԱԶՈՒՆՒՈՅ
Հ.գ. «Անպարտելի Միհրի պատգամն» ու որոշ լուսանկարներ՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ մե՜ծ շնորհակալությամբ (հիշյալ գրառման ճշգրտման, կարևոր խորհուրդների համար՝ առանձնահատուկ երախտագիտությամբ):
«ՅԱՒԻՏԵԱՆ ՈՒՍՈ’ ԶԽՐԱՏՆ ԵՒ ՏՈՒ’Ր ՄԵԶԶԱՆԱԶԱՆԵԼ ԶՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆ Ի ԿԵՂԾԵԱՑ» ԲԱՆՔ ՔՐՄԱՑ
«Յաւիտեան Խրատն» ուսուցանող, Փառք ու Պատիվ պարգևող, Բարություն և Լիություն շնորհող Արեգ Միհրից՝ Ճշմարտությունը Կեղծիքից զանազանելու Իմաստությունը մեր ազգին շնորհելու հույսով, հավատով…
Մեհեկան ամսվա Միհր օրը (դեկտեմբերի 23-ին), Հայկեան Սրբազան Տոմարի համաձայն՝ Բարեփառ Միհր Դիցի ծննդյան՝ Արեւագալի տոնն է:
Հայկեան սրբազան ավանդության համաձայն, Արեւագալի տոնին, Արեւորդիները Քրմերից ստանում և ճաշակում են Արևհաց և Գինի, որից հետո, Արեւորդիները հնարավորություն են ստանում Ատրուշանի Սրբազան Հրից մի մասնիկ իրենց հետ տանել օջախները՝ ի նշան Սրբության, Օրհնության և Խաղաղության:
Լուսանկարն ու մեկնաբանությունը՝ Քուրմ Յարութ Առաքելեանի էջից…
Տիգրանակերտից ոչ հեռու՝ Զարզեվանի հնավայրից մի հատված (Միհրի տաճարի պեղումներն ընթացքում են)…
«…Արդարե՜ւ առասպելք՝ և առասպելաց առասպել»,- Խորենացու հետ և նրա նման բացականչում է Ղ.Ալիշանն՝ իր՝ «Հին հավատք և հեթանոսական կրօնք Հայոց» գրքում՝ Հայոց հավատալիքների քննությունն սկսելիս:
Վաղնջական պատկերացումների հիմքում, բնականաբար, Արարչագործչության, Կյանքի առեղծվածի գաղափարն է…
Անսահմանորեն մեծ տիեզերքի՝ մակրոկոսմոսի և նրան համանման անսահմանորեն փոքր տիեզերքի՝ միկրոկոսմոսի՝ Մարդու, նրան շրջապատող աշխարհի միջև եղած փոխհարաբերությունները (պատճառը, հետևանքները…) հետաքրքրել են անհիշելի ժամանակներից ի վեր:
Երկնային (սրբազան) ծագումով Հուրը կյանքի ու մահվան, նյութական ամեն ինչի սկիզբն ու ավարտն էր համարվում: Կրակի՝ հուրի տարբեր տեսակներ կային՝ տիեզերական (Արևի Ցոլքը) և նյութի մեջ պարփակված, ինչպես հրաբուխը, կայծքարից, փայտի շփումից առաջացող կրակը, մարդու միջի «հուրը» (ջերմությունն է բուսական, մարդկային, կենդանական ամեն տեսակի կյանքի սկիզբը), առավել մանրամասն՝ հատուկ Միհրականությանը նվիրված՝ առաջիկա գրառմամբ …
Հայկյան Սրբազան ուսմունքի համաձայն՝ տարբեր աղբյուրներից ծագած Կրակի չորս տեսակները՝ Ատր, Աշտ, Կրակ և Հուր, ներկայացրել է Քուրմ Յարութ Առաքելեանը:
Հիշելով 15-րդ դարում ապրած մի կրոնավորի՝ Աննիուսի (Annius de Viterbe)՝ երկու Հայ միաբաններից վերցրած որոշ գրվածքները, Ղ. Ալիշանը շարադրում է իր վերոնշյալ գրքում.
«Աննիոսը կամ Նանի Ջիանին 15֊րդ դարի վիտերբիացի դոմինիկյան խորագետ բանասեր կրոնավոր էր (1498 թվականին նա Հռոմում տպագրել է Հին Աշխարհի պատմիչների երկերից վերցրած հատվածներով՝ 17 հատորանոց իր ուսումնասիրությունը, Կ.Ա.):
Այն ժամանակ միաբանող անվանված հայազգի դոմինիկյան կրոնավորներ կային նաև Նախիջևան գավառում, որտեղից շատ անգամ էին գալիս Հռոմ և իտալական այլ քաղաքներ։ Աննիոսը Ջենովայի դոմինիկյանների մեծավորն էր, երբ նրա վանքը եկան երկու հայ միաբաններ, որոնց գլխավորը Հ․ Մատաթիան էր։
Աննիոսը ասում է, որ սրանցից առել է կորուսյալ ու փափագելի պատմիչների շատ հին, հատուկտիր գրվածքներ, որոնցից էր և Բերոսոսի կորուսյալ պատմագրությունը։
Մատյանում ասվում էր, թե հին Հայկազունները իրենց գերագույն Աստված ճանաչում էին Նոյին (ուշադրություն՝ հետագայի մտածողության ազդեցությամբ է կիրառված այս անունը, Բերոսոսի մոտ՝ Քսիսութրոս անվամբ է, այսինքն՝ այլաբանական կերպար է, տիեզերածին առասպելների հետ կապված, Կ.Ա.), որ Երկինքն է, և Արետիա (միթե Արարա՞տ) անվամբ նրա կնոջը՝ Երկրին, որը, երկնքից սերմանված, ծնել կամ գոյավորել է բոլոր արարածներին («ասոնցմէ առած կ’ըսէ շատ մի հին կորուսեալ և փափագելի պատմչաց հատուկտիր գրուածներ, որոնցմէ էր և կորուսեալ Բերոսոսի մի պատմագրութիւնն յորում կ’ըսուէր, թէ հին Հայկազունք իրենց գերագոյն Աստուած ճանաչէին զՆոյ որ և Երկինք և իրեն կին զԵրկիր՝ Արետիա անուամբ (միթէ Արարա՞տ), որ յԵրկնից սերմնառեալ՝ ծնանի կամ գոյաւորէ զամենայն արարածս»)»:
Եվ հավելում, որ «մեր նախայիշեալ և համացեղ ըսուած Փռյուգիացւոց մեջ» ևս համանման մի ավանություն կար՝
«Իբր ի սկզբանե կար Աղտն՝ անկերպարանք մի նյութ՝ քարի, ապառաժի նման, որ ձևացնում էր մի լայնատարած ցամաք։ Միհրը կամ Արեգակը բեղմանվորեց այն, և ծնվեց Դիորփոսը։
Հույները առասպելաբանում էին, որ սա իր մոր դեմ էր կռվի ելել (մայրը Երկիրն էր), ինչի պատճառով փոխակերպվել էր քարաժայռի։ Այս և սրա նման իրադարձությունների համար ստիպված ենք մեր պատմահոր՝ Խորենացու հետ շատ անգամ բացականչել․ «Արդարեւ՜ առասպել և առասպելաց առասպել»։ (Առասպելական պատումները կարևորելով՝ նրանց վրա ուշադրություն հրավիրելու՝ Ալիշանյան մի ձև…):
«Ն. Ադոնցը Կեղծ Պլուտարքոսից մի վկայություն է բերում Հայաստանում` Արաքսի մոտերքում գտնվող Դիորփոս կոչված մի լեռան մասին.
«Դիորփոս լեռը կոչվել է մի ոմն Դիորփոսի անունով, որը ծնվել է քարից և սերմը ստացել Միթրայից, և որովհետև ուզեցել էր չափվել Արեսի հետ, Դիորփոսը սպանվեց վերջինի կողմից, ապա աստվածների կողմից փոխակերպվեց լեռան» (մեջբերումը՝ Ժ.Խաչատրյանի՝ «Արտաշատի «Երազամոյն» վայրի տաճարը և կից համալիրները» ուսումնասիրությունից):
Դիորփոսը (հունարենով նշանակությունը՝ «մթաթափանց»), Պլուտարքոսի մոտ հիշատակվող՝ Երասխ (Արաքս) գետին մերձակա դիցական լեռն է՝ Մասիսը:
Լեռների, քարերի հետ նույնացվող Դիցերի մասին հիշատակվում է դեռևս հնագույն՝ Հուրիական (Հայկական) դիցաբանության մեջ («Կումարբիի շարքը»), ուր Փայլակի, Շանթի (Կայծակի) դիցի կերպավորումն էր Հազզի (Կասիոս) լեռը (մի գրառմամբ անդրադարձել ենք, հիշեցնենք, որ, մասնագետների համոզմամբ՝ Հուրիական դիցաբանությունից բխեցվող՝ հունական դիցաբանության մեջ նույն վայրում է նկարագրվում Զևսի և Տիփոնի մենամարտը):
Իր հակառակորդին՝ Ուլիխումին Թեշուբը հաղթում է հնագույն Դիցերից ստացած այն նույն գործիքով՝ տապարով (կացնով), որով մի ժամանակ զատվել էր Երկիրը՝ Երկնքից…
Այդ «զենքի» հեռավոր արձագանքն է հետագայում՝ Վիմածին (Ապառաժածին)՝ ժայռից ծնված Միհրի ձեռքին պատկերվող դաշույնը…
Չմոռանանք, որ խեթերը կացինը (տապարը, մուրճը), գործածում էին նաև որպես պատերազմական զենք («Իմ օտար թշնամիներին հաղթեցի տապարի հարվածի ուժի շնորհիվ»- մի արձանագրությունից):
Ըստ Ագաթանգեղոսի՝ Մեծն ու Արի Արամազդն էր արարիչը Երկնքի ու Երկրի ու մարդկանց, «Հայր Դիցն ամենայնի» (բոլոր դիցերի Հայրը)՝ լիություն և պարարտություն պարգևող…
Հայոց հնագույն պաշտամունքարանների, պաշտամունքավարների, կիրառվող սպասքի մասին սակավ տեղեկություններ են պահպանվել:
Այնուամենայնիվ, պատմիչների թողած գրավոր հիշատակումներում եղած կցկտուր ակնարկներից հնարավոր է որոշ պատկերացում կազմել:
Պաշտամունքի, ծեսի գլխավոր սրբատեղիները կարող էին լինել բացօթյա վայրերում (Դից Մայրի), բարձր ու ընդարձակ տարածքներում, բարձրաբերձ կառույցներում (Բագրևանդ, Աշտիշատ (անվան ստուգաբանությունը՝ Մեհենագյուղ, Դիցավան), ինչպես նաև՝ ստորգետնյա շինությունում, բնական քարանձավում՝ աղբյուրի մոտ (ինչպես միակտոր ժայռից փորված՝ Այրից վանքում՝ վիմափոր Գեղարդում, ուր վաղնջական շրջանից Ջրի պաշտամունքին նվիրված մեհյան-սրբավայր էր՝ այսօր էլ պահպանված ժայռաբուխ աղբյուրով, Բագառիճում):
«Արագածի Աղց գյուղի մոտ էլ՝ լեռան մեջ, փորված է մի խոր տեղ՝ մատուռի ձևով՝ խորանով հանդերձ, որի մեջ կանգնեցված է մի փոքրիկ սյուն՝ երկու կողմերում կիսաբոլոր խորշեր, մարդկանց ու կենդանիների քանդակապատկերներ։ Դրանք տեսնողը (Հովհ․ Շահխաթունյան) հիշատակում է նաև դրանց նման վայրեր Արմավիրում և Երվանդակերտում, որոնք արժանի են նոր քննության ու նկարագրության։
Եթե այսպիսի անծանոթ ու անկարծելի վայրերը խնամքով քննվեին, գուցե դեռ հեթանոսական պաշտամունքարանների ավելի շատ հետքեր երևային, քան թե հայտնի և բացօթյա տեղերում շինվածներն են, որոնք տեսանելի լինելու պատճառով էլ շուտով աներևույթ եղան Քրիստոսի խաչի զորությամբ և Լուսավորչի ու Տրդատի ձեռքով, որոնց ավերածներից պատմիչները հիշատակել են միայն գլխավորները, իսկ մնացածների մասին հայտնում են մեկ բառով՝ «ամենայն»։
Դրանք, եթե հայոց քրիստոնեական տաճարների բազմության հետ մտածվեն, նույնպես բազմաթիվ կարող էին լինել, բայց, ինչպես ասացինք, ոչ մեծ և ոչ նշանավոր։ Եվ մեր հեթանոս նախահայրերը ավելի շատ ուխտատեղիներ դիմող են երևում, քան առանձին աղոթողներ», — կարդում ենք Ալիշանի վերոհիշյալ գրքում:
Ագաթանգեղոսի հիշատակած՝ Տարոնի Երկրի՝ «մեծագանձ, լի ոսկով և արծաթով և մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով» Վահե Վահեան մեհյանի և համանման մյուս՝ ոսկեձույլ, պղնձաձույլ և մարմարե ակնազարդ քանդակներով հսկայական տաճարների մեծ մասի հիմքերի վրա հետագայում կառուցվեցին եկեղեցիներ:
Քրիստոնեության տարածումից հետո, ոչնչացվեցին հին հավատքի հետքերը, ինչպես Ագաթանգեղոսն է գրում՝ «ի հիմանց բրերով քանդեցին, կուտակված գանձերը ավարի մատնեցին» սակայն չջնջվեցին մեհյանների, Միհրական տաճարների, ազգային տոների մասին հիշողությունները…
Վերջին տասնամյակների հնագիտական պեղումներով հարստանում են գրավոր աղբյուրներից հայտնի մեր կցկտուր պատկերացումները Հայոց հնագույն սրբավայրերի մասին:
«Արտաշատի «Երազամոյն» վայրի տաճարը և կից համալիրները» ուսումնասիրության մեջ հեղինակը՝ Ժորես Խաչատրյանը, ներկայացնում է Արտաշատի հնագիտական արշավախմբի աշխատանքի արդյունքները:
Հնավայրի տարածքում, ի թիվս համալիրի՝ զանազան նշանակության բազմաթիվ շինությունների (գանձարանի, հասարակական բաղնիքի մնացորդների), հայտնաբերվել են տաճարին պատկանող մշակված, քանդակազարդ քարաբեկորներ, սյուների հատվածներ, արխիտրավի, խոյակի մի բեկոր, որոնք, ենթադրաբար, երբեմնի տաճարի փլատակներից են, նաև՝ ն.թ. 1-ին դարին պատկանող սկուտեղներ, պնակների բեկորներ… Ամփոփելով պեղումների արդյունքները, հեղինակը եզրակացնում է.
«Այսպիսով, կասկածից վեր է, որ այստեղ է մեր ենթադրած «Երազամոյն» վայրի Արեգ–Միհր–Ապոլոն–Հերմես–Տիրի տաճարը»:
Վաղնջական ժամանակներից հայտնի՝ Հուրի պաշտամունքին առանձին կանդրադառնանք:
Հիշենք միայն, որ նրա դրսևորումներից է այսօր զոհերի հուշահամալիրներում Անշեջ կրակի գոյությունը (ինչպես Ծիծեռնակաբերդում)՝ Անմար կրակը՝ որպես Մշտնջենական Արեգակի (և այլ) խորհուրդ …
Հուրի պաշտամունքի հետ կապված՝ Միհրականության «առեղծվածներին» որոշ չափով մոտ ապագայում ծանոթանալու հույսով՝ ստորև՝ լուսանկարներ՝ վերցված Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ…
Ինչպես նաև՝ Ժ. Խաչատրյանի՝ «Արտաշատ մայրաքաղաքի վերջին տարիների պեղումների արդյունքները» ուսումնասիրությունից՝ որոշ «բեկորներ»…
«Թող ողջություն և խաղաղություն հասնի աստվածների օգնությամբ, պարարտ լիություն՝ Արի Արամազդից, խնամակալություն՝ Անահիտ Տիկնոջից, քաջություն ամենայն Հայոց Աշխարհիս՝ Քաջն Վահագնից…»,- ինչպես նշում են պատմիչները…
«Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան հետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ…»:Հայոց հնագույն պաշտամունքային կենտրոններից մեկի՝ Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի Աշտիշատ ավանի, Քարքե լեռան դիցանվեր անտառներում կանգնած Հաշտից տաճարների և Տարոն Աշխարհի Դիցուհու՝ Արածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողացող Աստղիկի նկարագրությամբ է սկսում իր հայտնի վեպը Րաֆֆին:
Հայկական Լեռնաշխարհում՝ Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայում, Մերգեմեր լեռներում, Մուշ քաղաքից հյուսիս-արևմուտքում է գտնվում Քարքե լեռը:
Նրա մասին մեզ հասած առաջին հիշատակումն Ագաթանգեղոսի մոտ է, 5-րդ դարից, որպես հին հեթանոսական մեհյանների վայր:
Այստեղ էին գտնվում Վահագնի, Անահիտի, Աստղիկի մեհյանները:
Քարքեի ստորոտում էր Աշտիշատ ավանն՝ իր հռչակավոր Աշտիշատի վանքով:
Աշտիշատում, Քարքե լեռան լանջին էր գտնվում Վահագնի գլխավոր մեհյանը, որն Ագաթանգեղոսը կոչում է Վահեվանյան («ութերորդ պաշտաւն հռչակաւոր անուանեալն Վիշապաքաղն Վահագնի»)…
«Վահեվանյան մեհյանը մնացել է Տարոնի երկրում՝ մեծագույն մեհյանը լի ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով։ Պաշտամունքի ութերորդ հռչակավոր (վայրն) էր Վիշապաքաղ Վահագնի անվամբ, Մեծ Հայքի թագավորների զոհերի տեղը, Քարքե լեռան լանջին, Եփրատ գետի ափին, Տավրոս մեծ լեռան դիմացը, որը և պաշտամունքի վայրերի հաճախաշատ լինելու պատճառով անվանված էր Աշտիշատ» (Ագաթանգեղոս, գլ. ՃԺԴ. 809, էջ 453)։
Եվ, դարձյալ Ագաթանգեղոսի վկայությամբ, այստեղ էր հասել Գրիգոր Լուսավորիչը՝ «ի սնարս լերինն Քարքեայ», քրիստոնեության տարածման նպատակով:
Այս լեռը հիշատակում է և պատմիչ Հովհան Մամիկոնյանը՝ 7-րդ դարում…
Քարքեն հայտնի էր նաև Արձան անվամբ՝ ի պատիվ քրիստոնեության տարածման ժամանակ իրենց մեհյաններն ու նախնյաց հավատալիքները քաջարի 1038 համախոհների հետ պաշտպանող՝ Արձան քրմապետի (…«և կայ ի թաղման ի նմին տեղւոջն՝ որ դեռ ևս Արձան կոչի անուն լերինն» ( «Պատմութիւն Տարօնոյ, զոր թարգմանեաց Զենոբ Ասորի», Վենետիկ ,1832 թ., էջ 28): Արձանի մասին առանձին հիշելու առիթ եղել է՝
«Տէրունական նշանի (խաչի) զորությամբ» Գրիգորի կողմից հիմնահատակ տապալած, հրդեհած մեհյանների նկարագրությունն են թողել պատմիչները՝ մինչև երկինք հասնող՝ մինչև «ամպերը ծառացող» ծուխը հիշելով… (Զենոբ Գլակն՝ իբրև ականատես է վկայել):
(…«Գրիգոր իբրեւ տեսեալ զայն՝ զնշան տէրունական խաչին առնոյր եւ դիմէր ի դուռն մեհենին *եւ ամենայն շինուածք մեհենին ի հիմանց դղրդեալ տապալեցան եւ լուցեալ յանկարծաւրէն փայտակերտն հրդեհեցաւ ի տէրունական նշանին զաւրութենէ եւ ծուխն ծառացեալ մինչեւ յամպս հասանէր»։ (Ագաթանգեղոս, ՃԸ):
«Քարքե լեռան սքանչելի տաճարները կործանվեցան…Հայոց արհեստի և ճարտարապետության գեղեցիկ գործը ոչնչացավ… Եվ մեծագանձ մեհյանների հարստությունը հայոց նոր խաչակիրների ավարառության առարկա դարձավ», — գրել է վիպասան Րաֆֆին իր երկում:
Հեռավոր ժամանակների ծիսահմայական պաշտամունքային պարերից զատ, Հայոց հնագույն Քրմական ռազմարվեստի մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ: Թեև Հայոց Այրուձին՝ Մատենիկ գունդը, դեռևս Նաիրի Երկրի՝ (Մայր Տունի թագավորության՝ Միտանիի) «Մայրանու» կոչված՝ բարձրակարգ հեծյալների համբավավոր գունդը, ժամանակին լավագույնն էր:
Քրիստոնեության տարածման ժամանակ մեհյանների կործանման նկարագրություններում կցկտուր դրվագներ են պահպանվել պատմիչների երկերում, որոնցում հիշատակվում են որոշ ավանդույթներ:
«…Եւ սկսան հնչեցուցանել զփողս պատերազմաց և թնդիւն սաստիկ շուրջանակի, և զձիոց վրնջիւնսն էր լսել»… (Զենոբ Գլակ «Պատմութիւն Տարոնոյ», էջ 44):
Ագաթանգեղոսը նույնպես գրում է, թե ինչպես էին Երեզ ավանի քրմերը քաջաբար պաշտպանում տաճարը, փորձելով թույլ չտալ, որ ավերեն այն. «Երեզ ավանի Անահիտի մեհյանում, ուր դևերը (քրմերը) վահանավոր զորքի նմանությամբ հավաքված մարտնչում էին և մեծագոչ աղաղակով լեռները թնդացնում», (Ագաթանգեղոս, 1983, էջ 443):
Մեհյանները շրջապատող բարձրադիր լեռներում՝ պատերազմի փողն հնչեցնելով, սաստիկ թնդյունով ու ձիերի վրնջյունով լցված տարածքում, հատուկ գործիքներով, մարտիկներին մեծադղորդ հնչմամբ քաջալերանքով, հակառակորդին վանելու նպատակով կատարված հատուկ արարողության հիշատակումն ենք գտնում գրավոր մատյաններում…
Եվ այդ ձայները հնչում են նաև մեր ականջներում…
1970 -ական թվականներից տաղանդաշատ մի շարք Հայորդիք՝ յուրաքանչյուրն իր բնագավառում (բանասեր, պատմաբան, հնագետ, լեզվաբան…), անդրադառնում էին մեր ազգի անցյալի պատմության լուսաբանմանը:
Ու այդ գործում իր ավանդը ներդրեց նաև յուրօրինակ երաժշտական մտածողությամբ օժտված երաժիշտ՝ Ավետ Տերտերյանը, որն իր սիմֆոնիաներում խիզախորեն կիրառեց հայկական հոգևոր երաժշտության տարրերը, գործածեց ազգային դուդուկը, զուռնան, քամանչան ու դափը…
1975 թվականին արարած՝ նրա «3-րդ Սիմֆոնիան» իր հուժկու հնչողությամբ պատմիչների նկարագրած՝ «Լեռները թնդացնող Քրմերի» ավանդության արձագանքն է, իր ողջ արդիականությամբ:
«Ի զե՜ն» գոչող նվագախումբը մարտի է կոչում…
Ստորև՝ չորս րոպեանոց մի հատված՝ հիշյալ՝ հզոր ու ոգեշնչող Սիմֆոնիայից, ի պետս քաջության…
Հայկական Լեռնաշխարհի ոսկեձեռիկ վարպետների հազարամյակների հնագույն ավանդույթները շարունակող՝ ներկայիս՝ նույնքան շնորհալի կավագործների խորհրդով՝ անդրադառնանք Հայկական Աղամաններին:
Սակայն, Աղամանի խորհուրդն ըմբռնելու համար, հարկ է ծանոթանալ Աղին՝ նրա նշանակությանն ու իմաստին՝ տարբեր առումներով…
Կյանքի համար կարևոր ու անհրաժեշտ աղը խորհրդանիշներով հարուստ պատմություն ունի՝ իր շուրջ ձևավորված զանազան ավանդույթներով:
Գրեթե բոլոր քաղաքակրթություններում աղը սրբազան բնույթ ունի (հացի նման):
Հոմերոսն աղը դիցական (աստվածային) էր համարում (հունական դիցաբանության մեջ Ծովի դից Ներեն Աքիլեսի հորը՝ Պելևսին աղ է նվիրում իբրև հարսանեկան նվեր): Լուկրեցիոսը կնոջ գեղեցկությունը համեմատում էր աղի մաքուր հատիկի հետ:
Որպես հարգանքի, հարստության, առատության, բարեկամության, հավատարմության ու բարեհաջողության խորհրդանիշ՝ ցայսօր էլ Հայոց և շատ այլ ազգերի մոտ պահպանվել է Աղուհացի հնագույն ծիսական սովորույթը:
Հայոց հնագույն ավանդությանց համաձայն, Սրբազան խորանի բաղադրիչներից էր աղը՝ ինչպես նշում և մանրամասն մեկնում է նրա խորհուրդը Քուրմ Յարութ Առաքելեանը, շեշտելով, մեջբերենք՝ «աղի՝ մաքրության, պաշպանության, հզորության իմաստը: Ծնունդների առիթով տաճարն աղ է ընծայել նորածնի ծնողներին:Աղ էր նվիրվում նաև տաճարում գիշերած ուխտավորներին՝ նրանց մեկնումից առաջ: Տաճարին աղ էր նվիրաբերվում հանգուցյալի հարազատների կողմից, թաղումից հետո»…
Սրբազան Խորանի առաջ «Աղուհաց կտրելու» ծեսը նրանց հատուկ զորություններ վերագրելն է փաստում:
Նորածին երեխայի վրա՝ որպես առողջության, բարօրության մաղթանք, հարսանեկան արարողությունների ժամանակ՝ ի նշան առատության, հարստության ցանկության, մարտի մեկնող-վերադարձող արքաների երդումն Աղուհացով… Մաքրագործող-սրբագործող Աղն ամենուր է…
Հայկական Լեռնաշխարհն իր հարուստ աղահանքերով վաղնջական ժամանակներից է հայտնի:
Այրարատ Աշխարհի Ճակատք գավառում (հետագայում՝ Երևանի նահանգի Սուրմալու գավառում) գտնվող Կողբի հանքավայրից (Աղտքից) էր ձգվում միջնադարյան աղբյուրներում հիշվող Աղի ճանապարհը՝ սայլուղին, որով տարբեր ուղղություններով մինչև 20 -րդ դարի սկիզբը տարեկան 80.000 տոննա քարաղ է տեղափոխվել (Եզնիկ Կողբացու ծննդավայրն էր Կողբը): Տարածաշրջանի լավագույն աղն էր այն համարվում:
Կողբից հարավ-արևմուտք, Հայկական Պարի լեռնանցքներից մեկը, որտեղով աղ էին արտահանում Միջագետք և այլ երկրներ, «Աղտո ձոր» էր կոչվում:
Իգդիրից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հիշյալ հանքերը մինչև 1920 թվականը Հայաստանին էին պատկանում, Թուրքիային են բռնակցվել 1921 թվականի Կարսի պայմանագրով, 1934 թվականից՝ Գուլփը (Կողբը) անվանափոխվել ու դարձել է Թուզլուջա (ի դեպ, 2015 թվականին քաղաքի ելքի ու մուտքի դարպասներին հայերենով «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրություններ են դրվել, վերջին տարիներին այնտեղ բժշկական տուրիզմի զարգացման ծրագիր կար: Երևանում, Ավանի աղի հանքի՝ 235 մետր խորությամբ ստորգետնյա բուժարանը վաղուց է գործում շնչառական խնդիրների (ասթմա, բրոնխային հեղձուկ…), ալերգիաների բուժման նպատակով. վիրուսներից ապահով մի վայր…):
Երևանում՝ Ավանի Աղի հանքաբուժարանում
Ավանի՝ Աղի ստորգետնյա հանքաբուժարանում…
Հայաստանի աղի հանքավայրերից
Ավանի՝ Աղի հանքի բուժարանից մի հատված
Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհում՝ Դարանաղի գավառը (Աղյաց գավառը), որը նույնացվում է ուշ ժամանակների Կամախին (Եկեղյաց գավառում, Էրզրումի նահանգի Երզնկայի գավառում), հարուստ է աղահանքերով, որի հետ էլ կապվում է նրա անունը:
Այստեղ էր գտնվում Արամազդ դիցի մեհյանը, Արշակունյաց դամբարանը (կենտրոնն Անի ավանն էր):
Խոսքի հմայության ներգործության զորության հավատալիքներից էր Աղուհացով երդումը:
Անկեղծ ուխտի՝ երդման նշան էր աղը մատանիով կնքելը (հին պարսիկների մոտ՝ վարազի պատկերով մատանիով, ինչպես հիշում են պատմիչները):
«Աղ Ուխտի», «Ուխտ Աղի», «Աղ կնքեալ»…
Աղի բյուրեղ
Աղի բյուրեղ
«Մասն է աղ՝ հրոյ, միանգամայն և ի ջուր մածեալ», — կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում:
Ծովից՝ արևի ճառագայթների ջերմությամբ գոլորշիացման ճանապարհով ձեռք բերված աղը համարվում էր «ջրերից զատված կրակ»:
Հնում, լինելով հարստության նշան, հյուրի առջև սեղանին դրված աղամանը նրա հանդեպ տածած հարգանքի, շռայլության հավաստիքն էր:
«Աղ մատուցելու» իմաստից է ստուգաբանվում «մատաղ» բառը՝ «Մատո՛ աղ»՝ «Մատուցի՛ր աղ» (Վարդան, Գրիգոր Տաթևացի):
Հնագույն շրջանից ի վեր, Հայ կավագործության լավագույն նմուշներից՝ կանացիակերպ (հղի կնոջ) տեսքով աղամաններն ուսումնասիրող ազգագրագետների կարծիքով (Վ. Բդոյան, Աս.Մնացականյան, Կ.Մելիք-Փաշայան, Ն.Ավագյան), նրանք Մայր Դիցուհու՝ Անահիտի պաշտամունքի դրսևորումներից են, երբ «Նոր կրոնի մեջ պաշտվում է Հինը»՝ ծպտված…
Հայկական Լեռնաշխարհում ու նրա հարակից շրջաններում հայտնաբերված հնագիտական նյութերի մեջ բազմաթիվ են կնոջը պատկերող քանդակները, ուր հատկապես շեշտված են նրա մարմնի՝ բեղունությունն ընդգծող մասերը:
Այլաբանական ընկալմամբ՝ Կյանքի աղբյուրն ու հովանավորը՝ Մայր Բնությունը, Մայր Դիցուհին՝ որպես Ծնունդ, Կյանք պարգևող…
Մարդու օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է աղը:
Կյանքի արարման առաջին իսկ օրերից՝ հղիության ընթացքում մոր արյան պլազմայի հաշվին արգանդում առաջացող պտղաջրերում (ամնիոտիկ հեղուկում), ինչպես և Կյանքի աղբյուրի խորհրդանիշ՝ Համաշխարհային ջրերում (Օվկիանոսում), աղեր կան (կալցիում, նատրիում, քլոր):
Ուստի, խորհրդանշական մեծ իմաստ կրող Աղը պարունակող ամանը՝ Աղամանը, նույնպես, իր խորը այլաբանությունն ուներ՝ հղի կնոջ որովայնի նմանությամբ կճուճի տեսքով ներկայանալով…
Հին ավանդույթներ՝ նորովի մեկնաբանությամբ (հեղինակ՝ Կարեն Ավետիսյան)
Համանման ձևով, Խորանի ծիսական կաթսան Արարչական արգանդի կամ Խառնարանի խորհրդանիշն է: Դարձյալ մեջբերելով Քուրմ Յարութ Առաքելեանի բացատրությունը՝ «Այն Սանդարամետ դիցամորը ներկայացնող՝ Ծնունդ պարգևող, միաժամանակ նաև՝ Կյանքի ներդաշնակ մասը հանդիսացող՝ մահվան գաղափարակիրն է», ինչպես և աղը՝ Կյանքի ակունք, որը կարող է նաև հակառակը գործել՝ կիրառվելով թշնամու կողմից՝ որպես ոչնչացման միջոց՝ հողերի վրա աղ սփռելով տեղանքն ամայացնելով…
Մարդկանց ու կենդանիների համար որպես կերակուր և բուժամիջոց, ջրի մեջ լուծված աղից բացի, քարացած աղ ևս կա՝ Աղքարը:
«Աղաբանությունը» որոշ չափով ամբողջացնելու համար հավելենք Աղի դերն ու խորհուրդը այլ բնագավառներում նույնպես, ինչպես, օրինակ, հնում անչափ կարևոր մի բնագավառում՝ մետաղագործության մեջ (նաև՝ ալքիմիայում, կաշեգործությունում…):
Որպես դպրոցական տարիների վերհուշ նշենք, որ ամոնիակը ազոտի և ջրածնի պարզագույն միացություններից է՝ սուր հոտով, անգույն, խեղդող գազ, որը հեշտությամբ միանում է թթուների հետ՝ առաջացնելով ամոնիումի աղեր:
Գործածվում է մետաղամշակման բնագավառում, գյուղատնտեսության մեջ (որպես պարարտանյութ)…
Բժշկության մեջ ամոնիակի 10%-անոց ջրային լուծույթը հայտնի «անուշադրի սպիրտն» է…
Եգիպտոսում ֆրանսիական բանակի արշավանքների ժամանակ կատարված հետազոտությունների արդյունքները ներկայացնող մի աշխատության մեջ կարդում ենք, որ դեռևս հնուց եգիպտացիներին հայտնի «Ամոնիակի աղը» անտիկ հեղինակների տեքստերում «Հայկական աղ» է կոչվել՝ «Sal Armeniacus»: Եվ որ՝ պարսկական «Նուշադր» բառը «Հայկական աղն» է:
1809 թվականին Փարիզում հրատարակված գրքից՝ մոտավոր, հակիրճ թարգմանությամբ՝ 17-րդ դարի պարսկական բառարանին վերաբերող հատվածից.
«Պարսկական մի բառարանում՝ « Gazophylacium lingux Persanum», P. Angelo, anno 1684, գտնում ենք, որ այն, ինչը իտալացիների կողմից անվանվում էր Sale armoniaco, ֆրանսերենով՝ Sel armoniac, Պարսկաստանում կոչվում էր nouchâder կամ՝ melah Ermanya, այսինքն՝ Հայկական Աղ և արտասանվում էր nachâdre (նաշադր)»:
(Մեջբերումը՝ հիշյալ գրքից՝ «Եգիպտոսի նկարագրությունը. կամ՝ ֆրանսիական բանակի՝ Եգիպտոսում արշավանքի ժամանակ կատարված ուսումնասիրությունների և որոնումների հավաքածու»՝ հրապարակված Նորին Գերազանցություն Նապոլեոն Մեծ կայսեր հրամանով, Փարիզ, 1809 թ.: «Description de l’Égypte: ou recueil des observations et des recherches qui ont été faites en Égypte pendant l’expédition de l’armée française, publié par les ordres de Sa Majesté l’Empereur Napoléon le Grand (Band 4,1,1: Texte 1): Etat moderne —Jomard, Edme François [Editor], Paris, 1809.):
«Հայկական աղի» բացատրությամբ մի էջ՝ հիշյալ գրքից («Եգիպտոսի նկարագրությունը. կամ՝ ֆրանսիական բանակի՝ Եգիպտոսում արշավանքի ժամանակ կատարված ուսումնասիրությունների և որոնումների հավաքածու»՝ հրապարակված Նորին Գերազանցություն Նապոլեոն Մեծ կայսեր հրամանով, Փարիզ, 1809 թ.: «Description de l’Égypte: ou recueil des observations et des recherches qui ont été faites en Égypte pendant l’expédition de l’armée française, publié par les ordres de Sa Majesté l’Empereur Napoléon le Grand: Etat moderne» —Jomard, Edme François [Editor], Paris, 1809.):
Ըստ «Հայերենի արմատական բառարանի»՝ հայերեն բառի հնագույն ձևը «անուշադուր» է:
Մի այլ գրքում՝ գրված 1579 թվականին, («Commentaires sur les six livres de Ped. Dioscor, էջ 765,), կարդում ենք, որ Դիոսկորը ևս հիշատակում է, որ դեղագործներն ու ալքիմիկոսները «Ամոնիակի աղը» «Հայաստանի աղ» էին անվանում, մտածելով, որ այն բերվում էր Հայաստանից:
Ի գիտություն նշենք, որ որոշ վայրերում այն ստացվում էր հրաբխային բնական ճեղքվածքներից ժայթքող արտանետումներից՝ առջևում դրված քարի վրա գոյացած սպիտակ փոշին էր օրեր հետո աղի վերածվում (բացվածքներից ցերեկով ծուխ էր ելնում, գիշերը՝ կրակի բոցեր էին երևում):
Այսօրվա գիտական եզրույթով՝ ամոնիումի քլորիդը, թերևս…
Հազարամյակների խորքից եկող ավանդույթները շարունակվում են մինչ օրս՝ նորովի…
Հ.գ. Ստորև լուսանկարների թվում՝ մեր ժամանակակից բրուտների Չարխի պտույտով ու իրենց հրաշագործ ձեռքերով արարված՝ Աղամանների նմուշներից…
Աղուհացով առատ ու Արևաշող օրեր՝ Աշխարհիս Հայոց և համայն Հայությանն ու ողջ Երկրին…
Հին Հայկական աղաման՝ Էջմիածնից…
Ավանդույթները շարունակվում են՝ շնորհիվ ներկայիս տաղանդաշատ բրուտագործների (հեղինակ՝ Վահագն Համբարձումյան)
Հին Հայկական Աղամանների նմուշներից
Միշտ Ներկա՝ Անցյալ… (հեղինակ՝ Վահագն Համբարձումյան)
«…Ափ մը մոխի՜ր աճիւնիս հետ, Հայրենի՜ տուն, Ափ մը մոխի՜ր քու մոխիրէդ, ո՞վ պիտի բերէ, Քու յիշատակէ՜դ, քու ցաւէ՛դ, քու անցեալէ՜դ, Ափ մը մոխիր… իմ սրտիս վրան ցանելու…»։
(Հատված՝ Սիամանթոյի՝ «Ափ մը մոխիր, Հայրենի՜ տուն» բանաստեղծությունից)
Վաղնջական ժամանակներից ի վեր, Հայկական Լեռնաշխարհում ծնունդ առած ու հետագայում ավելի հեռուն ձգվող տարածքներում ևս տարածված՝ Հուրի, Կրակի (Արևի, Լույսի…) պաշտամունքը հարատևելով հասել է մեզ՝ իմաստի ուղղակի նշանակությամբ, հաճախ՝ այլ կրոններով իմաստափոխված…
Կրակի հետ կապված, մոխիրը նույնպես իր այլաբանական իմաստն ունի՝ որպես իր խորքում կրակի Կայծը պահող, այդպիսով նաև՝ նոր Կյանքի Սկիզբն ազդարարող:
Վերածնունդի առհավատչյան՝ առասպելական Փյունիկ թռչունն իր մոխիրներից է հառնում վերստին…
Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում 1878 թվականին ծնված Ատոմ Յարճանյանը, որն առավել հայտնի է Գարեգին Սրվանձտյանի կողմից իրեն տրված՝ Սիամանթո անվամբ, օսմանյան կայսրության տարածքում 1894-1896 թվականներին իրականացված Հայկական ջարդերի պատճառով, դեգերումների ճամփեքով (Կահիրե, Ժնև…), հասել էր Փարիզ՝ Սորբոնի համալսարան…
Տարիներ հետո, վերադառնալով իր այնքա՜ն պաշտելի Հայրենիք, 1915 թվականին Հայ մտավորականների մի խմբի հետ, Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում, ցեղասպանների վայրագության բազմամիլիոն զոհերից մեկը դարձավ…
…«Հայրենի՜ տուն, հավատա՛, որ մահես հետո, Քո ավերակներուդ սևին վրա իմ հոգիս Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր, Իր դժբախտի երգն և արցունքը լալու…
Բայց ո՞վ պիտի բերե, ո՞վ պիտի բերե, ըսե՛, Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր, Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ, Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու…»:
«…Ես հավատում եմ, Հա՛յ ժողովուրդ, քո Դարձին, ինչպես հավատում եմ, որ ամեն առավոտ արշալույսը կբացվի:
Հավատում եմ, վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին՝ Մասիսի խորհրդավոր հայացքի տակ, մեր Հայրենիքը կա, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքուշ ձեռների մեջ և ակնդետ ու խռովահույզ` նայո՜ւմ, նայո՜ւմ է ճամփաներին:
Եվ հեռու չէ այն օրը, երբ, իր բազուկները տարածած, նա կընդունի հեռավոր հորիզոնների տակ հածող ու հեծող իր զավակների կարոտակեզ բազմությունները. և բյուրավոր ձայներ կթնդան Մայր Արաքսի ափերին.
Արմենիա՜, Արմենիա՜, ո՜վ իմ հոգու Հավիտենակա՛ն ապաստան, ո՜վ իմ պաշտելի՛ Հայրենիք»…
Պայծառ գալիքի հույսով ու հավատով գրել է իր ազգի վշտով մորմոքված, Հայրենիքի նվիրյալ մի այլ Հայորդի՝ Ավետիս Ահարոնյանը…
Փյունիկի պես՝ իր մոխիրներից հառնող մեր Պատմական Հայրենիքի Վերածննդի տեսիլքով և երազների իրականացման հավատով…
«…Ձորերը շիրիմ դարձան, Վիհերը՝ գերեզմանոց. — Ջուրը մեր տունն ա տարել… Ամեն քար՝ լուռ մահարձան, Ամեն տուն՝ վառման հնոց. — Բնավեր հավք ենք դառել… Ինչքան բառ՝ ո՜ղջը մրմունջ, Ինչքան երգ՝ ո՜ղջը լալով, — Զուլում էր, զուլո՜ւմ, լաո՛…. Թրի՛ դեմ, սրի՛, հրի՝ Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ. — Տնավե՜ր — բնավե՜ր լաճ… Մեր հողը, մեր հայրենին, Մեր երկիրն ամայացավ. — Սև՜ հագիր, սևսիրտ մարե… Հինավուրց, տոհմիկ մի ազգ Չմեռա՜վ, այլ… մահացա՛վ. — Գարուն ա, ձուն ա արել… Գարուն էր: Ամառ եկավ, Ձագ հանեց ձորում կաքավ, Իսկ հայը զրկվեց ձագից, Իր պոռթկան թոնրի տաքից, Իր մորի՛ց, հորի՛ց, յարի՛ց, Իր բնի՛ց ու աշխարհի՛ց. -Գարուն ա, ձուն ա արել… …Ա՜խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ Արհավիրքն այն օրերի»…
Համաձայն 1948 թվականին հաստատված՝ ՄԱԿ-ի՝ «Ցեղասպանությունը կանխարգելու և պատժելու մասին համաձայնագրի (կոնվենցիայի), որն ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ից, «Ցեղասպանությունը» մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է՝ նրանց ազգային — հավաքական գոյությանը վերջ դնելու նպատակով (համաձայնագրի 2 հոդվածները՝ ստորև):
Ցեղասպանություն է պատերազմական շրջանում կամ խաղաղ պայմաններում՝ լիովին կամ մասամբ իրականացվող հետևյալ գործողություններից մեկը՝
Ա. Խմբի անդամների սպանելը
Բ. Խմբի անդամներին լուրջ մարմնական կամ հոգեբանական վնաս պատճառելը
Գ. Մտածված կերպով ազդելը խմբի կյանքի պայմանների վրա` նպատակ ունենալով նրա ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը
Դ. Այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը
Ե. Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:
Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում Երիտթուրքերի կառավարության կողմից իրականացված՝ Հայերի ցեղասպանությունը նախկինում վարած քաղաքականության շարունակությունն էր, և այդ ծրագիրը քողարկված գործեց հետագայում նույնպես՝ տարբեր չափերով ու ձևերով…
Հիմնվելով 18-րդ դարի վերջին տասնամյակներում կատարված ոչ ստույգ մարդահամարի տվյալների վրա՝ հարցն ուսումնասիրող պատմաբանները եզրակացնում են, որ կայսրության տարածքում ապրում էին 2 միլիոնից ավելի Հայեր, որոնցից շուրջ մեկուկես միլիոնը սպանվեց 1915-1923 թվականներին, իսկ մնացածը՝ կա՛մ բռնի մահմեդականացվեցին, կա՛մ էլ՝ սփռվեցին այլուր՝ ապաստանելով տարբեր երկրներում:
Ողբերգությանը հաջորդող շրջանում, երկարատև լռությունից հետո, վերջին տասնամյակներում տարբեր երկրներում ապրող Հայ և օտարազգի պատմաբաններն, անդրադառնալով իրենց պատմական հայրենիքում հնագույն բարձր քաղաքակրթություն ստեղծած մի ողջ ազգի ցեղասպանությանը, անվարան խոսում են թուրքերի կողմից ներկայացված «ժողովրդագրական տվյալների կասկածելիության մասին»՝ պատճառաբանելով «ժողովրդագրության հանդեպ թուրքերի անտարբերությունը կամ մարդահամարի կասկածելի եղանակներն ու նրա իրականացման «ծայրահեղ դժվարություններն» այն ժամանակվա կայսրության տարածքում» (Ռ. Գևորգյանի՝ «Հայերի ցեղասպանությունը» գրքից, էջ 333, Raymond Kevorkian «Le génocide des Arméniens», Paris, 2006):
Մանրամասն համեմատելով քննարկվող ժամանակաշրջանի տարբեր աղբյուրներում հրապարակված՝ զանազան մարդահամարների տվյալները՝ նահանգ առ նահանգ՝ ողջ կայսրության տարբեր վիլայեթներում և մնացած տարածքներում, հեղինակը (Ռ.Գևորգյանը) մատնանշում է Հայ ազգաբնակչությանը վերաբերող թվերի բացահայտորեն խեղված — նվազեցված ներկայացումը:
«Բեռլինի Համաժողովին Հայոց Պատրիարքարանի առաջ քաշած՝ 1878 թվականի՝ օսմանյան հաշվառման (Սալմանի) տվյալներով, 1.330.000 (մեկ միլիոն երեք հարյուր երեսուն հազար) Հայ էր բնակվում միա՛յն Դիարբեքիրի նահանգում (վիլայեթում):
Նույն ձևով՝ 1882 թվականի՝ Պատրիարքարանի կողմից արված բնակչության հաշվառումը հիշյալ շրջանում 1.350.000 (մեկ միլիոն երեք հարյուր երեսունհինգ հազար) Հայ է ներկայացնում» (վերոնշյալ գրքից՝ էջ 335):
Կոտորածներից և հազվագյուտ վերապրածների բռնագաղթից հետո, Հայոց հողերի և ունեցվածքի՝ կազմակերպված բռնագրավումը թուրքական պետության ու տարբեր անհատների կողմից, նույնպես բազմաթիվ ուսումնասիրությունների նյութ է դարձել:
Դեռևս 1919 թվականի՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովին ներկայացված, Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբար Փաշայի կազմած ցուցակը՝ միայն Առաջին աշխարհամարտի տարիներին Հայ ժողովրդի կրած նյութական և մշակութային ժառանգության նախնական, մոտավոր հաշվարկով, որը մի առանձին գրառմամբ էինք արծարծել, հետագայում համալրվել է՝հատուցման սպասումով…
Ի հիշատակ մեր անմեղ զոհերի, դեռևս 1895 — 1896 թվականների համիդյան ջարդերին ի պատասխան ապստամբած արիասիրտ Զեյթունցիների, որոնք հետագայում՝ 1915-16 թվականներին ևս հերոսաբար մարտնչեցին, Վանի, Մուսալեռի ինքնապաշտպանության քաջազուն մարտիկների և բոլոր ժամանակների բոցաշունչ Հայորդիների՝ Արդարադատության և Հատուցման պահանջով…
Հ.գ. Ահավասիկ՝ «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» համաձայնագրի հոդվածները.
«ՀՈԴՎԱԾ 1 Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի, հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար: ՀՈԴՎԱԾ 2 Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ. Ա. Այդ խմբի անդամների սպանությունը, Բ. Այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը, Գ. Որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, Դ. Այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը, Ե. Երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին»:
Ակամայից՝ վերջին տասնամյակներում Հայաստանյան և հարակից շրջանների իրադարձությունների, նաև՝ Նախիջևանյան մտորումներով…
Ծիծեռնակաբերդի՝ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում…
Ծիծեռնակաբերդ, Ապրիլի 24
Աշոտ Սաղաթելյան (Գյումրի) ստորագրությամբ մի նամակ խմբագրությանը, ուր նշվում է, որ 5 միլիոն Հայ էր ապրում միա՛յն Տարոնի, Մուշի գավառներում:
1922 թվականին կայացած՝ Լոզանի համաժողովում Հայկական պատվիրակությունը հայտարարել է, որ, Պատրիարքարանի ոչ լրիվ տվյալների համաձայն, 1915 թվականին Հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության զոհ է գնացել 6-7 միլիոն խաղաղ բնակչություն:
Թուրքական պատվիրակության ներկայացրած՝ 1,5 (մեկ ու կես) միլիոնը միայն Սիրիայի՛ անապատներում՝ Դեր — Զորում, զոհվածների թիվն է…
Գերմանական երկաթուղային ընկերությանը պատկանող՝ գառների համար նախատեսված վագոններով Հայերի «տեղափոխումը» դեպի Սիրիա…
Ցեղասպանության օրերի լուսանկարներից
Եվ՝ դեպի մահվան անապատներն անվերջ քայլող Քարավաններ…
Եղեռնական օրերից…
Վենետիկի՝ Մխիթարյան միաբանության հավաքածուից մի լուսանկար՝ Հայոց ցեղասպանության օրերին՝ աքսորյալների շարասյուններից մեկը՝ Մեզրե/Կոնակ…
Եվ… վերապրած բազմաթիվ որբեր…Վանի Ինքնապաշտպանության հերոսները…
Մուգ դարչնագույնով՝ բացարձակ մեծամասնությամբ Հայերով բնակեցված շրջաններն են: Ավելի բաց գույնով՝ Հայերի հարաբերական մեծամասնությամբ բնակեցված տարածքներն են: Ամենաբաց երանգներով՝ քիչ տոկոսով Հայերով բնակեցված շրջանները…
1915-ի՝ Հայերի կոտորածների և աքսորի շրջանները…1890 -1922 թվականներին Հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության շրջանները