Category: Non classé

  • ԲՈՒԹ…ԿԱՄ՝…«ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ՝ ԲՈ՛Ց ԵԼԱՆԷՐ»…

    ԲՈՒԹ…ԿԱՄ՝…«ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ՝ ԲՈ՛Ց ԵԼԱՆԷՐ»…

    ԲՈՒԹ…ԿԱՄ՝…«ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ՝ ԲՈ՛Ց ԵԼԱՆԷՐ»…

    ԵՎ Ի ԲՈՑՈՅՆ ՎԱԶԷՐ ԽԱՐՏԵԱՇ ՊԱՏԱՆԵԿԻԿ:
    ՆԱ ՀՈՒՐ ՀԵՐ ՈՒՆԷՐ,
    ԲՈՑ ՈՒՆԷՐ ՄՕՐՈՒՍ,
    ԵՎ ԱՉԿՈՒՆՔՆ ԷԻՆ՝ ԱՐԵԳԱԿՈՒՆՔ…

    Լեզուն մտածողութուն է:

    Եվ բառապաշարի մի ուրույն շերտի՝ տեղանունների իմաստն ու նշանակությունն անգնահատելի աղբյուր են տվյալ տարածքի ազգաբնակչության պատմության ու աշխարհայացքի ուսումնասիրման համար:

    Նրանց ստուգաբանությունն առավելապես կարևորվում է, քանզի տեղանունները չեն փոխառվում, այլ ստեղծվում են իրենց բնակչության լեզվամտածողությամբ՝ լեզվի բառակազմական միջոցներով:

    Հայկական Լեռնաշխարհի լեռնանունների ծագումնաբանությունը մեր անցյալի պատմության քննության անհատնում շտեմարան է: Հատկապես, որ նրանց զգալի մասը հնագույն շրջանից են մեզ հասել:

    Անահտական լեռնաշղթա, Աստղիկ, Արամազդ լեռնագագաթ, Արքայից լեռ, Արեգունի, Աժդահակ, Բլուր, Բութ, Գեղամ, Գրգուռ, Դյուց, Դրունք, Թեժ, Թոնդրակ, Խույթ, Խոչ, Ծիր (Հայկական Տավրոսում՝ Սասունում, Ծիրի գագաթին էր կառուցված Տիր Դիցի մեհյանը, որի անունով էլ լեռը կոչվում էր Տիր), Կատար, Վահագնի լեռնաբազուկ՝ Բազումի լեռնաշղթայում, Խոյի եղջյուր…

    Հաճախ լեռնանունն ու մոտակա տեղանունները համընկնում են՝ նույնանուն գետ, գյուղ… (ինչպես՝ Թեժ լեռ, Թեժ գետ, Թեժ գյուղ, Փամբակ լեռնաշղթա, Փամբակ գետ, Փամբակ գյուղ…):Տեղանվան իմաստը հուշում է, թե ո՛րն է եղել սկզբնապես…

    Արևմտյան Հայաստանում կատարած իր ճամփորդության վերադարձին՝ որպես «իր երկրից բերված նվիրական ընծա»՝ 1840 թվականին Վանում ծնված Գարեգին Սրվանձտյանը «Գրոց ու բրոց ծրարն» էր բերել իր ազգակիցներին:

    «Մարդկային ընկերավարութեանց սովորութիւնն է, երբ հեռաւոր տեղէ մը գան, իրենց գտնուած երկրի բարիքներէն կամ հազուագիւտ իրերէն ընծայ մի կը բերեն բարեկամին։ Հետեւելով այսմ, երբ Պօլիս եկայ, այս անգամ ուզեցի ընծայ բերել Ձեզ իմ երկրէն։
    Ի՜նչ։
    Ի՜նչ կը գտնուէր հոն, ուր ես էի. հող եւ ջուր միայն, եւ հողով ու ջրով եւեթ կեանք վարող Հայ ժողովուրդ։

    Գրոց եւ բրոց ծրար մ՚ ընծայ բերի Ձեզ այն հողէն ու ջրէն, որ Հայաստանի անունը կը կրեն տակաւին, ժողովրդէ մը, որ սերունդ եւ անուն Հայութեան ունին։

    Այս հողն եւ ժողովուրդ կամ, այսպէս ըսեմք, Հայաստանն ու Հայ, որ հազար անգամ խորամանկութեան ու բռնաւորութեան փորձեր անցուցեր են, փորձեր՝ խլելու այս ազգի արմատը այդ արտէն, կամ փոխելու այն հողի յատկութիւնը, որ այլեւս չբուսցընէ զՀայ եւ չերեւի Հայութեան նշոյլ մը։
    Բայց Հայերը մանգաղով հնձուած ժամանակ սերմերը թափեր են փոշիներուն մէջ, արմատէն խլուած ժամանակ ջեղ մը թողուցեր են քարի մը տակ, ձորի մը մէջ եւ նորէն բուսեր, ծլեր, արմատ ձգեր, ոստ արձակեր, ծաղկեր ու պտղաբերեր են անդրէն։

    Անկարելի է գտնել աշխարհ մը եւ ազգ մը, որ համեմատուի Հայուն եւ իւր երկրին, որ այնքան աւեր, մահ, սուր, ուրացութիւն, արիւն, գերութիւն կրած լինի ու նորէն ցայսօր ապրի։

    Իւր քաղաքականն ու կրօնականը, իւր նիւթականն ու հոգեկանը առհասարակ կողոպտուած. գանձն ու զէնքը առնելէն զկնի, մարդն ու իւր բնակարանը, տաճարներու քարերը եւ լեզուն ու մագաղաթներն անգամ գերի գնացած են, ստրկութեան ենթարկուած են։

    Բայց մեր երկրի հողն ու ջուրը, օդն ու եթերքը օծուած են Հրեղէն լեզուով, Հրեղէն հոգւով, որք ո՛չ միայն վերաստեղծեր են զՀայեր, այլ եւ վերապատմեր են հետագայից Հայաստանի նահապետաց, դիւցազանց, թագաւորաց եւ առաքինեաց անուններ ու գործերը։

    Այս լեռները, հովիտները, ձորերը, գետերը, շէները, աւերները, հողմերը, աստղերը, ամենքն ալ խորհրդաւոր անուն մը ունեցած են. եւ այդ ամէն մէկ անունը կը պարունակէ իւր մէջ անձի մը կամ անցքի մը պատմութիւն, թէ առասպել համարուի այն առ այժմ եւ թէ իրական, եւ այսպիսեաց շարունակութիւնը մագաղաթներէն աւելի տոկուն եւ անջինջ մատեան մը շարունակած է.
    այն է՝ բնակչաց բերանացի աւանդութիւնք կամ վէպք եւ զրոյցք։

    Ասոնց մէկ նշմարն է իմ ընծայս» (մեջբերումը՝ Գ. Սրվանձտյանի՝ «Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» աշխատության նախերգանքից):

    Վանում ծնված մի այլ Հայորդի՝ Մանուել Միրախորյանը նույնպես իր՝ 1883 թվականին Արևմտյան Հայաստանի նահանգներում կատարած ուղեգրական, ազգագրական, պատմական ուսումնասիրություններում (տպագրված «Նկարագրական ուղևորություն…» եռամաս գրքում), ուշագրավ տեղեկություններ է թողել Հայոց բնակավայրերի, բնակչության ու մշակութային ժառանգության վերաբերյալ:

    Ներկայացնելով անցյալի «նախանձելի և ճոխ փառաց անշքացեալ պատկերը», ափսոսանքով փաստելով, որ երբեմնի Հայաշատ բնակավայրերի «ընդարձակ հողերուն եւ պատուական ջրերուն տէրն եւ կառավարն եղած են արդի եկովի բնակիչները», հեղինակը հիշում է Բութ գյուղի մի Հայ տանը բնակվող այրի, խեղճ կնոջը, որը շաբաթ իրիկունները կիրակամտի կանթեղը ձեթ լցնելով՝ վառում, իր աղոթքն էր անում հնաշեն վանքում ու տուն վերադառնում:
    Բութ գյուղը Մեծ Հայքի Վասպուրական Աշխարհի Բոգունիք (Բութունիք) գավառում էր, ավելի ուշ շրջանում՝ Վանի նահանգի Խոշաբ գավառում, ուր և Հայկական Տավրոսի համակարգի Բութ լեռն է:

    «Բութ Ամեն» կոչվող բլրակ կա Պարսկահայաստանում՝ Սալմաստ քաղաքում:
    Ըստ վիպասան Րաֆֆու՝ այն գոյացել է ատրուշանների կրակի մոխիրներից:

    Հնագույն շրջանից ի վեր Հուրի՝ Կրակի դերն ու իմաստը կարևորագույն տեղ ունեն մեր նախնյաց հավատալիքներում:

    Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էինք Հայոց մեջ Հուրի պաշտամունքի հավաստումներին («Երկնքի Յոթնաստեղյան խորաններից մինչև Յոթնփորակյան բագիններ»):

    Կրկին հիշենք Ղ.Ալիշանի՝ «Հին հավատք և հեթանոսական կրոնք Հայոց» գրքից մի հատված, ուր նա նշում է, որ կրակի պաշտամունքը Հայոց մեջ տեղաբնիկ է ու ավելի հին, քան զրադաշտականությունը և հիշում Աղթամարի ծովատաշտի շուրջ, հատկապես հարավային մասում, Անձևացյաց գավառում Դարբնաց քարն ու Բութ լեռը, որի անվանումն, ըստ ավանդության, քրմապետի անունից էր առաջացել:

    Եվ հավելում պատմիչների վկայությունը, համաձայն որոնց՝ «Բութ լեռը քրիստոնեության դարասկզբին դեռ լրիվ չէր մարել, թեև հրաբխաբաժակը հանգած էր ու սյունաձև վեր չէր ծխում, բայց մի կողի վրա ուներ մի պատռվածք կամ բաժակ (ինչը երկրագետի աչքով զննողը կտեսնի նաև այսօր), և, ըստ պատմիչի՝ հրաշագործ պատկերի (Անձևացյայց կամ Հոգվոց վանքի) «տուն կրակի, անյագ հրոյ, անդադար այրման աստուածոցն», որ նշանակում է, թե այն ի բնե միշտ վառ էր»:

    Այսինքն, հնարավոր է, որ լեռան «Բութ» անվանումը հենց «Բոց» նշանակությունն ու իմաստն ունի (ըստ իս), ի դեպ, «Բութակ» է կոչվում մետաղը հալելու հնոցը՝ քուրան…

    Մի այլ գրառմամբ քննարկել էինք Մատենադարանում պահվող ձեռագրերից մեկում՝ «Պիրամիդի» (բուրգի)՝ որպես Հուրի, Կրակի խորհրդանիշի հարցը, հիշելով նաև բութի նմանությամբ «Բուտան» զարդամոտիվը, որը Հուրն է՝ Ցուրանը…

    Իր ձևով Կրակի բոցին նմանվող Բութ մատն իր կարևորությամբ համարժեք է Կրակին (այլաբանական իմաստով):
    Ինչպես ձեռքի մատների համար է կարևոր բթի դերը, առանց որի անհնար է նրանց նորմալ գործունեությունը, այնպես էլ տիեզերածին տարրերի շարքում կարևորագույնը Կրակի դերն էր, առանց որի Կյանքն անհնարին կլիներ…

    Հնուց ի վեր և մինչ օրս (հատկապես՝ համացանցի այս կայքում😊), տարբեր ազգերի կողմից գործածվող՝ վեր պարզած բթի իմաստը՝ որպես լավի, հավանության նշան (որն այնքան առատորեն շռայլում եք գրառումներիս ներքո՝ ինչի համար, առիթն օգտագործելով, խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորիդ 😊), Անտիկ Հռոմում ի փառս մարտում հաղթանակած գլադիատորի էին կիրառում:
    Այս ենթատեքստում, մարտնչող գլադիատորի կյանքի կամ մահվան դատավճիռը կայացնելիս դեպի ցած ուղղած բութը (լատիներենով՝ «Pollice verso»), մահապատժի դատապարտմանն էր համարժեք:

    «Հուր որոտաց, քամին հնչեաց եւ բաժանեաց զհողն ի ջրոյն…» (Դ. Սալաձորցի «Գովասանք ծաղկանց»):

    «Բոց ու կրակ, վերն՝ արեգակ…» ցայսօր էլ երգում են Հայերը՝ Տրընդեզի տոնական տրամադրությամբ…

    Վաղնջական ժամանակներից հայտնի՝ Հուրի, Արևի պաշտամունքի ներդաշնակ շարունակությունն է Միհրականությունը Հայոց մեջ:

    Կրակի բոցի տեսքով՝ Միհրական (փռյուգիական) գդակները, որոնցով հիշատակում է Ավետիք Իսահակյանը մեր նախնիներին իր բանաստեղծության մեջ (վերնագրված՝ «Մեր նախնիները», մի գրառման մեջ անդրադարձել ենք), բոցի պես փայլող՝ «բոցակնագույն» աչքերով, «Հրաչեայ» հայորդիներին չմոռանալով հիշենք, որ «Վահագնի ծնունդի» այլաբանական տողերում «Արեգակ» աչքերով՝ բոցածին Վահագնի նման, Միհրի աչքը (և հենց ինքը՝ Միհրն) էր համարվում Արեգակը:

    Դիկլիի համալսարանի հնագետների՝ 2014 թվականից սկսած պեղումների շնորհիվ, Տիգրանակերտից (Դիարբեքիր, Ամիդ) ոչ հեռու, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տեղանքում՝ ընդարձակ տարածքը հսկելու հնարավորություն ընձեռող բարձրադիր ժայռոտ բլրի վրա կառուցված Զերզեվանի ամրոցի հնավայրում հայտնաբերվել են ժայռափոր դամբարաններ, խորաններ, ջուրն ամբարելու-պահեստավորելու համար նախատեսված 54 ավազաններ (ջրամբար՝ ցիստերն), զարդեղեն, զինվորական բրոնզե իրեր (հնավայրից որոշ լուսանկարներ՝ ստորև)…

    Համաշխարհային գիտական աշխարհի համար կարևորագույն նշանակության այս համալիրում դեպի Միհրի տաճարը տանող երկու մուտքեր են բացվել. մեկն՝ անմիջականորեն դեպի ծիսակատարությունների սրահն է տանում դրսից, մյուսը՝ ներքին, ծիսական նշանակության միջանցքներով…

    Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այս օրերին նշենք, որ 2014 թվականի փետրվարի 28-ին թուրքական մամուլում հաստատվել էր Զերզեվան ամրոցի տարածքում հնագետների կողմից հայերի զանգվածային գերեզմանատուն գտնելու տեղեկությունը:

    ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի կազմակերպության աջակցությամբ իրականացված դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «դրանք նախորդ դարի 20-ականներին մահացածների ոսկորներն են»:

    Հիշենք, որ հայկական հնագույն սրբավայրերով և ուխտատեղիներով հարուստ այս տարածաշրջանում դեռևս 1895-1896 թվականների համիդյան կոտորածների ընթացքում գավառի տասնյակ հայաբնակ գյուղերի բնակչությունը վայրագ կոտորածների ու թալանի էր ենթարկվել:

    Իսկ 1915 -ին Սիլվանի բնակչությունը գլխովին բնաջնջվել է (Սիլվանի գավառում էր Նփրկերտը՝ Մարտիրոպոլիսը, հայկական աղբյուրներում՝ Մարտիրոսաց քաղաքը. Նփրկերտի գավառը հնագույն շրջանից ի վեր Ծոփքի թագավորության մեջ էր, ն.թ.ա 94-93 թվականներին Տիգրան Մեծը միացրեց Մեծ Հայքին):

    Գեղամ Մ. Բադալյանն իր՝ «Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ Եղեռնի նախօրեին» ուսումնասիրության մեջ, զանազան աղբյուրների տվյալների հիման վրա քննարկել է Տիգրանակերտի նահանգի (Դիարբեքիրի վիլայեթի) իրավիճակը և գրել.

    «Մարդինում թուրքական իշխանությունների սանձազերծած հակահայկական
    և ընդհանրապես հակաքրիստոնեական գործողությունները թափ առան 1915 թ. գարնան վերջից:
    Հունիսի առաջին տասնօրյակին նախօրոք հորինված կեղծ մեղադրանքներով բանտ նետվեցին հայ և ասորի առավել ազդեցիկ ավելի քան 800 գործիչներ, որոնց ոչնչացրին Մարդինից շուրջ 8 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Այն-Ամարո աղբյուրի շրջակայքում (պատմական Զարզավան բերդի մոտ):
    Նահատակվածների մեջ էր նաև Իգնատիոս եպս. Մալոյանը: Դրան հետևեցին
    քաղաքի հայ բնակչության համատարած աքսորն ու բնաջնջումը:
    Դոմինիկյան միաբան Ժակ Ռետորեի տվյալներով՝ կոտորածին զոհ գնաց Մարդինի հայերի 97 %-ը:
    Գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց Թիլ-Արմենի և Դարայի հայ բնակչությունը»…

    3.000 տարվա վաղեմություն ունեցող ամրոցի մոտակայքում գտնված՝ Եղեռնի բազմաթիվ
    զոհերին անդրադարձող՝ Արթուր Հակոբյանի հեղինակած մի հոդվածում կարդում ենք.

    «Ոսկորների իրական տերերի մասին հայտնի է դառնում, երբ ուշադրություն ենք դարձնում 1915-ին Դիարբեքիրի հատվածում տեղի ունեցած կոտորածների վերաբերյալ պատմություններին։

    Հենց այդտեղ էլ հիշատակվում է Զերզեւանի ամրոցը որպես շրջակայքի հայերի կոտորածի վայր։

    Բազմաթիվ վկայություններ կան, թե ինչպես են խմբերով հայերին տարել Զերզեւանի ամրոց եւ կոտորել, իսկ դիակները նետել ամրոցի խորշերը եւ շուրջը գտնվող քարանձավները։

    Հայտնի է, որ Զերզեւանում տեղի ունեցած կոտորածներից միայն մեկին է հաջողվել փրկվել։

    Թուրքերը նրա վրա կրակելուց հետո կարծել են թե նա մահացել է եւ նետել են Զերզեւանի հորերից մեկը, սակայն ավելի ուշ նա վիրավորված կարողացել է դուրս գալ եւ իր տեսածը պատմել է միայն մոտ բարեկամներին»։

    Դանիել Վարուժանի նման, «Նոր սերնդի կարմիր, կարմիր կակաչների սպասումով»՝

    …«Ո՛չ, հանուն հայ մռունչներուն,Թափված արյունն անմեղին չի՛ մեռնիր. Ո՛չ…Վաղն հողը դուրս պիտ’ պոռթկաԱրևուն տակ հասկեր առլի, կյանք մը նոր»…

    Դ. Վարուժանի «Վաղվան բողբոջներ»

    Ի հեճուկս անցյալի ողբերգական դեպքերի, ի հիշատակ մեր բոլոր անմեղ զոհերի՝
    Բոցափայլ արշալույսներ՝ ներկայիս ու գալիքի Բոցավառ ու Պայծառ Հայորդիներին…💥

    Հ.գ. Ինչպես Գ. Սրվանձտյանն է հիշեցնում՝ մեր Հայրենիքի խորհրդավոր տեղանուններն անձի կամ իրադարձության հեռավոր պատմությունն են պարփակում և հարատևելով՝ այն մեզ փոխանցում՝ «մագաղաթներից ավելի տոկուն և անջինջ մատեանի նման»:

    Անձնանունները՝ նույնպես:

    Ուստի՝ նորածինների անուններն ընտրելիս, ոչինչ չասող , ոչ մի «պատմություն չպատմող» անունների փոխարեն մեր նախնյաց փառաբանենք…😊💥

  • «Ի  ԿԱԹՈՒԱԾ ՇՈՂՈՅ  ՆՈՐԱ  ՀՈՒՐ  ԾՆԱՆԻ»…

    «Ի ԿԱԹՈՒԱԾ ՇՈՂՈՅ ՆՈՐԱ ՀՈՒՐ ԾՆԱՆԻ»…

    «Ի ԿԱԹՈՒԱԾ ՇՈՂՈՅ ՆՈՐԱ ՀՈՒՐ ԾՆԱՆԻ»…

    Զարզեվանից հայտնաբերված ճրագներ
    Զարզեվանից հայտնաբերված ճրագներ

    «Նրա (Արեգակի) շողերի կաթումից (շիթերից, ճառագայթներից) Հուր է ծնվում»…

    Ա. Շիրակացի, 7-րդ դար

    ՀՐԱԶԴԱՆ, ՄԵՐ ՆԱԽՆՅԱՑ՝ ՓՌՅՈՒԳԻԱԿԱՆ (ՄԻՀՐԱԿԱՆ) ԳԴԱԿՆԵՐ, ՇՈՂԱՁԻԹ… (Հուրն իր խորհրդանիշով՝ ամենուր է)…

    Ժամանակակից գիտության, փիլիսոփայության պատմության սաղմերը վաղնջական շրջանի հավատալիքներում են:

    Մարդկային մտածողության նախնական ձևերն այլաբանորեն արտացոլող դիցաբանական պատումներու՛մ են հետագայում զարգացված տեսությունների ակունքները:

    Նկատենք, որ հին առասպելները հիշատակելիս Խորենացին նույնպես շեշտում է նրանց այլաբանական իմաստը:

    «Եւ ընդէ՞ր սա գտակ հրոյ, և կամ Պրոմեթէոս գողացեալ առ ի յաստուածոցն զհուր և շնորհել մարդկան,- որ է այլաբանութիւն,- ոչ բերէ ասել կարգ բանիս» (Խորենացի, 1, 7, էջ 27):
    Նույնը՝ «յիշելով այլաբանաբար» Արտաշեսի, Աժդահակի պատմությունը, «Երգ վիպասանացն»՝ «զրոյցն այլաբանութիւն»…

    Հնուց ի վեր սրբազան արարողությունների ժամանակ կարևորագույն դեր ունեցող Կրակի ծիսական կիրառումն այսօր էլ հարատևում է մեզանում (Տրնդեզ, Ճրագալույց…):

    «Արևի Երկիր Հայաստանը»՝ երբեմնի «Հուրի Երկիրը»՝ Նաիրին՝ «Հուրի-Միտանին», «Հուրի-Բիայնին», ասվածը հավաստող բազում վկայություններ է պահպանել մինչ օրս:

    Տիեզերածին ուժերով օժտված դիցերն իսկ իրենցում կրում էին կրակի հատկությունները՝ Փայլակ, Շանթ անուններն արդեն բավականին խոսուն են, ինչպես և Հուրհեր, Արեգակ աչքունքով Վահագնը (չմոռանանք մեր էպոսի Կայծակնածին, Կայծակնաթուր հերոսներին՝ Թուր Կեծակին ձեռքներին…):

    Եգիպտական հիերոգլիֆներում կրակի խորհրդանիշը կապված էր կրակի հրափայլ ցոլքի գաղափարի հետ, ինչը նաև մարդու մարմնի ջերմության՝ հետևաբար նաև կյանքի ու առողջության սկզբունքներին էր համադրվում (նույն՝ Հուրի արձակած Լույսի իմաստով էր ըմբռնվում նաև Շանթը, Փայլակը, Կայծակը):

    Ալքիմիայում կրակի խորհրդանիշը դեպի վեր պարզված եռանկյունին է:

    Հնագույն շրջանից ի վեր համարվում էր, որ կրակը փոխակերպման գործոն էր, քանզի հավատում էին, որ ամեն ինչ կրակից էր ստեղծվում և վերադառնում դեպի կրակը:

    Տարերքներին անդրադառնալով՝ Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» երկում նշում է, որ տիեզերածին չորս տարրերն ինքնին, առանձին վերցրած խաթարում են միմյանց, բայց միմյանց հետ համադրվելով՝ օգտակար են դառնում (ինչը և անվանվում է «Գաղտնի զորություն»):

    «Արեգակն թէ բարի է, և առանց օդոյ խառնւածոյ այրիչ և ցամաքեցուցիչ է…» (Ե.Կողբացի, «Եղծ աղանդոց», էջ 10, մեջբերված՝ Արուսյակ Թամրազյանի՝ «Թիվը՝ որպես տեսության և ստեղծագործության հիմք. Անտիկ ավանդույթի արտացոլումն ու վերակերպումները Հայ միջնադարում» ուսումնասիրությունից):

    Հուրի՝ Արևի Երկիր Հայաստանի հնագույն հնավայրերով հարուստ մի ավազանով է անցնում Արաքսի ձախակողմյան վտակը՝ Հրազդան գետը:

    Իր բազմադարյա գոյության ընթացքում այն զանազան անվանումներ է ունեցել՝ Զանգու, Իլդարունի, Հայոց Հրազդան, Հուրազդան, Հուրաստան…(համաձայն «Հայաստանի և հարակա շրջանների տեղանունների բառարանի»: «Հուրաստան»՝ «Հուրի Երկիր»…):

    «Արշալոյսը ոչնչացնե գիշերվա չարքերին»…
    Այգաբացն իր Լույսով Կյանքի, Բարու ավետաբերն էր…

    Հնագույն շրջանից ի վեր, ծիսակատարությունների ժամանակ և կենցաղում, լուսավորության համար, նաև (ու, հատկապես) որպես Կրակի, Լույսի խորհուրդ, զանազան ճրագներ են գործածվել:

    Թանկարժեք ու կիսաթանկարժեք մետաղներից (ոսկուց՝ «յօթն, ճրագարան ոսկի», արծաթից՝ «ջահիւք և լապտերօք արծաթեօք», բրոնզից, պղնձից, երկաթից), նաև՝ կավից պատրաստված շողաձիթների հիշատակություններ են պահպանվել տարբեր ժամանակների գրավոր աղբյուրներում, որոշ նմուշներ հայտնաբերվել զանազան հնավայրերի պեղումներից…

    Կրակի ցոլքը խորհրդանշող եռանկյունաձև՝ բրգաձև ճրագավառներ են հայտնաբերվել ներկայիս Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև՝ Արևմտյան Հայաստանում՝ Տիգրանակերտից ոչ հեռու գտնվող՝ Զերզեվանի ամրոցում՝ Միհրի տաճարի մոտ (լուսանկարները՝ ստորև):

    Հնուց Ծոփքի Հայկական իշխանության այս կենտրոնում, համաձայն Խորենացու՝ ն.թ.ա 6-րդ դարում Հայկազունի կամ Երվանդեան Տիգրանն է կառուցել քաղաքի ամրությունները (Հայ պատմագրության մեջ Ամիդ անունով է հիշատակվում նաև. չշփոթել Տիգրան Բ-ի՝ ն.թ.ա 70-ական թվականներին կառուցած՝ Աղձնիքի Տիգրանակերտի հետ (Մարտիրոպոլիսը) ):

    Մոտ 5,7 հեկտարի վրա տարածվող՝ վերգետնյա և ստորգետնյա շինություններով հարուստ Զերզեվանի ամրոցը, որը մինչև 1960 -ականները կիրառվել է քաղաքացիական նպատակով, 2014 թվականից սկսած պեղումների արդյունքում վերածվել է տուրիստական մեծ կենտրոնի (մասնակիորեն է հասանելի):

    21 մետրանոց աշտարակից, 3 հազարամյակից ի վեր չկիրառված ստորգետնյա գաղտնուղիներից բացի, Միհրի՝ նույնպես գետնափոր, 1.700 տարուց ավելի վաղեմության տաճարի մոտ՝ մինչև 4.00 մարդ տեղավորող թաքստոցում և բազմաթիվ այլ կառույցներում պատմության՝ առայժմ չբացահայտված էջերն են…

    Առեղծվածային քողով պատված Միհրականության՝ հազվագյուտ պահպանված այս մեհյանն ուշագրավ է իր բացառիկ չափերով նաև…

    Արեգակի Լույսը խորհրդանշող Ճրագի լույսին անդրադառնալով, Մանուկ Աբեղյանը գրել է.
    «Ճրագը մի սուրբ առարկա է, որով երդվում են, և ունի նույն հալածող ազդեցությունը, ինչ արեգակի լույսը, ուստի ճրագի լույսը մարելիս հատուկ աղոթք են անում, ոչնչացնում չարքերին. «Կրակը մարեցավ՝ չարը խափանեցավ»…(մեջբերումը՝ Ն. Հակոբյանի ներքոհիշյալ ուսումնասիրությունից):

    Ի փառս մեր՝ ժամանակակից շնորհաշատ բրուտների նշենք, որ հնագույն ավանդույթները միջնադարում շարունակող Հայ արհեստավորների համբավն ու հռչակը տարածված էր Երկրի սահմաններից հեռու:

    Ինչպես Նյուրա Հակոբյանն է հիշատակում արաբ ճանապարհորդ Իբն Ի Բատուտայի խոսքերն իր՝ «Լուսավորության միջնադարյան կավակերտ միջոցները» ուսումնասիրության մեջ, «Արզանջա (Երզնկա) քաղաքում կան պղնձի հանքեր, որով շինում են բայսուսներ (աշտանակներ)»:
    Եռոտանի աշտանակների վերևում պատրույգով վառվող ճրագներն էին…

    «Ճրագ եօթնաջահեան վառեալ՝
    Յանշիջող ջահէն իջման» (Տաղ.)

    Լուսավորելը, Լույս սփռելը համահունչ էր և Արդարության, Իմաստնության, Գիտության տարածմանը (Գիշերվա խավարը ցրող Այգաստղի՝ Արուսեակի, Արդար Արեգակի մասին խոսել ենք նախորդ գրառումներում):

    «Ճրագդ վառ մնա», սիրելի՛ ընթերցող… 😊
    Լուսափայլ ու Լուսավառ օրեր մեր Երկրին ու ամենքիս…😊
    Ինչպես մեր նախնյաց արքայական հրովարտակներում էր հնչում՝ «Ողջ լերուք ի դիցն աւգնականութենէ»…
    Նաև՝
    «Ողջ լերուք, եւ մեք մեզէն ողջ եմք»…😊💥

    Զարզեվանի ամրոցի փլատակները
  • ՁՈՒ… ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁՈՒ ԵՎ՝ ԶԱՏԻԿ…

    ՁՈՒ… ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁՈՒ ԵՎ՝ ԶԱՏԻԿ…

    ՁՈՒ… ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁՈՒ ԵՎ՝ ԶԱՏԻԿ…

    Կյանքի հավերժական Վերածնունդի խորհրդանիշ Ձուն հնագույն բազմաթիվ քաղաքակրթություններում (Հայոց մոտ, քաղդեացիների, եգիպտացիների, հույների, հնդիկների, չինացիների, ճապոնացիների… մոտ) նաև Քաոսից հետո կանոնավորված Տիեզերքի խորհրդանիշն է:

    Վաղնջական ժամանակներից հայտնի դիցաբանական պատումներում, առասպելներում Արարչագործչությունը Զատումին է համարժեք՝ Լույսը՝ Խավարից, Ցամաքը՝ Ջրից, իգականն՝ արականից…

    Հայոց պաշտելի՝ Այգաբացի՝ Արշալույսի Լուսաբեր Աստղը (Աստղիկը)՝ Լույս բերողը, Խավարից էր բաժանում-զատում և Արեգակի ճառագայթները լուսավորում էին Երկիրը…

    «Ձու՝ Կիթ հաւուց և թռչնոց, լողակաց և զեռնոց, ուստի ձագն ծնանի»,- կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում:

    Այսինքն՝ ցամաքում, օդում, ջրում ապրող տարբեր կենդանիներից (հավ, թռչուն, լողացող, զեռուն) ստացվածը՝ կիթը (ձուն), որից ձագն է ծնվում…

    Ձուն նաև Տիեզերքի ծնունդի մասին այլաբանորեն պատմվող հնագույն զանազան դիցաբանություններում է (Ձվից էր Տիեզերքը ծնվում)…

    Հին հունական դիցաբանության մեջ Տիեզերածնությանն առնչվող պատումներում Համաշխարհային Մեծ Դիցուհին՝ Եվրոնիմեն, սկսում է Օվկիանոսն ստեղծել ու նրա վրա պարել (այլաբանորեն ասված):

    Այնուհետև, «Հյուսիսային Քամու» հետ ձևավորում է Օփիոն Օձին, որի հետ միավորվելով (բեղմնավորվելով)՝ աղավնու տեսք ստանալով՝ ծովի ալիքների վրա Ձու է ածում:

    Օփիոնը, յոթն անգամ փաթաթվում է Ձվի շուրջ և, այն կոտրելով՝ ծնունդ տալիս գոյություն ունեցող ամեն ինչի…

    Քուրմ Յարութ Առաքելեանի պարզաբանմամբ և իր խոսքերով՝ «Լույսի Հաղթանակը խորհրդանշող Զատիկը Հայոց մեջ նշվում է Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին:

    Գունավոր ձվերով խաղերից բացի, Ձուն նաև տան ներսում էր պահվում, սովորաբար մուտքից ներս, որը չար աչքերից էր պաշտպանում տունը (չարխափան նշանակություն ուներ):

    Ազգային ընկալումներում խորհրդանշական մեծ իմաստ կրող Ձուն «Արամագի» մոգաց ավանդության մեջ է կիրառվում նաև՝ «մարմինը ձվով շոյելով»՝ չարքն ու բացասականը խորհրդանշական կերպով ձվի մեջ հավաքելով՝ ջրի ամանում է կոտրվում ու ձերբազատում-մաքրագործում մարդուն…»:

    Գիտության արդի տեսություններում՝ Պայթյունից առաջ (Big Bang) Տիեզերքը ձվի տեսքով միջուկում էր խտացված…

    Ուրեմն, գունազարդ ձվերով տոնախմբությունների վարժված Հայոց համար Կյանքի, Արարման առաջին իսկ պահի հետ նույնացվող Ձուն Կյանքի, Ծնունդի ու Վերածնունդի իմաստն ուներ՝ անհիշելի ժամանակներից ի վեր, քրիստոնեությունից հազարամյակներ առաջ դեռևս ու Զատիկը՝ Տիեզերածին, Կյանքն Արարող Զատումն էր…😊

  • «ՈՐՊԷՍ ԳՈՐԾԱՍԷՐ ՄԵՂՈՒ…» ԿԱՄ՝ «ԱՆԳՈՐԾ ՄԵՂՈՒ՝ ԼԱՎ Է, ՔԱՆ ԶԺԻՐ ՊԻԾԱԿ»

    «ՈՐՊԷՍ ԳՈՐԾԱՍԷՐ ՄԵՂՈՒ…» ԿԱՄ՝ «ԱՆԳՈՐԾ ՄԵՂՈՒ՝ ԼԱՎ Է, ՔԱՆ ԶԺԻՐ ՊԻԾԱԿ»

    «ՈՐՊԷՍ ԳՈՐԾԱՍԷՐ ՄԵՂՈՒ…» ԿԱՄ՝ «ԱՆԳՈՐԾ ՄԵՂՈՒ՝ ԼԱՎ Է, ՔԱՆ ԶԺԻՐ ՊԻԾԱԿ» (Եզնիկ Կողբացի «Եղծ աղանդոց»)

    Հնագույն բազմաթիվ մշակույթներում առանձնահատուկ դեր ու իմաստ ունի Մեղուն՝ Մայր-Դիցուհու խորհրդանիշներից մեկը (Հայկական Լեռնաշխարհից, Հին Եգիպտոսից, Հունաստանից մինչև Ֆրանսիա և այլուր…):

    Որպես «երկնային պարգև»՝ Բնության հրաշքով մեղուների կողմից արարվող մեղրը վաղնջական ժամանակներից ի վեր գործածվում էր որպես սնունդ, ըմպելիք և սպեղանի…
    Հռոմեացի պոետ Վերգիլիոսը (ն.թ.ա. 70-19թթ.) գրում էր, որ մեղրը երկնային պարգև է և պարունակում է աստվածային իմաստնության մի մասը…

    Աշխատասեր ու ժրաջան մեղվի դերն անփոխարինելի է մարդկանց ու ողջ երկրագնդի կենսահամակարգի ներդաշնակ գործունեության համար:

    Փեթակի շուրջ՝ 5 կիլոմետր շառավղում յուրաքանչյուր մեղու օրեկան մոտ 2.000 ծաղիկ է «այցելում»՝ նպաստելով նրանց փոշոտմանը, խաչասերմանն ու բազմացմանը:

    Հիշենք, որ բույսերի մոտ 80 տոկոսի համար անհնար է միայն օդի միջոցով վերարտադրումը:
    Հետևաբար, իրավացի են բնապահպանները, որոնք փաստում են, որ մեղուների անհետացումը ողջ մարդկության գոյությունն է վտանգում…

    Փչակներում, քարայրներում ու ժայռերում կամ փեթակներում ապրող մեղուների կենսագործունեության նյութերը՝ ծաղկափոշին, մեղվակաթը, ակնամոմը… նույնպես կարևոր նշանակություն ունեն մարդու համար՝ անհիշելի ժամանակներից ի վեր…

    Բնական ակտիվ տարրերով հարուստ այդ բաղադրիչները ողջ օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, հիվանդությունների կանխմանն ու բուժմանն են նպաստում:

    Մեղրամոմի՝ մեղրով լիքը բջիջները, մեղրահացը, որը «խորիսխ» է կոչվում, վաղուց է կիրառվում ու բազմիցս է հիշատակվում Հայոց մեջ («…Ու վայրենի մեղուների խորիսխն ազնիվ կհաւաքէր, կուտէր Մհեր…»):

    «Մեղուաց վեցանկիւն մաղը՝ մոմակերտ ծակոտկեն պանն, որ և Բջիջ, որպէս և մեղրալիցն կոչի Խորիսխ»…
    «Գործասէրն մեղու աշխատի՝ առնելով ի մաղսն զվեցանկիւնսն»… («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

    Մեղրահացի «վեցանկյուն բջիջներում» ծաղիկների նեկտարից պատրաստվող մեղրի «մշակներն» ուշագրավ են իրենց խմբակային-կազմակերպչական հզոր ձիրքով նաև՝
    երեք խմբերի հստակ դասակարգմամբ՝ Մայր Մեղու, բոռեր և աշխատող մեղուներ:

    Աշխատավոր մեղուների միջև աշխատանքի խիստ բաժանում կա:

    Մի մասը նեկտարն ու ծաղկափոշին է հայթայթում-բերում փեթակ, մյուսներն այն լցնում են մեղրահացերը, որոնց մաքրելով մեղուների մի այլ խումբ է զբաղվում:

    Որոշներն էլ՝ իրենց թևերի թափահարումով փեթակի օդափոխությունն են ապահովում:

    Հատուկ մի խումբ՝ փեթակի մուտքն է հսկում՝ իրենց «բնակավայրը», «ցեղակիցներին» ու իրենց սնունդը պաշտպանելու նպատակով (մարտնչելու պատրաստ), մի ուրիշը՝ թրթուրներին կերակրում:
    Բնի պաշտպանությանը չմասնակցող արուների՝ բոռերի միակ պարտականությունը Մայր Մեղվին բեղմնավորելն է…

    Միայն Մայր Մեղուն է, որ ոչ մի աշխատանք չի կատարում:Ավելին՝ մշտապես հոգատարություն է պահանջում…

    Եվ՝ իրավացիորեն…😊

    Քանզի նա միակն է, որ փեթակում ձվեր է դնում՝ Կյանք պարգևողն է…😊

    Չափերով մյուս՝ աշխատավոր մեղուներից ավելի մեծ Մայր Մեղուն իր ողջ կյանքի ընթացքում միայն մեկ անգամ է ելնում փեթակից՝ իր «բեղմնավորման թռիչքի» համար՝ իր կյանքի սկզբում՝ մայրաբջջից դուրս գալուց 5 -7 օր հետո:

    Ու այդ միակ թռիչքը բավական է հետագայում օրական մոտ 2.000 ձու ձվադրելու համար (գրեթե մեկ րոպեում՝ մեկից ավելի):

    Ի տարբերություն մյուս՝ աշխատավոր մեղուների 5-6 շաբաթ տևող կյանքի (մոտ 26-40 օր), որը ոչ ակտիվ՝ ցուրտ շրջանում՝ 6-7 ամիս է, Մայր Մեղուն ապրում է մինչև 4-5 տարի:

    Մարդկությանը հայտնի հնագույն դիցաբանական տեքստերում արդեն հիշատակվում է աշխարհիս ամենաաշխատասեր միջատը՝ մեղուն (խեթական տեքստերից հայտնի՝ «Թելիպինուի պատում»-ում Մայր դիցուհին մեղվին է ուղարկում հեռացած Թելիպինուին գտնելու…):

    Մեղուների կազմակերպված-խմբակային գործունեությունը հետագայում բազմիցս համեմատվել է հասարակության մեջ մարդկանց աշխատանքի բաժանման սկզբունքի հետ («Ստեղծանելով իբրու խորսխով մեղուաց զքաղաք և զքաղաքացիս» (Պղատոն, Օրին., գ. — «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

    Հռոմեացի գիտնական Վարոնը (ն.թ.ա 116-27թթ.) ասում էր, որ «Մեղվից ենք սովորում աշխատել, կառուցել ու ամբարել»…

    Եգիպտոսում փարավոնի գլխավորությամբ երկրի կառավարումը համեմատվում էր Մայր Մեղվի (Թագուհու) ղեկավարությամբ փեթակի գործունեությանը…

    Սնունդից բացի, հնագույն շրջանից ի վեր, մեղրը գործածվում էր զմռսելու, այլ մթերքների պահածոյացման համար…

    Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններում (Սևանի ավազանում՝ Լճաշենում, Նոր Բայազետի շրջանում…) հայտնաբերված ծիսական, պաշտամունքային նշանակության գոտիների, զարդերի, հնագիտական զանազան գտածոների վրա մեղվի պատկերներին ու ժամանակի գրավոր հիշատակություններին է անդրադարձել Ա. Օ. Գասպարյանն իր՝ «Մեղվապահությունը հին և միջնադարյան Հայաստանում» ուսումնասիրության մեջ, ուր խոսում է նաև մեղուների՝ դեռևս 2,000 տարի առաջ՝ «պաշտպանական նպատակով» օգտագործման մասին…
    Մեջբերենք՝

    «Մեղուն պաշտպանական նպատակով հայերը օգտագործել են երկու հազար տարի առաջ՝ նրանց գազազացրել և բաց են թողել թշնամու զորքերի մեջ, վերջիններիս մատնելով անասելի խուճապի:

    Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Տիգրան Մեծի բարեգործությունների մասին, նշում է, որ նա երկրին բերեց խաղաղություն և շենություն, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով:

    Ներկայացնելով Տիգրանի արտաքինը, Խորենացին նրան բնորոշում է մեղվահայաց և մեղվակն մակդիրներով» («քաղցրահայաց», Կ.Ա.):

    Ժամանակի գրավոր աղբյուրների հիշատակմամբ, հեղինակը գրում է՝

    «Հույն պատմագիր Քսենոփոնը (մ.թ.ա 431-354 թթ.) վկայում է, թե հույների տասհազարանոց զորքի նահանջի ժամանակ, Հայաստանով անցնելիս, կոլխերի սահմանագծի մոտ, հանդիպել է մեղվի բազմաթիվ փեթակների և որ զինվորներն ուտելով դրանց մեղրից, թունավորվել են ու նմանվել հարբածների»:

    Հիշատակվածը հայտնի «Հարբեցնող կամ թունավոր մեղրն» է, որը պատրաստվում է Կովկասյան լեռներում տարածված մրտավարդի, նաղավարդի և մի քանի այլ բույսերի նեկտարից։
    Այն ունի հարբեցնող հատկություն, որը երբեմն ուղեկցվում է սրտխառնոցով, գլխապտույտով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ (մեղրի թունավոր հատկությունները վերանում են 1 տարի պահելուց հետո)։

    Շարունակենք մի այլ մեջբերմամբ՝

    «Ըստ հույն աշխարհագիր Ստրաբոնի (մ.թ.ա 66թ. — մ.թ.24թ.)՝
    Արևելքի որոշ երկրներում մեղուները ծառերի բների և ճյուղերի մեջ փեթակներ են շինում, և մեղրը տերևների վրայով հոսում է, այդ երկրներից նա հիշատակում է Վրկանը, Մարաստանը, Շակաշենը և Արաքսենը՝ Հայաստանը:

    Ստրաբոնը վկայում է նաև, որ այս երկրների ժողովուրդներից հայերը, խալդերը, տիբերը, սաները և հեպտակոմետները շշմեցնող մեղրը օգտագործել են թշնամու զինվորներին ոչնչացնելու համար.«Տեղի բնակիչները ծառերի չբացված բողբոջներից ստացված շշմեցնող մեղրով լիքը լցված ամաններ են դրել ճանապարհի եզրերին՝ երբ զինվորները խմել են այդ մեղրը, կորցրել են գիտակցությունը: Ապա տեղացիները հարձակվել ու առանց դժվարության սպանել են նրանց:

    Հռոմեական պատմիչ Դիոդոր Սիցիլիացին (մ.թ.ա 1-ին դար) վկայում է, թե Հայաստանում կան թևավոր միջատներ, որոնց տեղացիք «Անտրեդոն» են կոչում, և, որոնք իրենց՝ սիցիլիացիների մեղվից փոքր են, բայց շատ օգտակար:

    Դրանք լեռների տարբեր ծաղիկներից հյութ են հավաքում, տեղափոխում քարածերպերի ճեղքերը, լցնում մոմերի մեջ և պատրաստում հիանալի քաղցր մեղր:

    Սիցիլիացին հավաստում է նաև, որ Հայաստանում հանդիպել է այնպիսի բարեբեր, մրգառատ վայրերի, որոնց բնակիչները բախտավորներ են:
    «Ժողովուրդը բախտավոր է, երկիրը՝ մրգառատ, հողը՝ բերրի, հացը՝ առատ: Ասում են՝ խաղողի մի թուփը տալիս է 3 դույլ գինի:Այստեղ աճում է կաղնու նմանվող մի ծառ, որի թփերից առատորեն մեղր է հոսում»:
    Սա հենց գազպեն է, որի մասին հիշում են նաև Փավստոս Բուզանդը, Զենոբ Գլակը և ուրիշներ»…

    (Մի առանձին գրառմամբ անդրադարձել ենք «Դրախտային Երկրի բարիքներին»՝ Գազպեն մեղրացողն է՝ ծառի տերևները բարակ շերտով պատող քաղցրահամ կպչուն հյութը):

    Մեր նախնյաց կողմից գործածված, չափազանց գնահատված, հազարամյակների խորքից եկող մի խմիչք՝ Մեղրով ու թորած ջրով (խմորմամբ) պատրաստվող օշարակը՝ Մեղրաջուրը՝ Մեղրօղին (Մեղրի օղին՝ Hydromel), որի բաղադրությունը հիշատակել է Արիստոտելը՝ ն.թ.ա 4-րդ դարում, ավանդաբար շարունակվում է պատրաստվել ու հարատևել՝ Հայոց հնագույն ուսմունքի հետ միասին, Հայկազունների ներկայիս շառավիղների շնորհիվ (առանձնահատուկ շնորհակալություն ձեզ՝ Քուրմ Միհր Հայկազունի և Քուրմ Յարութ Առաքելեան):

    Քուրմ Յարութ Առաքելեանի հավելմամբ հիշեցնենք, որ, իր խոսքերով, «դեռևս ն.թ.ա 596 թվականից Քուրմ Հարութի և իր պատգամախոս Մարութի հիմնած «Արամագի» (հին հայերենով՝ «Կատարյալ» իմաստով) Մոգաց դպրոցն ու միաբանությունը, հալածանքներից զերծ մնալու նպատակով, հետագայում կրել է «Սարմագ» կամ «Սարման» անունը նաև, որը հնում «Մեղու» իմաստն ուներ:Մի շրջանում էլ այն գործել է «Նեկտար» անունով և սաներին «Նեկտարյաններ» էին կոչում»:

    Բարեբախտաբար, այսօր Հայաստանում հիմք է դրվել «Արամագի» հնագույն դպրոցի Վերազարթոնքին…😊

    Հայոց մեջ հազարամյակների խորքից եկող՝ «Մեծ Մոր» պաշտամունքը Անահիտի կերպարում էր մարմնավորվում հետագայում:

    Ագաթանգեղոսը, հիշատակելով Հայոց դիցերին, նշում է «Մեր ազգի փառք ու կենսատու Մեծ Անահիտ Տիկնոջը», «Արգասավորության և մայրության անբիծ ու անարատ» «Մեծ Անահիտին, որով ապրում և կենդանություն ունի Մեծ Հայոց Երկիրը» (գլ. Զ,68, էջ 47):

    Հունական մշակույթից հայտնի են Արտեմիսին խորհրդանշող՝ մեղվի պատկերներով բազմաթիվ գտածոներ (լուսանկարները՝ ստորև):

    Անահիտ-Արտեմիս աղերսները խորը արմատներ ունեն և հունական, հռոմեական աղբյուրներում, ինչպես նաև հայ մատենագրության մեջ՝ միջնադարյան պատմիչների երկերում, հաճախ նույնացվել են իրենց գործառական իմաստով ու խորհրդանիշների ընդհանրություններով (Է.Պետրոսյանը բազմակողմանի և մանրամասն դիտարկել է Արտեմիս-Անահիտ աղերսները):

    Հին Եգիպտոսում Նեիթի գլխավոր տաճարը հայտնի էր «Մեղվի բնակավայր» անվամբ:

    Հունաստանում «Մեծ Մոր» խորհրդանիշ դիցուհին հաճախ «Մայր Մեղու» է կոչվել՝ «Melissa» (Թագուհի):

    Դելփիքի՝ գուշակությունների պատգամախոս-քրմուհին «Դելփիքի Մեղու» էր անվանվում:
    Ավանդույթի համաձայն, Հին Աշխարհի՝ գուշակությունների կարևոր այս կենտրոնի տաճարը մեղուներն են կառուցել…

    Մեղուներ էին պատկերվում Արտեմիսի քանդակին ու մեղուներով զարդարում նրա տաճարը (Հին Աշխարհի «7 Հրաշալիքներից» էր ն.թ.ա 550-ին կառուցված՝ Արտեմիսի տաճարը Եփեսոսում, ներկայիս՝ Իզմիրից մոտ 50 կիլոմետր հարավ, որի խորհրդանիշն էր Մեղուն)…

    Գուշակ-պատգամախոս «Մեղու-քրմուհիներն» իրենց զգացականությունն ավելի ուժեղացնելու նպատակով գործածում էին այսպես կոչված՝ «թունավոր մեղրը», որին նաև «կանաչ մեղր» էին ասում (այն զտված չէր՝ նրանում ջրային նյութերը գոլորշիացված չէին և ավելին էին՝ գրեթե 50-70 տոկոս, մինչդեռ սովորականում՝ մոտ 17,4 տոկոս են):

    Քուրմ Միհր Հայկազունու ուշագրավ հավելմամբ նշենք նաև, որ «Միհրականության մեջ հատուկ ծիսական խորհուրդ ունի Մեղրը, ինչպես և՝ նրանից պատրաստվող Գինին (և ոչ՝ «օղին», ինչպես նշվում է բառարաններում)»:

    Որպես ճշգրտում — հիշեցում ակնարկենք, որ «քրմուհի» եզրույթը գործածվում է պայմանականորեն, քանզի կանայք նույն գործառույթը չունեին՝ ինչ Քրմերը…

    Մարդկանց ներդաշնակ համագործակցության, աշխատանքով ստեղծվող բարիքի ու առատության, ընտանեկան բարօրության՝ «քաղցր ու անուշ» հարաբերություններն ապահովելուն նպաստող նշանակությունն ունի ցայսօր էլ Հայոց հարսանեկան ծիսակարգում սկեսրոջ կողմից նորապսակներին մեղր հրամցնելու սովորույթը՝ որպես «մեղրի նման քաղցր կյանքի» մաղթանք կամ՝ նորածնի բերանը խորահրդանշական իմաստով մեղրի կաթիլով քաղցրացնելը, մեղրի պարգևած ուժ ու եռանդի համար՝ «Մեղրամիսը» մեղրով համեմելը…

    Ինչպես Հայոց մեջ հարսանեկան արարողությունների ժամանակ էին երգում-գովերգում «Արդար մեղվին»՝

    «Գնացէ՛ք, բէրէ՛ք արդար մեղուն,Որ գայ, գովէ՝ հա՜յ, ծառս ու ծաղիկ»…😊💥

    Կարնակի տաճարի բարձրաքանդակ՝ Մեղվի և Եղեգի պատկերով (Ներքին և Վերին Եգիպտոսների խորհրդանիշները)  L’abeille et le roseau, symboles de la Basse et de la Haute Egypte. Temple de Karnak.
    Կարնակի տաճարի բարձրաքանդակ՝ Մեղվի և Եղեգի պատկերով (Ներքին և Վերին Եգիպտոսների խորհրդանիշները)
    L’abeille et le roseau, symboles de la Basse et de la Haute Egypte. Temple de Karnak.

    Իսպանիայի քարայրներից մեկում՝ վայրի մեղրի հավաքման տեսարան՝ ն.թ.ա 5.000-10.000 տարվա վերագրվող
    Grotte de Cueva de la Araña (Espagne). 5 000 à 10 000 ans avant JC

    Մեղուների և փեթակի պատկեր՝ միջնադարյան բժշկական աշխատությունից

    Abeilles et ruches Tacuinum Sanitaris, ouvrage médical du moyen âge.

    «Օմֆալոս» (Omphalos) կոչվող քարը (գուշակությունների համար էր գործածվում, դիցաբանական երկար պատմության հետ է կապված)…

    Եփեսոսի խորհրդանիշ Մեղվի պատկերով արծաթադրամ
    Եփեսոսի խորհրդանիշ Մեղվի պատկերով արծաթադրամ
    Կրետե կղզուց հայտնաբերված զարդերից
    Կրետե կղզուց հայտնաբերված զարդերից
    Հունաստանից հայտնաբերված՝ այսօր՝ Փարիզի Լուվրի թանգարանում…
  • ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ… ԱՂԱՎՆԱՏՈՒՆ… ԵՎ՝ ԵՐԿՆՔՈՒՄ ՃԱԽՐՈՂ՝ «ԱՍՏՂԻԿԻ ՏԱՏՐԱԿՆԵՐ»…

    ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ… ԱՂԱՎՆԱՏՈՒՆ… ԵՎ՝ ԵՐԿՆՔՈՒՄ ՃԱԽՐՈՂ՝ «ԱՍՏՂԻԿԻ ՏԱՏՐԱԿՆԵՐ»…

    ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ… ԱՂԱՎՆԱՏՈՒՆ… ԵՎ՝ ԵՐԿՆՔՈՒՄ ՃԱԽՐՈՂ՝ «ԱՍՏՂԻԿԻ ՏԱՏՐԱԿՆԵՐ»…

    ԱՆԻ
    ԱՆԻ

    Զանազան բարբառներով ու բազմաթիվ տարբերակներով հնուց մեզ հասած մի պատմություն՝ «Աղավնու վանքի» մասին մի լեգենդ, սերնդեսերունդ փոխանցվելով, գրառվել է տարբեր ուսումնասիրողների կողմից (1735 թվականին՝ կաթողիկոս Ղազար Ջահուկեցի, Միքայել Չամչյան, Գ. Հովսեփյան):

    Թումանյանի հանճարեղ գրչով վերստին շարադրված այս պատումը Լենկթեմուրի արշավանքների ժամանակ հրաշագործ ծերունուն խոստացված՝ «մի վանքաչափ» ազգակիցների փրկության պատմությունն է, երբ վանք մտնելով՝ հրաշքով աղավնու վերածվելով,, պատուհանից դուրս գալով, կրկին դեպի իրենց լեռներն էին թռչում ու փրկվում հայրենակիցները…

    Երկնային ոլորտի հետ առնչվող թռչունները, վաղնջական ժամանակներից ի վեր, աստվածայինի (հոգևորի) հետ էին համադրվում:
    Պլատոնը Հոգին Աղավնատան հետ էր համեմատում (Théetete,197cd.s), գիտելիքները թռչունների նման են, քանզի «նրանց հետևում ենք (հետապնդում ենք), բռնում և երբեմն՝ բաց թողնում»…

    Հնուց ի վեր Մայր Բնության դիցուհուն (Դեմետրին, ինչպես և՝ Իշտարին, Աստարտեին, Ինանային, Վեներային, Իզիդային), նաև՝ Փրփրածին Ափրոդիտեին վերագրվող աղավնին՝ ավելի ճշգրիտ՝ աղավնու ավելի փոքր ու նրբիրան տեսակը՝ տատրակը, Հայոց մեջ Անահիտի, Աստղիկի խորհրդանիշն էր (Աստղիկը նույնացվում է նաև Արշալույսի Լուսաբեր Աստղին՝ Արուսյակին):

    «Քաղցրախօս ու սրբասէր հաւն այս» «անապատասէր, ամուսնասէր» է որակվում Հայոց կողմից, քանզի «ի բազմաց միաբանուէ և ի խառնից խոյս տայ»:

    Ուստի՝ Հայ միջնադարյան գրականության մեջ, հոգևոր գարնան ավետաբեր լինելուց բացի, մեկնաբանվում է որպես անմնացորդ նվիրումի ու հավատարմության խորհրդանիշ:

    Նարեկացու խոսքերով՝
    «…Սրբասուրբ է հաւն այն (տատրակը, Կ.Ա.). և եթէ դէպ լինի վարուժանին իւր մեռանիլ, ոչ երբեք միաւորի ընդ այլ ումեք ի յիւրոցն մինչև ի վախճանն իւր»…(Սրբասուրբ է այն թռչունը (տատրակը). և եթե իր արուն դիպվածով մահանա՝ մինչև իր վախճանն այլևս ոչ մեկի հետ չի միանում (զույգավորվում) ):

    Անհիշելի ժամանակներից ի վեր, սերնդեսերունդ փոխանցվելով, մեզ են հասել անթիվ պատմություններ, առակներ, ավանդապատումներ՝ կենդանիների այլաբանական դերով ու իմաստով (Եզովպոսից՝ մինչև Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ ու Լաֆոնտեն…):

    2-րդ կամ 4-րդ դարում հունարենով գրված մի աշխատություն է մնացել, որն հետագայում բազմաթիվ լեզուներով է թարգմանվել-ընդօրինակվել (հայերենով հրատարակվել է 1855 թվականին՝ ըստ 14-րդ դարի փարիզյան մի ձեռագրի, նաև 2 այլ ձեռագրեր՝ Վենետիկի Մխիթարյանների կողմից…), վերնագրված՝ «Physiologus», ուր նկարագրվում են իրական ու երևակայական կենդանիներն ու թռչունները՝ իրենց վերագրվող խորհուրդով, այլաբանական իմաստի մեկնությամբ (նման բացատրական տեքստեր են հայտնի դեռևս ն.թ.ա 18-13-րդ դարերի խեթական սեպագիր սալիկներից):

    «Ֆիզիոլոգուսում» գրված է. «եթե տատրակը կորցնում է զույգին, մեռնում է կամ այլևս նոր զույգ չի կազմում» («անապատասէր»՝ առանձնացած, միայնակ կյանք սիրող է, ինչպես վերը նշեցինք):

    Հին ավանդապատումներում, զրույցներում աղավնու, տատրակի կաթով սնված հայտնի կերպարների մասին է հիշվում (Հոմերոսի հաղորդմամբ՝ Զևսին աղավնինիերն են սնել, նույնը՝ Շամիրամի համար է պատմվում …), նաև՝ աղավնու, ծիծեռնակի (թռչնի) փոխակերպված կանանց (հունական պատումներից մինչև հայկական՝ «Ռանչպարի տղան» հեքիաթում…):

    Սովորաբար կաթնասուններին բնորոշ՝ ձագերին կաթով կերակրելու հատկությունը, զարմանալիորեն, հատուկ է նաև տատրակին և աղավնազգիներին պատկանող այլ տեսակներին:

    Եվ նրանց կաթն այնքան սննդարար է, որ առաջին երկու օրում ձագերի քաշը կրկնապատկվում է:
    Հայերենում գործածվում է «Ծիծեռնակի կաթ» արտահայտությունը որպես «խիստ հազվագյուտ, անգյուտ բան»:

    Աղավնու նման, գարնան ավետաբեր ծիծեռնակը ևս, իր ամենամյա չուից վերադարձին՝ վերագտնում է իր նախորդ տարվա բույնը:

    Կյանքի հավերժական Վերազարթոնքը՝ Գարունն ավետող ծիծեռնակը հնագույն բազմաթիվ ծեսերում բեղմնավորման ու բեղունության խորհրդանիշն է:

    Ուշագրավ է, որ հին ֆրանսերենով «ծիծեռնակ»՝ «hirondelle» «aronde» ձևով է գործածվել:
    Հայերենում «Աղավնի» բառը համարվում է բացառություն, սովորաբար «աւ»-ն փոխակերպվում է «օ»-ի (թեև ունենք՝ Աղուն, Աղունիկ ձևը):

    Ֆրանսերենում կարծես թե պահպանվել է «աղավնի-ծիծեռնակ» նույնացման հետքը (ըստ իս):
    «Ծիծեռնակ»-ը «Ծիծառն» էր, որի ստուգաբանությունը Երեմյանը բխեցնում է «Ծիծ առնել» ձևից (ըստ Աճառյանի «Հայերէն արմատական բառարանի»): Ինչպես եղջերավորներին էին հնում անվանում «Եղջեր, եղջյուր» ընդհանուր անվամբ, այնպես էլ աղավնազգիներին, թերևս՝ «Ծիծեռ»՝ «ծիտ ու ծիծեռ»…

    Անմնացորդ նվիրումի ու հավատարմության խորհրդանիշ տատրակի մասին երգվել է և միջնադարում (ինչպես որ սոխակը՝ հավատարիմ վարդին):

    Նաև՝ շատ ավելի վաղ՝ Հունաստանում:

    Հերոդոտոսի վկայմամբ՝ Եգիպտոսից՝ Թեբեից թռած երկու սև աղավնիների հետ է կապված Հին Հունաստանի հայտնի սրբավայրերից մեկի՝ Դոդոնի տաճարի հիմնումը:

    Խորենացու հիշատակած՝ Անուշավան Սոսանվերի մեհյանի նման, Դոդոնում նույնպես սրբազան ծառերի սաղարթների սոսափյունով (կամ զեփյուռի հետևանքով ճյուղերի առաջացրած ձայնով) ապագային վերաբերող գուշակություններ էին արվում:

    Ըստ ավանդության, Թեբեից հասած աղավնիներից մեկը, նստելով կաղնու վրա, մարդկային ձայնով արտաբերել է այդ վայրում (Դոդոնում) Զևսի պատգամախոս-գուշակի տաճարի հիմնադրման անհրաժեշտությունը:

    Նույն ձևով, մյուս աղավնին Լիբիայում՝ Ամոնում, Յուպիտերի տաճարի հիմնումն է հորդորել…

    Փիլոստրատի հաղորդմամբ՝ Դոդոնում կաղնու վրա նստած Ոսկեթև (կամ՝ Ոսկյա) Աղավնու քանդակ կար՝ Մայր Դիցուհուն խորհրդանշող…

    Դոդոնի սրբազան կաղնին նաև բազմաթիվ աղավնիների «նստավայրն» էր, պատգամախոս-քրմուհիները հենց «Աղավնիներ» էին անվանվում:

    Հայոց մեջ՝ «Աստղիկի տատրակների» մասին է հիշատակում Աստղիկ գետի կարկաչով լի Սեբաստիայում ծնված, «հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ թաթախված վրձնով երկնած՝ Դանիել Վարուժանն իր մի բանաստեղծության մեջ.

    «Վայրի կատուի մ’ աչքին հանգունակԹովեց Աստղիկին բոլոր տատրակներն»… («Ադոնիսի մը» բանաստեղծությունից) :

    Թռչունների թռիչքի հետագծի հիման վրա ևս գուշակություններ էին կատարվում:

    «Հաւադէտը (Augur), դիտող զհաւս, զթռիչս և զկեր նոցա՝ առ ի հմայել՝ Հաւադիւթականն (հաւահմայութիւնն)» (Նոր բառգիրք Հայկազեան լեզուի), (Թռչուններին, նրանց թռիչքն ու կերն ուսումնասիրելով կատարվող գուշակություն)…

    «Տատրակը»՝ փաղաքշական իմաստով, որպես «Փոքրիկ, քնքուշ երեխա», ցարդ գործածվում է՝
    «Իմ տատրակիս քունն է եկել. Անուշ ձայնով ըսեմ օրոր»…

    Վարդամատն Աստղիկի տոնին՝ Վարդավառին աղավնիներ թռցնելու սովորույթը հարատևել է մինչ օրս…

    Աստղիկի հետ նույնացվող՝ հունական դիցաբանության մեջ հայտնի սիրո դիցուհու՝ Փրփրածին Ափրոդիտեի պաշտամունքի ծագման հարցի շուրջ բազմաթիվ իրարամերժ կարծիքներ են հնչել 19-րդ դարից ի վեր:

    Գերակշռող տեսակետի համաձայն՝ այն հնագույն Մեծ Մոր պաշտամունքի՝ ժամանակի ընթացքում կերպարանափոխված ձևն է:

    «Ափրոդիտե», ըստ Հեսիոդոսի, հունարենով ստուգաբանվում է «Փրփրուրներից ծնված»՝ Փրփրածին), հետագայում, հռոմեացիների կողմից նա նույնացվեց Վեներայի հետ:
    Նրանց համարժեքը Հայոց մոտ՝ Աստղիկն էր, նաև՝ Անահիտը:

    Ինչպես Ս. Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարանն» է հիշեցնում՝ «Փրփրածին՝ (Ծովի) փրփուրից ծնած, մակդիր Աֆրոդիտէ և Վեներայ աստվածուհու, որին համարում էին ծովի փրփուրից ծնած: (Նույնպիսի աւանդութիւն կար և Հայոց Աստղիկի մասին)»:

    «Ի փրփրոց ծնեալ… Ուստի և անուանեցաւ Ափրոդիտե, որ է Փրփրածին» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

    Ափրոդիտեի պաշտամունքի ակունքները հետաքրքրել էին դեռևս հույն պատմիչ և աշխարհագրագետ Հերոդոտոսին (ն.թ.ա 5-րդ դար):

    Իր բազմահատոր ուսումնասիրության մեջ («Պատմություն», 1, 105), որպես Ափրոդիտեի՝ իրեն հայտնի ամենահին տաճար, նշում է Սիրիայի Ասկալոն քաղաքինը, որից սերում էին Կիպրոսում գտնվողը (ըստ կիպրացիների պատմածի) և Կիթերիայինը (Կիթերիան Պելոպոնեսի և Կրետեի միջև տեղակայված կղզի է):

    Համարվում էր, որ սիրիական Աթարգատիս կամ Դերկետո դիցուհիներն են Կրետե և Կիթերիա կղզիներում նույնացվում Ափրոդիտե Ուրանիայի՝ Երկնային Ափրոդիտեի հետ, ուր նրա հայտնի տաճարներն էին (A.Barguet, «Hérodote…», Փարիզ, 1964-1971):
    Հիշենք, որ ներկայիս Սիրիայի հյուսիսային շրջաններում էին Հուրիական կոչվող մշակույթի (հայկական) կարևորագույն կենտրոնները…

    Ուրեմն, անհիմն է Հայոց դիցերին օտար ծագում վերագրելը, երբ այլոք են իրենց դիցերի ակունքները մեզ մոտ գտնում…

    Ինչպես մեհյաններին պատկանող արոտավայրերում էին պահվում Անահիտ դիցուհու «պիսակավոր երինջները»՝ ճակատներին մեհենական դրոշմով, այնպես էլ՝ Աղավնատներում՝ աղավնիները, տատրակներն էին…

    Եգիպտոսից պահպանված պապիրուսները, ինչպես նաև հին հունական սկզբնաղբյուրները, բազմաթիվ տեղեկություններ են հաղորդում հնագույն Աղավնատների կառուցվածքի մասին (ստորև՝ որոշ լուսանկարներ):

    Արտաքին պատին՝ բարձրության վրա տեղադրված փականքն ապահովում էր սրբազան Աղավնիների անվտանգությունը:

    Դուռը փակելու համար գործածվող հատուկ աստիճանը հեռացվում էր այն կողպելուց հետո՝ անհնարին դարձնելով որևէ անցանկալի ներկայություն (ոչ ոք չէր կարող ներթափանցել Աղավնատուն): Նման շինություններ են պահպանվել ներկայիս Իրանի տարածքում…

    Իրանում գտնվող աղավնատներից մեկից մի հատված...
    Իրանում գտնվող աղավնատներից մեկից մի հատված…

    Ծիսական բնույթից բացի՝ աղավնին օգտակար էր հողագործության մեջ՝ ծերտը հողի պարարտացման լավագույն միջոցներից էր, նաև՝ նրա միսն էր անչափ համեղ ու սիրված…

    Քուրմ Յարութ Առաքելեանի վկայությամբ՝ Պարսկաստանի Եազդ քաղաքի մոտակայքում գտնվող Աղավնատների կենտրոնում հավաքված թռչնաղբը՝ ջրին խառնելով (ջրի հետ բացելով) արտերը պարարտացնելու ավանդույթն այսօր էլ շարունակվում է:

    Սնունդից բացի, աղավնու (տատրակի) միսը որպես ապաքինող միջոց է հիշատակում 5-րդ դարում ապրած՝ հռոմեացի բժիշկ Caelius Aurelianus-ը:

    Աղավնատների խոռոչների նմանությամբ՝ պատերազմական իրավիճակներում (հարձակում, պաշարում…), նաև՝ համաճարակի դեպքում բնակության համար նախատեսված ժայռափոր, ստորգետնյա կացարաններում ևս կանոնավոր խոռոչներով կառուցված «սենյակներ» կան՝ կիրառական այլ նշանակությամբ (ինչպես Անիում, ներկայիս՝ Կայսերիում (խեթական շրջանին վերագրվող՝ հետագայում քրիստոնեության վաղ շրջանում ձևափոխված):

    Պարսկահայաստանում՝ Սալմաստի շրջանում, տեղագրական քարտեզների վրա պահպանված Աղավնու Բերդը, Երևանից ոչ շատ հեռու՝ Աղավնատուն գյուղը կամ մայրաքաղաքի հրաշալի բարձունքում խոյացող Ծիծեռնակաբերդն այլ պատմություններ ունեն պատմելու…

    Իրան
Աղավնատուն՝ Եազդի մոտակայքում
    Իրան
    Աղավնատուն՝ Եազդի մոտակայքում

    1925 թվականին Երևանգէսի շինարարական աշխատանքների ընթացքում բրոնզեդարյան հնագույն բնակավայրի հետքերն ի հայտ եկան Երևանում, Հրազդան գետի աջ ափին, Ծիծեռնակաբերդի հնավայրում, ուր պարսպապատ ամրոց — բնակատեղին էր, բարձրադիր բլրի գագաթին պահպանված՝ քառակուսի աշտարակներով փոքրիկ բերդը:

    Ավանդույթի համաձայն, այս հնավայրում էր Հայոց Աստղիկ դիցուհու մեհյանն իր Աղավնատնով (տատրակներով, ծիծեռնակներով), որտեղից էլ՝ Ծիծեռնակաբերդ անվանումը…

    Աստղիկի հնագույն տաճարի տեղում է կառուցված նաև Երևանի՝ Օպերայի ու բալետի հայտնի շենքը…

    Տատրակի ու ծիծեռի, նաև՝ բարդու շրշյունին ու Նախնյաց կանչին ունկնդիր, Համո Սահյանի խոսքերով՝

    Հայաստա՛ն, անունդ տալիս,
    Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
    Ալևոր կամուրջի հոնքին
    Ծիծեռի մի բույն եմ հիշում…

    Ցորենի կանաչ արտի մեջ
    Առվույտի կապույտ մի ծաղիկ
    Եվ արտի եզրին՝ մենավոր
    Մի բարդու շրշյուն եմ հիշում:

    Հ.գ. «Զմոգականն ասէ Գամիրք գտին», — կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում:

    Գամիրքը՝ Կապադովկիան, որը նաև Սպիտակ Ասորիք էր կոչվում, իր մեջ ընդգրկում էր մոտավորապես հետագայի Կեսարիայի և Սեբաստիայի (Սվասի) նահանգները (Փոքր Հայքի (Առաջին և Երկրորդ Հայքի) մեջ) և հնում խեթերի թագավորության մի մասն էր:

    Ստորև ներկայացված լուսանկարների թվում, երբեմնի խեթական թագավորության մաս կազմած՝ ժայռափոր ու ստորգետնյա կառույցներով հարուստ այս տարածքում (Գամիրքում) պահպանված՝ հնագույն Աղավնատան փլատակներից մի հատված՝ ներկայիս Կապադովկիայի Կեսարիայում, երբեմնի՝ Մաժակ (Մշակի հիմնադրած քաղաքին մոտ), այսօր՝ Կայսերի…

    Կայսերի
    Կայսերի

    Ստորգետնյա թունելներով, լուսավորության աղբյուրներով, մարդկանց ու կենդանիների բնակության համար նախատեսված, 10 կիլոմետր երկարությամբ ժայռափոր այս հնագույն բնակավայրում (այսօրվա անվամբ՝ Erdemli Yeşilhisar-ի մոտ) վաղ քրիստոնեական շրջանում եկեղեցու վերածված հատվածներ կան…Պահպանված ստորգետնյա քաղաքի մի չնչին մասն է ուսումնասիրված առայժմ…

    Լուսանկարների թվում՝ տեսարան Şahmelik (Develi) կոչվող վայրից նույնպես՝
    Խեթական շրջանից պահպանված՝ 6-7 կիլոմետրի վրա տարածվող ստորգետնյա, 7 հարկանի «քաղաքի» մնացորդներից մի դրվագ՝ ենթադրաբար՝ հնագույն Աղավնատան փլատակներից մի հատված՝ ներկայիս Կապադովկիայի Կեսարիայում, այսօր՝ Կայսերիի շրջանում (Şahmelik (Develi) )

    Այցելուների համար մատչելի է ընդամենը մոտ 600-700 մետր տարածքով մի հատվածն ընդամենը: Քարերի անկման պատճառով մնացածն անհասանելի է…

    Հավելենք նաև, որ հնում ծիսական սպասքը դիցի խորհրդանիշով էր:
    Ուստի՝ արարողության ժամանակ գործածվող՝ Աղավնակերպ մյուռոնաթափն իր հնագույն իմաստն ու արմատներն է վերագտնում…

    Չմոռանալով Աղավնու՝ այսօրվա ընկալումը՝ «Խաղաղություն ամենեցուն»…

    Բոլոր ժամանակների «Աղվնիկ խաղցնողներին» և նրանց թռիչքով հիացողներին՝ առանձնահատուկ ողջույններով …

    Ափրոդիտեին խորհրդանշող Աղավնու քանդակ՝ հայտնաբերված Դափնիում գտնվող սրբավայրից (ն.թ.ա 4-րդ դար), վրան մակագրված՝ «Ֆալակրիոնի ընծան՝ Ափրոդիտեին» (Ֆալակրիոնը սա նվիրել է Ափրոդիտեին)…

    Ն.թ.ա 1-ին դարի հռոմեական խճանկար, ուր երևում են Եգիպտոսից ներմուծված՝ աղավնաբուծության մեթոդները…

    Ստորգետնյա թունելներով, լուսավորության աղբյուրներով, մարդկանց ու կենդանիների բնակության համար նախատեսված, 10 կիլոմետր երկարությամբ ժայռափոր հնագույն բնակատեղի Կայսերիում (Erdemli Yeşilhisar)՝
    վաղ քրիստոնեական շրջանում եկեղեցու վերածված…

    Ուրարտական բրոնզե թռչնազարդ թիթեղ՝ ն.թ.ա 9-8-րդ դարեր...
    Ուրարտական բրոնզե թռչնազարդ թիթեղ՝ ն.թ.ա 9-8-րդ դարեր…
    Իշտարին համարժեք՝ Խուպապ (Կուբաբա) դիցուհու անվան պատկերագիրը՝ աղավնու պատկերով…

    Աղավնատան վերակազմություն (բարձրադիր աստիճանի հեռացմամբ՝ մուտքն անմատչելի է «անցանկալի անձանց» համար )

  • «ԱՌԱԿՍ  ԶԻ՞ՆՉ  ՑՈՒՑԱՆԷ»…

    «ԱՌԱԿՍ ԶԻ՞ՆՉ ՑՈՒՑԱՆԷ»…

    «ԱՌԱԿՍ ԶԻ՞ՆՉ ՑՈՒՑԱՆԷ»…

    Անհիշելի ժամանակներից ի վեր, ամենուր այլաբանությունն օգտագործվել է որպես իրականության զանազան դրսևորումներն արտահայտելու, պատկերելու, մեկնաբանելու միջոց:

    Սերնդեսերունդ բանավոր փոխանցված իմաստնության՝ ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակներից է առակը, ուր հաճախ անձնավորվում են կենդանական, բուսական աշխարհի ներկայացուցիչները:

    Մարդկությանը ցարդ հայտնի առաջին իսկ գրավոր աղբյուրներում արդեն առկա են պատումի՝ բովանդակության և բարոյախոսության շերտերը:

    Նույնը կենցաղում էր՝ կրոնական հավատալիքներում, ծիսակատարություններում, տոներում, գործածվող իրերին, քանդակներին վերագրվող իմաստում…

    Փոքրածավալ, սակայն խրատական բովանդակությամբ առակների ունեցած չափազանց կարևոր դերի ապացույցներից են ն.թ.ա 7-րդ դարի՝ Ախիկարի՝ Խիկար Իմաստունի՝ «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ» խրատները (որոնց ուսումնասիրության, հիանալի ներկայացման ու հրապարակման համար՝ մեր խորը երախտիքը վաստակաշատ գիտնական Արտաշես Մարտիրոսյանին), ն.թ.ա. 6-րդ դարում ապրած՝ Եզովպոսի առակները, Խոջա Նասրեդինի պատմությունները, 12-13-րդ դարերում՝ Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի գրվածքները…

    Իր «Թղթերում» զանազան առակներ գործածած Գրիգոր Մագիստրոսի նամակներից հայտնի է, որ նա պատվիրում էր դպրոցներում աշակերտներին քերականության և ճարտասանության հետ մեկտեղ ուսուցանել նաև առասպելավարժություն՝ գրել, անգիր անել ու մեկնել առակները (հնում «առակը», «առասպելը» նաև խրատ, իմաստություն նշանակությունն ունեին):

    Ուսուցման հնագույն այս ձևն անտեսվել էր թերևս քրիստոնեության տարածումից հետո, քանզի զանազան գուշակների՝ («հաւահմայք», «հացահմայք», «հատահարցք», «աստղաբաշխ», «լերդահմա»…) նման, արժեզրկվել ու մերժվել էին նաև «զբախաւսք, գրատեսք, շրջողք տանէ ի տուն, հետաքրքիրք, զրուցատարք, առասպելախաւսք»:

    «Առասպելախոսքը» առակասացն էր և, քանզի «առասպելը»՝ «զրոյց վճռական և խորհրդաւոր» նաև «առակ նշաւակի՝ զրոյց ի բերանս բազմաց», անընդունելի էր տարածված կրոնի կողմից, ինչպես հին դիցաբանությունը, վիպասանությունը՝ «նուագեալք առ հինս» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»)…

    Հին իմաստունների գանձարանից պոկված հետաքրքիր մի դրվագ՝ «Երեք թիթեռների» մասին…

    «Երեք թիթեռներ, մոտենալով վառվող մոմի, սկսեցին քննարկել կրակի բնույթը:

    Նրանցից մեկը, մոտենալով կրակին, վերադարձավ ու ասաց.

    — Կրակը լույս է տալիս:

    Մյուսն ավելի մոտ գնաց կրակին ու այրեց թևը: Վերադառնալով` նա ասաց.

    — Կրակն այրում է:

    Երրորդը շատ-շատ մոտ գնաց, կրակի մեջ անհետացավ ու չվերադարձավ…

    Նա իմացավ այն, ինչ ցանկանում էր իմանալ, բայց արդեն չկարողացավ հայտնել դրա մասին մնացածին:

    Նա, ով գիտելիք է ստանում, կորցնում է դրա մասին խոսելու հնարավորությունը. դրա համար էլ իմացողը լռում է, իսկ խոսողը չգիտի…»:

  • «ՊԻՐԱՄԻԴՆ  ՈՐ  Է   ՑՈՒՐԱՆ (ԿԱՄ ՅՈՒՐԱՆ ),  ԲՈՒՐԳՆ  ՀՐԱՁԵՎ  ԿԱՄ  ՏԱՆՁԱՁԵՎ,  ՑՈՐԵՆԱՁԵՎ…»

    «ՊԻՐԱՄԻԴՆ ՈՐ Է ՑՈՒՐԱՆ (ԿԱՄ ՅՈՒՐԱՆ ), ԲՈՒՐԳՆ ՀՐԱՁԵՎ ԿԱՄ ՏԱՆՁԱՁԵՎ, ՑՈՐԵՆԱՁԵՎ…»

    «ՊԻՐԱՄԻԴՆ ՈՐ Է ՑՈՒՐԱՆ (ԿԱՄ ՅՈՒՐԱՆ ), ԲՈՒՐԳՆ ՀՐԱՁԵՎ ԿԱՄ ՏԱՆՁԱՁԵՎ, ՑՈՐԵՆԱՁԵՎ…»

    Հազարամյակներ ի վեր երկնային լուսատուների շարժմանն ակնդետ՝ մարդը փորձում է բացատրել, իմաստավորել իր և ողջ Տիեզերքի գոյությունն ու արարման խորհուրդը…

    Շարունակելով հնագույն շրջանից սկզբնավորված ավանդույթը, 1596 թվականին «Տիեզերակառուցման առեղծվածը» (Mysterium Cosmographicum) վերնագրված իր առաջին գրքում Կեպլերը ներկայացնում է Տիեզերքի կառուցվածքը՝ դեռևս հնագույն ժամանակներից հայտնի՝ հինգ կանոնավոր բազմանիստներն իրար մեջ տեղադրելով՝ այդպիսով հիմնելով ապագայի մի գիտություն՝ աստղաֆիզիկան (որի արմատները դարերի խորքում են):

    Կեպլերի կառուցած՝ տիեզերքի մոդելը
    Կեպլերի կառուցած՝ տիեզերքի մոդելը

    Տիեզերքի ներդաշնակությունը խորհրդանշող և Բնության չորս տարրերքներին համապատասխանեցված կանոնավոր բազմանիստները, որոնց մասին հիշատակել է Պլատոնն իր «Տիմեոս» աշխատության մեջ (ն.թ.ա. 360թ.), «Պլատոնյան մարմիններ» անվանումն են ստացել:

    Հողի խորհրդանիշը՝ վեցանիստ ( հեքսաեդր),
    Օդը՝ ութանիստ (օկտաեդր),
    Ջուրը՝ քսանանիստ,
    Կրակը՝ քառանիստ (տետրաեդր):

    Հույն հեղինակներից մնացած այս ուսմունքի ակունքները հայ քրմերին քաջ ծանոթ էին վաղուց (հույներին Եգիպտոսից էր շատ բան փոխանցվել, հունական դիցաբանության առաջին գլուխները՝ դիցերի ծննդաբանությունն էլ՝ Հայկական Լեռնաշխարհում տարածված՝ Հուրիական դիցաբանությունից)…

    Հայ մատենագրության մեջ դեռևս 4-րդ դարից (Գ.Լուսավորչին վերագրվող, (սակայն նրանից առաջ էլ եղած), «Հաճախապատում»-ում) պլատոնյան ուսմունքի արձագանքներին է անդրադարձել Տիրան Ղազանչյանն իր ուշագրավ՝ «Էլեմենտների երկրաչափական ուսմունքի արձագանքները Հայ բնափիլիսոփայության մեջ» (1945թ.) աշխատությունում:

    «Զտարերս ամենայն չորիւք յեղանակօք յարդարեաց (աստուած) բարձրութեամբ և խորութեամբ, լայնութեամբ և ընդարձակութեամբ» («Բոլոր տարերքները չորս եղանակով դասավորեց Աստված՝ բարձրությամբ և խորությամբ, լայնությամբ և երկարությամբ (ընդարձակությամբ)»:

    «Աշխարհս վեցակի է կողմամբ», նաև՝ մեղվի փեթակի մաղն է վեցանկյուն՝ «Մեղուաց մաղքն ստեղծանին, յարմարեալք ի միմեանս վեցանկիւն բջջոքն …» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

    Տիեզերածին տարրերի և նրանց համապատասխանող երկրաչափական ձևերի ուսմունքի մասին պերճախոս վկայություններ են պահպանվել Հայ միջնադարյան մատենագրության մեջ՝ 5 -19-րդ դարերի զանազան մատյաններում:

    Նրանցից մեկում՝ Մատենադարանում պահվող թիվ 5223 ձեռագրում գծանկար-նկարազարդումներ են, որոնց քննությունն է ներկայացրել Տ.Ղազանչյանն՝ իր վերոհիշյալ ուսումնասիրության մեջ:

    Մեջբերենք հատվածներ՝

    «Այս ձեռագիրը Գ. Տաթևացու քարոզագրքի մի արտագրություն է՝ կատարված 1460 թվին:
    Իլյուստրացիաները կատարված են այլ գրչի կողմից, հավանաբար փոքր ինչ ուշ»:

    «Էլեմենտների ուսմունքին վերաբերող հիշյալ սխեմա-իլյուստրացիաներն ունեն հետևյալ բովանդակությունը:

    Նկարներից մեկը ներկայացնում է մի հավասարակողմ եռանկյունի, որի մեջ գրված է. «Սկալիւնեաց (անհավասարակողմ, Կ.Ա.) եռանկիւնեաց սա զերիցն ունի մի օր ուի (միավորություն), ջրոյ, հրոյ և օդոյ»:

    Երկրորդ նկարը մի քառակուսի է, որի մեջ գրված է «Կիբիկոն (խորանարդ) որ է երկիր»:

    Այնուհետև նկարված է մի շրջագիծ, որի մեջ ներգծված են իրար մեջ խաչաձև հագցված քառակուսիներ, որոնց մեջ գրված է՝ «Ը անկյուն (ութանկյուն) որ է աւդ (օդ)»:

    Իլյուստրացիոն էջի վերի մասում կա մի շրջագիծ, որի վրա հագցված է մի սուրանկյուն՝ բոցաձև զարդարանքներով և մեջը գրված է.

    «Պիւռիմիդես (բուրգ) որ է հուր», վերջապես, նկարված է մի շրջագիծ, որի մեջ ներգծված է խաչաձև երկրաչափական մի ֆիգուրա, գծագրի տակը գրված է.
    «Սա ասացավ հսրկղ (հավասարակող, Կ.Ա.) ուրիշ յայլոցն քսանանիստ, որ է ջուր»:
    Այսպես, ուրեմն, հողը խորանարդն է, ջուրը՝ քառանիստը, օդը՝ ութանկյունին և հուրը՝ բուրգը»:

    «Պիրամիդն, որ է ցուրան (կամ յուրան (հուրան,Կ.Ա.), բուրգն հրաձև կամ տանձաձև, ցորենաձև», — կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում (հայերենով «Ցուրան» է կամ՝ «Յուրան» (Հուրան)):

    «Պիւրամիդ — Բուրգն, Հուրան, ցուրան. այն է մարմին հաստատուն բազմանկիւնի՝ սրածայր յանգեալ, որպիսի եղեն բրգունք կամ կոթողք Եգիպտոսի» (մեջբերված նշված բառարանից):

    «Պիր»՝ «Հուր» բառից է և Պարսից կրակատունը՝ ատրուշանը՝ Պիռիոն (Պիւռիոն) (համաձայն Հ.Աճառեանի «Հայերէն արմատական բառարանի»):

    «Հրով վառեաց զպիւռիոնն պարսից, զոր տաճար հրոյ անուանէին, յորում զհուրն բորբոքէին հրապաշտքն» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

    Ցուրանն, ըստ իս, նաև ոճավորված նախշազարդն է, որն այսօր հայտնի է «Բուտա» անունով (թարգմանաբար՝ Հուրան), որը հանդիպում է բազմաթիվ հնագույն հուշարձանների վրա ( Վանի՝ Արարատի թագավորությունում, վաղնջական շրջանից ի վեր՝ մեր զարդամոտիվներում, «Պազիրիկ» գորգի վրա, մերօրյա նորաձևության մեջ):

    Հետևաբար, Եգիպտոսում հազարամյակներ հեռվից խոյացող եռանկյուն կառույցները՝ հայտնի բուրգերը՝ Հուրի (Արեգակի, Լույսի…) խորհուրդն ունեն (ըստ իս):

    Կրակի, Հուրի ձևը հիշեցնող բլրաձև ցուրանը՝ պիրամիդը, փոքր չափերով կառուցված, դրվում էր նաև մեծ բուրգերի, կոթողների գագաթին (կոչվում էր Pyramidion, Հուրան (փոքր)):

    Ճարտարապետության մեջ կարևոր իմաստ ունեցող այս տարրը՝ եռանկյուն ճակտոնների տեսքով (ինչպես Արդինի՝ Մուսասիրի և հետագայի տաճարներում), իր դերն ու նշանակությունը ուներ նաև հին եգիպտական թաղման ծիսակարգում:

    Նրա վրա գրվում էր հանգուցյալի անունն ու «Այն աշխարհ» անցմանը նպաստող աղոթքը:

    Մեհյանների, սրբավայրերի և այլուր կրակի համար գործածվող հնագույն բազմաթիվ ճրագավառներ ևս Ցուրանի (Հուրանի) տեսքով են՝ նշաձև (եռանկյուն հիշեցնող)…

    «Բուտայի (Նշանախշ) հայկական ակունքների» և «Պազիրիկ գորգի» մասին ուսումնասիրություններ է կատարել Արմինե Թադևոսյանը…
    «Պազիրիկ» գորգի վրա կենդանու ներքին օրգանների պատկերումը կարող է բացատրվել ճրագավառին՝ իրենց նմանության, նաև՝ մշկապարկի կարևոր դերի համար:

    Մի հատված հնագույն Պազիրիկ գորգից
    Մի հատված հնագույն Պազիրիկ գորգից

    Գուցե նաև՝ փորոտիքով գուշակությունների կարևորության մի ակնարկ (իմ կարծիքով):

    Բութ մատի՝ կրակի հետ համադրումը նույնպես ուշագրավ է՝ ցայսօր պահպանած իր խորհրդանշով (կյանքի, լավի իմաստով):

    «Բութի» հետ նմանության պատճառով՝ «լյարդի վարի ծայրը» «լերդաբոյթ» է կոչվում (Հ.Աճառյանի «Արմատական բառարանում»):

    Եռատերև մի մոտիվ՝ առկա եղջերուների հնագույն հարթաքանդակներին, թերևս մեհենական դաջվածքն է (ստորև՝ լուսանկարները):

    Հ. Աճառեանի «Հայերէն արմատական բառարանում» քսանանիստ նշանակությունն է տրվում հազվադեպ հանդիպող մի բառի՝ «փուղձ»:

    «Հները, ըստ Պիւթագորյան փիլիսոփայության, չորս տարրերը չորս երկրաչափական ձևերի հետ էին կապում. օդը՝ ութանիստի հետ, հողը՝ խորհանարդի հետ, ջուրը՝ քառանիստի հետ և հուրը՝ պիրամիդի հետ:
    Սրա համար է, որ Փիլոնի մոտ էլ հուր (պիրամիդ) «հրոյ ձև է», փուղձ (քսանանիստ) «օդոյ ձև է» և ութանիստն «ջրոյ ձև է»: …
    Էֆեմերտին դնում է փուղձ՝ «օդ» ըստ Փիլոնի, իսկ մի այլ կիրառմամբ, «փուղձ» «ջուր քսանանիստ»՝ ըստ Պիւթագորեանց»:

    «Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն՝ երեք տառք բաղկանան. հուր և փուղձ և ութանիստն, քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ, իսկ ի չորեքանկիւնեացն քուեայն է»:

    «Քուեայ կամ Քուէ»՝ «խորանարդ» իմաստն ունի:

    Այդպես է կոչվում նաև «կախարդի հմայական քարը», որտեղից էլ՝ «քուահարցությունը»՝ քարերով գուշակությունները («քվեարկություն»-ը՝ նույն բառից):

    Նույն անվանումն ունի նաև խաղալու վէգը (մերօրյա՝ նարդու զառը) :

    «Հարցումն և հմայք ի ձեռն քուեից, զոր առնեն հարցուեք (ի հավահարցութիւն, ի հավահմայութիւն (թռչունների թռիչքով գուշակությունները) ), «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»:

    Թռչունների թռիչքին և մնացյալին կանդրադառնանք հաջորդ «հանդիպումներում»…

    Ողջ լերուք…

    Հինգ տարրերը խորհրդանշող հնագույն քարեր (գուցե՝ գուշակությունների համար գործածվող քվեներ)

    Հինգ տարրերը խորհրդանշող հնագույն քարեր (գուցե՝ գուշակությունների համար գործածվող քվեներ)

  • «ՋԵՐԻ՝  ՋՈՒՐ,  ՈՐ  Է  ԱՅԾ»…

    «ՋԵՐԻ՝ ՋՈՒՐ, ՈՐ Է ԱՅԾ»…

    «ՋԵՐԻ՝ ՋՈՒՐ, ՈՐ Է ԱՅԾ»…

    Հողագործության, կրոնական և այլ նպատակներով ժամանակի չափման անհրաժեշտությունը՝ Օրացույցի պատմությունը, մարդկության պատմության ամենավաղ շրջանից է հայտնի:

    Յուրաքանչյուր քաղաքակրթություն իր օրացույցն էր հիմնում՝ նշանավորելով իր դարաշրջանը:
    Օրացույցի պահպանված ամենավաղ նմուշները Եգիպտոսից, Ացտեկների ու Մայաների մշակույթից են մեզ հասել:

    Աստղագիտությունը սրբազան գիտություն էր, քանզի Երկնքում դիցերի կամքն էր ընթերցվում՝ Երկրի ու նրա բնակչության ճակատագրի վերաբերյալ նրանց բարեհաճ կամ ոչ բարյացկամ դիրքորոշումը: Եվ աստղերի շարժմանը հետևելով՝ մեկնաբանվում էին՝ անվանակոչելով զանազան Աստղերն ու Աստեղատները…

    Աստղային երկինքն ուսումնասիրելով՝ ժամանակի հաշվարկը կատարում էին քրմերը, որոնք հին աշխարհի աստղագետներն էին, գիտնականներն ու բժիշկները նաև…

    Ն.թ.ա 2-րդ հազարամյակից հայտնի Միջագետքյան՝ Շումերական հաշվարկի հիմքը 60-ն էր:

    Հազարամյակներ թևակոխելով, այն հասել է մինչև մեր օրերը՝ անկյունների աստիճանների հաշվարկում՝ 360°=6×60° կամ՝ ժամանակի սանդղակում՝ 1ժամ= 60 րոպե = 60 վայրկյան:

    1798-1801 թվականներին՝ Նապոլեոն Բոնապարտի եգիպտական արշավանքի ժամանակ, նրա գեներալներից մեկը (Desaix) Դենդերա քաղաքի Հաթորի տաճարում հայտնաբերում է մի բարձրաքանդակ, ուր պատկերված է Երկնակամարը՝ Աստեղատներով (համաստեղություններով):

    Դենդերայի՝ Հաթորի տաճարի առաստաղը՝ Աստեղատներով
    Դենդերայի՝ Հաթորի տաճարի առաստաղը՝ Աստեղատներով

    Այնուհետև, 1821 թվականին այն փոխադրվում է Ֆրանսիա:

    Ներկայումս ցուցադրվում է Լուվրի թանգարանում և թվագրվում է մոտ ն.թ.ա 50 թվականով, սակայն համարվում է մի շատ ավելի հին բնօրինակի կրկնությունը (գուցե՝ հետագայում կրած փոփոխությամբ է այսօր ցուցադրվում):

    Եգիպտոսի արքա Թութմոսիս Ա-ի (1504-1492) քուրմ-աստղագետի՝ Ամենեմհետի՝ «Միտանի Երկրից» վերադարձի կապակցությամբ է ցարդ հայտնի՝ Երկիր Նաիրիի՝ «Միտանի» անվամբ հիշատակումը, որը վերծանվում է «Մա-ի-տա-նի» կամ «Մի-տա-ուն-նի» ձևով, իսկ, ավելի ստույգ՝ երկու տարբերակներից վերցրած ճիշտ վանկերով՝ «Մայր Տունի»…

    Հին Եգիպտոսի տոմարից հայտնի են տարվանն ավելացվող հավելյալ հինգ օրերի՝ դիցերի անուններով կոչվող անվանումները:

    Հայկական տոմարում նույնպես լրացուցիչ հինգ օրեր կային (նահանջ տարում՝ վեցն էին):

    Եվ այդ օրերն ունեին իրենց անվանումները՝ Լուծ, Ջերի, «որ և Եղջերու ասի» (ըստ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի), Փառանձնոտ, Արտախույր, Ծկրավոր (կամ՝ Ծպավոր):

    Հայկական տարբեր բառարաններում «Ջերի» անվան բացատրությունը կա:

    Ս. Մալխասեանի՝ «Հարերէն բացատրական բառարանում»՝ «Ջերի» մոլորակի անունը «Եղջերուն» է:
    Հ.Աճառյանի «Հայերէն արմատական բառարանում» «Ծննդոցի» մեկնիչներից մեկի բացատրությունն է բերվում՝ հիշյալ աստղերին համապատասխանող մեկական տարրի ուղեկցությամբ:

    «Ցոյցք մարդկան արուետք են հինգ աստղն. Լուծ՝ հող, Ջերի՝ Ջուր, որ է այծ: Արտախոյր՝ զմիտսն ասէ որ ի գլուխն. Ծպաւոր՝ զգեստն ասէ, որ է Օդն, Փառազնոտ՝ զհուրն»:

    Դենդերայի սկավառակաձև բարձրաքանդակում կորաթեք եղջյուրներով Խոյակերպ դիցը՝ Խնումը, «Պաղ (կամ՝ Թարմ) ջրերի տիրակալն» էր՝ Կյանքի արարման ու Վերածննդի խորհրդանիշը և նույնացվում է Միջագետքյան՝ Այծի՝ Այծեղջյուրի հետ (Էնկի):

    Խոյակերպ կամ Խոյագլուխ մարդու տեսքով պատկերվող հիշյալ դիցը Լատոպոլիսի տաճարի պատերին փորագրված մի տեքստում բնութագրվում է «Արարիչ», «Կենաց Տան Տիրակալ», «Լուսաշաղ» (Լույս սփռող, Լույս հյուսող) բառերով:

    Նրա պաշտամունքը զուգակցվում է Նեիթի (Անահիտի) հետ:

    Այծի, եղջյուրների կապը Լույսի հետ ակնհայտ է հայկական ազգային պատկերացումներում (բանահյուսության մեջ բազմաթիվ են օրինակները՝ «Մեջքը պեծ այծ», «Լուսավոր եղջյուրներ…):

    Արևածագի առաջին շողերի հետ, շողաթաթախ քերծերին ու քարափներին կանգնած քարայծների եղջյուրները նույնպես լուսավորվում էին՝ մասնակցելով Լույսի սփռմանը (Լուսաշաղ՝ Լույսով շաղախված և Լույս շաղող՝ Լուսափայլ եղջյուրներ)…

    «Մարդկային էակներ ստեղծող Աստվածային կավագործը»՝ եգիպտական Խոյագլուխ Խնումը, կավե կճուճի առաջ երեխաներ ստեղծելու պահին է պատկերվում (համանման պատկերացումներ են հայտնի և Միջագետքից՝ շումերական դիցաբանությունից Էնկիին (նրա մորը կամ կնոջը) վերաբերող):

    Իր եղջյուրների մշտանորորգ բնույթի շնորհիվ, թերևս, եղջերուն կապվում էր կյանքի, բնության հավերժական Վերազարթոնքի խորհրդի հետ և հնագույն շրջանից հայտնի Մայր-Բնության պաշտամունքի հետ էր առնչվում (նման պատկերացումներ գոյություն ունեին տարբեր ժամանակաշրջանների բազմաթիվ մշակույթներում):
    Նշենք, որ հնում «Եղջերու» բառը գործածվել է նաև ընդհանրապես «եղջյուրավորների» նշանակությամբ (համաձայն Հ.Աճառեանի «Հայերէն արմատական բառարանի»):

    2-րդ դարում կազմված՝ քրիստոնեության մեջ կենդանիների խորհրդին վերաբերող ձեռնարկում (Physiologicus), եղջերուն Քրիստոսի հետ է նույնացվում:

    Եղջերվազգիների մի առանձնահատուկ տեսակի կարևոր դերը հիշատակելու առիթն ունեցել էինք նախորդ գրառումներից մեկում՝ Հայոց (Մուշքերի)՝ մշկելու՝ մշկով հոտավետելու հնագույն ավանդույթի առնչությամբ:

    Հետագայում ողջ աշխարհում տարածված (և ցարդ հարատևող) անուշաբույր մուշկը պատրաստվում էր եղջերուի ցեղին պատկանող լեռնային մի կենդանու՝ Մշկեղնիկի՝ Մշկայծյամի արուի մշկապարկում կուտակվող մուշկից (ներկայումս օծանելիքի արտադրության մեջ կիրառվող ամենագնահատելի այդ բաղադրիչը արհեստականորեն է ստացվում):

    Ուշագրավ է, որ մեզ հասած զանազան պատկերներում եղջերուի (նաև՝ մշկայծյամի) մարմնակազմության մանրամասներն են նշված (ներքին օրգանները՝ մշկապարկը…):

    Հայկական Լեռնաշխարհի կենդանական աշխարհի մշտական բնակիչներից է հայտնի մի եղջերավոր՝ բեզոարյան այծը, որը, տեղաբնակների տնտեսական կյանքում կարևոր իր դերից բացի, ազգային պատկերացումներում խորհրդանշական մեծ իմաստ ունի:

    Հայաստանի ժայռապատկերներում նրա գերակշռող պատկերի շնորհիվ նաև «իծագիր» են անվանում ժայռերին փորագրված այդ նկարները…

    Ի գիտություն նշենք, որ «Բեզոարյան» անվանումը տրվել է հնագույն շրջանից մինչև վերջին դարերը «հրաշագործ» հատկություններով մի քարի՝ որոշ կենդանիների, մասնավորապես՝ կճղակավորների օրգանիզմում առաջացող «բեզոարի» շնորհիվ:

    Բեզոարների հավաքածու

    Չմարսված սնունդի կուտակումից առաջացած այդ գոյացությունը, որը հազարամյակների ընթացքում համարվում էր «Կյանքի պահապան» և հակաթույն՝ որպես հիանալի միջոց կենդանական խայթոցների, բուսական թունավորումների և բազմաթիվ այլ հիվանդությունների դեմ, արժանացել է 16 -17-րդ դարերի մի շարք բժիշկների ուշադրությանը:

    Նրա արդյունավետությունն են փորձարկել Ամբրուաս Պարեն, Ռ.Ջեյմսը, Պ.Պոմեն (Ambroise Paré, Robert James, Pierre Pomet):

    Մատնանշելով բեզոարին վերագրվող հրաշագործ հատկությունների չափազանցված դերը, այնուամենայնիվ, «հիվանդների երևակայությանը հագուրդ տալու նպատակով», որպես բուժիչ միջոց երկար ժամանակ շարունակվել է այն կիրառվել:

    1694 թվականի դեղանյութերի մի ձեռնարկում (Pomet), ի շարս գործածվող դեղամիջոցների, նշվում են նաև բեզոարը, լիկորնը՝ միաեղջյուրը և մուշկը…

    Ուշագրավ է, որ հիշյալ ուսումնասիրության մեջ բեզոարի կենդանին պատկերվում է կիսով՝ այծ, կիսով՝ եղջերու, ինչպես իր անվանումն է՝ Այծեղջյուր, Capri (այծ) և cervicae (եղջերու): (Մեջբերումը՝ ստորև որոշ լուսանկարներով՝ J.B. Maillé «Le Bézoard, entité naturelle, objet de fantasmes», 2014), (հայերենով նաև՝ Եղջերվաքաղ):

    Ոսկու պես թանկարժեք Բեզոարը կրվել է նաև որպես պահպանիչ-թալիսման՝ թունավոր վտանգներից հեռու մնալու նպատակով (մատանու կամ այլ տեսքով):

    Հնագույն շրջանում քրմերը նույնպես՝ իրենց վակասին՝ պատմուճանին (շուրջառին, ուսանոցին, թիկնոցին, լանջանոցին) կից նմանատիպ զանազան պահպանակներ էին կրում՝ տարբեր նշանակության):

    Համաձայն Տավերնիեի՝ 1713 թվականի գրվածքի, Պարսկաստանում այնքան գնահատված էր այդ քարը, որ խստիվ արգելված էր բեզոար կրող կենդանի այծերի վաճառքը, իսկ իրենց շրջանից նրանց անօրինական արտահանման փորձը մահապատժի էր ենթակա…

    Բեզոարի երեք քար էր ընծայել Նապոլեոնին Պարսից շահը, որոնք, 1808 թվականին, իր քիմիկոսի զննումից հետո, չէին կիրառվել (թեև 1851 թվականի ձեռնարկում դեռևս դեղամիջոցների թվում հիշատակվում է և բեզոարը):

    Ջուր («հեղուկ» և «եղջյուր») — Ջեր — Եղջեր — Այծ կապից հետո անդրադառնանք նաև յոթնօրյակի՝ շաբաթվա անուններին:

    Հին ազգերը (եգիպտացիք, հնդիկները), օրը բաժանում էին չորս մասի, որոնցից յուրաքանչյուրը հովանավորվում — պահպանվում և կառավարվում էր մի մոլորակի կողմից:

    Աստիճանաբար, ժամանակի ընթացքում, յուրաքանչյուր օրն անվանվում է օրվա առաջին մասում՝ առավոտյան իրեն «ղեկավարող» մոլորակի անվամբ և հետևյալ դասավորմամբ՝Լուսին, Մերկուր, Վեներա, Արև, Մարս, Յուպիտեր, Սատուրն:

    Հիշենք, որ օրվա 24 ժամերն իրենց հատուկ անվանումներն ունեին՝ պայմանավորված այդ պահի լուսավորության աստիճանով, ինչպես, օրինակ, Այգ, Ճառագայթյալ, Շանթակող կամ՝ Խավարակ, Աղջամուղջ, Մթացյալ…

    Քրիստոնեության մեջ՝ յոթնօրյակը (շաբաթը), այնպես են դասավորել, որ Արևի օրը՝ Կիրակին, լինի հանգստյան օրը՝ յոթներորդը:

    Յոթնօրյակի (շաբաթվա) օրերի անվանումները հարմարեցնելով այլոց (եբրայական) ծիսական հաշվարկին, «շաբաթից» հետո եկող հերթականությամբ են կոչվել օրերը, այսինքն՝ «շաբաթին հաջորդող երկրորդ օր՝ երկուշաբթի, շաբաթին հաջորդող երրորդ օր՝ երեքշաբթի»… և այսպես շարունակ:

    Փոքրիկ հիշեցմամբ՝

    1. Արեգակի օր – կիրակի
    2. Լուսնի օր – երկուշաբթի
    3. Հրատի օր – երեքշաբթի
    4. Փայլածուի օր – չորեքշաբթի
    5. Լուսնթագի օր – հինգշաբթի
    6. Արուսյակի օր – ուրբաթ
    7. Երևակի օր – շաբաթ:

    Հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության ու պահպանման գործի անխոնջ նվիրյալ Սամվել Կարապետյանի հիշատակի խնկարկմամբ…

    Դենդերայի՝ Հաթորի տաճարի առաստաղը՝ Աստեղատներով

  • «ՀՈԳԻՍ ԲՈՒՐՎԱՌ Է ՄՇՏԱՎԱՌ, ՈՒՐ ԿԸ ԾԽԱՆ ՍԵՐԵՐՍ ՀԱՄԱՅՆ»… (Միսակ Մանուշյան)

    «ՀՈԳԻՍ ԲՈՒՐՎԱՌ Է ՄՇՏԱՎԱՌ, ՈՒՐ ԿԸ ԾԽԱՆ ՍԵՐԵՐՍ ՀԱՄԱՅՆ»… (Միսակ Մանուշյան)

    «ՀՈԳԻՍ ԲՈՒՐՎԱՌ Է ՄՇՏԱՎԱՌ, ՈՒՐ ԿԸ ԾԽԱՆ ՍԵՐԵՐՍ ՀԱՄԱՅՆ»… (Միսակ Մանուշյան)

    Միսաք Մանուշյանը

    Տասնամյակներ շարունակ, ամեն տարի՝ փետրվարի 21-ին, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հանդիսավոր արարողությամբ նշվում է 1944 թվականին այդ օրը ֆաշիստական նվաճողների դեմ պայքարում դավաճանաբար մատնված ու գնդակահարված՝ Հայազգի Միսակ Մանուշյանի գլխավորած, տարբեր ազգությունների մարտիկների խմբի հիշատակի տարելիցը:

    Հայերի դեմ իրագործած ցեղասպանության տարիներին, դեռևս 9 տարեկանում, Եդեսիայից ոչ հեռու գտնվող Ադիյաման քաղաքում ծնված Միսակ Մանուշյանը, 1915-ին կորցնում է հորը, որին սպանում են թուրքերը:

    Շատ չանցած, նույն տարվա հուլիսին, Ադիյամանի Հայության բռնագաղթի ճանապարհին մահանում է նաև մայրը:

    Եվ մի քուրդ ընտանիքի շնորհիվ փրկվելով՝ իր եղբոր՝ Կարապետի հետ Լիբանանում՝ Բեյրութից 20 կիլոմետր հեռու գտնվող Ժունիեի որբանոցում մնալուց հետո, 1925 թվականից հաստատվում է Ֆրանսիայում, ուր, 1934 թվականին, «Հայաստանի Օգնության Միության» ամենամյա տոնին, հանդիպում է իր ապագա կնոջը՝ Մելինեին:

    Փարիզում, Սորբոնի համալսարանում գրականության, փիլիսոփայության, քաղաքական տնտեսագիտության և պատմության դասընթացներին հետևելուց բացի, 1930 -1931 թվականներին իր ընկերոջ՝ Գեղամ Աթմաջյանի (Սեմայի) հետ հիմնում է «Ջանք» պարբերականը, ուր տպագրում են ֆրանսիական ու հայ գրականության մասին հոդվածներ, Ֆրանսիացի բանաստեղծների ստեղծագործություններից թարգմանություններ…
    1941 թվականից ակտիվորեն ներգրավվում է ֆաշիզմի դեմ մղվող գաղտնի պայքարում…

    1943 թվականին, դավաճանության հետևանքով Մ. Մանուշյանի ձերբակալումից հետո, նրա կինը՝ Մելինե Մանուշյանն ապաստանում է Հայազգի մի այլ պանծալի ընտանիքում՝ Շարլ Ազնավուրի ծնողների՝ Միշա և Քնար Ազնավուրյանների տանը, որոնք, անտեսելով իրենց կյանքին սպառնացող վտանգը, պատսպարում են նրան՝ իրենց հյուրընկալությամբ…

    Գնդակահարությունից առաջ, 37 տարեկան բանաստեղծի՝ Միսակ Մանուշյանի վերջին նամակն իր կնոջը (իմ թարգմանությամբ):

    «Իմ սիրելի Մելինե, իմ փոքրիկ սիրասուն որբուկս:Մի քանի ժամից այլևս այս աշխարհում չեմ լինի:Գնդակահարվելու ենք այս կեսօրից հետո, ժամը 15-ին:

    Սա պատահարի պես եղավ իմ կյանքում, ես դրան չեմ հավատում, սակայն, այնուամենայնիվ, գիտեմ, որ քեզ այլևս երբեք չեմ տեսնելու:

    Ի՞նչ կարող եմ գրել քեզ, ամեն ինչ խառնաշփոթ է իմ մեջ և, միաժամանակ, շատ պարզ:

    Ես զինվորագրվել էի Ազատագրության բանակին որպես կամավորական և մեռնում եմ հաղթանակի ու նպատակի շեմին:

    Երջանկությու՛ն բոլոր նրանց, ովքեր կվերապրեն և կճաշակեն վաղվա ազատության քաղցրությունն ու մոտալուտ Խաղաղությունը:

    Վստահ եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և Ազատության բոլոր մարտիկները կգիտնան արժանավայել պատվել մեր հիշատակը:

    Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանացի ժողովրդի կամ որևէ մեկի հանդեպ:

    Յուրաքանչյուրն իր արժանի պատիժը կամ վարձատրությունը կունենա:
    Գերմանացի ժողովուրդն ու մյուս բոլոր ժողովուրդները խաղաղ ու եղբայրաբար կապրեն պատերազմից հետո, որն այլևս երկար չի շարունակվի:

    Երջանկությու՛ն բոլորին:
    Ես խորապես զղջում եմ քեզ չ’երջանկացնելու համար:

    Շատ կուզեի քեզնից մի երեխա ունենալ, ինչպես դու էիր նույնը փափագում միշտ:
    Ուստի, քեզ խնդրում եմ, պատերազմից հետո անպայման ամուսնացի՛ր և իմ պատվին մի զավակ ունեցիր՝ իմ վերջին կամքն իրականացնելու համար:

    Ամուսնացի՛ր մեկի հետ, ով ի զորու կլինի քեզ երջանկացնելու:Իմ ողջ ունեցվածքն ու իրերը կտակում եմ քեզ, քրոջդ և զարմիկներիս:

    Պատերազմից հետո կարող ես հավակնել պատերազմի թոշակառուի քո իրավունքին՝ իբրև իմ կին, քանզի ես զոհվում եմ որպես Ֆրանսիական Ազատագրության բանակի կանոնավոր զինվոր:

    Իմ ընկերների օգնությամբ, որոնք կցանկանան ինձ պատվել, կհրատարակես իմ բանաստեղծություններն ու գրվածքները, որոնք ընթերցման արժանի են:
    Հիշատակներս, եթե հնարավոր է, կտանես Հայաստան՝ ազգակիցներիս:

    Շուտով կմեռնեմ իմ 23 զինակիցների հետ՝ քաջաբար և չափազանց հանգիստ գիտակցությամբ (խղճով, Կ.Ա.) մարդու հանդարտությամբ, քանզի, անձամբ ես ոչ մեկի վատություն չեմ արել և, եթե արել եմ՝ առանց ատելության եմ արել:

    Այսօր Արև կա:
    Արևին ու իմ այնքա՜ն սիրելի գեղեցիկ բնությանը նայելով ես «Մնաք բարով» կասեմ կյանքին ու ձեզ բոլորիդ՝ իմ շատ թանկագին կին և իմ շատ թանկագին ընկերներ:

    Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ցավ են պատճառել կամ ցանկացել են վշտացնել, բացի նրանից, ով մեզ դավաճանել է իր կաշին գնելու (փրկելու, Կ.Ա.) համար և նրանց, ովքեր մեզ ծախեցին:

    Քեզ շա՜տ-շա՜տ ամուր գրկում-համբուրում եմ, նաև՝ քրոջդ ու իմ բոլոր բարեկամներին, որոնք հեռվից կամ մոտից ինձ ճանաչում են, բոլորիդ իմ կրծքին եմ սեղմում:

    Մնաք բարով:

    Քո բարեկամ, Քո ընկեր, Քո ամուսին Մանուշյան Միշել (ջանիկդ): (Վերջին բառը ֆրանսերեն տառերով՝ հայերեն բառն է՝ «djanigt», Կ.Ա.):

    Հ.գ. Ես տասնհինգ հազար ֆրանկ ունեմ Պլեզանս փողոցի ճամպրուկում: Եթե կարող ես վերցնել՝ վերադարձրու պարտքերս և մնացածը տուր Արմենեին: Մ.Մ.»
    (Արմենեն իր կնոջ քույրը՝ Արմենուհին էր, Կ.Ա.):

    Ամուսնու նահատակումից հետո, 1947 թվականին հնչած Ներգաղթի կանչին հետևելով, Մելինե Մանուշյանը տեղափոխվում և որոշ ժամանակ բնակվում է Հայաստանում:

    Ավաղ, ժամանակի տխուր իրավիճակին հաղորդակից՝ գաղտնի լուր է ուղարկում Հայաստանում հաստատվելու մտադրությամբ տոգորված Ազնավուրյանների ընտանիքին՝ չխրախուսելով նրանց ծրագիրը՝ հորդորելով մնալ Ֆրանսիայում…
    1960-ականների կեսերից ինքն էլ վերադառնում է ֆրանսիա, ուր ապրում է զոհված ամուսնու համար հատկացված թոշակով:

    Ցավոք, անկատար թողնելով Մանուշյանի վերջին բաղձանքը՝ ամուսնանալ ու զավակ ունենալ իր պատվին…

    «Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,
    Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,
    Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,
    Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր»…

    Միսաք Մանուշյան «Կյանքիս երգը»
    Ամենամյա հարգանքի տուրքի արարողության մի պահ

    Մելինե Մանուշյանը Կորնթոսի որբանոցում (Հունաստանում), 1923 թվականին ( առաջին շարքում՝ ձախից առաջինը՝ խաչով նշված)

    Միսաք Մանուշյանը Ջունիեի որբանոցում, 1919 թվականին, աջից՝ երրորդ շարքում՝ երրորդը, խաչով նշված…

    Մելինե Մանուշյանը (աջ կողմում) Երևանում՝ Նվարդ Տերյանի հետ (լուսանկարը՝ Գրիգոր Էմին-Տերյանի՝ «Մելինե Մանուշյանի և այլոց մասին» հոդվածից)

  • «ՓԱՐՎԱՆԱՅԻ ՓԵՐԻՆԵՐՆ» ՈՒ ՄԻ ԱՆՄԱՀ ՃԱՄՓՈՐԴ

    «ՓԱՐՎԱՆԱՅԻ ՓԵՐԻՆԵՐՆ» ՈՒ ՄԻ ԱՆՄԱՀ ՃԱՄՓՈՐԴ

    «ՓԱՐՎԱՆԱՅԻ ՓԵՐԻՆԵՐՆ» ՈՒ ՄԻ ԱՆՄԱՀ ՃԱՄՓՈՐԴ

    Փարվանա լիճը

    Անհիշելի ժամանակների հեռվից խոյացող մեր Հայրենիքի «երգերի ու վերքերի», նրա իմաստնության երգչի՝ Հովհաննես Թումանյանի ճամփորդություններից մի դրվագի է անդրադարձել Սուսաննա Հովհաննիսյանն իր՝ «Թումանյանի ճանապարհորդությունները 1901 թվականին» ուշագրավ ուսումնասիրության մեջ:

    Հիշարժան բազմաթիվ դեմքերի ու դեպքերի նկարագրությամբ համեմված հուշերի թվում, հեղինակն անդրադարձել է դեռևս 1891 թվականին Թումանյանի գրած՝ «Կանչ» («Եթե կաս, Աստվա՛ծ») բանաստեղծությանը և այդ առիթով քննադատ ու մանկավարժ Գ. Վանցյանի՝ 1893 թվականին գրած նամակին:

    «…Եթե, Հովհաննես ջան, ուրիշ ոչ մի բան չգրեիր, այդ ստեղծագործությունը բավական էր քեզ բանաստեղծի կոչմանը արժանացնելու: …Ունիս, այո, շատ գեղեցիկ բաներ… բայց «Կանչը» դա գլուխգործոցդ է, դա մի գոհար է»:

    Երկար են հնչել ու մեզնից ոմանց սրտերում արձագանքվել Բանաստեղծի գրեթե բոլոր ժամանակակիցների (և հետագայի սերունդների) շուրթերին դառնացած բառերը՝

    Եթե կաս, Աստվա՛ծ,
    Մեղմացրու՛ մարդկանց
    Կիրքն ամբարտավան:
    Եթե Աստված ես դու խաղաղության,
    Ինչո՞ւ տակավին
    Չես պատժում չարին,
    Ու՞յժդ է պակասում,
    Թե չենք աղերսում,
    …Թե՞ դու չըգիտես,
    Որ այստեղ, երկրում
    Մարդը ժպտերես
    Մարդ է գիշատում…

    Մեծ Հայքի Գուգարք Աշխարհի գեղատեսիլ Ջավախքի տարբեր շրջաններում մի քանի օրվա շրջապտույտից ու տեղացիների հետ ծանոթությունից հետո, Թումանյանն Ախալքալաք է հասնում՝ անձամբ տեսնելու Փարվանա (Թափարավան) լիճն ու Թմկաբերդի ավերակները՝ բնակիչներից լսած լեգենդներն իր գրչով անմահացնելու նպատակով:

    Երբեմնի հզոր Թմուկ Բերդի փլատակների շուրջ մարտնչած զորքերի ու անցած ճակատամարտի հետքերով անցնելուց հետո ծնվեց «Թմկաբերդի առումը» պոեմը:

    «Փարվանի փերիներին տեսնելու համար», ինչպես գրել է Թումանյանի հետ ճամփորդող Ջավախեցին (Ղազար Տեր-Գրիգորյանը) իր հուշերում՝ մեջբերելով բանաստեղծի՝ իր իսկ խոսքերը՝ իրեն ուղղած նամակից (որը ներկայացրել է Ս.Հովհաննիսյանն իր վերոնշյալ ուսումնասիրության մեջ), պոետն Ախալքալաքից ուղևորվում է դեպի Գանձա՝ բազմերանգ ծաղիկների զարդարուն գորգով հմայող հրաշագեղ մի եզերք…

    «Փարվանի «փերիները» գերել էին Լոռվա կտրիճին», — հետագայում հիշել են բնությամբ ու անցած դարերի հուշերով տոգորված Հայոց Բանաստեղծի ուղեկիցները (մեջբերումը՝ Ս. Հովհաննիսյանի նշված աշխատությունից):

    Հնագույն ավանդույթների հուշով տոգորված, սովորաբար պարզ ու վճիտ Փարվանա լիճը զարմանալիորեն փոթորկված տեսնելով՝ վերադարձին Թումանյանն «անմիջապես առանձնանում է և հենց Տերյանների տանն է սկսում շարադրել «Փարվանան»:
    Դուրս գալով սենյակից` բոլորի համար արտասանում է «Փարվանայի» նախերգանքն ամբողջությամբ», — կարդում ենք Ս. Հովհաննիսյանի հոդվածում:

    Բոլորիս հայտնի՝ հոգեթով «Նախերգանքն» ու պոեմն՝ ամբողջությամբ (որպես վերհուշի մի առիթ)…

    ՓԱՐՎԱՆԱ

    I
    Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
    Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
    Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
    Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

    Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
    Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
    Նըստում էր էն սեգ սարերի արքան
    Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

    Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
    Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
    Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
    Իր որսն անելիս Մըթին սարերում:

    Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
    Ծերության օրերն ու սարերն իր հոր,
    Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
    Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

    Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
    Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
    Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
    Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

    — Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
    Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
    Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
    Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

    II

    Հագած, կապած զենք ու զըրահ,
    Ձիանք հեծած ամեհի,
    Ահա եկել հավաքվել են
    Կըտրիճները Կովկասի,
    Ծեր Փարվանա թագավորի
    Ապարանքի հանդիման
    Կազմ ու պատրաստ սպասում են
    Մոտիկ ժամին մըրցության:
    Ըսպասում է ողջ աշխարհքը՝
    Եկած, կիտված Փարվանա,
    Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
    Էն սիրունին տիրանա:

    Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
    Դըրանիկներ, նաժիշտներ,
    Ահա աղջիկն իր նազելի
    Ու թագավորն ալեհեր:
    Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
    Աղջիկն անուշ մի լուսին,
    Ամպ ու լուսին իրար փարված՝
    Դուրս են գալի միասին:
    Հառաչում է ողջ աշխարհքը.
    Կըտրիճները, քարացած,
    Երազների մեջ են ընկնում՝
    Էս աշխարհքից վերացած:
    — Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
    Էս քաջերին լայնալանջ,
    Այժմ պիտի հանդես դուրս գան,
    Պայքար մըտնեն քո առաջ.
    Մեկը իրեն ուժը ցույց տա,
    Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
    Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
    Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
    Իսկ երբ կըռիվն առնի դադար,
    Հայտնի լինին քաջն ու վատ,
    Ու երբ անցնեն մեր առջևից
    Կըտրիճները պայազատ,
    Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
    Անհաղթներից անհաղթին,
    Որ ողջ աշխարհ մայիլ մընա
    Անզուգական քո բախտին:

    Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
    Նըշան տըվավ պայքարին,
    Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
    Կարմիր խնձորն իր ձեռին:
    — Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
    Հաղթի մի վես տըմարդի,
    Բայց չի կարող լինել երբեք
    Նա սիրելին իմ սըրտի…
    — Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
    Ի՞նչն է հավան քո սըրտին,—
    Խըռնըվում են կըտրիճները,
    Խընդրում կըրկին ու կըրկին:

    — Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
    Անգին քարեր ու գոհա՞ր,
    Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից
    Վեր կըբերենք քեզ համար:
    — Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
    Եվ կամ աստղը երկընքի,
    Ոչ էլ գոհար եմ պահանջում
    Սեր-ընկերից իմ կյանքի:
    Ես նըրանից հուր եմ ուզում,
    Անշեջ հուրը սըրբազան,
    Ով կըբերի անշեջ հուրը,
    Նա է ընտրած իմ փեսան…

    Ասավ աղջիկն, իրար անցան
    Կըտրիճները քաջարի,
    Ձիանք հեծած թըռան հապճեպ
    Դեպի չորս կողմն աշխարհի:
    Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
    Անշեջ հուրը աղջըկան.
    Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
    Նըրանք չըկան ու չըկան…

    III

    — Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
    Էն քաջերը սիրատենչ.
    Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
    Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

    — Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
    Ու կըբերեն էս տարի.
    Կըռիվներով արյունըռուշտ
    Լիքն է ճամփեն քաջերի:
    Ո՜վ իմանա, պետք է անցնեն
    Մութ աշխարհքից, սև ջըրից.
    Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
    Յոթգըլխանի դևերից:

    Անց է կենում դարձյալ տարին:
    Նայում է կույսն ամեն օր.
    — Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
    Սարից թըռած ձիավոր:

    Միշտ երազում ես տեսնում եմ
    Էն հերոսին ապագա.
    Հուր կարոտով թըռած իմ դեմ,
    Լուսանում է… ու չըկա:

    — Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
    Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
    Շատ-շատ անգամ բերող հոգին
    Ինքն է այրվում նըրա մեջ…

    Անց է կենում դարձյալ տարին:
    Նայում է կույսն ամեն օր.
    Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
    Չի երևում ձիավոր:

    — Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
    Էս աշխարհքում անշեջ հուր.
    Թառամում է սիրտըս ահա,
    Պաղ է էս կյանքն ու տըխուր…

    Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,
    Լուռ է արքան ալևոր,
    Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
    Միտք է անում գըլխակոր:

    IV

    Էսպես անցան շատ տարիներ.
    Տըխուր աղջիկն արքայի
    Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
    Ճամփաներին ամայի,
    Հույսը հատավ… ու լաց եղավ.
    Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
    Որ լիճ կըտրեց արտասուքը,
    Ծածկեց քաղաքն ու ամրոց.
    Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
    Այժըմ էնտեղ տըրտմաշուք
    Խոր Փարվանա լիճն է ծըփում,
    Հըստա՜կ, ինչպես արտասուք:
    Ու էն վըճիտ ջըրերի տակ
    Ցույց են տալի մինչ էսօր
    Ծեր արքայի ճերմակ ամրոցն
    Ու շենքերը փառավոր:

    * * *

    Ասում են, էն թիթեռները,
    Որ գիշերվա խավարում,
    Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
    Որտեղ լույս է հենց վառվում,
    Հավաքվում են, շուրջը պատում,
    Մեջն են ընկնում խելագար,
    Ասում են, թե էն Փարվանա
    Ջահիլներն են սիրավառ:
    Ըշտապելուց թև են առել,
    Դարձել թեթև թիթեռներ,
    Ու տակավին հուր տեսնելիս՝
    Մեջն են ընկնում անհամբեր.
    Ջանք է անում ամեն մինը,
    Շուտով տանի, տիրանա…
    Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
    Կըտրիճները Փարվանա:

    1902

    Տրտմություն (Հ. Թումանյանի «Փարվանա» պոեմի ձևավորումը) (1956)
    Հակոբ Կոջոյան
    (1883 — 1959)
    Հայաստանի Ազգային Պատկերասրահի ֆոնդապահոց, (կտավ, մոմաներկ)

    Փարվանա լիճը